Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԴՈՒՄԱՆԻՍԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ

       Մեծ- Դումանիս- Ընկնում է Մաշաւեր գետի ձախ կողմի բարձրաւանդակի վրայ, ունի մի հայոց փայտածածկ անշուք եկեղեցի, ուր կայ Կենաց փայտի մասունք, եւ մի վրաց եկեղեցի որ Հայոց նախկին Թեկենամ կամ Ս. Սարգիս եկեղեցին է եղել։ Տները կիսագետնափոր են եւ միայն չորսը նոր ձեւի։ Օդը եւ ջուրը սքանչելի են։ Բնակիչները վիրախօս հայեր եւ վրացիներ են, ընդամէնը՝ 42 տուն 203 ար. 181 իգ իմիասին՝ 384 հոգի որից հայերը 166 ար. 125 իգ իմիասին՝ 288 հոգի են։ Հայերի մի մասը գաղթել է Ղարաբաղից Աղա-Մահմատ խանի արշաւանքի ժամանակ, իսկ միւս մասը՝ Ջաւախքից։ Առաջինների սերունդից մի քանիսը գիտեն հայերէն։ Գիւղն այժմ պատկանում է Ա. Մանթաշեանին։

       Ճ. Դումանիս- Հռչակաւոր համանուն ամրոցի մոտ, մի հարթութեան վրայ փռուած փոքրիկ, աննշան գիւղ է։ Բնակիչները վիրախօս հայեր են, 15 տուն. 55 ար 39 իգ իմիասին՝ 94 հոգի։

       Գորնջուկ- Գտնւում է մի բարձրաւանդակի վրայ, որի հիւսիսային եւ արեւմտեան կողմը խոր ձորեր են, որոնց միջով հոսում է Մաշաւեր գետը։ Հարաւային կողմը բարձրանում են անտառապատ, անանուն լեռներ, որոնք ձորի հետ միասին բաւական գեղեցիկ տեսք են պարգեւում գիւղին։ Այստեղ կայ կոփածոյ քարերից շինած, անսւն թաղակապ մի եկեղեցի, մի փոքրիկ գմբէթ-զանգակատնով։ Սրա շուրջը կայ մի ահագին գերեզմանատուն։ Գիւղում կան մի քանի կանոնաւոր փողոցբայց ոչ մի նոր ձեւի տուն, այլ բոլորն էլ կիսագետնափոր, բաղկացած մի սենեակից, մի գաւթից եւ մի գոմից։ Սենեակի պատի մէջ տեղը կայ մի օճախ, որի երկու կողմը լայն տախտեր են դրուած, իսկ կտրում մի փոքրիկ պատուհան է բացւում, գաւիթը փայտածածկ է լինում, ուր սովորաբար գըտնւում են հացի շտեմարանը, գինի մրզելու շանը (տակառ)։ Գոմում շատ անգամ լինում է եւ մի բաժանմունք «օդա», ձմեռը մարդկանց բնակութեան յատկացրած։ Գիւղը պատկանում է Ա. Մանթաշեանին։ Բնակիչները բնիկ են, վիրախօս հայեր, ընդամէնը՝ 38 տուն 162 տր. 125 իգ իմիասին՝ 287 հոգի։ Սրանց, շրջակայ վիրախոս գիւղերի հետ միասին, հովւում է այս գիւղացի մի քահանայ։

       Վարդիսուրան- Մաշաւեր գետի ձախ ափին բարձրացող բարձրաւանդակի վրայ է գտնւում։ Տները կիսագետնափոր են եւ միայն երկուսը նոր ձեւի, կայ հայոց մի փոքրիկ, քարաշէն, անշուք եկեղեցի։ Բնակիչները վիրախօս հայեր եւ վրացիներ են։ Ընդամէնը՝ 25 տուն, 89 ար. 73իգ իմիասին՝ 162 հոգի որից հայերը 18 տուն են, 71 ար. 52 իգ իմիասին՝ 123 հոգի։

       Գիւղից հազիւ քառորդ վերստ հեռու, նոր բացած ճանապարհի մէջ եւ նրա շուրջը կան բաւական թուով գերեզմանաներ, վեց քարատախտակներից բաղկացած։ ոսկորները դեռ եւս լիովին չեն փթել եւ բրոնդեայ կամ այլ իրեր, կաւէ ամաններ չկան, չնայելով որ ճանապարհի մէջ գտնուածները բացուած են։