Միքայէլ Նալբանդեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

II

«Երկրագործութեան» առաջին էջերը նուիրուած են կապիտալիզմին, իսկ մնացածը` հայ հասարակութեան տնտեսական խնդիրներին: Նալբանդեանի վերաբերմունքը դէպի կապիտալիզմն ու հայ հասարակական խմբերը միանգամայն ակներեւ կացուցանելու համար հարկաւոր է նախապէս մի քանի խօսք ասել կապիտալիզմի ու նրա իդէոլոգների մասին:

Ի՞նչ է կապիտալիզմը:

Եթէ ասենք, թէ կապիտալիզմի ամենաէական յատկանիշը կազմում է այն, որ մի դասակարգ շահագործում է մի ուրիշ դասակարգի, որ հասարակական մի խումբ ապրում է մի ուրիշ խմբի յաւելեալ աշխատանքով, ապա մեծ սխալ գործած կը լինենք, որովհետեւ անգործ վայելողների ու տքնող զրկուածների հարցը կապիտալիստական տնտեսութիւնից առաջ էլ գոյութիւն ունէր: Այսպէս օրինակ` անտիկ տնտեսութեան ժամանակ տէրերն ապրում էին ստրուկների աշխատանքով, իսկ ֆէօդալական հասարակութեան մէջ ազնուականներին կերակրում էին ճորտերը: «Յաւելեալ արժէքը կապիտալիզմի հնարածը չէ՛, եւ այս կողմից յիշեալ երեք տնտեսութիւնները տարբերութիւն չունեն: Կապիտալիզմի էական յատկանիշն, առանց որի այս տնտեսութիւնը գոյութիւն ունենալ չէ կարող, այն է, որ անմիջական արտադրողն իրաւապէս ազատ անձն է: Այժմեան անմիջական արտադրողը` բանուորն ազատ իրաւունք ունի իւր բանուորական ուժը վաճառելու, ում որ կամենում է, մինչդեռ ճորտն ու ստրուկն իրաւապէս ազատ չէին. նրանց բանուորական ուժի սեփականատէրն ուրիշ անձնաւորութիւն էր:

Բայց եթէ բանուորն ունենար արտադրութեան միջոցներ, այսինքն աշխատանքի միջոցներ ու աշխատանքի նիւթ, այն ժամանակ բանուորական ուժը չէր վաճառիլ ուրիշին, այլ կ՚արտադրէր իւր համար եւ կը հարստացնէր իրեն: Ուրեմն որպէսզի բանուորն ստիպուած լինի բանուորական ուժը վաճառելու, ապա բաւական չէ, որ միայն իրաւական ազատութիւն ունենայ: Նա պէտք է մի ուրիշ, տարօրինակ «ազատութիւն» էլ ունենայ. նա պէտք է «ազատ» լինի արտադրութեան միջոցներից, զուրկ` այնպիսի սեփականութիւնից, որը կարողանար նրա համար ծառայել իբրեւ աշխատանքի միջոց ու նիւթ:

Ուրեմն կապիտալիստական հասարակութիւնն այն հասարակութիւնն է, որտեղ արտադրութեան միջոցները բաժանուած են անմիջական արտադրողներից, իսկ անմիջական արտադրողներն իրաւապէս ազատ բանուորներ են: Առանց ժամանակակից պրոլետարիատի չկայ կապիտալիզմ, չկայ բուրժուական սեփականութիւն:

Սակայն մարդիկ չեն ծնւում ոմանք արտադրութեան միջոցներով եւ ոմանք առանց արտադրութեան միջոցների, այլ խօսքով` հասարակութեան սեփականատէր ու սեփականազուրկ բանակների բաժանուելը մարդկութեան պատմութեան մէջ մշտնջենական երեւոյթ չէ, այլ` պատմական հանգամանքների հետեւանք: Ուրեմն տարօրինակ «ազատութիւն» ունեցող բանուոր դասակարգի գոյութիւնն էլ պատմական որոշ պայմանների արդիւնք է: Արդ որո՞նք են այն պատմական պայմանները, որոնց անհրաժեշտ հետեւանքը լինում է ժամանակակից պրոլետարիատի գոյութիւնը:

Բանուոր բազմութեան առաջանալու պատմական պայմանը մանր գիւղացու հողազրկութիւնն ու մանր արհեստաւորի տնտեսութեան անկումն է: Թէ՛ մանր գիւղացու եւ թէ՛ մանր արհեստաւորի տնտեսութիւնը չեն հիմնւում ուրիշի շահագործման վրայ. մանր գիւղացին ու մանր արհեստաւորն ապրում են իրենց սեփական աշխատանքով: Պրոլետարիատի ծննդեան, հետեւաբար եւ կապիտալիզմի, այսինքն` ուրիշի աշխատանքի շահագործման վրայ հիմնուած ժամանակակից տնտեսութեան անհրաժեշտ պայմանը մանր տնտեսութեան անկումն է, մանր արտադրողների` արտադրութեան միջոցներից զրկուելը:

«Քաղաքատնտեսութիւնը, գրում է «Կապիտալ»-ի հեղինակը, սկզբունքօրէն շփոթում է մասնաւոր սեփականութեան երկու շատ տարբեր տեսակներ, որոնցից մէկը հիմնւում է արտադրողի սեփական աշխատանքի վրայ, իսկ միւսն ուրիշի աշխատանքը շահագործելու վրայ: Նա մոռանում է, որ վերջինս (ուրիշի աշխատանքի շահագործման վրայ հիմնուած սեփականութիւնը: Թ. Ա. ) ոչ միայն առաջնի (սեփական աշխատանքի վրայ հիմնուած սեփականութեան: Թ. Ա. ) ճիշտ հակադրութիւնն է կազմում, այլեւ զարգանում է նրա գերեզմանի վրայ» [1]:

Մանր–գիւղացիական ու արհեստաւորական–արտադրութիւնն եւ խոշոր երկրագործական ու գործարանային արդիւնաբերութիւնը հասարակութեան մէջ միաժամանակ գերիշխող լինել չեն կարող: Կապիտալիստական հասարակութեան մէջ մանր տնտեսութիւնը հազիւ է քարշ տալիս իւր թշուառ գոյութիւնն, օրինակ` Անգլիայում, եւ ընդհակառակը, որտեղ գերիշխող է մանր տնտեսութիւնն, այնտեղ կապիտալիզմ կամ բոլորովին գոյութիւն չունի եւ կամ թէ սաղմնային դրութեան մէջ է, օրինակ` Պարսկաստանում: Արտադրութեան ու սեփականութեան այս երկու տեսակները նման են կշեռքի երկու թաթերին. որքան ծանրանում է մէկ թաթն, այնքան բարձրանում է միւսը:

Ասածներիցս պարզապէս յետեւում է, որ մանր տնտեսութիւնները պաշտպանողը գիտակցաբար կամ անգիտակցօրէն արգելք է լինում խոշոր արդիւնաբերութեան, ուրեմն եւ բուրժուազիայի զարգացմանն, իսկ խոշոր արդիւնաբերութեան ջատագովը ձգտում է քայքայելու ժողովրդի, այսինքն` մանր արտադրողների տնտեսութիւնը, ուրեմն նպաստում է մանր գիւղացիութեան ու մանր արհեստաւորութեան անկմանը:



[1]     K. Mapкс. Капитал, т. I, пер. В. Базарова и И. Степанова, Москва, 1909,   էջ 725.