Միքայէլ Նալբանդեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

XV

Այժմ ընթերցողի ուշադրութիւնը հրաւիրում ենք մի ուրիշ ու վերջին կէտի վրայ. որ նոյնպէս կուսական է մնացել մինչեւ այժմ, որովհետեւ, ինչպէս երեւում է, հայ հրապարակախօսի երկերն ուսումնասիրողներն իրենց առաջ ընկած հազուագիւտ գոհարը դատարկ գարեհատի տեղ են ընդունել: Այս կէտը թէեւ նոր փաստ չէ աւելացնում Նալբանդեանի վարդապետութեան դասակարգային ոգին որոշելու համար, բայց նրա աշխարհայեացքի մի չափազանց ուշագրաւ երանգաւորումն է կազմում, եւ որպիսի հանգամանքներում մի ժողովուրդ կարող է հանդիսանալ:

«Ուր չկայ դուրս արտադրող զօրութիւն, գրում է հեղինակը, որ իւր կարգով դէպի ներս պիտի գրաւէր դուրսի հարստութիւնը, այստեղ մի ընկերութեան անդամ ուրիշ կերպ չէ կարող հարստանալ, եթէ ոչ նոյն ընկերութեան միւս անդամների հաշուով: Եւ այդ հարստութիւն չէ, այլ պատահական հակումն հարստութեան կշռի երբեմն դէպի այս եւ երբեմն դէպի այն կողմը: Այսօր դու ես հարուստ, վաղը ես կը լինեմ եւ այն ժամանակ քո հարստութիւնը անպատճառ պիտի նուազի» [1]:

Այս հատուածից երեւում է, որ Նալբանդեանի աչքում աշխատանքի նպատակայարմար գործադրութիւնն ինքնըստինքեան արժէք չունի, որովհետեւ չէ մեծացնում ժողովրդի հարստութիւնը: Որքան էլ զարգացած լինեն երկրագործութիւնն, արհեստներն ու կամ արդիւնաբերութիւնն, այնուամենայնիւ սրանք մի ազգ հարստացնել չեն կարող, եթէ նրանց արդիւնքները չեն արտահանւում արտասահման, եւ փոխարէնը փող չէ ներմուծւում: Ներքին շուկան, ներքին փոխանակութիւնը նշանակութիւն չունեն, որովհետեւ այս դէպքում նոր դրամ չէ մտնում հասարակութեան մէջ եւ մէկը հարստանալ կարող է միմիայն ի հաշիւ հարեւանի: Ժողովըրդի հարստութեան աղբիւրն արտաքին առեւտուրն է, աւելի ճիշտ` արտաքին արտահանող առեւտուրն է, որովհետեւ արտահանած ապրանքի փոխարէն փող է ներս բերում հասարակութեան մէջ: Այսպիսի առուտուրով պարապելու համար անհրաժեշտ է արտահանելու արդիւնքներ պատրաստող արտադրութիւն: Արդիւնքն, ապրանքն ինքնըստինքեան հարստութիւն չէ, իսկական հարստութիւնը փողն է, ոսկին ու արծաթը: Արդիւնքն, ապրանքը լոկ միջոցներ եւ ուժեր են, որոնցով հնարաւոր է քաշել ու ներս բերել դրսի հարստութիւնը` փողը, ոսկին կամ արծաթը: Հետեւեալ տողերի մէջ հեղինակն աւելի է պարզում իւր միտքն օրինակով, որից իմանում ենք, որ նա հարստութիւն ասելով իսկապէս փողն է հասկանում:

«Աւելի հասկանալի լինելու համար առարկան բացատրենք մեծը եւ ընդհանուրը փոքրի եւ մասնաւորի կերպարանքով: Դնենք թէ քսան հոգի մէջ ապրում ենք մի տեղում եւ վաճառականութիւն ենք անում մեր մէջ: Մենք ամէնքս գործում ենք առանձին–առանձին, իւրաքանչիւր մարդ իւր օգտի համար, եւ մեզնից իւրաքանչիւրը տարբեր կարողութիւն ունի, մինը շատ, միւսը փոքր եւ այլն, եւ մեր բոլորի ունեցած կարողութիւնը իրար վրայ բարդելով դնենք թէ ստանում ենք հազար ոսկու մի դրամագլուխ: Արդ հարցնում ենք, երբ որ մեր բոլորի գործողութիւնը այն հազար ոսկու վրայ է, երբ մեր ձեռքում չկայ մի ուժ, որ կարող լինէր մեր քսանից դուրս եղած արծաթը ներս բերել մեր մէջ, մեզնից մինը կարո՞ղ է հարստանալ առանց քսանի շահին դիպչելու: Ո՞չ ապաքէն եթէ մեզնից մինը իւր ունեցածից աւելի մի հարիւր ստանայ, մեզնից միւս մինը պիտի տուժէ այդ հարիւրը: Եւ այս հարիւր ոսկին երեւութական եւ առժամանակեայ մի վաստակ է, քանզի ընդհանրութիւնը չունի հարստութիւն, եւ շահուողը ընդհանուրի հաշուով շահուեցաւ. քանզի նոր արծաթ չմտաւ ընդհանրութեան մէջ, այլ մինից անցաւ դէպի միւսը, որ վաղը կանցանէ դարձեալ դէպի մի այլ միւսը» [2]:

Նալբանդեանը մերժում է ներմուծող առեւտուրը, պախարակում է Եւրոպայից բերած մանուֆակտուրային ապրանքներով վաճառականութիւն անելը, որովհետեւ «ձեռագործի (մանուֆակտուրայի–  Թ. Ա. ) վաճառականութիւնը չէ դարձնում դէպի մեր ազգը դրամի շրջանառութիւնը» (էջ 350): Հայ հրապարակախօսն առաջարկում է երկրագործական արդիւնքներ արտահանող վաճառականութիւնով զբաղուել, որովհետեւ այս դէպքում «վաճառականը ոչ միայն կ'ազատուի Եւրոպայոց համար ախ ու վախով եւ բիւր նեղութեամբ գործ կատարելուց, ոչ միայն ինքնուրունաբար կը կանգնի իւր ոտքի վրայ, այլեւ եւրոպական արծաթը եւ ոսկին ներս կհոսեցնէ ազգի մէջ եւ ինքը կը շահուի տասնապատիկ աւելի եւ մեծ ու մեծ շահ կբերէ ազգի ընդհանրութեան, որ է ազգի հիմքը, լծակը, շարժարանը: Ընդհանրութիւնը կ՚ապահովուի, քանզի զօրութիւնը կգրաւէ իւր կողմը, քանզի Եւրոպան կարօտ է նորան, քանզի երկրի բերքերը դուրս տալով իւր մէջ պիտի դարձնել դրամի շրջանառութիւնը» [3]:

Սոյն հատուածներն առանց երկբայութեան նշոյլ անգամ թողնելու ապացուցում են քաղաքատնտեսութեան պատմութեանը նոյնիսկ հարեւանցիօրէն ծանօթ մարդուն, որ «Երկրագործութեան» հեղինակը կրկնում է տնտեսագիտութեան յայտնի ուսմունքի` մերկանտիլիզմի հիմունքները: Մեր այս խօսքերի ճշմարտութիւնն ակներեւ դարձնելու համար պէտք է երկու խօսք ասենք մերկանտիլիզմի մասին:

Տնտեսագիտական յիշեալ դպրոցը յատուկ նշանակութիւն էր տալիս արտաքին առեւտուրի միջոցով փողի ներմուծմանը եւ անուշադրութեան մատնում ներքին առեւտուրը, որովհետեւ այս իբրեւ թէ չէր նպաստում ազգի հարստանալուն: Սկզբում մերկանտիլիստները հակառակ էին ներմուծող առեւտուրին, որովհետեւ, ասում էին, ներմուծած ապրանքի փոխարէն փող է դուրս գնում երկրից: Բայց յետին շրջանի մերկանտիլիստներն արդէն կողմնակից էին առեւտրական զուգակշռին (բալանս), այսինքն` թուլատրում էին նաեւ ներմուծող առեւտուրը, բայց այն պայմանով, որ արտահանութիւնն աւելի շատ լինէր, քան ներմուծումը: Այս դէպքում աւելորդ արտահանածի փոխարէն դրսից ազգի մէջ փող կը մտնէր, այսինքն` ազգը կը հարստանար: Ընդհակառակը, եթէ ներմուծումն արտահանումից շատ լինէր, ապա ներմուծածի փոխարէն ազգը պէտք է դուրս տար փող, ուրեմն կ՚աղքատանար:

Գլխաւորապէս XVII եւ XVIII դարերում մերկանտիլիզմն ունեցաւ բազմաթիւ ներկայացուցիչներ Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Սպանիայում, Իտալիայում ու նոյնիսկ Ռուսիայում: Այս ուղղութեան նշանաւոր ներկայացուցիչներից մէկն է անգլիացի Թոմաս Մենը, որի գրքերից մէկի անունը` «Անգլիայի գանձերն օտարերկրեայ առեւտուրի մէջ»` որոշում է մերկանտիլիզմի էութիւնը: 1661 թուին լոյս տեսած այս գրքի մասին Ադամ Սմիթը գրում էր.

«Այս աշխատութեան վերնագիրն` «Անգլիայի գանձերն օտարերկրեայ առեւտուրի մէջ», դարձաւ ոչ միայն Անգլիայի, այլեւ միւս բոլոր առեւտրական երկիրների ժողովրդական տնտեսութեան հիմնական օրէնք: Ներքին կամ տնային առեւտուրը, որի նոյնպիսի կապիտալն երկրին աւելի մեծ օգուտ է տալիս, համարւում էր օտարերկրեայ առեւտուրից ցած: Ըստ այս կարծիքի` ներքին առեւտուրն երկրի մէջ չէր ներս բերում փող եւ ոչ էլ դուրս հանում: Եւ ուրեմն այս առեւտուրը երբեք չէր կարող հարստացնել եւ ոչ էլ աղքատացնել» [4]:

Այժմ բերենք այս դպրոցի գրականութիւնից մի քանի հատուածներ, որոնք մերկանտիլիստական մտքէր պարունակելով, անմիջական երեւան կը հանեն այն մեծ նմանութիւնը, որ կայ սրանց ու Նալբանդեանի քարոզած գաղափարների միջեւ:

«Չի կարելի ժխտել, գրում էր յայտնի վերանորոգիչ դոկտոր Մարտին Լութերը 1524 թուին լոյս տեսած եւ վաճառականութեան ու վաշխառութեանը նուիրուած մի գրքում, որ առք ու վաճառքն անհրաժեշտ գործողութիւններ են, առանց որոնց չի կարելի կառավարուել. առանձնապէս այս ճիշտ է այն առարկաների վերաբերմամբ, որոնք ծառայում են անհրաժեշտ կարիքներին ու մեծարանքին բաւարարութիւն տալու համար. չէ՞ որ նահապետները նոյնպէս վաճառում էին ու գնում անասուն, բուրդ, հացահատիկ, իւղ, կաթ ու այլ բարիքներ: Սրանք Աստծու պարգեւներն են, որ նա հանում է երկրից ու բաժանում մարդկանց: Բայց արտասահմանկան առեւտուրը, որ ապրանքներ է ներմուծում Կալկաթայից, ինչպէս օրինակ` մետաքս, ոսկեղէն իրեր ու համեմներ, որոնք ծառայում են շռայլութեան ու ոչ թէ օգտի համար եւ դուրս են ծծում երկրից ու մարդկանցից փող, - այսպիսի առեւտուրը թոյլատրելի չէ ... Աստուած իրաւունք է տուել, ծաղրում է Լութերը, որ մենք գերմանացիներս, մեր ոսկին ու արծաթը տանք ուրիշ երկիրների, ամբողջ աշխարհը հարստացնենք, իսկ ինքներս աղքատ մնանք: Անգլիան շատ աւելի քիչ ոսկի կ՚ունենար, եթէ մենք նրան թողնէինք իւր գործուածքները: Պորտուգալիայի արքան էլ քիչ ոսկի կ՚ունենար, եթէ նրան թողնէինք իւր համեմները: Եթէ մարդ հաշուէ, թէ գերմանական երկիրներից առանց կարիքի ու պատճառի որքան է փող արտահանւում միայն Ֆրանկֆուրտի շուկան, ապա կը զարմանայ, թէ ինչպէս է նոյնիսկ մի գրոշ մնում գերմանական երկիրներում» [5]:

«Ոսկու պակասութեան ընդհանուր ու հեռաւոր պատճառն այն է, ասում է Մարտին Լիւթերից մօտ մի դար յետոյ, 1622 թուին անգլիացի Միսսելդէնն «Անգլիայի ազատ առեւտուրը» գրքում, որ մենք չափազանց շատ ենք գործածում օտարերկրեայ ապրանքներ, որոնք փոխանակ մեզ համար օգտակար լինելու` վնասակար են հանդիսանում, որովհետեւ զրկում են մեզ այնքան փողից, որ կարող էր ներմուծուել այս դատարկ բաների փոխարէն: Մենք շատ մեծ քանակութեամբ սպառում ենք Սպանիայի, Ֆրանսիայի, Մերձհռենոսեան շրջանի ու արեւելեան երկիրների գինի, Սպանիայի չամիչ, Արեւելքի կորինթեան քիշմիշ, Գենեգաուի նուրբ ու կոպիտ կտաւներ, Իտալիայի մետաքսէ գործուածքներ, Արեւմտեան Հնդկաստանի համեմներ այս բոլորը մեզ համար անհրաժեշտ կարիք չէ, բայց մենք գնում ենք այս բոլորը կանխիկ փողով» [6]:

«Յայտնի է, գրում էր Ռուսաստանի նշանաւոր մերկանտիլիստ բարոն Լիւբերան, այն Լիւբերանը, որից ազդուելով Պետրոս Մեծը գործնականապէս պատուաստում էր մերկանտիլիզմը Ռուսաց աշխարհում, - որ մի քանի երկիրներում թէեւ մեծ առեւտուր են անում, բայց հպատակները քիչ են օգտւում նրանից: Այս պատահում է այն ժամանակ, երբ բնակիչներն իրենց արդիւնքները հում են վաճառում. այս դէպքում ուրիշ երկիրների հպատակները մշակում են եւ ստանում մեծ օգուտ, մինչդեռ այս արդիւնքների տէրերը չարքաշ կեանք են վարում: Կամ այս պատահում է այն ժամանակ, երբ մի երկրում օտար ապրանք աւելի են սպառում, քան կարող են փոխարէնը հատուցանել տեղական արդիւնքներ արտահանելով. այս դէպքում բալանսը պէտք է վճարել փողով, եւ երկիրն անհրաժեշտօրէն կը սկսեն հետզհետէ աւելի ու աւելի աղքատանայ » [7]:

Կարծում ենք, որ Գերմանիայի, Անգլիայի ու Ռուսաստանի յիշեալ երեք հեղինակների` Մարտին Լութերի, Սիսսելդենի ու բարոն Լիւբերանի մերկանտիլիստական հատուածներն, այլեւ Ադամ Սմիթի վկայութիւնը զուգադրելով հայ հրապարակախօսի ասածների հետ` կարելի է յանգել միայն մի եզրակացութեան, այն է, որ ՆԱԼԲԱՆԴԵԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՀԱՅԵԱՑՔՆԵՐՈՎ ՄԻ ԱՆԿԱՍԿԱԾԵԼԻ ՄԵՐԿԱՆՏԻԼԻՍՏ Է:



[1]     Մ. Նալբանդեանի երկերը, Բ., էջ 379-380:

[2]     Մ. Նալբանդյանի երկերը, Բ., էջ 380:

[3]     Նույնը, էջ 357:

[4]     В. Святославский, էջ 152

[5]     К. Маркс, К критике политической экономии, пер. П. Румянцева, СПБ, 1907, էջ 123։

[6]     Նույնը, էջ 122:

[7]     В. Святославский, էջ 161։