Միքայէլ Նալբանդեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

III

Բերենք մի քանի օրինակներ, որոնք հաստատելով վերեւում ասածները` անծածկոյթ ներկայացնում են ժամանակակից շահագործող դասակարգի նուիրական ձգտումները, նրա իդէոլոգիայի ուղն ու ծուծը: «Սրտի յաւելուածից է խօսում բերանը»: Տեսնենք, թէ հետեւեալ «Յաւելուածներն» ինչ են վկայում բուրժուազիայի «սրտի» մասին:

17–րդ դարի վերջում, 1696 թուին Ջոն Բելլերսը գրում է.

«Եթէ մի մարդ ունենար հարիւր հազար ակր հող, նոյնքան ֆունտ ստերլինգ փող, նոյնքան գլուխ անասուն, այն ժամանակ ի՞նչ կը լինէր այս հարուստ մարդն առանց բանուորների, եթէ ոչ` մի բանուոր: Եւ որովհետեւ բանուորները հարստացնում են մարդկանց, ուստի որքան շատ բանուորներ լինեն, այնքան էլ շատ հարուստներ կը լինեն ... Աղքատների աշխատանքը հարուստների համար հանքավայր է » [1]:

Ջոն Բելլերսից տաս տարի յետոյ, XVIII դարի սկզբում, 1706 թուին Բերնարդ դէ Մանդեւիլն ասում է.

«Այնտեղ, որտեղ սեփականութիւնը բաւականաչափ պաշտպանութիւն է գտնում, աւելի հեշտ կը լինի ապրել առանց փողի, քան առանց աղքատների, որովհետեւ վերջին դէպքում ո՞վ պէտք է աշխատանք կատարէր ... Բոլոր հարուստ ազգերի շահը պահանջում է, որ աղքատների մեծամասնութիւնը երբեք առանց գործի չմնայ եւ միշտ ամբողջովին ծախսէ այն բոլորը, ինչ որ ստանում է: ... Ազատ, այսինքն` իւր միջից ստրկութիւնը վերացրած ազգի համար ամէնից անկասկածելի հարստութիւնն աշխատասէր աղքատների բազմութեան մէջ է ամփոփուած: Հասարակութիւնը` երջանիկ, իսկ ժողովուրդը նոյնիսկ իւր թշուառ դրութեամբ գոհ կացուցանելու համար անհրաժեշտ է, որ հսկայական մեծամասնութիւնը տգէտ ու աղքատ մնայ» [2]:

Երբ XVIII դարում անգլիացի շինականների հողերը բռնի յափշտակելով, նրանց բանուորներ էին դարձնում, եւ ոմանք մատնանիշ էին լինում յիշեալ երեւոյթի վնասակար հետեւանքների վրայ, մի հեղինակ 1773-ին այսպէս էր բացատրում արտադրողների հողազուրկ լինելու օգուտները:

«Սխալ է այն եզրակացութիւնը, գրում էր, թէ երկիրն ամայացել է, որովհետեւ ազգաբնակութիւնն այլեւս չի վատնում իւր աշխատանքն ազատ դաշտերում: Եթէ մանր գիւղացիներն ուրիշների համար աշխատող են դարձել եւ այսպիսով աւելի մեծաքանակ աշխատանք է գործունէութեան մէջ դրուած, ապա այս հանգամանքն ազգի համար օգտակար եւ ցանկալի է միայն: Արդիւնք աւելի շատ է ստացւում» [3]:

Արթուր Իւնգը, որին «Կապիտալ»-ի հեղինակը «յաւելեալ արժէքի ֆանատիկօս» է անուանում, 1774 թուին այսպէս էր դատում մանր արտադրութեան մասին.

«Ի՞նչ օգուտ կը ստանար ժամանակակից պետութիւնը մի ամբողջ գաւառից, որի հողը հին հռովմէական եղանակով մշակէին մանր, անկախ գիւղացիներ, այն էլ ամենալաւ եղանակով: Ի՞նչ նպատակի կը հասցնէր այս, եթէ ոչ այն նպատակին միայն, որ այստեղ կ՚արտադրուէին մարդիկ (կը բազմանային: Թ. Ա. ), մի բան, որ ինքնըստինքեան ոչ մի նշանակութիւն չունի » [4]:

Անգլիացի քահանաներից մէկը` Townsend, կարծում է, որ աղքատութիւնը Աստծու եւ բնութեան ստեղծած երեւոյթներից մէկն է ու անխուսափելի պայման քաղաքակրթութեան զարգացման:

«Ըստ երեւոյթին բնութեան օրէնքն այնպէս է, - գրում է այս քահանան 1786-ին, որ աղքատները որոշ չափով անհեռատես են, այնպէս, որ հասարակութեան մէջ միշտ գտնւում են մարդիկ, որոնք կատարում են ամենաստրկական, ամենակեղտոտ ու ամենաստոր գործողութիւններ: Այս հանգամանքի շնորհիւ մարդկային երջանկութեան գումարը սաստիկ մեծանում է. աւելի նրբասուն մարդիկ ազատւում են ծանրութիւններից եւ առանց արգելքի կարող են նուիրուել իրենց աւելի բարձր կոչմանը: ... Աղքատների մասին հրատարակուած օրէնքը ձգտում է խանգարելու ներդաշնակութիւնն ու գեղեցկութիւնը, համաչափութիւնն ու կարգն այս սիստեմի, որ սահմանել են երկրիս վրայ Աստուած ու բնութիւնը» [5]:

Տնտեսագէտ հեղինակներից Դեստիւտ դէ–Տրասիին էր վիճակուած յիշեալ մտածմունքներն ամփոփել մի կլասիկ աֆորիզմի մէջ:

« Աղքատ ազգերը նրանք են, նկատում է նա սառնասրտութեամբ, որտեղ ժողովուրդը բարօր վիճակ ունի, իսկ հարուստ ազգեր` նրանք, որտեղ ժողովուրդը սովորաբար աղքատ է » [6]:

Այս ընդարձակ հատուածները ցոյց են տալիս նախ` այն, որ բուրժուազիայի իդէոլոգներն ըմբռնում են, թէ այսպէս կոչուած «ազգային հարստութիւնը հետեւանք է ժողովրդի աղքատութեան, ուրիշ խօսքով` այն հարստութիւնն ու այս աղքատութիւնը երկուորեակներ են, եւ երկրորդ` այն, որ կապիտալիստական նոյն ջատագովները մանր արտադրութեան անկումն անհրաժեշտ պայման են համարում խոշոր, այսինքն` բանուորի շահագործման վրայ հիմնուած արդիւնաբերութեան զարգացման համար:

Բուրժուազիայի իդէոլոգի` դէպի մանր տնտեսութիւնն ունեցած վերաբերմունքը շատ պարզ երեւան է գալիս մանաւանդ այն ժամանակ, երբ խօսք է լինում գաղութների մասին: Սովորական իմաստով գաղութ են կոչւում նորաշէն բնակավայրերը, որոնց ազգաբնակութիւնը գաղթել է մի ուրիշ տեղից. օրինակ` ասում ենք. Փարիզի հայ գաղութը, Նոր Ջուղայի գաղութը եւ այլն: Բայց տնտեսագիտական իմաստով գաղութ անուանւում է երկրի այն մասը, որտեղ ոչ միայն անմշակ հողերի առատութիւն կայ, այլեւ հողը հասարակութեան սեփականութիւնն է կազմում, այնպէս, որ գաղութի իւրաքանչիւր անդամ, հին թէ նորեկ, կարող է նրանից իւր համար մշակելի բաժին ստանալ: Բուրժուազիայի իդէոլոգը սրտի ցաւով տեսնում է, որ գաղութներում երկար ժամանակ չէ զարգանում կապիտալիզմը, որովհետեւ գաղթականներն օտարի տնտեսութեան մէջ իբրեւ բանուոր շահագործուելու փոխանակ` գերադաս են համարում չարչարուել սեփական տնտեսութեան վրայ: Գաղութի ազատ հողի ֆոնդը հնարաւորութիւն է տալիս ձեռք բերելու անկախ հողաբաժին ու վարելու սեփական տնտեսութիւն: Բացակայում է պրոլետարիատը, ուստի եւ չէ զարգանում կապիտալիզմը:

« Որտեղ հողը շատ արժան է, գանգատւում էր Wakerfield-ը 1835 թուին, եւ բոլոր մարդիկ ազատ են, որտեղ ամէն մէկը կարող է իւր համար հողաբաժին ստանալ ցանկութեան համեմատ, այնտեղ աշխատանքը ոչ միայն շատ թանկ է (եթէ հաշուի առենք այն մասը, որ ստանում է բանուորը իւր արտադրած արդիւնքից), այլեւ դժուար է ընդհանրապէս համակցուած (комбинированный) աշխատանք ձեռք բերել որեւէ գնով ... Եթէ կապիտալը (ուզում է ասել արտադրութեան միջոցները: Թ. Ա) հաւասար մասերով է բաշխուած հասարակութեան անդամների միջեւ, ապա ոչ ոք շահագրգռուած չէ կապիտալ աւելի կուտակելու, քան կարող է գործադրել սեփական ձեռքերով: Որոշ չափով այս երեւոյթն է նկատւում ամերիկեան նոր գաղութներում, որտեղ հողային սեփականութեան սաստիկ սէրն արգելք է լինում վարձու բանուոր դասակարգի գոյութեան: ... Սան–Դոմինգոյի առաջին սպանացի գաղթականները չունէին Սպանիայից բերած եւ ոչ մի բանուոր: Կապիտալն առանց բանուորների կ՚ոչնչանար կամ կրճատուելով կը հասնէր այնպիսի մանր չափերի, որքան որ կարող էր գործադրել իւրաքանչիւր անհատ բացառապէս սեփական ձեռքերի օգնութեամբ: Իրապէս հէնց այս տեղի ունեցաւ անգլիացիների հիմնած վերջին գաղութներում, որտեղ սերմերից, անասուններից ու գործիքներից կազմուած մեծ կապիտալը ոչնչացաւ վարձու բանուոր չգտնելու պատճառով, եւ որտեղ ոչ մի գաղթական չունի այնպիսի կապիտալ, որ իւր չափերով շատ աւելի մեծ լինէր, քան կարող էր նա գործադրել սեփական ձեռքերի օգնութեամբ» [7]:

Wakerfield-ի այս տրտունջներն այլեւս կասկած չեն թողնում, որ մանր արտադրութեան իշխած տեղում չկայ պրոլետարիատ, ուստիեւ չկայ կապիտալիզմ, չկայ բուրժուական սեփականութիւն: Գաղութների առաջին շրջանի կեանքն անհերքելի կերպով երեւան է հանում այն հակադրութիւնը, որ գոյութիւն ունի մանր արտադրութեան կամ անձնական աշխատանքի վրայ հիմնուած տնտեսութեան եւ խոշոր արդիւնաբերութեան կամ բանուորի շահագործման վրայ հիմնուած տնտեսութեան միջեւ:



[1]     Քաղում ենք «Капитал»-ից, I, էջ 577: Ամբողջ աշխատութեանս մէջ քաղուածների ընդգծումները մերն են:

[2]     K. Mapкс. Капитал, т. I, էջ 577-578.

[3]     K. Mapкс. Капитал, т. I, էջ 688: Այս հատուածի առթիւ Էնգելսը յեգնելով միջանկեալ նկատում է. «Հասկանալի է, որ փոխակերպուած գիւղացիներն ազգի անդամների թուին չեն պատկանում»։

[4]     Նույնը, էջ 193:

[5]     K. Mapкс. Капитал, т. I, էջ 610.

[6]     Նույնը, էջ 611:

[7]     K. Mapкс. Капитал, т. I, էջ 727-728։