Միքայէլ Նալբանդեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

XIV

Նալբանդեանը չէ բաւականանում միայն նրանով, որ ժողովուրդը կարողանայ իւր օրական ապրուստը հայթայթել, այլ ցանկանում է, որ այս երկրագործ մասսան շատ աւելի արտադրել, քան կարող է սպառել: Նրա իղձն այն է, որ գիւղացիութիւնը հարստանաս վաճառելով իւր աշխատանքի յաւելեալ արդիւնքը:

«Հայոց հասարակ ժողովուրդը, գանգատւում է հեղինակը, աղքատ է եւ չունենալով ոչինչ նիւթական կարողութիւն` հազիւհազ սերմանում է եւ հնձում այնքան, որքանը նրա ապրուստը, զիարդ եւ իցէ, պիտի կարողանայ ապահովել: Նա չէ կարող աւելի ցանել, որովհետեւ ուժ չունի: Ապա եթէ հայ շինականի ձեռքը մի փոքր դրամ անցնէ, եթէ նա յոյս ունենայ, որ իւր աշխատանքը պիտի գնահատուի, եթէ նա տեսնէ իւր մշակութեան պտուղը, ո՞չ ապաքէն կրկնապատիկ կը սկսի ցանել, կրկնապատիկ հնձել» [1]:

Հայ հրապարակախօսը կամենում է, որ գիւղացին արտադրէ շուկայի համար: Այս տեսակէտից Խաչատուր Աբովեանն ու Միքայէլ Նալբանդեանը կատարեալ հակոտնեաներ են: Մինչդեռ Աբովեանը ջատագով է տնային փակ տնտեսութեան, որն արդիւնքներն արտադրում է ընտանիքի սեփական սպառման համար, մինչդեռ «Վէրք»-ի հեղինակը ոգեւորւում է այնպիսի կարգերով, որտեղ փոխանակութիւնը գերակշռող դեր չունի, մինչդեռ գիւղական վէպի հիմնադիրը քերխուդայի բերանով արհամարհանք է յայտնում փողին ու փողասիրութեանը, Նալբանդեանն, ընդհակառակը, կողմնակից է ապրանքային արտադրութեան ու փողային տնտեսութեան զարգացման: Աբովեանը հին մարդ է. նրան հետաքրքրում է լիքը մառանն ու առատ սեղանը: Նալբանդեանը նոր դարի զաւակ է. սա երազում է ընդարձակ շուկայ ու լիքը քսակ: Սակայն երկուսն էլ դասակարգային աշխարհայեացքով նոյն բանակի մարդիկ են. երկուսի իդէալն էլ գիւղն է, գիւղացին ու երկրագործութիւնը: Աբովեանը բնական տնտեսութեան շրջանի հայ գիւղացու իդէոլոգն է, իսկ Նալբանդեանը` փողային տնտեսութեան:

Կարող է պատահել, որ ոմանք Նալբանդեանի մասին այս տողերը կարդալով կարծեն, թէ մենք հէնց մեր բերանով ապացուցում ենք մեր ցանկացածի հակառակը: «Նալբանդեանը, կ՚ասեն, ջատագով է այն գիւղացիութեան, որն արտադրում է շուկայի համար: Այս չէ՞ նշանակում արդեօք, որ նա կողմնակից է գիւղական բուրժուազիայի, որն ընդհանուր բուրժուազիայի ստորաբաժանումն է միայն: Արդեօք արդիւնք վաճառող հարուստ գիւղացին շա՞տ է տարբերւում ապրանք վաճառող խոշոր արդիւնաբերողից: Այս տարբերութիւնն արդեօք լոկ աշխարհագրական ու քանակական չէ՞, եւ նրանից չէ՞ առաջանում, որ մէկը գործում է գիւղում, իսկ միւսը` քաղաքում, մէկը շահում է հարիւրներ ու հազարներ, իսկ միւսը` բիւրեր ու միլիոններ»:

Սրան ի պատասխան կարող ենք ասել, որ եթէ մանր գիւղացին յաջող հանգամանքներում տիրանայ հազարների, մինչդեռ արդիւնաբերողը դժուարին պարագաներում հազիւ կարողանայ հարիւրներ վաստակել, էլի մանր գիւղացին կը մնայ աշխատաւոր, իսկ արդիւնաբերողը` բուրժուա, եւ նրանց հարստութիւնները կը տարբերուեն որակապես: Երբ մանր արտադրողը, ներկայ դէպքում գիւղացին, ունի արտադրութեան սեփական միջոցներ, եւ նրա տնտեսութեանը մասնակից չէ վարձու բանուորն, այն ժամանակ նրա ձեռք բերած հարստութիւնը, որքան էլ մեծ լինի, կապիտալ չէ, որովհետեւ ստացւում է միմիայն սեփական աշխատանքով: Իսկ արդիւնաբերողի հարստութիւնը, որքան էլ փոքր լինի, կապիտալ է, որովհետեւ արտադրւում է վարձու բանուորի աշխատանքի միջոցով: Մանր գիւղացու հարստութիւնն արդար հացէ է, որովհետեւ նրա մէջ չկայ ուրիշի քրտինքի ոչ մի կաթիլը, մինչդեռ բուրժուազիայի հարստութիւնը բանուորի արիւնով շաղախուած մի զզուելի թթխմոր է: «Երկրագործութեան» հեղինակի իդէալն է ոչ թէ գիւղական բուրժուազիան, այլ` հարուստ, բայց աշխատաւոր գիւղացիութիւնը:

Ասացինք, որ ըստ Նալբանդեանի` գիւղացին պէտք է արտադրէ շուկայի համար, եւ այս դէպքում նրան հարկաւոր է դրամ:

«Բայց խնդիրն այստեղ է, ասում է հեղինակը, թէ ո՛վ տայ երկրագործին այն դրամը, որ հարկաւոր է նրան լքեալ բազուկները զօրացնելու համար» [2]:

Ո՞վ պէտք է երկրագործի չորացած արտը ցօղէ մետաղեայ անձրեւով:

«Վաճառականը, պատասխանում է հայ հրապարակախօսը, կամ փոքր ի շատէ կարողութեան տէր մարդը: ... Վաճառականը կարող է ամենայն վստահութեամբ հում նիւթեր առնուլ հայ երկրագործից, ապրանք ստանալու փոխարէն: ... Այս ճանապարհով միայն ազգը կարող է բարւոքել իւր տնտեսական վիճակը, այս ճանապարհով նիւթական ուժը կանցնէ ազգի ձեռքը, ազգը կը զօրանայ, եւ երկրագործը եւ վաճառականը եւ կարողութեան տէր մարդը օրըստօրէ կհարստանան» [3]:

«Երկրագործութեան» հեղինակն այս խնդրում էլ ունի կարապետներ: Անտիկ աշխարհի, Արեւմտեան Եւրոպայի ու Ռուսաստանի հասարակական մտքի զարգացման պատմութիւնից յայտնի է, որ ժողովրդական մասսաների տնտեսութիւնը բարւոքելու համար շատերը յոյսները դրած են եղել պետութեան վրայ: Շատերից յիշենք Արիստոտէլին Յունաստանում, Լուի Բլանին` Ֆրանսիայում, Լասսալին` Գերմանիայում ու Չերնիշեւսկուն` Ռուսաստանում: Ըստ Արիստոտէլի` պետութիւնը իւր աւելորդ գումարներից պէտք է օժանդակութիւն տայ չքաւորներին, որպէսզի սրանք կարողանան պարապել մանր առուտուրով եւ կամ հող ձեռք բերեն մշակելու համար: Լուի Բլանն ու Լասսալը պահանջում են, որ պետութիւնը անհրաժեշտ դրամական միջոցներ շնորhէ բանուորներին արտադրական միութիւններ հաստատելու համար: Եւ վերջապէս Չերնիշեւսկին գիւղական համայնքը (община) պահպանելու խնդրում ու քաղաքական այլ հարցերում ժողովրդի համար նպաստաւոր գործողութիւններ էր ակնկալում միապետական կառավարութիւնից: Այժմ այսպիսի յոյսերն ուտոպիստական են համարւում, որովհետեւ իբրեւ ճշմարտութիւն է ընդունւում այն խօսքը, թէ պետութիւնը տիրող դասակարգի գործերը կառավարող մի կոմիտէ է, եւ ուրեմն նրանից նոյն դասակարգի շահերին վնասող գործողութիւններ սպասել չէր կարելի:

Հայ հրապարակախօսը իւր մտածութեամբ մօտ է վերոյիշեալ հեղինակներին ու հասարակական գործիչներին: Եթէ նա իւր յոյսը չէ դնում պետութեան վրայ եւ չէր էլ կարող դնել, որովհետեւ հայ պետութիւն գոյութիւն չունէր, բայց ժողովրդի համար օգտակար գործողութիւններ սպասում է մի այնպիսի դասակարգից, որը տնտեսական գործունէութեան մէջ չէ ղեկավարւում եւ չէ էլ կարող ղեկավարուել ժողովրդի շահերով: Վաճառական ու արդիւնաբերող դասակարգը ծառայում է իւր շահերին, իսկ Նալբանդեանը նրան համոզում է սպասաւորել երկրագործութեանը:

Գիւղացու, միայն գիւղացու արտադրած արդիւնքներն անփոփոխ կամ մշակելով հեռաւոր շուկաները հասցնել եւ շինականի լքեալ բազուկները զօրացնելու համար նախապէս փող դնել նրա ափի մէջ` ահա այն պահանջները, որ անում է հայ հրապարակախօսը վաճառականներից:

Նալբանդեանի դաւանած կարգերում դասակարգերի դիրքերն արմատական փոփոխութեան են ենթարկւում. առաջինները լինում են վերջին, իսկ վերջիններն` առաջին. ստորին դասակարգը` գիւղացիութիւնը, դառնում է բարձր դասակարգ, իսկ բարձր առեւտրական ու արդիւնաբերող դասակարգը դառնում է ստորին դասակարգ: Հայ հրապարակախօսն Իսահակի նման իրաւունքը տալիս է կրտսեր Յակոբին, իսկ աւագ Եսաւին պատուիրում է ծառայել եղբօրը:



[1]     Մ. Նալբանդեանի երկերը, Բ., էջ 348:

[2]     Մ. Նալբանդեանի երկերը, Բ., էջ 348:

[3]     Մ. Նալբանդեանի երկերը, Բ., էջ 349: