Միքայէլ Նալբանդեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

IX

Մինչեւ այժմ ասածներից դեռ չի երեւացել, թէ Նալբանդեանն ինչ կարծիքներ է յայտնում մասնաւորապէս հայ կեանքի մասին: Ընդհանուրին վերաբերեալ խօսքերից անշուշտ կարելի է եզրակացնել, թէ շատ կամ քիչ փոփոխութիւններով նոյնը պէտք է ասէ նաեւ հայ ժողովրդի մասին դատելիս: Սակայն այն հանգամանքը, որ հայ ժողովրդի տնտեսական դրութիւնը շատ էր տարբերւում Արեւմտեան Եւրոպայի տնտեսական դրութիւնից, ստիպում է յատկապէս զբաղուելու նաեւ այն մտքերով, որոնք վերաբերում են Հայոց աշխարհին:

Նալբանդեանի ժամանակ Արեւմտեան Եւրոպայի մի քանի երկիրներում կապիտալիզմը լիակատար ծաղկման մէջ էր, օրինակ` Անգլիայում, Ֆրանսիայում, իսկ տեղ–տեղ էլ նոր էր յաղթանակում, օրինակ` Գերմանիայում: Այս երկիրներում արդէն լիովին կազմակերպուել էին եւ կազմակերպւում էին կապիտալիստական տնտեսութեան երեք գլխաւոր դասակարգերը` հողատէրերը, կապիտալիստներն ու բանուորութիւնը: Հասարակական միւս խմբերի մնացորդները, գիւղացիութիւնը, արհեստաւորութիւնը, մանր վաճառականութիւնը եւ այլն, ինչպէս խարխուլ պատեր կամաց–կամաց փուլ էին գալիս ու լուծւում նոր տնտեսութեան կատաղի յորձանքների մէջ: Արդիւնաբերութիւնը քաղաքում կուլ էր տալիս արհեստաւորին, իսկ գիւղում` երկրագործին: Բանողի սեփական աշխատանքի վրայ հիմնուած տնտեսութիւնն, այսինքն` մանր արտադրութիւնը, հոգեվարքի մէջ էր:

Հայոց աշխարհի բոլոր բաժիններում, ի միջի այլոց նաեւ Տաճկահայաստանում, որը Նալբանդեանի հոգսերի միակ առարկան է «Երկրագործութեան» մէջ, այս տեսարանի կատարեալ հակապատկերն էր իշխում: Հասարակական կազմը հիմնւում էր մանր արտադրութեան վրայ. ազգաբնակութեան հսկայ մեծամասնութիւննը կազմուած էր գիւղացիներից ու արհեստաւորներից: Բոլորովին չկար արդիւնաբերութիւն երկու անհրաժեշտ դասակարգով. չկային կապիտալիստներ ու գործարանային բանուորութիւն: Բուն երկրում շատ չնչին տոկոս էին կազմում առեւտրականները, որոնք համեմատաբար աւելի բազմաթիւ էին գաղթավայրերում: Ազգաբնակութեանը, մանաւանդ գիւղացիներին, սաստիկ ճնշում էին պետական հարկերը, պաշտօնեաների կեղեքումներն ու աւազակաբարոյ ցեղերի յարձակումները: Ներքին չարիքներից գլխաւորը վաշխառութիւնն էր, որը սակայն դեռեւս չէր գրաւում տաճկահայի վիճակով հետաքրքրուող հեղինակների ուշադրութիւնը:

Այն ժամանակ, երբ Նալբանդեանը գրում էր «Երկրագործութիւնը» (1862 թ. ), Տաճկահայաստանում տիրում էին մօտաւորապէս այնպիսի կարգեր, որոնք հեղինակի ցանկացածն էին. այստեղ իշխում էր մանր արտադրութիւնը, որ նրա կարծիքով միակ ուղիղ ճանապարհն էր չքաւորութիւնից դուրս գալու համար: Մակայն եւ այնպէս հայ հրապարակախօսը շատ մռայլ գոյներով է նկարում տաճկահայի դրութիւնը: Նրան մեծ երկիւղ է ներշնչում տնտեսական զարգացման այն տենդենցիան, որ նկատւում է Տիգրիսի ու Եփրատի հովիտներում:

«Ազգը օրըստօրէ թողնում է իւր երկիրները եւ կենտրոնանում է քաղաքներում: Աղքատութիւնը ստիպում է նորան թողուլ իւր տունը, իւր ընտանիքը, իւր ամուսինը, իւր զաւակները եւ գնալ Պոլիս կամ այլ քաղաք աղքատութիւնից ազատուելու համար: Բայց այդ տեղերում եւս նորան հանդէս է գալիս էապէս նոյն աղքատութիւնը, գուցէ մի փոքր քաղաքային ամոք կերպարանքով» [1]:

  «Երկրագործութեան» հեղինակին տխրեցնում է ոչ թէ պանդխտութիւնն ըստինքեան, ոչ թէ հայրենիքից օտար երկիր գնալը, այլ այն, որ ժողովուրդը գիւղից դէպի քաղաք է գնում: Վերջին շարժմանը, քաղաքներում կենտրոնանալուն նա հակառակ կը լինէր նաեւ այն դէպքում, եթէ տաճկահայը գնար ոչ թէ հայրենիքից դուրս գտնուած կենտրոններն, այլ` բուն երկրի քաղաքները: Հեղինակը դէմ է պանդխտութեան ոչ այն պատճառով, որ աշխարհագրական տեղափոխութիւն է այս, այլ որ սրա հետ կապուած է ժողովրդի գլխաւոր զբաղմունքի փոփոխութիւնը: Երկրագործ մասսան երկու ծայրից քայքայւում է. մի մասը դառնում է սեփականազուրկ վարձուոր, իսկ միւս մասը դիմում է դէպի առեւտուրը: Թէեւ տաճկահայերի մեծամասնութիւնը դեռեւս կպած է հողին, բայց եւ այնպէս տնտեսական զարգացման այս տենդենցիան` վարձկան մշակութեան ու վաճառականութեան զարգացումն օրհասական հետեւանքներ կարող է ունենալ:

«Այն աշխարհներում, ուր հասարակ ժողովուրդը հող չունի, ուր չէ կարող երկրագործութեամբ ապրել, նա կենտրոնանում է քաղաքներում եւ մայրաքաղաքներում եւ այս կենտրոնացութեան չափով սաստկանում է ... աղքատութիւնը: Եթէ այսպէս է հասարակ ժողովրդի վիճակը մի այնպիսի աշխարհում, որ բոլոր երկրագունդին բաժանում է իւր ձեռագործքը, որ պէտք ունին միլիոնաւոր ձեռքերի (ակնարկում է Անգլիային - Թ. Ա. ), ինչպէ՞ս ուրեմն կը լինի այն աշխարհների վիճակը, ուր անգլիական արուեստի եւ ձեռագործութեան եւ հազարերորդ մասը չկայ, եւ եթէ այս աշխարհների հասարակ ժողովուրդը թողու իւր հողը եւ երթայ մայրաքաղաք կամ այլ գաւառական քաղաքներ: Ասել հարկաւոր չէ, քանզի մինչեւ այստեղ ասածներիցս հետեւցնելը շատ հեշտ է» [2]:

Հանրածանօթ է Նալբանդեանի սրտաշարժ նկարագրութիւնը, որի մէջ պատկերացնում է, թէ ինչպէս մշակն իբրեւ գրաստ, իբրեւ մեքենայ ծառայելով արտասուելի օտարութեան մէջ, տասն–քսան տարի, կամ, մեռանում է այնտեղ` թողնելով իւր ընտանիքը հայրացեալ թշուառութեան մէջ եւ կամ վերադառնում է դէպի իւր երկիրը ... հասակն առած, ուժաթափ եւ թօշնած, վերադառնում է նա միմիայն իւր ներկայութեամբ իւր, աղքատ ու կարօտ ընտանեաց թիւը յաւելցնելու համար» [3]:

«Սոցայ վիճակից աւելի քաղցր չէ այն մանր վաճառականների վիճակը, որ նոյնպէս լքանելով իւրեանց երկիրը ձեռք են զարկում վաճառականութեան պանդխտանալով օտար աշխարհում: Նոր կեանքի շաւղի վրայ եւս չկան ծաղիկներ եւ վարդեր, ամենայն քայլափոխ փու՛շ եւ տատասկ: ... Նա բոլորովին մեքենայացած մանում է իւր կեանքի թելը, նորան չէ գգւում մի հրապուրիչ լոյս, նա չէ տեսնում իւր ապագայի հորիզոնի վրայ մի երջանկութեան աստղ. նորա ներկան ու ապագան խաւար է: Նա տանում է իւր կեանքի ծանր խաչը, մինչեւ որ մի նիւթեղէն խաչ տնկուի նորա գերեզմանի վրայ» [4]:

«Ազգը, ամփոփում է դառնութեամբ հայ հրապարակախօսը, ... փորձեց մինչեւ այժմ վաճառականութիւնը, նա փորձեց վարձկանութիւնը եւ մշակութիւնը. սոցանից հետեւեցաւ նորա կեանքի աւերանքը, որի տակ այսօր ճնշւում է միջաբեկ» [5]:

Նալբանդեանն զգուշացնում է հայ ժողովրդին վարձկան մշակութեան Խարիբդայից ու վաճառականութեան Սցիլլայից, որոնք շատ ու շատ ընտանիքների մարելու պատճառ են դարձել, որով եւ վնասել են հասարակական շինուածքին: Հայ ժողովրդի փրկութիւնն, ինչպէս եւ ուրիշներինը, հայ հրապարակախօսը տեսնում է դարձեալ հողի ու երկրագործութեան մէջ: Հեռո՜ւ քաղաքից, վերադա՞րձ դէպի գիւղ, նորից հնչում է հայ Գրակքոսի հրաւէրը:



[1]  Մ. Նալբանդեանի երկերը, Բ., էջ 339-340: Արդարութիւնը պահանջում է ասել, որ Նալբանդեանի քննադատութիւնն այս կէտում մակերեւութային է, որովհետեւ չէ բացատրում, թէ ինչն է ժողովրդի աղքատութեան պատճառը, որից ստիպուած սա դիմում է դէպի պանդխտութիւն ու այլ զբաղմունքներ: Հետագայում աւելի գիտակից անձինք վկայեցին, որ տաճկահայի աղքատութեան, ուրեմն եւ պանդխտութեան պատճառը ոչ այնքան պետական հարկերն են, պաշտօնեաների կեղեքումներն ու քրդերի յարձակումները, որքան հայ վաշխառուների հարստահարութիւնը, որ փողային տնտեսութեան զարգացման հետեւանք է։ Տաճկահայ հարցի ուսումնասիրութեան համար այս կարծիքն այնքան նշանաւոր է ու յատուկ ուշադրութեան արժանի, որ անհրաժեշտ ենք համարում ամբողջութեամբ մէջ բերել։

      «Տաճկահայաստանի քաղաքացին անհամեմատ բարձր է գիւղացուց ամէն կողմից, որի դէմ գիւղացին չի կարողանում մրցել, այլ ենթարկւում է նորա ազդեցութեանը: Որովհետեւ այժմեան հայ քաղաքացու բնաւորութեան մէջ ազգային բարեմասնութիւնից ոչինչ չկայ, այլ այդ ազդեցութիւնը բոլորովին եսական– շահասիրական լինելով` նա գիւղացու հարստահարողների շարքումը առաջին տեղն է բռնում: Այնտեղ քրիստոնէի տան «խեր-բարաքեաթը», «մեռոնի սուրբ աւազանի շնորհի ազդեցությունը» նուազ նշանակութիւն ունին: ... Ամէն կարգի քաղաքացիները, որոնք պարապում են առուտուրով, արհեստներով, տէրութեան ծառայութիւնով, իւրեանց պարապմունքների արտադրած ուղղակի շահերով չբաւականանալով ցանկանում են եւ կողմնակի շահեր ունենալ: Այդ ամէնքը իւրեանց ուժի ու կարողության չափ իւրեանց պատրաստ ծառայութիւնը յայտնում են գիւղացուն` հոգալով նորա զգեստեղէնների պիտոյքը եւ փոխառական դրամ: Այս օպերացիայի մի տեսակը անուանւում է "սալաֆ": Քաղաքացին գիւղացուն տալիս է դիցուք մի օսմանեան ոսկի կամ նորա արժողութեամբ ապրանք, որը պարտական է մերձակայ հունձին մի ոսկու փոխառութիւնը երկու չափ ցորեան տոկոս վճարել. այժմեան գնով եթէ հաշուենք, մի չափը արժէ մի մեջիդեայ. մի օսմանեան ոսկին կազմուած է հինգ մեջիդից. ուրեմն քաղաքացին գիւղացուց վեց ամսուայ ընթացքում մի օսմանեան ոսկուն 2 / 5 կամ 5 մեջիդից երկուսը տոկոս է ստանում: Եթէ վեց ամսուայ ընթացքում 10 մեջիդեան բերում է չորս տոկոս, նշանակում է, որ տարին ութ տոկոս է ընկնում, կամ հարիւրին ութսուն: Այս ձեւը աստիճանաբար սնանկանալու ձեւն է, որ հետզհետէ գիւղացու կայքը, հողը ընկնում է վաշխառուի ձեռքը եւ այնուամենայնիւ նա դառնում է քաղաքացու արծաթագին ստրուկը։ Կան գիւղացիներ, որոնք յանկարծական պիտոյքի համար ծախում են իւրեանց ցանածի, աշնցանի կամ գարնցանի կանաչը. որովհետեւ այդ կանաչների արդիւնքը ակներեւ չէ, քաղաքացիք ամենաչնչին գներով տէր են դառնում գիւղացու քրտնած արդիւնքին: Երբ գիւղացին որեւէ կերպ վտանգւում է, օրինակ, եթէ գողանում, յափշտակում են նորա եզները, անասունները, կամ վարակիչ հիւանդութիւններից սատակում են, եթէ այրում են նորա դէզը եւ մարագը, եթէ երաշտից, մորեխից, մկներից ոչնչանում է նորա ցանքը, այսպիսի հազար մի տեսակ հանգամանքներին ենթարկուած գիւղացին, փոխատու ընկերություններ չլինելուց վերականգնելու մտօք դիմում է վաշխառուին, դնում է նրա ոտի տակ իւր տունը, տեղը, կայքը, հողի սեփականութեան իրաւունքը եւ ստանում է ցանկացած փոխը այնպիսի պայմաններով եւ տոկոսով, որ երբեք չի կարողանալու հատուցանել ու այսպիսով գիւղական ընտանիքներ կործանւում են անկանգնելի կերպով: Որքան որ գիւղերը աւելի մօտ են քաղաքին, այդ չափով էլ աւելի խիստ ենթարկուած են քաղաքացոց հարստահարութեանց եւ աւելի շատ աղքատ են: Օրինակ, Վանայ շրջապատի Թիմար անունով գաւառի եւ Ռշտունեաց գաւառի հիւսիսային մասը Վասպուրականի բոլոր գաւառներումը ամենախիստ կերպով հարստահարուած, ամենից սաստիկ վտանգուած աղքատներն են. դրանցից է կազմուած վանեցի մշակների մեծամասնութիւնը։ …Այժմ գիւղացին երբ որ վտանգւում է անարդար կառավարութեան կաշառակեր պաշտօնեաներից, քրդերի հափշտակութիւնից, նա դիմում է իւր կարող ազգակցի օգնութեան, իսկ այդ արենակից կեղծաւորը քաղցր խօսքերով տիրում է նորա ստացուածքին, դնում է նորա վզին յաւիտենական ստրկութեան տառատոկը ... Գիւղացին տէրութեան պաշտօնեաների հարստահարութեան տակ հեծում է, քրդերի հարստահարութեան տակ տրտնջում, բողոքում է, հարստահարող ազգակցի հարստահարութեան տակ անմռունչ զոհի պէս ոչնչանում է: Այսպէս են փոխակերպւում համեստ երկրագործ ընտանիքներից օրահացին կարօտ մշակները»»։ Ա. Թոխմախեան. «Մասիս լեռների հարաւային ստորոտներ», մասն Բ. Թիֆլիս, 1882, էջ 14–16 ու 22:

[2]     Մ. Նալբանդեանի երկերը, Բ, էջ 334-335։

[3]     Նոյնը, էջ 340-341:

[4]     Նույնը, էջ 342։

[5]     Նույնը, էջ 343: