Միքայէլ Նալբանդեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

XII

Անկարող լինելով ինդիվիդուալիստական աշխարհայեացքի սահմաններից դուրս գալու եւ երեւակայելու մի հասարակարգ, որտեղ գոյութիւն ունի բարիքների ընկերական բաշխումն միայն, եւ միեւնոյն ժամանակ չիմանալով, թէ որպիսի աղէտաբեր ազդեցութիւն ունի ապրանքային տնտեսութիւնը մանր արտադրութեան վրայ, Նալբանդեանը իւր քարոզած իդէալական կարգերում տեղ է տալիս փոխանակութեանն ու նրա պաշտօնեայ վաճառականներին: Վաճառականների գործ է համարում ոչ միայն պարզ առք ու վաճառքն, այլեւ` հում նիւթերի մշակութիւնը: Հայ հրապարակախօսն ընդւնում է վաճառականութեան կ'առուտուրի ու հում նիւթի մշակութեան կարեւորութիւնը, սակայն մի մեծ սահմանափակումով. այն է, որ այս գործով պարապողները կազմեն ընդհանրութեան մէջ փոքրամասնութիւն, հակառակ դէպքում ընդհանրութեանը, նրա ասելով, վտանգ է սպառնում: Թէ ընդհանրութեան հետ համեմատած ինչ մեծութիւն պէտք է ունենայ փոքրամասնութիւնը, որքան մարդիկ պէտք է պարապեն վաճառականութիւնով եւ կամ ով պէտք է որոշէ, թէ որոնք են պարապելու երկրագործութիւնով եւ որոնք առուտուրով ու հում նիւթի մշակութիւնով, որպէսզի հասարակութեան մէջ մեծամասնութեան ու փոքրամասնութեան այս յարաբերութիւնը պահպանուի անխախտ, Նալբանդեանը չէ ասում, բայց իւր քարոզած կարգերի համար անհրաժեշտ պայման է դնում երկրագործ մեծամասնութեան եւ առեւտրական ու հում նիւթ մշակող փոքրամասնութեան գոյութիւնը:

«Երբ որ մի ազգ կազմող անհատների մեծագոյն մասը պարապի երկրագործութեամբ եւ առհասարակ գիւղական տնտեսութեամբ, այն ժամանակ այդ ազգի ընդհանրութիւնը հարուստ է եւ ապահովեալ, որովհետեւ նորա հիմքը դրուած է բնականապէս եւ բնութեան վերայ: Եւ այս պատճառով փոքրագոյն մասը, որ չէ պարապում երկրագործութեամբ, կարող է հաւաստի լինել, որ հազիւ պիտի կարողանայ մշակել, շինել, գործել եւ վաճառել այն, ինչ որ դուրս է բերում գետնից նորա մեծագոյն մասը: Ազգի մեծագոյն մասը երկրագործութեամբ ապահովեալ է եւ անհնար է, թէ նեղութեան պատահի ապրուստի կողմից: Փոքրագոյն մասը, որ բաղկանում է վաճառականներից, չէ կարող անգործ մնալ, քանի որ մեծագոյն մասի արդիւնքը սպասում է նորա կամ մշակութեան, կամ վաճառականութեան, եւ մի որեւիցէ մի դժբախտ դիպուածում այդ փոքրագոյն մասից ամենափոքրագոյն մի մասը միայն կարող է ենթարկուել առօրեայ եւ անցողական նեղութեան, քանզի ազգի հիմքը դրուած է երկրի մակերեւոյթի վրայ եւ կախուած չէ օդի մէջ» [1]:

Թերեւս ոմանք հէնց այստեղ մեզ ընդհատելով ասեն, որ չնայած Նալբանդեանը վաճառականութեանը երկրորդական տեղ է տալիս, այնուամենայնիւ չի կարելի նրան գիւղացիութեան զտարիւն պաշտպան, իդէոլոգ համարել, որովհետեւ նա յամենայն դէպս էլի ընդունում է առեւտրական ու արդիւնաբերող դասակարգի գոյութեան անհրաժեշտութիւնը. ուրեմն եւ կ՚առարկեն` հայ հրապարակախօսը մասամբ հանդիսանում է նաեւ բուրժուազիայի իդէոլոգ: Այս դատողութիւններին ի պատասխան կարելի է ասել, որ մի դասակարգի իդէոլոգ լինելու եւ կոչուելու համար անհրաժեշտ չէ միւս դասակարգերի գոյութիւնը բացառապէս ժխտելը: Իդէոլոգների շատ փոքր մասն է այսպիսի մտածողութեան տէր. քչերն են արմատապէս հերքում ուրիշ դասակարգերի գոյութեան իրաւունքը, մինչդեռ մեծամասնութիւնը խոստովանում է իւր ջատագոված դասակարգերի կողքին միւս հասարակական խմբերի գոյութիւնը, միայն սրանց շահը ենթարկում է իւր դասակարգի շահերին: Այս հարցում էլ մոնիստները սակաւաթիւ են, մինչդեռ դուալիստները կամ պլիւրալիստները` ծովի աւազից աւելի:

Անգլիայի տոհմիկ լորդը, գերմանացի ազնուականն ու կամ ռուս կալուածատէրն երբեք չեն հերքիլ, որ ինդուստրիան նոյնպէս որոշ արժէք ունի ժողովրդի տնտեսական կեանքում: Թէ՛ անգլիացի լորդը, թէ՛ գերմանացի ազնուականն ու թէ՛ ռուս կալուածատէրը սրանով չդարձան ֆէօդալականութեան դասալիքներ ու բուրժուական կուսակիցնէր: Ո՛չ, որովհետեւ կարեւորն այդ չէ, այլ` այն, որ ամէն անգամ, երբ կ՚ընդհարուեն մեծ հողատիրութեան ու բուրժուազիայի շահերը, նրանք կը բռնեն մեծ հողատէր դասակարգի կողմը, որով երեւան կը հանեն իրենց իսկական դասակարգային գոյնը եւ կ՚ապացուցեն, որ իրենց յոգն ու մտածմունքն ազնուական ու կալուածատէր դասակարգի բարգաւաճումն է գխաւորապէս:

Իւր նշանաւոր ուտոպիայի` «պոլիտէայի» («պետութիւն») մէջ Պլատոնն անհրաժեշտ է համարում արհեստաւոր ու երկրագործ դասակարգերի գոյութիւնը: Այս ստորին դասակարգերը պէտք է զբաղուեն մանր արտադրութեամբ` անհատապէս սեփականելով արտադրութեան միջոցները, մինչդեռ փիլիսոփաներն ու ազնուականներն ազատ պէտք է լինէին ֆիզիքական աշխատանքներից եւ վայելէին ուրիշների արտադրած բարիքները: Միթէ՞ կարելի է Պլատոնին գիւղացիութեան ու արհեստաւորութեան շահերի պաշտպան յայտարարել` հիմնուելով լոկ այն հանգամանքի վրայ, որ նա անհրաժեշտ է համարում այս հասարակական խմբերի գոյութիւնը: Ամենեւին: Քննադատներն իրաւամբ Պլատոնի կոմունիզմն արիստոկրատական են յայտարարում, որովհետեւ մեծ փիլիսոփան իդէալական է համարում այնպիսի կարգեր, երբ արիստոկրատիան առանց աշխատելու վայելում է աշխատող դասակարգերի յաւելեալ արդիւնքը:

Ճիշտ նոյնպէս էլ Նալբանդեանը չէ դառնում վաճառականների ու արդիւնաբերողների իդէոլոգ լոկ այն պատճառով, որ նա սրանց գոյութեան իրաւունքն ընդունում է: Վերլուծութիւնը պէտք է շարունակել ու տեսնել, թէ արդեօք ո՞ր հասարակական խմբի շահերն են նրա համար գերակայ եւ որինն` օժանդակ ու ստորադաս. այն ժամանակ միայն վերջնականապէս լուծուած կը լինի Նալբանդեանի` գաղափարապէս ո՛ր դասակարգին պատկանելու հարցը:

«Երկրագործութեան» ուշադիր վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ հայ հրապարակախօսի համար վաճառականութեան շահերն ինքնըստինքեան նշանակութիւն չունեն. նա սրանց վրայ նայում է մեծամասնութեան, երկրագործ մասսայի շահերի տեսակէտից:

Վաճառականի գործունէութիւնը կարող է երկրագործի համար չէզոք լինել, այսինքն անօգուտ ու անվնաս: Երբ մի հայ վաճառական Չինաստանից թէյ առնելով տանում, վաճառում է Ֆրանսիային, նրա արածը հայ գիւղացու համար ոչ օգտակար է եւ ոչ վնասակար: Կարող է վաճառականի գործունէութիւնը հայ գիւղացու համար ոչ թէ չէզոք, այլ վնասակար լինել: Օրինակ, երբ հայ վաճառականը Ռուսիայից ալիւր է ներմուծում Կովկաս եւ այսպիսով մրցելով ցորեն ծախող հայ գիւղացու հետ` իջեցնում է սրա ապրանքի գինը եւ կամ անվաճառ թողնում սրա ցորենը, նրա գործունէութիւնն անշուշտ վնասակար է հայ գիւղացու համար: Մեր յիշած երկու դէպքում էլ թէեւ գիւղացին հաստատապէս ոչ մի օգուտ չի ստանում, բայց վաճառականը կարող է օգտուել: Եթէ անհատների փոխարէն վերցնենք դասակարգեր, կարող ենք ասել, որ առեւտրական դասի գործունէութիւնը իւր համար կարող է օգտակար լինել նաեւ այն դէպքում, երբ նոյն գործունէութիւնից ոչ մի օգուտ չէ ստանում հայ գիւղացիութիւնը եւ կամ նոյնիսկ վնասւում է:

Նալբանդեանը բացարձակապէս մերժում է այնպիսի վաճառականութիւնը, որ կարող է օգուտ բերել վաճառականին, ուրեմն եւ վաճառական դասին, բայց օգուտ չի բերիլ եւ կամ վնաս կբերէ ազգին, այսինքն` ժողովրդին կամ երկրագործ մասսային:

«Թող հայ վաճառականը հազար տարի ապրանք բերել Եւրոպայից ու վաճառել, կամ, որ նոյնն է, օտարի ապրանքը ուղարկէ Եւրոպա, ազգին ո՛չ շահ կայ եւ ո՛չ վնաս, որպէս նաեւ ազգային վաճառականութիւն. վաճառականը թերեւս ինքը շահուի, դարձեալ ազգին բան չկայ» [2]:

«Այս տեսակ վաճառականութեամբ թերեւս, եթէ հայը միջնորդ լինէր երկու համազօր աշխարհների միջեւ, գուցէ կարողանար ապահով եղանակով ապրել, թէեւ միմիայն իւր համար, առանց ազգի ընդհանրութեան օգուտ բերելու» [3]:

«Թող հազարաւոր դառնայ հարուստ անհատների թիւը ... ի վերա այսր ամենայնի ազգի ընդհանրութիւնը կը մնայ անշարժ եւ անդամալուծեալ» [4]:

Անկասկած է, որ հայ հրապարակախօսի հոգսը ոչ թէ վաճառական դասի բարօրութիւնն է, այլ` ժողովրդինը:

«Մինչեւ այժմ, գանգատւում է Նալբանդեանը, հայոց ազգի մէջ խախուտ եւ անհիմն վաճառականութեան խորհրդով հիմնուեցան մեծ կամ փոքր ընկերութիւններ. նորանցից ոմանք ընկան դէպքերի հարուածի տակ, ոմանք տեւում են կիսամեռ, բայց մինչեւ այժմ չերեւեցաւ եւ ոչ մի ընկերութիւն, որ պարապել երկրագործութեան եւ երկրագործական բերքերի մշակութեան, մինչեւ այժմ չերեւեցաւ մի ընկերութիւն ազգային վաճառականութեան» [5]:

Ի՞նչ է հասկանում «Երկրագործութեան» հեղինակն ազգային վաճառականութիւն ասելով:

«Եւ միթէ՞ կարծում են մեր պատուելի վաճառականք, թէ Մանչեստրի, Մարսեյլի կամ այլ եւրոպական քաղաքների հետ առուտուր ունենալը կարելի է անուանել ազգային վաճառականութիւն միայն այն պատճառով, որ ինքեանք հայ էին: Նոցայ վաճառականութիւնը ազգային չէ եւ ազգի ընդհանուրի շահի հետ չունեն որեւիցէ վերաբերութիւն: Այն ժամանակ միայն կարող է երեւիլ ազգային վաճառականութիւն, երբ նա գլխաւորապէս հայի առաջ բերած նիւթը կամ արդիւնքը վաճառեն այն ժամանակ միայն ազգը օգուտ կքաղէ մեր վաճառականների գործունէութիւնից, երբ սոքա միջնորդ լինին հայոց ընդհանրութեան եւ Եւրոպիոյ մէջ. այն ժամանակ ազգային է վաճառականութիւնը, երբ նորա խարիսխը դրուած է ազգի հիմքի վերայ» [6]:

Այն վաճառականութիւնը, որ չի հիմնւում երկրագործութեան վրայ, որ չի վաճառում երկրագործական արդիւնքներ, որ չի նպաստում գիւղացու բարօրութեանն, ազգային վաճառականութիւն չէ եւ ազգի շահի հետ ոչ մի վերաբերութիւն չունի: Ընդհակառակն, ազգային վաճառականութիւնը, որ երկրագործութեան վերա է հիմնւում, օգտակար է եւ գովելի:

«Հայոց ազգը քանի որ չունի սեպհական երկրագործութիւն բոլոր նրա ճիւղերով, նորա վաճառականութիւնը կը լինի Եւրոպացոց համար ծառայութիւն: Իսկ այն օրից, երբ ազգը կը սկսեն մշակել հողը, երբ մարդիկ կը դառնան իւրեանց հայրենիք, բարեբեր երկիրները, որ այսօր գրեթէ ամայի եւ խոպան է, այն օրից կը կենդանանայ հայոց վաճառականութիւնը: Եւ այն օրի վաճառականը ... եւ ինքը կը շահուի տասնապատիկ աւելի եւ մեծ ու մեծ շահ կբերէ ազգի ընդհանրութեան, որ է ազգի հիմքը, լծակը, շարժարանը» [7]:

«Առանց երկրագործութեան չկայ վաճառականութիւն, եւ առանց ազատ հողի չկայ երկրագործութիւն», - ասում է մի տեղ Նալբանդեանը «Երկրագործութեան» մէջ: Այժմ մեզ համար հասկանալի է այս խօսքերի իմաստը: Հայ հրապարակախօսն ուզում է ասել, թէ առանց ազատ հողի, առանց համայնացրած հողի չկայ աշխատաւորի երկրագործութիւն, չկայ «ազգային» վաճառականութիւն: Ակամայ մարդու միտն է գալիս միջնադարեան ասացուածը, թէ փիլիսոփայութիւնն աստուածաբանութեան աղախինն է: Նալբանդեանի քարոզած վաճառականութիւնը երկրագործութեան գետնատարած աղախինն է, իսկ առեւտրական դասը` գիւղացի դասակարգի հլու սպասաւորը:



[1]     Մ. Նալբանդեանի երկերը, Բ., էջ 313-314:

[2]     Մ. Նալբանդեանի երկերը, Բ., էջ 346:

[3]     Մ. Նալբանդեանի երկերը, Բ., էջ 355:

[4]     Նոյնը, էջ 356:

[5]     Նույնը, էջ 349-350:

[6]     Նույնը, էջ 345-346:

[7]     Մ. Նալբանդեանի երկերը, Բ, էջ 357: