Միքայէլ Նալբանդեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

VII

Ասացինք, որ Նալբանդեանի համար իդէալական է այն դրութիւնը, որ գոյութիւն ունէր գաղութներում. նա ջատագով է այնպիսի կարգերի, երբ գոյութիւն ունեն հողի համայնացում, միւս բարիքների մասնաւոր սեփականութիւն, մանր արտադրութիւն, փոխանակութիւն ու դրամ: Յաջորդ խնդիրը, որ պէտք է լոծել, այն է, թէ հապա ո՞վ է իրականացնելու ժողովրդի բարօրութեան այն պայմանները, որ գծել է հեղինակը: Ո՞ր հերոսի հզօր ուսի վրայ պէտք է ծանրանայ այս իդէալն իրականացնելու դժուարութիւնը. գթասիրտ միապետի՞, հարուստ բարերարի՞, լուսաւոր ինտելիգենցիայի՞, ամբողջ հասարակութեա՞ն, թէ՞ նրա մի մասի:

Այս խնդրով անհրաժեշտ է զբաղուել այն պատճառով, որ հասարակական գործչին բնորոշելու համար նշանակութիւն ունեն ոչ միայն նրա իդէալներն, այլեւ այս իդէալներն իրագործելու համար առաջարկուած միջոցները: Իդէալներն ըստինքեան անիրագործելի, ուտոպիստական կարող են լինել, բայց յաճախ ամէնից աւելի իրագործելի, ռէալիստական իդէալներն անգամ դառնում են ուտոպիստական` շնորհիւ այն հանգամանքին, որ սրանց հասնելու համար առաջարկուած միջոցներն անյարմար են: Այսպէս` մի Ֆուրիէ, որ հնարաւոր իդէալի` սոցիալիզմի, իրականացման յոյսը դնում է հարուստ բարերարի վրայ, նոյնքան ուտոպիստ է, որքան մի Ռուսսօ, որ անհնարին իդէալի է ձգտում, երբ երազում է վերադառնալ դէպի փակ տնային տնտեսութիւնը:

Նալբանդեանի` իդէալներին հասնելու համար առջարկուած միջոցների քննութիւնը մասնաւորապէս հետաքրքրական է նաեւ այն կողմից, որ կպարզել, թէ ի՞նչ յարաբերութիւն կայ հայ հրապարակախօսի ու դասակարգային կռուի միջեւ:

Միջանկեալ ասենք, որ իդէոլոգի ու դասակարգային կռուի միջեւ կարող է լինել երեք տեսակ յարաբերութիւն. պատկանելութեան, իմացութեան ու վերաբերմունքի: Դասակարգերի բաժանուած հասարակութեան մէջ ամէն մի հեղինակ պատկանում է մի դասակարգի, արտայայտում է դասակարգային հոգեբանութեան այս կամ այն կողմը եւ մասնակցում է իւր հասարակական խմբի` զանազան ասպարէզներում մղած կռուին, ուրիշ խօսքով` դասակարգային իդէոլոգ է: Բայց դասակարգային իդէոլոգներից շատերն Աւետարանի այն խօսքի համաձայն, որ ասում է, թէ «ոչ գիտեն` զինչ գործեն», չեն գիտակցում, որ հասարակութեան պատմութիւննը դասակարգային կռիւների պատմութիւն է, ուստիեւ որեւէ վերաբերմունք չեն ցոյց տալիս դէպի դասակարգային կռիւը: Կան եւ այնպիսիները, որոնք թէեւ դասակարգային իդէոլոգ են, մասնակցում են դասակարգային կռուին ու գիտեն, որ պատմութիւնը դասակարգային կռիւների պատմութիւն է, բայց եւ այնպէս տարբեր վերաբերմունք են ցոյց տալիս դէպի հասարակական խմբերի պայքարը. ոմանք համակրութեամբ են վերաբերւում այս կռուին, ընդունելով, որ այս է հասարակական սայլի շարժումը հնարաւոր դարձնող միակ անիւն, իսկ ոմանք էլ համակրում են, համոզուած լինելով, որ այս մեծ խոչընդոտ է պատմական զարգացման համար:

Օրինակ, վերահաստատման (ռեստավրացիայ) շրջանի ֆրանսացի պատմագիրները` Գիզօ, Տիէրրի ու Սինին, սոցիալիստներից` Բլանկի, Մարքս ու Էնգելս թէ՛ իդէոլոգներ էին առաջինները` բուրժուազիայի, վերջինները` պրոլետարիատի), թէ՛ գիտակցում էին, որ պատմութիւնը դասակարգային կռիւների պատմութիւն է եւ թէ՛ կողմնակից էին դասակարգային կռուի քաղաքականութեանը: Արեւմտեան Եւրոպայի ուտոպիստ սոցիալիստները, յատկապէս Ֆուրիէն, իսկ Ռուսաստանից Չերնիշեւսկին, ընդհակառակը, թէեւ դասակարգային իդէոլոգներ էին եւ գիտէին, որ դասակարգային կռիւը պատմական իրողութիւն է, բայց եւ այնպէս չէին համակրում այս կռուին: Ռուս մեծ քննադատի կարծիքով, հասարակութեան` թշնամի դասակարգերի բաժանուած լինելը մեծ արգելք է այն հասարակութեան ապագան բարելաւելու համար: Եւ վերջապէս հեղինակների հսկայ մեծամասնութիւնը տարբեր որոշութեամբ դասակարգային ձգտումների ներկայացուցիչ լինելով հանդերձ, գաղափար անգամ չունի դասակարգային կռուի մասին, այսինքն` ո՛չ ծանօթ է յիշեալ պատմական իրողութեանը եւ ոչ էլ որեւէ վերաբերմունք է ցոյց տալիս դէպի այս կռիւը:

Միքայէլ Նալբանդեանը վերջին տեսակի հեղինակներից է: Ինչպէս մինչայժմեան վերլուծութիւնը ցոյց է տալիս եւ ինչպէս յետոյ ուրիշ փաստեր աւելի կը հաստատեն, «երկրագործութեան է հեղինակը խիստ որոշ արտայայտում է իւր դասակարգային գոյնը, երբ պաշտպանում է մանր երկրագործական տնտեսութիւնը: Նա ոչ միայն իւր հասարակական խմբի իդէոլոգն է, այլեւ թէօրետիկը, որ փաստերով ու տրամաբանութեան միջոցով աշխատում է ապացուցել իւր դասակարգի համար ձեռնտու տնտեսական կարգերի կարեւորութիւնը: Բայց եւ այնպէս Նալբանդեանը դասակարգային կռուի մասին գաղափար չունի եւ սոցիալական ծրագիրն իրագործելու համար դասակարգային կռիւը նկատի չի ունենում:

Այս տեսակէտից Նալբանդեանի մտքերը լաւ ըմբռնելու համար հարկաւոր է յիշել նրա այն խօսքը, թէ բռնակալութիւնն է չարիքների աղբիւրը: Արդ, յանուն ինչի՞ պէտք է կռուել բռնակալութեան դէմ:

«Այսօր ճնշուած մարդերի համար, - բացատրում է հեղինակը, ազգութիւնն է նոցայ միակ դրօշը, որ կարող է բացուել բռնակալութեան ընդդէմ: Ազգութիւնն է միակ հնարը դէմ դնելու նաեւ լուսաւոր բռնակալութեան, եթէ միայն բռնակալութիւնը կարող է լուսաւորել կամ լուսաւորուելուց յետոյ յարատեւել իբրեւ բռնակալութիւն, կրկնում ենք մեր դարու երեւելի մտածողներից մինի հետ» [1]:

Այս հատուածը միանգամայն պատասխանելով մեր վերոգրեալ երկու հարցին, պարզում է նախ, որ հայ հրապարակախօսի աշխարհայեացքի մէջ դասակարգային կռուի յիշատակութիւն չկայ, եւ երկրորդ, որ նա յանուն ազգութեան պարզած դրօշի շուրջը կամենում է հաւաքել բոլոր նրանց, որոնք ձգտում են բարելաւելու իրենց տնտեսական դրութիւնը: Դասակարգային կռուի փոխարէն նա քարոզում է ազգային կռիւ: Սակայն նրա դաւանած ազգութիւնը շատ է տարբերւում ուրիշների քարոզած ազգութիւնից: Մինչդեռ բազմաթիւ խաւարած ուղեղների համար ազգութիւնը մի վերացական, ամէն հանգամանքներում դաւանելի գաղափար է, որին պէտք է ստորադասուեն միւս ամէն ձգտումները, Նալբանդեանի համար ազգութիւնը մի իդէա է, որ պէտք է ծառայել հացի խնդրին:

Հայ հրապարակախօսի քարոզածը մատերիալիստական նացիոնալիզմն է, որն աչքի է ընկնում ժողովրդասիրական բնոյթով:



[1]     Մ. Նալբանդեանի երկերը, Բ., էջ 372։