Միքայէլ Նալբանդեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

X

«Մինչեւ ազգը ... չկատարել մի տնտեսական յեղափոխութիւն մինչեւ այսօր բռնած իւր ընթացքի մէջ եւ մինչեւ չդիմել բնութեան գոգը, յառաջադիմութիւնը աներեւակայելի է: ... Այն օրից պիտի թուենք ազգային բարենորոգութեան դարագլուխը, երբ ազգը դիմէ դէպի բնութիւնը, որ ոչ միայն կարող է փրկել եւ ազատել ազգը աղքատութիւնից, այլեւ մեծ զարկ տալ նորան յառաջադէմ ուղղութեան մէջ… [1] Հիմնական եւ խելացի հնարը փրկութեան ուրիշ բան չէր կարող լինել, եթէ ոչ դառնալ իւր նախկին կացութեանը: Հողը եւ երկրագործութիւնը կարող է նորան փրկել» [2]:

Իւր նախկին կացութեանը դառնալը, դէպի բնութեան գոգը դիմելն ու տնտեսական յեղափոխութիւն կատարելը հնարաւոր չէ առանց նիւթական անհրաժեշտ պայմանի: Որքան էլ ազգը բարի կամք ունենայ երկրագործութեամբ պարապելու, չէ կարող, քանի որ հող չունի: Ինչպէս այլ, նոյնպէս եւ հայ ազգային շարժման նպատակը պէտք է լինի հող ձեռք բերելը, որովհետեւ`

«Այն ազգը, որ չունի հող ու երկիր, երբեք չյուսայ, որ պիտի հարստանայ. այդ անբնական բան է եւ դրան յուսալը խելագարութիւն: Թող բնաւ չյուսայ, որ առաջ հարստանայ եւ յետոյ երկիր ձեռք բերէ. այդ լինելու չէ: [3] ... Որեւիցէ աղքատ համարուած ազգ, եթէ ունի մի կտոր հող, ապահովել է իւր կեանքը» [4]:

Նալբանդեանի կենսագրութիւնից յայտնի է, որ նա ոչ միայն գրով, այլեւ սրով աշխատում էր մի կտոր հող ձեռք բերել իւր սեփական ազգի համար: Հայ հրապարակախօսի ու Սուաճեանի նամակագրութիւնից գիտենք, որ մի խումբ հայեր, որոնց մէջ մտնում էին նաեւ յիշեալ երկու գործիչները, մտածում էին Տաճկահայաստանում յեղափոխական կոմիտէներ հաստատել, արտասահմանից զէնք անցկացնել եւ օտարազգի նշանաւոր յեղափոխականների գործակցութիւնով ու Կիլիկիայի ափերն անգլիական զօրք իջեցնելով հայ ժողովրդին ապստամբեցնել: «Երկրագործութիւնը» ցոյց է տալիս, թէ ինչ հասարակական գաղափարների տէր մարդիկ էին մասնակցում այս շարժմանը:

Մեզանում մինչեւ այժմ XIX դարի հայ հասարակական շարժումները, մասնաւորապէս տաճկահայի ազատագրութեան ձգտող յեղափոխական շարժումն, առանձին պատմական ուսումնասիրութիւնների նիւթ չեն դարձել: Վերջին շարժման մասին լոյս տեսած յօդուածների ու աշխատութիւնների մէջ քննադատութեան են ենթարկուած գլխաւորապէս քաղաքագիտական ու յեղափոխական տակտիկայի խնդիրները: Իսկ գլխաւոր հարցերը` տաճկահայ հասարակական տարբեր խմբերի վիճակն ու յեղափոխական շարժման մասնակցելու չափը, նրանց զանազան նպատակներն ու սրանց ձեւակերպումը գրականութեան մէջ` բոլորովին նկատի չեն առնուած: Քննադատութեան յիշեալ մակերեւութային ուղղութեան պատճառն անշուշտ սոցիոլոգիական այն սխալ հայեացքն է, ըստ որի ազգը մի անբաժանելի ատոմ է, իսկ ազգային շարժումը` մի պարզ գործողութիւն, զուրկ օրգանական բարդութիւնից:

Նալբանդեանի «Երկրագործութիւնը» մի թանկագին փաստաթուղթ է հայ յեղափոխութեան պատմագրի համար, որովհետեւ ցոյց է տալիս, թէ 60–ական թուականներին յեղափոխական շարժման մասնակցողների թւում կային մարդիկ, որոնք միայն քաղաքական ազատութիւն ձեռք բերելու ձգտումով չէին տարուած, այլ նպատակ ունէին տնտեսութեան հիմնական հարցերը լուծել ու հայ գիւղացու վիճակն արմատապէս տնօրինել: Այնպիսիններին հետաքրքրում էր ոչ թէ ազատ, անկախ Հայաստանն ըստ ինքեան, այլ այն երանելի Հայոց աշխարհիկը, որտեղ հողը պատկանում է ժողովրդին ու համայնացրած է, եւ որտեղ հայ գիւղացին իրեն տնտեսապէս ազատ է զգում: Նրանք դրել էին հետեւեալ երկընտրանքը. կա՛մ հայ գիւղացու բարօրութեան համար նպաստաւոր ազատ հայրենիք, եւ կա՛մ ոչինչ: Այլ տեսակ անկախութիւնը նրանց համար մի նոր բռնակալութիւն էր:

«Ազատութիւնը ըստ ինքեան լոկ խօսք է եւ իրողապէս չի կարող մարմնանալ առանց տնտեսական խնդրի լուծուելուն: Ոչ մի ազատ կառավարութիւն, ոչ մի ազատ օրէնսդրութիւն չէ կարող փրկել մարդուն ստրկութիւնից, մինչեւ որ այդ մարդը հողի վերա իրաւունք ունեցող չխոստովանուի: [5] ... Այսօր, եթէ մի ժողովուրդ ստրուկ է, եթէ նա հող չունի եւ եթէ յաջողի նրան հող ձեռք բերել, իրաւունքը եւ ժամանակը պահանջում են տնօրինել այնպէս, ինչպէս ցոյց է տալիս ներկայ հարկը, ինչպէս ցոյց է տալիս բանականութիւն եւ ոչ այնպէս, ինչպէս հին օրերից մնացած, աւանդական կառավարութիւնքը տնօրինել են մինչեւ այժմ, այսինքն` տէրութեան կամ ազնուականութեան սեպհականելով հողը եւ հասարակ ժողովուրդը զրկելով իրաւունքից: Վերջին դիպուածում ազգութիւնը ազատութիւն չէ ժողովրդին, նա փոխում է միայն նորա լուծը, մենք դրականապէս թշնամի ենք այդպիսի ազգութեան, ինչպէս թշնամի ենք բռնակալութեան, ուր կամ ինչ կերպով որ յայտնուի: Գիտենք, կան մարդիկ, եւ մեր իսկ սիրելի բարեկամների մէջ, որ պիտի ասեն. թող մի անգամ ձեռք բերուի հողը, թող ինչպէս կամի լինի կառավարութիւնը եւ տնօրինութիւնը, յետոյ կ՚ուղղուի, կը նորոգուի եւ այլն, եւ այլն: Չէ, այս տղայութիւն է. այս տեսակ ուղղագործութիւնքը եւ վերանորոգութիւնքը հեշտ բաներ չեն եւ, համարձակ կարելի է ասել, նոր ի նորօ ձեռք բերելուց աւելի դժուար: Ուրիշների փորձերից, որ փորձողներին արժում են արեան ծովեր եւ որ բոլորովին ձրի ներկայանում են մեզ իբրեւ օրինակ, հարկ է, որ խրատուենք եւ չերթանք այն ծուռ ճանապարհը, որից եւ գնացողը կամի հետ դառնալ, բայց ոտքը սայթաքում է» [6]:

Հայ գիւղացու սրատես իդէոլոգը գիտակցում է, որ առանց հողի համայնացման ազատ հայրենիքը երկրագործի համար կը դառնայ խորթ ծնող, որ իւր ստինքները խլում է սովեալ զաւակի բերանից: Նրա երազածը շինականի մայր Հայաստանն է, որ «յուր ծոցեն սնունդ է պարգեւում լիառատ» [7]:

Սրանք Նալբանդեանի maximum ծրագրի կէտերն են, որոնցով հայ հրապարակախօսն ապահովում է հայ ժողովրդի հեռաւոր ապագան: Բայց նա ունի նաեւ մի ուրիշ ծրագիր, որը պէտք է գործադրուի մօտիկ ապագայում: Նալբանդեանը կարծում է, որ մօտ է այն ժամանակը, երբ պիտի հասանէ Թիւրքիոյ դրամական կեանքի վախճանը (էջ 343):

«Մի գեղեցիկ առաւօտ թէ՛ Պոլսի եւ թէ՛ գաւառների մէջ մարդիկ չպիտի կարողանան հաց ճարել, աղքատութիւնը եւ սովը պիտի հարկադրել նրանց դէպի յափշտակութիւն եւ կողոպուտ, մի խօսքով` բաբելոնեան խառնակութիւն [8]: ... Ազգը պէտք է մտածել իւր ապագան եւ ազատէ իւր անձը սարսափելի ներողութիւնից, որ եթէ ոչ այսօր, վաղը պիտի թագաւորել բոլոր Թիւրքիոյ մէջ` չնայելով այն պարտքին, որ առնում է նա Անգլիայից» [9]:

Հէնց այս վտանգից պաշտպանուելու համար է հայ հրապարակախօսը յորդորում, շտապեցնում, որ հայերը դիմեն դէպի բնութեան գոգը, դէպի հայրենիք, դէպի պարգեւատու հողը: Երկրագործութիւնը մի փրկարար շանթարգել է նաեւ այն սոսկալի կայծակների հանդէպ, որոնք պիտի փայլատակեն սնանկացած Թուրքիայի գլխին:

«Այն ժողովուրդը, որ դուրս չէ եկել իւր պատմական աշխարհից, թող եւ չշարժի. մենք ընդդէմ ենք գաղթականութեան եւ գաղթականութիւն չէ մեր քարոզածը. իսկ այն մասը, որ դուրս է իւր աշխարհից, ասել է թէ գտնւում է գաղթականութեան եւ պանդխտութեան մէջ, նորան հրաւիրում ենք վերադառնալ, մանաւանդ Փոքր Ասիա, որ աւելի հրապուրիչ է իւր ծովեզերեայ դրութեամբ: Հերիք է, որ մի երկու գլխաւոր եւ յարմարաւոր տեղերում սկսանի երկրագործութիւնը, միւս մասերում, որ թերեւս հեռու են ծովից, նոյնպէս կը զարթի: ... Ո՞վ արգելառիթ է հայոց ժողովրդին, որ նա չբնակի վերաuաց տեղերում ... Եւ փո՞քր գործ կարելի է տեսնել մի հողի վերա, ուր աճում է եւ բազմանում է ամենայն ընտանի անասուն եւ գրաստ, ուր բուսանում է բամբակ, ցորեան, բրինձ, վարսակ, գարի, տորոն, սուսամ, շաքարեղէգն, ճակընդեղ եւ այլ հազար բուսական եւ ընդեղէն ... Այս անուանուած բերքերից գէթ երկուքը կամ երեքը բաւական են հարստացնել մի բազմութիւն, որ արիաջան փութով պարապում էր այն նուիրական գործով» [10]:

Ահա այս էլ Նալբանդեանի minimum ծրագիրն է, որ հայ ժողովրդին փրկելու է չարից մինչեւ այն հեռաւոր օրհնեալ ժամանակ կը, երբ ըստ Խրիմեանի`

 

«Կ՚անցնի ձմեռ, կ'ուգայ գարուն,

Մեռելոց դաշտ ծաղկազարդի,

Անջեսի, անջատէր ոսկերոտիք

Շարժին հրաշիւք, կցին իրար,

Շունչ մի շնչէ կենդանարար,

Յառնի, կանգնէ մեռելոց դաշտ...

Մինչ վերածնին հայոց որդիք

Եւ Հայաստան յառնէ փառօք...

Եւ Եսային հնչէ պատգամ.

Այսպէս ասէ Տէր զօրութեանց.

Այլեւս հաշտեալ եմ ես ընդ քեզ,

Ո՜վ տառապեալդ Հայաստան» [11]:



[1]     Մ. Նալբանդյանի երկերը, Բ, էջ 355-356:

[2]     Նույնը, էջ 343:

[3]     Նույնը, էջ 320։

[4]     Նույնը, էջ 319։

[5]     Մ. Նալբանդեանի երկերը, Բ., էջ 329-330։

[6]     Նույնը, Բ, էջ 374-375:

[7]     Գիւղացու իդեոլոգի նոյնպիսի սրահայեաց բացառիկ հոռետեսութիւն ապագայ ազատ Հայաստանի վերաբերմամբ գտնում ենք նաեւ Ա. Թոխմախեանի քիչ առաջ յիշած գրքոյկում: «Երբ մի ազգային մարմին ձգտում է ինքնագոյութեան, ամենից առաջ նա լրջօրէն ուշադրութիւն պէտք է դարձնէ, թէ իւր ներքին կենսական ուժերի միաւորութեան կապը ի՜նչ պայմանների մէջ են գտնւում: Առանց այդ միութեան անքակտելի եւ սերտ համերաշխութեան շատ վտանգաւոր է մտնել մի անսովոր ծանրութեան տակ, որին ոչ մի փթած, անհամերաշխութիւնից քայքայուած կամ կեղծ համերաշխութեամբ միացած հիմքերը չեն կարող դիմանալ եւ պատճառ կդառնան աւելի անողորմ վերակործանման։ Այդ կենսական ներքին ուժերից նշանաւորը տնտեսական հարցն է: Դա կենսական շրջանառութեան յարաբերական կապն է մի հանրութեան մէջ գտնուած ամէն աստիճանի դասակարգութեան համար: Չկայ մի դասակարգ, որ 61–երորդ յօդուածի իրագործմանը չցանկանար, բայց ամէն մի դասակարգը իւր ցանկութեան բոլորովին տարբեր տեսակէտովն է նայում դորա վրայ։ Ինտելիգենցիան ու Տաճկաստանի էֆենդիների երես առած խմբերը նայում են նորա վերայ, որպէս մի միջոցի վրայ, որ նրանց կմատակարարէ իշխանական ազդեցութիւն, կառավարչական բարձր պաշտօններ. դրա համար լինի թերեւս, որ այդ խմբերից մի քանիսը ձգտում են ազնուութեան ... Վաճառական, կալվածատէր, չարչի քաղաքացիները երազում են իւրեանց լայնածաւալ օպերացիայի վերայ, մի այնպիսի գործ, որին միշտ կդաշնակցի ազնուական ազգակիցների տիրապետական ուժը եւ դրա համար Տաճկահայաստանում արդեն գնուել են եւ գնւում են լայնատարած գիւղեր, հողեր: Այժմ համարեայ թէ մեծ մասամբ հողատէրերը քաղաքացիներ են, գիւղացիները համարեայ ոչինչ չունեն: Գիւղացու ակնկալութիւնը բոլորովին տարբեր է: Նա սպասում է այն վիճակին, որ երբեք չէ վայելել եւ ոչ իւր նախնիքը պատմական կեանքումը: Նա սպասում է թշուառութեան արտասունքը սրբելու, կեանքի անդորրութեան, ազատ շունչ քաշել, աներեւան օրեր, ապահովութիւն իւր կեանքին, իւր ստացուածքին եւիւր գործին: Նա ցանկանում է միայն, որ նա կարողանայ լծել իւր առատութիւն պարգեւող գութանը, մշակել դարերով խոպան մնացած երկիրը եւ ընտանեկան ցնծութեամբ հնձել աշխատասէր ձեռների պտուղը: Կարողութիւն ունենալ պատրաստ պահելու իւր հիւրասէր սեղանը բոլոր անցաւորների համար, նոցա հետ զուարթ սրտով բաժանել արդար վաստակի արդիւնքը: Երջանիկ լինել ընտանիքով, երջանիկ լինել դրացիներով եւ բոլոր գիւղացիներով: Մի շատ համեստ եւ աշխարհաշէն ցանկութիւն, որին չեն հասել բռնակալների տիրապետութեան օրերումը, չեն հասնիլ ինքնագոյութեան ժամանակին: Եթէ այսպիսի տարբեր հակադրական մտքերով եւ զգացմունքներով կարելի լինի հասնել մի նպատակի, որի համար գերբնական կամ գերազգային ուժ է հարկաւոր, այն ժամանակ ճշմարիտ է, որ գիւղացու վզից կվերառնեն նորա քրտինքով տոգորուած, ճնշող, կեղտոտ լուծը, նորա տեղը կդնեն նորը, փառքերով զարդարուն, բայց աւելի ծանր, սեպհականը, որի քրտինքը միշտ պէտք է լուանալ արիւնով։ Նորան կասեն. «Այդ նոր լուծը թէեւ ծանր է, բայց քո սեպհականն է, քաշիր, հոգիդ դուրս գայ»: Այն ժամանակ գիւղացին կզգայ, որ թէեւ քրդեր ու արտաքին հարստահարողներ այլեւս չկան, բայց իւր վիճակը աւելի եւ աւելի ծանրացել է, ներկան անցեալից աւելի վատ: Այդ ծանրութեան տակը նա ընկճւում է` կործանելով իւր վրա հաստատուած շինութիւնը, տրորուելով նորա տակը: Ազգութեան գոյութիւնը ազգային սնափառութեան առարկայի համար չէ, այլ ազգային բարեկենդանութեան համար է, իսկ ազգային բարեկենդանութեան հիմքը գիւղացու բարեկենդանութիւնն է» . Թոխմախեան. «Մասիս լեռների հարաւային ստորոտներ», Բ. մաս, էջ 23-26):

[8]     Մ. Նալբանդեանի երկերը: Բ, էջ 336-337:

[9]     Նոյնը, էջ 377։

[10]   Մ. Նալբանդեանի երկերը, Բ, էջ 344:

[11]   Խրիմեան Հայրիկ. «Վերջալոյսի ձայներ», Գահիրէ, 1901, էջ 12-13: