Միքայէլ Նալբանդեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

V

Այն հարցումին, թէ ի՞նչ աղբիւրներից կարող է հանել հասարակ ժողովուրդը իւր, չասենք հարստութիւնն, այլ` «ապրուստը», եւ ապրուստ «հաւաստի, մշտնջենական եւ ոչ առօրեայ», Նալբանդեանը պատասխանում է.

«Հասարակ ժողովրդի համար ուղղակի եւ մնացած մասի համար անուղղակի, բայց եւ անհրաժեշտ, ինչպէս ջուրը ձուկի համար, ... միակ աղբիւր ապրուստի եւ հարստութեան է երկրագործութիւնը: Երբ որ մի ազգ կազմող անհատների մեծագոյն մասը պարապի երկրագործութեամբ եւ առհասարակ գիւղական տնտեսութեամբ, այն ժամանակ այդ ազգի ընդհանրութիւնը հարուստ է եւ ապահովեալ, որովհետեւ նրա հիմքը գրուած է բնականապէս եւ բնութեան վրայ» [1]:

Պէտք է իմանալ, որ Նալբանդեանը երկրագործութիւն ասելով` չի հասկանում երկրագործական կապիտալիստական տնտեսութիւնը: Վերջինս նոյնպէս, ինչպէս գործարանային արդիւնաբերութիւնը, հիմնւում է բանուորի շահագործման վրայ, եւ ուրեմն սրա գոյութեան համար էլ անհրաժեշտ է պրոլետարիատի գոյութիւնը: Իսկ հայ հրապարակախօսը հէնց այս դասակարգը վերացնելու համար է, որ առաջարկում է երկրագործութիւնը որպէս ուղիղ ճանապարհ դէպի տնտեսապէս աւելի բարօր մի վիճակ: Նրա քարոզած երկրագործութիւնը մանր գիւղացիական երկրագործութիւնն է, որ հիմնւում է սեփական, այլ ոչ բանուորի աշխատանքի վրայ:

Հեղինակը կապիտալիստական տնտեսութիւնը համարում է երկրագործութեան անկման հետեւանք:

«Անգլիական ազգի այդչափ սարսափելի մեծութեամբ վաճառականութիւնքը, ձեռագործութիւնքը (մանուֆակտուրա– Թ. Ա. ), մեքենաները, որ այսօր գրեթէ դարձել են նորա բնաւորութեան յատկութիւնքը, ամենեւին պատահական չեն, այլ յառաջանում են նորանից, որ հասարակ ժողովուրդը հող չունի: Որովհետեւ բնականը չկայ, հարկն ստիպում է արհեստականով լցնել նորա պակասը» [2]:

Ուրեմն, եթէ հասարակ ժողովուրդը հող ունենայ, ապա այլեւս ստիպուած չի լինիլ իւր գոյութիւնը կապելու ժապաւէնի ու այլոց հետ: Ժամանակակից սոցիալական մեծ խնդիրը հողային խնդիր է, եւ եթէ հասարակ ժողովուրդը հող ունենայ, ապա լուծուած կը լինի սոցիալական խնդիրը: Այսպիսով` բանուորութիւնը դէպի գիւղ, դէպի երկրագործութիւն կոչողի առաջ ծառանում է այս հարցը, թէ ինչպէս պէտք է լուծել հողային խնդիրը. այն է` որտեղի՞ց կարելի է հող ճարել հասարակ ժողովրդի համար եւ երկրորդ` ի՞նչ միջոցներ գործադրելով կարելի է երաշխաւորել, թէ յետագայում, ազգաբնակութեան բազմանալու դէպքում, անհող մասսա չի գոյանալ: Այս հարցերի պատասխանը կը ստանանք, եթէ իմանանք, թէ ինչն է պատճառը, որ հողային խնդիրն, ուրեմն եւ տնտեսական հարցն այսքան սուր կերպարանք է ստացել: Սրա պատճառը, Նալբանդեանի կարծիքով, հողի մասնաւոր սեփականութիւնն է:

«Բռնակալութիւնը, որ նոյնն է թէ` աւազակութիւն, վաճառել է քեզ հասարակաց ազգի սեփականութիւնը: Ո՛չ նա իրաւունք ունէր վաճառելու եւ ո՛չ դու իրաւունք ունէիր գնելու. նա գող է եւ դու գողակից, որովհետեւ երկրագունդը անհատի սեփականութիւն չէ, նորա վերա ապրում են եւ պիտի ապրեն բոլոր նորա որդիքը անխտիր ... [3]: Բաժին տուր ինձ քո հողից, այն ժամանակ ես չեմ աշխատելու բռնի. ես կը զգամ ինձ ազատ, մեր իրաւունքները կհաւասարուին եւ ճշգրիտ եղբայրութիւնը երեւան կ՚ելնէ [4]:

Հողի անազատութիւնը պատճառ է հասարակական թշուառութեան. հողի ազատութիւնը պատճառ կը դառնայ ժողովրդի իսկական ազատութեան: Հողն ընդմիշտ «ազատելուէ միակ միջոցը մնում է հողի մասնաւոր սեփականութիւնը վերացնել եւ այն յատկացնել ընդհանրութեանը:

«Այո՛, փորձերը ուսուցին, ի վերջոյ, եւ ապրուստի կարողութիւննը ստիպում է մի փոքր խելացի լինել: Հողը պատկանում է հասարակութեան, որի ամէն մի անդամը հաւասար իրաւունք ունի հաւասար քանակութեան վերա յաւիտեանս ժամանակների եւ մի կողմից վաճառելու իրաւունք չունենալով, իսկ միւս կողմից հողը գործելու եւ արդիւնաւորելու իրաւունքը անկապտելի պահելով այդ հասարակութեան անդամը եւ նորա սերունդը հաստատում է իւր կեանքը մի ամուր եւ ապահով հիմքի վերա եւ անհնար է, որ նա կամ աղքատութեան հանդիպի, կամ իսպառ կարօտ մնայ» [5]:

Հողի հանրայնացումով (обобществление) լուծւում է հողային խնդիրը: Բայց ինչպէ՞ս պէտք է հողն հանրայնացնել. ո՞ւմ պէտք է յատկացնել հողի սեփականութիւնը. ամբողջ ժողովրդի՞ն (նացիոնալիզացիայ), շրջանի ազգաբնակութեա՞ն (մունիցիպալիզացիայ), թէ՞ համայնքներին (սոցիալիզացիայ): Հետեւեալ հատուածը պարզում է, որ Նալբանդեանը կողմնակից է հողի համայնացման:

«Իւրաքանչիւր քաղաք, իւրաքանչիւր գեղ պիտի ունենայ իւր յատուկ հողը, որ պիտի սեփական մնայ քաղաքի կամ գեղի հասարակութեան» [6]:

Հարկաւոր չէ շփոթել երկու տարբեր գաղափարներ. հողի համայնացումն ու հողի համայնական մշակութիւնը: Նալբանդեանն ընդունելով առաջինը, ժխտում է վերջինը: Նրա քարոզած կարգերում համայնական հողի վրայ հասարակութեան իւրաքանչիւր անդամը վարում է անկախ տնտեսութիւն: Հետեւեալ տողերը կցրեն այս մասին ամէն կասկած:

«Գեղի ու քաղաքի իւրաքանչիւր անդամը հաւասար չափով իրաւունք պիտի ունենայ մի որոշեալ քանակութիւն հող մշակելու եւ գործածելու: Եւ այս իրաւունքը պիտի տեւել այնքան, որքան նա կամ նորա սերունդը պիտի բնակուի այն հողի վրայ» [7]:

«Երկրագործութեան» հեղինակը հողի համայնացում քարոզելով չէ դառնում սոցիալիստ, որովհետեւ նա մասնաւոր արտադրութիւն դաւանող է եւ միւս բոլոր բարիքների մասնաւոր սեփականութեան կողմնակից: Հայ հրապարակախօսն ինդիւիդուալիստ է: Նրա իդէալն է ոչ թէ հասարակական այն կազմը, որտեղ գոյութիւն ունի միմիայն ընկերական բաշխում, այլ` այն, որտեղ իշխում են ապրանքային արտադրութիւնն ու փոխանակութիւնը:

«Սեպհականութիւնը այն բանի, - ամփոփում է Նալբանդեանը իւր սոցիալական դաւանանքը, որ առանց մեր աշխատութեան բնութիւնը դնում է մեր առջեւ, գողութիւն է, եթէ մինը առնու հարիւրաւոր, իսկ միւսը ամենեւին ոչինչ: Այլ խնդիր է աշխատութեամբ ձեռք բերուած այն բանը, որ բնութիւնը չէ պահում իւր գոգում, որ մարդը արուեստական ճանապարհով է պատրաստել եւ ի վերջոյ որի արժէքը պայմանական է, մի խօսքով` դրամը, որ մարդը վաստակել է: Բայց հողը նա չէ վաստակել, հողը նա չէ շինել, հողը բնութեանն է» [8]:

Թէեւ հեղինակը հատուածի վերջում խօսքը մասնաւորում է միայն փողի մասին, այնուամենայնիւ միւս տողերից ակնյայտ է, որ բացի հողից, ամէն ինչ մասնաւոր սեփականութեան շրջանակի մէջ է մտցնում, ամէն ինչ, որ մարդն արուեստական ճանապարհով է պատրաստել: Այսպիսով հեղինակի ինդիւիդուալիզմը կասկածի ենթարկող ոչ մի նշան չէ մնում այլեւս:

Նալբանդեանը ձգտում է ստեղծելու ճիշտ այնպիսի դրութիւն, ինչ որ գոյութիւն ունէր գաղութներում եւ, որի դէմ բողոքում էին կապիտալիզմի ջատագով Wakelfield–ները: Հայ հրապարակախօսի իդէալն է` վերացնել սեփականութիւնը, պրոլետարիատը, հետեւաբար եւ կապիտալիզմը. նա ճգնում է սրանց փոխարէն պաշտպանել անձնական աշխատանքի վրայ հիմնուած սեփականութիւնը, մանր սեփականութիւնը: Նա ջատագով է քրտնավաստակ գիւղացիութեան ընդդէմ մակաբոյծ բուրժուազիայի: Նրա դրօշակի վրայ գրուած է արդար աշխատանք եւ ոչ վատթար շահագործումն [9]:



[1]     Մ. Նալբանդեանի երկերը, Բ, էջ 313:

[2]     Մ. Նալբանդեանի երկերը, Բ, էջ 316:

[3]     Մ. Նալբանդեանի երկերը, Բ, էջ 325:

[4]     Նոյնը, էջ 324:

[5]     Նոյնը, էջ 319:

[6]     Նույնը, էջ 318:

[7]     Մ. Նալբանդեանի երկերը, Բ, էջ 318:

[8]     Նոյնը, էջ 325։ Ցոյց տալու համար, թէ ինչպէս Ռուսիայում անցեալ դարի 60-ական թուականներին օդը տոգորուած էր նման գաղափարներով, մէջ ենք բերում Ն. Օգարեովի «Մարդկային հօտի բարեկարգության մասին» յօդուածի հետեւեալ կտորը. «Вы видите, братья, что корень зла, корень всей розни сословной, поземельная собственность. Пока земля не будет признана достоянием народным, достоянием земства, достоянием общим царство любви и природы невозможно. Пророк Давид говорит: "Небо небесе- Господеви, землю же даде сыновом человеческим". Да и здравый смысл говорит, что отнять у кого нибудь да отдать другому право на воздух, необходимый для дыхания, право на воду напоящую, право на землю родящую нужное для пищи жительства, грешно и бессмысленно, и последствия такого неправильна, то права, не могли не быть ложными и гибельными. Человек отдельно имеет право на создание рук своих, а то что, дано сыновьям человеческим, на то они имеют право только сообща, братски рассчитываясь, сколько по числу душ каждому из общаго достояния приходится". Քաղում ենք Ч. Вертинский, "Герцен", СПБ, 1908, էջ 364: Սխալ կլինի կարծել, որ Նալբանդեանն արտագրում է Օգարեովի յօդուածը, որովհետեւ Նալբանդեանի «Երկրագործութեան» առաջաբանի տակ նշանակուած է 1862 թ. մարտի 26, մինչդեռ Օգարեովի յօդուածը տպագրուել է Հերցենի Колокол-ին կից հրատարակուող «Общее Вече» անունով թերթիկի մէջ, որ սկսել է հրատարակուել նոյն թուի յունիսի 15-ից:

[9]     Մոլորութիւն կլինի Նալբանդեանի աշխարհայեացքը ֆիզիոկրատների ուսմունքին նմանեցնելը, որովհետեւ նախ Նալբանդեանը հողի համայնացման կողմնակից է, իսկ ֆիզիոկրատները` հողի մասնաւոր սեփականութեան ջերմ պաշտպան, եւ երկրորդ, որ գլխաւորն է, հայ հրապարակախօսը մանր գյուղացիական, անբանուոր տնտեսութեան իդեոլոգ է, մինչդեռ ֆիզիոկրատները` Կենէն ու աշակերտները` երկրագործական պրոլետարիատին շահագործող բուրժուազիայի` կապիտալիստ ֆերմեր դասակարգի գաղափարախօսները: «Կենէի համար, - գրում է Կ. Մարքսը, - երկրագործութիւնը մարդկային աշխատանքը գործադրելու միակ ասպարէզն է, որ յաւելեալ արժէք է արտադրում, այսինքն` աշխատանքի միակ ասպարէզն է, որ իրականապէս կապիտալիստի տեսակէտից արտադրող յատկություն ունի: ... Ֆիզիոկրատների սիստեմը կապիտալիստական արտադրութեան առաջին սիստեմատիկ ըմբռնումն է: Արդիւնաբերական կապիտալի ներկայացուցիչը` ֆերմեր դասակարգը, ամբողջ տնտեսութեան ղեկավարն է։ Երկրագործութիւնը վարում են կապիտալիստօրէն, այսինքն` իբրեւ կապիտալիստ ֆերմերի խոշոր ձեռնարկութիւն, հողն անմիջապէս մշակողի վարձու բանուորն է։ ... Արտադրութեան դրդապատճառը յաւելեալ արժէք ձեռք բերելն է»: K. Mapкс. Капитал, т. II, пер. В. Базарова и И. Степанова, Москва, 1907, էջ 330:

      Սխալ է նոյնպէս Նալբանդեանի ու Չերնիշեւսկու դաւանանքները նոյնացնելը, որովհետեւ, ինչպէս ասացինք, «Երկրագործութեան» հեղինակն ինդիվիդուալիստ է, մինչդեռ ռուս տնտեսագէտն` ուտոպիական սոցիալիզմի ականաւոր ներկայացուցիչներից մէկը։ Հմմտ. Г. В. Плеханов, Н. Г. Чернышевский, СПБ,   1910.