Միքայէլ Նալբանդեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

VIII

Առաջին համակրելի կէտը Նալբանդեանի` ազգութեան վերաբերմամբ ունեցած հայեացքի մէջ այն է, որ նա հակառակ է բռնացող, յափշտակող ազգութեան: Հայ հրապարակախօսն ազգասէր լինելով, հակառակ է ազգամոլութեան, որ խլում է ուրիշ ազգերից քաղաքական ու տնտեսական իրաւունքները, զրկում է ապրուստի միջոցներից, յափշտակում է երկիրներ, տիրում է ագահութեամբ բազմաթիւ գաղութների եւ կեղծաւորութեամբ աղաղակում, թէ այս բոլորը կատարում է քաղաքակրթութեան համար: Յարձակողական շովինիզմն ատելի է Նալբանդեանին:

«Վնասակար եւ անիրաւ է այնպիսի ազգութիւնը, որ ամէն ուրիշ զոհում է իւր կեանքին. ազգութիւն, որ հիմք չունի եւ կիրքի բնաւորութեամբ երեւում է մարդու մէջ [1]: ... Հերիք է որչափ կոյր եւ ֆանատիկոսական ազգութիւնը ունի իւր եսական կողմերը. հերիք է ասում ենք, որ մի ազգութիւն իւր մի շամփուր խորովածի համար մորթում է միւս ազգութեան եզը»… [2]:

Մինչդեռ ժամանակակից քաղաքակիրթ ազգերը ձգտում են հաւասար իրաւունքն իրականացնելու ազգի, հասարակութեան ներքին կեանքում, ներազգային շրջանում, Նալբանդեանը հաւասար իրաւունք քարոզում է նաեւ հասարակութիւնների միջեւ, միջազգային ասպարէզում: Բարոյական այն օրէնքը, որ պատուիրում է, թէ «արա՛ ուրիշներին այն, ինչ որ կը կամենայիր անեն քեզ մարդիկ», եւ որը պարտադիր է համարւում անհատական յարաբերութիւնների ժամանակ, հայ հրապարակախօսը պարտադիր է հռչակում նաեւ ազգային յարաբերութիւնների ժամանակ: Այս սկզբունքը կեղծ քրիստոնեաների նման չէ քարոզում միայն եւրոպական քաղաքակիրթ ազգերի, այլեւ երկրագնդի խորթ զաւակների` կիսակիրթ ու վայրենի ժողովուրդների վերաբերմամբ էլ: Սպառազէն աշխարհակալութեան, գաղութային արիւնարբու քաղաքականութեան փոխարէն նա ջատագովում է ազգերի եղբայրութիւնը:

«Ազգութիւնը հարկաւոր է եւ օգտակար այն ժամանակ, երբ նա չէ բորբոքւում իբրեւ մի րոպէական կայծ, իբրեւ պատահական եւ հանգամանքներից կախուած մի բան, այլ երբ որպէս հետեւանք հասուն գիտակցութեան հանդէս է գալիս այրական հաստատամտութեամբ, պահանջում է ուրիշների հաւասար իրաւունք եւ ոչինչ չի խնդրում աւելի: ... Ազգութիւնը անմեղադրելի է եւ ամենայն ընդունելութեան արժանի, եթէ նա խոստովանի միւս ուրիշ ազգութիւնքը անխտիր, նոյնպիսի իրաւանց ժառանգ, որպիսին ստացել է ինքը: Ազգութիւնը անմեղադրելի է եւ տօնելի իսկ, եթէ նա ընդհանուր մարդկութեան գործը թեթեւացնել աշխատի իւր հաւաքական անձնաւորութեան անունով իրաւունք ձեռք բերելով եւ նոյն իրաւունքը եւ արտօնութիւնքը հաւասարապէս իւր անդամներին բաշխելով» [3]:

Տեսել ենք, որ «Երկրագործութեան» հեղինակի կարծիքով քաղաքական ազատութիւնն ինքնըստինքեան արժէք չունի հասարակութեան ներքին կեանքում. լոկ քաղաքական ազատութիւնով հասարակութիւնը թագաւորել չէ կարող, մինչեւ որ մարդիկ տնտեսապէս ազատ չլինեն. իսկական ազատութիւնը հիմնւում է հողի հաւասար իրաւունքի վրայ: Հայ հրապարակախօսը նոյնը քարոզում է նաեւ իւրաքանչիւր ազգութեան համար միջազգային կեանքում: Քաղաքական ազատութիւնն առանց տնտեսական ազատութեան ոչ մի օգուտ չունի. ազատութեան հաստարանը, հիմքը հողն է, որ մարդը չէ ստեղծել, այլ` բնութիւնը. ինչպէս որ անհատն իրաւունք չունի բռնանալու հողի մեծ քանակութեան վրայ, այնպէս էլ մի ազգ իրաւունք չունի տիրելու այնքան հողի, որ իւր կարիքներից աւելի լինի: Հաւասար իրաւունք մի կտոր հողի վրայ` ահա Նալբանդեանի հաւատամքը թէ՛ ներազգային կեանքում, թէ՛ անհատի ու թէ՛ ազգի համար:

«Եթէ ազգութեան ներքին եւ էական խորհուրդը չէ տնտեսական խնդիրը, անհիմն է այդ ազգութիւնը եւ կը կործանուի: Տնտեսական խնդիրն է այն միակ եւ հաստատ ուժը, որ ազգի անձնաւորութեան մէջ ներգործելով հաւասարակշիռ է պահում արտաքին ուժերի դէմ, որով եւ ազգութիւնը ապրում է: ... Ազգութիւնը օգտակար է եւ հարկաւոր այն ժամանակ, երբ զգալի է ոչ որպէս մի բարոյական շռայլութիւն, այլ որպէս կարիք, որպէս իրաւունք, որպէս բողոք երկրագունդի վրայ մի կտոր հող ձեռք բերելու համար, որպէսզի ազգութեան անդամքը ապահովեն իւրեանց ապրուստը, որպէսզի գերի եւ ստրուկ չլինեն ուրիշին» [4]:

Սխալուած կը լինենք, եթէ կարծենք, թէ Նալբանդեանը կողմնակից է ամէն ազգային ազատագրական շարժման, որ նպատակ ունի հող ձեռք բերելու ազգի համար: Նա զգուշացնելով զգուշացնում է ճնշուած ազգերին, որ չլինի թէ ձեռք բերած հողը տէրութեան կամ ազնուականութեան սեփականութիւն դարձնեն: Հայ հրապարակախօսը թշնամի է այն ազգային շարժման, որի նպատակը չէ ազգային հողի համայնացումը: Այն ազգային շարժումը, որը նպաստաւոր պայմաններ չէ ստեղծելու ժողովրդի ու մանր արտադրութեան համար, այն ազգային շարժումը, որի դրօշի վրայ չէ գրուած «հողը գիւղացիներին», վնասակար է, որովհետեւ ձգտում է ստեղծելու մի նոր տեսակի, այն է` ազգային բռնակալութիւն:

«Այսօր եթէ մի ժողովուրդ ստրուկ է, եթէ նա հող չունի եւ եթէ յաջողի նրան հող ձեռք բերել, իրաւունքը եւ ժամանակը պահանջում են տնօրինել այնպէս, ինչպէս ցոյց է տալիս հարկը, ինչպէս ցոյց է տալիս բռնակալութիւնը եւ ոչ այնպէս, ինչպէս հին օրերից մնացած, աւանդական կառավարութիւնքը տնօրինել են մինչեւ այժմ, այսինքն` տէրութեան կամ ազնուականութեան սեպհականելով հողը եւ հասարակ ժողովուրդը զրկելով իրաւունքից: Վերջին դիպուածում ազգութիւնը ազատութիւն չէ ժողովրդին. նա փոխում է միայն նորա լուծը. մենք դրականապէս թշնամի ենք այդպիսի ազգութեան, ինչպէս թշնամի ենք բռնակալութեան, ուր եւ ինչ կերպով որ յայտնուի» [5]:

Այսպիսով Նալբանդեանի համար տնտեսական խնդիրը` հողային խնդիր է, իսկ հողային հարցն` ազգային հարց. եւ կամ, որ միեւնոյնն է, ընդհակառկը, ազգային խնդիրը տնտեսական խնդիր է, իսկ տնտեսական հարցն էլ` հողային հարց: Հայ հրապարակախօսի` ազգութեան մասին արտայայտած հայեացքը նպաստաւոր չէ ազգի շահագործող դասակարգերի համար, որովհետեւ ձգտում է ստեղծելու այնպիսի կարգեր, որ անհնարին դառնան յաւելեալ աշխատանքն ու յաւելեալ արժէքը:

Նալբանդեանի քարոզածը մատերիալիստական նացիոնալիզմն է. բայց նրա ջատագոված «ազգն» ու «նիւթը» սաստիկ տարբերւում են ազնուական ու արդիւնաբերող դասակարգերի «ազգից» ու «նիւթից»: Նրա սիրած «ազգը» մանր, աշխատաւոր գիւղացիութիւնն է, իսկ նրա դաւանած «նիւթը»` համայնացրած հողը:



[1]     Մ. Նալբանդեանի երկերը, Բ., էջ 372:

[2]     Նոյնը, էջ 361:

[3]     Մ. Նալբանդեանի երկերը, Բ., էջ 372-373:

[4]     Նոյնը, էջ 373:

[5]     Մ. Նալբանդեանի երկերը, Բ., էջ 374-375: