Արցախ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՅԱՌԱՋԱԲԱՆՈՒԹԻՒՆ

 

Այնքան անհոգ եւ անտարբեր ենք, որ չգիտենք թէ ինչ հնութիւններ կան մեր հայրենիքում` մեր նախնիքներից մեզ աւանդ մնացած. չգիտենք թէ պատմական փշրանաց ինչ յիշատակարաններ կան թաքնուած մեզ շրջապատող լեռների, ձորերի եւ դաշտերի մէջ. չգիտենք թէ ազգային անցեալ պատմութեան մութ կէտերը լուսաբանող ինչ արձանագրութիւններ կան աւերակ վանքերի եւ անապատների, մատուռների եւ եկեղեցիների, խաչարձանների եւ տապանաքարերի վերայ եւ մագաղաթեայ գրչագիրների յիշատակարաններում: Մեր անտարբերութիւնից օգուտ են քաղում օտարներն:

Մէն մի հայրենի նահանգ հետազօտելն անկ է ընկերութեանց եւ հարուստ անձանց, որպէս զի կարողանան նիւթականի ուժով` մասնագէտ, հմուտ անձանց եւ ականաւոր լուսանկար[իչ]ների ձեռնով ի լոյս հանել նախնական ամէն մի հնութիւն եւ արձանագրութիւն իւրեանց իսկական ոճով եւ ձեւերով: Սակայն տեսնելով, որ ժամանակի անողոք ճիրաններն լափում ու եղծում են մեր թանկագին հայրենիքի -Արցախի -ամէնապատուական հնութիւնները եւ արձանագրութիւնները. տեսնելով, որ տգէտ եւ թշնամի ձեռներ քանդում, աւերում եւ ոչնչացնում են հայրենի սրբազան աւանդները. տեսնելով, որ ցեցերն կրծում եւ անյայտացնում են անգին ձեռագիրների յիշատակարաններում եղած պատմական մարգարիտները եւ խոնաւութիւնն ու անհոգութիւնը կլանում են պատմական ակունքները. վերջապէս տեսնելով, որ ընկերութիւններն եւ հարուստներն ցարդ չձեռնարկեցին Արցախի հետազօտութեան գործին, վասն որոյ պարտք համարեցի սիրով կրել ամէն նեղութիւն, աղքատօրէն հետազօտել, գէթ ազատել մնացեալ յիշատակարանները աւերիչ ձեռքերից, ցեցերից եւ խոնաւութիւնից եւ ժամանակի ճիրաններից եւ գոնէ կազմել մի ուղեցոյց` ապագայ հմուտ մասնագէտների համար: Զոր օրինակ մեղուն ծաղկից ծաղիկ ոստոստելով հաւաքում է ծաղկանց ընտիր հիւթերը եւ կազմում պատուական մեղր. նոյնպէս շրջելով գաւառից գաւառ, գիւղից գիւղ, աւերակից աւերակ եւ սարից դաշտ` կազմեցի «Արցախ»ը:

Գործիս մէջ յականէ յանուանէ նշանակեցի Արցախեան նահանգի նախկին եւ փոփոխեալ սահմանագլուխները եւ սոցա մէջ գտնուած լեռները եւ լեռնակները, դաշտերը եւ դաշտակները, գետերը եւ գետակները, մեծ-աղբիւրները եւ լճակները, նաւթահանքը եւ հանքային ջուրերը, ոսկու եւ արծաթի, պղնձի եւ շիպի, երկաթի եւ պողպատի, երկանաքարի եւ շինութեանց քարերի հանքերը, քարայրերը եւ վիմափորները, անտառները եւ մացառները, պտղատու եւ անպտուղ ծառերի եւ թփերի տեսակների անունները: Երկասիրութեանս մէջ զետեղեցի ինքնաբոյս եւ ցանուած ծանօթ բանջարեղինաց եւ կանաչեղինաց, ծաղիկների եւ խոտերի, ընտանի անասնոց եւ գրաստուց, սուրբ եւ անսուրբ կենդանեաց եւ գազանաց, բնիկ եւ երթեւեկ հաւքերի, սողունների եւ զեռունների, օձերի եւ միջատների, ճանճերի եւ մժղուկների եւ միանգամայն տեղական բերքերի տեսակների անունները (տեղ-տեղ տեղական բարբառով):

Ըստ չափու ձեռնահասութեանս որոշակի նշանակեցի Ուտիական եւ Արցախական բոլոր գաւառների սահմանները [1] բացի մի քանի գաւառների միջնասահման գծերից, զորս անհնարին եղաւ ճշտիւ որոշել, վասն զի չկային միջնագիծ սահմանները որոշող բնական նշաններ, ինչպէս են գետեր, ձորեր, լեռներ եւայլն: Իսկ մնացեալ բոլոր գաւառների չորս սահմանագլուխները որոշելուց յետոյ` կարգաւ նշանակեցի նոյն չորս սահմանների միջեւ գտնուած շէն, կիսաւեր եւ աւերակ քաղաքների եւ գիւղերի, վանքերի եւ անապատների, մատուռների եւ բեմերի, բերդերի եւ դղեակների տեղը, դիրքը, անունները, բնակչաց ծխաթիւը, արականաց եւ իգականաց որքանութիւնը, քահանայից եւ եկեղեցեաց քանակութիւնը, միամեայ ծնելոց, պսակելոց եւ ննջեցելոց թիւերը, վարելահողերի եւ պտղաբերութեանց աստիճանները, օդի, կլիմայի եւ ջրի յատկութիւնները եւ ամէնից երկար ապրողի տարեթիւը:

Համառօտ ծանօթութիւնները գրեցի մէն մի երեսի ստորոտում, իսկ ընդարձակները` գրքիս վերջում, ուր առանձին-առանձին զետեղուած են նաեւ բոլոր յատուկ անուանց, շէն եւ աւերակ քաղաքների, գիւղաքաղաքների, գիւղերի, վանքերի եւ բերդերի ցանկերն եւս: Այս ամէնը յայտնելուց յետոյ յայտնում եմ նաեւ.

 

Ա. Հետազօտութեանց ժամանակ ո՛չ կռատանց հետք գտայ եւ ո'չ մեհեանների, ոչ Արցախական եւ ո՛չ Ուտիական նահանգներում: Միայն գտայ, որ կռապաշտ դարերի ընթացքում ամփոփուած են ննջեցեալներն չորս ձեւով.

Նախ` ահագին, խեցեղէն կարասներում:

Երկրորդ` երեք ահագին քարերի տակ` կռնկի վերայ երկարցրած:

Երրորդ` մեծ-մեծ քարերի տակ նստեցրած դիրքով:

Չորրորդ` աւազանանման վիմափոր տապաններում, որք ունին եւ կափարիչ քարեր: Իւրաքանչիւր ամփոփեալ, թէ' արական եւ թէ' իգական, իւր հետ ունի գերեզմանում իւր զէնքերը եւ զարդերը: Բացի իգականաց զարդերից լինում են խեցեղէն պուլիկներով լի ուլունքներ:

 

Բ. Մի մղոնը գործածած եմ 7 վերստի տեղ, այլապէս 7 վերստն հաւասար է մի մղոնի:

 

Գ. Չափելու համար գործածած եմ մետր չափը, որովհետեւ գրեթէ ընդհանրացած է չափս ամէնուրեք:

 

Դ. Անխտիր չափած չեմ բոլոր վանքերի, եկեղեցիների եւ բերդերի երկարութիւնները եւ լայնութիւնները, այլ միայն չափած եմ հարկ համարածներս:

 

Ե. Գործածեցի ժողովրդական սեռ բառը, որ կարճ գեղեցիկ եւ իսկական իմաստը յայտնող է եւ որ նշանակում է լեռների եւ լեռնակների թրաձեւ երկարած գագաթնագիծը: Ըստ մեր կարծեաց, սեռ արմատիս հետ բարդուած է շարականի սեռակնաձեւ սեռ-ակն-ձեւ բառն. այսպէս է եւ ճախարակի իլկի լիսեռն, լի-սեռ բառն:

 

Զ. Առանց ձանձրանալու ընդօրինակեցի բոլոր գրչագիրների յիշատակարաններից (արժան համարուած) հատուածներ եւ պատմական հետաքրքիր կտորներ եւ վանքերի, եկեղեցիների, անապատների, մատուռների, ապարանների, խաչարձանների, մասունքների, եւ մահարձանների արձանագրութիւնները, մանաւանդ` պատմականները:

 

Է. Արցախեան ջրերից գետ անուանեցի միայն Թարթառը, Հակարին եւ Աղստեւը, իսկ գետակ եւ վտակ` մնացեալ ջուրերը, քանզի ամբողջ ամառ եղանակներում չեն հասնում Կուր գետին:

 

Ը. Համարեա թէ շատ լեռների, լեռնակների, բլուրների, բլրակների եւ սեռերի վերայ արձանացած են վաղեմի, քարեայ, անպաճուճ եւ անարձանագիր խաչեր: Այս անխօս խաչարձանների մասին աւանդութիւնն ասում է. Մի մասն տնկուած է Ս. Գրիգոր Լուսաւորչի հրամանաւ, մի մասն` Ս. Գրիգորիսի եւ միւսն` Ս. Մեսրովպի:

 

Թ. Հնարաւոր եղածին չափ նշանակեցի ուսումնարանաց անունները, թիւը, աշակերտաց որքանութիւնը եւ դրամական մտից եւ ելից քանակութիւնը:

 

Ժ. Արցախեան մէն մի գաւառ ունեցած է իւր սեպհական վանքը եւ իւր առանձին գաւառակալ առաջնորդը միաբաններով հանդերձ, որ նստելով իւր իսկ վանքում հովուած է նոյն գաւառի բանաւոր հօտը, օրինակ Դիզակ գաւառն իբրեւ եպիսկոպոսարան նախ ունեցած է Դիզափայտ վանքը, ապա` Կաւաք, ապա` Գտիչ եւ յետոյ` Սպիտակ-Խաչ վանքը. Վարանդան` Ամարասը եւ Հիրհերի տաճարը եւ երբեմն` Քոչիզի շինութիւնը. Խաչենն` Մեծ-արանց կամ Մեծ-իրանաց վանքը եւ Մայրաքաղաք, Ըռստակ գաւառն` Դատի վանքը, Ջրաբերդն` Ջրվշտկի կամ Եղիշ-առաքեալի վանքը, Մեծ-Կողմանք կամ Կիւլստանն` նախ Հոռեկայ եւ ապա Ամէնափրկիչ վանքերը, Գարդմանն նախ Մլզնաբերդ եւ յետոյ Թարգմանչաց վանքերը, Փառիսոսն` նախ Փառիսոսի, ապա Խորանաշատի եւ յետոյ Չարեքայ վանքերը, Քուստի կամ Քաւս գաւառն` Շխմուրատայ եւ Վարագայ վանքերը, եւայլն, եւայլն: Դեռ 1828-ին շէն եւ պայծառ եղած են վանքերս, ինչպէս վկայում են ականատեսներն: 1764 թուին հետեւեալ վանքերում գահակալում էին Աղուանից հետեւեալ եպիսկոպոսներն.

Մելքիսեթ       արքեպիսկոպոս       առաջնորդ             Եղիշ-առաքեալի,

Ազարիա         եպիսկոպոս              ,,                      Հոռեկայ,

Զաքարիա     եպիսկոպոս               ,,                      Գանձակի,

Իսրայէլ        արքեպիսկոպոս         ,,                       Թարգմանաց,

Օհաննէս                   ,,              ,,                      Փառիսոսի վանից:

Բայց յայտնի է, թէ Աղուանից կաթուղիկոսութեան մահից յետոյ, այս է 1828 թուականից յետոյ վանքերն հետզհետէ սկսած են զրկուիլ եւ անզաւականալ միաբանական խմբերից եւ անխնամ մնալով քայքայուիլ մեծ մասամբ: Լուսահոգի Բաղդասար մետրապօլտի կենդանութեան ժամանակ շէն եւ պայծառ տեսած եմ Եղիշ-առաքեալը, Ինն մասը, Գանձասարը, Ս. Յակովբը, Պտկեսբերգը, Ամարասը, Գտիչը եւ Սպիտակ-Խաչը եւ Ղեւոնդեանց անապատը վանահայրերով, միաբաններով եւ ուսումնարաններով:

Զոր օրինակ քաղաքական բուռն հոսանքներից ստիպեալ տեղից տեղ փոխարդուած է յաճախակի Հայոց ընդհանրական վեհարանն, նոյնպէս ստէպ-ստէպ տեղից տեղ փոխադրուած է եւ Աղուանից կաթուղիկոսարանն, որ հաստատուած է

ա. Դարբանդ կամ Չողա.

բ. Գիս (ըստ աւանդութեան).

գ. Պարտաւ

դ. Կթղըկոսարան (Դոնի շինի հանդէպ).

ե. Եղիշ-առաքեալ կամ Ջրվշտիկ

զ. Գանձակ,

է Քարահերձ

ը. Խամշի վանք,

թ. Հաղբատ.

ժ. Գանձասար

ժա. Ջալէթ

ժբ. Վերստին Գանձասար, ուր եւ վախճանուած է կաթուղիկոսութիւնն Աղուանից եւ թաղուած վերջին Սարգիս կաթուղիկոս Ջալալեանցը: Աղուանից կաթուղիկոսների մասին գրելու եմ «Աղուանից պատմութեան» մէջ եւ ոչ այստեղ:

 

ԺԱ. Որովհետեւ արդէն գրած եմ «Աղ. երկ. եւ Դրացիք» գրքում, վասն որոյ աւելորդ համարեցի գրել Արցախի կրօնական եւ քաղաքական կենաց մասին եւ գիւղական հիւանդութիւնների եւ բժշկութիւնների եւ կերակուրների մասին, որք գրեթէ նոյն են ամէնայն մասամբ, միայն Արցախն չունի խնկալ կերակուրը:

 

ԺԲ. Հող. գրեթէ առհասարակ ջրարբի, բազմարդիւն (այժմ բացի Մուղանի դաշտից) եւ գաճային են ամբողջ դաշտային գաւառների հողերն, որովք վարձատրուում են երկրագործներն եւ հովիւներն եւ անասնապահներն առատագոյն ցորենով, գարիով, բոժոժով, բամբակով, ամէնատեսակ ազնիւ պտուղներով, ազնիւ ոչխարով, տաւարով, գոմէշով, ձիով եւ ուղտով: Միջակ արդիւնաւէտ եւ անջրդի են Դիզակի, Վարանդայի եւ Բերդաձորի հողերն, նուազ արդիւնաբեր` Խաչենի, Հարճլանքի, Վակունիսի, Ծարի, Ըռստակի, Ջրաբերդի, Կիւլստանի, Գարդմանի, Փառիսոսի, Քաւսի եւ Զաւէի վերնամասի հողերն:

 

ԺԳ. Ջուր. Համարեա' թէ ընդհանրապէս առատ, ամէնապատուական եւ վճիտ են Արցախի բոլոր գաւառների ջուրերն եւ միանգամայն ականաբուղխ. իսկ դաշտայինն (Ուտիական նահանգինն) առհասարակ գետերի, գետակների, առուների եւ առուակների եւ ուրեք-ուրեք ջրհորի ջուրեր են, որք լինում են յաճախակի պղտոր եւ անախորժ, սակայն ոչ վատառողջ:

 

ԺԴ. Որթ. Բացի Գանձակի որթից, որ ջրարբի է, սակայն հեծած չէ ծառի վերայ, դաշտային բոլոր որթերն (այգիներն) ամբողջապէս ջրարբի են եւ բարձրացած ծառերի վերայ. Արցախեան գաւառներինն ընդհանրապէս անջրդի են, որոց մատերը (ծայրերը) ամէն գարնան յապաւում են եւ կապոտում մարդաչափ բարձրութեամբ ցցած սարու (ձողերի) վերայ, ինչպէս եւ Գանձակինն:

 

ԺԵ. Հագուստ. թէ' արականաց եւ թէ' իգականաց զգեստներն ունին իւրեանց յատուկ ձեւը, զորս տեսած կը լինի ամէն ոք, քանզի համարեա, թէ ամէնուրեք գտնւում են արցախեցիներ: Սակայն հարկ է յայտնել, թէ մի քանի տարիներից վեր մուտ գործած են Արցախ Թիֆլիսի եւ Եւրոպայի սեպհական արականաց եւ իգականաց զգեստների ձեւերն:

 

ԺԶ. Բնակարան. Գաւառներում տակաւին ամէնամեծ մասամբ գետնափոր են բնակարանները եւ անշուք. բայց նոր ՚ի նորոյ սկսած են շինել եւ երկյարկանի գեղեցիկ բնակարաններ: Ամէնամեծ մասամբ գեղեցկաշէն են քաղաքների բնակարաններն:

 

ԺԷ. Վանքեր, մատուռներ եւ բեմեր. Կարծում եմ, թէ ոչ մի նահանգ այնպէս հարուստ չէ այսպիսի սրբավայրերով եւ ուխտատեղիներով, ինչպէս Արցախեան նահանգն. բայց եւ այնպէս ոչ մի նահանգի վանքեր, անապատներ եւ ուխտատեղիներ այնպէս բոլորովին զրկուած չեն իւրեանց բարոյական եւ նիւթական փառքերից, ինչպէս Արցախեան վանքերն եւ սրբավայրերն:

 

ԺԸ. Ցրուած եւ գերուած հայեր. բոլորովին զարմանում եւ սրտաճմլիկ դրութեան մէջ է ընկնում հետազօտող հայն, երբ տեսնում է միլիօնաւոր հայ բնակիչներով հարուստ Արցախն իսպառ դատարկուած: Այո', դատարկուած են իւրեանց հայ եւ հայադաւան բնակիչներից Պիան, Մուղան, Վարդանակերտ, Արանռոտ, Տրի, Ռոցպատեան, Աղուէ, Տուչքատակ, Ուտի-առանձնակ, Շիկաշէն, Կողթ, Բերդաձոր, Հարճլանք, Վակունիս, Ծար եւ Ըռստակ գաւառներն. իսկ կիսով չափ կամ ամէնամեծ մասամբ դատարկուած են Գարդման, Փառիսոս, Քաւս կամ Քուստի, Զաւէ, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդայ եւ Դիզակ գաւառներն: Ի՞նչ եղան սոցա հայ բնակիչներն: Մի մասն կերակուր եղաւ 1798-1799 թուի սովին եւ ժանտախտին. մի մասն գերի գնաց Պարսկաստան, մի մասն գաղթեց Տաճկահայաստան, մի մասն` Պարսկաստան, մի մասն` Շաքի եւ Շամախի, մի մասն` Կախեթ եւ Վրաստան, մի մասն` Բագու, Ղուբա, Դարբանդ եւ Ռուսիա: Տասնից մին հազիւ մնացած է այսօր:

 

ԺԹ. Օտար ցեղեր. Դաշտային գաւառներում բնակում են այժմ արաբ, սուննու եւ շիա մահմետականներ, որք առհասարակ երթեւեկում են ամարանոց եւ ձմերանոց եւ տարուայ մեծ մասը անցուցանում են թաղիքեայ վրաններում: Թաթարաց ցեղից մնացորդներն բնակում են Զակամ կայարանից վերեւ համանուն գետակի հովիտներում: Մարաց ցեղից քուրդեր բնակում են Ծար, Վակունիս, Հարճլանք եւ Բերդաձոր գաւառներում, իսկ Քոլանի կոչուած ցեղն` Ըռստակ գաւառում: Սոքա առհասարակ յետոյ մուտ գործած են:

 

Ի. Արտահանութիւն. Նահանգս արտահանում է ցորեն, գարի, բոժոժ, բամբակ, բուրդ, բրինձ, լուբիայ բակլայ, սոխ, սխտոր, գետնախնձոր, ստեպղին, ճակնդեղ, ձմերուկ, սեխ, վարունկ, խաղող, գինի, օղի, ընկուզ, իւղ, պանիր, մեղր, կով, եզն, գոմէշ, ոչխար, այծ, խոզ, ձի, ջորի, ուղտ, արջենի, աղուէսենի, ընձենի, գայլենի, սամուր (ղէլէ) գոմէշենի, տաւարի, ոչխարի, ձիու, ջորու, խոզի կաշիներ եւ մորթիներ, պատուական գորգ, կարպետ, մափռաշ, խուրջին, ջրաղացաքար, տապանաքար, ձուկն, ձկնհաւկիթ եւ ձկնապուխտ:

 

ԻԱ. Շրջագայութեանս ժամանակ կրեցի մեծ նեղութիւն. երեք անգամ ազատուեցայ արիւնարբու աւազակաց ձեռքն ընկնելուց, երեք անգամ ձիու տակ մնացի վտանգաւոր տեղերում, այս է` սահեցաւ ձիու ոտքերն, ընկաւ ուժգնակի գետնին եւ ես մնացի ձիու ներքեւ. երեք օր մնացի անսուաղ Ծար գաւառում հաց չգտնելու պատճառաւ:

 

ԻԲ. Այս ամէնը յայտնելուց յետոյ, յայտնում եմ հրապարակաւ իմ երախտագիտութեան խորին յարգանքը եւ ջերմ շնորհակալութիւնը այն ամէն վարդապետ, քահանայ արժ. եղբարց, վարժապետ, երիտասարդ, պատանի սիրելեաց, ազնիւ տանուտեարց, որք անձնուիրաբար օժանդակեցին ինձ այս ծանրագոյն գործում, որոց վասն մնամ միշտ աղօթարար:

 

Մակար եպիս. Բարխուտարեանց



[1]        Գաւառների սահմանագծերը որոշելու համար` հնարաւոր զգուշութեամբ հետեւած եմ պատմութեանց, վանքերի արձանագրութեանց, մի քանի ձեռագիր աւետարանների յիշատակարաններին Աղուանից կաթուղիկոսներին տուած շահական հրովարտակներին, Էջմիածնի եւ Աղուանից կաթուղիկոսների կոնդակներին մատնանիշ արած սահմանագծերին եւ բազմադարեան յարատեւած աւանդութեանց կանոնի զօրութիւն ստացած տրամադրութեանց: