Արցախ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԲՆԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

ԼԵՌՆԵՐ

  Սարերից ամէնամեծն է Արցախեան լեռնաշղթան, որ ընկած է Երասխի եւ Ձորագետի մէջ: Լեռնաշղթայի ամէնաբարձր գագաթներն են Արութիւնայ սարն [1] Արցախի Գարդման գաւառի վերի ծայրում, Մռաւ սարի արեւմտեան եւ արեւելեան գագաթներն` Հաթերքի հիւսիս-արեւ-մտեան կողմում եւ Կիւլստանի հարաւային հանդէպ. Քիթ եւ Քեթի սարերն` Ծար գաւառից վերեւ, Քիրսն` Վարանդայ գաւառի վերի ծայրում եւ Դիզափայտ` Դիզակ գաւառի վերի ծայրում: Ամրան կանաչազարդ են լեռնաշղթայիս վերնամասերն, իսկ անտառապատ` հիւսիսահայեաց լանջերն եւ միանգամայն առատաջուր: Բարձր եւ երկար լեռնաշղթաս, որ ընկած է Երասխի եւ Ձորագետի մէջ, տարածած է դէպի իւր հիւսիսահայեաց կողմերն հազարաւոր եւ բազմաճղի լեռնագօտիներ, սարաւանդներ եւ լեռնաբազուկներ, որք աղխաղխելով միմեանց կազմում են բազմաթիւ անդնդախոր ձորեր եւ ահարկու վիհեր, սարսափելի կիրճեր եւ սոսկալի նեղուցներ, օձապատոյտ ձորակներ եւ մերկ ապառաժներ, բարձրագոյն քերծեր եւ զարհուրելի քարայրեր եւ միանգամայն սագաձեւ, ձկնաձեւ, ձուաձեւ, լիսեռնաձեւ եւ թամբաձեւ լեռներ եւ լեռնակներ, բլուրներ եւ բլրակներ, թումբեր եւ խութեր: Փոքր լեռնաշղթաներ. երկարաձիգ լեռնաշղթան, որ սկըսուած է Ձորագետի եւ Խրամի խառնուրդի աջ կողմից, հասած է մինչեւ Երասխի ձախ կողմն շարունակ Արցախեան դաշտաբերանով: Ամբողջապէս լեռնաշղթայիս վերայ են Զաւէ, Քուստի կամ Քաւս, Փառիսոս, Գարդման, Մեծ-կողմանք, Մեծ-իրանք, Հաբանդ կամ Վարանդայ, Դիզակ եւ Պանծկանք [2] գաւառներն: Այս լեռնաշղթան եւս, որ տարածուած է ամէնաբարձր լեռնաշղթայի եւ դաշտաբերանի մէջ, նմանապէս արձակած է լեռնաբազուկներ, խոր-խոր ձորեր եւ ոլոր-մոլոր ձորակներ, նեղուցներ եւ կիրճեր, տեղ-տեղ ուռած եւ բարձրացրած սարեր եւ սարակներ, բլուրներ եւ բլրակներ, թումբեր եւ թուփակներ եւ ուրեք-ուրեք անձրեւատար հեղեղատներ, միայն թէ ամէնամեծ մասամբ զարդարուած են թանձր անտառներով եւ մացառուտներով, այգիներով եւ պարտէզներով: Լեռնագօտուս ամէնաբարձր գագաթներն են Կայենի լեռներն Զաւէ կամ Կայենի գաւառում, Մրղուզ` Քուստի կամ Քաւս գաւառում. Սուրբ Գէորգի սարն` Խաչենում, Բողրխան եւ Քեաթուկ` Վարանդում, Դող-բերդ, Թաղլարի եւ Հատրութի սարերն` Դիզակում:

ԴԱՇՏԵՐ

Ա. Ամէնամեծ դաշտն է Գարգարացւոց կամ Արցախի եւ կամ Մուղանի դաշտն, որի մասին արդէն գրուած է «Աղուանից Երկիր եւ դրացիք» գրքի մէջ.

Բ. Գագայ դաշտն, որ նոյն դաշտի շարունակութիւնից տարածուած է Զաւէ, կամ ըստ այժմեան` Ղազախ գաւառի ստորին մասում, Գագայ սուրբ Սարգիս սարի աջ ու ձախ կողմերում, այսինքն Ոսկեպար վտակի եւ Կուր գետի հովիտներում:

ԴԱՇՏԱԿՆԵՐ

Ա. Գտնւում է Մեծ-կողմանց կամ Կիւլստան գաւառի մէջ տարածուած Ղարաչինար եւ Ներքի շէն գիւղերի մէջ, որի միջով հոսում է Սեւ գետակն (Ղարաչայ)

Բ. Վարանդայ գաւառի ստորին մասում Ղըզղալա գիւղի կալերի մօտ:

Գ. Նոր-շէնի մօտ, որ ընկած է երկու լեռների մէջ:

Դ. Դաշտակն ընկած է Կիշի Պառաւաթումբ, Սպիտակ շէն (Աղքեանդ) գիւղերի մէջ:

Ե. Խունըշինակ գիւղի դաշտակն:

Զ. Ճարտարեցւոց կալատեղերի մօտ եղած դաշտակն:

Է. Դողայ դաշտակն, որ ընկած է Կաւաք սարի, Ազոխի, Ջրակուսի, եւն գիւղերի մէջ: Հարկ է յայտնել, որ բոլոր դաշտակներս գրեթէ Գարգարացւոց Մեծ դաշտի շարունակութիւնից իբր դաշտալեզու մտած են տեղ-տեղ փոքր լեռնաշղթայիս մէջ: Այսպէս են համարեա' թէ Ամարասայ, Հատրութի եւ Ջաբրայէլի դաշտակներն:

Ը. Բելուկանայ դաշտակն, որ ընկած է Երասխ եւ Հակարի գետերի ձախ ափերի մէջ:

 

ՀՈՎԻՏՆԵՐ

Գեղեցիկ են Աղստեւի, Թարսա չայի, Ղուլալուի, Վերին-Զակամի, Շամքորի, Գետաշէնի, Կիւլիստանի, Հաթերքի [3], Խաչենագետի, Պետրեցւոց (Խոջալլու), Գարգար գետակների եւ Հակարի գետի հովիտներն, մանաւանդ բոլոր լեռնահովիտներն:

 

ԳԵՏԵՐ ԵՒ ԳԵՏԱԿՆԵՐ

Ամէնամեծերն են Կուր եւ Երասխ, որոց մասին արդէն խօսած ենք «Աղուան. երկ. եւ դր. » գրքում: Այստեղ միայն ասում ենք-համարեա թէ Արցախեան նահանգն մի կատարեալ թերակղզի է, որ ընկած է Կուր եւ Երասխ, Ձորագետ եւ Հակարի գետերի մէջ:

Երասխ գետին ձախ կողմից միանում է Հակարին, վերջինս, որ սկիզբն է առնում Սիսական եւ Վակունիք գաւառների հարաւահայեաց լանջերից, ընդունում է իւր ձախ կողմից գետակներ եւ առուակներ. Հարճլանք գաւառից ընդունում է Հազարագետ եւ Վաղազին, (Շոր-Ջուր), Յարարի ջուր եւ Ղոզլու վտակները Բերդձոր գաւառից:

Երասխին, նմանապէս ձախ կողմից, խառնւում է եւ Թաղլարի եւ Դողայ միախառնուող գետակն եւ առուն, որք միանալով կոչւում են Ղուրու չայ: Առաջինն սկիզբն է առնում Դիզափայտ լեռնաշղթայի հիւսիսահայեաց լանջերից, կազմում երեք գլխաւոր առուակ, որք միանում են Տումի գիւղից բաւական վար: Երկրորդն` հոսում է Մոխրենիս եւ Թաղոտ գիւղերի լեռներից, նոյն լեռնաշղթայի շարունակութիւնից` միանում Դողայ մօտ եւ խառնւում վերջի աւանիցս վար` Թաղլարի գետակին հետ:

Քեօնդալան գետակն, որ բաղկանում է գլխաւորաբար երկու վտակներից, որոց առաջինն իւր սկիզբը առնում է Քիրս լեռնաշղթայից եւ հոսում Աւետարանոց աւանի հարաւային ստորոտով: Իսկ երկրորդն սկիզբն է առնում նոյն լեռնաշղթայից, հոսում Ղեւոնդեանց անապատի սարի հարաւային ստորոտով եւ միանում առաջին վտակին` նոյն անապատից բաւական վար եւ մանր ջրեր ընդունելով հոսում արեւելահարաւ եւ խառնւում Երասխին (գարնան ժամանակ միայն): Արցախեան ամէնաբարձր լեռնաշղթայից բղխում են գետակներ եւ հոսելով միանում Կուր գետին, որք են.

Գարգար գետակն, որ սահմանագիծ է Խաչեն եւ Վարանդայ գաւառների, կազմուում է հինգ գլխաւոր վտակներից. որք են` Ա-բուն Գարգար, որ բղխում է Քիրս լեռնաշղթայի Զառիստ սարերի հիւսիսային եւ հարաւային լանջերից եւ հոսում Շուշի քաղաքի հիւսիս-արեւմտեան անդնդախոր ձորով: Բ բղխում է Քիրս լեռնաշղթայի հիւսիսահայեաց լանջերից եւ հոսում ահարկու ապառաժների միջով` յիշեալ քաղաքի հարաւարեւելեան կողմով: Երկու վտակներս միանում են Մազի կամրջի ստորոտում: Բայց բուն Գարգարն` սկսեալ կամրջիցս մինչեւ վտակախառնուրդն` երկար դարերի ընթացքում ճեղքած է ապառաժ սալ քարը եւ բաւականին խորացնելով շինած ոլոր մոլոր ճանապարհ իւր համար: Գ վտակն բղխում է նոյն լեռնաշղթայի շարունակութիւնից -Խանածախ գիւղի սարից-եւ միանում Գարգարին փոշտի ճանապարհի տակով: Դ վտակն սկիզբն է առնում նոյն լեռնաշղթայի շարունակութեան հիւսիսահայեաց կողմերից -Բալլուջայի սարից. առուակներ ընդունելով իւր աջ ու ձախ կողմերից` միանում Գարգարին նոյն ճանապարհի տակով: Ե վտակն` բղխելով նոյն լեռնաշղթայից-Պետրեցւոց սարերից առուակներ ընդունելով աջից ձախից, միանում է բուն Գարգարին, որ հոսելով դէպի արեւելահիւսիս եւ կտրելով Արցախի դաշտի կէսը, ապա անյայտանում աւազի տակ եւ յետոյ ելնում բաւականին վար եւ թափւում է Կուր գետի մէջ հեղեղների ժամանակ:

Խաչենագետ-գետակ, որ սկիզբն է առնում նոյն լեռնաշղթայից, նախ հոսում դէպի արեւելք, ընդունում իւր աջ ու ձախ կողմերից մանր վտակներ, ապա իւր աջ կողմից Աղուանք կոչուած պարսպի տակով ընդունում Քոլատակի վտակը, որ բղխում է Խոխանայ եւ Կաչաղակայ բերդերի սարերիցն: Խաչենագետս շատ տարիներ չէ հասնում Կուր գետին, այլ ցամաքում է:

Թարթառ գետ. Ամէնից մեծն եւ ամէնից արդիւնաւոր գետն է այս եւ Արցախի փառքն ու պարծանքը: Գետիս ակունքներն բղխում են Ըռմբի խոռ կամ այժմեան անուամբ Ռումբասար լեռնաշղթայի արցախահայեաց, Մռաւ սարի հարաւահայեաց եւ Ծար գաւառի արեւելահայեաց եւ հիւսիսահայեաց լանջերից:

Միջին վտակն հոսում է սրընթաց Ծար գիւղաքաղաքի հարաւային կողմով, որին խառնըւում է Վերին Ջերմուկն կամ Տաք-ջրի վտակն:

Սորա առաջին օժանդակն զմայլելի ջրվէժներ կազմելով հոսում է Ծարի հարաւային ձորով նոյն իսկ պարսպի քերծի տակով եւ միանում միջին վտակին` վանքին մօտ: Գ. վտակն հոսում է Ծար գիւղաքաղաքի հիւսիսային քերծի տակով, միանում մի այլ վտակի, ապա միասին միախառնըւում միջին գետակին Ծարի ստորոտում: Միջին գետակս, որ ընդունելով յիշեալ վտակները` եղաւ մեծ գետակ, հոսում է մի խոր եւ աւազակաց որջ եղած ձորով եւ ընդունում իւր աջ կողմից Ներքի-տաք-ջուրը եւ իւր երկու կողմերից ուրիշ շատ վտակներ` շարունակում իւր ճանապարհը: Դ վտակն սկիզբն է առնում նոյն իսկ Ըռմբի խոռից եւ իւր աջ ու ձախ կողմերից ստանալով առուակներ եւ բարակ ջրեր հոսում դէպի հիւսիս-արեւելք: Ե Զ եւ Է վտակներն սկիզբն են առնում Մռաւի հարաւահայեաց լանջերից, անցնում Լեւա գիւղի աջ ու ձախ կողմերով. նախ միանում Դ վտակին եւ ապա վերեւ յիշուած գետակին: ԵԶ Է եւ Դ վտակներին միանում է եւ Եանշաղ [4] վտակն, որ բղխում է Մռաւի հարաւահայեաց լանջերից եւ հոսում դէպի արեւմուտք, յետոյ խառնուում միւս վտակներին: Սոյն ջրերը իւր հետ միացնելուց յետոյ` Թարթառն իւր ձախ կողմերից ընդունում է մանր-մունր ջրեր իւր ծոցն, ապա Թրղին գետակը, որ բղխում է Մռաւ սարի վերնամասի հարաւահայեաց լանջերից, հոսում մութ-մութ ձորերով եւ Երեք-Մանկունք վանքի արեւմտեան եւ հարաւային կողմի ձորով եւ ապա միանում Թարթառին Ջրաբերդ ամրոցի արեւմտեան վիմահերձը քերելով: Ձախ կողմից ընդունած Թարթառի վերջին ջուրը Ջրվշտիկ վտակն է եւ Դոնի-շէնի եւ Մատաղիս շէնի առուակները: Իսկ իւր աջ կողմից Թարթառն ստանում է մի քանի առուակներ, որոց գլխաւորն է Դութխու գետակն, Հաւքախաղացի, Խաթրա վանքի, Վաղահաս գիւղի եւ Ամէնափրկիչ վանքի վտակները: Զոր օրինակ Նեղոս գետն է Եգիպտոսի առատութեան եւ աժանութեան պատճառն, նոյնպէս Թարթառս է Արցախի առատութեան եւ աժանութեան պատճառն, քանզի բազմաթիւ առուներով ջրում է Ուտի առանձնակ եւ ուրիշ գաւառներ: Այս է հին պատմիչներից Տրտու կամ Դրտու, իսկ տաճկերէն` Թարթառ կոչուած գետն, որի բազմաթիւ առուներով ջուր բաշխելու մասին երգած է մի Հայ աշուղ թուրքերէն լեզուաւ:

  «Բու Թարթա'ռ նաշի Թարթա'ռ,

Չայլարըն բաշը Թարթա'ռ,

Արազինան մուսայիպ,

Քիուռն եօլտաշը Թարթա'ռ:

Իւչ իւզ ալթմըշ ալթը

Արխըն անասը կենա կոջա Թարթա'ռ»:

Սեւ գետակ կամ Ղարա-չայ. գետակիս օժանդակն հոսում է Կիւլստան գիւղի հարաւային կողմով եւ կոչուում է Բարակ (Ինջա): Մի ուրիշ օժանդակ եւս հոսում է վտակիս հարաւային կողմով-Ամէնափրկիչ վանքի հարաւային կողքով եւ կոչւում Սռնաւոր (խիստ ցուրտ, որ միանում է Բարակին Կիւլստանից վերեւ: Սեւ գետակս իւր սկիզբը առնում է Մռաւի Գինալ գագաթի հիւսիսային լանջերից, հոսում է Բարակի հիւսիսային կողմով Վերի շէն, Ներքի շէն, Ղահթութ, Նորաշէն, նոր-Խրխափոր եւ Ղարա-չինար գիւղերի առջեւից: Երկու ջրերս, միանում են ու կոչւում Սեւ գետակ:

Կուրակ գետ, որ սահմանագլուխ է Արցախի եւ Թիֆլիզի առաջնորդութեանց հոգեւոր իշխանութեանց, առնում է իւր սկիզբը նոյն Մռաւ լեռնաշղթայի հիւսիսահայեաց լանջերից եւ ընդունում հետզհետէ իւր աջ ու ձախ կողմերից օժանդակ առուներ, ապա հոսում դէպի Կուր գետն:

Ոսկանապատի կամ Գանձակ գետակ. առնում է իւր սկիզբն նոյն լեռնաշղթայից եւ Արութիւնայ հարաւային լանջերից, հետզհետէ ընդունում վտակներ իւր աջ ու ձախ կողմերից, հոսում Ոսկանապատ գիւղի հարաւային ստորոտով, ապա Գանձակի միջով դէպի Կուր գետն (կոչւում է եւ Գանձակի գետ):

Բանանց գետակ (Ղոչ-ղարա). առնում է իւր սկիզբը Արութիւնայ սարից, իւր աջ ու ձախ կողմերից ընդունում Քարհատ եւ Խաչակապ գիւղերի վտակները եւս եւ հոսում Բանանց գիւղի հարաւային ստորոտով:

Շամքոր գետակ. բուն միջին վտակն առնում է իւր սկիզբը Գեղամայ լեռնաշղթայի հիւսիսահայեաց լանջերից, ընդունելով ջրեր` հոսում Փառիսոս քաղաքի (Ղալաքեանդ) աւերակի միջով, այնուհետեւ իւր աջ կողմից ընդունում Փառիս վտակը, որ բղխում է Արութիւնայ սարից, Գարդման վտակը, որ բղխում է նոյն սարի ստորոտներից, Փիփ գիւղի ջուրը եւ Ծծերի առուակը: Իսկ ձախ կողմից Սեւ աղբիւրի (Ղարա-բուլաղ), Գետաբակի, Գառնակեր եւ Բարսում գիւղերի ջրերը եւ հոսում դէպի գետն:

Զակամ գետակ, որ բաղկացած է 3 գլխաւոր վտակներից, միջի վտակն բղխում է նոյն լեռնաշղթայից, Բ-ն` հիւսիսայինն, նոյնպէս, որ հոսում է Նովի-Սարաթովկայ մալականի գիւղի հարաւային եզերքով եւ միանում միջի վտակին, փոքր-ինչ վար: Իսկ հարաւային օժանդակն, որ առած է իւր սկիզբը Փառիսոս բերդի հիւսիսային լանջերից եւ որ հոսում է Մեծ-Ղարամուրատի արեւելեան կողմով, միանում է առաջին 2 վտակներին: Միացեալ ջրերս հոսում են ապա դէպի Կուր գետն:

Տաւուշ կամ Թովուզ գետակ, որ բաղկացած է 2 գլխաւոր վտակից. Ա-ն վազում է Ղուլալի գիւղի հիւսիսային ստորոտով Ախնջի անուամբ, իսկ Բ-ն` Բերդ գիւղի հարաւային ստորոտով: Երկու վտակներս եւս բղխում են Մրղուզ լեռնաշղթայի հարաւային եւ արեւելեան ստորոտներից եւ լանջերից, միախառնուում Մովսէս գիւղից վար եւ թափւում Կուր գետի մէջ:

Հասան վտակ, որ իւր սկիզբը առնում է Մրղուզ լեռնաշղթայի հիւսիսահայեաց ստորոտներից եւ հետզհետէ ընդունելով բարակ ջրեր` հոսում դէպի վար:

Աղստեւ գետ, որ առնում է իւր սկիզբը Բամբակի լեռներից, իւր աջ կողմից գլխաւորապէս հետզհետէ ընդունում է Դիլիջանի կամ Պղնձահանք, Թարսա-չայ [5] եւ Կարավանսարա վտակները, իսկ ձախ կողմից` Ջոխտակ-Վանքի, Պօղոս քիլիսի, Հաղարծնի, Մթնաձորի, Ներքին-Աղդանի, Հաչաջրի եւ Ոսկեպարի վտակներն եւ ջրերն:

Ձորագետ, որ հոսում է Շինող գիւղի հիւսիսային կողմով, իւր աջ ու ձախ կողմից ընդունում Շինողի վտակը եւ հետզհետէ ընդունելով նոյն կողմից այլ ջրեր, միանում է բաւական վար Խրամի հետ եւ խառնուում Կուր գետին:

ՄԵԾ ԱՂԲԻՒՐՆԵՐ

Նախ` գտնւում է Փառիսոս գաւառում, Փառիսոս (Ղալաքեանդ աւերակ քաղաքի արեւելահիւսիս կողմում: Ղարաբուլաղ է կոչւում այժմ աղբիւրը, որ դարձնում է երկու ջրաղաց:

Երկրորդ մեծ աղբիւրն, որ դարձնում է 2 ջրաղաց եւ ունի պատուական ջուր, գտնւում է Զաւէ կամ Կայենի գաւառում, Հաղարծնի վանքի մօտ:

Երրորդ մեծ աղբիւրն գտնւում է Քուստի կամ Քաւս գաւառում, Կարաւանսարայից վերեւ մեծ ճանապարհից ոչ այնքան հեռի եւ կոչւում է Չըռչռ:

Չորրորդ մեծ աղբիւրն գտնւում է Սիսական կամ Ծար գաւառում, Զբիլ գիւղի արեւմտեան կողմի ստորոտի ձորում:

Հինգերորդն` գտնւում է Տիգրանակերտ աւերակ աւանի մօտ:

Վեցերորդն` Վարանդայ գաւառում Ղարաբուլաղ այս գիւղի մօտ, որ դարձնում է մի ջրաղաց:

Եօթներորդն` Ջաբրայէլ գիւղաքաղաքի մօտ, բայց ինքնաբուղխ չէ, այլ ականափոր է:

ՀԱՆՔԱՅԻՆ ՍԱՌՆ ՋՐԵՐ

Ա. Երկաթաջուր. գտնւում է Շուշուց վերեւ Քիրս լեռնաշղթայի մի սարի հիւսիսահայեաց ձորի մէջ, մեծ ճանապարհի վարի կողմում: Ցուրտ է ջուրս, որ բղխում է ձորիս ձախ ափիցն:

Բ. Թթու ջուր կոչուածն, (զելտերսկի), որ բղխում է նոյն ձորի նոյն ափից փոքր-ինչ վերեւ երկաթաջրիցն:

Գ. Ջրիս յար եւ նմանն գտնւում է Քուստի կամ Քաւս գաւառում Ներքին-Ճամբարակ գիւղից ներքեւ, Թարսա-չայի ձախ ափին ճանապարհի վերայ: Ջուրս տաճկական բարբառով կոչւում է Ղոթուր-Բուլաղ:

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՏԱՔ ՋՐԵՐ

Ա. ամէնալաւն եւ օգտակարն գտնւում է Սիսական կամ Ծար գաւառում, Զբիլ գիւղի հարաւային կողմի խոր ձորում: Ջուրս, որ բաւական առատ է, բղխում է վտակի աջ կողմից, բայց չունի շինութիւններ եւ պատսպարուելու բնակարաններ: Ամրան ամիսներում խռնում է այս պրոբատիկէի մօտ շրջակայ նահանգներից եւ գաւառներից ցաւագար անձանց մեծ բազմութիւն եւ առողջանալով վերադառնում: Ափսոս, որ այս պատուական ջերմուկի հորիզոն խիստ նեղ է եւ տեղն` անյարմար:

Բ. Ջերմուկն, որի ջերմութեան աստիճանն ստոր է Ա-ից, բղխում է նոյնպէս նոյն վտակաձորի աջ կողմից, սակայն գտնւում է Ծարից բաւական վար:

Գ. Ջերմուկն եղած է Հաղարծին վանքի կողմերում, բայց այժմ յայտնի չէ տեղն, զի անյայտացրած են (տես նոյն վանքի նկարագրութեանցՆ շարքում):

 

  ԼՃԱԿՆԵՐ

Առաջին լճակն է Ալհարակ, որ մօտաւորապէս մի եւ կէս մղոն հեռի է Գետաշէնից դէպի Մռաւ լեռնաշղթան: Լճակս շրջապատուած է անտառախիտ լեռներով, որոց մէջ ամէնաբարձրն է Կեփաս [6] ըստ տաճ. Քեաֆազ ապառաժ քարեայ սարն, որ հպարտօրէն արձանացած է լճի արեւելեան հարաւային կողմում: Լճակս բաժանուած է երկու մասի, վերնամասն կոչւում է «Ըստծու ծով (Աստուծոյ ծով)»: Երկու մասերի մակերեւոյթի տարածութիւնն է մօտ 54 օրավարաչափ: Լճակիցս, որի եզերքներով տեղ-տեղ դիզուած են ահագին քարեր, ելնում են ընդհանրապէս 3 տեսակ ձուկն:

Ա. տեսակն, որ ազնիւ է միւսներից, որոշւում է իւր սպիտակութեամբ եւ կարմիր ու սեւ բծերով:

Բ. տեսակն եւս ունի սպիտակ գոյն, սակայն ունի միայն սեւ բծեր:

Գ. տեսակն ունի միայն սեւ գոյն եւ մեծ-մեծ սեւ-սեւ բծեր: Վերջապէս բացի լճակիս հիւսիսային կողմից ելած ձկներից` համեղ են միւս կողմերից հանուած բոլոր ձկներն:

Երկրորդ լճակն, որ գտնւում է Գօշայ վանքի հարաւային կողմում կէս մղոնաչափ հեռի, կոչւում է Տզրկածով, որի մէջ չկայ ձուկն, այլ միայն տզրուկ, գորտ եւ մանր օձեր:

Երրորդ լճակս, որ փոքրիկ է, գտնւում է Ծար գաւառի Պղնձահանքի հարաւային կողմում եղած մեծ սարի ստորոտում:

Չորրորդն` Գեօլ-եայլաղը կոչուած տեղում, Լեւ գիւղի արեւմտեան կողմում:

Հինգերորդն գտնւում է Լեւ գիւղի հիւսիսային կողմում, որ կոչւում է Տզրկածով (Զալի-գեօլ):

Վեցերորդ` 3 լճակներ, որք կոչւում են Բեադր-գեօլլարը:

Եօթներորդ` Մարդասպան (Ղանլը-գեօլ) Իրիցի շէնի գլխին [7]:

Ութերորդ` Ղամշոտ ծով, որ գտնւում է Խաչենի Արութիւնայ շինի անդում, 2 ամէնափոքր լճակներ, որոց եզերքներն բուսում են եղէգներ: Իններորդ լճակն է Վարանդայ գաւառի Նինկի գիւղի անդում եղածն, որ կոչւում է Սիւլիւկնածով: Տասներորդ` 2 ամէնափոքր լճակներ Ծովատեղ գիւղի մօտ: Տասն եւ մէկերորդ` 2 աղի լճակներ, որք գտնւում են Արանռոտ գաւառում: Չենք նշանակում Կուր գետի աջ ափերում տեղ-տեղ եղած լճացեալ անշարժ ջուրերը, քանզի բազմիցս լի են լճակներս, երբ յորդում է գետն եւ երբեմն ցամաքած, երբ երաշտ է: Սակայն եւ այնպէս կան որ անցամաքելի են:

ԱՆՏԱՌՆԵՐ

  Արցախական նահանգն ընդհանրապէս հարուստ է (բացի Մուղանի դաշտից) ոչ միայն անտառներով եւ մացառներով, այլեւ վայրի պտղատու ծառերով, տեսակ-տեսակ թփերով, տարբեր-տարբեր բուսեղէններով, սուրբ կենդանիներով եւ գազաններով, սուրբ թռչուններով եւ անսուրբ հաւքերով, ոսկու եւ արծաթի, պղնձի եւ երկաթի հանքերով, ամարանոցներով եւ ձմերանոցներով: Ձորագետից մինչեւ Երասխի մօտ տարածուած լեռնաշղթայի վերնամասերն դալարագեղ ամարանոցներն են, իսկ մնացեալ մասերն ծածկուած են խտացեալ անտառներով, իսկ փոքր լեռնագօտին` մացառներով եւ շամբերով: Բայց հարկ է յայտնել, որ նշանաւոր անտառներն գտնւում են Դիլիջանի, Հաղարծնի, Գետաշէնի, Երից-մանկանց, Եղիշէի, Թարթառի, Խաչենագետի, Քոչատակի եւ Պետրեցւոց գետակի ձորերում, Քոլ կոչուած անտառում եւ Կուր գետի աջ եզերքում:

ԱՆՊՏՈՒՂ ԾԱՌԵՐ

  Համարեա' թէ բոլոր անտառներում կան կաղնի, հաճարկի, լայնատերեւի, կռզենենի, տխկի, թեղի, հացի, բեխի, կիչի, լորի, տոսախի, ջղանի, ճապկի եւ կոռելի ծառեր: Բայց սաղուզի ծառերն, սուտ ընկուզի եւ կարմրափայտ (ըստ տաճ. եալան-ղոզի եւ Ղզըլ-աղաջ) միայն գտնւում են Կուր գետի անտառում եւ Քոլ կոչուած տեղում: Բռշնի եւ թիքեռնի ծառերն գտնւում են անդերում, գենի (գի) եւ բեւեկնի` Կիւլստանի անտառներում, Թարթառի ձորերում եւ Դիզակ գաւառի Դիզափայտի լեռնաշղթայի, մանաւանդ դէպի Երասխն խոնարհուած մասերում, մայրի եւ վայրենի ուռենի ծառեր միայն Դիլիջանի անտառներում, իսկ արջախնդեղնի` մեծ լեռների անտառներում, կաղամախի, սօսի, բարտի եւ փշատի (փշաշատի) ծառեր` միայն դաշտային մասերում եւ ուռենի` գետահովիտներում:

ՊՏՂԱՏՈՒ ՎԱՅՐԻ ԾԱՌԵՐ

Գրեթէ բոլոր անտառներում գտնւում են ճըռ տանձի, ծտի-տանձի, ճըռ խնձորի, զկռի (զղեարի), սզնի, սալորի, հունի, տկողնի (արքայակաղնի, ընկուզի, իսկ անդերում գտնւում են միայն մոխրատանձի եւ լկրթնի:

 

ԹՈՒՓԵՐ

  Մացառներում եւ շամբերում լինում են ցախաւելի կամ հռըմառկի, գերմասրի, թբլղի, դըժնիկ, տատասկ, ծմակամոշ (մորենի-մալինա), սեւամոշ, մռամոշ, գետամոշ [8], մասուրի, կծըխուրի, ցրդի, վարդենի:

 

ԻՆՔՆԱԲՈՅՍ ՈՒՏԵԼԻ ԿԱՆԱՉԵՂԷՆՆԵՐ

Ծմակներում լինում են խազազ, կռմզուկ, սմնդուկ, ծմակթափան, սոկոն կամ սունկ: Անդերում` ձնեբեկ, փիփերտ (ամէնքեօմաջի) խնջլոզ, շրիշ-խնջլոզ, կնձմնձուկ, տտըպաշար, ուտումտիտեմ, սիբեղ, թարթանջուկ, պառաւապորտ, եզնաճակատ, գինազոխ, շուշան, եղինջ, շրիշ, աւելուկ, շէպ եւ բոխի:

Ջրերի մէջ կամ մօտերքում` ջրիկուտեմ, դաղձ, ջրափափուկ ճռճռոկ:

Արցախի դաշտերում` շոմին (վայրի սպանախ, տոմբալան (նման է գետնախնձորի եւ կուտուի միայն խորոված), սամիթ եւ կապար: Խոտ, առոյտ, խնձործաղիկ, կռոթնը, արջաթանթուլ, տխտըկոռնը, շնավարունկ, լօշտակ, սուտ եղինջ, կածուկ, բիլիբիստրի. ագռաւի սողան, նրկարար, ալակիզ, բէանկի, պլանուկ:

ՎԱՅՐԻ ԾԱՂԻԿՆԵՐ

Վարդ, ծմակավարդ (սպիտակ, դեղին, կարմիր եւ մանուշակի չափ բարձրացող), զրավարդ (մասուրի վարդ), մանուշակ, ձնծաղիկ, նովրուզ, խնձաղայ, նարկիզ, մշահամուկ (անթառամ ծաղիկ), նունուփար, կակաջ, հարսնածաղիկ, շուշան, միխակ, ձիւնածաղիկ, զամբաղ, լուսածաղիկ եւն եւն:

ՎԱՅՐԻ ՍՈՒՐԲ ԿԵՆԴԱՆԻՔ

Մեծ եւ բարձր սարերում եւ անտառներում լինում են քօշ, այծ, եղջերու, եղն, կինճ եւ խոզ, իսկ ամայի դաշտերում` հօրաններով այծեամն, բայց անդերում` նապաստակ:

ԳԱԶԱՆ ԿԱՄ ԳԻՇԱԿԵՐ

Առիւծ` խիստ սակաւ, վագր` նոյնպէս, ինձ, բորենի, արջ, գայլ, աղուէս, չաղալ, գիշերի, սեւականջ (ղարաղուլաղ) սամոյր, սկիւռ, առնէտ, մուկն եւ ջրաշուն (Թարթառ գետում):

 

ՍՈՒՐԲ ԹՌՉՈՒՆ

  Անտառներում եւ անդերում` փասեան, սալամն, կաքաւ, հաւփալ, աղաւնի, տատրակ, լորամարգի, չարտ, մոշահաւ կամ մշահաւ, որի (տուլաշ), արտուտ, սուրբ Յակովբի թռչուն, ճնճղուկ, չլածիտ Մեծ դաշտերում` կատակ հաւ (թուրաջ) Կուր գետի վերայ` արոս, սագ, բադ:

 

ԳԻՇԱԿԵՐ ԿԱՄ ԱՆՍՈՒՐԲ ԹՌՉՈՒՆ

  Արծիւ, անգղ, բազէ չորս տեսակ, ա. թաւար ղուշ, բ. թառլան ղուշ, գ. ղզըլ ղուշ, դ. ղիրղի, լելակ, ցին, ուրուր, չորթանագող, բու, հողմահար, գայլագռաւ, ակռաւ. կաչաղակ, ներկարար, կըտցահար (ծառակուտկուտ), ճանճագող, կու, չղջիկ, ջրային` ձկնկուլ, ճայ, ղույ:

ԵՐԳԵՑԻԿ ԹՌՉՈՒՆ

Կու, կուկու, յոպոպ, սոխակ, լծի, բաբաճըզտ. չլածետ, դեղձանիկ, զռզռան, ջրըպըզտպըզտ, չափարծակի, շիլոշիլոյ, մշահաւ եւ ուրիշ հարիւրաւոր մանր թռչուններ, որոց անունները ո'չ ժողովուրդն գիտէ եւ ո'չ մենք:

  ՉՈՒՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐ

Կռունկ, արագիլ, սասարք, սարեակ, ծիծեռնակ:

 

ՍՈՂՈՒՆ ԵՒ ՁԵՌՈՒՆ

  Օձ` բազմատեսակ, որք են` շահմար, ելմար, իժ, քարբ, թեւաւոր [9], գիւրզայ եւ ջրի օձեր զանազան մեծութեամբ եւ զանազան գոյներով [10], լոկ, քարաթոթոշ, կանաչ մողէզ, մողէզ, կրիա, խեցգետին, ոզնի, գորտ, կարիճ, իշախառանջ, մորմ, (Մուղանի դաշտում), քառասնոտեայ, մրջիւն, թեւաւոր մրջիւն, ձիաւոր մրջիւն:

Միջատներ. շանաճանճ, բոռ, ճախարակ, մլակ, փնտիռն, ճպուռն, մարախ, սեւաճանճ, մեծ ճանճ, կանաչ ճանճ, ձիաճանճ, պիծակ, լուսատտիկ, կետ, Աստուծոյ կով, Աստուծոյ եզն, զատիկ, ականջմտնուկ, ոթես, մոշաթսի, ոսկեպղոջ, սարդ, թիթեռնիկ, աղօթարար (ունի կանաչ գոյն եւ երկար ոտքեր):

 

  ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Արցախն հարուստ է եւ ընտանի կենդանիներով, որք են.

Սուրբ անասուններ. գոմէշ, եզն, կով, արջառ, երինջ, ոչխար, այծ եւ խոզ:

 

ԸՆՏԱՆԻ ԹՌՉՈՒՆՆԵՐ

Հնդկահաւ, սագ, բադ, հաւ, աղաւնի:

ԱՆՍՈՒՐԲ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ

Ուղտ, ձի, ջորի եւ էշ:

ՆԱՀԱՆԳԻՍ ԲԵՐՔԵՐՆ

Ցորեն, գարի, կորեկ, որիզ, գարնանի, գարնագարի, հաճար, սորեկ, կտաւհատ, ոսպ, սիսեռ, ոլոռն, բակլայ, լուբիայ, մաշ, խաշխաշ, վարունկ, դդում, բազմատեսակ, սոխ, սխտոր, բողկ [11] ճա-կընդեղ, գազար, գետնախնձոր, սեխ բազմատեսակ, ձմերուկ, սմբուկ (սեւ բաթլիջան), կարմիր տոմաթ, պղպեղ, տանձ, խնձոր, դեղձ, սերկեւիլ, թուզ, նուռն, ընկուզ, զղեար, արքայակաղին, խաղող, գինի, օղի, բօժոժ, մետաքս, բամբակ, բուրդ:

Արդէն խօսած ենք Արցախեան ամարանոցների մասին «Աղուանից երկիր եւ դրացիք»    գրքում վասն որոյ աւելորդ է վերստին գրել:

 

ՈՍԿԻ

Ոսկի ելնում է (խառն պղնձի հետ) Գարդման գաւառի Քարհատ գիւղի մօտ հանքից եւ Փառիսոս գաւառի Գետաբակ գիւղի հանքերից:

ԱՐԾԱԹ

Վաղ ժամանակից առատօրէն հանած են Ջրաբերդ գաւառի Մէհմանայ գիւղի մօտ եղած արծաթահանքից. բայց այժմ մնում է անգործադրելի:

ՊՂՆՁԱՀԱՆՔ

Ա. Գտնւում է Ծար գաւառի Ռմբասարի արեւելեան լանջի վերայ, որ սեպհականութիւն է Խոթա վանքին. հնուց գործածուած է հանքս, իսկ այժմ անգործածելի:

Բ. Գարդման գաւառի Քարհատ գիւղի մօտ, որ սեպհականութիւն էր Գարդմանայ իշխաններին. իսկ այժմ բանեցնում է գանձակեցի Ներսէս-բէկ Տէր-Ներսիսեանցն:

Գ. Փառիսոս գաւառի Գետաբակ գիւղի մօտ, որ կանխաւ պատկանում է գաւառիս իշխաններին, ապա` Զաքարէ եւ Իւանէ սպասալար իշխաններին, ապա` Վահրամ իշխանին եւ յետոյ` Կիւրիկեան թագաւորներին. այժմ գործ է ածում մի գերմանացի:

Դ. Գտնւում են շատ հանքեր Քուստի կամ Քաւս գաւառի Մրղուզ սարի հիւսիսահայեաց ստորոտների ձորերում. 1) զուտ եւ պատուական պղնձահանք կայ Թովուզ գետակի աջ կողմում Արջաքար կոչուած օժանդակի աջ ափի վերայ ջրախառնուրդի մօտ: 2) Բրտանոց կամ Բիւլոր-Բիւթի ձորում, փոքր-ինչ վերեւ առաջնից, Բ. օժանդակի աջ ափի վերայ ջրախառնուրդի մօտ: 3) եւ 4) Հանքն, զուտ պղինձ, 2-ից (երկրոդից) փոքր-ինչ վերեւ նոյն գետակի ձորում: 5) Պղնձահանքն [12] կայ նոյն գետակաձորի վերայ` Բուղդալու անուանեալ օժադնակի վերի կողման մօտ [13]: Կան պղնձահանքեր նաեւ նոյն գաւառի Նաւուրայ-ջուր ջրաձորում, Հասան վտակի վերնամասում. նախ աջ կողմից խառնուող առուակների վերայ, ապա Չաթախ առուակի վերայ Դանիէլ-դաշ կոչուածի տակ, եւ ապա Արջի-կոխեր անուն ջրաձորում: Վերջինս գործ դրուած է երբեմն: Այժմ բոլորովին անգործածելի են գաւառիս բոլոր հանքերն:

Ներքին-Թանդիրլուի ջրաձորում կայ արծաթախառն արճճի հանք. Վերին-Թանդիրլուի ջրաձորում` արծաթ-պղինձ խառն արճիճ. Մեծ-Սադիր կոչուած առուակի վերայ կայ պղնձախառն արջասպի հանք: Ինէկ (կով) դաղի ձորում, վերի կողմում կայ պղինձ, իսկ վարի կողմում` ցինկ: Կայ նաեւ պատուական քարածուխ Մրղուզ սարի վերի կողմերում:

Ե. Պղնձահանք կայ նաեւ Դիլիջանից վերեւի ձորում:

 

ԵՐԿԱԹԱՀԱՆՔ

Գտնւում է Գարդման գաւառի Բանանց գիւղից վերեւ, Բանանց գետակի ձորի աջ ու ձախ կողմերում: Հանքերիս արտադրած քարերում կայ եւ պողպատաքար. նոյնպէս եւ Զաւէ գաւառի Կողբ գիւղի Բովեր կոչուած սարում [14]:

 

ԵՐԿԱՆԱՔԱՐԻ ՀԱՆՔ

  Ա. կարգի եւ ամէնալաւն է Խաչեն գաւառում Գանձասար վանքի սեպհական ջրաղացաքարի հանքից ելածն, որ կայ Վանք գիւղից վերեւ:

Բ. նոյն գաւառում Առաջաձոր գիւղի մօտ:

Գ. Փառիսոս գաւառում, Խամշի վանքի արեւելեան կողմում Զոքէ քարահանքից ելածն:

 

ՇԻՆՈՒԹԵԱՆՑ ՔԱՐԱՀԱՆՔԵՐ

Ա. կարգի եւ մարմարանման քարահանքն գտնւում է Գարդման գաւառի Քարհատ գիւղի մօտ: Հանքիս մօտ կան եւ շինութեան ուրիշ քարահանքեր եւս:

Բ. կարգի ազնիւ քարի հանք կայ Խաչեն եւ Տիգրանակերտ գաւառների սահմանագլուխ սարում, որի շարունակութիւնն հասած է մինչեւ Ջրաբերդ եւ Կողթ գաւառի վերջի սահմանն: Սպիտակ են երկու քարահանքերիցս ելած քարերն եւս: Համարեա' թէ լեռնային բոլոր գաւառներում եւս կան սպիտակ, մոխրագոյն եւ տորոնագոյն քարահանքեր. օր.

Գ. Խազազի սպիտակ քարահանքն Վարանդում:

Դ. Տորոնագոյն քարահանքն Դող բերդի մօտ Դիզակում:

Ե. Մոխրագոյն քարահանքն Շուշում, Քառասնի, Դաշբուլաղ, Բալլուջա, Խանձք, եւ այլն գիւղերի մօտ եղած լեռներում. (Խաչենում): Տորոնագոյն ազնիւ քարահանք Ծմակահող գիւղից վերեւ, որով շինուած է Գանձասար վանքն. այսպէս են Խոթայ, Խաթրայ եւ Ծարայ, Վարագայ, Գօշայ եւ Հաղարծնի վանքերի քարահանքերն: Իսկ մոխրագոյն են կամ մուգ գորշագոյն միւս վանքերի շինութեանց քարերն:

 

ՆԱՒԹԱՀԱՆՔ [15]

Գտնւում է Ուտի-առանձնակ գաւառում Մարալեան գիւղի արեւմտեան կողմում: Հանքիցս ելնում է սեւ նաւթ, որ թանձր է քան Բագուի նաւթերն: Նաւթիցս գրեթէ չեն պատրաստում վառելու, զի թանձր է հեղուկն, այլ պատրաստում են մի քանի տեսակ իւղեր, որք գործածական են զանազան մեքենաների համար:



[1]        Թուրքերեա Ղոչ-ղարադաղ:

[2]        Աւելի լաւ էր Բազկանք անուանել վերջին գաւառս, վասն զի գաւառս ամբողջապէս բաղկացած է լեռնաբազուկներից, որք թեքուած են դէպի Երասխի ձախ ափն: Կայ եւ մի այլ լեռնակ Կախա անուն, որ ընկած է Կուր գետի աջ եզերքով (Գանձակ գաւառում): Աւելի բարձր է Ղազարլու արեւմտեան գագաթն, որ է 1723 ոտք, իսկ Կախան_արեւմտեանն` 1284 ոտք:

[3]        «ՅԸռոստակ գաւառն Մեծ կողմանց ի Զղախեան հովիտն յԱպարիսական դաշտակն առ ափն Տրտուական գետոյն» (Մով. Կաղ. եր. 163 տպ. Մոսկ. )

[4]        Անընդհատ խօսող. իսկ այստեղ փոխաբերաբար` միշտ շըռ-շըռ ձայն հանող:

[5]        Առած է իւր սկիզբը Գեղամեան մեծ լեռնաշղթայի Ծուռ (8727 ոտք բարձր Այրիջայ) սարի հիւսիսային լանջերից:

[6]        Սարիս գագաթի վերայ կայ գերեզման, որի տապանաքարի վերայ գրուած է. «Կեփաս ճգնաւորի գերեզմանն է»: Հաւանական է, թէ Ալհարակ անունն յետոյ տեղի տուած է Կեփաս անուանս ճգնաւորիս անուան պատճառաւ, որը մահմետականք չկարողանալով ուղիղ հնչել, արտասանում են Քեաֆազ:

[7]        Ծար գաւառում եղած Գ Դ Ե Զ եւ Է լճակներըս ամէնափոքր են ամբողջապէս եւ զուրկ լուղակներից, միայն տզրուկ ունի Տզրկածովն:

[8]        Ինչպէս մորենիների թփերն նոյնպէս եւ պտուղներն չորս տեսակ են, որք են. ծմակամոշ` մալինա, սեւամոշ` անդերում եղածն, մռամոշ, որոց ցօղուններն 2-3 թիզ միայն կբարձրանան, իսկ գետամոշն լինում է սովորաբար գետերի եւ այլ ջրերի հովիտներում:

[9]        Խիստ սակաւ է օձի այս տեսակն, որ ընդհանրապէս լինում է բարակ, կարճ, մուգ մոխրագոյն եւ արագաշարժ:

[10]      Աւելի մեծերն եւ թունաւորներն գտնւում են Մուղանի դաշտում:

[11]      Բազմատեսակ - սեւ, սպիտակ, կարմիր, ամսական:

[12]      Հանքս գործածութեան մէջ եղած է երբեմն:

[13]      Այս տեղերքում կան նաեւ երկաթախառն պղինձ եւ ծծմբախառն այլ բաղադրութիւններ:

[14]      Այժմ գործածական է միայն Գետապակի, Քարհատի եւ Դիլիջանի հանքերն: Անգործածելի են արծաթահանքն, եւ երկաթահանքերն:

[15]      Փորելու, հանելու եւ այլ գործիքները նոյն են, ինչպէս են Բագուի հորերինը: