Արցախ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ժ. ԿՈՂԹ ԳԱՒԱՌ (6)

Գաւառս կից է Շիկաշէն գաւառին արեւմտեան կողմին եւ անջատւում է միայն Շամքոր գետակով: Թէեւ միեւնոյն Շիկաշէնի հողը ունի եւ գաւառս, սակայն չունի նոյնի հարուստ բարեմասնութիւնները, քանզի ամբողջապէս թրքաբնակ է գաւառս: Մահմետականք գրեթէ ոչնչացրած են հայկական բոլոր հնութիւնները, վասնորոյ հազուագիւտ են գաւառումս եկեղեցեաց, մատուռների, հանգստարանների եւ խաչարձանների քարեր:

 

ՇԱՄՔՈՐ ԱՒԵՐԱԿ ՔԱՂԱՔ (7)

Շամքոր քաղաքի աւերակն երեւում է Շամքոր գետակի ձախ ափում` երկաթուղու գծի վերի եւ վարի կողմերում: Մեծ եղած է քաղաքիս ծաւալն, ինչպէս երեւում է աւերակիս մեծութիւնիցն, մօտ մի մղոն երկարութիւն ունեցած է քաղաքս իւր արուարձանով միասին եւ կէս մղոնից պակաս` լայնութիւն: Տակաւին գտնում են աւերակներիցս ոսկի, արծաթ, եւ պղինձ դրամներ եւ պղնձեղէն, երկաթեղէն եւ խեցեղէն գործիքներ, կարասիներ եւ անօթներ: Այժմ ամէնայն ինչ կործանեալ դրութեան մէջ է. միայն կիսաւէր է բերդն:

Ամրոցս` հիւսիսային, հարաւային եւ արեւմտեան կողմերից շրջապատուած է քաղաքիս աւերակներովն, իսկ արեւելեան կողմից (պարսպի տակով) հոսում է Շամքոր գետակն: Բերդս ունի շատ բուրգեր, հաստ պարիսպ եւ հաստատուն ամրութիւն: Պարսպի եւ բուրգերի վերայ համարեա' թէ մի-մի շար թրծեալ աղիւս շարած է եւ մի-մի շար անտաշ գետաքար կրաշաղախ ցեխի հետ միասին: Ահա այսպէս շինուած է բերդս, որ ունի 130 մետր երկարութիւնն, 70 մետր եւ 50 սանթիմ լայնութիւն, 2 մետր եւ 45 սանթիմ պատի հաստութիւն եւ 2 դուռն` մին հարաւային եւ միւսն հիւսիսային կողմից: Բացի բերդիս պարսպից կայ եւ մի ընդարձակ պարիսպ, որ սկսուած է բուն բերդի հարաւային պարսպի շարունակութիւնի եւ պատելով արեւմտեան ցկողմով` կցուած ապա բուն բերդի հիւսիսային կողմի պարսպին: Բայց այս պարիսպն հիւսուած է տեղ-տեղ`       քարուկիր եւ տեղ-տեղ` անեփ աղիւսով: Երկաթուղին տակաւին չսկսած այստեղ էր փոշտի մի կայարանն, որ կոչւում էր Շամքորի կայարան:

Այժմ քաղաքիս աւերակներում բնակում են մի քանի մահմետական գերդաստան:

ԴԻՏԱՐԱՆՆԵՐ

Առաջին բարձրագոյն դիտարանն, որ եղած է Բ. բերդի հիւսիսային կողմում, փլած է 1844 թուին:

Երկրորդ դիտարանն` Շամքոր գետակի ձախ կողմում` դաշտաբերանումն է:

Երրորդ եւ չորրորդն` որ կանգուն են, արձանացած են Աղդան սարի ստորոտին մօտ: Ամբողջապէս քարուկիր են բոլոր դիտարան բուրգերն:

 

ԶԱԿԱՄ

Կողթ գաւառիս միջի մասն են կազմում Զակամ գետակի դաշտերն եւ արեւմտեան մասն` Աղըստեւ գետակի աջ ափերի մեջ ընկած տարածութիւնն: Երկու Զակամ կայ` Վերին-Զակամ եւ Ներքին-Զակամ. առաջնոյն մասին` յետոյ, իսկ վերջնոյս մասին` այժմ: Ներքին Զակամիս մէջ այժմ չէ գտնւում հետաքրքրաշարժ հնութիւններ. բայց գիտենք, թէ այս մասի մէջ էր Խաղխաղ քաղաքն:


ԽԱԼԽԱԼ (8)

Ջակամ գետակի հովիտն իբրեւ երկրալեզու դաշտի շարունակութիւնից մտած է լեռների մէջ: Հովտալեզուս` սեղմուելով արեւելեան եւ արեւմտեան լեռներից` գետակի ընթացքով մտած է նոյն լեռների մէջ, ապա փոքր-ինչ վերեւում ստացած լայնագոգ ձեւ, մնաւանդ ջրաձորի ձախ ափերում: Արեւելեան կողմից Ընկուզուտ (Ղոզլու), հարաւային կողմից Մամռուտ (Մամրթլու) սարերն պատած են լայնագոգ հովիտս իբր բնական շրջապարիսպ, գետակի աջ ու ձախ կողմերով: Հովիտս ներկայացնում է հեռաւոր հնութեան բեկորներ եւ հետքեր-աւերակների թափուած քարեր, հին եւ կոպիտ խեցեղէն անօթների բեկորներ, իսկ ստորերկրեայ փորուածներից ելնում են կրով եւ աղիւսով շինուած պատեր եւ ահագին տաքարներ: Սովորականից չափազանց հաստ, երկար եւ լայն են աղիւսներն, այս է 31 քառակուսի սանթիմետր:

Խեցեղէն խողովակներով աղբիւրներ բերուած են աւերակ քաղաքատեղիս խիստ հնուց, որոց հետքերն ակներեւ է Զուլկատարով Համիտ-բէկի քանդած երկարաշար կոպիտ խողովակներից, որ գտնւում են աւերակիս արեւմտեան կողմերում: Ափսո՜ս, որ իսպառ անհետացել են եկեղեցեաց աւերակներն:

Այժմ մի գիւղ է աւերակիս տեղն, որն ծածկուած է պարտէզներով եւ այգիներով, սակայն հասակաւոր բնակիչք խոստովանում են, որ քաղաք եղած է այստեղ:

Աւերակիս արեւելեան եւ արեւմտեան կողմերում կան աւերակ գիւղատեղիներ եւ հանգըստարաններ, բայց անարձանագիր են տապանաքարերն: Այժմ տիրապետում են աւերակիս Զուլկատարեան եղբարք, որք են. Ալլահեար-բէկ, Մեհրալի-բէկ, Համիտ-բէկ եւ Ադիլ-բէկ: Զմեզ յարգանօք հիւրասիրողն էր Համիտ-բէկն, որ յայտնեց, թէ իւր նախնիքն Քրիստոսի 653 թուականին նախ` Բակտրիայից եկած են Շիրազ քաղաք, որից ապա Տիգրանակերտ եւ ապա, շատ յետոյ` այստեղ:

Խաղխաղ աւերակիս շրջապատում կան հետեւեալ սրբավայրերն եւ աւերակ դղեակներն.

1) Սուրբ Ղազար, որ է երեք գերեզման Խաղխաղիս արեւելեան կողմում եղած սարի գլխին:

2) Սորա արեւմտեան կողմում, ո'չ այնքան հեռի, կայ մի աւերակ մատուռ:

3) Մի աւերակ դղեակ, որ շատ հեռի չէ աւերակ մատուռիցն եւ կոչւում է Շահ-Փեքար կամ Աղաճ-ղալա: Բարձր քերծեր են դղեկիս հարաւային, արեւելեան եւ արեւմտեան կողմերն, իսկ քարուկիր պարսպուած (այժմ կիսաւեր) հիւսիսային կողմն: Համարեա թէ հարթ է դղեկիս մակերեւոյթն: Բայց թէ ի՞նչ եղած է վաղեմի դղեկիս իսկական անունն. -ոչ ոք չգիտէ:

4) Դղեկիս արեւելեան կողմում կայ մի փոքրիկ վանք, որ ամբողջապէս կանգուն է, որի հարաւային հանդէպ կայ մի փոքր եկեղեցի, գիւղատեղի եւ հանգստարան:

5) Ընդարձակ եւ աւերակ գիւղատեղի եւ հանգստարան կայ նաեւ նոյն դղեկին հարաւ-արեւելեան կողմում, որ կոչւում է Քեշիշ-քեանդ:

6) Ղազանչի աւերակ եւ կիսաւեր եկեղեցին եւ հանգստարան, որք գտնւում են Քեշիշ-Քեանդի արեւելեան կողմում. ոչ այնքան հեռի:

7) Երկու անանուն դղեակներ եւս. յորոց մին գտնւում է Ղազանչի աւերակի կողմում, ո'չ այնքան հեռի եւ միւսն հիւսիսային կողմում: Անյայտ եւ անծանօթ են բերդակներիս իսկական անուններն եւ անցեալն:

8) Զակամ գետակիս ջրաձորի աջ ու ձախ կողմերում կան նաեւ եկեղեցու վեց աւերակներ եւ հանգստարաններ:

 

ԿՌԶԷՆ ԳԻՒՂ

Հիմնուած է Կուր գետի աջ ափում` մօտ 2, 5 մղոն հեռի Թովուզ երկաթուղու կայարանից: Սուլթանի կամրջից ներքեւ միանում են բուն Տաւուշ (Թովուզ) եւ իւր օժանդակ Ախնջին, ապա խառնուում Կուր գետին Կռզենի արեւելեան կողմով: Բուն ուտեաց մնացորդներիցն են գիւղիս բնակիչներն, որք ունին եւ առանձին բարբառ (ուտիերէն), բայց գիտեն եւ հայերէն: Մօտ 700 տուն եղած է գիւղումս, բայց այսօր մնացած է միայն 30 ծուխ. պատճառն այն է, որ օդն եւ կլիման խիստ ծանր են ամրան: Այս պատճառաւ համեմատելով ամէն տարուայ ծնածները մեռելոց հետ` միշտ աւելի եղած է վախճանուածների թիւն: Չհաշուելով Կուր գետի քանդած տարածը` քառորդ մղոնից պակաս չէ հանգստարանի ծաւալն: Հողն արքունի, ջրարբի եւ բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, օդն եւ կլիման տենդաբեր ամրան եւ մահատու. երկար կեանք 50, եկեղեցին սուրբ Յովհաննէս. քահանան գալիս է Մովսէս գիւղից:

Գիւղիս մօտ կայ եւ հին գիւղատեղի եւ հին հանգստարան եւ քարուկիր եկեղեցի, որից այժմ մնացած է միայն խորանի կլոր շինութիւնն: Հանգստարանումս կայ մինչեւ 600 տարուան գրուած տապանաքար: Արձանագրութիւններից երեւում է, որ ամփոփուած են այստեղ թաւրիզեցի, հալապցի, կարնեցի եւ այլ քաղաքներից փաճառականներ: Նշանաւոր է գիւղիս բոժոժն կամ մետաքսաթելն, վասնորոյ հաւանական է, որ գիւղս բազմամարդ եղած ժամանակներում արտադրած է մեծ քանակութեամբ մետաքսաթել, որը գնելու համար եկած լինին հանգուցեալ վաճառականներն: Կան նաեւ գիւղիս իշխող Մելիք-Ջհանկիրի տապանաքարն եւ Աւետարան անուն մի ուխտատեղի մատուռ: Ծուխ 30, ար. 90, իգ. 80:

 

ՀՈՂԱԲԵՐԴ (ԹՈՓՐԱՂ ՂԱԼԱ)

Կռզենից կէս մղոնաչափ վերեւ` նոյնպէս Կուր գետի աջ կողմում, կայ մի հողեայ բլուր, որը անուանում են Հողաբերդ: Գեղեցիկ հարթակ է բլրի գագաթն, որից ելնում են կարասներ, հին հրացաններ եւ պղնձեղէն ու խեցեղէն անօթներ: Մօտ քառասուն տարի առաջ գտած են այս տեղից վեց սափոր լի արաբական եւ պարսկական դրամներ:

ՂԱԶԱԽ -ՓՈՔՐԻԿ ՔԱՂԱՔ

Նոր-քաղաքս հիմնուած է Աղստեւ գետակի աջ ափի բարձրութեան վերայ 1881 փետրու. 13-ին: Բնակիչներն են հայ, պարսիկ եւ ռուս: Հայերն մեծաւ մասամբ եկած են Գանձակից, Շուշուց, Արցախի եւ Ղազախի գիւղերից. բայց Բանանց գիւղից եկածներն ունին տներ եւ խանութներ: Հայերն կազմում են բոլոր բնակչաց երեք մասից երկուսն: Նոր քաղաքումս կայ հիւանդանոց, դեղատուն, բժիշկ, գաւառապետ. գաւառապետի օգնական, հաշտարար դատաւոր, զօրանոց, փոշտ, հեռագրատուն, գանձարան եւ երկդասեան քաղաքական ուսումնարան հանդերձ ամէնայն պարագայիւք: Կայ նաեւ շուկայ, վաճառականի եւ արուեստաւորի խանութներ, որք ըստ մեծի մասին հայեր են: Օդն եւ կլիման տենդաբեր ամրան. եկեղեցին նորաշէն եւ կիսատ տակաւին. որը շինել է տալիս պ. Մկրտիչ Ջաղէթեանցն թրծեալ աղիւսով եւ կրացեխով: Ծուխ 50, 10 տուն եւս վակզալում, ար. 120, իգ. 110: