Արցախ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԺԵ. ՋՐԱԲԵՐԴ ԳԱՒԱՌ. (30)

  Առ հասարակ հարուստ է գաւառս խոր-խոր ձորերով, դալարագեղ, անտառապատ, ամէնաբարձր, միջակ եւ փոքր լեռներով, վանքերով եւ ամրութիւններով եւ բաւարար հացով եւ արծաթահանքով:

Ա. ՂԱԶԱՆՉԻ ՇԷՆ, որ կայ Կիչանի արեւելեան հիւսիսային կողմում Խաչեն եւ Ջրաբերդ գաւառների սահմանագլուխ սարի հիւսիսային կողմում: Շինիս հարաւային, արեւմտեան եւ հիւսիսային կողմերն` սկսեալ շինի ստորոտներից, բարձրապատ սարեր են, միայն բաց է արեւելեան կողմն. վերջապէս խոր փոսի մէջ ընկած է շէնս: Բնակիչք բնիկ, հողն բէկական, բարելի, տեղական բերքերն` ցորեն, գարի, գարնանի, կորեկ, կտաւհատ, սորեկ, որիզ, ընկուզ, տանձ, խնձոր, տաւար, գոմէշ, խոզ, օդն եւ կլիման ճնշիչ ամրան եղանակներում, ջուրն պատուական, երկար կեանք 75-80 տարի, եկեղեցին Սուրբ Գէորգ, քարուկիր, թաղակապ, երկարութիւնն 16 մետր 15 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 30 սանթիմ. քահանան գալիս է Ջանեաթաղից (Ճանկաթաղ):

Դրան ճակատակալ քարի վերայ. «Սուրբ Գէորգ այ (է) եկեղեցիս թւ. ՌՃԻ. »: Ծուխ 35. ար. 175, իգ. 150: Տաճարիս արեւմտեան որմին մօտ մի տապանաքարի վերայ քանդակուած է մի քաջ ձիաւոր, որ հանած է իւր թուրը եւ բարձրացրած մի այլ ձիաւորի վերայ, որ իջած է իւր ձիուց, բռնած նորա կապը, հանած իւր թուրը, կարծես յանձնում է զայն յաղթողին: Յաղթուածն ֆէս ունի իւր գլխին վերայ եւ կանգնած է խղճալի դիրքով: Քարիս վերայ.

«Այս է տապան Ղապատ որդի Յովան… չբէ եղբարսն զայն ստայօն, թվ. ՌԶ եկաւ երկրիս, շադ դեղ.. ցայք, վերջին Ղալա մէ տեսար ասգար եկաւ մեզ վերայ: ԷՃ (700), Թօպկոլայ եկաւ, իմ քարէն չի կարաց օնել (յինքն ունել, գրաւել), յեդոյ մասիհադարն դան սպանեցին»:

Յաղթող ձիաւորի գլխից վերեւ գրուած է.

«Քարս բերաւ որ է Եղբարասաց պարոն»:

Գիւլ-Մալիք [1] եւ Կարմիր Եղցուն խութ տեղերում, որք գտնւում են շինիս արեւմտեան կողմում, կան գիւղատեղեր, հանգստարաններ եւ եկեղեցու աւերակներ:

  Բ. ՃԱՆԿԱԹԱՂ կամ ըստ օտարահնչիւն ձայնին Ջանեաթաղ գիւղ. հիմնուած է մի ձորի աջ ու ձախ լանջերի վերայ (նոյն լեռնաշղթայի արեւելեան կողմում) Ղազանչու հիւսիսային կողմում. բնակիչք գաղթած են Պարսկաստանի Ղարադաղ նահանգից [2] Պասգեւչի ժամանակ. հողն արքունի, սակաւ եւ նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն (ունին եւ մասնաւոր այգի), անվնաս օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 75-85. եկեղեցին Սուրբ Գէորգ, հնաշէն, կառուցեալ երեք կամարների վերայ, երկարութիւն 17 մետր 17 սանթիմ, լայնութիւն 8 մետր 82 սանթիմ. Դրան ճակատակալ քարի վերայ.

«Թ. ՌԾԸ յիշատակ Ղուկասի որդի Գրիգորի»:

Քահանայ մի: Տաճարիս դրան ամփոփուած են տասնեւմի քահանաներ, որք են նախկին բնակչաց հոգեւոր հովիւներն: Ծուխ 85. ար. 390, իգ. 338:

Մեղրակեր (Ղաբարթու) կոչուած տեղում կայ հանգստարան, գիւղատեղի եւ եկեղեցու աւերակ:

Գ. ԳԻՒԼԵԱԹԱՂ, որ մի սեռով միայն բաժանուած է Ճանկաթաղից, հիմնուած է վերջին գիւղիս հիւսիսային կողմում մի ձորի ձախ լանջի վերայ, որի երեք կողմերն լեռնապատ են, բաց է միայն արեւելեան կողմն. բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի, բայց հացաւէտ, տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 90 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր կառուցեալ երեք կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 5 սանթիմ, լայնութիւն 8 մետր 40 սանթիմ. քահանայ մի:

Գիւղիս վերի կողմերումն է ճըռ-մէլիք-Ալլահվերտու բնակարանն, որ բաղկացած է հինգ սենեկից, որից կանգուն է երկուսն եւ կիսաւէր` երեքն: Շինութեանս երկարութիւնն ձգուած է հիւսիսից հարաւ, որ ունի իւր չորս անկիւններում չորս աշտարակներ: Դրան հիւսիսային սեմի վերայ.

«Այս է Մէլիք Առուշան թւ. ՌՄԽԸ»:

Ծուխ 74. ար. 327, իգ. 284:

Պղնձահանք. Գիւղիցս կէս մղոնաչափ հեռի դէպի արեւմուտք կայ պղնձահանք, որ անգործածելի է այժմ:

Յովսէփ եղցի. փոքր-ինչ վերեւ պղնձահանքիցն, ուր կայ այս անուն եկեղեցի ջրաձորի աջ կողմում, իսկ ձախ ափին` գիւղատեղին եւ հանգստարան:

Մեհմանաց գիւղատեղի, ուր կայ աւերակ եկեղեցի, գիւղատեղի եւ հանգստարան:

Արծաթահանք գտնւում է Մեհմանանց գիւղատեղիցն կէս մղոնաչափ վերեւ նոյն սահմանագլուխ լեռնաշղթայի հիւսիսային կողմում: Որպէս երեւում է փորուածներից, գործածութեան մէջ եղած է հանքս շատ վաղուց: 1870 թուին գալիս են յոյներ, կապալաւ վեր առնում հանքս, բնակութիւն հաստատում հանքիս մօտ եւ սկսում հալել նիւթը: Որպէս թէ կապարախառն է արծաթն եւ դժուարաւ է ծածկում ծախքը, վասն որոյ անգործածելի է այժմ հանքն…

Դ. ԿՈՒՍԱՊԱՏ ԳԻՒՂ. հիմնուած է Գիւլեաթաղի հիւսիսային կողմում մի բարակ ջրաձորի ձախ լանջին վերայ, բնակիչք բնիկ, հողն արքունի [3] անջրդի եւ միջակ արդիւնաբեր եւ միանգամայն սակաւաջուր, բայց այգեւէտ. տեղական բերքերն նոյն (նաեւ ոչխար, ձի, այգի, բամբակ, սումաղ, սեխ, վարունկ, ձմերուկ), պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ չորս սիւների վերայ, վնասուած է գագաթնագծից, քահանայ երեք:

Եկեղեցուս դռնատակին մի քարի վերայ.

«Թիւ. ՉԺԸ այս է հանգիստ…»:

Դռնագլխին.

«Թիւն ՈՂ ես Ապրել որդի Ուղտիկակա գնեցի զխաչս ինձ ու ամուսին իմոյ, աղաւթեցէք [4] »:

  Եկեղեցուս թէ' ներսում եւ թէ' դրսում ամփոփուած են շատ քահանաների մարմիններ:

Ե. ՀՈՌԱԹԱՌ, որ կից է Կուսապատի այգիներին, թէպէտ կազմում է առանձին գիւղ, սակայն ծխաթիւն անբաժան է. այսպէս եւ

Զ. ՄԱՐԴԱԿԵՐՏՆ, որ ունի առանձին եկեղեցի եւ մօտ կէս մղոն հեռի է Հոռաթաղից, հիմնուած միեւնոյն Կուսապատի ձորի շարունակութեան վերայ, Ուտի Առանձնակ գաւառի դաշտաբերանի մօտ, բնակիչք անջատուած կուսապատից [5], հողն արքունի, բազմարդիւն օդն եւ կլիման ջերմագին ամրան, ջուրն ոչ այնքան լաւ, երկար կեանք ո'չ աւելի 70-ից. եկեղեցին Սուրբ Կարապետ, ծածքն փայտաշէն, քահանայ մի: Երեք գիւղերումն միասին ծուխ 355, ար. 1850, իգ. 1199, քահանայ 4:

  Նահատակ անուն ուխտատեղի, որ գտնւում է Հոռաթաղի արեւմտեան հանդէպ մի բլրի գագաթին վերայ, իսկ Կոտրած եղցին` սոյն գիւղի արեւելեան հանդէպ սարին վերայ:

Երի-Գիւլեաթաղում (Վերի-Գայլաթաղ), որ գտնւում է միեւնոյն ջրաձորի մէջ Կուսապատից վերեւ, կայ հանգստարան, գիւղատեղի եւ քարուկիր փոքր եկեղեցի:

Ինն-Մաս անապատ-Հին-Մոխրաթաղ. Հիմնուած է Կուսապատի հիւսիսային կողմում մի սեռի վերայ, որի երկու կողմերն ձորեր են: Կառուցեալ է սրբատաշ քարով մի կամարի վերայ, որ ունի եկեղեցու եւ ո'չ վանքի ձեւ, երկարութիւն 14 մետր 37 սանթիմ, լայնութիւն 8 մետր 20 սանթիմ: Ունի միայն աւագ խորան. որի միջից հիւսիսային եւ հարաւային կողմերից բացուած է դըռնաչափ մուտքեր իբր փոքր խորաններ:

Հիւսիսային որմի վերայ.

«Ի 1881 ամի շինեցաւ սուրբ ուխտս Ինն Մասանց տրօք ժողովրդոց ՚ի ժամանակս Յովսէփ վարդապետի Փինաչեանց»:

Խորանի հիւսիսային կողմում.

«Շինեցաւ Սուրբ Ինն Մասանց սեղանն դստուիս (?) Սհար խանումին վասն հանգուցեալ Յարութիւն բէկ Աթաբէկեանի Կուսապատ գեղջ 1884 ամի»:

Տաճարիս հարաւարեւելեան կողմում կայ եւ մի հին եկեղեցու աւերակ: Հարկ է յայտնել, թէ այստեղ եղած է Մոխրաթաղ գիւղն, որի բնակիչք մի քանի տասնեակ տարիներ տեղափոխւած են Նոր-Մոխրաթաղ եւ մնացած է այստեղ հին եկեղեցին, գիւղատեղին եւ հանգստարանն:

Նոր-տաճարիս հիւսիսային որմի մօտով ամփոփուած են Մէլիք Իսրայէլեանների ննջե-ցեալները-Սայիբէկի, Սհար-խանումի, Մէլիք-Ադամի կին Թումար-խանումի եւ այլ մէլիքազուն գերդաստանների մարմիններն:

Անապատս ունի երեք սենեակ եւ մի աշխարհական վանահայր:

 

ՄԷԼԻՔ-ԻՍՐԱՅԷԼԵԱՆՆԵՐԻ Ա. ԱՊԱՐԱՆՆ.

  Շինուած է Անապատիս արեւմտեան կողմում մի քանի տասնեակ քայլ հեռի: Շինութիւնն ունի արտաքուստ բերդի ձեւ-քարուկիր բարձր պարիսպ եւ մի դարբաս արեւելեան կողմից: Արտաքուստ չափելով ունի 49 մետր երկարութիւն 29 մետր 25 սանթիմ լայնութիւն: Ամբողջ ապարանն բաղկացած է տասներկու սենեկից, որք ունին զանազան ձեւ եւ տարբեր մեծութիւն: Սե- նեակներն եղած են ընտանեկան սենեակ, ննջարան, ընդունարան, դատարան, թոնրատուն, խոհանոց, սպասաւորանոց, գոմանոց: Այս ամէնի լուսամուտներն բացուած են բերդի ներսի կողմից: Արեւելեան կողմից հաշուելով չորրորդ սենեակն ունի քառակուսի ձեւ եւ երդիկ, ամբողջապէս քարուկիր շինուած եւ սոյն արձանագրութիւնը. «Ողորմութեամբն ամէնազօրին Աստուծոյ բազում ժամանակ է յոյժ տաքնապի շինեալ զտունս, իսկ բարերարին աստուծոյ տուաւ ինձ կարողութիւն եւ զօրութիւն Սուրբ Հոգոյն` հանգուցեալ Մէլիք Իսրայէլի որդի ես Մէլիք Յադամս շինեցի զգեղեցիկ կամարօք եւ գեղեցկանկար տունս եւ սարայիս բազմահանճար զորդեակն իմ Մէժլումին…ծ. Աստուծոյ, աստուածայնով բարեաւ վայելեսցէ հանդերձ մեօք ՌՄԻ» [6]:

Հինգերորդ սենեկի վերայ.

«Տեսէ'ք մեր հաւատոյ հայրն Աբրահամ, կեանք նորա է.. ամ, նայ ոչ շինեաց տուն եւ տեղի եւ բակ.. վրանօք շրջէր յերկրին ի Խառան.. այլ սոյն կեանք մեր կարճացեալ թիւ Ծ (50) ամ, համայն բոլոր երթալոց եմք մեք միւս անգամ, տեսէք ՚ի մեր յիմարութիւնս որ այժմուս գայ, չենք.. ազմա նման ամօք Աբրահամայ թվ. Ռ…»:

Խաչ-Խոռհատ անուն տեղում, որ կայ Հին եւ Նոր-Մոխրաթաղի միջեւ, կայ աւերակ գիւղատեղի, հանգստարան եւ մի քարուկիր եւ միջակ եկեղեցի, որ կանգուն է բոլորովին, որի երկարութիւնն է 12 մետր 23 սանթիմ, լայնութիւնն` 7 մետր:

Է. ՆՈՐ-ՄՈԽՐԱԹԱՂ. Հիմնուած է Կուսապատի հիւսիսային կողմում, տեսարանն զմայլելի (դաշտահայեաց) սեռի վերայ, հողն արքունի, անջրդի, բայց բազմարդիւն. տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 90-100. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 95 սանթիմ, լայնութիւնն 11 մետր: Քահանայ մի: Դրան ճակատակալ քարի վերայ. «Ես Շուշուայ քաղաքի բնակիչ Մեսրոպ Թառումեանս կառուցի ծախիւք իմօք 2) յանուն Աստուածամօր վասն անյիշատակ հանգուցեալ եղբարցն իմոց Աբրահամայ, Գրիգորի եւ որդւոյն իմոց Աստուածատրի Մ. Թառումեանց ի 1883 ամի»: Ծուխ 85, ար. 394, իգ. 349: 2) Հաստատապէս տեղեկացայ, որ գիւղի հասարակութիւնն շինած է եկեղեցուս պատերը մինչեւ թաղն:

Ը. ՄԵԾ-ՇԷՆ. Շինուած է համարեա' թէ նոր-Մոխրաթաղի արեւմտեան կողմում, մի արեւելահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ (ամէնամեծ մասն տեղափոխուած են Գանձակի Գետաշէնի կողմերն), հողն կիսով չափ արքունի, անջրդի, բայց հացաւէտ, պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 90, եկեղեցին Սուրբ Գէորգ, քարուկիր, կառուցեալ չորս սիւների վերայ, երկարութիւնն 18 մետր 25 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 67 սանթիմ: Աւազանին վերայ. «Թվ. ՌԿԹ -Բնաս.. յիշեցէք ՚ի Քրիստոս»: Խորանի հիւսիսային կողմում. «Սուրբ խաչս բարեխաւս Կարապետ եպիսկոպոսին, սայ է լեալ պատճառ սուրբ եկեղեցոյս (շինութեան) թվ. ՌՂԹ»: «Սուրբ խաչս բարեխաւս Հայրապետին եղբայր պարոն տէր (իշխանազն քահանայ)»: Քահանայ երկու: Ծուխ 70, ար. 309, իգ. 268:

Կարմիր աւետարան.

Եկեղեցումս կայ մի գրչագիր մեծադիր աւետարան, մագաղաթեայ, ամբողջապէս գրուած գլխատառերով: Բոլորովին անճաշակ են նախշերն եւ չունի պատկերներ: Գրուած է Մատթէոսի սկզբում խաչի տակ. «Սուրբ նշանաւ գնեաց (Յիսուս) մեղաւորիս Իգնատոսի»: Տեղ-տեղ գրուած է նաեւ «ԶԽաւշեն եւ զիւր ծնողսն յիշեցէք ի Քրիստոս»: Գրուած է նաեւս Մարկոսի վերջում. «Յամի չորրորդի առաջնորդի (՞) ի հայրապետութեան տեառն Բարսղի [7] Հայոց կաթուղիկոսի, ես Հայրապետ աբեղայս գնեցի զսուրբ աւետարանս ի Յոստան քաղաքի յայլազգեաց ՚ի ԻԵ դեկ. կարմիր եւ ետու ի սուրբ Խաչի վանքն յիւր սեպհական տեղն, որ առնեն յամէն յամի.. Բ. պատարագ, զտեառնընդառաջին եւ զԿիւրղին անխափան եւ որ հեռացուցանել ջանայ ՚ի սուրբ Խաչէն զինչ եւ իցէ պատճառաւ, ինքն հեռացեալ լիցի ՚ի փառաց Որդոյն Աստուծոյ. ամէն»: Իսկ ցանկից յետոյ.

«Արդ` ես յամէնայնի նուաստ տէր Սարգիս ստացայ սուրբ աւետարանս անջինջ յիշատակ ինձ եւ իմ ծնողացն, որք ընթեռնոյք, յիշեցէք ՚ի Քրիստոս»:

Յիշատակարանը գողացած է մի սարկաւագ ինչպէս վկայեցին: Երանի թէ այս միայն լինէր գողացած…. Ասում են, որ 900 ծուխ եղած է Մեծ-շէնս, որպես ապացուցանում է, քանզի այս եղած է մեծ Մէլիք Ադամի մէլիքանիստն: Երեք եկեղեցի եղած է գիւղումս, մէկն բոլորովին անհետացած է, միւսին աւերակն արդէն մնում է, երրորդն կանգուն է:

Գիւղումս ծնուած է Դալի-Մահրասա Աւագ վարդապետն, որ ազգական էր այժմեան    Մկրտիչ քահանայի եւ Անդրէաս-բէկի:

Եղցաթումբք. մի թումբ է գիւղից վերեւ, որի վերայ կայ ընդարձակ գիւղատեղի, մեծ հանգստարան եւ կանգուն եկեղեցի:

Հարթապտուկ. Մեծ-շէնիս հյուսիսային հանդէպ շրջապատից առանձնացած եւ ձուաձեւ բարձրացած մի սար է, որի գագաթն պատուական հարթակ է: Հարթակի եզերքներով պարըսպ-    ւած է եղել հնուց, ինչպէս ակներեւ է հետքերից: Այժմ կայ կատարիս վերայ մի ջրաւազան, հանգստարան եւ ուխտատեղի: Ի նկատի առնելով շատ բերդասարեր թուի թէ բերդ եղած է եւ սարիս գագաթն-Հարթապտուկն:

Թ. ՄԱՂԱՎՈՒԶ կամ Չարտախլու. Հիմնուած է Թարթառ գետի աջ կողմի բարձրութեան վերայ. Մեծ-շէնի հիւսիսային կողմում, մի լեռնահովտում. բնակիչք շատ վաղ նախ տեղափոխ-   ւած են Մեծ-Սիւնեաց Մաղավուզ գիւղիցն այստեղ, ապա այս տեղից Շուլաւէրի կողմերն, ապա վերադարձած Գետաշէն, հուսկ յետոյ վերստին այստեղ: Հողն արքունի, անջրդի, բայց բեղմնաւոր, պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 90, եկեղեցին Սուրբ Գէորգ, փայտաշէն, քահանայ մի: Ծուխ 66, ար. 254, իգ. 299:

Գիւղիս բարեկրօն Յովհաննէս քահանայի մօտ կայ մի գրչագիր մաշտոց, գրուած թղթի վերայ, դիրքն փոքր. յիշատակարանից. «արդ գրեցաւ գիրքս այս ի թուականութեան հայկազեան տումարիս ՌԻԴ»: Ստացողն է Գրիգոր անուն ոմն կրօնաւոր, իսկ գրողն է ոմն Յովհաննէս Աբեղայ: Վերջին ստացողն է. «Արդ զվերջին ստացաւղ սուրբ տառիս, որ կոչի մաշտոց.. Ովանէս էրեց… ՌՃԺԱ»: «Յիշատակ է բարեմիտ Յուրին, որ կողակից էի Ավազակին ի երկրէն Ծարայ ի գեղջէն Եանշաղէն. յիշատակ է այս սուրբ.. մաշտոցս հոգոյ իմոյ, տվի իմ ձեռովս Դաւիթ քահանային, օվ որ կարդայ, աստուած ողորմի ասէ. ամէն»: «Ես Մըրչմանցի տէր Մէլիքսեթի որդի Մարկոսըս… թվն ՌՃՀԸ էր» (Այժմ աւերակ են Եանշաղ եւ Մրջման գիւղերն, ինչպէս գիտէ եւ ընթերցողն):

Աւետարան փոքրադիր, գրուած թղթի վերայ առանց պատկերի: Անյայտ է գրողն, տեղն եւ ժամանակն, միայն յայտնի է երկրորդ ստացողն, որ է Շաղուպատ անուն ոմն:

Նոյն բարեկրօն քահանայ Տէր-Գրիգորեանի մօտ կայ եւ Ա. Մէլիք-Ադամից մի թուղթ, որով յայտնում է. «Մէլիք Հաթամէս մալում լինի ձեզ Մաղավուզեցուց, մեծ եւ փոքր որ իմանաք Մէլքումն ձեզ քօվխայ (տանուտէր) շինեցի. պիտի որ յեսապի (իրաւացի) խօսկան դուս չի կեաք: Դարձեալ ջամիյեաթ, թէ եդ [8] նորայ եկիք թէ Մէլքումը մեզ հաջաթ (հարկաւոր կամ պէտք) չի, ղապուլ չի, դուք էք հաւանել, շինել թվին ՌՄԻԸ փետրվարի ամսուն ԺԷ» (տեղի կնքոյ որի մէջ գրուած է. «Քրիստոսի ծառայ Մէլիք Ադամ»:

 

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԱՆԳՍՏԱՐԱՆ

  Այսպէս է անուանում ժողովուրդն այն հանգստարանը, որ կայ Մաղավուզի արեւմտեան կողմում, Թարթառ գետի աջ լանջի բարձրութեան վերայ, Երից մանկաց վանքի դէմուդէմ: Ընդարձակ ծաւալ ունի հանգստարանս, բայց ծածկուած է դժնիկ փուշերով եւ մացառուտներով: Հան-գըստարանումս կայ մի հնաշէն մատուռ, որ ուխտատեղի է եւ փոքր եւ շինուած անտաշ քարերով, որի գլուխն արդէն խոնարհուած է. դրան ճակատակալ քարի վերայ քանդակուած է.

«Թիւ ՉԹ էր Կամաւն աստուծոյ ես Խուռում (Հռիփսիմէ) շինեցի զեկեղեցիս, եղբայր իմ Վահրամ Շահ ի յիշատակ մեզ եւ ծնողաց մերոց ՚ի յիշխանութեան Ուքանին եւ յամիրութեան Փախրայդինին եւ ՚ի յառաջնորդութեան Տէր Սուքիասին. յաղաւթս.. »:

Մատրանս մէջ մի խաչքարի վերայ. «Թիւ ՈՂԹ»:

Սորա մօտ. «Ես Գր.. րս սնուցած տէր Նարսի [9] կանգնեցի զ(խ) աչերս ծնողաց իմոց եւ ննջեցելոց»:

Հանգստարանիս տապանաքարերի մէջ գտանք միայն հետեւեալը.

Ա. «Այս տապան Քաչալ… է որդի Ապրէսին մեծի… պապին եխպօրորդի… իմոյ պարոն Անին թվ. Ռ»:

Բ. «Թվ. Ռ… որ փոխեցաւ առ Աստուած. Այս է տապան Շահփարին… Նոյեմզարին…»:

 

ՄԱՅՐԱՔԱՂԱՔ կամ ՔՂԸՔԱՏԵՂ. (31)

  Սեւկելասեռ կոչուած սարի ստորոտով ընկած է մի խոր ձոր գրեթէ արեւելքից արեւմուտք: Մատրան կամ հանգստարանին ստորոտիցն սկսեալ դէպի նոյն խոր ձորն կախուած են չորս ձորակներ, որոց վերայ վաղուց շինուած է քաղաքի նման մի շինութիւն: Բերդավայրն ունի միայն երկու մուտք, արեւմտեանն` խոր ձորին ստորոտովն, որ համարեա' թէ հպած է Թարթառ գետի աջ եզերքին, իսկ արեւելեան կողմի մուտքն` նոյն ձորի վերի ծայրովն: Երկու մուտքերն ամրապնդուած է եղել քարուկիր պատով, որք քանդուած են այժմ: Իսկ մնացեալ կողմերն բնութենաստեղծ եւ անմատչելի ամրութիւններ են, այս է` բարձր վիմահերձ եւ քարաժայռ քերծեր են եւ ահարկու ձորեր: Վաղուց շինուած են երկու երկյարկ քարուկիր եւ բոլորշի դիտարան, որոց մին քաղաքի հարաւային կողմի բարձրութեան վերայ բերդից դուրս իսկ միւսն` արեւմտեան կողմում քաղաքի ծայրում, բայց ամրոցի ներսումն: Թափուած են միայն վերջնոյս որմի արտաքին մասերն տեղ-տեղ:

Այժմ աւերակ եւ անմարդաբնակ քաղաքատեղումս մնացած են տակաւին հնութեան շատ նշաններ, ինչպէս են քարուկիր բնակարանների եւ այլ շինութեանց աւերակներ: Հիւսիսային դիտարանի մօտ կայ մի մեծ շինութիւն, որ իւր արտաքին կողմում ունի երեք բուրգ, մէջտեղում տասն մետրաչափ բարձր քարուկիր սիւն եւ երկու մեծ սենեակներից բաղկացած շինութիւն: Այս է ամէնից աւելի հնութիւնն, որ կարծես թէ իւր ամրագին կազմուածքովն ներկայացնում է տեղիս հին իշխողի բնակարանը, որ ունի եւ բնութեան հրաշալի տեսարան:

Բնակարանիս հարաւային կողմերում կան կիսաւեր քարուկիր շատ բնակարաններ, բաղանիսներ, ձիթահանք, որի բոլորաձեւ մեծ քարերն մնում են անվնաս եւ կանգուն, կամուրջներ, երեք կաղամախի ծերունազարդ եւ հաստ ծառեր, պառաւ ընկուզենիք եւն: Նշանաւոր է Շռշռան աղբիւրի ազնիւ ջուրն, որ քաղաքի կետրոնում շռշռալով թափւում է ժայռից:

Բ. Ապարան. Մէլիք-Ադամ մեծի. երկրորդ ապարանս շինուած է արեւելեան մուտքի կողմում, որի երկարութիւնն հիւսիս-արեւմուտքից ձգուած է արեւելեան հարաւ: Շինութեանս գետնայարկն ծառայած է միայն տեղի զառիվայր դիրքը հարթելու. վերնայարկում կայ տասնեւհինգ սենեակ, ընդարձակ դահլիճ, խոհանոց [10], երկու պատշգամ: Գեղեցկաձեւ տաշուած եւ նախշած ճակատակալ քարեր ունին վառարաններն (բուխարի): Ամբողջ շէնքն ունի 37 մետր երկարութիւն, 34 մետր 40 սանթիմ լայնութիւն, որի ծածքն ողջ փլուած է, իսկ պատերն բովանդակ մնում են կանգուն: Հարկ է յայտնել, թէ ապարանիս կողքին է եկեղեցու աւերակն: Բացի տասնեւհինգ սենեկից, որք շինուած են մի միջնապատով, բայց երկու շարքով, կայ այլ եւս չորս պատուական, բայց կիսաւեր սենեակ եւ մի երկար գոմ, որի մէջ կայ տասնեւվեց ձիու ախոռ, եւ որի երկար ախոռափայտն մնում է դեռ անփուտ: Շատ սենեակներում արդէն բուսած են ծառեր:

Հարկ է յայտնել նաեւ, որ Մէլիք-Ադամն [11] նորոգած է ապարանս, որ եղած է կանխաւ, ինչպէս երեւում է հին եւ նոր որմերի տարբերութիւնիցն;

  Ապարանիցս փոքր-ինչ վերեւ, արեւելեան մուտքի մօտ կան վիմափոր քարայրներ, որք եղած են դռնապանների բնակարաններ:

Քաղաքատեղիս հարաւային կողմումն է Հին-Մեծ-շէնի աւերակն, որի մէջ է մի աւերակ եկեղեցի եւ մօտերքում հանգստարան: Մէլիք-Ադամ Բ-ի ժամանակ աւերակիս բնակիչներն տեղափոխւում են Գանձակի եւ Թիփլիսի կողմերն: Յետոյ տեղափոխուածների փոքր մասն վերադառնում է, բայց փոխանակ այստեղ բնակելու, հիմնում Մեծ-Շէնը եւ բնակում այնտեղ. քանզի երկիւղալի է լինում այստեղ բնակելն:

Ժ. ՔՄՔԱՁՈՐ ՇԷՆ. հիմնուած է Մաղավուզի արեւելեան սարի ստորոտի հարթում: Բնակիչներն մօտ քսան տարի առաջ բաժանուելով Մաղավուզից բնակութիւն հաստատած են այստեղ. միեւնոյն են հողն, բերքերն, միայն աւելի լաւ է տեղիս օդն եւ կլիման. քահանան եւ եկեղեցին Մաղավուզինն է, եւ ծուխն հաշուած նորա վերայ:

ԺԱ. ՕՌԱ [12] ԹԱՓԷ ՇԷՆ. Հիմնուած է փոքր-ինչ վար Քմքաձորից, բնակիչք անջատուած են Մաղաւուզից. ամէնայն ինչ նոյն. Ծուխ Քմքաձորում, Օռած-Թափում եւ Վարնկաթաղում 30, ար. 114, իգ. 103:

  ԺԲ. ՎԱՐՆԿԱԹԱՂ կամ ԼԻՒԼԱՍԱԶ. Շինուած Թարթառի աջ ափի բարձրութեան վերայ. բնակիչք բնիկ, միեւնոյն հողն եւ բերքերն. օդն եւ կլիման ծանր եւ անախորժ ամրան. երկար կեանք 60. եկեղեցին սուրբ Մինաս. քահանայ մի: Ծուխ 20, ար. 70, իգ. 60:

Ջոխտակ շինատեղ. աւերակ գիւղեր են, որք գտնւում են Մաղավուզի հիւսիսային կողմում, Թարթառ գետի աջ կողմի լանջի վերայ, ուր կայ եւ հանգստարան:

Կթղուկոսարան (32) (Կաթուղիկոսարան), որ գտնւում է Թարթառ գետի աջ կողմի նոյն լանջի վերայ, Դոնի շէնի դիմացն: Քարայրի նման մի բան է, որի առաջն պատելով ձեւացրած են բնակարան, որի մէջ մի ժամանակ մնացած է Աղուանից Վիրոյ եւ այլ կաթուղիկոսներ: Այժմ ուխտատեղի է հին աւերակս:

 

ՊԱՌԱՒԻ ԿԱՄՈՒՐՋ (Ղառը քեօրփի).

  Արդէն գիտենք Թարթառ գետի վերայ շինուած կամուրջներից առաջինն էր Պարտաւի մօտ եղած բազմաչեայ կամուրջն: Բ-ն է Պառաւի կամուրջս, որ ունի միայն մի աչք եւ որ շինուած է Վարնկաթաղի առաջ: Կամրջիս երկու կողմերի հիմքերն եւս հաստատուած են վիմահերձ ապառաժների վերայ: Շինել տուողն եղած է հայ բարեպաշտուհի ոմն տիկին: Գ. կամուրջն (փայտեայ) Դոնի շինի մօտ է: Դ. կամուրջն (փայտեայ) Ջրաբերդի մօտով է: Թարթառիս Ե կամուրջն է Սարսանքի (քարուկիր) կամուրջն: Զ-ն շինել տուած էր տիկին Ասփան Խաթրայ վանքից վար Թարթառիս վերայ:

ԺԳ. ՆԵՐՔԻՆ-ՉԱՅԼՈՒ. Հիմնուած է Թարթառ գետի ձախ ափի վերայ դաշտաբերանի մօտ. բնակիչք 1828-ին գաղթած են Պարսկաստանի Բադրբեօվ գիւղից. հողն արքունի, բարեբեր, ջրարբի, տեղական բերքերն ցորեն, գարի, կորեկ, խաղող, դեղձ, թութ, կեռաս, բամբակ, բոժոժ եւ որիզ, օդն եւ կլիման տենդաբեր ամրան, երկար կեանք 70. եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն. քահանան գալիս է Վերին-Չայլուից: Ծուխ 45, ար. 142, իգ. 115:

ԺԴ. ՎԵՐԻՆ-ՉԱՅԼՈՒ. Հիմնուած նոյն գետի ձախ ափում փոքր-ինչ վերեւ Ներքին-Չայլուից, բնակիչք գաղթած 1828-ին Ուրմիոյ Ըռհաւա գիւղից, հող, տեղ. բերքեր, օդ եւ կլիմայ երկար կեանք նոյն են. եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի: (Գիւղիս մօտ կայ ընտիր գաճ): Ծուխ 55, ար. 255, իգ. 234:

ԺԵ. ԹԱԼԻՇ ԳԻՒՂ. Հիմնուած է Վերին-Չայլուի հիւսիսային կողմում լեռների մէջ մի սարալանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական (մէլիքական), անջրդի (մասամբ ջրարբի) հացաւէտ. ջուրն սակաւ, տեղական բերքերն միայն ցորեն եւ գարի, բարեխառն օդն եւ կլիման, քաղցրահամ ջուրն. երկար կեանք 85-90. եկեղեցին նորաշէն, կառուցեալ հասարակութեան ծախքով չորս միապաղաղ սիւների վերայ, որ ունի 21 մետր 85 սանթիմ երկարութիւն, 13 մետր լայնութիւն. երկու դուռն հարաւային եւ հիւսիսային կողմից. քահանայ մի: Ծուխ 130, ար. 568, իգ. 455:

Մագաղաթեայ մեծադիր աւետարան [13] գրուած ամբողջապէս գլխագրերով. գողացած են յիշատակարանը, վասն որոյ գրում ենք յետոյ գրուածները. «Յանուն Աստուծոյ մեք Ներքի տանուտէրքս… յիշէ Զաւելի դի Մոսին [14]. ես Դաւիթ իմ վանական եղբարքս (եղբարբքս) վկայ եմ այս գրոյս ՚ի թուականութեանս ՇԺԶ հաստատուն, եթէ Աստուած կամի»: Ապա գրուած է վերջին երեսի վերայ. «զՄաթէոս զՅակոբ երիցու քեռին, որ յարդեանց իւրոց ծախք արար յեկեղեցիս եւ յեղբարքս, որք զգիրս կարդայք, զնա յաղաւթս յիշեցէք եւ մեղաց թողութիւն խնդրեցէք… հաւր Պետրոսի հրամանաւ գրեցի»: Յետոյ գրուած է.

«Զաստուածափառ եւ զաշխարհալոյս սուրբ աւետարանս որ ձեռաւք Հասանայ Ուզին որդոյ բերաւ ի Կեսարիոյ եւ նոյն Հասնայն եւ ամուսին Ելթի եւ պարծանաց. որդիք իւր Հասըմբեր եւ Սասնայ ետուն զսա յիւրեանց տապանատունս որ էին տեղւոյս իշխանք զտուն Շիրանշահանց Դաւթի ձեռաւք ՚ի վանս Եղիշէի եւ հաստատի սմա բանիւն Աստուծոյ եւ յանուն Հասնային եւ Ելթոյն յետ մահու պատարագ ի Քրիստոս յամէն եկեղեցիս ՚ի զատկին յարութեան աւրն, որ յարոյց ընդ իւր բազում մեռեալք եւ յարուստցէ Քրիստոս փառաւք զՀասնայն եւ զԵլթի հանդերձ իւր ծնելաւք միւս անգամ գալստեանն: Արդ, որք խափանեն զպատարագն եւ կամ հանէ զաւետարանս եւ զՇիրանշահեանց տունն ի Տապանատնէս [15], հանեսցի նա յարքայութենէն Աստուծոյ: Առանց աշխարհաւերի թիւն Հայոց էր ՉԺԵ: ՉԻԱ շինեցաւ ժամատունս (Եղիշէի)»:

  Նորոգութեան մասին. «Ի թուաբերութեան Հայկական տումարի հազարերորդի հարիւերորդի ինսուներորդի մէկումն (ՌՃՂԱ) թուին գրեցաւ ամսեանն դեկտեմբերի Գ հանուրց դիտապետի տեառն Ներսիսի Աղուանից Կաթուղիկոսին եւ իշխանութեանս երկրիս Մէլիք Թամրազին): Ապա գրուած է.

«Ես Մէլիքս եւ եղբայր իմ Նուկզար որդիք Մուրատայ ստացաք զսուրբ աւետարանս ՚ի հալալ արդեանց մերոց ի յիշատակ մեզ եւ մեր նախնեաց հաւր Մուրատայ եւ մաւր Մարգարտին եւ որդոց մերոց Եղիշէին եւ այլ ամէնայն արեան մերձաւորաց եւ ետուք զսայ ի ձեռն Ստեփաննոս արհեպիսկոպոսին առաջնորդ սուրբ ուխտին Գանձասարայ, որ կենայ ի դրան սուրբ Յովհաննիսին յիշատակ մեզ եւ մերոց ամէնայնի կենդանեաց եւ մեռելոց»: Հուսկ յետոյ գրուած է. «Ով մանկունք Սիովնի… ի թուականիս Հայոց ՌՂԹ Գանձասարայ կաթուղիկոսն Գանջայո խանն տութսազ էր արել (բանտարկեալ էր), մինչեւ հատոյց զպարտսն դահճացն, ազատեցաւ, ելեալ գնաց թէ շրջեսցէ վասն պարտուցն. մինչեւ Խաչեն գնացի ես ընդ նմա… Գանձասարայ կաթուղիկոսն անուն Գրիգոր կոչի»:

Գիւղումս Ասրի-բէկ Մէլիք-Թամրազեանցի մօտ կան հետեւեալ հին թղթերն. «ՌՃԾ թվին սեպտեմբերի ԻԹ ես Թիւրաչեցի Ատին տղայ Հախնազարս. Հաճի Փահրատս» ծախում են սոքա իւրեանց բաղը Մէլիք-Իսախանի [16] տղայ Յոհանին եւ սորա եղբօր Բէկլարին: Առուծախի թուղթս նախ վաւերացրած է Յովհաննէս, ապա Եսայի կաթուղիկոսն.

  «Եսայի կաթուղիկոս այս գրեալ մարդկանց իղրարովն, զապուլութիւնովն վկայեմ» կնքած է եւ իւր կնքով:

Երկրորդ. «ՌՃԿԵ. յունվարի ԺԸ ն. ես Ներքին շէնացի «Կիւլստանի գաւառումն է) Ետկարին տղայ Ուհանս իմ կամով ծախեցի իմ բաժին բաղն Գրիգոր վարդապետին ախբօր Սարգսին վերայ ԺԸ Ռ [17]: Մէլիք Թամրազ վկայ.. Եղիա վկայ… Յարութիւն քոխա վկա. »: Իւրաքանչիւր ստորագրող կնքած է իւր կնիքը:

Երրորդ թուղթն մխիթարական կոնդակ է գրուած Աղուանից վերջին Ներսէս կաթուղիկոսից առ Մէլիք-Թամրազ, որ սգաւոր եղած է իւր որդու մահուան պատճառաւ, բայց չ՚ունի թուա-կան:

  Ռախտարխանա

Այս անուամբ ճանաչւում է միայն աւերակն, որ կայ Խանակեահ դաշտակի վերի բերանում:. Թալիշ գիւղն տանող ճանապարհի աջ եզերքի վերայ: Հին շինութիւնս, որ ունի դղեկի ձեւ, ասում են, եղած է մաքսատուն Կիւլստանի մէլիքներին. որք մաքս առած են գաւառս բերուած ապրանքներից: Ռուսաց տիրապետութիւնից յետոյ մի ժամանակ եղած է փոստի կայարան շինութիւնս, որ այժմ բոլորովին աւերակ է:

 

ՀՈՌԵԿԱՅ ԿԱՄ ՀԻՒՐԵԿԱՅ ՎԱՆՔ (33).

  Հիմնարկուած է Թալիշ գիւղի արեւմտեան կողմում լեռների մէջ մի հիւսիսահայեաց լանջի վերայ: Վանուցս շինութիւնն ունի շատ հին ձեւ, քանզի խորանն, ըստ սովորութեան, կլոր չէ ներքուստ, այլ քառակուսի, եւ շինուած է անտաշ քարով: Բայց յայսցանէ բոլորովին մութն է, նեղ, փոքր եւ բարձրաշէն, որ ունի 7 մետր 60 սանթիմ երկարութիւն եւ 4 մետր 32 սանթիմ լայնութիւն: Դրան վերայ.

«Ի քահանայապետութեան Ստեփաննոսի զշինող եկեղեցւոյս զտէր Յովհաննէս յիշեցէք ՚ի Քրիստոս նաեւ զծնողս եւ զեղբարսն իւր թիւ ՉԻԸ»: Վանքս ունի եւ գաւիթ, որ նոյնպէս շինուած է անտաշ քարով, որի երկարութիւնն է 7 մետր 75 սանթիմ, լայնութիւնն 7 մետր: Գաւթիս վերայ.

«Յաշխարհակալ տէրութեան Ապաղա խանին եւ ՚ի հայրապետութեան տէր Ստեփաննոսին եւ ի պարոնութեան Նորադինին եւ Սրաադինին եւ Գուրզադինին ես տէր Յովհաննէս շինեցի զգաւիթս յիշատակ ինձ եւ ծնողաց իմոց ՉԼԳ»:

Գաւթումս ամփոփուած են շատ եպիսկոպոսաց, վարդապետաց եւ սարկաւագաց մարմիններ, այնպէս որ ամբողջ յատակն սալարկուած է տապանաքարերով:

Վանուցս արեւմտեան կողմում դեռ կանգուն են միաբանից սենեակներ, որ շինուած են բոլորովին քարուկիր եւ թաղակապ: Բայց այժմ վանքումս չկայ ո'չ վանահայր, ո'չ միաբան եւ ո'չ իսկ պահապան, վասն որոյ հետզհետէ քայքայուում է ամէնայն ինչ:

Գեղեցկաքանդակ տապանաքարերով եւ խաչարձաններով զարդարուած են վանուցս շըրջապատն: Այստեղ ամփոփուած են ո'չ միայն միաբանից, այլ եւ Մէլիք-Բէկլարեանց տոհմի եւ նոյն իսկ Թալիշ գիւղի ննջեցեալներն. այժմ եւս թաղում են թալիշեցիք: Հետեւապէս խիստ ընդարձակ է հանգստարանս. որի մէջ փայլուն տեղ գրաւած են Մէլիք-Բէկլարեանց բարեհամբաւ տոհմի շիրիմներն իւրեանց գեղեցիկ արձաններով եւ երկար արձանագրութիւններով, եւ նախշած տապանաքարերով:

ՄԷԼԻՔ-ԲԷԿԼԱՐԵԱՆՆԵՐԻ ԱՊԱՐԱՆՆ.

  Վանքասարիս լանջի ստորոտում կառուցեալ է Կիւլստանի իշխող մէլիքների ապարանն, որ արտաքուստ չափելով ունի 42 մետր երկարութիւն, 36, 5 լայնութիւն: Ըստ երկարութեան ներսի կողմում արեւելքից արեւմուտք երկու շար սենեակներ շինուած են, որոց մէջն բաց է իբրեւ հրապարակ: Հարաւային շարքում կայ վեց սենեակ, որք ունին ութաչեայ կամարակապ սրահ: Միջի երկու սենեակներն ընդարձակ են եւ գմբէթաւոր: Հիւսիսային կողմն բաղկացած է երեք մեծ սենեակներից, որոց թաղակապ կամարներն թափուած են: Ապարանս ունեցած է երկու դուռն -արեւելեան եւ արեւմտեան կողմերից. առաջինն արդէն քանդուած է իւր կողմի ամբողջ պատով եւ երկու բուրգով միասին. իսկ արեւմտեան դուռն իւր սեմերով քանդած եւ տարած են Թալիշեցիք` եկեղեցուն համար: Ցաւալի է տեսնել, որ Թալիշի հայերն չգիտեն սրբութեամբ պահպանել իւրեանց նախնեաց թանկագին հնութիւնները:

Քառաբուրգ բերդակ.

Ապարանիս հիւսիսային կողմում, մի քանի քայլ հեռի ձորակի ձախ լանջին վերայ շինուած է քարուկիր մի դղեակ չորս ամրաշէն բուրգերով, որք արձանացած են չորս անկիւններում: Կանգուն են հարաւային, հիւսիսային եւ արեւմտեան պարիսպներն իւրեանց երկու բուրգերով. իսկ կործանուած է արեւելեան կողմի պատն իւր երկու աշատրակներով: Դղեկիս մէջտեղումն կայ մի նուիրական ուխտատեղի, բայց յայտնի չէ իւր անունն: Հիւսիսային պարսպի ներսի կողմում կան մի քանի թաղակապ սենեակներ:

Դիւտական գիւղատեղի (34).

Այժմ եւս Դիւտական է կոչւում աւերակ գիւղատեղիս, որ կայ Թալիշ եւ Մատաղիս գիւղերի գրեթէ միջեւ: Աւերակիս մօտ կայ մի կիսաւեր եկեղեցի, որ ունի 13 մետր երկարութիւն եւ 7 մետր լայնութիւն. եւ որ շինուած է բաւական ճաշակով: Եկեղեցուս արեւմտեան եւ հիւսիսային կողմերն լի են գերեզմաններով. սակայն ամէնամեծ մասամբ ծածկուած անտառի ծառերով: Հիա-նալի՜ աղբիւր, ուշագրա՜ւ դիրք. դուրալի՜ տեսարան ունի աւերակս:

Հարկ է յայտնել բարեմիտ ընթերցողաց, թէ Թալիշ գիւղն, Հոռեկայ վանքն, ներքին եւ Վերին-Չայլուներն եւ Դիւտական աւերակս կանխաւ պատկանում է եղել Ջրաբերդի գաւառիս` ըստ որոշման սարերի բնական սահմանին: Ահա այս է պատճառն, որ Ջրաբերդ գաւառի շարքում գրեցինք շէն եւ աւերակ տեղերս: Բայց մէլիքութիւնն ծնունդ առնելուց յետոյ` այս մասը յատկացրած են Կիւլստանի մէլիքութեան:

ԺԶ. ՄԱՏԱՂԻՍ [18] ՇԷՆ. Հիմնարկուած է Թարթառ գետի ձախ ափի վերայ Պառաւի կամրջից փոքր-ինչ վերեւ. խոր ձոր է գիւղիս տեղն եւ բարձր լեռներ շրջապատած են գրեթէ չորս կողմերն. իսկ Թարթառն վշվշալով եւ մռմռալով հոսում է շինիս ստորին կողմով: Բնակիչք բնիկ, հողն արքունի, սակաւ եւ նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, եկեղեցին նորաշէն, կիսատ եւ դեռ անկնունք, 15 մետր 50 ս. երկարութիւն 8 մետր 50 սանթիմ լայնութիւն. քահանան գալիս է Վարնկաթաղից: Ծուխ 35, ար. 90, իգ. 75:

  ԺԷ. ԴՈՆԻ-ՇԷՆ (Դանիէլի շէն) Հիմնուած է նոյն գետի ձախ կողմում Մատաղիսից բաւական վերեւ. բնակիչք տեղափոխուած են Մաղավուզից. հողն արքունի, լեռնային. գերազանց օդն, կլիման եւ ջուրն, եկեղեցին խիստ հին, փոքրիկ, Սուրբ Գէորգ, քահանայ մի: Հարկ է յայտնել, որ գիւղս, եկեղեցիս եւ հանգստարանս հին են, իսկ այժմեան բնակիչք շատ յետոյ եկած են: Եկեղեցիս շինուած է անտաշ քարով, որի երկարութիւնն է 6 մետր, լայնութիւնն 4 մետր 40 սանթ. դռնագըլխի վերայ. «Ծառայ Աստուծոյ ես Մէլքիսեթս նորոգեցի ժամատունս յիշատակ»: Վաղեմի գերեզմաններով լի են եկեղեցուս չորս կողմերն: Ծուխ 35, ար. 134, իգ. 113:

Հին գիւղատեղի. այսպէս է կոչւում այն աւերակ գիւղատեղին, որ կայ Դոնի շինից վերեւ եւ որ ունի պատուական եւ առատ ջուր, ընկուզի զառամեալ ծառեր, եւ որ պատուած է անտառով:

Ջոխտակ մատուռ, Զոյգ շինուած քարուկիր մատուռներ են, որք կան Ուղտը-կերանք կոչուած տեղում, նմանապէս գիւղիցս վերեւ: Այստեղ եւս կան գիւղի աւերակ, քարուկիր շինութեանց հետքեր եւ կաղամախի ծառեր:

  ԵՐԻՑ ՄԱՆԿԱՆԱՆՑ ՎԱՆՔ.

Վանքս շինուած է Մռաւ սարից դէպի արեւելք խոնարհուած մի լեռնաբազկի հարաւահայեաց լանջի հարթակին վերայ, որի ստորոտով սրընթաց խոխոջում է Թրղին [19] գետակն, որ է օժանդակ Թարթառի: Կառուցեալ է չորս սիւների վերայ փոքր դիրքով, անճաշակ ոճով, բայց հպարտ արձանագրութեամբ: Դրան ճակատակալ քարի վերայ. «Ի թուին ՌՃԽ ին ի ժամանակս Շահ Սուլէյմանին մեծի արքային Պարսից ես Սիմէոն շնորհիւն Աստուծոյ կաթուղիկոս [20] Աղուանից շինեցի զեկեղեցիս ընդ հարազատ եղբաւր իմոյ Իգնատիոս վարդապետին, որ եմք որդիք Սարգիս քահանային Մեծ Շինացւոյ, յաղաւթս յիշեցէք որդիք Սիաւնի…»:

  Խորանի ճակատին. «Կերտեցաւ այս յարկ նուիրանաց տանն Աստուծոյ եւ տաճար փառաց նորոյ ուխտի պատարագաց, զոր Տէր Յիսուս մեզ աւանդեաց, շինեցաւ յերկուց հարազատաց Սիմէոնի կաթուղիկոսի եւ Իգնատիոսի րաբունոյ եւ այլ յոգունց աշխատողաց գրելոց ՚ի դպրութեան կենաց, ի թուականիս ՌՃԺԳ ին աւարտեցաւ սոյն եկեղեցի ՚ի փառս անճառ Տեառն Յիսուսի…»:

Վանքս ունի երկու քարուկիր եւ թաղակապ խուցեր մին մեծ եւ միւսն փոքր:

 

ԺԸ. ԴԱՍՏԱԿԻՒԼ (Դաստակերտ) (35)

  Աւերակ գիւղատեղի, հանգստարան եւ կիսաւեր եկեղեցի, որք գտնւում են Դոնի շէնի հիւսիսային կողմում մի բարձր, տեսարանաւոր, անտառապատ, բայց ուշագրաւ սարահարթի վերայ: Բաւական փառաւոր շինուած է եղել քարուկիր եկեղեցիս, որի գլուխն այժմ խոնարհուած է, բայց տակաւին մնում են կանգուն աւագ եւ երկու փոքր խորանների թաղերն: Թէեւ աւերակ, սակայն վսե՜մ տպաւորութիւն է թողում այցելուաց վերայ եկեղեցիս, որի երկարութիւնն է 13 մետր, լայնութիւնն` 10: Աջակողմեան փոքր խորանի ճակատին.

«Թւ ՉԻԵ ՚ի փաթշահութեան Ապաղէին, յամի տէրութեան Իւանէի, ՚ի հայրապետութեան տէր Ստեփաննոսի ես, տէր Սուքիասեանց ցեղէն տէր Ներսէս հիմնադրի, տկար ոգով շինեցի զեկեղեցիս յիշատակ մեզ եւ մերոց, յիշեցէ'ք ՚ի Քրիստոս, աղաչեմ»:

Աջակողմեան խորհրդարանում. «Ես Մուսէս (կանգնեցի) զխաչս Խաթունա եւ Մամխաչունայ»:

Եկեղեցուս դրան ճակատակալ քարի վերայ.

«Կամաւն Աստուծոյ, ի դատաւորութեան Արղոււին, ի հայրապետութեան տէր Ստեփաննոսի, ի տէրութեան Իւանէին եւ Սադրադինին որդոյ Փախրադինին, ես տէր Սարգիս շինեցի զժամատունս, զուգեցի զգաւազանս, զաւետարանս զըստ ողոգին…»: (Անընթեռնլի): Այժմ չկայ ժամատունն, այլ աւերակ է: Եկեղեցուս չորս կողմերն լի են խիտառ-իխտ ամփոփեալներով:

 

Այժմ մի փոքրիկ շէն կայ այստեղ, որի բնակիչք տեղափոխուած են Շուշուց երեք գերդաստան, Մեծ-Սիւնեաց մի գիւղիցն երեք գերդաստան, Զէյուայից չորս գերդաստան, որք զբաղւում են անասնապահութեամբ, գերազանց է օդն, կլիման եւ ջուրն, քահանան գալիս է Դոնի շէնից: Ծուխ 10, ար. 50, իգ. 40:

Միայնակ խաչարձան. Դաստակերտիցս Եղիշ առաքեալի վանքն տանող ուղու աջ կողմում, ոչ այնքան հեռի ուղուց, անտառում կայ մի հին խաչարձան, բայց` անարձանագիր:  

ԵՂԻՇ-ԱՌԱՔԵԱԼ ԿԱՄ ՋՐՎՇՏԻԿ ՎԱՆՔ (36)

Մռաւ սարի քղանցքներից մի լեռնաբազուկ յանկարծ խոնարհուած է բարձրից երկու ձորերի մէջ, ուր եւ կազմած է իւր ծայրից մի բլրակ, որի վերայ հիմնարկուած է վանքս: Սրբավայրս շրջապատուած է աղաղխեալ եւ բարձրագոյն լեռներով եւ անդնդախոր ձորերով եւ սոսկալի կիրճերով, վասն որոյ նեղ է եւ սեղմուած իւր հօրիզոնն: Վանքաբլրիս հիւսիսային ծայրում բարձրացած եւ ցցուած է լեռնաբազուկն, արեւմտեան եւ հարաւային կողմերում Դաստակերտի սարի շարունակութիւնն եւ արեւելեան կողմում երկու սարերիս գրկախառնուած դիրքն: Մի վտակ արեւմտեան կողմից շռշռալով վիժում է շատ բարձրից [21], պատում վանքիս հարաւային ստորոտի խորագոյն ձորով, դառնում դէպի արեւելք եւ սրընթաց վազում դէպի Թարթառ: Վանքաբլրի հարաւային կողմն սոսկալի վիմահերձ է. իսկ միւս երեք կողմերն` պարսպուած քարուկիր պատով, որ ունի երեք դուռն` արեւմտեան, հիւսիսային եւ արեւելեան կողմերից:

Բլրիս գագաթում հիմնարկուած է վանքն անտաշ քարերով, որի շինութիւնն շատ հին է, ճարտարապետութիւնն` հասարակ, բարձրութիւնն` չափազանց, եւ ոճն անճաշակ: Այսուամէնայնիւ ազդում է այցելուաց պատկառանք եւ սրբութիւն: Ունի երկու դուռն հարաւային եւ արեւմտեան կողմերից, 10 մետր երկարութիւն, 5 մետր 80 սանթիմ լայնութիւն: Որմերի վերայ տեղ-տեղ գործ դրուած է եւ աղիւս, որի երկարութիւնն եւ լայնութիւնն 30 սանթիմ է եւ հաստութիւնն 11 սմ: Այժմ խոնարհուած է վանքիս ամբողջ ձեղունն եւ խորանի արեւելեան պատն:

Մենաստանս ունի եւ գաւիթ շինուած միեւնոյն ճաշակով եւ ոճով չորս սիւների վերայ, նոյնպէս անտաշ քարով, գաւիթս ունի մի դուռն արեւմտեան կողմից, 9 մետր 5 սանթիմ երկարութիւն, 8 մետր 45 սանթիմ լայնութիւն, եւ սոյն արձանագրութիւնը.

«Թւ. ՉԺԳ. կամաւն աստուծոյ ես Խաչատուր շինեցի ժամատունս յառաջնորդութիւն տէր Սիմէոնի, աղաչեմ զձեզ, յիշեցէք ՚ի Քրիստոս»: Ինչպէս տաճարիս շուրջն, նմանապէս գաւթիս յատակն ծածկուած է հանգուցեալ եպիսկոպոսաց, վարդապետաց եւ միաբանից տապանաքարերով: Ահա շատերից մի քանիսի արձանագրութիւններն.

«Այս է հանգիստ տէր Սիմէոնի ՉԽԷ»:

« ,, ,, ,, տէր Ովանէսի ՚ի թվ. ՊՁ»:

« ,, ,, ,, տէր Վարդանի  . թվ. ՋՁ»:

« ,, ,, ,, Մատէոս եպիսկոպոսին»:

« ,, ,, ,, Մելքիսէթ եպիսկոպոսին, որ է առաջնորդ սուրբ ուխտիս, որ անմեղ սպանեցին Օսմանցիք ՌՃ»:

Մենաստանիս երկու կողմերում կան մատուռներ:

Հիւսիսային կողմում (սկսեալ այս կողմից դէպի հարաւ):

Ա. մատուռն ունի երկու խորան եւ երկու սեղան, որ շինուած է անտաշ քարով:

Բ. մատուռն, որ նոյնպէս շինուած է անտաշ քարով, ունի միայն մի խորան եւ մի սեղան:

Գ. մատրան մէջ, որ շինուած է միեւնոյն ձեւով, կայ Աղուանից Գ. Վաչական թագաւորի գերեզմանն, որի վերայ ձգուած է մի եռանկիւնի տապանաքար, որ պատրաստուած է առանձին խնամքով եւ յղկուած մաքուր տեսքով, որի երկարութիւնն է 1 մետր եւ 60 սանթիմ. բայց չունի արձանագրութիւն: Տապանաքարիս մօտ կայ մի քարեայ խաչարձան, որ նշանաւոր է ոչ միայն իւր խիստ հեռաւոր հնութեամբ, այլ եւ իւր վաղեմի քանդակագործութեան գեղարուեստի ճարտարապետութեան ձեւով, այսպէս է եւ խորանի աջ կողմում եղածն: Մատրանս, որ ունի մի խորան, դրան ճակատակալ քարին վերայ քանդակուած է.

«Այս է հանգիստ Վաչական թագաւորին (37). Աստուած ողորմի Հայրապետայ եւ ոյր (իւր) ծնողացն, որ շինեց զեկեղեցիս առաջնորդութիւն տէր Սիմիոնի թիւ ՉԼԵ էր» Մատրանս դրան դիմացն է Ջրաբերդ գաւառի իշխող բարձրահռչակ Մէլիք Ադամ Մեծի գերեզմանն: Ցաւալի է տեսնել, որ անկիրթ մահմետականներն ջարդած են արձանագրութիւն կրող մարմարիոնը որ զետեղուած է եղել մէլիքիս տապանաքարի մէջ: Այսու ամէնայնիւ գաւառիս մեծ եւ փոքր ամէնքն աւանդութեամբ գիտեն իւրեանց սիրելի իշխան մէլիքիս գերեզմանը:

Դ. մատուռն, որ կանգնած է վանքին հարաւային կողմում, երկխորան է եւ ունի հեռաւոր հնութիւն, որի մէջ է մի գերեզման, որի վերայ փորագրուած է. «Այս է հանգիստ տէր Մեսրոպին որդի (որդւոյն) որ է աւագ եղբայր Մելքիսէթ եպիսկոպոսին թվ. ՌՃԿԲ»:

Ե. մատուռն, որ Դ-ից հարաւ կայ, ունի մի խորան:

Զ. մատուռս աւելի հնաշէն է, որ ունի մի սեղան եւ գրութիւնս. «Յանուն Աստուծոյ ես Առաքել վարդապետ, տէր Մատթէոս շինեցինք զեկեղեցիս, հաջ բերինք…»:

Է. մատուռն ունի միայն մի սեղան:

Վանքումս կայ մի հնուց մնացած եւ կոտրած զանգակ, որի վերայ փորագրուած է. «Յիշատակ է զանգակս Ղազարին, որ է որդի Քիրիգորին, է թոռն Եաւրին. Յուսէփի որդի Պապէն, որ է Պողոս թուլգէր (հիւսն). ես Շահնա կարմրեցի (ձուլեցի). գինն է Գ. թուման»: Բացի զանգակիցս կայ եւ մի այլ կոպիտ եւ երկարաձեւ զանգակ, որ աւելի հին է:

Վանքս ցարդ սրբութեամբ պահած է Գաղտնիք Ղարաբաղի հերոսներից երկու քաջերի յիշատակը, որք են Դալի-Մահրասան եւ Տեօնմազ: Վանքիս արեւելեան պարսպի մօտ է Աւագ վարդապետ -Դալի-Մահրասայի բնակած սենեակն, որ ունի նեղ եւ փոքր լուսամուտներ եւ ամուր դիրք: Սենեկիս մէջ տիրում է խորհրդաւոր մթութիւն [22]:

  Վանքիս հիւսիսային պարսպի փակուած դրան ներքուստ փորագրուած է գլխագրերով. «ՐՇՅՃ ես Տոնմազս բեկեցի թվ. ՌՃՀԷ»: Գրերիս մօտ շինուած է մի փակագիր մեծ ձեւով, որը կարդացի միեւնոյն Տոնմազ անունը:

Մենաստանս ունի եւ մի քանի հին սենեակներ եւ գոմ պարսպի ներսում: Վանքիս դրութիւնն խիստ խղճալի է: Անդիմադրելի ժամանակն քանդում եւ աւերում է ամէնայն ինչ: Վիճի տակ ընկած են վանքիս սեփական եւ անբռնաբարելի իրաւունք կալուածներն եւ բոլոր հողերն, սպառուել են արդեանց աղբիւրներն, վանքս կարօտ է նորոգութեան, բայց չկայ փող, զի խցուած են արդիւնք հոսող ակունքներն: Այժմ վանքումս մնում է իբրեւ պահապան մի տիրացու, որ շինած է վանքի ճանապարհը եւ նորոգած Զ մատուռը:

Ուղտի մատուռ. այսպէս է կոչւում կիսաւեր մատուռն, որ կայ վանքի մօտակայ սարի ուսին վերայ: Այստեղ կայ եւ գիւղատեղի եւ հանգստարան:

Մատուռ. այս անուամբ է ճանաչուում այն կիսաւեր, փոքրիկ եւ հին շինութիւնն, որ գըտնւում է Եղիշ-առաքեալ վանքի եւ Եղակեր շինի միջեւ մի տեսարանաւոր բլրի վերայ: Մատրան դռնագլուխ քարի վերայ. «.. Ես Գրիգոր կանգնեցի եկեղեցիս բարեխաւս ինձ եւ ծնողաց իմոց»: Եկեղեցուս մօտ կայ եւ հանգստարան, քարերն ծածկուած են մացառուտներով եւ չունին արձանագրութիւն: Այսպիսի կիսաւեր եկեղեցին, հանգստարան եւ գիւղատեղի կայ նաեւ Թթոտ կոչուած տեղում, որ գտնւում է աւերակիս հարաւային հանդէպ վարի լայնագոգ լեռնահովտի մէջ:

ԺԹ. ԵՂԱԿԵՐ ՇԷՆ. Հիմնուած է այն սարի հարաւային լանջի խոր ձորում, որ իբրեւ սահմանագլուխ ձգուած է Մռաւից մինչեւ դաշտաբերան: Բնակիչք քսան տարի առաջ փոխադրուած են Մեծ-Սիւնեաց Տեղ աւանից այստեղ: Հողն արքունի, լեռնոտ եւ յարմար անասնապահութեան, տեղական բերքերն նոյն, (առատ է ոչխար, տաւար, չկայ այգի, պարտէզ եւ մետաքս), գերազանց օդն, կլիման եւ ջուրն, եկեղեցին Սուրբ Աստուածածին քարուկիր, կառուցեալ մի կամարի վերայ եւ հին, երկարութիւնն 12 մետր 5 սանթիմ, լայնութիւն 7 մետր 50 սանթիմ. քահանան գալիս է Կիւլիստանից: Տաճարիս մօտ կայ հնուց մնացեալ մեծ հանգստարան, որի մէջ գիր ունեցող գտանք միայն. «Այս է տապան Մխիթարի որդի Մեժլում քոխային թվ. ՌՃՂԹ»: Ինչպէս երեւում է հին աւերակներից, աւելի շատ եղած է Եղակերիս նախկին բնակչաց ծխաթիւն: Այժմ ծուխ 35, ար. 100, իգ. 85:

Մռաւի սուրբ

Արցախեան նահանգի ամէնաբարձր լեռներինց մին է Մռաւ սարն, որ ընկած է Ծար, Ըռըստակ, Ջրաբերդ, Կիւլստան եւ Գարդման գաւառների մէջ: Արդէն գիտենք, որ սարիս հարաւային կողմն ընկած են Ծար եւ Ըռստակ գաւառն, արեւելեան կողմն` Ջրաբերդ. իսկ հիւսիսային կողմն ընկած են Կիւլստան եւ Գարդման գաւառներն: Մռաւիս այս ամէնաբարձր գագաթն, որ սահմանագլուխ է Ջրաբերդ եւ Կիւլստան գաւառների, բազմած է սարիս վերայ իբրեւ քարաժայռ եւ ցից բլուր: Երկու դժուարատար, երկիւղալի եւ վտանգաւոր կածան կայ քարաբլրիս կատարն բարձրանալու համար, մին արեւելքից` որ է Կիւլստանի մուտքն եւ միւսն արեւմտեան կողմից` որ է Ջրաբերդի մուտքն: Քարաբլրիս գագաթի մակերեւոյթն մի մեծ կալաչափ հարթակ է, որի եզերքներովն շարուած են ահագին վէմ քարեր [23] ինչպէս պարիսպ, որպէս զի մարդ չընկնի գագաթիցս, նոյնպէս եւ տեղ-տեղ մուտքերի երկու կողմերում: Ահա գագաթիս վերայ կայ մի սպիտակ, փոքր խաչքար, որի տակ աւանդաբար ասում են, թէ կայ նահատակի գերեզման, որ է ուխտատեղի: Արեւելեան մուտքի մօտ կայ մի թոնրաչափ սառցատուն, որի միջից անպակաս է ամրան եղանակներում ջուր եւ սառն: Սրբավայր գագաթիս բարձ. է 11219 ոտք::

  Քանի՜ սքանչելի է տեղիս տեսարանն, քանի՜ ուշագրաւ է բնութեան գեղեցկութիւնն, մանաւանդ երբ բոլորովին պարզ է երկինքն: Հարաւային կողմերում երեւում են ի բացուստ Արցախեան բարձր լեռնաշղթան, որոց վերայ արձանացած են Ծար, Խաչեն, Վարանդայ եւ Դիզակ գաւառների բարձր գագաթներն. Պարսկաստանի Սաւալան սարն եւ Երասխն: Արեւելեան կողմերում երեւում են ամբողջ Արցախի եւ Աղուանից դաշտերն, Կասպից ծովի հարաւային լեռնաշըղթան, Շահ-դաղն իւր ընկերներով եւ Կազբէկն` իւր արեւմտեան կողմում` Կայենի լեռներն: Բայց մօտուստ պատկերացած են բոլոր դաշտային եւ լեռնային գաւառներն, տեղ-տեղ բազմաճղի աղխաղխեալ լեռնագօտիներ, միայնակ կամ ճիւղաւորուած լեռնաբազուկներ, սարաւանդներ, օձաձեւ գալարուած, նաւաձեւ, նաւակաձեւ ձգձգուած ձորեր եւ ձորակներ, վիմահերձ լեռնաճակատներ, խոտադէզերի նման լեռնագլուխներ, բլուրներ եւ բլրակներ եւ միանգամայն լերկ, դալարագեղ, անտառապատ եւ մացառուտ սարալանջեր, սեռեր եւ սրածայր բլուրներ:

ՋՐԱԲԵՐԴ ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ.

Երկու են գաւառիս գլխաւոր բերդերն-Քաղաքատեղի կամ Մայրաքաղաք եւ Ջրաբերդ: Արդէն խօսած ենք ինչպէս առաջնոյն մասին, նոյնպէս եւ Ինն-Մասի բերդանման ապարանի մասին, ուրեմն խօսինք վերջնոյս` Ջրաբերդիս [24], մասին»:

Ամրոցս գտնւում է Մայրաքաղաքի ուղղութեամբ Թարթառի խոր ձորումն` գետի ձախ ափի վերայ: Համարեա' թէ ջրով շրջապատուած է բերդավայրս. որի արեւմտեան ստորոտով սրընթաց խոխոջում է Թրղին կամ Թորաղա գետակն եւ միանում Թարթառին. ապա միացեալ ջրերս պատելով բերդին հարաւից եւ արեւելքից` դառնում են դէպի հիւսիս եւ ապա հեռանում վշվշալով: Ահա այսպէս թերակղզի ձեւացած է բերդատեղիս: Սակայն Թրղին եւ Թարթառն բազմադարեան ժամանակամիջոցում քանդած տարած եւ խոր-խոր ձորեր ձեւացրած են իւրեանց յատակը, այնպէս որ այժմ անմատչելի, ահարկու եւ բարձր վիմահերձ ժայռեր են բերդիս երեք կողմերն. իսկ լեռնակողմն վիմահերձիցն վիմահերձ պարսպուած է ամուր պատով: Ունի միայն մի մուտք պարսպի պատով: Բաւական տարածութիւն ունի բերդիս մակերեւոյթն, որի վերայ կան բաւական քարուկիր շինութիւններ, կան որ բոլորովին անվնաս մնացած են: Սակայն բուսած են բերդումս ծառեր, որոց հաստաբուն արմատներն հետզհետէ փորձ են փորձում քանդել շինութեանց հիմքերը: Բայց որովհետեւ բերդումս չկայ ջուր, վասն որոյ բերդիս միջից դէպի Թարթառ գետն կտրած են վիմափոր ականներ, որոց միջի սանդղաձեւ աստիճաններով երթեւեկելով ջուր մատկարարած են բերդիս պաշարման ժամանակ: Թարթառն գործ դնելով իւր մշտագործ գործիները վերստին փորած եւ իջեցրած է բաւականին իւր յատակը. այս պատճառաւ ականների արտաքին բերաններն բարձր մնացած են գետի երեսիցն [25]:

Ինչպէս տեսանք գաւառների սահմանների բաժանմանց շարքում, հնուց մի եւ անբաժան եղած են Ջրաբերդ եւ Կիւլստան գաւառներս: Բայց որովհետեւ մէլիքութեան ժամանակ բաժանուած են իրարից գաւառս, որպէս գծուեցաւ սահմանն, վասն որոյ առանձին ենք դասաւորում գաւառիս գիւղերը, ծխաթուերը եւ հնութիւնները: Նշանաւոր են Կիւլստանիս տանձն, խնձորն եւ ցորենն:

Ա. ԿԻՒԼՍՏԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Մռաւ սարի հիւսիսային կողմում Ինջա գետակի ձախ ափի վերայ: Լեռներով շրջապատուած է գիւղս, վասն որոյ գտնւում է այն մի փոսանման ձորի մէջ: Բնակիչք բնիկ, հողն բէկական, բարեբեր, մեծ մասամբ անջրդի, անվնաս օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 80-85 եկեղեցին Սուրբ Աստուածածին, հոյակապ չորս սիւների վերայ (երկու փոքր խորանների վերայ կան երկու խորաններ եւս), երկարութիւնն 22 մետր 80 սանթիմ, լայնութիւն 15 մետր 67 սանթիմ, քահանայ մի: Ծուխ 56, ար. 200, իգ. 175:

Ծեր-աւետարան. երկէջ, մեծադիր, թղթեայ, որ կայ եկեղեցումս եւ ունի չորս աւետարանչաց անճաշակ պատկերները: Աւետարանիս գրողն է. «ԶԳրիգոր մեղապարտ գրիչ յիշեա ի Քրիստոս»: Գողացած են յիշատակարանը մի քանի թերթերով միասին, վասն որոյ անյայտ է աւետարանիս գրութեան թուականն եւ գրուած տեղն: Տաճարիս դուրսն, արեւմտեան որմի մօտ մի քարի վերայ. «Այս է տապան Օհանէսին, որ է որդի Օսէփ բէկին եւ թոռն Մելիք Ստեփանին [26] ՌՄՁԴ»:

Գիւղիս հիւսիսային ծայրում կայ մի հնաշէն եկեղեցու աւերակ, որ շինուած է եղել ամբողջ սրբատաշ քարով եւ կոչւում է այժմ սուրբ Մինաս, որի հիւսիսային որմի վերայ. «Կամաւն Աստուծոյ շինեցինք խորանս տանուտէրն Ուլուխան, աշխատողք երկու տէր Դաւիթն, Սպարապետն, պտղն (պտղաբերողքն) առ հասարակ ժողովուրդքն թվ. ՌՃԸ»:

Գիւղումս կայ մի քարուկիր եւ կամարակապ ապարան, որ ունի սոյն արձանագրութիւնը. «Շնորհիւն Աստուծոյ շինեցաւ ապարանս ի թվ. ՌՄԱ ես Յակոբոս ծառայ Աստուծոյ իշխող գեղոյս որդի Աբրահամ Ըսպարապետին [27] »: Բնակարանիս տէրն, որ սոյն սպարապետիս յետագայ ժառանգն է, ունի մի ապահովագիր, որով «Տանուտէրանց Ջանի որդի Յարութիւնն» վաճառում է Ամէնափրկիչ վանքի մօտ եղած իւր գետինը Աբրահամ-իւզբաշու որդի Յակովբջան իւզբաշուն 10, 000 թումանի: Առուծախի վկայ գրուած են «Հիւրեկայ առաջնորդ տէր Պետրոս. Ներսէս ճգնազգեաց վարդապետ, Քաջամարդիկ Մէլիք-Յոսէփ, Քաչալ Հրապետ, Կոսունց Եաւրի. Չովղուն [28] Յարութիւն, Ուստա Բալաս» եւն. հուսկ ուրեմն գրած է գրագիրն. «ՌՄԻԳ մայիսի Զ գրեցաւ Գիւլստանին գլխին կալին Քարագլխին»:

ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔ ԿԻՒԼՍՏԱՆԻ

Վանքս գտնւում է Սռնաւորայ (սառնագին) վտակի ձախ ափի մօտ: Ինջա գետակի օժանդակն է Սռնաւոր վտակն, որ իւր սկիզբը առած է Մռաւի սրբասարի արեւելեան կողմից: Մենաստանս, որ գիւղիցն մօտ կէս մղոն հեռի է դէպի հարաւ, կառուցեալ է անտաշ քարով չորս միապաղաղ սիւների վերայ, ունի մի դուռն հարաւային կողմից, մի մեծ, երկու փոքր խորաններ, երկու խորհրդարան եւ երկու նեղ լուսամուտ: Վանքս, որ ունի 23 մետր 50 սանթիմ երկարութիւն, 10 մետր 10 սանթիմ լայնութիւն, տակաւին կանգուն է, միայն ճաքուած է արեւելեան պատն գագաթից մինչեւ գետինն եւ ծածկուած է աւազանի ետեւից, որի մօտ քանդակուած է. «ՈՂ թվ. »: Չունի ուրիշ արձանագրութիւն: Հարաւային կողմում կան ամփոփեալներ:

Մենաստանս իւր արեւմտեան կողմում (խիստ մօտ) ունի երկու թաղակապ սենեակ, մէկի մուտքի սեմին վերայ. «Թիւ ՌՃԿԴ յիշատակ է այս օթաղս Եղիա վարդապետին»: Միաբանութեան սենեակներն, որ գտնւում են հիւսիս-արեւելեան կողմում (մի քանի քայլ հեռի), արդէն կիսաւեր են:

Ամէնափրկիչ մատուռ, որ մօտ է վանքիս եւ շինուած քարուկիր, աւազանի արեւելեան խաչի վերայ. «Խաչս Հիւրիա ապաշխարողին»: Սորա դրան առաջ. «Այս է հանգիստ Հիւրեղ տատին, աղաչեցէք. թվ. ՌԿԲ»:

Կարմիր եղցի. գտնւում է գիւղից վերեւ Ինջայի ձախ կողմի լանջի վերայ. աւերակ եկեղեցի, որ շինուած է եղել երկյարկ, այժմ մնում է միայն գետնայարկն, որ ծառայած է լանջը հարթելու: Աւերակիս մօտ կայ գիւղատեղի եւ հանգստարան, որի մէջ մի մամռապատ քարի վերայ. «Այս է տապան Առուսի որդի ՌԱ (թուին)»:

ԴԱՏԻ-ԲԷԿԱՆՑ ՎԱՆՔ.

  Կիսաւեր վանքս գտնւում է Կիւլստան գիւղից ներքեւ Ինջա գետի աջ կողմում: Մենաստանիս մօտ կան միաբանից սենեակներ եւ հանգստարան:

 

Զաքին նահատակ. Աւերակ վանքիս հիւսիսային կողմում, Պարանպատ անուն անտառում, Ինջայի ձախ կողմում կայ գիւղատեղի, հանգստարան եւ կիսակործան մի փոքր եկեղեցի Զաքին նահատակ անուն:

Հին-Խրխափոր գիւղ. հիմնուած է Կիւլստան եւ Նոր-Խրխափոր գիւղերի միջեւ մի հովտում. ուր այժմ երեւում են գիւղի աւերակն, թթենի, ծիրանի, տանձի եւ խնձորի ծառերն եւ պարտէզներն. իսկ ձորի արեւելեան կողմում` փոքր եկեղեցին եւ հանգստարանն:

Բ. ՆՈՐ-ԽՐԽԱՓՈՐ. Հիմնուած է Սեւ-գետակի (Ղարաչայ) աջ կողմում, Գեօրգին սարի ստորոտում, մի գեղեցիկ դաշտակի հարաւային ծայրում. բնակիչք մի քանի տարի առաջ տեղափոխուած են Հին-Խորխափորից. հողն բէկական, (մելիքապատկան) ջրարբի եւ բազմարդիւն, բացի սովորական բերքերից` ընտիր տանձ, խնձոր, մետաքս եւ բամբակ. օդն եւ կլիման փոքր-ինչ տաք ամրան, ջուրն պատուական. եկեղեցին` նորաշէն, կիսատ, կառուցեալ չորս սիւների վերայ. որ ունի երկու դուռն` հարաւային եւ արեւմտեան, վեց լուսամուտ, 16 մետր 56 սանթիմ երկարութիւն եւ 11 մետր լայնութիւն: Շինւում է Մէլիք-Բէկլարեանց Թալիշ-բէկի ծախքով եւ բնակչաց աշխատութեամբ. քահանայ մի:

Եկեղեցիս ունի մի պատկերազարդ գրչագիր, փոքրադիր աւետարան, գրուած թղթի վերայ, գողացած են յիշատակարանը վասնորոյ անյայտ է գրողն, թուականն եւ տեղն. միայն գրուած է Մատթէոսի վերջումն. «Ստացող սուրբ աւետարանիս Շիրվանայ Հինզարցի Մելքումն եւ եղբարք Ապրիսն, Փիրպուտաղն»: Իսկ Մարկոսի վերջում յիշուած են նոյն Մելքումի բոլոր ազգակիցների անուններն յականէ յանուանէ: Ծուխ 21, ար. 88, իգ. 88:

Աղբիւր. Որովհետեւ եղած չէ գիւղումս աղբիւր կամ պատուական ջուր, այս պատճառաւ աւագ-սարկաւագուհին համետափայլ Փեփրոնէ կոյս Խուբեանց Մէլիք-Բէկլարեանցն` իւր սեփական ծախքով վերի սարիցն խեցեղէն խողովակներով շէնս բերել տուած է պատուական ջուր, որը եւ երկուբաժին անելով` մի մասը հանած է եկեղեցուս մօտ հասարակութեան համար եւ միւս մասը` մեծ. Թալիշ-բէկ Մէլիք-Բէկլարեանցի բակն: Եկեղեցու մասին աղբիւրի շինութեան վերայ փորագրուած է. «Ես կոյս աւագ սարկաւագուհի Փեփրոնեայ Խուբեանցս Մէլիք Բէկլարեանց Խարխափութ (Խրխափոր) գեղջ աղբիւրն կառուցի իմով արդեամբ ի յիշատակ իմ եւ հանգուցեալ ծնողացս եւ քերց եւ եղբարց իմոց 1-ն մարտի 1893 թ»:

Երկու արձաններ. Կիւլստանից մինչեւ Նոր-Խրխափոր բարեպաշտ ոմն հարթելով պատրաստած է կառքի ճանապարհ: Մի արձան կանգնած է Խաչ-կեադուկի [29] մօտ եւ միւսն` Հին եւ Նոր-Խրխափորի միջեւ: Վերջին արձանագրութիւնը. «1890 ամի ի 1-ն մայիսի ճանապարհս շինեց Գրիգոր Մէլիք-Բէկլարեան իւր հօր Բէկլար Ֆրիդօնեան Մէլիք-Բէկլարեանցի յիշատակին: Այս յիշատակի յարգողը թող ապագայում նորոգի գիրս»:

Աւերակ վանք.

Կողեր անուանեալ տեղում կայ մի աւերակ վանք, որից մնացած են միայն արեւմտեան պատն եւ հիմքերն, այստեղ կայ եւ հին հանգստարան:

Գ. ՂԱՐԱ-ՉԻՆԱՐ կամ Աղջա-Ղալա. Հիմնուած է Սեւ գետակի աջ կողմում. բնակիչք բնիկ, հողն բէկական, ամէնայն ինչ նոյն, երկար կեանք 65-70. եկեղեցին Սուրբ Յովհաննէս, նորաշէն, կառուցեալ չորս սիւների վերայ. քահանայ մի, կայ արքունի ուսումնարան: Ծուխ 120, ար. 405, իգ. 400:

Դ. ՆՈՐԱՇԷՆ ԳԻՒՂ. Հիմնեալ նոյն գետակի աջ կողմում, բնակիչք բնիկ, հողն բէկական, ամէնայն ինչ նոյն, եկեղեցին Սուրբ Մինաս, ձեղունն փայտաշէն, քահանայ մի: Ծուխ 38, ար. 223, իգ. 200:

Ե. ՂԱՀՏՈՒԹ կամ ԶԷՅՈՒԱ ԳԻՒՂ. Հիմնուած նոյն գետակի ձախ կողմում, բնակիչք բնիկ, հողն բէկական, ամէնայն ինչ նոյն, չունին եկեղեցի, զի խիստ մօտ է Ղարա-Չինարին. քահանան գալիս է Նորաշէնից: Ծուխ 11, ար. 45, իգ. 42:

Զ. ՆԵՐՔԻՆ-ՇԷՆ. Հիմնուած է նոյն դաշտակի վերի ծայրումն եւ նոյն գետակի ափի վերայ մի սարի ստորոտում. բնակիչք բնիկ, հողն բէկական [30] կիսով չափ ջրարբի, ամէնայն ինչ նոյն, օդն, կլիման եւ ջուրն անվնաս, երկար կեանք 80, եկեղեցին Սուրբ Աստուածածին, հոյակապ կառուցեալ վեց սիւների վերայ, բայց սագաշէն եւ ցած, խորանի հիւսիսային կամարի վերայ. «Եկեղեցիս անուանեցաւ Սուրբ Աստուածածին թվ. ՌՃԽԶ»: Երկարութիւնն 20 մետր, լայնութիւնն 9 մետր 5 սանթիմ, ճաքած է արեւելեան պատն:

 

Եկեղեցուս դրան ճակատակալ քարի վերայ.

«Աստուած ողորմի Գօրեցի Գօրգինի որդի Տաւթին, որ պատճառ եղեւ»: «Կամաւն Աստուծոյ սուրբ եկեղեցիս ձեռամբ տէր Եղիային յիշատակ իւր եւ ծնողացն հօրն Աթին եւ մօրն Հոռոմին եւ կողակցին եւ որդոցն տէր Դաւթին, Կոսդանտին, Ետկարին… տացութեամբ Շիրմազանի որդի Մելքումին…»: Քահանայ երեք:

 

Եկեղեցումս կայ երկու գրչագիր աւետարան:

Ա. աւետարան փոքրադիր, անճաշակ նախշերով, գրուած թղթի վերայ. գողացած են յիշատակարանը, վասն որոյ անյայտ է գրողն, թուականն եւ տեղն: Մարկոսի վերջում միայն յայտնի է նախ` որ Յովհաննէս անուն միայնակեաց ստացած է աւետարանս իւր Յովասափ հարազատ եղբօր հետ: Երկրորդ անգամ ստացած են նոյն աւետարանը այլ հարազատ եղբարք Յունան եւ Դաւիթ թւ. ՌՁԷ-ին:

Բ. աւետարան «Գրեցաւ սուրբ աւետարանս ի յերկիրս Որոտան, ի գիւղն` որ կոչի Լոր ձեռամբ անիմաստ եւ անարժան Աբրահամ գրչի ՌՃԻԷ ամի». Աւետարանս չունի ոչ պատկեր եւ ոչ յիշատակարան: Ծուխ 105, ար. 481, իգ. 372:

Իրեք Մանկունք. Աւերակ վանքս, որի միայն կանգուն են արեւմտեան եւ հիւսիսային պատերն, գտնւում է գիւղիս հարաւային կողմում, նոյն գետակի աջ կողմում` շինուած մի սեռի վերայ, որի երկու կողմերն ձորեր են: Չունի արձանագրութիւն, միայն աւանդութեամբ են ասում Իրեք (երեք) մանկունք: Վանքիցս վար, ձորի մօտ կայ Լիտր անուն հին գիւղատեղի, հանգստարան եւ երեք քարեայ խաչեր:

  Անջուր կամուրջ. Ներքի եւ Վերի շէների միջեւ կայ մի հնաշէն եւ քարուկիր կամուրջ Սեւ գետակի վերայ: Գետակն փոխած է իւր ընթացքը դէպի հիւսիս եւ անջուր մնացած է կամուրջն:

Է. Վերի-Շէն. Հիմնուած է նոյն հովտի վերայ միեւնոյն գետակի ձախ ափումն. բնակիչք բնիկ, հողն բէկական, լեռնային, հացաբեր. տեղական բերքերն նոյն. գիւղն շրջապատուած լեռներով, անվնաս օդն, կլիման եւ ջուրն. երկար կեանք 80, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ երեք կամարների վերայ. երկարութիւնն 19 մետր 50 սանթիմ, լայնութիւն 10 մետր 80 սանթիմ: Հիւսիսային խորանի գլխին կայ գաղտնի պահարան: Քահանան գալիս է Ներքին-շէնից:

Եկեղեցումս կայ մի գրչագիր, մագաղաթեայ աւետարան, որ ունի միայն չորս աւետարանչաց պատկերներ եւ փոքր դիրք: Գեղեցիկ են փոքր գրերն, բայց անճաշակ եւ անոճ բոլոր գլխա-  գրերն, նախշերն, ծաղիկներն եւ նոյն իսկ պատկերներն. գրողն է Սարգիս անուն ոմն: Յիշատակարանից «Ի ժամանակիս յայսմիկ, որ վասն ծովացեալ մեղաց մերոց ի վտանգի կայր ազգն քրիստոնէից ի ազգէն անորինաց եւ էր թուականն Հայոց ՋԽԲ. եւ ողիմբիաթն, որ է նահանջ` ՄԼ եւ ղանութիւն Հասան բէկին, որ գնաց յաշխարհն Հոռոմոց եւ ազգի-ազգի չարութիւն հասոյց ի հետ ազգին տաճկաց եւ ի կաթուղիկոսութեան Հայոց տէր Ռաստակէսի Գ-ի եւ հայրապետութեան սուրբ ուխտին Գետամիջոյ տէր Սարգսի եւ փակակալութեան տեղւոյն Յովհաննէս կոյսակրաւն աբեղայի: Բայց արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի գաւառիս Խաչենաձորոյ, ընդ հովանեաւ սուրբ Ստեփաննոսի, սուրբ սքանչելագործ Նշանիս [31] Սուրբ Սարգսի եւ ի տէրութեան տեղւոյս պարոն Վէլիջանին, զոր Տէր Աստուած ընդ երկայն աւուրս արասցէ: Արդ, գրեցաւ սուրբ աւետարանս յաւրինակէ տեառն Եփրեմի Խուրին Ասորոյ համարաւ եւ կիտիւ եւ բանիւ եւ նշանագրով… ի խնդրոյ արքեպիսկոպոսի, որ վառեալ ջահ է եկեղեցւոյ… Պարոն Տէր: Թողութիւն արարէք եղանակիս, որ գրուեցաւ. անձրեւ խիստ եւ տեղիքս գէճ եւ հողս ջրքաշ եւ ես մենակ»: Շարայարուած է յետոյ.

«Կազմեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ Քարթմանկեցի (Գարդմանցի) Արիստակէս երիցու որդի Վարդան քահանային ՌՃՂԸ»: Ապա գրուած է ի միջի այլոց. «Ես Վերին Շէնի տանուտէր Յարութիւնս առի (գնեցի) զայս Քրիստոսի սուրբ աւետարանս ի անօրինաց ձեռքէն, իբր թէ գերի անկեալ թափեցի»: Ծուխ 91, ար. 524, իգ. 454:

ՄԷԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ.

  Գիւղումս բնակում է Բէկլար-բէկ Մէլիք-Շահնազարեանց Շահփուրեանցն, որի նախնիքն եւս Մեծ-Մազրա գիւղից փոխադրուած են Արցախ, նախ բնակութիւն հաստատած Աւետարանոց աւանում, ապա Շուշում, ապա Թիփլիզում եւ հուսկ յետոյ գիւղումս: Մէլիք-Շահնազարեանների այս ճիւղի պատմութիւնն անյայտ մնացած է գրականութեան. վասն որոյ զետեղում են այստեղ հետեւեալ վաւերաթղթերը իբրեւ նիւթ ապագայ պատմութեան:

Ա. «Վկայական. 1860 ամի մայիսի 3-ին Առուստամ բէկ Բապայբէկեան Մէլիք Շահնազարեանց Շահփուրեանց, որոյ նախնիքն եղեալ են բնակիչք Գեղարքունւոյ (այլ ազգ. Գեօգչայու) բնակելով ի Ղարաբաղ ի ժամանակի նախկին տիրապետող կողմանս խանաց [32] շահեալ է ամէնայն արտօնութեամբք եւ իրաւամբ յարգելի եւ մեծապատիւ բէկացն Ղարաբաղու` լինելով ՚ի շարս մեծարգոյ Հայոց իշխանաց, ունեցեալ է ընդ տիրապետութեամբ իւրով զստրուկս բնակեալս ի գեղջն Մազրայ Գեօգչայ գաւառի Զարզբիլ [33] մերձ Նախիջեւանայ, ընծայեալ ծնողաց նորա ՚ի պարսից շահացն, առ որ յիշեալ Առըստամ բէկն ունի զհրովարտակս ՚ի Շահ Ապասէն յանուն հաւու հօրն իւրոյ Մէլիք Եաւրուն Մէլիք Շահնազար Շահփուրեանին Գեղարքունւոյ (Գեօգչայու): Ազգն Առուստամբէկին եւ ի ներկայ ժամանակիս նոյն շահի յարգելի բէկական իրաւամբք եւ արտօնութեամբք. Առուստամ բէկն այժմ եւս գտանի ընդ որդւոց իւրոց ի շարս Ղարաբաղու բէկաց եւ ունի հրովարտակս ի Շահ Ապասէն շնորհեալ նախնեաց նորա եւ զվկայականս ի տիրապետող խանացն Ղարաբաղու եւ յարգելի աղալարաց վասն մեծապատիւ բէկական իրաւանց իւրոց եւ վասն ծագման նորա յազգէն Մէլիք Շահնազարայ Շափուրեանց Գեղարքունւոյ (Գեօգչայու): Ի ճշմարտութիւն վերագրելոցն տուեալ եղեւ այժմ եւս մեօք այս վկայութիւն որդւոց նորա մեծապատիւ Ասլան բէկին եւ Բէկլար բէկին Մէլիք Շահնազար Շահփուրեանց ի հետեւումն պահանջման նոցա»:

  Ստորագրուած են

Մուսայէլ Դօլուխանեանց, Սարգիս-բէկ Մուսայէլբէկեան Մէլիք-Շահնազարեանց,

Սարգիս Բաղրբէկեան Մէլիք-Շահնազարեանց, Օվանէս-բէկ Իսրայէլբէկեան,,

Բ. «Վկայական. Ըստ հրամանի Նորին Կայսերական մեծութեան ինքնակալին ամէնայն Ռուսաց տուաւ այս ի Լուսաւորչական Հայոց կանսիստորիէս Ղարաբաղու համաձայն օրագրական սահմանադրութեան Նորին կայացելոյ յ3-դ աւուր փետրվարի 1861 ամի հիմնեցելոյ ի վերայ խնդրագործութեան բնակչի Շուշուայ գաւառի Ջրաբերդ գաւառակի Վերին Շէն գեղջ Ասլան բէկի Ռուստամբէկեան Մէլիք-Շահնազար-Շահֆուրեանց վասն այն, թէ արդէն երեւի ՚ի հաւաքեալ օրինաւոր եղանակաւ հաւաստութեանց` ազգապետ սերնդոց նորա է Մէլիք Շահնազար Շահֆուրն, յորմէ ծնեալ են Մէլիք Եավրին եւ Եաւրի աղայն, ի Մէլիք Եավրիէն ծնեալ է Մէլիք Աստուածատուր, յորմէ ծնեալ են Միր-Դաւիթ-խան եւ Բապայ բէկն, ի Եավրի աղայէն ծնեալ է Նաղտի բէկն, յորմէ եւ ծնեալ է Միանսար բէկն, ի Բապայ բէկէն ծնեալ են Ռուստամ բէկն եւ Առուշան բէկն, ի Ռուստամ բէկէն ծնեալ են Ասլան-բէկն եւ Բէկլար բէկն, յԱսլան բէկէն ծնեալ են Միրզաջան բէկը եւ Բալայ բէկն եւ ի Բէկլար [34] բէկէն ծնեալ են Բալասան բէկն եւ Սերկէյ բէկն: Ստուգութեան որոյ վկայէ Լուսաւորչական Հայոց վիճակային Կոնսիստորիայն Ղարաբաղու ստորագրութեամբ եւ դրոշմամբ արքունի կնքոյ, ի 19 Ապրիլի 1861 ամի ՚ի ք. Շուշի:

Անդամ Կանսիստորիայի Տէր Իսրայէլով. N 871 Քարտուղար Մէլիք Շահնազարեանց»:

  Մի հաստ եւ հին թղթի վերայ վիմագրուած է Միր-Դաւիթ-խանի պատկերն` Պարսից Շահիցն շնորհուած տիտղոսի ժապաւէնով եւ պարսկական աստղանիշ շքանշանով. Պատկերի տակ վիմագրուած է. «Միր Դաւիթ խան Ծատուրեան ի տանէ Մէլիք Շահնազարեանց Մազրայի. ասպէտ առաջին աստիճանի կարգացն Արեգական առիւծոյ պարսից Արքային, եւն. երբեմն դեսպան ՚ի կողմանէ նոյն արքայէ առ թագաւոր Փռանցըու 1816 թուին»: Տպուած է նաեւ նոյնի գաղղիերէն թարգմանածն:

Քարահունջ աւերակ կամ Բալլու ղայա կոչուած տեղում, որ գիւղիցս վերեւ է, կայ գիւղատեղի, հանգստարան եւ մի փոքր եկեղեցու աւերակ, որից մնում են տակաւին չորս պատերն եւ խորանի թաղն:

Հին-Պարիս աւերակ գիւղատեղի, հանգստարան եւ եկեղեցի, որ գտնւում են այս սարի գըլխին, որ արձանացած է Ներքին եւ Վերին շէների եւ Նոր-Պարիս գիւղի մէջ եւ կոչւում է Շամփրապտուկ: Այժմ աւերակ գիւղումս բնակում են մալականներ:

Գիւղիս մօտ կայ մի ուխտատեղի, որը անուանում են Նահատակ:

Ը. ՆՈՐ-ՊԱՐԻՍ գիւղն շատ հեռի չէ մալականներիցն, բնակիչք տեղափոխուած են Հին-Պարիսից, հողն բէկական, ջրարբի եւ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, գերազանց օդն, կլիման եւ ջուրն, տակաւին չունին եկեղեցի. քահանայ մի: Ծուխ 38, ար. 191, իգ. 165:

Թ. ԷՐՔԱՋ ԳԻՒՂ. Հիմնուած է մի խոր եւ հորիզոնն նեղ ձորի մէջ, որի արեւելեան, հարաւային եւ հիւսիսային կողմերն բարձր լեռներ են, բնակիչք բնիկ, որք մէլիքների հետ գնացած են բնակելու Բօլնիս եւ յետոյ վերադարձած այս տեղ. հողն բէկական, կիսով չափ ջրարբի, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման եւ ջուրն գերազանց, երկար կեանք 115 տարի. եկեղեցին Սուրբ Սարգիս, հոյակապ, բարձրաշէն, կառուցեալ վեց սիւների վերայ (երկուսն միապաղաղ) երկարութիւնն 21 մետր 70 սանթիմ, լայնութիւնն 14 մետր 60 սանթիմ. դրան ճակատակալ քարի վերայ. «…մէ յիշատակ թվն ՌՃԿԵ»: Աւազանին կողմին մօտ փոքր խորանի ճակատին մի նրբագործ խաչքարի վերայ. «թվ. ՉԹ ես Ակոբ կանգնեցի զխաչս Սարգիսա եւ կամ ամէն ծնողաց մերոց, Աստուած ողորմի»: Եկեղեցուս արեւմտեան պատին մօտ արտաքուստ. մի տապանաքարի վերայ. «Թվ. ՌՄԿԶ որ է Պօլնուսու գալն (վերադարձն) մայիսի Ի (20). Քրիստոսի ծառայ տէր Դանիէլ»: Քահանայ երկու:

Գիւղիս արեւմտեան ստորոտի խոր ձորով հոսում է Փոքր-Կուրակ անուն վտակ, որ է օժանդակ [35] Կուրակ գետակին: Գիւղիս բարեկ. Սարգիս քահանայ Տէր-Սարգսեանցի մօտ կայ.

  Ա. Մի օրինակ գրչագիր, փոքրադիր, Ընդհանրական` գրուած թղթի վերայ, որի մէջ է Յակոբոսի, Յովհաննու եւ Յուդայի առաքելոց թղթերն. (անյայտացած է յիշատակարանն):

Բ. Բացատրութիւն հայոց ամիսների, որպէս են նաւասարդ, հոռի եւն:

Գ. Մարմնախաղութիւն եւ երազահան:

Դ. Բացատրութիւն յատուկ եւ հասարակ անուանց:

Ե. «Թարգմանութիւն ի պարսիկ բառից» եւ ընդօրինակութիւն «ի գրոցն Վարդանայ աշխարհագրի»:

Զ. Խրատ Պլուտարքոսի, անյայտ է գրողների անուններն:

Հարկ է յայտնել, որ «Պաղդասար» անուն ոմն հեղինակից գովասանական ոտանաւորներ են պարունակում Ս. Լուսաւորչի, Հռիփսիմեանց եւ Տրդատ թագաւորի մասին Բ. ձեռագրումն: Ծուխ 78, ար. 384, իգ. 364:

Ժ. ԲՕԶԼՈԽ ՇԷՆ. Հիմնուած է Էրքաջից վերեւ Կուրակի նոյն օժանդակի ձախ ափի բարձրութեան վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական եւ անջրդի, բայց հացատու, տեղական բերքերն նոյն (չունին պարտէզ եւ այգի), եկեղեցին Սուրբ Մինաս, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Նոր-Պարիսից: Ծուխ 15, ար. 80, իգ. 70:

Սուրբ Մինաս. ուխտատեղի. գիւղիցս վերեւ նոյն, օժանդակի աջ կողմում, մի հին քարուկիր փոքր եկեղեցի է սուրբ Մինաս անուն, որի մօտ կան աւերակ գիւղ եւ հանգստարան:

ԺԱ. ՄԱՆԱՇԻԹ կամ Մանուշ շէն. Հիմնուած է Բօզլուխից ներքեւ նոյն օժանդակի ձախ կողմի բարձրութեան վերայ, բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, սակայն արդիւնաւէտ. տեսարանն գովելի, օդն, կլիման եւ ջուրն պատուական, երկար կեանք 110. եկեղեցին նոր են սկսում շինել. քահանան նոյն: Ծուխ 35, ար. 218, իգ. 141:

Նահատակ. Գիւղիս արեւելեան կողմում ընկուզի ծառերի տակ մի մատուռ է Նահատակ անուն, որի մէջ կայ մի գերեզման, բայց տապանաքարի վերայ չկայ արձանագրութիւն:

Թեօդան աւերակ, գիւղատեղի է, որ գտնւում է Ղարա-Բուլաղ գիւղն տանող ճանապարհի վերայ, մի ձորակի հիւսիսահայեաց լանջի վերայ: Քարուկիր եւ սրբատաշ քարով շինուած է եկեղեցին, որի գլուխն խոնարհուած է: Հարաւային կողմի փոքր խորանի վերայ. «Ժամանակս Շահ Սեփին, խանութիւն Մուրթուզա Ղուլի խանին Թահուլդ կաթուղիկոս Գանձասարայ տէր Գրիգորին թվ. Ռ»:

Այլ քարի վերայ. «Կամաւն աստուծոյ ես տէր Եղիշէս շինեցի սուրբ եկեղեցիս յիշատակ հոգւոյ իմոյ, կողակցին, Եկաղին, որդիքն Ատի բէկին, Նկեղ»:

Թեօդանի մատուռ, աւերակիցս փոքր-ինչ վերեւ կայ մի քարուկիր հին մատուռ, որ ունի 5 մետր 18 սանթիմ երկարութիւն եւ 4 մետր 5 սանթիմ լայնութիւն, սակայն չունի արձանագրութիւն: Արտաքուստ դրան հիւսիսային կողմում պատին յենած է քարեայ մի հին խաչ, որի երկարութիւնն է 2 մետր 35 սանթիմ, եւ լայնութիւնն 1 մետր 5 սանթիմ. եւ որի ստորոտում քանդակուած է. «Ի թուին ՉԾԷ (1308) ես Գրիգոր ու Պապաք կանգնեցաք զխաչս ի բարեխաւսութիւն ծնողաց մերոց ԷՂ որ…»: Մատուռս նորոգած են մանաւշէցիք. «Սուրբ եկեղեցիս Մանուշեցի շինողք են Ղեւոնդ, Աւետիս, Սահակ, Գրիգոր, Դանիէլ, Սարգիս Ալիքսանեանց 1890 ամի»: Ուխտատեղի է մատուռս, որի շրջապատն մեծ հանգստարան է, սակայն անարձանագիր են քարերն:

ԺԲ. ՀԻՆ-ՂԱՐԱ-ԲՈՒԼԱՂ ԳԻՒՂ. Հիմնուած է մի հիւսիսահայեաց լանջի վերայ, որի ստորոտով հոսում է Կուրակ գետակի աջ կողմի երկրորդ օժանդակն եւ փոքր-ինչ յետոյ միանում նոյն գետակի հետ: Բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 100, եկեղեցին Սուրբ Աստուածածին, հոյակապ, կառուցեալ վեց սիւների վերայ, երկարութիւն 22 մետր 25 սանթիմ, լայնութիւն 12 մետր 36 սանթիմ. քահանայ մի:

Արեւմտեան դրան ճակատակալ քարի վերայ.

«Շնորհօք ամէնակալին մեք Ղարաբուլաղի ժողովուրդս մեծ եւ փոքր շինեցինք սուրբ եկեղեցիս յիշատակ հոգոց մերոց եւ ամէնայն ննջեցելոց ի հայրապետութեան տեառն Պետրոսի (Աղուանից) ի թագաւորութեան Պարսից Շահ Սիւլէմանի խանութեան երկրիս Ուղուրլու խանին եւ պարոնութեան գեղիս Ֆարզալի բէկին, տարուղէն (հարկահան) Մուրթուզա Ղուլին, տանուտէր տէր Սիմէօն, տէր Յակովբ, տէր Ազարիէն, տէր Դաւիթ, Գրիգոր, Ազարիա, Շահնազար, Սարուի Աւան, որ ջերմեռանդ սիրով աշխատեցին. ես մեղիդիւթ էրեցս [36] գրեցի թուին ՌՃԻԵ. որ կարդաք, մէկ բերան ողորմի ասէք ամէն»:

Արձանագրութեանս աջ ու ձախ կողմերում.

«Սուրբ խաչս բարեխօս Շահնազարին»: «Ես Խօճա Անտոնս սակաւ օգնական եղէ սուրբ եկեղեցուս վարձուն յիշատակ ինձ եւ կողակցին Մարիանին եւ որդոցն Գասպարին, Մելքումին»: «Ես Սիմէօն անարժան էրեցս կանգնեցի զսուրբ խաչս եւ սակաւ աշխատեցի ի վերայ սուրբ եկեղեցոյս…»: Ծուխ 36, ար. 149, իգ. 147:

Կրակի դիմացող քարահանք -??? գտնւում է գիւղիս արեւելեան կողմում խիստ մօտիկ: Հանքիցս հանուած եւ Բագու տարուած քարերն գործադրւում են կրակով գործող մեքենաների վառարանների համար:

Հին եկեղեցի քարուկիր, միջակ մեծութեամբ, որ գտնւում է գիւղիս վերի ծայրում ընկուզենի ծառոց հարթակի վերայ, ունի միայն մի փոքր խորան հիւսիսային կողմում եւ մի աւագ խորան:

  Անապատ. այսպէս է անուանում ժողովուրդն այն քարուկիր մատուռը, որ կայ հին եկեղեցու հիւսիսային կողմում խիստ մօտ: Մատրանս մէջ կայ մի հանգիստ, որի տապանաքարն չունի արձանագրութիւն. հետեւապէս անյայտ է մեզ ամփոփեալս: Մատրանս եւ հին եկեղեցու միջավայրն ամբողջապէս հին ամփոփեալներ են:

Բրտի շինի եղցին. Գիւղիս արեւմտեան հանդէպ վտակի ձախ ափի բարձրութեան վերայ կայ աւերակ գիւղատեղի եւ մի միջակ եկեղեցի: Այժմ ոչ ոք չէ բնակւում այստեղ. բայց կանգուն մնացած է եկեղեցին:

  Միջի վանք

Այսպէս է կոչւում այն եկեղեցին, որ շինուած է հին Ղարաբուլաղից վերեւ նոյն օժանդակի աջ կողմում: Եկեղեցիս շինուած է միայն մի կամարի վերայ, որի վերնամասն քանդուած եւ եկեղեցին ճաքած է արեւելքից արեւմուտք ուղղութեամբ. խախտուած է եւ բեմն: Շատ ջանացինք գտնել արձանագրութիւն, սակայն չգտանք, միայն գտանք մի խաչքարի վերայ. «Այս խաչս է Կոսին» եւ այլ կիսատ խաչքարի վերայ. «Այս սուրբ խաչս է տէր Առաքելին Աստուծոյ»: Եկեղեցուս մօտ կայ ընդարձակ գիւղատեղի եւ սրբատաշ տապանաքարերով եւ նրբագործ խաչարձաններով նշանաւոր հանգստարան, որի մէջ ամփոփուած են եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ եւ ժողովուրդ: Զմայլում է մարդ գեղեցկաքանդակ շիրմաքարերը տեսնելով:

Երի վանք (վերին վանք)

Միջի վանքից բաւական վերեւ վտակի ձախ ափում կառուցեալ է երկու կամարների վերայ մի քարուկիր տաճար, որ ունի մեծ եւ փոքր խորաններ, աւազան, լուսամուտներ եւ մի դուռն հարաւային կողմից: Երկարութիւն 17 մետր 35 սանթիմ, լայնութիւն 8 մետր: Հիւսիսային որմի վերջին կամարի տակ. «թվ. ՉԻ Ես Տաւտար որդի Ջանասի կանգնեցի զխաչս ինձ եւ եղբաւր իմոյ»: Տաճարիս մէջ տեղում ամփոփուած է մի պատուաւոր ննջեցեալ, որի տապանաքարի վերայ փորագրուած է. «Այս է հանգիստ Սուրբ Գրիգորոյ Գանձակայ եպիսկոպոսին»: Անվնաս մնում է տաճարս, միայն թէ գլխին բուսած են ծառեր, որք կարող են վնասել հետզհետէ մեծանալով: Այստեղ կայ եւս գիւղատեղի վտակի ձախ հովտի վերայ եւ փոքր-ինչ վերեւ` հանգստարան

ԱԼՀԱՐԱԿ ԼՃԱԿ (38)

Մղոնաչափ է Երի-վանքից մինչեւ լճակս, որ տաճկերէն կոչւում է Գեօգ-գեօլ եւ որ շրջապատուած է անտառախիտ լեռներով: Լերանց մէջ ամէնաբարձրն է Կեփաս [37] (ըստ Տաճկ. Քեափազ) անուանած ապառաժ սարն, որ հպարտօրէն արձանացած է լճակի արեւելեան հարաւային կողմում: Սարիս լանջերի դժուարատար տեղերում հօրաններով ճարակում են քօշեր: Լճակս բաժանուած է երկու մասի, վերնամասն կոչւում է «Ըստծու ծով» (Աստուծոյ ծով): Լճակիս մակերեւոյթի խորանարդ տարածութիւնն է 54 օրավարաչափ (դեսեատին):

  Լճակիցս, որի շրջապատում տեղ-տեղ դիզուած են ահագին քարեր, ելնում են ընդհանրապէս երեք տեսակ ձկներ.

Ա. տեսակն, որ ազնիւ է միւսներից, որոշւում է իւր սպիտակութեամբ եւ կարմիր ու սեւ բծերով:

Բ. տեսակն եւս ունի սպիտակ գոյն, բայց ունի միայն սեւ բծեր:

Գ. տեսակն ունի սեւ գոյն եւ միայն սեւ ու մեծ-մեծ բծեր: Բացի հիւսիսային կողմից ելած ձկներից ազնիւ եւ համեղ են միւս բոլոր կողմերից հանուած ձկներն:

Կոսի կալ

Միջի վանքի արեւմտեան հանդէպ վտակի ձախ կողմի բարձրութեան վերայ մի գեղեցիկ սարահարթում կայ գիւղատեղի, հանգստարան եւ փոքր եկեղեցի: Խորանի հարաւային կողմի կամարի վերայ մի խաչքարի ստորոտում. «Թվն. ՈՀԹ է…. [38] աստուած ողորմի Սարգսին»: Եկեղեցուս հարաւային կողմում հանգստարանի մէջ. «Ամփերին Մելիցքու Բուրխտ թվին Ռ»: Բոլոր հին եկեղեցիներս խոզանոց արած են Գետաշէնի խոզարածներն: Պատիւ է բերում Գետաշէնցւոց…

  ԺԳ. ՆՈՐ-ՂԱՐԱ-ԲՈՒԼԱՂ ՇԷՆ.

Հիմնուած է շէնս Հին-Ղարա-Բուլաղից փոքր-ինչ ներքեւ նոյն օժանդակի աջ կողմում. բնակիչք տեղափոխուած են Խաչակապ, Բանանց եւ Փիբ գիւղերից, որք նախ գնած են Պաւլի-խան հայ բէկիցն շինատեղի եւ անդի հողերը, շինած բնակարաններ եւ ապա բնակած այստեղ: Տակաւին չունին եկեղեցի: Ծուխ 25, ար. 60, իգ. 55:

Նորաշէն կամ Ենիջայ աւերակ գիւղատեղի, եկեղեցի եւ հանգստարան, որ գտնւում է շինիցս ներքեւ

ԲԵՐԴ ՄԷԼԻՔ-ԲԷԿԼԱՐԵԱՆՆԵՐԻ.

  Չորս կողմերից առանձնացած, վիմահերձ սեպաձեւ բարձրացած եւ դէպի արեւելք երկարած մի բարձրագոյն սար է, որ գտնւում է Կիւլստան գիւղից վերեւ: Ինջա գետակն նախ հոսում էր բերդիս արեւմտեան կողմով, ապա հիւսիսային եւ ապա հիւսիսային ստորոտով եւ ապա դառնում դէպի արեւելք, վասնորոյ գրեթէ թերակղզի ձեւացած է բերդասարս, որի գլուխն բարձրանալու համար կայ մի դժուարատար եւ ոլոր մոլոր կածան, որ խիստ զառիվեր է: Բերդս ունի կրկնապարիսպ, արտաքինն սարի կիսով` արեւելքից արեւմուտք. իսկ երկրորդն` սարի գագաթի եզերքներով, որ աւելի բրգաշատ է եւ անմատչելի, կարող ենք ասել, եւ անառիկ: Բերդիս երկարութիւնն է 230 մետր, լայնութիւնն 20 մ, պարսպի հաստութիւնն 80 սանթիմետրից մինչեւ 1, 5 մետր: Բերդիս հիւսիսային կողմում կայ աւերակ եկեղեցի եւ շատ աւերակ տնատեղեր: Բայց տակաւին կանգուն մնում են Մէլիք-Յովսէփի ապարանն, որ հիմնուած է բերդի հարաւային կողմում մուտքի աջ ու ձախ անկիւններում: Բերդս ունի երկու դուռն, որից մեծն հարաւային կողմից, իսկ փոքրն հիւսիսային կողմից, որ անգործածելի է: Ապարանն բաղկացած է երկու մասից` արեւելեան եւ արեւ-  մտեան, խոնարհուած են երկոցունց ծածքերն եւս, բայց տակաւին մնում են պաշտելի հնութիւններն:

Բայց որովհետեւ խմելու ջուր չկայ բերդումս, վասն որոյ բերդի վերի կողմից մօտ արեւմտեան հիւսիսային կողմից մինչեւ գետակն շինուած է մի նշանաւոր, թաղակապ, քարուկիր եւ ստորերկրեայ ական իբրեւ ջրի ճանապարհ, որով ջուր փոխադրուած են բերդիս ջրամբարներն, որք գտնւում են ամրոցի վերի կողմին մօտ, հիւսիսային պարսպի մէջ: Այժմ գետակն քանդելով խորացրած է իւր յատակը եւ բարձր մնացած է ականի բերանն:

ՂԱԼԱՉԱ

Բերդիս հարաւային հանդէպ հարթակի վերայ կայ մի դղեակ, որը տեղական անուամբ կոչ-ւում է Ղալաչա: Դղեակս ամուր է եւ քառակուսի. չորս անկիւններում ունի չորս հաստատուն աշտարակ. իսկ հիւսիսային կողմից մի դուռն եւ ամէն կողմերից հրացան արձակելու ծակեր, 7, 5 մետր երկարութիւն, 7 մետր լայնութիւն, 4, 5 մ բարձրութիւն եւ 1 մ 28 սմ պարսպի հաստութիւն: Այս եւս պատկանում է Մէլիք-Բէկլարեաններին.

Դղեկիս շուրջն ընդարձակ, բայց աւերակ գիւղատեղի է, որն կարծես թէ քաղաք եղած լինի, տակաւին պարզ երեւում են քարուկիր եւ խիտ առ խիտ շինուած շատ տնաբակեր, փոքր-ինչ հեռուն ընդարձակ հանգստարան, բայց անարձանագիր: Դղեկիս հարթակի ստորոտում շինուած են եղել նշանաւոր բաղանիսներ. որք կիսաւեր դրութեան մէջ են:

ՉԱՓԱՐԻ ՂԱԼԱ.

Մռաւ սարից դէպի արեւելք կախուած մի դալարագեղ լանջի վերայ կայ հողաբերդ, որի արեւելեան կողմից հոսում է Ինջա գետակի աջ օժանդակն, որ եւ միանում է Ամէնափրկիչ վանքից ներքեւ` Ինջային: Բերդիս, որի շրջապատն պատած է թանձրախիտ անտառներով, ասում են, բազմիցս ապաւինած է ի հնումն Կիւլստանի հայ ժողովուրդն, մանաւանդ պատերազմների ժամանակ եւ ազատ մնացած թշնամուց:



[1] Նշանակում է Գայլ-Մէլիք:

[2] Ամրագիւլ եւ Քիւնի գիւղերից:

[3] Նախ եղած է մէլիքապատկան. չգիտենք ինչ պատճառաւ յետոյ փոխուած է արքունի:

[4] Անկասկած քարերս բերուած են հանգստարանիցն:

[5] Արքունի երկդասեան ուսումնարան կայ Կուսապատումն:

[6] Անձեռնմխելի թողինք սխալները:

[7] Նայելով գլխագրերի ձեւերին` կարծում ենք, որ Բարսեղ Ա հայրապետի օրով եղած է գնելն եւ ոչ թէ Բարսեղ Բ-ի, որ գահակալած է 1557-1562: [Բարսեղ Ա. Անեցին գահակալել է 1105-1113 թթ. ]

[8] Իմաստն է, (եդ նորայ եթէ այնուհետեւ եկիք իմ մօտ եւ ասացիք թէ Մէլքումն պէտք չէ մեզ եւն:

[9] Գուցէ « Ես Գրիգոր սնուցած տէր Ներսիսի »:

[10] Գետնայարկով դուրս հանուած է արտաքնոցի եւ խոհանոցի մնացեալ ոտքը:

[11] Աւանդաբար ասում են, թէ եղած է Մէլիք Իսրայէլեանների ձմերանոց ապարանն, իսկ Ինն-Մաս անապատի մօտինն` ամարանոց:

[12] Արցախեան բարբառի գլխաւոր յատկութիւններից մին եւս այն է, որ ինչ պարագայում ու տառերով սկսուած անունների առաջի Ու գիրը հնչում է իբր Օ. օրինակ ուռած-օռած, ուղտ-օղտ, ուրախ-օրախ, եւն: Ուռած բլուր-Օռած թափէ:

[13] Մեզ անյայտ պատճառաւ գտնուում է մի աշխարհականի տան:

[14] Ոճ լատինական, որ նշանակում է Զաւելի Մովսէսեան:

[15] Եղիշ-առաքեալի վանքից (Ջրվշտիկ):

[16] Երեւի թէ Մէլիք-Բէկլարեանների ցեղիցն է Մէլիք-Իսախանն:

[17] Հազարն արժէ մի րուբլի, ուրեմն տասնեւութ րուբլի ամէնն:

[18] Բնաւ շփոթելու չէ այս Մատաղիսը Խաչեն գաւառի Մատաղիս աւերակ գիւղի հետ:

[19] Թրղին կամ Թորաղա գետակս առած է իւր սկիզբը Մռաւի ամէնաբարձր գագաթի Գոմէշ (Կեամուշ-Սարի (որի բարձ. 12269) հարաւահայեաց լանջերից:

[20] Այս է ըստ Գաղտնիքի Ա. Ճըռ եւ ինքնակոչ կաթուղիկոսն, որ շինած է տաճարս ոչ ի փառս Աստուծոյ, այլ ի յագուրդ իւր անարգ փառասիրութեան, ի դաւաճանութիւն Աղուանից հարազատ կաթուղիկոսութեան, հակաթոռ Գանձասարի...:

[21] Ջրվշտիկ անունը` հաւանական է, որ վանքս ստացած լինի ջրիս այս զմայլելի ջրվէժիցն: Վանքս կոչուած է եւ Ներս-Միհրի վանք:

[22] Ժամանակի հանգամանքներից ստիպեալ ամրոցի ձեւ ստացած է Դալի-Մահրասայի սենեակս. լուսամուտներն ոչ եթէ իսկապէս լուսամուտներ են, այլ հրացան արձակելու տեղեր` նեղ ծակեր:

[23] Զարմանում է մարդ, թէ ինչպէ'ս բարձրացած են այս լեռնային մեծ-մեծ քարերը այստեղ:

[24] Կոչուած է նաեւ Չարաբերդ, Չրաբերդ, Ջերմուկի բերդ, ղալա: Բերդս խիստ հին է. տե'ս Մով. Կաղ., եր. 124 «հանդիպեցան յամրոցին Չարաբերդոյ»:

[25] Բերդիս հանդէպ Թարթառ եւ Թրղի գետախառնուրդի մէջ է Անապատն, որ ունի եւ մի քանի խուցեր:

[26] Մէլիք_Բէկլարեանների ցեղիցն չէ մէլիքս: Որպէս հաստատւում են, մէլիքութիւնն սկսուած է իւրով Մէլիք-Ստեփանով եւ մեռած իւր հետ: Բայց ինչպէս կարծում եմ, ամփոփեալս լինելու է Մեծ-Սիւնեաց Մէլիք-Ստեփանեանների ցեղիցն:

[27] Երեւի թէ Սպարապետս եղած է Մէլիք-Բէկլարեանների զօրապետն, բայց չկայ գրաւոր եւ ոչինչ:

[28] Փոխաբերական մականուն, որ նշանակում է` բանականները եւ անասունները կոտորող կարկտաբեր կամ բքաբեր ամենասաստիկ քամին իսկ իմաստն է քաջամարտիկ, այսպիսի մականուններ շատ կայ Գաղտնիք Ղարաբաղի մէջ:

[29] Խաչ-կեադուկումս, կայ երկու քարեայ հին խաչարձան ճանապարհի աջ ու ձախ եզերքներում, բայց գիր չունին:

[30] Թալիշից սկսեալ մինչեւ այստեղ բոլոր հողերն պատկանում է Մէլիք_Բէկլարեանց ժառանգներին, իսկ գիւղինս` թուրք բէկի:

[31] Խաչենաձորիս վանքն է Կոշիկ անապատն, որի մէջ գրուած է աւետարանս:

[32] Ճըռ  խաներն:

[33] Գտնւում է Սոթի հարաւ-արեւելեան կողմում, որ եւ տարբեր է Ծար գաւառի Զարից եւ Զբիլից:

[34] Բէկլար-բէկիցս ծնուած են (բացի Բալասան եւ Սերկէյ բէկերից) Ջաւատ-բէկ, Նազար_բէկ եւ Առուստամ-բէկ: Իսկ Ասլան-բէկից ծնուած են Պաւլի-բէկ եւ Ջիւմշիւտ-բէկ:

[35] Իւր սկիզբը առած է Գոմէշ (նոյն Մռաւ սարի) հիւսիսային կողմից:

[36] Եկեղեցուս մեծութիւնն, ութ քահանայից քանակութիւնն եւ գիւղիս շատ աւերակ տնաբակերն ապացուցանում են, թէ գիւղս մօտաւորապէս 700 ծուխ եղած լինելու է, մինչդեռ այժմ 36 ծուխ եւ մի քահանայ մնացած է: 

[37] Սարիս գլխին մի գերեզման, որի տապանաքարի վերայ գրուած է, թէ Կեփաս ճգնաւորի գերեզմանն է: Հաւանական է թուում է մեզ, որ Ալհարակ լեռանուն տեղի տուած է Կեփաս անուան, որը մահմետականներն չկարողանալով ուղիղ հնչել Գեափազ են հնչում:

[38] Անընթեռնելի են կետադրեալ բառերն: