Արցախ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՐՑԱԽԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ

 

  Մեծ Հայոց 15 նահանգներից մինն է Արցախն. որի սահմաններն էին Հայոց Վաղարշակ թագաւորի ժամանակ Երասխ գետն, Արցախական ամէնաբարձր սարերի գագաթնագիծն եւ Հնարակերտ ամրոցն [1]: Այս սահմանների եւ Կուր գետի եւ Կովկաս մեծ սարի մէջ ընկած տարածութեան վերայ կուսակալ կարգուած էր Սիսական Առանն նոյն Վաղարշակ թագաւորից: Բայց երբ ծնում է եւ Աղուանից Արշակունի թագաւորութիւնն եւս, ծագում է սահմանի համար հակառակութիւն Հայոց եւ Աղուանից թագաւորութեանց մէջ. այն ժամանակ Արցախի եւ Աղուանից երկրի մէջ սահմանագիծ որոշւում է Կուր գետն [2]: Ե. դարում Աղուանից թագաւորութեան ենթարկուում է եւ ամբողջ Արցախեան նահանգն: Ծար, Վակունիք, Աղահէճ, Բերդաձոր գաւառներն, որք պատկանում էին Արցախին, Մեծ-Սիւնեաց թագաւորներն ճգնած էին իւրացնել, վասն որոյ ծագում է երկարատեւ հակառակութիւն եւ խռովութիւն Մեծ-Սիւնեաց եւ Աղուանից թագաւորութեանց եւ հոգեւոր իշխանութեանց մէջ եւ զբաղեցնում Հայոց շատ կաթուղիկոսները: Այս խռովութեանց ընդ միշտ վերջ տալու եւ սէր ու խաղաղութիւնը վերահաստատելու համար սոյն երկու դրացի թագաւորութեանց եւ հոգեւոր իշխանութեանց մէջ` ամէնայն Հայոց Սարգիս կաթուղիկոսն` Հայոց ՆԾԵ թուին արձակում է մի շրջաբերական կոնդակ [3], որի սկզբում գրուած է. «առ նախագահ եւ աստուածամեծար տունդ Սիւնեաց յաստուածապսակ թագաւոր Վասակ եւ յաստուածապահ իշխանսդ Սեւադայ եւ Աշոտ եւ առ այլ ազատսդ, եւայլն»: Վերջաբանի մօտ. «Իսկ բոլորովին, որում բազում հակառակութիւնք լեալ էին [4] եւ մեծամեծ նզովիւք ամրացուցեալ էին կաթուղիկոսք Հայոց` հատանէ զսահմանն Աղուանից` Ըռմբի խոռն, Ծար գաւառ, Աղահէջ, ընդ որ Աղուանոյ գետն [5] հատանէ մինչ ի Քարավազի կամուրջն (Երասխ գետն)»: Ի վերջոյ շարայարում է. «Թէ ոք հակառակել կամի այդմ աթոռոյ եւ կամ խանգարման պատճառ լինի այդմ հայրապետադիր սահմանի եւ վիճակի եւ ժառանգութեանց եկեղեցւոյ, զանբաւ հրահոսան անէծսն ժառանգեսցէ, որ յառաջին սուրբ հայրապետացն կարգեալ է եւ կրկնապատիկ ՚ի մէնջ իսկ, եւն»: Ուրեմն Ե դարում եւ ՆԾԵ թուականից ցարդ Արցախի սահմանագիծն եղած է Երասխ, Կուր, Խրամ եւ Ձորագետ (միացած) եւ Հակարի գետերի եւ Կայենի, Դիլիջանի, Գեղամեան ամէնաբարձր լեռների գագաթնագծի մէջ եղած տարածութիւնն: Քանզի Խորենացին թէեւ գրած է, թէ 13 գաւառ ունի Արցախն [6], սակայն ԻԶ. նահանգի գաւառների շարքում գրած է. «եւ այլ գաւառս (Արցախայ), զորս ի Հայոց հանեալ է (թագաւորն Աղուանից) Շիկաշէն, Գարդման, Կողթ եւ Զաւէ եւ այլ քսան գաւառ մինչեւ ցխառնումն Երասխայ ի Կուր գետ [7]: Քսան եւ չորս գաւառը ամբողջացնում է այսպէս. 13 Արցախի, 6 Ուտի գաւառի [8], 4 վերեւի գաւառներն, որք են Շիկաշէն եւալն. Վարդանակերտ գաւառ, որ գտնւում է Կուր եւ Երասխ գետերի խառնուրդի մէջ, որով ամբողջանում են Արցախեան նահանգի 24 գաւառներն:

Այս նահանգն զանազան դարերում փոփոխութիւններ կրելով Հայերից կոչուած է Գարգար [9], Արցախ [10], Փոքր-Սիւնիք [11], Խաչենք, Սեաւ Այգի [12], իսկ պարսիկներից եւ տաճիկներից` Ղարաբաղ:



[1]        Խոր. Բ գիրք Ը գլ. եւ Մով. Կաղ. Ա հատ. Դ գլ.:

[2]        Փաւս. Բուզ. Ե դպր. ԺԳ գլ.:

[3]        Շրջաբերականիս բնագրի օրինակը տես Ս. Օրբէլեան ԾԷ գլ.:

[4]        Աղուանից եւ Մեծ-Սիւնեաց մէջ:

[5]        Հակարի գետի վերնամասն:

[6]        «Արցախ երի կայ Սիւնեաց. գաւառք են` ի նմա երեքտասան, զորս Աղուանք ունին` Հաբանդ, Վակունիք, Բերդաձոր, Մեծկուանք, Մեծիրանք, Հարճլանք, Մուխանք, Պիանք, Պանծկանք, Սիսական ոստան, Քուստի, Փառնէս, Ռոստակ» (Մատ. Խոր. եր. 609 եւ այլ ձեռագիրք):

[7]        Մատ. խոր. եր. 606 եւ այլ ձեռագիրք:

[8]        «Ուտի առ մտից կայ Երասխայ ընդ մէջ Արցախայ եւ Կուր գետոյ, ունի գաւառս եւթն, զորս Աղուանք ունին` Արանռոտ, Տռի, Ռոցպատեան, Աղուէ, Տուչքատակ... Ուտի առանձնակ» (նոյն գիրք, եր. 610 եւ ձեռագիրք:

[9]        Մատ. Խոր. եր. 78, 168, 248:

[10]      ,, ,, ,, 607, Ասող. եր. 65 եւայլն:

[11]      Խոր. Գ. գիրք Գ. գլ.: Մով. Կաղ. եր. 272: Ասող. 107: Սամ. Անեց. եր. 192:

[12]      Սամ. Անեց. եր. 193: