Արցախ

Հեղինակ

Բաժին

Թեմա

[ԺԳ. ԽԱՉԵՆ ԳԱՒԱՌ].

Սահմաններն են Գարգար գետակն, Քիրս լեռնաշղթայի շարունակութեան գագաթնագիծն, Թարթառ գետն, որից մինչեւ Խաչեն գետակն ձգուած Արծաթահանքի սարի գագաթնագիծն, որ անցնում է Ղազանչի գիւղի արեւմտեան կողմից. եւ դաշտաբերանն, Խաչեն գետակից մինչեւ Գարգար գետակն:

Ա. ՂԱՅԻԲԱԼԻ ԳԻՒՂ. Հիմնուած է Շուշու արեւմտահիւսիսային հանդէպ, Գարգար գետակի ձախ կողմի բարձրութեան վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական, լեռնային, անջրդի եւ սակաւ արդիւնաբեր, տեղական բերքերն ցորեն, գարի, գարնանի, հաճար, կորեկ, խաշխաշ, (հազիւ է բաւականանում իւրեանց ուտելոյ) պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 90 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին. քարուկիր, քահանայ երկու: Ծուխ 78, ար. 320, իգ. 260:

Բ. ԿԱՐԿԱԺԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Ղայիբալու եւ Խանքեանդու միջեւ մի բարձրահայեցիկ սեռի վերայ. բնակիչք բնիկ. հողն բէկական, անջրդի, խճային եւ նուազ արդիւնաւէտ, տեղական բերքերն նոյն (պատուական վարունկն, սակաւ թթենի) երկար կեանք 90-100. եկեղեցին Ամէնափրկիչ, քարուկիր, քահանան գալիս է Ղայիբալուց: Ծուխ 61, ար. 215, իգ. 190:

  Գ. ԽԱՆ-ՔԵԱՆԴԻ ԱՒԱՆ. Հիմնուած է տափարակի [1] վերայ 1847 թուին Ռուսներից` իբրեւ զօրանոց: Հետզհետէ հեռանում է զօրքն այստեղից եւ մնում են միայն ամուսնացեալ ռուս գերդաստաններ, եւ սակաւ զինուորականներ եւ ղազախներ: Շուշուց, Կարկաժան, Խանածախ, Պալլուճայ, Փահլուլ գիւղերից վաթսուն հայ գերդաստաններ գալով բնակում են այժմ Խան-քեանդում. ուր կայ փոշտ եւ գաւառական դատարան: Բարեխառն է օդն եւ կլիման, բայց ո'չ պատուական ջուրն, երկար կեանք 70-75. Հայոց եկեղեցին քարուկիր, անկնունք եւ անարձանագիր. քահանայ մի: Ծուխ 60, ար. 160, իգ. 140:

  Սուրբ Գէորգեան միդասեան ուսումնարան տղայոց. աշակերտ 35, թոշակատու 28, ձրիավարժ 7, տարեկան ռոճիկ ուսուցչի 200 րուբլի:

Դ. ՓԱՀԼՈՒԼ ՇԷՆ. Շինուած է Խան-քեանդու եւ Ջամիլլու շինի միջեւ մի ձորում, որի հիւսիսային, արեւմտեան եւ հարաւային կողմերն սարեր են. բնակիչք բնիկ, հողն արքունի, տեղական բերքերն նոյն, անվնաս օդն եւ կլիման, պատուական ջուրն, երկար կեանք 85, եկեղեցին փոքրիկ, քարուկիր, քահանան գալիս է Խանածախ գիւղից: 18 ծուխ, 66 ար. 42 իգ.:

Ե. ՋԱՄԻԼԼՈՒ ՇԷՆ. Հիմնուած է Փահլուլի հիւսիս-արեւմտեան կողմում, Խանածախի վտակի ձախ կողմում մի հովտի վերայ. բնակիչք տեղափոխուած են Մեծ-Սիւնիքից. հողն բէկական, տեղական բերքերն նոյն. բարեխառն օդն եւ կլիման, գերազանց ջուրն. երկար կեանք 90. հոգեւոր պէտքերն կատարւում են Խանածախի եկեղեցում: Ծուխ 13. ար. 40, իգ. 31:

Զ. ԽԱՆԱԾԱԽ ԳԻՒՂ. Հիմնուած է Ջամիլլուի հիւսիս արեւելեան կողմում մի բարակ ջրաձորի երկու ափերին վերայ, բնակիչք նախ Մեծ-Սիւնեաց Խանածախ գիւղից 1686-ին [2] տեղափոխուում են Ջրաբերդ եւ յետոյ բնակութիւն հաստատում գիւղումս. հողն բէկական, սակաւ եւ նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն (առատ է թթենի), օդն եւ կլիման բարեխառն, ջուրն պատուական, երկար կեանք 100, եկեղեցին Սուրբ Աստուածածին, հոյակապ, կառուցեալ չորս սիւների վերայ, երկարութիւն 18 մետր. 82 սանթիմ, լայնութիւն 10 մետր 60 սանթիմ. քահանայ մի [3]: Ծուխ 85. ար. 289, իգ. 274:

  Եկեղեցումս կան հետեւեալ գրչագրերն.

Մի գրչագիր ճաշոց գրուած ընտիր եւ հաստ թղթի վերայ, գերազանց են պատկերներն, նախշերն, ծաղիկներն, թռչնագրերն, ազնիւ`  ներկերն եւ ոսկեզօծներն: Ունի Յիսուսի Քրիստոսի աւետման, ծննդեան, քառասնօրեայ գալստեան, մկրտութեան, համբարձման, հոգեգալստեան (երկու պատկեր), Աստուածածնայ վերափոխման, սուրբ Խաչի եւ բոլոր տօնեցեալ նահապետաց, սուրբ մարգարէից, առաքելոց, մարտիրոսաց, հայրապետաց, թագաւորաց, կուսանաց, ճգնաւորաց, Քրիստոսից բոլոր բժշկուածների պատկերները` զետեղուած լուսանցքներում:

«Գիրքս, որ կոչի ճաշոց, յիշատակ է Առաքելին, հաւրնՂուլուն, մաւրն Մարիամին, եղբայր Մարգարին եւ մեղապարտ գրչի Փիլիպոսին եւ գիւղն Գոմորանց, ի դուռն սուրբ Հռիփսիմէին, որ է (Առաքելն) բարեպաշտ եւ սրբասէր, բարեբարոյ եւ առաքինասէր, հաւատարիմ եւ Աստուածասէր եւ ամէնայն որբոց եւ այրեաց եւ կարօտելոց տէր եւ տիրական»: Անյայտ է բուն յիշատակարանի թուականն, բայց յետոյ նորոգել տուած են ճաշոցս գիւղիս ժողովուրդն եւ քահանան:

Մի գրչագիր աւետարան, որ գրուած է թղթի վերայ եւ պահուած անխնամ, որի ստացողն է. «յիշեցէք յաղաւթս ձեր զստացող սուրբ աւետարանիս զՄանուէլ փիլիսոփայն եւ զսրբազան քահանայն»: «Արդ գրեցաւ կենսաբեր սուրբ աւետարանս ձեռա… անիսի… թեանս [4] Հայոց, ի տէրութեան Կիլիկեցւոց նահանգին երկրորդ Հեթմոյ բարեպաշտի ՚ի դառն եւ յանբարի ժամանակիս, յորում զհայրապետական աթոռն ամէնայն սրբութեամբն եւ զհայրապետն ժողովրդեամբն կորուսաք… Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի մեծահռչակ սուրբ ուխտս Դրազարկ կոչեցեալ ընդ հովանեաւ սուրբ Աստուածածին»:

 

Գիւղիս անդերում կան հետեւեալ հնութիւններն.

1) Շհրատեղ (Շհարատեղ-քաղաքատեղ) գիւղիս հիւսիսային կողմում, երեք կողմերից առանձնացած, միջակ մեծութեամբ տեղ, որ այժմ հերկուում է: Ելնում են խեցեղէն բեկորներ, իսկ կանխաւ գտնուած է եւ արծաթ ու պղինձ դրամներ:

2) Վաղեմի հանգստարան անարձանագիր քարերով գիւղիս վերի գլխին: Հանգստարանիցս վերեւ մի բարձր բլրակի վերայ Եուղուրլուի խաչարձանն: Ծակ քար:

3) Գիւղատեղի, հանգստարան եւ եկեղեցու աւերակ կան Բանւոր-նան [5] կոչուած տեղում, որ գտնւում է գիւղիցս կէս ժամ տեղ վերեւ մի գեղեցիկ սարահարթի վերայ. գիւղատեղի, խաչազարդ հանգստարան եւ եկեղեցու աւերակ Դրագետի [6] ակունքներում, երկու առուակների խառնուրդում. Ջալալ-Հասանի [7] գիւղատեղի. հանգստարան, որ սեփական գոմանոց եղած է Խանածախ գիւղացւոց 1790 թուականից վեր. նոյնպէս գիւղատեղի եւ հանգստարան Մլըկիւնց շինատեղ կամ Գիւմրատեղ կոչուած վայրում, որ գտնւում է Պալլուճայ գետակի աջ կողմում Խանածախ եւ Պալլուճայ գիւղերի սահմանի վերայ:

 

Է. ՊԱԼԼՈՒՃԱՅ ԳԻՒՂ. Հիմնուած է համանուն գետակի ձախ ափի բարձրութեան վերայ. բնակիչք նախ Մեծ-Սիւնիքից տեղափոխուած Ջրաբերդ գաւառն, որից ապա եւ այստեղ Խանածախ գիւղացւոց հետ, հողն բէկական, անջրդի եւ միջակ արդիւնաբեր. անվնաս օդն, կլիման եւ ջուրն. երկար կեանք 86-90. եկեղեցին նորաշէն, Սուրբ Աստուածածին, համակ սրբատաշ կրաքարով շինուած հասարակութեան ծախքով կառուցեալ չորս սիւների վերայ, որ ունի մի կլոր գմբէթ ժողովրդեան աղօթած տեղից վերեւ, մի քարացեալ օձ` ներքուստ հարաւային որմի վերայ երկու լուսամուտների մօտ, 20 մետր 10 սանթիմ երկարութիւն, 11 մետր 45 սանթիմ լայնութիւն. քահանայ` մի: Ծուխ 160. ար. 550, իգ. 432:

 

Գիւղիս անդերում կան հետեւեալ հնութիւններն.

  1) Գիւղիս հիւսիսային կողմում հին գիւղատեղի, հանգստարան եւ քարուկիր եկեղեցի Սուրբ Վանէս անուն, որ մեծ ուխտատեղի է եւ հանգստարան, որի մէջ հանգստանում են եւ Պալլուճեցի քաջերի ոսկերքներն:

2) Աւերակ գիւղատեղի եւ հանգստարան գիւղիս արեւմտեան կողմում` Ալուխանայ շէն անուն:

3) Թամցի եղցի (եկեղեցի) աւերակ գիւղատեղի, հանգստարան եւ եկեղեցի այս անուամբ Ցռցագետ կոչուած վտակին աջ կողմում:

Ը. ՄԷՅՏԻ-ՇԷՆ. Հիմնուած է Պալլուճայի հիւսիսային կողմում լեռների մէջ մի ձորում. բնակիչք գաղթած են Խոյից 1828-ին, հողն բէկական, տեղական բերքերն նոյն. անվնաս օդն, կլիման եւ ջուրն. երկար կեանք 90. եկեղեցին Սուրբ Յովհաննէս, քարուկիր, քահանան գալիս է Պալլուճայից: Ծուխ 54, ար. 186, իգ. 155:

Թ. ԴԱՀՐԱՒ [8] ԳԻՒՂ. Հիմնուած է Մէյտի-շէնի արեւմտեան կողմում մի բարձր, սեպացեալ քերծի տակ. բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 85-90. եկեղեցին Սուրբ Յովհաննէս կառուցեալ երեք կամարների վերայ. երկարութիւն 17 մետր 40, լայնութիւն 8 մետր 60: Դրան ճակատակալ քարի վերայ.

  «Սրբոյն Հոյաննու Կարապետիս եկեղեցույն շինութիւնս այս է 1885 ամի»: Ծուխ 110, ար. 430, իգ. 351:

Գիւղիս հիւսիս-արեւմտեան կողմում կայ երեք բեմ. Ա. Հարաւային բեմի զոյգ խաչերի գըլխակալ քարի վերայ. «Ի թվ. ՉԻԵ ես Հասան որդի Վասակայ կանգնեցի զխաչս եղբայր իմոյ Ջուրճին Ուքանայ ի փրկութիւն հոգւոյ. ով կարդէք, յիշեցէք ի Տէր»:

Բ. Բեմի վերայ, որ քարընկէց հեռի է առաջինից, փորագրուած է.

«Թիւ ՇԻ ես Ոհան կանգնեցի զխաչս ինձ եւ ամուսին իմ Թիթեղնիկայ, աղաւթս յիշեցէք»:

Գ. Բեմն կիսակործան է, որ նոյնպէս քարընկեց հեռի է երկրորդից:

Բռշնին-նահատակ [9]

Ա. Բեմից փոքր-ինչ վերեւ քերծի տակ մի բռշնի ծառի մօտ կայ մի գերեզման, որի վերայ շինուած է մի փոքրիկ սեղան: Գերեզմանիս շուրջն պարսպուած է պատով, որի դրան գլխի քարի վերայ գրուած է.

«Սուրբ նահատակին Փռշնին չորս կողմաւն հասար քաշեցինք Անդրի, Ստեփան, Արզման Իսրայէլեանք»:

  Ժ. ՊՏՐԵՑԻՔ [10] Գիւղս հիմնուած է համանուն գետակի ձախ կողմում, մի ջրաձորի արեւելեան ափում. դիրքն հարաւահայեաց, բնակիչք բնիկ, հողն բէկական. անջրդի եւ նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն (առատ է ընկուզն եւ խոզ), պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 100. եկեղեցին Սուրբ Ստեփաննոս, քարուկիր, թաղակապ երեք կամարների վերայ, երկարութիւն 16 մետր 75 սանթիմ, լայնութիւն 9 մետր 35 սանթիմ. քահանայ մի: Դրան մօտ մի տապանի վերայ.

«Ազնիւ տապան Գաբրիէլ վարդապետին.

Որ է որդի Գրիգոր Այտինովին

Եւ էր հայր Սրգավաք Մովսէսին Եւ տէր Յարութիւնին,

Սա էր միաբան Յակոբա սրբո վանքին

Վախճանեցաւ 1860 ամի»:

Ծուխ 121. ար. 540, իգ. 442:

  Բերդ. գիւղի հարաւային հանդէպ գետակի աջ կողմում մի լեռնակի գլխին փոքրիկ եւ հին բերդակ, որից գետնափոր ական կայ մինչեւ գետակն:

Ամէնափրկիչ եկեղեցի

Գիւղի արեւմտեան կողմում երկու ձորակի մէջ մի փոքր հարթակի վերայ, շինուած է անտաշ քարով երկու կամարների վերայ: Ունի երկու փոքր եւ մի աւագ խորան. երկու խորհրդարան, երկու դուռն եւ չորս լուսամուտ. 11 մետր 3 սանթիմ երկարութիւն եւ 9 մետր 70 սանթիմ լայնութիւն եւ մի երկար գրութիւն  բեմի ժողովրդահայեաց երեսին վերայ. սակայն ափսո՜ս որ եղծուած է մեծ մասամբ. ընդօրինակում ենք  մնացեալը .

«Յանուն… զեկեղեցիս զԴարապաս նկարաք…. Ուխանին Մեծունիքն. յիս տվին արդ ծննդեան Ը. աւր ղր եւ աղուհացից տաւներն եւ ի զատկէն ինձ ու նոր կիրակին զպատարագն մեզ առնեն Դարապաս վաճառն Հուռահոա տներն եկեղեցւոյս»:

Արեւմտեան դրան գլխին արտաքուստ մի սպիտակ խաչարձանի վերայ.

«Աթանաս Է նա կաթուղիկոս է Արբաին [11] »: Մեծ հանգստարան պատած է տաճարիս շուրջն, որից փոքր-ինչ հեռի կայ եւ գիւղատեղի:

  Մեծ գիւղատեղի, հանգստարան եւ փոքր եկեղեցի կայ Պտրեցիք գիւղի հարաւային հանդէպ, ջրաձորի աջ հովտում:

Օծկայ վանք

Ամէնափրկչից դէպի արեւմուտք` հիմնուած մի սարահարթի վերայ, որի շրջապատն զառիվայր է: Ունի փոքր դիրք եւ եկեղեցու ձեւ: Վանքիս մօտ եւս կայ եւ հանգստարան եւ գիւղատեղի:

Ծերայ Նհատակ

Գիւղատեղի, հանգստարան եւ եկեղեցի կայ գիւղիցս բաւական ներքեւ գետի ձախ կողմում (գետիս վերի կողմն կոչւում է Պտրեցւոյ գետ, իսկ վարինն` Խոջալլուի գետ), որք միասին կոչւում են Ծերայ նհատակ: Եկեղեցումս ամփոփուած է Ծեր նահատակի մարմինն:

Սուրբ Յովհաննէս Մկրտիչ

Ծերայ նահատակից փոքր-ինչ բարձր, նոյնպէս գետակի ձախ կողմում կայ գիւղատեղի, հանգստարան եւ քարուկիր փոքր եկեղեցի, որի գլուխն արդէն խոնարհած է: Այս ամէնն կոչւում է նաեւ Խրաւանդ:

Դարապասի եկեղեցիներն

Սուրբ Յովհաննէսից վերեւ կայ չորս քարուկիր մատուռ, որք շինուած են մօտ առ մօտ, կայ եւ գիւղատեղի եւ հանգստարան:

Օխտը (եօթն) եղցի

Նոյն գետակի աջ կողմում մի սարահարթի վերայ մօտ առ մօտ շինուած են եօթն եկեղեցիներ, որոց մօտ կայ գիւղատեղի եւ հանգստարան:

ԺԱ. ԽԱՆՁՔ ԳԻՒՂ. Հիմնուած է Պտրեցիք գիւղի հիւսիսային կողմում մի հարաւահա-  յեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն բէկական եւ նուազ արդիւնաւէտ, տեղական բերքերն նոյն, սննդարար օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 85. քահանան գալիս է Դաշ-Բուլաղից. եկեղեցին Սուրբ Ստեփաննոս, քարուկիր, կամարակապ, երկարութիւն 19 մետր 52 սանթիմ, լայնութիւն 8 մետր 95 սանթիմ:

 

Դրան ճակատակալ քարի վերայ.

«՚Ի ՌՃԻԲ թվին ես Պետրոս կաթուղիկոս Աղուանից ի գեղջէս Խանցկայ, հայրն իմ Մանկասար, մայրն Աղխանն եւ աւաք եղբայրն իմ Իշխանն եւ իւր որդիւքն Ովանէսն, Պապաջանն եւ իւր թոռ Մանկասարն եւ տատ Խաթունն շինեցաք զեկեղեցիս յիշատակ մեզ եւ ննջեցելոց մերոց»:

 

Եկեղեցուս հիւսիսային կողմում.

«Թիւն ՈՀԹ (1230) ես Հայրապետ, Պետրոս, Վարդան, Յոհան կանգնեցաք զխաչս մաւրն մեր, որ բարեպաշտ, աղքատասէր էր. յաղաւթս յիշեցէք»: Ծուխ 60, ար. 233, իգ. 191:

Ջոխտակ խաչ

Գիւղիս հարաւային կողմում. ճանապարհի վերայ, մեծ ծառերի տակ կայ երկու մեծ քարեայ խաչարձան, որից միոյն վերայ.

«Յանուն Սուրբ Երրորդութեան ես Սոստանէս ու Բարսեղ կանգնեցաք զխաչս հաւր մերոյ Հայրապետայ եւ մաւրն մերոյ Հոռամսիմին, որք երկրպագէք, յաղաւթս ՉԲ (1253)»:

Սուրբ Յովհաննէս

Ջոխտակ-խաչերից ներքեւ, առուակի ձախ կողմում քարուկիր շինուած մատուռ, որի մօտ կայ եւ հանգստարան: Կայ հանգստարան նաեւ վարդապետի Խութում:

Անապատ

Գիւղիս արեւմտեան կողմում Շռշռան խութի ստորոտում կայ մի քարուկիր մատուռ ԱՆԱՊԱՏ ԱՆՈՒՆ, ԵՐԿՈՒ ՄԵԾ ՀԱՆԳՍՏԱՐԱՆ ԵՒ ԵՐԿՈՒ ԳԻՒՂԱՏԵՂԻ:

ԺԲ. ԴԱՇ-ԲՈՒԼԱՂ ԳԻՒՂ. Շինուած է Խանձքի արեւելեան-հիւսիսային կողմում մի ձորակի աջ կողմում, հիւսիսահայեաց լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն (կան եւ ձիթահանքեր) ամրան` ճնշիչ օդն եւ կլիման, ջուրն անվնաս, երկար կեանք 80-85. եկեղեցին Սուրբ Գէորգ, քարուկիր, կառուցեալ երեք կամարների վերայ. երկարութիւն 17 մետր 34 սանթիմ, լայնութիւն 8 մետր 45 սանթիմ. քահանայ մի: Ծուխ 136, ար. 577, իգ. 547:

Սուրբ Մեսրովբեան միդասեան տղայոց ուսումնարան, աշակերտ 26, թոշակատու 16, ձրիավարժ 10. միամեայ ռոճիկ վարժապետի 300 ռուբլի:

ԺԳ. ՀԻԼԻՍ ԳԻՒՂ. Շինուած է Դաշ-Բուլաղի արեւմտահիւսիս կողմում երկու առուակների ջրախառնուրդում. բնակիչք գաղթած Ղարադաղ նահանգից. հողն բէկական, միջակ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման եւ ջուրն պատուական, երկար կեանք 85-90. եկեղեցին Սուրբ Յովհաննէս, քարուկիր, քահանայ երկու: Ծուխ 50, ար. 165, իգ. 130:

ԺԴ. ԽՆՁԻՐՍՏԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Հիլիսի արեւմտահիւսիս կողմում (ոչ այնքան հեռի. Հիլիսի հիւսիսային վտակի վերայ) դիրքն հարաւահայեաց լանջ. հողն արքունի, անջրդի եւ նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն միեւնոյն, օդն, կլիման եւ ջուրն պատուական, երկար կեանք 100. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ: Ունի 16 մետր 62 սանթիմ երկարութիւն եւ 10 մետր լայնութիւն, մի փոքր կաթուղիկէ, 2 քահանայ եւ դրան ճակատակալ քարին վերայ սոյն արձանագրութիւնը.

«ՌՄԳ յիշատակ է Սուրբ Աստուածածին եկեղեցիս Խօնծրուստանցի Մէլիք Միրզախանին եւ ծնողացն Այտինին եւ Մարիանին եւ կողակցուն պարուն Նանին եւ Հերիքին եւ որդուն Ալայվերտին»:

«Յիշատակ է Սրանոցս (Ձիթահանքս) շինեցաւ Մէլիք Ալահվերտին, որ էր որդի Մէլիք Միրզայխանին, թվ. ՌՄԼԱ»: Ձիթահանքս, որ գրեթէ կից է եկեղեցուս արեւմտեան կողմին, աւերակ է այժմ:

Եկեղեցուս հարաւային պատի տակին արտաքուստ.

«Կամաւն Աստուծոյ ամէնազօրին, այս է տապան Մէլիք Միրզախանին, որ է որդի Այտինին, հայր էր Մէլիք Ալավերտին, իշխանութիւն անէր Խաչենու երկրին, որ մասկան նստաւ Խնծրստանայ գեղին, շինեց յիշատակ Աստուածածնայ սուրբ եկեղեցին ամի վախճանեցաւ ՌՄԻԶ թուականին»:

Այստեղ են Մէլիք-Ալլահվերտու եւ Մէլիք-Ղահրամանի գերեզմաններն եւս: Բայց ըստ «Գաղտնիք Ղարաբաղու» սոքա չեն ի շարս հարազատ մէլիքների, այլ ճըռ մէլիքներ են: Ծուխ 90, ար. 227, իգ. 255:

Հանգած եղցի

Այսպէս է կոչւում այն եկեղեցու աւերակն, որ կայ գիւղիս ստորոտում: Աւերակիս շուրջն ընդարձակ հանգստարան է` լի հին ամփոփեալներով: Մի քարեայ խաչարձանից.

«Ես Դաւիթ կանգնեցի զխաչս իմ ծնողաց թւ. ՇԵ»:

Աւերակ եկեղեցու հիւսիսային կողմում.

«Այս է տապան Մեծ շինայցի Տէր Սարգիսի դուստր Մարեանին, որ էր կողայկից Բալի որդի Իսամին, որ է եխբար ուզպաշի Պողոսին, որ էր առաչ Չալաղան ուզպաշին հարսն էր. սորայ համար շատ մուվայտի [12] վեր իկաց, յետով մենք բերինք. թվ. ՌՃՁԶ օվ որ կարդայ. Աստուած ողորմի ասէ»:

 

ՊՊԷՆ ՇԷՆ (Պապուն շէն)

Աւերակ գիւղատեղի է այս, որը այժմ Խնձիրստանցիք փոխած են Գոմեր, որոց մօտ կայ եւ հանգստարան:

Սուլուլ քար

Գիւղից վերեւ մի բլրի վերայ կայ մի մարդաձեւ քար, որ ունի իւր գլխին վերայ կաթսայի ձեւով մի այլ քար: Աւանդութիւնն այս քարի մասին տալիս է հետեւեալ տեղեկութիւնը.

«Թաթարների տիրապետութեան ժամանակ հայ կին ոմն եփում է կերակուր, պատրաստում հաց, դնում գլխին կերակրով լի կաթսան, որ տանէ եւ կերակրէ գութանաւորները [13]: Հազիւ թէ հասնում է կէս ճանապարհ, մի քանի թաթարներ ընկնում են խեղճ կնոջ ետեւից եւ հետա- պնդում, որ հասնեն եւ բռնեն: Որքան կարողութիւնն հասնում է (որքան կարողանում է), վազում է խեղճ կինն, յետոյ ճարահատեալ դիմում է դէպի սարի գագաթն, բայց որովհետեւ իւր գլխին վերայ է լինում կերակրով լի ծանր կաթսան եւ չէ կամէնում թափել կերակուրը եւ միւս կողմից հասուահաս [14] էին անիրաւ թաթարներն, վասնորոյ ի բոլոր սրտէ խնդրում է Աստուածածնից քարանայ, միայն թէ չընկնիլ պիղծ թաթարների ձեռքն. իսկոյն քարանում է կաթսայով միասին եւ մնում մինչեւ ցայսօր»:

ԺԵ. ՍԷՅՏԻ ՇԷՆ. Հիմնուած է Խնձիրստան գիւղի արեւմտահիւսիս կողմում այն ճանապարհի վերայ, որ բանում է Շուշուց Գանձասար. բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի եւ նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 90, եկեղեցին Սուրբ Յովհաննէս, քարուկիր, յիշատակ Շուշեցի Մահտեսի Բալայ Զաքարեանցին, բայց վտանգաւոր կերպով վնասուած, քահանան գալիս է Խնձիրստանից: Ծուխ 45, ար. 195, իգ. 175:

ԺԶ. ՈՒԼՈՒ-ՊԱՊ ՇԷՆ. Հիմնուած է 1855 թուին Սէյտի-շինի հիւսիսային կողմում մի սարի հարթակի վերայ. բնակիչք, որ հաւաքուած են մերձակայ գիւղերից, նախ բնակած են Խաչեն գետակի աջ ափի մօտ, ապա օդի ծանրութեան պատճառաւ բարձրացած են սարահարթս, հողն վանքապատկան եւ հացաւէտ, տեղական բերքերն նոյն (չունին թթենի եւ պարտէզ), գերազանց օդն, կլիման եւ ջուրն, եկեղեցին է Պտգեսբերք (Պտկի սուրբ Գէորգ) վանքն, որ է շինիս արեւելեան հանդէպ բարձրագոյն սարի գագաթի վերայ: Ծուխ 20, ար. 60, իգ. 58:

ՊՏԳԵՍԲԵՐՔ ՎԱՆՔ (մօտ 4900 ոտք) (18)

Արդէն իմացանք, որ Պտկի Գէորգ էր վանքիս անունն, որի սարի գագաթն բարձր է Խաչեն գաւառի բոլոր գիւղաբնակ սարերից: Վանքս ունի միեւնոյն ձեւը եւ գրեթէ նոյն իսկ մեծութիւնը, ինչ որ ունի Գտչայ վանքն. միչեւ քարերի գոյնն, կարծրութեան աստիճանն, ճարտարապետութեան ոճն նոյն եւ նման են միմեանց: Տարբերութիւնն այն է միայն, որ բարձր եւ սրածայր է Գտչայ կաթուղիկէն եւ ունի հին գաւիթ, իսկ ցածր է Ս. Գէորգիս կաթուղիկէն եւ չունի գաւիթ: Վանքիս դասումն կայ մի փոքր գերեզման, որի մասին աւանդութիւնն ասում է, թէ սոյն ամփոփեալն մահմետականի որդի է լինում. քանիցս սա իւր ծնողաց հետ գալիս է ուխտի վանք: Բայց որովհետեւ չ՚բերք են լինում ծնողներն եւ ուխտով խնդրած այս զաւակն, վասն որոյ որդին թողնում է իւր ծնողները եւ յաճախ դիմում վանքս եւ շաբաթներով աղօթում վանքումս: Քանիցս գալիս է հայրն եւ իւր տուն տանում իւր որդին, սակայն կրկին եւ կրկին փախչում է որդին եւ մտնում վանքս: Վերջապէս հայրն` ձանձրանալով որդու արարմունքից եւ չկամէնալով քրիստոնեայ տեսնել իւր որդին, գալիս է վանքս, համոզում որդին տուն տանելու: Իսկ որդին չկամէնալով բնաւ տուն գնալ, մնում է տաճարումս եւ չէ դուրս գալիս, հասնում է զայրացած հայրն եւ նահատակում այժմեան գերեզմանի տեղում, որի մարմինը ամփոփելով այս իսկ տեղում մնում է մինչեւ ցայսօր. ուխտատեղի է գերեզմանս:

Ամէնամեծ ուխտատեղի է վանքս, մանաւանդ ամուլ մարդոց եւ կանանց համար, ոչ միայն քրիստոնէից, այլ եւ մահմետականաց համար:

Արտաքուստ վանքիս արեւելեան կողմում կայ մի անտաշ եւ կոպիտ մեծ քար, որի մասին աւանդութիւնն պատմում է, թէ Արջի գերեզման է այս: Վանքիս շինութեան ժամանակ մի որձ արջ, ի բաց թողլով իւր գազանային բնաւորութիւնը, հեզաբար մօտենում է բանուորներին եւ վարժուելով` կրում ծանր քարերը հանքիցն վանքիս մօտ մինչեւ շինութեան աւարտս. եւ միշտ կերակրւում այստեղ մինչեւ իւր վերջին շունչն: Ապա թաղում են այստեղ: Որքա՜ն ուշագրաւ եւ դուրալի է սարիս տեսարանն:

ԺԷ. ՌԵՒ ԳԻՒՂ. Հիմնուած է սուրբ Գէորգ վանքի սարի արեւելեան ստորոտում. բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի եւ նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման եւ ջուրն եւ տեսարանն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին վնասուած է եւ անգործածելի, քահանայ մի: Ծուխ 40, ար. 180, իգ. 150:

ԺԸ. ՍԱՐԴԱՐԱՇԷՆ. Հիմնուած է Ռեւ գիւղի հիւսիս-արեւելեան կողմում մի ձորակի մէջ. բնակչաց մեծ մասն բնիկ, փոքր մասն գաղթած Խոյից, հողն արքունի, ամէնայն ինչ` միեւնոյն, երկար կեանք 85-90. եկեղեցին Սուրբ Գէորգ, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Նորագեղից:

Մի վաղեմի մատուռ կայ գիւղիս հին հանգստարանում, որի գոյութիւնն հին է եւ չէ վերաբերում այժմեան բնակչաց: Ծուխ 40, ար. 174, իգ. 175:

Խաչեն գետակի աջ կողմում, գետակահայեաց լանջի վերայ գիւղատեղի եւ հանգստարան, որ կոչւում է Վաքա:

ԺԹ. ՂՇԼԱՂ-ԳԻՒՂ. Հիմնուած է Սարդարաշէնի հարաւային կողմում մի ջրաձորի ձախ կողմի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական, մասամբ ջրարբի եւ միջակ արդիւնաբեր, տեղական բերքերն` նոյն, (կայ եւ այգի, թթենի, գործարան մետաքս քաշելու), օդն, կլիման փոքր-ինչ տաք ամրան, ջուրն անվնաս, երկար կեանք 80-85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կամարակապ, քահանայ` երկու: Ծուխ 159, ար. 613, իգ. 483:

Ի. ՆՈՐԱԳԵՂ. Հիմնուած այն սարի արեւմտահայեաց լանջին վերայ, որ սկսած է Թարթառ գետի աջ կողմից, անցած Արծաթի հանքով եւ Ղազանչի գիւղի արեւմտեան կողմով, ընդհատուած Խաչեն գետակի հեղեղատներով, վերստին շարունակած մինչեւ Գարգար Ասկերանի մօտ` հանդէպ Քեաթուկայ սարին: Իսկ միւս լեռնագօտին սկսեալ Նորագեղիս հիւսիս-արեւելեան կողմից ձգուած է Խաչեն գետակի եզերքով մինչեւ դաշտաբերանն: Բնակչաց մեծ մասն բնիկ. փոքր մասն` գաղթած Խոյի գաւառից. հողն բէկական, կարի սակաւ, անջրդի եւ նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն` նոյն (այգի չունին), պատուական օդն, կլիման եւ ջուրն եւ միանգամայն տեսարանն, երկար կեանք 90. եկեղեցին Սուրբ Գէորգ, թաղակապ եւ գեղեցիկ, երկարութիւն 16 մետր 79 սանթիմ, լայնութիւն` 9 մետր 60 սանթիմ, քահանայ` մի: Ծուխ 81, ար. 600, իգ. 475:

Հիւնի-խաչ (հունի ծառի մօտի խաչ), որ կայ միեւնոյն սարի արեւմտահայեաց լանջի վերայ գիւղից դէպի Ասկերանի կողմն: Երբ չորքոտանի ընտանի կենդանեաց պատահում է դաբաղ 1) կոչուած հիւանդութիւնն, գիւղացիք մեծ ջերմեռանդութեամբ բերում են այս խաչի ոտքն եւ բժշկւում են անասուններն:

ԻԱ. ՂԼԻՋԲԱՂ ԳԻՒՂ. Հիմնուած է Նորագեղի արեւելան կողմում. միեւնոյն սարի արեւելահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն բէկական, նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն (ունին այգի) պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 85, եկեղեցին Սուրբ Աստ-  ւածածին, ծածքն փայտաշէն եւ հնացեալ. քահանան գալիս է Խանաբատից: Ծուխ 56, ար, 242, իգ. 252:

ԻԲ. ԽԱՆԱԲԱՏ ԳԻՒՂ Հիմնուած է Ղլիջբաղի մօտ նոյն լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն նոյն, օդն եւ կլիման անախորժ եւ ճնշիչ ամրան, երկար կեանք 70-75. եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի: Գիւղիս հանգստարանում կայ մի հին քարուկիր մատուռ: Ծուխ 95, ար. 430, իգ. 370:

ԻԳ. ԽՐԱՄՈՐԹ ԳԻՒՂ. Հիմնուած է Խանաբատի հիւսիսային կողմում, մի բարձրաւանդակի վերայ, դիրքն արեւելահայեաց, բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն նոյն, երկար կեանք 70. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քահանան գալիս է Քարագլխից: Ծուխ 55, ար. 213, իգ. 215:

ԻԴ. ՔԱՐԱԳԼՈՒԽ ԳԻՒՂ. Հիմնուած է Շիկաքար կոչուած քերծի գլխին: Վիմահերձ, սեպացեալ եւ բարձր ապառաժներ են գիւղիս շրջապատն, ունի միայն երկու մուտք` արեւելեան եւ արեւմտեան կողմերից, մէկ խօսքով` գիւղատեղիս հին ժամանակներում նշանաւոր բերդ եղած է: Բնակչաց կէս մասն բնիկ, իսկ միւս կէսն` տեղափոխուած Մեծ-Սիւնեաց Արաւիւս եւ Դարապաս գիւղերից եւ Բարկիւշատից, հողն վանքապատկան (Գանձասարին), տեղական բերքերն` նոյն, (չունին այգի եւ պարտէզ), գերազանց օդն եւ կլիման եւ ջուրն (վերջինս խիստ պակաս է) երկար կեանք 120, եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի: Ծուխ 79, ար. 358, իգ. 280:

Եկեղեցուս հարաւային կողմում մի խաչարձանի վերայ. «Ես Սումպատ կանգնեցի զխաչս Համ.. մ.. կողակից իմ Հաւասայ եւ Հեղան»:

Հին հանգստարան

Գտնուում է գիւղիս հարաւարեւմտեան կողմում, որի մէջ կան նշանաւոր մահարձաններ խաչազարդեալ: Մի խաչքարի վերայ.

«Մեք հետեւիք Աստուծոյ որդիքս Պապա, Սնպատ, Սարգիս….. » (անընթեռնելի):

Մի այլ կիսատ քարի վերայ «Խաչս Մխիթարայ, Քրիստոս ողորմի նմայ»: Այլ նշանաւոր խաչարձանի վերայ.

«Թիւ ՉԲ Իշխանութիւն Հասանայ ես Սնպատ եւ եղբարք իմ կանգնեցաք զխաչս բարեխաւս առ Քրիստոս ինձ եւ ամուսին (նոյն) իմոյ Կատային, զոր ետ Պարոն մեզ հայրենիք եւ գերեզմանատեղ. Քրիստոս աւգնէ իւր որդեացն. ամէն»:

Գիւղիս հիւսիսային կողմում կայ աւերակ գիւղատեղի եւ հանգստարան, իսկ հարաւային կողմում` աւերակ եկեղեցի եւ հանգստարան:

Գիւղիս շրջապատում կան ականաւոր քարայրեր. -արեւելեան կողմում կայ երեք քարայր, մէկի առաջքն փակուած է քարուկիր պատով. մի քարայր` հիւսիսային եւ մի նշանաւորն` արեւ-  մտեան կողմում:

ԻԵ. ՓԱՌՈՒԽ ՇԷՆ. Հիմնուած է Խաչեն գետակի աջ կողմում, Շիկաքարի հիւսիսահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն վանքապատկան, բարեբեր եւ այգեւէտ, տեղական բերքերն` նոյն (խաղող եւ թթենի առատ), վատառողջ` օդն եւ կլիման եւ ոչ սննդարար` ջուրն, երկար [15]      կեանք 45-50. եկեղեցին Սուրբ Աստուածածին: Ծուխ 8, ար. 12, իգ. 12: \

Շիկաքար. Այժմ եւս այս անուամբ է կոչւում Քարագլխի ամբողջ բնակավայրն: Բերդասարն, որի արեւմտեան-հիւսիսային կողմումն է Փառուխ շէնս, որի արեւելեան հանդէպ քերծի մէջ է այն նշանաւոր քարայրն, որի մէջ հաւաքուելով մօտակայ ժողովուրդն պատերազմների ժամանակ, ազատ մնացած է վնասուելուց: Այժմ խիստ բարձր մնացած է քարայրիս մուտքն-բերանն -հետեւաբար եւ վտանգաւոր` բարձրանալն, քանզի շատ իջած է քերծի շարունակութիւնն:

ԻԶ. ԿԻՉԱՆ ՇԷՆ. Հիմնուած է Փառուխի արեւմտեան կողմում, Խաչեն գետակի ձախ ափից բաւական դէպի հիւսիս, Պտգեսբերքի հանդէպ. դիրքն հարաւահայեաց, գեղեցիկ, բնակիչք բնիկ, երկու տուն եկած Առաջաձորից. հողն վանքապատկան, ամէնամեծ մասամբ անջրդի, բայց հացատու, տեղական բերքերն` նոյն, (չունին այգի) օդն եւ կլիման եւ ջուրն` անվնաս. երկար կեանք` 70. եկեղեցին` Սուրբ Աստուածածին, նորաշէն, գեղեցիկ, կառուցեալ երկու կամարների վերայ. երկարութիւն 14 մետր 20 սանթիմ, լայնութիւն` 8 մետր 16 սանթիմ, քահանան գալիս է Առաջաձորից: Ծուխ 15, ար. 58, իգ. 49:

  ԱՆԱՊԱՏ ԿԻՉԱՆԻ.

  Շինիս արեւմտեան կողմում, բերդաձեւ սարին վերայ շինուած է անտաշ քարով մի եկեղեցի երկու կամարների վերայ: Բոլորովին անվնաս է եւ կանգուն: Ունի եւ միաբանից համար մի քանի խուցեր, հանգստարան զարդարուած խաչարձաններով, ուր կան եւ վարդապետաց գերեզմաններ:

ԻԷ. ԹԲԼՂՈՒ ՇԷՆ. Հիմնուած է Խաչեն գետակի եւ Քոլատակ վտակի մէջ մի առուակի ձախ եզերքին, բնակիչք գաղթած Մեծ-Սիւնեաց Մաղաւուզ գիւղիցն, հողն վանքապատկան (զարմանալի՜ է. այժմ` բէկական), տեղական բերքերն նոյն. տեսարանն խեղդուած, օդն եւ կլիման ծանր ամրան, երկար կեանք 70, եկեղեցին Քոլատակ գիւղինն է. քահանան գալիս է Ծմակահողից: Ծուխ 22, ար. 100, իգ. 102:

ԻԸ. ՔՈԼԱՏԱԿ ԳԻՒՂ. Հիմնուած է Քոլատակ վտակի ձախ ափի մօտ, բնակիչք բնիկ (մի քանի տուն գաղթած նոյն Մաղաւուզից). հողն վանքապատկան (այժմ բէկական). տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 85-90. եկեղեցին քարուկիր, կամարակապ, քահանան գալիս է Ծմակահող գիւղից: Ծուխ 41, ար. 157, իգ. 140:

Գիւղիս հանգստարանում մի մահարձանի վերայ.

«՚Ի ՈՂԲ թուին ողորմութեամբն Աստուծոյ եւ տէրանց Խաչենոյ ես տէր Վարդան վարդապետ Հոռասարեցի, պարոնայքն հողն ինձ տուին, ես գնեցի զԲոռին հանդն, զՇեղջատափն, Երկրի տնատեղն, տուի վասն հոգոյ իմ վախմ ի Սուրբ Գանձասար. սոքա տուին Բ. ժամ ի տաւնի Վարդանանց: Ով զհայրենիքս հանէ ի սուրբ ուխտէս, ՅԺԸ հայրապետաց նզոված լիցի եւ իմ մեղաց պարտական»:

Եղցուն խութ.

Գիւղիս արեւելեան հանդէպ, վտակի աջ կողմի բարձր սեռի վերայ վաղուց շինուած է մի քարուկիր փոքր եկեղեցի, որի մօտ կայ եւ գիւղատեղի եւ հանգստարան:

Կոշիկ անապատ.

Հիմնարկուած է Քոլատակ գիւղից վերեւ համանուն վտակի ձախ կողմում: Շարքով շինւած են երեք եկեղեցաձեւ տաճարներ, որոց հարաւային, արեւմտեան եւ հիւսիսային կողմերն վիմահերձ եւ սեպացեալ ապառաժներ են, իսկ արեւելեան կողմն ձոր է: Անտաշ քարով շինուած են երեք տաճարներս եւս, միջին տաճարի բեմի ժողովրդահայեաց երեսին քանդակուած է.

«…Հասանայ եւ Մամա խաթունին թոռն Գ հետ (անգամ) ՚ի Ղանն գնացի յամի… իմ ազգէն թափեցի դ….. ատաստանաւ զհարկանին մեր… Խերխան, Մարծպան, Մամիկոն կամեցաք նորոգեցի զմեր գերեզմանատունս, ես Էրիվան .. եցի զՍուրբ Ստեփաննոս [16] եւ նորոգէ  զայլ եկեղեցիքս եւ զարդարեցի Մխիթար եղբաւր իմոյ… Թ ես Մարտիրոս. ես Սեւադա տվի զԳրիգորանանց, զՄռընդանանց, զԳելմարդանց ի սուրբ եկեղեցիս…. մն. Ժ աւր ժամ Բ Հասանա զատկին. Բ Մամա Խաթունին` Վարդավառին. Ա Ռուզու… Բ Խերխանին յայտնութեան… կատարին, որ հակառակի կամ զրկել ջանա զայս տեղիս ի Սուրբ Գէորգա, ոսոխն նորա Աստուած եղիցի… գրեցաւ ի թվ. Հայոց ՉԺԴ»:   

Անապատս ունի եւ գաւիթ, որի մէջ կան իշխանազգի ամփոփեալներ:

 

Գաւթիս որմին վերայ.

«ՈՂԳ յանուն Աստուծոյ ես Պռոշ որդի իշխանին Վակա (Վասակայ) յուսով միաբանեցայ Կոշիկ անապատոյ, տվի խաչ, աւետարան.. նապատ, ճառ, միաբանքս տվին Սուրբ Խաչին Զ աւր ժամ, որչափ կենդանի եմ, իմ մաւրն, յետ ելից իմոց ինձ. կատարիչքն աւրհնին, խափանիչքն դատին յԱստուծոյ»:

«…Ես Շղել որդի.. այ իմ ընչից գնեցի հող… բնակեցայ սուրբ Նշանիս կամակցութեամբ եղբարց Կոշիկ անապատոյ, եւ տվին ինձ ի տարին Բ ժամ Սուրբ Գրիգորին աղուհացն, Ա իմ որդի Խուչախին, Ա իւր մաւրն յետ ելից իմոց ինձ [17]:

  Որ անապատիս գաւիթն գերեզմանատուն եղած է Ջալալեան տոհմի մի ճիւղին. որ միջի տաճարն կոչուած է Սուրբ Ստեփաննոս, իսկ աջ ու ձախ կողմերինն` Սուրբ Նշան եւ Սուրբ Գէորգ:

  Անապատիս մօտ կայ միաբանական աւերակ խուցեր եւ հանգստարան:

 

Ս. ՅԱԿՈՎԲ ՎԱՆՔ.

Կոչուում է նաեւ Մեծ-Իրանաց կամ Մեծ-Արանց Սուրբ Յակովբ, որ շինուած է յանուն Մծբնայ Յակովբ հայրապետին մի բարձր լեռնաբազկի սեռի հարթակին վերայ, որին մօտ է եւ Քոլատակ գիւղն եւ Թբլղուն: Լեռնաբազուկս իւր սկիզբը առած է Նատարի բերդասարիցն եւ հետզհետէ խոնարհուելով հասած մինչեւ Թբլղու շէնի ստորոտն: Վանքս ունի նեղ, երկար եւ բարձր ձեւ, որպիսին էր Ղեւոնդեանց անապատն եւ շինուած է անտաշ քարով առանց սիւների: Չունի փոքր խորաններ, այլ ունի միայն մի խորան: Չափազանց բարձր է բեմն, որ ունի միայն մի վերելակ սանդուխ հարաւային կողմից: Տաճարս ունի մի դուռն հարաւային եւ միւս արեւմտեան կողմից, մի նեղ լուսամուտ արեւելեան եւ միւս խաչազարդ արեւմտեան կողմից եւ մի գաւթանման շինութիւն կից իւր արեւմտեան կողմին, նոյնպէս շինուած անտաշ քարով, որի յատակն քլաչափ բարձր է վանքի յատակիցն: Գաւթիս ներսի դրան երկու կողմերում եւս կան երկու քարեայ խաչարձան: Հիւսիսային խաչարձանի վերայ.

«Թիւ ՈՀԲ (1223) ես տէր Սարգիս կանգնեցի զխաչս ի տապանի եղբաւր իմո տէր Յակովբոսի արհի եպիսկոպոսի եւ Մեծարանաց հայրապետին [18] յաղաւթս յիշեցէք»:

 

Հարաւային խաչարձանի վերայ. «Թ ՈՀԴ ես տէր Սարգիս եղբաւր որդի տեառն Գրիգորա, եղբայր տէր Յակովբոսի առաջնորդ տանս Մեծարեանց կանգնեցի զխաչս բարեխաւս մեզ առ Աստուած»: Գաւթումս կան շատ ամփոփեալներ, սակայն մեծ մասամբ անտաշ եւ անարձանագիր են տապանաքարերն: Մի մոխրագոյն տապանաքարի վերայ փորագրուած է խիստ խոշոր տառերով. «Տէր Վարդան է տապանս արհի եպիսկոպոսին»:

 

Տաճարիս հարաւային դրան սեմի վերայ.

«Յիշխանութեան Ջալալին ես Խութլու բէկ որդի Խոյդանայ միաբանեցայ սուրբ ուխտիս ընծայիւք, տվին ի տարումն Բ աւր ժամ ՚ի տաւնի զատկի, ով խափանէ, դատի յԱստուծոյ թվ. ՉԽԲ»:

 

Երկրորդ վանք, որ պատկեց է առաջի վանքին արեւելեան կողմին ունի միեւնոյն հին ոճը, իւր հիւսիսային կողմում ունի նաեւ չորս փոքրիկ խուցեր, որք նման են ճգնարանների, որոց մուտքն բացուած է տաճարիս միջիցն եւ որք ունին լուսամուտներ հիւսիսային որմից: Երկու վանքերս եւս հին եւ խարխուլ են եւ տձեւ ու անճաշակ շինուած. բայց ունին հարաւային կողմում երեք կամարակապ աչքերով մի սրահ:

 

Սրահումս կան ամփոփեալ կաթուղիկոսներ.

«Այս է հանգիստ տէր Ոհանէս կաթուղիկոսին»:

«Առըստակէս կաթուղիկոս»:

«Սիմէոն եպիսկոպոս»: «Այս է հանգիստ Սիմէոն կաթուղիկոսին թվ. ՌԿ»:

 

Երկրորդ տաճարիս դրնից վերեւ արտաքուստ.

«ՈԿԱ թիւ ես Խորեշահ ամուսին Վախտանգա, տէր Խաչենոյ, դուստր մեծին Սարգսի, քոյր Զաքարի եւ Իւանոյ, վերստին շինեցի զեկեղեցիս Մեծարանից ի փրկութիւն հոգոյ իմոյ Ա Խ քառասուն) ժամ ինձ. յիշատակ իմ ծնողացն. զՎախտանգ եւ զիս յաղաւթս յիշեցէք»:

«Ես Մուշեղ որդի Հեջբին միաբանեցայ սուրբ ուխտիս գնեցի զսուրբ… թվ. ՉԽԲ»:

Վանքս ունի երեք թաղակապ հին խուց, երեք կիսաւեր խուց, շրջապարիսպ, մի թթենեաց պարտէզ, չորս հարիւր օրավար (դեսեատին) անտառ եւ հող [19], Մծբնայ Յակովբ հայրապետի աջը, մի պատուական աղբիւր, որի մօտ կայ մի բազմադարեան կաղամախի ծառ, որի շրջապատի հաստութիւնն է 7 մետր 35 սանթիմ: Վանահայրն է մի սարկաւագ:

  ԽԹ. ԳԵԱՌՆԱՔԱՐ ՇԷՆ. Հիմնուած է Հաւապտուկ աւերակ վանքի արեւելեան ստորոտի ձորում. բնակիչք հատուածեալ եկած են Առաջաձոր եւ Վանք գիւղերից. հողն վանքապատկան, բարեբեր, տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն եւ կլիման, գովելի ջուրն, տակաւին չունին եկեղեցի եւ քահանայ, վերջինս գալիս է Առաջաձորից: Ծուխ 12, ար. 59, իգ. 53:

 

Լ. Վանք, Վանք գեղ, Վանքի շէն:

Այսպէս է կոչւում գիւղն, որ հիմնուած է Գանձասարի արեւելեան հանդէպ Խաչեն գետակի ձախ կողմում: Աւելորդ է յայտնել, թէ իւր անունը ստացած է վանք անունից: Սակայն հարկ է յայտնել, թէ գիւղս բաժանուած է երկու թաղի, որք շատ հեռի չեն միմեանցից եւ որք ընդհանուր առմամբ կոչւում են Վանք, իսկ մասնաւորապէս ստորինն կոչւում է Հիւնայ-հող, իսկ վերինն` Գոմայ-կալ: Գիւղիս բնակիչներն նախ բնակած են եղել Գանձասար վանքի մօտ, ուր մինչեւ ցայսօր մնում են տնաբակերն, ապա փոխադրուած են այստեղ: Ուրեմն բնակիչք բնիկ, հողն վանքապատկան, տեղական բերքերն նոյն. բարեխառն օդն եւ կլիման եւ անվնաս ջուրն, երկար կեանք 85-90, երկու թաղի եկեղեցին է Գանձասար վանքն, քահանայ երկու:

Ծուխ (երկու թաղերում) 167, որոց հետ եւ Շահմասուրն. Ծուխ 180, ար. 849, իգ. 687:

  Հղեգեան (5768 ոտք)

Սարումս [20], որ գիւղիս հիւսիսային կողմումն է, կայ մի խաչարձան` Նահատակ անուն կամ Հղեգեանայ նհատակ: Ուխտատեղի է, բայց ո'չ ոք չգիտէ նահատակիս անունը:

Եղցուն խութ

Այսպէս է կոչւում այն քարուկիր եկեղեցին, գիւղատեղին եւ հանգստարանն, որ գտնւում է Գոմայ-կալից բաւական վերեւ: Այստեղից շատ հեռի չէ ջրաղացքարի հանքն, որ սեփական կալուած է Գանձասարայ վանքին:

 

ԳԱՆՁԱՍԱՐ ՎԱՆՔ (4168 ոտք) (19)

Հիմնուած է մի գեղեցիկ, բարձր եւ տեսարանաւոր սարահարթի վերայ, որ կոլոլահող սարից իբրեւ լեռնաբազուկ անջատուած եւ կախուելով Խաչեն գետակի վերայ վերջացած է: Տաճարս, որ շինուած է ամբողջապէս սրբատաշ, տորոնագոյն ազնիւ քարով, հիմնարկել տուած է Ջալալ-Դօլայ իշխանն յանուն սուրբ Յովհաննէս Մկրտչի չորս հրաշակերտ կամարների վերայ: Ունի մի աւագ եւ ութ փոքր խորաներ (որոց չորսն արեւմտեան կողմում դրան աջ ու ձախ անկիւններում շինուած իրարու վերայ` հիանալի վերելակ սանդուխներով) երկու խորհրդարան, մի դուռն արեւմտեան կողմից, մի հրաշազան կաթուղիկէ, ութ փոքր, երեք միջակ, չորս բոլորակ եւ չորս մեծ լուսամուտներ եւ մի աւազան: Երկարութիւնն 16 մետր 95 սանթիմ, լայնութիւն 12 մետր 25 սանթիմ:

 

Վանքիս ներսում աւազանից վերեւ.

Յանուն սուրբ Երրորդութեան Հաւր եւ որդւոյ եւ Սրբոյ Հոգւոյն այս գիր արձանի է, զոր ես նուաստ ծառայ Աստուածոյ Ջալալ Դաւլա Հասան որդի Վախտանգայ` թոռն մեծին Հասանայ` բնակաւոր ինքնակալ բարձր եւ մեծ Արցախական աշխարհի, թագաւոր եւ ի յոգնասահման նահանգի. զի հայրն իմ ի վախճան կենաց ելից իւր աստեացս անդարձ կտակի հաստատեաց ինձ եւ մաւր իմոյ Խորիշահի` որ էր դուստր մեծ իշխանաց իշխանին Սարգսի, զի շինեսցուք զեկեղեցիս ի գերեզմանատուն հարց մերոց ի Գանձասար, զոր սկսեալ մեր ի ՈԿԵ թուին Հայոց աւգնականութեամբ բարերարին Աստուծոյ. եւ ի խփել լուսամտին արեւելից մայրն իմ կրոնաւորեալ չոգաւ յԵրուսաղէմ երկրորդ անգամ, անդէն ի դրան Յարութեան խարազնազգեաց ճգնութեամբ, բազմամեայ ժուժկալութեամբ հանգեաւ ի Քրիստոս լուսոյ վկայութեամբ եւ անդէն պահեցաւ: Իսկ մեր զբազմածուփ կենցաղոյս ի մտի եդեալ փոյթ գործոյ արարեալ աւարտումն եղեւ շնորհաւք ողորմութեան ամէնագութ Տեառն ՈՁԷ թուին գաւտէորեալ ամէնազան ձեաւք, պատկերազան յաւրինակերտ գմբէթազարդ յաւրինուածովք յաւժարութեամբ կամաց մերոց, որպէս տեսանէ Աստուած. հոգացաք զպէտս միաբանիցս գիւղաւրայս Մաչեղ, Հարշանտուս բոլորքոջն. մէկ լուծ Խաչենաձոր, Նորաշէնկան գետն, Այգեստան, սեղնկնի, զոր իմ հայրն էր տուեալ Սահակայն, Փուրկատոստիցին, Արծաթենիսն, որ ես տուի խաչաւք, գրաւք, մասամբք, նշխարաւք, պատուական ձուլածոյ ամէնայն սպասուք եւ հանդերձ երեւելի զարդուք ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ. եւ Աստուծով ի մեր իշխանութեան եկեղեցիքս ազատ են կամաւ տէր Վարդանայ առաջնորդի սուրբ ուխտիս եւ միաբանիցս գրեցաք ժամ զաւագ խորանն բոլոր տարին մեզ, եւ այլ ամէն եկեղեցիքս զատիկն իւր ճրագալուցովն իմ հայրն է Վախտանգայ, Աստուածածնին Դ աւրն իմ մաւրն Խորիշահին, եւ յայտնութիւնն իւր ճրագալուցովն իմ եղբաւր Զաքարէի, զաւագ սեղանն, որ իմ է, յԱստուածածնէն մինչ ի խաչն իմ պապուն Հասանայ. յիսնակամտէն մինչ ի յայտնութիւն Մամքանայ իմ կենակցին, Ութորէից ելիցն մինչ ի առաջաւորն հասարակաց անյիշատակաց, բարեկենդանին Ա շաբաթն իմ եղբաւր Դաւլին, Բ (երկրորդ) շաբաթն իմ քուերն Մարինայ, աղուհացից շաբաթ կիւրակէքն իմ եղբաւրն Իւանէին, զատկէն մինչ ի Աստուածածինն եւ ի խաչէն մինչ ի յիսնակամուտն ինձ Հասանայ: Աւրհնեցաւ եկեղեցիս ի ՈՁԹ թուին ի հայրապետութեան տեառն Ներսիսի Աղուանից կաթուղիկոսի: Հաստատ է գիրս կամաւն Աստուածոյ, որ հակառակի, ոսոխն Աստուած է եւ իւր սուրբքն: Անտաւնի տաւնին մի աւր ժամ Յովասափ միայնակեցին կատարի կամաւ մեծին Հասանայ»:

Վանքս ունի իւր արեւմտեան կողմին կից եւ հրաշազան գաւիթ, նոյնպէս շինուած սրբատաշ քարով, որ կառուցեալ է երկու միապաղաղ միջնասիւների եւ վեց պատկից կիսասիւների վերայ: Միմեանց միջից անցած են չորս խաչաձեւ կամարներ, որոց վերայ բազմած է զանգակատան գեղեցկաքանդակ գմբէթն: Գաւիթս ունի երկու դուռն հիւսիսային եւ արեւմտեան կողմից, մի փոքր կաթուղիկէ զանգերի համար, գմբէթի գլխին, 15 մետր 52 սանթիմ (արեւելքից արեւմուտք) երկարութիւն եւ 14 մետր 65 սանթիմ լայնութիւն (հիւսիսից հարաւ չափելով):

Արձանագրութիւն գաւթիս. «Թուին ՉԺԵ կամաւն ամէնակալին Աստուծոյ ես Ջալալ Դաւլաս որդի Վախտանգայ կողմանցն Արցախայ եւ ամուսին իմ Մամքան թոռն Բաղուց թագաւորին, եւ հարազատ որդին իմ Աթաբակն յետ կատարման եկեղեցոյս հիմնարկեցաք ժամատունս եւ բազում աշխատութեամբ աւարտեցաւ, զոր եւ հայցեմ անմոռաց յիշել յաղաւթս ձեր. փոքր ընծայ տուի զՄառգեղն իւր չարեքտարովն, զճռանց իւր սահմանովն: Դարձեալ ես Աթաբակս ընծայեցի յաւժարութեամբ ոսկետուփ աւետարան եւ պատուական սուրբ նշան, զՔրիստափորն եւ զմեր հայրենի հարաւակուռն զԲլրին իւր սահմանովն. եւ սահմանեցին զխաչի ութաւրէքն պատարագել զՔրիստոս: Եւ եթէ քրիստոսադաւան ոք հանել ջանայ, ի փառացն Աստուծոյ մահով եւ կենաւք նզոված է, եւ յիշատակ նորա մի յիշեսցի առաջի Աստուծոյ. եւ թէ մահմետական ոք զհողն հանէ այս եկեղեցոյս, առ հասարակ նզոված յԱստուծոյ եւ ի մարգարէից»:

  Վանքումս կան հետեւեալ գրչագրերն.

1) Գրչագիր յայսմաւուրք գրուած թղթի վերայ, սկզբից եւ վերջից թափուած են թերթեր. անխնամ պահուելուց բորբոսնած եւ ոչնչացած է:

2) Մի Սարգիս Շնորհալի, գրուած թղթի վերայ, մեծադիր, պակասաւոր սկզբից եւ վերջից:

3) Մի հատ Մեկնութիւն Նարեկի գրուած թղթի վերայ, պակասաւոր սկզբից եւ վերջից:

Աջեր մասունքներով.

1) Արծաթեայ, ոսկեզօծեալ աջ, որի մէջ է մասն Ս. Յովհաննէս Մկրտչի, շինել տուած է Աղուանից Յովհաննէս կաթուղիկոսն 1779-ին եւ նորոգել տուած է Բաղդասար մետրապոլիտն 1848-ին:

2) Արծաթեայ ոսկեզօծեալ աջ, որի մէջ է Տեառնեղբայր Յակովբ առաքեալին, ՌՃՀԴ. թուին շինել տուած է Աղուանից Եսայի կաթուղիկոսն:

3) Արծաթեայ ոսկեզօծեալ աջ, որի մէջ է մասն Աղուանից Գրիգորիս Ա կաթուղիկոսին ՌՄՂ թուին նորոգել տուած է Բաղդասար մետրապոլիտն:

4) Արծաթեայ աջ, որի մէջ է մասն Յակովբայ գլխադիր առաքեալին, ՌՃՀԶ թուին յիշատակ է Թարխանու:

  Սրբոց մասունքներ խաչերում

5) Արիւն Զաքարիա մարգարէի մի բիւրեղեայ խաչում:

6) Մասն Յակովբայ Տեառնեղբօր եւ Պանդալիոն բժշկի զետեղուած մի արծաթեայ խաչում:

7) Մասն Ս. Գէորգի, զետեղուած արծաթեայ անճաշակ շինուած խաչում:

8) Մասն Պանդալիոնի մի արծաթեայ խաչի մէջ.

9) Մի արծաթեայ, տափակ եւ տապանաձեւ զարդի վերայ գրուած է. «Շնորհիւ ամէնազօրին կամեցաւ մասնատուփս նշխարաց սրբոց Բանտալիոնի եւ Ուհանու Գբնեցոյն ձեռամբ Առաքել վարդապետի թվ. ՌՃԾԵ»:

 

Գաւթումս ամփոփուած են.

«Այս է հանգիստ մեծին Ջալալի. յաղաւթս յիշեցէք. թվ. ՊՁ»:

«Յովհաննէս կաթուղիկոս»:

«Այս է… Գրիգոր… ողիոկոսին.. նից (Գրիգոր կաթուղիկոսին Աղուանից) ի ՌՃԲ. թուին»:

«Այս տապան Երեմիա կաթուղիկոսին Աղուանից, որ է յազգէն Ջալալ Դօլին ՌՃԽԹ»:

«Այս է տապան Եսայի կաթուղիկոսին Աղուանից, որ է յազգէն Ջալալ Դօլին ՌՃՀԷ թուին»:

«Այս է հանգիստ Դաւիթ կաթուղիկոսի. (որ է) որդի Բաղտասար պէկին»:

«Այս է տապան Յօհաննէս Աղուանից կաթուղիկոսին, որ է յազգէն Ջալալ Դօլին թվին ՌՄԼԵ ին»:

«Այս է տապան Սարգիս Աղուանից կաթուղիկոսին թվին ՌՄՀԷին»:

«Այս է տապան Մետրապօլտին Բաղդասարայ մեծի արհին

Կայսեր պսակ հովուապետին

Տանս Աղուանից Հայոց ազգին,

Յազգէ Ջալալ մեծ իշխանին

Տեառն Արցախական աշխարհին,

Թվին ՌՅԳ 1854 Գ յուլիսի»:

  Գաւթի հիւսիսային դրան ճակատակալ քարի վերայ.

«Թվին ՉԻ կամաւն Աստուծոյ ես Յովհաննէս որդի Իւանէի առաջնորդ սուրբ ուխտիս Գանձասարայ հրամանաւ տեառն Խաչենո Աթաբակին յիմ հալալ արդեանց գնեցի զՎարդանայ թաղս մին չորից եւ զնա այլ ընծէք տվի սուրբ կաթուղիկէս. միաբանքս տվին զՕհանու, զԱկոբա տաւնին զամէն եկեղեցիքս ինձ պատարագ…»:

Վանքիս եւ գաւթիս որմերի վերայ արտաքուստ փորագրուած են բոլոր շարժական եւ անշարժ կալուած, ինչք նուիրողաց անուններն: Ընդօրինակում ենք այստեղ ամէնը, նպատակ ունենալով ի լոյս ածել ժամանակակից անունները, նուէրները, կալուածները, հաւատքը, յոյսը, սէրը եւ ջերմեռանդութիւնը:

Հիւսիսային կողմում արտաքուստ.

«Ես Այտինս, Խիմշէս որդիք Աթաբակին տվաք Ալմաճայտաբ հողն ի սուրբ ուխտս Գանձասարայ առաջնորդութեամբ տէր Ներսիսի թվ. ՋԽԴ»:

«Ես Սմբատ որդի Փիրհամզին տվի Բեմին հողն իմ պապեց հոգուն սուրբ ուխտիս Գանձասարայ առաջնորդութեամբ տէր Ներսէսի թվ. ՋԻ»:

«Թվ. ՋՂԵ ես Սարգիս կաթուղիկոս որդի Հատիր Մէլիքին, թոռն մեծին Սայտունին եւ գնեցի զհայրենիքն ի Կասրայ Չ ըստակն, մինակ տան Դ ըստակն ու կէսն, Առատունոյ Բ ըստակն, Կոռալանայ Դ ըստակն տվի սուրբ ուխտս Գանձասարայ. ով զայս հայրենիքս հանէ ի սուրբ եկեղեցոյս, ԳՃԺԸ հայրապետացն նզոված է, սուրբ Ովանիսիս (Յովհ» Մկրտ. ) կապած»:

«Կամաւն աստուծոյ ես Սայտունս որդի պարոն Աղբաստի տվի իմ հայրենեացնն զՏանձաձոր ի սուրբ ուխտս Գանձասարայ առաջնորդութեամբ տէր Եղիային. սոքա ետուն տարուան Գ. ժամ. ով զատ հայրենիքս հանցէ, յեկեցւոյս, ԳՃԺԸ հայրապետացն նզոված է թվիս ԹՃԾԶ (1507 փրկչ. թուին)»:

«Թվ. ՊԺ Իշխանութեամբ մեծի Իւանէի ես տէր Կոստանդ մեծ փափագանաւք գնեցի սուրբ զզանկականիս, սուրբ ուխտս բերի»:

«Ես Տուրսուն թոռն մեծի Ջալալին տվի Մսերշին հողն ի սուրբ ուխտս Գանձասար առաջնորդութեամբ տէր Նէրսիսի թվ. ՋԽԲ»:

«Ես Պաստամ որդի մեծին Ջալալին տվի Կունճի հողին կալէն վեր ի սուրբ ուխտս Գանձասարայ առաջնորդութեամբ տէր Ներսիսին թվ. ՋԻ. »:

«Ի թվս. ՋԻ ես Պուտաղս ու Վախտանգս եւ այլ եղբարքս միաբանեցաք ու տուաք Փտուռանց, Կակաչանց, Ծաղկավանաց Գ ըստակն տուաք ի սուրբ ուխտս Գանձասարայ առաջնորդութեամբ տէր Նէրսիսի»:

«Յանուն աստուծոյ ես Սասնայս Հանդաբերդցի եկի մեծ յուսով ի սուրբ ուխտս Գանձասարա իշխանութեամբ Աթաբակի, զիմ հոգոյ արդիւնքն կաթուղիկէս տվի, միաբանքս տուին զծառազարդն զամէն եկեղեցիքս ինձ պատարագ. Բ. ժամ իմ կողակից Մարհանին, ով խափանէ, իմ մեղացս պարտական է ՉԻ թիւ»:

«Յուսովն Աստուծոյ ես Էսուղնաս դուստր մեծ ամիր Հասանայ, յետ մահուան մեծին իմոյ սահմանեցի զնա (?) սուրբ ուխտիս եւ տվի ընծայ տէր Յոհաննէսին. եւ միաբանքս տվին Բ. պատարագ ի տաւնի քառասնից… թվ. ՉԾ»:

«՚Ի ՌՄԼԹ թուիս կամաւն Աստուծոյ ձեռամբ տեառն Յովհաննու կաթուղիկոսին ես Ապաւ (Մէլիք-Աբով) ուզբաշի որդի Մէլիք Յովսեփա Թալիշու եւ իմ կենակից Հերիքնազ եւ որդիք Մէլիք Պէկլար եւ Մէլիք Ապաւ մեր հալալ արդեանց շինեցաք սրբոյ աթոռոյ Աղուանից Գանձասարու երկու եկեղեցեաց (տաճարի եւ գաւթի) տանիսն եւ խախտեալ որմունս բազում աշխատութեամբ յիշատակ մեզ եւ ննջեցելոց մերոց…»:

 

Գաւթիս արեւմտեան կողմում արտաքուստ.

«Կամաւն Աստուծոյ ես տէր Նէրսես Ամարասայ եպիսկոպոս եկի մեծաւ յուսով ի սուրբ ուխտս իշխանութեամբ Աթաբակին, միաբանեցայ, տվի զիմ հոգոյ արդիւնս, սոքա ետուն Ե աւր ժամ… ՉԼԱ»:

«Կամաւ ամէնակալին Աստուծոյ ես Բարսեղ որդի Ապաջուր երիցու, ամուսին իմ Մամաք… գնեցի զՏնկին երկիրն, տուի ի կաթուղիկէս… թուին ՉԻԵ»:

 

Գաւթիս եւ տաճարիս հարաւային կողմում արտաքուստ.

«Կամաւն Աստուծոյ ես Վէլիջան եւ եղբարքս իմ որդիք Սայտունին թոռն մեծին Աղպաստու տեարք Խաչենու տուաք Աչմանայ իւր Դ. սահմանաւն ի սուրբ ուխտս Գանձասարայ առաջնորդութեամբ տէր Ներսէսի թվ. ՋԻԹ»:

«Կամաւն Աստուծոյ ես Մէլիքս որդի Սայտունին թոռն մեծին Աղպաստու շուրջառ, սկի եւ այլ ընծայ Կակաչանց, Փտուռանց, Ծաղկավանց.. տվի ի սուրբ ուխտս Գանձասարայ…»:

 

Տաճարիս հիւսիսային կողմում ամփոփուած են.

«Յովսէփ` գիտնական վարժապետ-վարդապետ [21] էր Աւագեանց Արցախայոյ պերճ, տապան որպէս կարես, հանդուրժես, մեծն վարժապետն ի քեզ կրեալ զետեղես, զհինաւուրց երախտաւորն ամփոփես, զանխօս մանկունս ի սուրբ հօրէն որբ թողես, եկա'յք ընկերք, ո՜ դուք մուզայք սիրասունք զհօրս զմահ յորդ արտասուօք ողբասցուք, եթէ Յիսուս զիւր Ղազարոս արտասուեաց. 1847»:

  «Այս է տապան Արիստակէս եպիսկոպոսին, որ էր եղբայր Երեմիա կաթուղիկոսին ՌՃԼԳ թուին»: «Մովսէս խաչակիր վարդապետ վախճանեալ 1849-ին»: «ՈՂԴ ես Ամադ կանգնեցի զխաչս ի փրկութիւն…. »: «Թիւն ՈԾԱ ես Վախտանգ որդի Հասանայ կանգնեցի զխաչս ի տապանի…. (կոտրած է)»: «Այս է տապան Գրիգոր վարդապետին, որ է ազգէն Ջալալ Դօլին թվ. ՌՃՂԷ»: «Յովսէփ վարդապետ Իսրայէլբէկեան Ջալալեանց թվ. ՌՅԺԲ»: Վանքս ունի մի քանի թաղակապ հին սենեակներ եւ շրջապարիսպ, որ ունի երեք դուռն-արեւելեան, հարաւային եւ արեւմտեան կողմերից: Վանքս ունէր ընդարձակ հողեր, կալուածներ եւ անտառներ, ինչպէս տեսանք արձանագրութիւններից, որք այն աստիճան յափըշտակուած են, մինչեւ անգամ մնացած է միայն 9000 արտավար հող ու անտառ, վասն որոյ բարոյապէս եւ նիւթապէս քայքայւում է աննման վանքս. հետզհետէ թափւում են քարերն եւ ոչնչանում, կաթում է շարունակ, զի խախտուած է տանեաց սալարկն, քանդուած է պարիսպն տեղ-տեղ եւ չունի օրինաւոր դռներ. գողացուած են այնքան ընտիր ձեռագրերն, խոնաւութեան եւ անխընամութեան կերակուր եղած են մնացեալ ձեռագրերն, որպէս տեսանք. ամիսներով ժամ չէ ասւում վանքումս, քանզի ո'չ կարդացող, ո'չ դպրոց, ո'չ միաբան եւ ո'չ գոնէ փոխասաց: Մի վանահայր վարդապետ կայ այստեղ, որ ունի մի ծառայ:

 

ՊԱՌԱՒԱՁՈՐԻ ԵԿԵՂԵՑԻՆ.

  Այս տեղն, որ կոչւում է եւ Քեարխանի հարթ, գտնւում է վանքիցս վերեւ Խաչեն գետակի ձախ կողմի բարձրութեան վերայ: Այստեղ կայ մեծ գիւղատեղի, հանգստարան եւ երկու փոքր եկեղեցիներ, որք շինուած են պատկից: Տակաւին կանգուն են եկեղեցիներս, բայց փլած է գաւիթն, որ շինուած է եղել տաճարներիս արեւմտեան կողմին պատկից. դեռ մնում են չորս պատերն:

  Հարաւային եկեղեցու որմի վերայ

«ՈԼ թուին եւ իշխանութեան Սմպատա ես Բարսեղ երէց ու Սարգիս եւ այլ եղբայրքս եւ Սանասի իրիցո որդիք մեր ժողովրդովս շինեցաք զեկեղեցիս եւ բերաք զջուրս, որք երկրպագէք զտեղիս, յաղաւթս յիշեցէք եւ Աստուած զձեզ յիշեսցէ»: Գաւթում հիւսիսային որմի մէջ հաստատուած մի խաչարձանի վերայ.

«Թիւն ՈԼԲ»: Սորա մօտ մի այլ խաչարձանի վերայ.

«Թիւն ՈՀԷ ես Սարգիս կանգնեցի զխաչս ի փրկութիւն հոգւոյ իմոյ յիշատակ Բ ժամի ի տարւոջն…»:

  Հանգստարանում, որ կայ տաճարներիս արեւելեան հանդէպ. մի խաչարձանի վերայ. «Թիւն ՈԻԹ ես Գրիգոր կանգնեցի զսուրբ Նշանս Վասակ…»:

 

ԴԱՐՊԱՍՆԵՐ

  Ջալալեան մեծահամբաւ իշխանազն տոհմի ապարանն է այս, որ գտնւում է Վանքաշէն գիւղի հարաւային հանդէպ Խաչեն գետակի աջ կողմի բարձրութեան վերայ եւ Հաւապտուկ վանքի արեւմտեան կողմում: Մի ընդարձակ շինութիւն է այս, որ իւր մէջ ունի շատ սենեակներ մի քարուկիր պարսպի մէջ: Ջալալ-Դօլայի ապարանիս մէջ աւելի ուշագրաւ է ընդունարանն եւ մի այլ սենեակ, որք ներկայացնում են ժամանակին ճարտարապետութեան եւ ճաշակի ոճը: Բարձրաշէն, ամրապատ, թաղակապ եւ գեղեցկատես են սենեակներս: Թաղերի տակ շարուած են վայելուչ եւ բարակ խոյակներ, որոց վերայ դարձրած ապա թաղերն կամարների վերայ, որք չեչ քարի ազնիւ տեսակիցն են` համակ սրբատաշ: Առհասրակ սակաւ են լուսամուտներն եւ փոքր: Չկարողացանք իմանալ սենեկաց թիւը, քանզի ծածկուած են խտացեալ մացառով' ծառերով եւ մորենիներով: Անհնար է հետազօտել առանց մացառուտը հարթելու:

Ապարանիցս մի քանի քայլ վար, մի շարքի վերայ շինուած է անտաշ քարով երկու միջակ մեծութեամբ եկեղեցի, որոց հիւսիսայինն ունի մի աւագ եւ մի փոքր խորան իւր հիւսիսային կողմում. իսկ հարաւային կողմի պատկից տաճարն փոքր է. բայց ունի առանձին դուռն, երկու փոքր եւ մի աւագ խորան: Երկու տաճարներիս արեւմտեան կողմում եղած է քարուկիր խոնարհուած է այժմ ամբողջ թաղն: Անյայտացած են ապարանի եւ տաճարներիս արձանագիր քարերն:

 

ՀԱՒԱՊՏՈՒԿ ՎԱՆՔ (մօտ 5000 ոտք) (20)

  Աւերակ վանքս, որ Ջաջուռ իշխանի ցեղի յատուկ դամբարանն է, շինուած է Դարպասների արեւելեան կողմում, մի ձուաձեւ բարձրացած սարի գագաթին վերայ: Վանքիս արեւելեան ստորոտումն է Գեառնաքար շէնն, հարաւային հանդէպ` Խոխանաբերդն, արեւմտեան հանդէպ` Դարպասներն, իսկ հիւսիսային ստորոտով հոսում է Խաչեն գետակն, որ կոչւում է Խաչենագետ: Վանքս փոքր է եւ թաղակապ, որ ունի մի փոքր գաւիթ իւր արեւմտեան կողմում: Այժմ խոնարհուած են գաւթի, սրահի եւ փոքր խորանի թաղերն ամբողջապէս, բայց մնում են տակաւին որմերն: Փոքր խորանի դրան ճակատակալ քարի վերայ:

«Թիւն ՈԺԲ էր յիշխանութեան Հասանա որդո Վախտանգա եո ամուսնո նորա Մամքանա ես տէր Յոհան քվերորդի տէր Գրիգորո եւ Գեորգ եղբաւրորդի եւ այլ միաբանքս շինեցաք զեկեղեցիքս ՚ի փրկութիւն հոգոց մերոց եւ յիշատակ ծնողաց մերոց…. »:

Այլ քարի վերայ.

«Յանուն Աստուծոյ ես Աթանաս, որ զԳոգին երկիրն գնեցի ՚ի Հաւուց պտուկ տվի. հայր Գեորգ եւ այլ միաբանքս տվին ի տարումն Դ աւր պատարագ Նոր կիրակէին. որ զհողն յեկեղեցւոյս հանէ, ՅԺԸ հայրապետացն նզոված է….. »:

Հանգստարանում, որ խիստ մօտ է, մի խաչի վերայ.

«Թուականն ՈՀԳ էր ես Ջաջուռ որդի Խաղբակայ կանգնեցի զխաչս ՚ի տապանի որդոյ իմոյ Սմպատա, ոյք երկրպագէք…. »: Մօտ սորին.

«Ես Վասակ կանգնեցի զխաչս ի տապանի եղբաւր իմոյ Աբու [22] Սեդայ». Ջաջուռ իշխանն եւս իւր Հասան որդու գերեզմանի վերայ, որ հեռի չէ Աբու-Սեդի տապանից, կանգնած է մի գեղեցկաքանդակ խաչարձան:

Վանքիս արեւմտեան կողմում ոչ այնքան հեռի մի կիսատ եւ ընկած խաչարձանի վերայ:

«Թիւ ՈՂԵ յանուն Աստուծոյ յիշխանութեան Հասանայ ես Գէիորգ (Գէորգ) կանգնեցի զխաչս ի փրկութիւն հոգոյ իմոյ…»:

 

ՀԱՄԱՄԻ ՁՈՐ

  Ձորումս, որ գտնւում է Գեառնաքարից վերեւ կան բաղանիքներ ջրաձորի ձախ ափում, գիւղատեղի, հանգստարան եւ Անապատ անուն մի հնաշէն եկեղեցի: Այս ամէնի համար աւանդաբար ասում են, որ պատկանում են Ջաջուռ իշխանին եւ սորա յետագաներին: Դեռ մինչեւ ցայսօր ժողովուրդն յարգանօք է վերաբերում այս իշխանական հին շինութեանց:

ԼԱ. ՇԱՀՄԱՍՈՒՐ ՇԷՆ. Հիմնուած է դէպի Արծաթասարն երկարած լեռնաշղթայի հարաւային ստորոտում Վանքաշէնի եւ Ծմակահողի միջեւ, բնակիչք տեղափոխուած են Դիզակ գաւառի Առաքել գիւղից. հողն վանքապատկան եւ միջակ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն. ան-  վնաս օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 80. եկեղեցին նորաշէն, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Վանք գիւղից:

Գիւղիս ծխաթիւերը եւ մարդաթիւերը մտցրած են Վանքաշինի հաշւոյն մէջ:

ԼԲ. ԾՄԱԿԱՀՈՂ ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն լեռնաշղթայի հարաւային ստորոտում Առաջաձոր գիւղի եւ Շահմասուր շինի միջեւ, բնակիչք բնիկ. հողն բէկական, տեղական բերքերն նոյն. սննդարար օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 80-85. եկեղեցին Ս. Ստեփաննոս, քահանայ մի: Ծուխ 40, ար. 226, իգ. 197:

 

Անկնունք եղցի.

Գիւղիս մօտ կայ մի հին եկեղեցի, որը հասարակութիւնն անուանում է Անկնունք, այս է ոչ օծուած է եւ ոչ անուն դրուած:

 

Վաճառ [23] աւերակ գիւղաքաղաք.

Գիւղիս արեւելեան հանդէպ, Վաճառ առուի ձախ ափի լանջի վերայ երեւում են ընդարձակ աւերակի հետքեր-տնատեղեր, խանութների եւ այլ շինութեանց քարուկիր մնացորդներ: Այս է Ջալալեան իշխաններին գիւղաքաղաքն, որպէս ցոյց է տալիս եւ անունն եւ աւերակ:

Ոչինչ պակաս ընդարձակ ծաւալ ունի եւ Վաճառ գիւղաքաղաքիս հանգստարանն, որի մէջ սրբատաշ չեչ քարով կառուցեալ է մի եկեղեցի, որի երկարութիւնն է 9 մետր 8 սանթիմ, լայնութիւնն 6 մետր 15 սանթիմ: Հիւսիսային խորհրդարանի ետեւ գաղտնի մուտք, որի ետեւ եւ մի անյայտ պահարան: Տաճարիս հարաւային կողմում, գրեթէ պատկից շինուած է մի երկյարկանի փոքր մատուռ նոյնպէս սրբատաշ քարով: Գետնայարկի մէջ կայ մի գերեզմանի նման շէնք, որ ուխտատեղի է: Վերնայարկ մատուռն ունի սեղան եւ լուսամուտ եւ դուռն արեւմտեան կողմից: Փլած է մատրանս հարաւ արեւելահայեաց կողմն:

Տաճարի արձանագրութիւնն

«Ես Մամքան թագուհի ամուսին Ջալալ Դաւլին եւ թոռն Բաղուց թագաւորին, այսինքն` Սիւնեաց, շինեցի զեկեղեցիքս եւ տուի ընծայ Ալնճայ հողն զիմ հոգւոյ. սպասաւորքս Ե պատարագ առնեն ինձ, եւ ծննդեան ութ աւուրքն իմ ծնողաց առնեն, մինչ մեռանիմ` ինձ: Ով ոք որ զտուածս հանէ կամ զժամս խափանէ, դատի յԱստուծոյ եւ ՚ի սրբոց թվին Չ (1251)»:

 

Դրան արեւմտեան սեմին վերայ.

«Հրամանաւ աստուածասէր իշխանին Հասանա տեառն Խաչենո ես Գրիգոր որդի քաջ զաւրականին Ջաջուռա ետու զԱւանախոռին երկիրն ի Սուրբ Նահատակս. տէրս եւ միաբանքս տուին ինձ Սուրբ Գրիգորի տաւնն Բ պատարագ….. »:

  Տաճարիս արեւմտեան կողմում.

«Յանուն Աստուծոյ ես Սարգիս Կարնու քաղաքացի սալեցի եկեղեցիս եւ կանգնեցի զխաչերս ինձ եւ աշակերտի իմո Յովհաննիսի. յաղաւթ…»:

Արդէն ընկած են խաչերն:

  Փոքր մատրան արեմտահայեաց ճակատին.

«Ես Պապաքո եւ Խութլաատուաք զԳոխիներերն ի սուրբ նահատակս, տէրս եւ միաբանքս տուին Ա ժամ, Դաւթի տաւնին աղբայրակամ կատարիչքն…»:

Մի ընկած քարի վերայ.

«.. ՉԺԸ ես Գելանչահզեցի… Ալանջաի կամ Եղերն եւ տուաք Սուրբ Ստեփաննոս. միաբանքս տուին Ա. աւր ժամ ՚ի տարւոջն Ադնաանց (գուցէ Ատոմանց) տաւնին կատարիչքն աւրհնին յԱստուծոյ»:

«Շնորհիւն Աստուծոյ ես Հասան որդի Վախտանկայ եւ Խորիշահի տէր Խաչենու շինեցի զսուրբ եկեղեցիս` յորժամ յայտնեցաւ մասունք սուրբ Ստեփաննոսի ՚ի սոյն տեղւոջս ի թուին ՈՀԸ (1229). սահմանեցի ՚ի սպասաւորացն զժամ զատկին վասն ինձ եւ վասն հօրն իմոյ [24] »: Միեւնոյն Ջալալ-Դօլա-Հասանն է արձանագրութիւնս գրել տուողն, որ շինել տուած է Գանձասարայ հռչակաւոր վանքը, ինչպէս տեսանք:

  Եկեղեցուս հիւսիսային կողմում արտաքուստ կայ մի նշանաւոր մահարձան, որի վերայ կայ երկու գեղեցկաքանդակ քարեայ խաչեր: Երկար արձանագրութիւն կայ խաչերիս պատուանդանին վերայ, թէեւ եղծուած են գրերից շատերն, կէտեր դնելով պակասած տեղերում.

«…ԻՉԱ…. րդի կանգ…. աչս յիշատակ Ջալալ Դաւլին…. բարեխաւս ծ… ՚ի Քրիստոս թ. ՈՂԹ»:

ԼԳ. ԱՌԱՋԱՁՈՐ ԳԻՒՂ [25] Հիմնուած է նոյն լեռնաշղթայի հարաւային ստորոտում, բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի եւ միջակ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն, առատ է լուբիան, պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 100, եկեղեցին Սուրբ Աստուածածին, թաղակապ երկու կամարների վերայ, երկարությունն 16 մետր 13 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 15 սանթիմ եւ մի քահանայ: Եկեղեցւոյս հարաւային կողմում. «Թվին ՌՃԺ եւ Է հայրապետութիւն Պետրոս կաթուղիկոսին, գիւղիս տանուտէրութիւն Եաղուբ (Յակովբ) պէկին, աղսախկալութիւն Պհարին ես անարժան Դաւիթ էրեցս շինեցի զեկեղեցիս ՚ի յիշատակ հոգոց մերոց, ով կարդաք, ողորմի ասէք մեղաւորիս»: Ծուխ 197. ար. 814. իգ. 687:

Եկեղեցումս կայ մի ձեռագիր աւետարան գրուած թղթի վերայ, միջակ դիրքով, առանց պատկերի.

Յիշատակարանիցն. «Արդ շնորհիւն Աստուծոյ սկսեալ եւ ողորմութեամբն կատա- րեալ ՚ի ձեռաց մեզ. եւ բիծուն գրչիս Վարանէ (Վարդանէ) եպիսկոպոսիս ՚ի խնդրոյ Շմաւոն քահանայիս: Արդ գինեցի (գնեցի) զսուրբ աւետարանս ՚ի հալալ եւ արդեանց ինչից իմոց յիշատակ ինձ եւ ծնողաց իմոց»: Մատթէոսի վերջում գրուած է. «Զստացող սուրբ գրոյս եւ զծրաւղ սորա զՅորդան եպիսկոպոս յաղաւթս յիշեցէք»:

Աստուածաշունչ. կայ եւ մի ձեռագիր սուրբ գիրք, որը գրած է Խոսրով անուն ոմն, իսկ ստացողներն են Մելքիսեդեկ, Յովհաննէս եւ Մելիտէն քահանայք, բայց յայտնի չէ գրութեան թուականն: Երկրորդ անգամ սուրբ գիրքս գնած է Վաճառ գիւղաքաղաքացի պարոն Ըռուզ-բէկն եւ իւր կողակից Հաւրին (Հուրին): Վերջին անգամ նորոգել տուած են գիւղաքաղաքին բնակիչներն. «Զվերջին աւր նորոգել տուող սուրբ Աստուածաշունչս ես Մկրտիչ, ես Մեհրապս, ես Շահպանդս, Վաճառի մեծն եւ փոքրն նորոգել տվինք սուրբ Աստուածաշունս… թվ. ՌԿԶ»:

Աստուածաշունչս գրուած է թղթի վերայ, չունի պատկերներ, նախշեր եւ ծաղիկներ, բայց գեղեցիկ են գրերն եւ դիւրաւ վերծանելի: Հռութի գրքի վերջում գրուած է.

«Կամաւ ամէնակալին Աստուծոյ, փաթիշահութեան Ջայան (Ջհան) Շահիս Ուլու պէկս որդի Մէջլիսին` թոռն մեծին Ճալալին, ես Շահանշէս որդի Մեհրապին` թոռն Արղութինի մեր հայրենեացս մէջն խաւսք իլաւ (եղաւ), պարոն Ուլու պէկին թալեղ [26] մէկ մարդ մեռաւ. Արապայ հողին վեր [27], գինացինք [28] պարոն Աղայպաստին մուտ (մօտ). երեք սահրատին [29] վեր արիւն կապեց, Արապայ հողն երետ Ուլու պէկին, սահրատն շինեց Առաջաձորայ ջուրն [30] ու վեր գայ Ցամաք ձորն, ջուրն վեր գայ Ցեց դրած քարերն. Պզտիկ Փոսն, վեր գնայ Կապն, գեայ գինայ Արապայ ջոթերն, գինայ Արապայ հողն, գինայ սարն, վեր գինայ Արխէ աղբիւրի հողն վեր գինայ Աթոռ, վեր գեայ Հաւազայ խոռն [31], վեր գեայ Խառն, վեր գինայ Քարհատն, վեր զինայ Քարի ջաղացն, գինայ գետն [32]: Այսչանք [33] հանդ տեղ ա Շահանշին, իւր հայրենիք է, այլուն պուն բան չկայ (այլում ոչինչ չկայ), որ այլայլում անի, այն (նա) նահլաթ իլնի [34]. այս պայմանիս կապած Եղիա եպիսկոպոս առաջնորդ Գանձասարայ վկ [35]. ես Յովհաննէս կաթուղիկոս որդի Ջալալին, թոռն մեծին Աթապէկին վկ. ես Աղապաստի որդի Ճալալին վկ. ես Աղէկս որդի Ճալալին վկ. ես Միրզալիս որդի Տուրսունին վկ. Պաստամս վկ. ես Ամիր Հասանս որդի Ճալալին վկ. թ. ՋԵ (1456)»

Երկու քարեայ խաչարձան. Կայ գիւղիցս Ծմակահող տանող ճանապարհի վերայ, բերդի հիւսիսային հանդէպ, խիստ մօտ: Մարդաչափ բարձր եւ մեծ խաչարձաններս կանգնել տուած է իւր ծնողաց գերեզմանների վերայ Սէր անուն ոմն. «՚Ի թվ. ՈՁԶ. ես Սէրս կանգնեցի զխաչս ծնողին Մայր Տիկին (Մայր Տիկնոջ), որք երկիրպագէք Աստուծոյ Քրիստոսի, յաղաւթս յիշեցէք»:

 

Ճգնաւորի հանգիստ

Ա. Ճգնաւորի բնակարանն եւ գերեզմանն գտնւում է գիւղիս եկեղեցուց վերեւ քարայրին մէջ, որի առաջի երեսն պատած, մի լուսամուտ եւ մի դուռն թողուած է: Այժմ քանդուած է պատի վերնամասն: Ո՞վ է եւ ինչ անուն ճգնաւոր-ո'չ ոք չգիտէ:

Բ. Համանման քարայր եւ Ճգնաւորի գերեզման կայ նաեւ Ճգնաւորի ձոր կոչուած տեղում, գիւղիս արեւելեան կողմում:

Գ. Յար եւ նման ճգնաւորի քարայր եւ գերեզման կայ եւ գիւղիս արեւելեան կողմում` Անապատի մօտ:

Անապատ. Գիւղիս արեւելեան կողմում, մի բարձր քերծի տակ, բարակ ջրաձորի, բարձրից թափուած ջրվէժի աջ կողմում, Շապարանց Յարութիւնի պարտիզում կայ երկու փոքր եկեղեցի, որք համարեա' թէ կից են միմեանց: Եկեղեցիներս գրեթէ մեծ մասամբ գոյացած են քարայրից, որի առաջի կողը քարուկիր պատով պատելով ձեցրած են եկեղեցիներ:

Արեւելեան եկեղեցին ունի երկու խորան. մինի վերայ գրուած է. «Սուրբ Ովաննէս Մկըրտիչ»: Իսկ մուտքի արեւելեան կողմում մի քարի վերայ. «Խորանք սաւրին (սորին) է, որ դրախտի նման են, երկնաւորի Հոգուն սուրբ են` զաւրաւարի` քրիստոնէից փրկանաւորեցաւ [36] ՚ի փրկութիւն Կարապետս եւ ի լուսաւորութիւն հոգոյ նորա շինեցաւ խորանս յիշատակ սմայ»:

Իսկ արեւմտեան եկեղեցին չունի գրութիւն:

Եկեղեցիներիս դռների առաջ, (հարաւային հադնէպ) մի մեծ եւ անտաշ քարի վերայ.

«Յորժամ նկարեցան հզաւր հանքս, թիւն ՈՂԸ էր, ես տէր Խաչինոյ Ջալա[լ] գրեցան, նկարեցան. կատարեցաք, առաք. եւ էջս յանող սորա մեր որդի' սուրբ տնաւրէնութեամբն Քրիստոսի ի բարեխաւս հոգոց եւ մարմնոց եւ ի պարծանս… Տէր Եղիա շինեց զՍուրբ Անապատս եւ ի սմա յեծէ, ի սմայ թշնամին կործանեսցէ սորա. այլք բարեկամ են սմայ. սա բարեխաւս է նոցա, որք միաբան են. սոցա բարին քո Տէր առատ խաղաղութեամբ… ցէ, մնասցէ նմա այժմս ահա եւ հանդերձեալն, ոչ միայն ՚ի մի աջեալ, այլ աւրհնեալ եղիցին միաբան: Մայր Տեառն… միամաւր իմ, յուսացեալ ի Միածինդ քոյ, լուսաւորեա ընդ սուրբս քո»: Քարիս արեւելեան երեսին.

«Որ Աստուծոյ արքայ Ջալալ Դաւլայ եւ Աթաբակ որդին, որ Աստուծոյ [37] իշխան Խաչենոյ եւ Ըռանայ [38], Ուքան մանուկն Հասանայ սաղաբ գոլ Աստուած ու մեծ փաթշայան պարոն շահ տէր Միքան Աստուծոյ սիրոյ մեաբան նայ ՚ի սմա ՅԼ: (330) մեծամեծ իշխանք եւ զաւրքն ՌՅ. (1300) աց միահամուռ, համակից միմեանց աւրհնեալ եւ զաւրացեալ եղիցին ՚ի կամս Աստուծոյ Հաւր եւ նմա փառք յաւիտենականս ամէն: Տունկս բարի, ծառս ամէնի, պտուղն իբր հազար բարի, ով փափագի` աստ վայելէ, կենաց յուսոյն նա հասանի, ողորմի Աստուած միաբանելոցս ՚ի սմա սիրով եւ արդեամբք յամէնայն բարեպաշտ իշխանաց մերոց, տացէ Աստուած զբարեմտութիւն հոգոց, մարմնոց մերոց. ամէն»:

Կարմիր եղցի. Գտնւում է Առաջաձորիս հիւսիսային կողմում. գիւղիս ձմերանոց գոմերի մօտ: Բոլորովին կանգուն է տաճարս, որի մօտ կայ եւ գիւղատեղի եւ հանգստարան:

Նահատակ. Նոյն կողմերում քարուկիր փոքր եկեղեցի, որի մօտ նոյնպէս կայ ընդարձակ հանգստարան եւ մեծ գիւղատեղի:

  ԼԴ. ԿՈՃՈՂՈՒՏ ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն լեռնաշղթայից (Եկեղանայ սարից) դէպի հիւսիս թեքուած մի սարահարթի վերայ. բնակիչք տեղափոխուած են Վանքաշէնից, հողն վանքապատկան, տեղական բերքերն նոյն (չունին ոչխար), ամէնապատուական օդն, կլիման եւ ջուրն, սքանչելի տեսարանն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին Ս. Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Վանք գիւղից:

Վաղուց արդէն բնակիչ եղած է գիւղումս. հին է եւ եկեղեցիս եւ հանգստարանս, որ եկեղեցուս շրջապատումն է: Տաճարիս դրան մի խաչքարի վերայ. «ՈՂԸ ես Սարգիս որդի Ասլանայ եկի աւտար աշխարհ. կալայ հագս մայր իմ (շալակեցի մայրս) Շահհնար, յաղաւթս յիշեցէք»:

Գիւղիս եւ Արութիւնաշինի ծուխերը ձգած են Վանքաշէնի վերան:

 

ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔ

  Հիմնուած է Կոճողուտի արեւելեան հանդէպ եղած մացառուտ ձորում, այն առուակի հեղեղատի աջ կողմի բարձրութեան վերայ, որ խառնւում է Թարթառին: Վանքս ունի բոլորակաձեւ եւ բարձր շինութիւն եւ կաթուղիկէ եւ մի դուռն արեւմտեան կողմից: Քանդուած են այժմ խորանն, կաթուղիկէի սալկախն եւ դռնագլխի քարերն: Հանգստարան է վանքիս շուրջն, որոց մէջ կան գեղեցիկ ու մեծ-մեծ խաչարձաններ: Վանքս ունեցած է միաբանից սենեակներ, որք կործանուած են այժմ: Ամայի է վանքս:

  Խորաստանայ մատուռ. Շինուած է վանքիցս վերեւ երկու բարակ ջրերի մէջ: Աւերակ է այժմ մատուռս, որի մօտ է գիւղատեղի եւ հանգստարան:

  Թխախոռ. Գիւղիս արեւմտեան կողմում կայ այս անուամբ գիւղատեղի, հանգստարան եւ աւերակ եկեղեցի…

Գիւղիցս վերեւ կայ կիսաւեր մատուռ եւ ընդարձակ հին հանգստարան. որի մէջ մի խաչարձանից. «Թ. ՈՀԷ ես Սարգիս որդի Բազար (ատայ) կանգնեցի զխաչս մաւր իմոյ Ազ (իզին)»:

  ԼԵ. ԱՐՈՒԹԻՒՆԱՅ ՇԷՆ կամ ԿԱՐՄԻՐ-ՔԱՐ. Շինուած է մի ձորակի երկու լանջերի վերայ, նոյն լեռնաշղթայի հիւսիսային կողմում. բնակիչք տեղափոխուած են Վանք գիւղից. հողն բէկական, տեղական բերքերն նոյն, սննդարար օդն, կլիման եւ ջուրն. երկար կեանք 85-90 տ. եկեղեցին, քահանան եւ հանգստարանն Վաղահաս գիւղինն է:

Գիւղիս արեւելեան հանդէպ Երի-Հոռաթաղ [39] կոչուած տեղում կայ գիւղատեղի. հանգըստարան եւ կանգուն եկեղեցի, նոյնպէս հարաւային կողմում եղած անտառում կայ աւերակ եկեղեցի, հանգստարան եւ գիւղի տեղ: Նոյնպէս Վարի եւ Վերի Ղամշուտ-ծով (Եղեգնուտ-լիճ) անուն տեղում կան գիւղատեղեր, հանգստարաններ եւ աւերակ եկեղեցիներ:

ԼԶ. ՎԱՂԱՀԱՍ կամ ՎՂԱՀԱՍ ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն լեռնաշղթայի հիւսիսարեւմտեան կողմում, Թարթառ գետի աջ կողմի բարձրութեան վերայ. բնակիչք բնիկ. հողն վանքապատկան, անջրդի եւ բարեբեր, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 100 տ. եկեղեցին Մայրաքաղաք կամ Տիրամայր, քարուկիր եւ խիստ հին, քահանան գալիս է Վանքից: Ծուխ 40, ար. 160, իգ. 166:

Գիւղիս եկեղեցին սովորաբար կոչւում է Մայրաքաղաք, որի շրջապատում կայ մեծատարած հանգստարան: Եկեղեցու մեծութիւնից եւ գերեզմանատան ծաւալից երեւում է, որ ժամանակաւ հռչակաւոր, վանք եղած է մայրաքաղաքս եւ բազմաբնակիչ գիւղս, որ փոքր է այժմ: Վանքս կամ եկեղեցիս, որ ամբողջապէս շինուած է տորոնագոյն սրբատաշ քարով, ունի մի մեծ գաւիթ, հարաւային եկեղեցի եւ գրադարան: Ամբողջ շինութեանս երկարութիւնն (արեւելքից արեւմուտք) 14 մետր 45 սանթիմ, լայնութիւն 12 մետր 97 սանթիմ: Տարօրինակ ձեւ ունի գաւիթս, որի արեւելեան հիւսիսային անկիւնն գրադարան է, իսկ արեւելեան միջին եւ արեւելեան հարաւային մասն երկու խորաններ եւ արեւմտեան մասն` գաւիթ, որի ամբողջ կամարներն խոնարհուած են եւ մնում են միայն չորս պատերն: Սակայն կանգուն են գրադարանն, միջի միջակ եւ հարաւային փոքրիկ խորաններն: Գաւթիս հարաւային կողմին պատկից է մի նեղ, ցածր եւ բարձրաշէն եկեղեցի, որ ունի միմիայն փոքր խորան հարաւային կողմում եւ մի մեծ խորան:

Գաւթի միջի խորանի ճակատին.

«Աստուծոյ շնորհիւն ես Կոստանդին Ա կաթուղիկոս ամէնայն Հայոց միաբանեցայ եպիսկոպոսարանիս ՚ի ձեռն հոգեւոր որդւոյ իմոյ տէր Մարգարէին, յիշխանութեան մեծի Ջալալ Դաւլին եւ առաջնորդութեան սորայ տեառն Ներսիսի Աղուանից Կաթուղիկոսի, եւ այլ սպասաւորք սուրբ ուխտիս հաստատեցին Գ պատարագ ի տաւնի տեառնընդառաջին Բ ինձ, Ա տէր Մարգարին. կատարիչքն օրհնին յԱստուծոյ: Ով հանէ զաւետարանս յեպիսկոպոսարանէս, ինքն եղիցի որոշեալ եւ հանեալ ՚ի փառացն Աստուծոյ. ՚ի թվիս ՈՂԵ էր»:

Խորանի աջ կողմում. «ՈԼԲ թուականութիւն Հայոց ՚ի հայրապետութիւն տեառն Գրիգորոյ ես Հասան որդի Վասակայ շինեցի զեկեղեցիս….. »:

  Գրադարանի հարաւային պատի ստորոտում.

«Յառաջնորդութիւն Գրիգորոյ ես Սիմէոն եւ եղբարք իմ ետու շինել զփռնախուցս եւ կազմել զգրատունս եւ եղբարք ետուն Բ աւր պատարագ. կատարիչքն աւրհնին…»:

Քանդակագրուած է գաւթիս դրան արտաքին ճակատին.

«ԶԳրիգորէս եւ զմայր եւ զամուսին իւր յաղաւթս յիշեցէք թիւ ՉԺԷ»:

Գաւթիս արեւմտեան եւ հիւսիսային կողմերում արտաքուստ եղած են ընդարձակ արձանագրութիւններ, որոց մէջ յականէ յանուանէ նշանակուած է եղել վանքիս նուիրած անշարժ կալուածների քանակութիւններն, տեղերն եւ նուիրողաց անուններն: Գրուած քարերս քանդած եւ անյայտացած են… այժմ բաց մնացած են քարերի տեղերն:

Վանքիս հիւսիսային կողմում մի խաչարձանի վերայ.

«Յանուն Աստուծոյ ես Յոհան գրասէր եւ Վախտանգս կանգնեցաք զխաչս ՚ի տապանի որդոյ իմոյ Գրիգորի… թիւն ՈԿԲ էր»:

  Վաղահաս գիւղիս շրջակայքում. Հին Վաղահաս գիւղն գտնւում է Նորիս հարաւային կողմում, որ ունի ընդարձակ գիւղատեղի, կիսաւեր մեծ եկեղեցի եւ ճոխ հանգստարան եւ մի քարեայ բարձր խաչ, որի երկարութիւնն աւելի է 3 մետրից:

Կարմիր-Վանք, որ բարձր է փոքր-ինչ աւերակիցս, եւ որ փոքր եկեղեցի է առանց կաթուղիկէի, բայց իւր մօտ կայ հանգստարան:

Վահին անուամբ երկու մատուռ, որք գտնւում են Հին-Գայլ [40] (Ղոջա-Ղուրդ) սարի վերայ: Մատուռներիցս, որ ուխտատեղի են, մէկի վերայ երբ լցնում են ջուր, անձրեւ է գալիս, իսկ միւսին վերայ երբ վառում են կրակ, արեւ է անում: Վաղահասցիք կատարում են այս գործողությունները երաշտային եւ անձրեւային տարիներում:

  Վաղահաս գիւղիս արեւելեան կողմում կայ Մատաղիս անուն գիւղատեղի, որ շատ հեռի չէ եւ ունեցած է` ըստ աւանդութեան` 800 տուն: Աւերակիս հիւսիսարեւմտեան կողմում, Թարթառ գետի աջ ափի մօտ կայ մի քարուկիր կիսաւեր մատուռ, քարուկիր կամրջի աւերակ եւ մեծ-մեծ քարեայ խաչարձաններ:

  Խունկըթալա կոչուած տեղում եւս կայ աւերակ գիւղ, եկեղեցի եւ հանգստարան:

Վաղահաս գիւղիս արեւմտեան հանդէպ, խիստ մօտ է մի հին մատուռ, որի դուռն եւ արեւելեան լուսամուտի արտաքին կողմն քանդուած են:

 

ԽԱԹՐԱՅ ՎԱՆՔ ԿԱՄ ԽԹՐԱՎԱՆՔ
(Գերեզմանատուն Դոփեանց ցեղին)

  Հիմնուած է Դոփեանց Գրիգոր իշխանի գանձով Թարթառ գետի աջ կողմի բարձրութեան վերայ մի սարահարթում, որ հեռի է Վաղահասից դէպի արեւմուտք 3, 5 մղոնաչափ: Կառուցեալ է չորս սիւների վերայ, որոց երկուսն միապաղաղ են եւ միւս երկուսն երկերկոտոր չորս կամարների գլխին բազմած է գմբէթն: Վանքս ունի երկու փոքր եւ մի աւագ խորան, մի առանձին խորան եւս հիւսիս-արեւմտեան կողմում տաճարիս արեւմտեան անկիւնում, մի գաղտնի պահարան հիւսիսային դասի ձեղունի մէջ [41], երեք դուռն հարաւային, արեւմտեան եւ հիւսիսային կողմերից, 17 մետր 10 սանթիմ երկարութիւն, 14 մետր լայնութիւն:

Արտաքուստ տաճարիս արեւելեան ճակատին.

«՚Ի ՈԾԳ (1204) թուիս ես տէր Յովհաննէս շինեցի զեկեղեցիս (արդեամբ նոյն իշխանի) եւ ժողովեցի զխաչս եւ զգիրս, որ ի սմա եւ արկի զՋոթացն այգին եւ զՄատաղիսն [42] բազում աշխատութեամբ, եւ ետու զվանքս իւր ամէն սահմանաւն իմ եղբաւրս (եղբօրս) Հասանայ եւ իւր որդեանցն Հաթերքու տեառն միջնորդութեամբ. ով խափանէ, խափանեսցի ի կենացն Աստուծոյ»: «Յանուն Աստուծոյ այս իմ գիր է Հասանայ, որ երբ իմ աղբերս զեկեղեցիս շինեաց ու զվանքս ինձ երետ, ես զԽնձորայ Բակս իւր սահմանով ի յեկեղեցիս տուի, ով հակառակ կայ, Աստուծոյ հակառակ կայ, ով զայս գիր խափանէ, չունի թողութիւն յԱստուծոյ»:

Մի ջարդուած կիսատ քարի վերայ.

«Կամաւն աստուծոյ ես Հասան եւ մայր իմ Շուշիկ շինեցաք զսուրբ կամար, Պետրոս հաւր իմոյ… թվ. ՈԿԴ»:

Վանքիս ներսում բեմի երեսին.

«Շնորհիւ Քրիստոսի ես Ասփէ [43] դուստր արքայաշուք իշխանին Տարսայիճի, թագազարմ մաւրն իմոյ Մինա Խաթունին, նպաստ եղեալ քրիստոսապսակ գլխոյ իմոյ մեծափառ իշխանին Գրիգորի ՚ի շինութեան լուսանուէր սուրբ եկեղեցւոյս, կամեցայ ի ձեռն քահանայապետին մեծի տեառն Յովհաննիսի` զիմ յարդար ընչից կանգնեցի Բեմի սեղան ՚ի զենմանն Քրիստոսի, զի յամէնայն կիրակէ եւ շաբաթ տաւն ծննդեան եւ տեառնընդառաջին, զատկին, զվարդավառին, աստուածածնին եւ սուրբ խաչի ինձ կատարի պատարագ զամէն եկեղեցիքս. որ եւ տուի զմեր խաս հողն Բլրի հանդի զսենեկպան ա. բահի ջուր. թէ ոք ՚ի մերոց կամ յաւտարաց զայս յայս եկեղեցւոյս հանէ կամ զպատարագն խափանէ, ՚ի փառաց որդւոյն աստուծոյ, որոշեալ եղիցի»:

Ձախակողմեան փոքր խորանի վերայ. «Այս ձախակողմ խորանի սուրբ Պռոկոպիոս է, զմեծ տէր Յովհաննէս շինող եկեղեցոյս որդի Դաւփին, եղբայր մեծ իշախնին Հասանայ յաղաւթս յիշեցէք»: «Աջակողման սուրբ Մինաս, զՄինա խաթուն դուստր մեծ իշխանին Ջալալին եւ ամուսին Տարսայիճին յաղաւթս յիշեցէք»:

  Վէմ քարի վերայ

«Աստուած ողորմեա' Սմպատիս եղբաւր…»

  Հիւսիսային վերջի սիւնի վերայ.

«Աստուծով ես Ազարիա միաբանեցայ սուրբ ուխտիս, տէր Յովհաննէս եւ միաբանքս տուին Ա. աւր ժամ համբարձման…»:

«Կամաւքն Աստուծոյ եւ Հասանայ եւ տէր Յովհաննիսի ես Յակոբ ստացայ զսոյնս (սիւնս) հալալ արդեամբք իմովք, եւ միաբանքս ետուն ՚ի տարւոջն Դ. պատարագ….. »: Վանքս նորոգուած է ՌՃԽ. թուին Հայոց Յօհան, Բարսեղ, Աթանաս եւ Ղազար վարդապետների ձեռնով:

Վանքումս, մէջտեղին մօտ, կայ մի գերեզման, որի տապանաքարի արձանագրութիւնը անհնարին եղաւ կարդալ, քանզի պատեց միգամածն, մթնեց տաճարիս ներսն, չկար մոմ վառելու, մօտենում էր երեկոն, 3, 5 մղոնաչափ (մօտ 25 վերստ) ճանապարհ ունէինք գնալու եւ այն` գազանների միջով. վասն որոյ մնաց առանց կարդալու: Սակայն գիտենք հաստատապէս, որ բարեպաշտուհի Ասփայի, գուցէ եւ Գրիգոր իշխանին մարմինն ամփոփուած է տաճարումս: Օրհնեալ տիկինս Մեծ-Սիւնեաց Տարսայիճ իշխանին դուստրն էր եւ Դոփեանց քաջ Հասան իշխանի որդի Գրիգոր իշխանին ամուսինն: Ասփայ տիկինս վախճանուած է Հայոց ՉԿ (1311) եւ ամփոփուած վանքումս (տե'ս նոյնը թարգմանչաց վանքի աւետ. Ա յիշատակարանը):

Զանգատուն. Շինուած է [44] վանքիս արեւմտա-հիւսիսային անկիւնում արտաքուստ, երկյարկ եւ սրբատաշ տորոնագոյն քարով: Վանքս ունի եւ շրջապարիսպ, քարուկիր սենեակներ եւ խուցեր իւր հիւսիսային կողմում: Այժմ աւեր է պարսպի հարաւային կողմն եւ մի քանի խուցեր: Պարսպի մեծ դուռն, որ հիւսիսարեւմտեան կողմից է, դեռ կանգուն է իւր պատերովն: Վանքս շըրջապատուած է անտառախիտ վաղեմի ծառերով:

Վանքիս կալն. Շինուած է տաճարիս արեւելեան հանդէպ, ձորի աջ կողմի սեռի վերայ: Կալիցս փոքր-ինչ վերեւ նոյն սեռի վերայ կայ մի քարուկիր մատուռ, որի մօտ նաեւ այլ կալեր:

Խաչարձան եւ կամուրջ. Վանքից ներքեւ Թարթառի վերայ կայ մի հին կամուրջ եւ կամըրջիս մօտ մի խաչարձան, որի վերայ քանդակուած է. «Կամաւն Աստուծոյ ես Ասփայ դուստր մեծ իշխանին Տարսայիճին եւ Մինայ խաթունին եւ ամուսին հսկայազաւր իշխանին Գրիգորի որդւոյ մեծ իշխանին Հասանայ քաջի տեառն Աղուանից կապեցի զխաչս, շինեցի զկամուրջս յիշատակ հոգւոց անցելոց, ներկայից եւ ապագայից»:

Այլ խաչարձանի վերայ. «Յորժամ թուականն էր ՈԾ (1201) բարեպաշտ պատրոնիկն Վասակ թոռն Կիւրիկայ թագաւորին, որդի Հասանայ որդւոյ Սակռայ տեառն Հաթերքոյ, Հանդաբերդոյ, Հաւքախաղացին, եղբայր Վախտանկայ Նորին աթոռակալի երեր զխաչս եւ ոչ կարաց կանգնել վասն անպարապութեան. քանզի երթեալ եղեւ ի Գոլաշտեան եւ առ զնա յանաւրինաց աւգնութեամբն Աստուծոյ եւ բնակեցոյց անդ զորդին իւր եւ ինքն նահատակեցաւ ՚ի վերայ քրիստոնէից եւ իջեալ լոյս ՚ի վերայ ՚ի տեսութիւն բազմաց. եւ յետոյ ՈԾ թուին կանգնեցին որդիք նորա Խոյդան եւ Խաւչախն յիշատակ հոգւոյ նորա եւ յերկարութիւն կենաց իւրեանց…»:

Պէտք չէ մոռանալ իմ առաջնորդը, որ վաղահասցի մի քաջ, սրտոտ եւ զուարթ երիտասարդ էր Գրիգոր Օհանեանց անուամբ եւ որ օգնեց ինձ ամէն կերպով:

Խոթայ վանքից ներքեւ, Թարթառի աջ ափերի վերայ, հետեւեալ աւերակ գիւղերում կան աւեր եկեղեցիներ, մատուռներ եւ հանգստարաններ-Ջոխտակ-եղցի, Վարդանայ գիւղ, Մրջման շինատեղ (ընդարձակ աւերակ):

 

ԽԱՉԵՆ ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ

  Ա. Շիկաքար (21) որի տեղն այժմ կոչւում է Քարագլուխ, իսկ սորա հիւսիսային բարձր քերծն` Շիկաքար (մօտ 3100): Բերդս ունի երկու մուտք-արեւելեան եւ արեւմտեան կողմերից. դռների կողքերն ամրապնդուած է եղել քարուկիր պատերով, ինչպէս նշմարւում է հետքերից:

Բ. Բերդն է Ուլու-պապի ամրոցն, որ կայ Պտգեսբերքի մօտ: Բայց ամրոցիս մէջ եւս չկայ ջուր: Այս բերդն Շիկաքարի չափ հին չէ, այլ պատկանում է Ջալալեան իշխանների ժամանակներին:

Գ. Կաչաղակաբերդ, (5642 ոտ. ) որ գտնւում է Պտրեցիք գիւղի արեւմտեան կողմում: Ձիով մի ժամի ճանապարհ է Պտրեցիք գիւղիցն մինչեւ ամրոցս, որ արձանացած է Մեծ-Իրանաց վանքի հարաւային կողմում: Բերդակալ (22) սարն ժայռ է միապաղաղ, առանձնացած բոլորովին իւր չորս կողմերից եւ սեպաձեւ ցցուած հիւսիսից հարաւ դիրքով. որի մակերւեոյթն փոքր-ինչ թեք-ւած է դէպի հարաւ: Բերդաքարիս արեւմտեան, հիւսիսային եւ արեւելեան կողմերն գագաթներից մինչեւ գետինն բնութեան քարտաշն այնպէս ուղի՜ղ կտրած է, կարծես թէ յատկապէս կանխաւ մրաթելով նշան արած լինէր: Հարաւային կողմով վիմահերձից վիմահերձ պատուած է քարուկիր պատով, նոյնպէս միւս կողմերով քերծերի եզերքներովն: Միայն հարաւային կողմից է մուտքն, որ բաւական դժուարատար է: Բաւական տարածութիւն ունի բերդիս մակերեւոյթն, ուր կան շատ բնակարանների բակեր: Ափսոս որ ջուր չկայ բերդումս, որ արժանի է անառիկ տիտղոսին. բայց գրեթէ կեդրոնի մէջ ունի մի վիմափոր քառանկիւնի հոր: Պատերազմների ժամանակ ջուր բերած եւ լցած են հորս այն պատուական աղբիւրից, որ գտնւում է մուտքի ուղղութեամբ դէպի հարաւ փոքր-ինչ հեռի: Քանի՜ գեղեցիկ տեսարան ունի ամրոցս, հարաւային կողմում երեւում են Քիրս լեռնաշղթան, Շուշին, Բողրխան, Խաչենի հարաւակողմի գիւղերն, արեւելեան կողմում մօտուստ` Սուրբ Գէորգ. հեռուստ` Կովկասեան լեռնաշղթան, հիւսիսային կողմում` Ջրաբերդի լեռներն, Առաջաձորի լեռնաշղթան, Մռաւ սարն, իւր ստորոտում Աղուան [45] պատն, իսկ իւր արեւմտեան կողմում` Խոխանաբերդն եւ Նատարի-Ղալան:

Դ. Խոխանաբերդ (23) կամ Թարխանայ Ղալա. (6237)

Չորս կողմերից առանձնացած եւ ձուաձեւ արձանացած մի բարձր ժայռ է մի բարձրագոյն սարի վերայ, որ կայ Գանձասարի հարաւային հանդէպ, Խաչեն գետակի աջ կողմում: Սաստիկ զառիվեր, խիստ վտանգաւոր եւ միշտ ահարկու կածան ժեռքարի վրայով արեւելեան կողմից դէպի հարաւ-արեւմուտք բարձրանում է մանուածոյ ձեւով: Ահա այսպիսի դժուարատար եւ միանգամայն սոսկալի է նեղ կածանն, քանզի, Տէրն մի' արասցէ, եթէ սահեցաւ բարձրացողի ոտքն կամ փոքր-ինչ ծռուեցաւ նորա մարմնոյ հաւասարակշռութեան դիրքն, իսպառ կորսուած է. վասն զի ընկնելուց յետոյ սեպացեալ ժայռերին զարկուելով պիտի գլորուի անդունդն: Բերդակիս մակերեւոյթի տարածութիւնն աւելի չէ երեք կալաչափ մեծութիւնից. այսու ամէնայնիւ պակաս չեն քարուկիր հին շինութեանց հետքեր: Քարուկիր պատով պատուած են տեղ-տեղ ժայռիս կատարն, ոչ եթէ իսպառ խզելու համաար թշնամեաց մուտքը ամրոցիցս, այլ որպէս զի մարդ չընկնի վերեւից վար պաշարուածներից: Արդարեւ անառիկ է ամրոցս եւ միանգամայն անմերձենալի եւ շրջապատուած վաղեմի անտառներով: Բայց որովհետեւ այստեղ եւս չկայ ջուր, վասն որոյ պատրաստած են վիմափոր հորեր եւ ի պահանջել հարկին ջուր բերած մօտակայ աղբիւրից, որ գտնւում է բաւական տեղ ներքեւ: Թէ որքա՜ն դժուարութեամբ իջանք, թողնում ենք բարեմիտ ընթերցողաց երեւակայութեանց:

Ե. Նատարին (24) Ղալա. (6493 ոտք) Համարեա' թէ յար եւ նման ամրոց է այս Խոխանաբերդին: Առաջինն գտնւում է վերջնոյս հարաւային կողմում քառորդ մղոն հեռաւորութեան վերայ: Միայն թէ Նատարն բարձրանալու ուղին այնքան վտանգաւոր չէ:

Զ. Անանուն բերդակ. Գտնւում է գրեթէ Առաջաձորի եւ Ծմակահողի միջեւ երկու քարեայ խաչերի մօտ: Բերդաբլուրն բոլորովին առանձնացած եւ ձգուած է հիսիսից հարաւ դիրքով եւ միանգամայն թրաձեւ տեսքով. վասն որոյ նեղ եւ երկար է բերդակիս մակերեւոյթն բլրի գագաթի ձեւով: Պարսպուած է բլրիս գագաթն ամուր պարսպով, միայն հիւսիսային ու հարաւային անկիւններում շինուած են երկու բուրգեր, որք միեւնոյն ժամանակ ծառայած են իբրեւ ջրամբար, որոց ջուրն բերուած է մօտակայ աղբիւրներից: Անպակաս են եւ սորա միջից քարուկիր հին տնաբակեր:

Է. Խաթրայ բերդ (25) Գտնւում է Խաթրայ վանքի արեւմտեան հանդէպ, ձորի ձախ լանջի գլխի քերծի մէջ: Այս ընդարձակ քարայրի նման մի տեղ է, որի առաջն պարսպուած է եւ որ ունի մի դժուարատար եւ վերելակ կածան: Այս եւս պատկանում է Ջալալեան իշխաններին: Շատ անգամ եղնորթներն գալիս եւ պատսպարւում են ինչպէս բերդումս, նոյնպէս եւ Խաթրայ վանքում:



[1] Տափարակս պատկանում է Վարար-ակն գիւղի բնակչաց, որք փոխադրուած են Շուշի, բայց գիւղի աւերակն, քարուկիր եկեղեցին եւ հանգստարանն մնում են Խան-քեանդու հիւսիսային ձորակի ձախ լանջի վերայ` Վարար-ակն աղբիւրի մօտ:

[2] «Գաղտ. Ղար. » եր. 119-121: Գիւղիցս վերեւ Բեւեռաթափ (Մխթէօքեան) սարի բարձ. 6944 ոտք:

[3] Գիւղումս ծնուած է եւ գրքիս հեղինակն. գիւղիս հանգստարանում հանգչում են իմ պապ Քեանդխուտա-Խաչատուր Բարխուտարեանցն իւր շատ քաջերով, իմ հայր Գրիգոր, իմ մայր Եղիսաբեթ, իմ տատ Մարիամ, իմ հօրեղբարք Մկրտիչ, Սարգիս, Թէոս, իմ վաղաթառամ եղբայր Ստեփան. բայց կենդանի են Աստուծոյ ամէնակարող զօրութեամբ իմ մեծ եղբայր Կարապետն, փոքր եղբայր Յակովբն եւ իմ մեծ քոյրերս Անթառամն, Շահզատն եւ Հերիքնազն (վաղաթառամ վախճանուած է Պալլուճայում իմ միջակ քոյր Վառվառան): Հանգիստ ոսկերաց Ձերոց, սիրելիք իմ:

[4] Անյայտացած են կէտադրեալ բառերն եւ տառերն:

[5] Այժմ ուխտատեղի է:

[6] Խանածախ գիւղիս վտակի անունն է:

[7] Այժմ Ջան-Հասան` ըստ կրճատման օրինաց Արցախի:

[8] Գիւղիս գլխի սարի բարձ. 4606:

[9] Բռշնի ծառին մօտ եղած նահատակ:

[10] Պտրեցւոց սարի (Ղրխզըզ) բարձր. 9324, գիւղից վերեւ, գետի ձախ կողմի սարի` 5227:

[11] Բառ արաբերէն, որ նշանակում է 4-չորս երկիրների վերայ կաթուղիկոս է:

[12]      Նշանակում է` շատերն հետամուտ էին կին ածել այս հարսը:

[13]      Այժմ եւս կայ այս սովորութիւնն:

[14]      Բառ տեղական, որ նշանակում է հասնելու վերայ էին, չորս կամ հինգ քայլ մնացած էր, որ հասնէին կնոջ ետեւից:

[15]      Հաստատում են, որ 100 տուն եղած է գիւղս, հետզհետէ պակասելով` մնացած է այժմ 8 տուն:

[16]      Երեւի թէ միջի տաճարիս անունն է:

[17]      Նախ` անընթեռնելի են կէտադրեալ բառերն: Երկրորդ` սոյն բոլոր արձանագրութիւններից ակներեւ երեւում է, որ Կօշիկ եղած է անապատիս անունն:

[18]      Գաւառիս առաջնորդին:

[19]      Խլուած են հողերն, կոտորած անտառներն եւ թողած մացառոտներն:

[20]      Լեռնաշղթաս սկսուած է Գանձասար վանքի սարից, ձգուած Շահմասուր, Ծմակահող, Առաջաձոր, Կիչան գիւղերի արեւմտահիւսիսային գլուխներից, անցած Արծաթահանքի մօտով եւ ճիւղաւորուելով հասած մինչեւ դաշտաբերանն:

[21]      Այս է գիտնական Յովսէփ վարդապետի գերեզմանն, որ շատ տարիներ վարժապետութիւն արած է Արցախիս վանքերումն:

[22]      Արաբերէն աբու նշանակում է հայր. իսկ Աբու-Սեդայ` Սեդի հայր. օրինակ Աբու Բեքր, Աբու Եուսուփ, նշանակում է Բեքրի հայր, Եուսուփի հայր: Բայց այստեղ Աբու Սեդ նշանակում է հայր Սեդ: Ինչպէս կարծում եմ Արցախեան նահանգում գործածուած ապեր բառն մնացորդ է Արաբացւոց աբու բառին: Այժմ եւս գործ են ածում Գեաբի-ապեր, Թիւնի-ապեր, եւն:

[23]      Թուրքերէն Բազարքեանդ, իսկ հին անունն` Վաճառ գիւղ կամ գիւղաքաղաք:

[24]      Այժմ պարզուեցաւ մթութիւնն: Արձանագրութիւնս հաստատում է, որ յայտնուած է այստեղ Ս. Ստեփաննոս նախավկայի եւ նահատակի մասունքն. հաստատւում է, որ երկյարկ մատուռներս շինուած են Փրկչական 1229 թուին եւ կոչւած ս. Ստեփաննոս, իսկ եկեղեցին շինուած է 22 տարի յետոյ, Զ. (1251) թուին դարձեալ յանուն ս. Նահատակի (սուրբ Ստեփաննոս նահատակ):

[25]      Չիլէթ սար 5132 ոտք Առաջաձորից վերեւ:

[26]      Մի մարդ մեռաւ Ուլու պէկի կողմի մարդիկներից:

[27]      Վեր գնացինք Արապայ հողից:

[28]      Գնացինք:

[29]      Երեք սահմանների վերայ:

[30]      Դատաւորն սահման որոշեց Առաջաձորի ջուրը:

[31]      Իջնէ Աւազի մօտն (քանդուած տեղն):

[32]      Խաչեն գետակն (Խաչենագետն):

[33]      Այսչափ անդ տեղ է:

[34]      Նզովեալ լինի:

[35]      Այս կապած պայմանիս վկայ ես Եղիա եւ այլն:

[36]      Մինչեւ 1 թուանշանս փորագրուած է մուտքի մի քարին վերայ, որպէս գրեցի, իսկ թուանշանիցս վերջն` մի ընկած քարի վերայ է:

[37] Կա'մ Որ ըստ Աստուծոյ եւ կամ Աստուծով եւ կամ յԱստուծոյ:

[38] Առանի երկրին իշխող:

[39] Երին նշանակում է Վերի, Վարի-Հոռաթաղն արդէն գոմանոց է, բայց կան դեռ մի քանի գերդաստան: Հոռաթաղ նշանակում է Ուռի ծառի թաղ:

[40] Բարձրութիւն Գայլասարիս 7875 է:

[41] Գաղտնի պահարան կայ եւ աւագ խորանի գլխին:

[42] Միեւնոյն Մատաղիսն աւերակ գիւղ է, որ էր Վաղահասի արեւելեան կողմում:

[43] Տե'ս սորա մասին Գարդման գաւառի թարգմանչաց վանքի աւետարանի յիշատակարանը:

[44] Շինել տուած է Վահրամ իշխանի որդի Սարգիս եպիսկոպոսն (տե'ս Դատի վանուց արձանագր. շարքում):

[45] Այս վաղեմի պարիսպն, որ ընկած է Խաչեն գետակի եւ Քոլատակ վտակի մէջ` խառնուրդի մօտ, չկարողացանք իմանալ, թէ ինչ պատճառաւ կոչւում է Աղուանք, թէ եւ ջանքն անպակաս եղաւ մեր կողմից: Արդեօք պարսպի խիստ հեռաւոր հնութեա՞ն պատճառաւ., թէ Աղուանից թագաւորների ժամանակից շինուած լինելու պատճառաւ: Միայն յայտնի է, որ պարիսպս շինուած է ռազմագիտական դիրքով, որով արգելուած է թշնամին ջրաձորս մտնելուց: Նորա մասին տե'ս ծանոթութիւն 26: