Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԱՅԼ ՏԱՂ ԳԵՂԵՑԻԿ ԵՒ ԼԱՒ
       Սուրբ Աստուածածնի տօնին գայ իջնու արծիւն ի քարին,
       Շատ մոմ, շատ ճըրագ վառեն ի յանուն սուրբ Աստուածածնին,
       Կ՚երէք, խըմեցէք, մանկտիք, քարշեցէք զնաւերթ ի ծովին,
       Մեր Տէրն նաւավար եղեր, նաւապետ սուրբ Աստուածածին։
       Երթանք աղաչենք զմեր Տէրն,
       Որ հանէ տանի յայն տեղին,
       Ուր ջրհորն յիւրմէն կու բանի։
       Գաբրիէլ աւետիս երետ՝ Մարիամու ի յօր կիրակին,
       Մարիա՛մ, հրամայէ զհոգիդ, զինչ օրէնքն է հողածնին։
       Դարձաւ պատասխան ետուր՝ Սուրբ կոյսըն Գաբրիէլին.
       Չեմ տալ ես զիմ հոգի՝ մինչ որ գայ իմ Աստուածորդին։
       Մեր Տէրն իւր ամէն զօրօքն իջաւ՝ ի խնդրել իւր ծնողին,
       Մայր իմ, հրամայէ զհոգիդ, զինչ օրէնքն է հողածնին։
       -Իմ Տէր եւ որդիս, կուտամ զհոգիս,
       Բայց կարօտ եմ Բարդուղիմէոսին.
       Հան ինձ թեւաւոր հրեշտակ
       Հայաստան, ի խնդիր Բարդուղիմէին։
       Հրեշտակք առին ու բերին զԲարդուղիմէն
       Սուրբ Կուսի դուռըն հասուցին,
       Ելաց ողորմապէս, անկաւ՝ աղաչեաց զսուրբ Աստուածածինն.
       «Ա՜յդ է կու գընաս, սո՛ւրբ կուսանաց,
       Քեզնէ նշան մի չունիմ»։
       Զդաստառակն երեսօք ձգեաց‚
       Զայն նշան ետ Բարդուղիմէին։
       Առաւ ու գընաց Բարդուղիմէն
       Ի քաղաքն Երուսաղէմին,
       Առաքեալքն յիրար եկան,
       Բարդուղիմէին ի տես գընացին։
       Ամենքն ընդ հարցումն եղան՝ միաբան եւ զայս ասացին,
       Դու ուստի՞ կուգաս, համբարձա՜ւ սուրբ Աստուածածինն։
       Ասաց, Ես անտի կուգամ։
       Առաքեալքն ոչ հաւատացին։
       Զդաստառակն ի դուրս եհան,
       Զայն տեսան եւ հաւատացին։
       Զբաներս վարդապետն ասաց ի վերայ սուրբ Աստուածածնին,
       Ո՛վ որ ուսանի, ասէ, իւր մեղացն թողութիւն լիցին։