Գրական ասուլիսներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Համառօտ ակնարկ Յ. Ճ. ՍԻՐՈՒՆԻի


Լեւոն Սեղբոսեան (Շանթ) Պոլսոյ մեջ ծնած 1869ին, իր կրթութիւնը ստացած է Էջմիածնի Գէօրգեան ճեմարանին [1] մէջ: Նուիրուելով ուսուցչական ասպարէզին, Շանթ մէկ տարի պաշտօնավարած է Կովկասի մէջ: Յետոյ Եւրոպա գացած է համալսարանական կրթութիւն ստանալու, ուրկէ վերադարձած է Կովկաս: Սահմանադրութեան հռչակումէն [2] ետք Շանթ դարձած է Պոլիս՝ իր ուսուցչական եւ մանկավարժական գործունէութիւնը շարունակելու:

Շանթի գրական գործունէութիւնը կը սկսի բանաստեղծութեամբ: 1891-1893 գրած է քառասունի չափ քերթուածներ, յետոյ ամփոփուած Երգեր [3] խորագրին տակ: Ունի նաեւ փօէմ մը՝ Լերան աղջիկը [4]:

Երկրորդ գիծը Շանթի գրական գործունէութեան մէջ՝ իր վէպերն են: Յաջորդաբար գրած եւ հրատարակած է Երազ օրեր [5], Դուրսեցիներ [6], Վերժին [7], Դարձ [8], Դերասանուհին [9] եւ Կինը [10] վեպերը:

Շանթ յետոյ անցնելով գրական ուրիշ սեռի մը սկսած է թատերախաղեր գրել: Նախ գրած է Եսի մարդը [11], եւ յետոյ, յաջորդաբար Ուրիշին համար [12], Ճամբուն վրայ [13] եւ վերջապէս Հին աստւածները:

Հին աստւածները 1909ին Երեւանի մէջ գրուած, 1912ին տպագրուած է Պոլսոյ մէջ: Նոյն տարւոյ վերջը առաջին մրցանակի արժանացած է Թիֆլիսի Հայոց Դրամատիկական ընկերութեան [14] կողմէ, եւ 1913ի սկիզբը տասնեակներով անգամ ներկայացուած է Թիֆլիսի եւ Պաքուի բեմերուն վրայ: Բացի հայ եւ ռուս մամուլին մէջ նոյն թատերախաղին նուիրուած բազմաթիւ գրախօսականներէն եւ յօդուածաշարքերէն, թէ Թիֆլիսի եւ թէ Պաքուի մէջ Հին աստւածներու շուրջ տեղի ունեցան, հայերէն եւ ռուսերէն լեզուներով, դասախօսութիւններ, վիճաբանական հաւաքոյթներ եւ գրական դատավարութիւններ [15]:

***

Հին աստւածներու շուրջ մինչեւ ցարդ գրուած կամ խօսուած կարծիքներէն կարելի է ամփոփել հետեւեալ հարցերը, որոնց վրայ անշուշտ յետագայ բանախօսները պիտի ծանրանան.

Ա. Հին աստւածները պատմական թատերախաղի բնոյթ ունի՞ եւ այդ տեսակէտով թերութիւններ կը ներկայացնէ՞:

Բ. Հին աստւածները ոեւէ առնչութիւն ունի՞ հայկական միջավայրի հետ եւ այդ տեսակէտով որքա՞ն յաջողած է։

Գ. Թատերախաղը կը լրացնէ՞ տռամէ մը պահանջուած յատկութիւնները, ունի՞ տռամաթիք տիպարներ, գործողութեանց հոգեբանական զարգացում եւ տռամաթիք վախճան:

Դ. Շանթի ոճը որքա՞ն համապատասխան է լեզուի օրէնքներուն եւ թատերախաղի նիւթին:

Ե. Շանթ որքա՞ն յաջողած է իր ցայտեցուցած մտքի եւ սրտի պայքարին մէջ:



[1]            Գեւորգյան հոգեւոր ճեմարան Հայաստանում հիմնված եւ մինչ օրս գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատություններից է։ Հիմնադրվել է 1874 թ., Վաղարշապատ քաղաքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարի հարեւանությամբ։

[2]            1908 թ. հուլիսի 11-ին կայսերական հրովարտակով Թուրքիայում վերահաստատվեց 1876 թ. ընդունված Սահմանադրությունը:

[3]            Շանթի «Երգեր» ժողովածուն լույս է տեսել 1904 թ., Թիֆլիսում, «Հայ բանաստեղծներ» մատենաշարով (Լեւոն Շանթ, Երգեր: (Հայ բանաստեղծներ): Հրատ. Ստ. Լիսիցեան եւ ընկ.: Թիֆլիս, տպ. Հերմես, 1904, 33 էջ):

[4]            «Լեռան աղջիկը» վիպերգն առաջին անգամ լույս է տեսել «Տարազ» հանդեսում, 1893 թ. (թիվ 4-6), այնուհետեւ՝ առանձին գրքով, 1904 թ., Թիֆլիսում, «Հայ բանաստեղծներ» մատենաշարով (Լեւոն Շանթ, Լեռան աղջիկը: (Հայ բանաստեղծներ): Հրատ. Ստ. Լիսիցեան եւ ընկ. 5: Թիֆլիս, տպ. Հերմես, 1904, 32 էջ):

[5]            «Երազ օրեր» վեպն առաջին անգամ լույս է տեսել «Մուրճ» ամսագրում (Թիֆլիս), 1894 թ.:

[6]            «Դուրսեցիներ» վեպն առաջին անգամ լույս է տեսել  «Մուրճ» ամսագրում (Թիֆլիս), 1895-96 թթ.:

[7]            «Վերժին» վեպն առաջին անգամ լույս է տեսել  «Մուրճ» ամսագրում (Թիֆլիս), 1897-98 թթ.: Այնուհետեւ առանձին գրքով հրատարակվել է 1911 թ., Պոլսում (Լեւոն Շանթ, Վերժին: Մատենաշար Ազդակ, թիւ 9: Հրատ. Արծիւ ժողովրդական գրավաճառանոցի: Կ. Պոլիս, տպ. Արաքս, 1911, 172 էջ):

[8]            «Դարձ» վեպն առաջին անգամ լույս է տեսել  «Մուրճ» ամսագրում (Թիֆլիս), 1898 թ.:

[9]            «Դերասանուհին» վեպն առաջին անգամ լույս է տեսել «Մուրճ» ամսագրում (Թիֆլիս), 1899 թ.:

[10]          «Կինը» վեպն առաջին անգամ լույս է տեսել  «Բագին» շաբաթաթերթում (Կ. Պոլիս), 1911-12 թթ.:

[11]          «Եսի մարդը» դրաման առաջին անգամ լույս է տեսել «Բանբեր գրականության եւ արվեստի» ամսագրում (ՍանկտՊետերբուրգ), 1904 թ. գիրք, էջ 1-47):

[12]          Իսկական վերնագիրը՝ «Ուրիշի համար», առաջին անգամ լույս է տեսել «Մուրճ» ամսագրում (Թիֆլիս), 1905-06 թթ.:

[13]          «Ճամփուն վրա» դրաման առաջին անգամ լույս է տեսել «Գարուն» ալմանախում (Մոսկվա), 1909 թ. գիրք, էջ 51-104):

[14]          Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերությունը հիմնվել է 1901-ին, Թիֆլիսում: Ունեցել է մասնաճյուղեր գավառներում։ Գործել է մինչեւ 1921 թ. ։

[15]          Այդ մասին առավել մանրամասն տե՛ս Լեւոն Շանթ, «Երկերի ժողովածու», հատոր IV, Երեւան, 2007, էջ 607-633