Գրական ասուլիսներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բացման խօսք Գ. ԽԱԺԱԿի

 

Տիկիններ եւ պարոններ,

Հոս հաւաքուած ենք հայ գրականութեան վերջին արտադրութիւններէն մին քննադատելու. արտադրութիւն մը՝ որ այնքան յուզեց մեր Կովկասեան եղբայրները [1]: Գիտեմ՝ ձեզմէ շատերը պիտի մտածեն թէ հիմա կը սկսին յարձակումները, կծու սլաքները: Սակայն կը սխալիք:

Պարոնեան իր Ազգային ջոջերու [2] մէջ խօսքն ուղղելով Ներսէս Վարժապետեանի հոյակապ անձին, կ’ըսէ մօտաւորապէս սա բառերը. «Ո՜վ պաշտելի ուսուցիչս. թող որ արեւուն վրայ բիծեր ալ տեսնեմ» [3]: Ու այնուհետեւ կը սկսի միայն ու միայն բիծերը տեսնել: Թողունք երգիծաբանին ըսելու միայն ծաղրելին, մութը, թողունք որ ան ձաղկելով ու մտրակելով ընէ իր շինարար գործը. իսկ մենք մօտենանք առաջադրուած գրական գործին առնաբար, քաղաքացիական քաջութիւնով. ըսենք լաւն ալ, վատն ալ: Ցաւելով ըսենք թերութիւնները: Բաւ է որ լսողը հասկնայ թէ՝ հեղինակը ստորնացնելու համար չէ որ կ’ըսենք թոյլ ու թերի կողմերը. բաւ է որ քննադատուողը ըմբռնէ թէ բարեկամաբար կը քննադատուի եւ ոչ թէ թշնամաբար։

Ծանր է մեր գործը: Հայ Պառնասի զաւակներէն շատերը իսկական բանաստեղծ չեն: Անոնք յաճախ քնարի փոխարէն հրապարակագրի գրիչը եւ քարոզչի մականը կ’առնեն ձեռք. ու փոխանակ երեւակայութեան՝ կը գործէ սառ լօժիքը, փոխանակ պատկերներու՝ սիլլօժիզմը, մինչդեռ բանաստեղծը Սէնթ Պէօֆի, Ժօրժ Պրանտէսի եւ ռուս քննադատ Պիլինսկիի ըսածին պէս «կը խօսի եւ կը տրամաբանէ պատկերներով» [4]:

Շանթի Հին աստւածները, ամբողջովին պատկերներով արտայայտուած լօժիք մըն է: Ատկէ աւելին, ան ցոլացուցեր է հերոսին՝ Աբեղային ներաշխարհը. անոր

երեւակայութեան մէջ յուզուող գոռ պատկերները ցուցադրեր է բեմի վրայ… Ան ստիպեր է իրար զարնուիլ բանականութիւնն ու անմիջական զգայական կեանքը, եւ այդ բաղխումները ամբողջովին պատկերներով ցուցադրեր է բեմի վրայ, ֆէէրիի մը պէս:

Գործը ցնցեց մեր կովկասահայ եղբայրները: Ապացոյց որ հոս ալ այդ տաղանդաւոր գործը հետաքրքրութեան առարկա է եղած:

Մինակ Շանթը չէ հայ Պառնասի բնակիչ որ կրնայ յուզել հայուն սիրտը: Կան Զօհրապներ, Սիամանթօներ, Վարուժաններ, Չիֆթէ-Սարաֆներ, Զարդարեաններ, Մալէզեաններ, Թէքէեաններ, որոնք եւս պիտի ենթարկուին անշուշտ այս տեսակ գրական ասուլիսներու, գրական զրուցատրութեանց:

Մենք կը սկսինք մեր գրական քննադատութիւններու շարքը, բացագանչելով. «Կեցցե՜ն Հայ Գրականութեան Կենդանի Ոյժերը, որոնք Հայ Միտքը կը ներկայացնեն գեղեցիկ ստեղծագործութեամբ»:



[1]            «Հին աստվածների» շուրջ քննարկումներ, այսպես կոչված՝ «գրական դատեր» են կազմակերպվել 1913 թ. սկզբից՝ Թիֆլիսում, Բաքվում: Մասնավորապես՝ «գրական դատ» է կազմակերպվել 1913 թ. փետրվարի 3-ին, որը շարունակվել է փետրվարի 7-ին, եւ բանավիճող կողմերն այդպես էլ ընդհանուր եզրակացության չեն եկել:

[2]            «Ազգային ջոջերը» Հակոբ Պարոնյանի նշանավոր դիմանկարների շարքն է: Բաղկացած է 32 կենսագրություններից:

[3]            Մեջբերումը չափազանց մոտավորապես է: Իրականում Պարոնյանը գրել է. «Աշակերտիդ սիրույն համար համար, երգիծաբանության հառաջադիմության սիրույն համար քանի մը փոքր թերություններ ունեցեք, որ իմ գրիչիս ալ սիրտը չկոտրի» (Տե՛ս Հակոբ Պարոնյան, «Երկերի ժողովածու 10 հատորով», հատոր 2, Երեւան, 1964, էջ 215):

[4]            Այստեղ եւ այսուհետ, գրական ասուլիսների իր բոլոր ելույթներում, Գ. Խաժակը մեջբերումներն անում է չափազանց մոտավորապես, ինչը լրացուցիչ դժվարություններ է առաջացնում դրանց աղբյուրները նշելու համար: Նման դեպքերում զերծ ենք մնացել ծանոթագրումներից եւ աղբյուրների մատնանշումից: