Գրական ասուլիսներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՍԵԹԵԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ
(Կենսագրական ակնարկ)


Յովհաննէս Սեթեան, Եօսէյ Վանանթնսեհ՝ ինչպէս կը կոչուի նաեւ իր անուան տառերուն շրջումովը, ծնած է 1853ին, Կ. Պոլիս, Օրթաքէօյի մէջ: Իր նախնական ուսումը թաղին Ս. Թարգմանչաց վարժարանին մէջ ստացած, 1870ին նուիրուած է ուսուցչական ասպարէզին, Պոլսոյ գլխաւոր վարժարաններուն մէջ աւանդելով մասնաւորապէս հայերէն եւ ֆրանսերէն: Հայկական դէպքերը [1] զինք ալ քշած են Պոլսէն, եւ Սեթեան 1896ին գացած է Գահիրէ, ուր մինչեւ 1906 պաշտօնավարած է իբրեւ տնօրէն-ուսուցիչ, եւ անկէ ետք ցարդ իբր ուսուցիչ:

Սեթեանի գրական կեանքը կը սկսի 1870ին, ուրկէ ետք հետզհետէ կը սկսի աշխատակցիլ Մասիսի, Թատրոնի, Արեւելքի, Երկրագունտի, եւ այլն: Իր առաջին քերթուածները (1870-1882) հրատարակուած են Գրչի զբօսանքին [2] մէջ: Յուզման ժամերը [3] կը պարունակէ Սեթեանի (1882-1888) գրած բանաստեղծութիւնները: Սեթեան Բլուրն ի վեր [4] կը կոչէ իր այն քերթուածները, զորս գրած է (1888-1896), իսկ Տարագրին քնարը [5] տիտղոսին տակ կը հավաքէ իր Պոլսէն դուրս գրած քերթուածները (1896-1912): Ունի նաեւ Արձակ էջեր [6], որոնք կը պարունակեն նոյն շրջանին մէջ գրուած իր պատմուածքները եւ պատկերները: Սեթեան գրած է նաեւ ֆրանսերէն քերթուածներ, որոնցմէ յիշենք Le grand martyr, Le sommeil du fédaï, La fin d’une journée, La plainte des trépassés, A la france եւ La priére d’un vieillard: Սեթեանի բոլոր այս քերթուածները հրատարակուած են այս տարի Գահիրէ միակ հատորի մը մէջ՝ Արշալոյսէն Վերջալոյս [7] տիտղոսուած:



[1]            Խոսքը վերաբերում է 1894-1896 թթ. հայկական կոտորածներին:

[2]            Ժողովածուի վերնագիրը սխալ է  նշված՝ պետք է լինի «Գրական զբօսանք»: Տե՛ս Յովհաննէս Սեթեան, Գրական զբօսանք: Այլեւայլ քերթուածներ: Ա: Կ. Պոլիս, տպագր. Արամյանի, 1882, 80 էջ:

[3]            Յովհաննէս Սեթեան, Յուզման ժամեր: Քերթուածք: Բ: Կ. Պոլիս, տպագր. Նշան Պերպերյանի, 1888, 104 էջ:

[4]            Այս շարքը ներառված է «Արշալոյսէն Վերջալոյս» գրքում, տե՛ս 7-րդ ծանոթագրությունը:

[5]            Այս շարքը նույնպես ներառված է «Արշալոյսէն Վերջալոյս» գրքում:

[6]            Ներառված է «Արշալոյսէն Վերջալոյս» գրքում:

[7]            Յովհաննէս Սեթեան (Եոսեյ Վանանթսեհ), Արշալոյսէն Վերջալոյս: 1870-1912: Կահիրե, տպագր. Զարեհ Նշան Պերպերյանի, 1912, Ե+306 էջ: