Գրական ասուլիսներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՍԻԱՄԱՆԹՕԻ ԳՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ
(Կենսագրական ակնարկ)


Ատոմ Եարճանեան-Սիամանթօ ծնած է 1878ին Ակնի մէջ: 1892ին Պոլիս եկած, երկու տարիի չափ աշակերտած է Գումգափուի Միրիճանեան վարժարանին, յետոյ մտնելով Պէրպէրեան վարժարան [1] ՝ հասած է մինչեւ երիցագոյն կարգ, երբ 1896ի աղէտի օրերուն մեկնած է Պոլսէն: Մէկ քանի ամիս Եգիպտոս մնացած, անցած է յետոյ Ժընեվ, պահ մը հետեւելու տեղւոյն քօլեճին ծաղկաբուծական բաժնին, եւ աւելի ետք Փարիզ անցնելով երեք տարի հետեւած է Սօրպօնի [2] գրական ճիւղին: Մինչեւ 1908 մնացած է Զուիցիերիա, Ֆրանսա եւ Աւստրիա, յետոյ եկած է Պոլիս, ուրկէ 1909ին մեկնած է Պօսթօն, Հայրենիքի խմբագրութեան մէջ:

Սիամանթօի գրական գործունէութիւնը կըսկսի Սուրեն Պարթեւեանի Վաղուան ձայնին մէջ հրատարակուած Կոտորած [3] քերթուածով: Յաջորդաբար աշխատակցած է Անահիտի, Դրօշակի, Ռազմիկի, Բանբերի, Շիրակի, Ալիքի, ՆորՀանդեսի, Ազատամարտի, Հայրենիքի, եւ այլն:

Սիամանթօն 1901ին հրատարակած է իր քերթուածներու առաջին հաւաքածոն՝ Դիւցազնօրէնը [4], 1905ին՝ Հայորդիներու առաջին շարքը [5], 1906ին՝ Հայորդիներու երկրորդ շարքը [6], 1907ին՝ Հոգեւարքի եւ յոյսի ջահերը [7], 1908ին՝ Հայորդիներու երրորդ շարքը [8], 1909ին՝ Կարմիր լուրեր բարեկամէսը [9], 1910ին՝ Հայրենի հրաւէրը [10], իսկ 1911ին հրատարակուեցաւ իր Ամբողջական գործին առաջին հատորը [11]:

Սիամանթօի քերթուածներէն ոմանք թարգմանուած են ֆրանսերէնի եւ անգլերէնի: Իր Ասպետին երգը Ամերիկացի գրագիտուհի Միս Ալիս Սթօն Պլօքվէլի թարգմանութեամբ լոյս տեսաւ առանձին հատորիկով [12]:



[1]            Հիմնադրվել 1876-ին, Կ. Պոլսի Գատգյուղ թաղամասում: Ռեթեոս Պերպերյանի ջանքերով: 1924-ին փոխադրվել է Եգիպտոս: Փակվել է 1934-ին:

[2]            Համալսարան Փարիզում: Հիմնվել է 1215-ին

[3]            Այդ վերնագիրը բանաստեղծության այսպես ասած՝ բանավոր շրջանառվող տարբերակն է: «Վաղվան ձայնում» տպագրվել է «Աքսորված խաղաղություն» վերնագրով, հետագայում՝ «Հոգեվարքի եւ հույսի ջահեր» գրքում՝ «Մահվան տեսիլք»:

[4]            Սիամանթօ (Ատոն Եարճանեան), Դիւցազնօրէն: Հայ երիտասարդութեան համար: Փարիզ, տպ. Համալսարան, 1902, 48 էջ:

[5]            Սիամանթօ, Հայորդիները: Առաջին շարք: Ժնեւ, տպ. Կենտրոնական, 1905, 48 էջ:

[6]            Սիամանթօ, Հայորդիները: Հրատ. «Դրօշակի»: [Երկրորդ շարք]: Ժնեւ, տպ. Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, 1906, 30 էջ:

[7]            Սիամանթօ  (Ատոմ Եարճանեան), Հոգեվարքի եւ յոյսի ջահեր: Նախաբան մը Ռ. Զարդարեանէ: Փարիզ, տպ. Համազգային, 1907, III+ 63 էջ:

[8]            Սիամանթօ (Ատոմ Եարճանեան), Հայորդիները: Երկրորդ տպագր. առաջին եւ երկրորդ շարքերու: Հրատ. Հայ Յեղափոխական Դաշնակցութեան: Կ. Պոլիս, 1908, 67 էջ:

[9]            Սիամանթօ (Ատոմ Եարճանեան), Կարմիր լուրեր բարեկամէս: Հրատ. Արծիւ ժող. գրավաճառանոցի: (Մատենաշար  «Ազդակ», թիւ 1): Կ. Պոլիս, տպագր. Օնիկ Արզումանի, 1909, 54 էջ:

[10]          «Հայրենի հրավերը» առանձին գրքով լույս չի տեսել, այլ ներառվել է Սիամանթոյի՝ 1910 թ. վերջերին լույս տեսած «Ամբողջական գործ»-ի առաջին հատորում:

[11]          Լույս է տեսել ոչ թե 1911, այլ 1910 թվականին: Տե՛ս 1-ին ծանոթագրությունը:

[12]          Siamanto, A. Y.:  The song of the Knight /By A. Y. Siamanto; Put into English verse by Miss Alice Stone Blackwell. Constantinople: V. & H. Der-Nersessian, 1912 22 p.