Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

IV

Կապիտալիզմի ու բուրժուազիայի իդէոլոգիայի էութեան մասին այս նախնական համառօտ տեղեկութիւնները տալուց յետոյ այժմ արդէն կարող ենք անցնել Նալբանդեանի աշխարհայեացքին ու հեշտութեամբ որոշել, թէ ինչ է գրուած նրա դրօշակի վրայ. կապիտալի՞զմ, թէ՞ կապիտալիզմի վերացում, շահագործո՞ւմ, թէ՞ սեփական աշխատանք:

Առաջին հետաքրքրական տարբերութեանը, որ ունի Նալբանդեանը մեր յիշած բուրժուական հեղինակներից, այն է, որ մինչդեռ սրանք ազգ ու բուրժուազիայ գաղափարները նոյնացնում են եւ հակադրում ժողովրդին, «Երկրագործութեան» հեղինակն, ընդհակառակն, ազգ ասելով հասարակ ժողովուրդն է հասկանում եւ հակադրում է ազնուականութեանն ու հարուստներին:

« Ազգ ասելով պիտի իմանալ հասարակ ժողովուրդը եւ ոչ նրա միջից, նորա քրտինքով ու նորա արիւնով յառաջացած մի քանի մեծատունք [1]:

«Երբ տէրութիւնը պէտք ունի, երբ պատերազմ ունի, ... որից հասարակ ժողովրդի ազգի համար չկայ ո՛չ ջերմութիւն եւ ոչ ցրտութիւն, տէրութիւնը դառնում է դէպի ազգը ... » [2]:

«Եւ անկարելի է ... հիմքը նորոգել, ու քանի որ ազգը, հասարակ ժողովուրդը կարօտ է օրական հացի» [3]:

Իւր դաւանած «ազգի», այսինքն` հասարակ ժողովրդի շահերի տեսակէտից է մօտենում Նալբանդեանը հասարակ հարցերի, ի միջի այլոց` նաեւ կապիտալիզմի քննութեանը:

Պատմելով, թէ ինչպէս հարիւրաւոր անգամ ինքը լսել է, որ Անգլիան ու Ֆրանսիան հարուստ են, թէ ինչպէս շատերը գովում եւ բիւր երանի են տալիս անգլիացիներին ու ֆրանսիացիներին, Նալբանդեանը բողոքում է նման կարծիքների դէմ:

«Այն ժամանակ միայն ստուգապէս կարող ենք ասել, թէ Անգլիան հարուստ է, երբ այն միլիոններ բաղկացնող անհատների (ժողովրդի - Թ. Ա) մօտ տեսնենք ... նիւթական կարողութեան նշմարանք» [4]:

Այսպիսի նշմարանք չէ նկատում հեղինակը, ուստի եւ եզրակացնում է ի զարմանս իւր ընթերցողների.

«Անգլիական ազգը ամէն ազգից աղքատ է եւ ամէն ազգից աւելի վտանգի ենթակայ» [5]:

Ի՞նչն է անգլիական ու ֆրանսիական ազգի, հասարակ ժողովրդի թշուառութեան պատճառը: «Կապիտալիզմը, պատասխանում է հեղինակը, որի ժամանակ չքաւոր մասսան ենթակայ է ամէն տեսակ պատահարների վնասակար ազդեցութեան»:

«Ամերիկան պատերազմ ունի իւր մէջ, չէր կարող բամբակ տալ Անգլիային, նորա բամբակեղէն ապրանքի գործարանքը փակւում են, գործարանատերքը սնանկանում եւ անգործ մնացած բիւրաւոր գործաւորքը օրական հացի կարօտ եւ վերջին յուսահատութեան մէջ: ... Մեր աչքի առջեւ են բիւրաւոր անգործ գործաւորք, որ տանջւում են սովից եւ վերջին ճիգն են թափում պատերազմելով մի ծայրացեալ աղքատութեան հետ: ... Անգլիոյ մէջ որեւիցէ մի ձեռնագործի ընկնելու կամ ընթացքից զրկուելու հետ կապակից է բիւրաւոր անհատների թշուառութիւնը: Մի տեսակ ժապաւէն, որ առաջ գործածական էր, դուրս ընկաւ սովորութիւննից եւ ժողովուրդը դադարեցաւ գնելուց. սորանից աւելի ի՞նչ հասարակ բան կարող է լինել: Բայց եկէք, նայենք այս հասարակ բանի հետեւանքին: Հազարաւոր խանութներ, հարիւրաւոր գործարանք եւ բիւրաւոր գործաւորք մնացին դարձեալ անգործ, անհաց, անտուն, անտէր: ... Ֆրանսիայի մէջ Լիոն քաղաքում նոյնպէս փակուեցան մի քանի գործարանք. գործաւորներին հանդիպեցաւ գրեթէ նոյն ճակատագիրը, ինչ որ Լոնդոնում [6] ... Հարո՞ւստ է անգլիական ազգը, եթէ մի քանի գործարան փակուելով կամ մի ժապաւէն գործածութիւնից դուրս ընկնելով բիւրաւոր մարդիկ եւ բիւրաւոր գերդաստանք դառն աղքատութեան հետ պատերազմելով կարող են սովամահ կորսուել: Հարո՞ւստ է ֆրանսական ազգը, եթէ մի քաղաքում մի քանի գործարանք փակուելով մի ահագին բազմութիւն գործաւորների կը դատապարտուի դէպի մուրացկանութիւն: ... Չէ՛, հարուստ չէ, ասում ենք եւ այն դրականապէս: ... Ի՞նչ հարկաւոր է մեզ ազնուականների անհուն հարստութեան տէր լինելը, ի՞նչ հարկաւոր է մեզ անգլիական դրամանոցի հսկայութիւնը, ի՞նչ հարկաւոր է անգլիական կառավարութեան դրամի կարօտ չլինելը, մինչդեռ միլիոնաւոր ժողովրդի կեանքը կախւում է բամբակից ու ժապաւէնից» [7]:

Այսպէս ուրեմն` հակառակ Բելլերսների, դէ–Մանդեւիլների, Իւնգերի, Townsend–ների, դէ-Տրասիների ու Wakefield–ների, որոնք կապիտալիստական կարգերի օրհներգու լինելով, ծարաւի են ժողովրդի թշուառութեան, Նալբանդեանը դժգոհ է կապիտալիզմից, որովհետեւ այս հիմնւում է սեւաբախտ ամբոխի աղքատութեան վրայ: Մինչդեռ բուրժուազիայի իդէոլոգի իդէալը հայրենի հարստութեան կուտակումն է, եւ նա ուշադրութիւն չէ դարձնում այս հարստութեան հաւասարապէս բաշխուելու վրայ, «Երկրագործութեան» հեղինակի աչքում, ընդհակառակը, հարստութիւնն ինքնըստինքեան ոչ մի արժէք չունի, եթէ այն չէ հոսում դէպի գորշ մասսան:

Նալբանդեանը գիտէ, որ ողորմութիւնն ու բարեգործութիւնը չեն կարող ամոքել այն թշուառութիւնները, որոնք արդիւնք են հասարակական յարաբերութիւնների, տիրող տնտեսական պայմանների:

«Ծառի տերեւի վրայ ջուր թափելը արմատի չորութեան չէ օգնում. տերեւքը ստանում են մի րոպէական զովութիւն եւ այսչափ միայն» [8]:

Ուրեմն անհրաժեշտ է կապիտալիստական տնտեսութիւնը հիմնովին փոփոխել, ստեղծել այնպիսի կարգեր, որտեղ հասարակ ժողովուրդը բարօր վիճակի մէջ լինի:

Կապիտալիստական տնտեսութիւնը շատ քննադատներ է ունեցել: Սրանցից ոմանք, այս տնտեսութեան թերութիւններն ընդգծելով, մատնանիշ են եղել հասարակական այնպիսի կազմակերպութեան վրայ, որը պահպանում է խոշոր տնտեսութեան, արտադրական կօօպերացիայի հիմքերը եւ վերացնում է մասնաւոր սեփականութեան ու մրցման պատճառած չարիքները: Բայց եղել են եւ կան կապիտալի այնպիսի քննադատներ, որոնք այս տնտեսութեան թերի կողմերն երեւան հանելով` իբրեւ իդէալ քարոզել են այնպիսի կարգեր, որոնք գոյութիւն ունէին ֆէօդալական կամ ընդհանրապէս մինչկապիտալիստական շրջանում:

Կապիտալիզմի ո՞ր քննադատների թուին է պատկանում Միքայէլ Նալբանդեանը: Արդեօք սոցիալի՞ստ է, թէ՞ այնպիսի ինդիւիդուալիստ, որը կապիտալիզմի հակառակորդ լինելով հանդերձ, ջատագով է մինչկապիտալիստական մասնաւոր սեփականութեան: Արդեօք երազո՞ւմ է նա Աւետեաց երկրի մասին, թէ՞ կարօտով յիշում է Եգիպտոսի սոխն ու սխտորը:



[1]     Միքայէլ Նալբանդեանի երկերը, հատոր Բ, Ռոստով Դօնի վրայ, 1906, էջ 312։

[2]     Միքայէլ Նալբանդեանի երկերը, Բ, էջ 315:

[3]     Նոյնը, էջ 348: Թէ՛ Բերնարդ դէ–Մանդեւիլի, Արթուր Իւնգի ու ընկերութեան եւ թէ՛ Նալբանդեանի յիշեալ հատուածներն ուշագրաւ են ի միջի այլոց նաեւ այն կողմից, որ ցոյց են տալիս, թէ «ազգ», «ազգութիւն», ուրեմն եւ «ազգային շահ» բառերը որքան տարբեր սոցիոլոգիական բովանդակութիւն ունեն: Ֆրանսիայի գոռոզ ինքնակալի հետեւողութեամբ, որ ասում էր` «Օրէնքը ե՛ս եմ», իւրաքանչիւր հասարակական խումբ անկեղծութեան րոպէներին աղաղակում է. «Ազգը ես եմ»: Այս տեսակէտից հետաքրքրական օրինակներ կան նաեւ բանուորական, սոցիալիստական գրականութեան մէջ: Ահա մի նմոյշ իտալացի սոցիալիստների` 1897թ. հրատարակած թռուցիկից. «Սեփականութիւնը, աշխատանքի գործիքները, հողը պէտք է խլել ընչատէրերի ու հարուստների ձեռքից եւ դարձնել ազգի, այսինքն` բոլոր աշխատաւորների սեփականութիւն »: Р. Пельман, История античного коммунизма и социализма, СПБ, 1910, 1910, էջ 671: Յիշատակութեան արժանի է նաեւ յետեւեալ հատուածը, որը դուրս է եկել Սէն-Սիմոնի գրչի տակից այն ժամանակ, երբ նա արդիւնաբերող դասակարգի ջերմ երկրպագուն էր. «Դաւանում եմ, որ հարուստ արդիւնաբերողները, որոնք ամենօրեայ աշխատանքների ժամանակ հրամայում են բանուորներին, այնպիսով հանդէս են գալիս իբրեւ ժողովրդի մեծաւորներ, այն ժողովրդի, որի անհրաժեշտ մասն են կազմում. սրանից հետեւում է, որ սրանք են ուղղել, բնական ազգը, միակը, որին քաղաքական իրաւունքներ տալ թոյլատրում են բարոյականութիւնը, արդարութիւնը»: В. Святловский, Очерки по истории политической экономии, СПБ, էջ 344:

[4]     Միքայէլ Նալբանդեանի երկերը, Բ, էջ 313:

[5]     Նոյնը, էջ 312։

[6]     Նոյնը, էջ 310-311:

[7]     Նոյնը, էջ 319-320: Նալբանդեանից 16 տարի առաջ, 1846 թուին մի գերմանացի այսպէս էր տրտնջում կապիտալիզմից «Triersche Zeitung»-ի մէջ. «Մեր քաղաքատնտեսները բոլոր ուժերով ձգտում են Գերմանիան բարձրացնելու արդիւնաբերութեան այն աստիճանի վրայ, որից Անգլիան այժմ ուրիշ երկիրների վերայ իշխում է: Անգլիան նրանց իդեալն է: Անշուշտ Անգլիայի այս տեսքը շատ գեղեցիկ է: Անգլիան ունի իւր կալուածները բոլոր աշխարհամասերում, կարողանում է իւր ազդեցութիւնն ամեն տեղ բանեցնել, ունի ամենահարուստ առեւտրական ու պատերազմական նաւատորմ, գիտէ բոլոր առեւտրական դաշինքների ժամանակ դաշնագիրներին շահագործել, ունի ամենաշահաւէտ առեւտրականներ, ամենանշանաւոր կապիտալիստներ, ամենահանրագէտ գլուխներ, ամենաշքեղ երկաթուղիներ, ամենահոյակապ մեքենագործներ. անշուշտ Անգլիան այս կողմից դիտելով` բախտաւոր երկիր է, բայց Անգլիան գնահատելու ժամանակ կարելի է մի այլ տեսակէտ եւս ունենալ եւ այս տեսակէտով կարող էր յիրաւի նրա բախտավորութիւնից շատ աւելի գերակշիռ լինել դժբախտութիւնը։ Անգլիան նաեւ այն երկիրն է, որտեղ թշուառութիւնը ծայրայեղութեան է հասած, որտեղ տարեկան հարիւրաւորներ սովամահ են լինում, որտեղ բանուորները յիսուն հազարներով հրաժարւում են բանելուց, որովհետեւ չնայած իրենց նեղութեանն ու տառապանքներին` այնքան չեն աշխատում, որ կարողանան անկարօտ ապրել։ Անգլիան այն երկիրն է, որտեղ բարեգործութիւնն աղքատների հարկատւության միջոցով պէտք է դառնար օրէնք: Տեսնո՞ւմ էք սակայն դուք, քաղաքատնտեսներ, գործարաններում դողդոջուն, կորացած ու աճած, բայց թօշնած կերպարանքները. տեսէք գունատ, ծիւրուած, բարակացաւոտ դէմքերը, տեսէք այս բոլոր հոգեկան ու մարմնական թշուառությունը, եւ դուք ուզում էք Գերմանիան դեռ մի երկրորդ Անգլիա՞յ դարձնել: Անգլիան միայն դժբախտութեամբ ու թշուառութեամբ կարողացաւ հասնել արդիւնաբերութեան այն բարձր կէտին, որի վրա այժմ կանգնած է, եւ Գերմանիան կարող էր միայն միեւնոյն զոհաբերութիւններով նման հետեւանքների հասնել, այսինքն` հասնել այնպիսի դրութեան, որ հարուստներն էլ աւելի հարուստ եւ աղքատներն էլ աւելի աղքատ դառնան»: Н. Белтов, К вопросу о развитии монистического взгляда на историю. СПБ, 1906, էջ 52։

[8]     Մ. Նալբանդեանի երկերը, Բ, էջ 311: