Հայ-ռուս-վրացական փոխհարաբերությունները

Հեղինակ

Բաժին

Թեմա

1. 2 ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Հայ-ռուսական հարաբերությունների ձեւավորումը, նրա բնույթը եւ գնահատականը հայոց մեջ անբաժանորեն հարաբերվել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, զարգացել վերջինիս հետ մշտական համեմատության ու հակադրության հենքի վրա, ուստի հայ-ռուսական հարաբերությունների ու կողմնորոշման գնահատականը պետք է ներկայացվի որպես քաղաքական զարգացման երկընտրանքի դրսեւորում, որը արտացոլված ենք գտնում բազմաթիվ վավերագրերում:

Հայ-թուրքական հարաբերությունները չեն եղել միագիծ եւ միանշանակ: Սոցիալական շերտավորումը հայ իրականության մեջ պայմանավորել է տնտեսական ու քաղաքական շահերի բազմազանություն, որն իր հերթին անդրադարձումներ է ունեցել հայ-թուրքական հարաբերություններում եւ այդ հարաբերությունների հետագա գնահատումներում: Ուստի նշված փոխհարաբերությունների տարբերակված ներկայացումը եւս կարող է հստակեցում մտցնել արձանագրված գնահատումններում: Մեկ կողմից քիչ չեն Օսմանյան կայսրության տնտեսական, քաղաքական ու մշակութային տարբեր բնագավառներում հայերի ունեցած դերի ու ծառայությունների արձանագրումները [1], իսկ մյուս կողմից բազմաթիվ են փաստերը կյանքի բոլոր ասպարեզներում եւ հատկապես բուն Հայաստանում Օսմանյան կայսրության վարած նպատակասլաց հայահալած քաղաքականության մասին, որոնք գումարվելով երկրում տիրող ընդհանուր քայքայվածության հանգամանքին, հաճախ անգամ անհնարին էին դարձնում իրենց հայրենիքում հայ բնակչության հետագա կենսագործունեությունը:

ԺԸ. դարի վերջին քառորդին մեր ժողովուրդը հիմնական մասով դեռեւս ապրում էր պատմական իր տարածքում՝ Հայաստանում, թեեւ արդեն իսկ նախորդ դարերի բազմաթիվ արտագաղթերի հետեւանքով մեծ չափով սփռվել էր նաեւ աշխարհի բազում երկրներում ու քաղաքներում: Օսմանյան կայսրության ու Պարսկաստանի միջեւ բաժանված Հայաստանը իր երկու հատվածների միջեւ փոխադարձ կապի ու շփումների հնարավորություն ունենալով հանդերձ, այնուամենայնիվ տարբեր եւ հակամարտող պետությունների կազմի մեջ գտնվելը նրա հատվածների համար կանխորոշում էր խնդիրների լուծման ոչ միանման ուղիներ: Օսմանյան կայսրության մեջ ԺԸ. դարի երկրորդ կեսին առավել չափով դրսեւորվեցին այդ պետության ներքին թուլացման ու կենտրոնախույս ուժերի աշխուժացման գործնթացները: Կենտրոնական իշխանությունը այլեւս ավելի ու ավելի մեծ չափերով էր դիմում պետական գանձարանը լցնելուն ուղղված ներքին աղբյուրներին, հարկահանության խստացմանն ու բնակչության կեղեքմանը: ԺԸ. դարի երկրորդ կեսին Օսմանյան կայսրությունը ոչ միայն չկարողացավ դիմադրել Ռուսաստանի առաջխաղացմանը դեպի մերձսեւծովյան տարածաշրջան, այլեւ կրած պարտությունների ու կորցրած երկրամասերի պատճառով ավելի սրվեցին ներքին դժգոհություններն ու կենտրոնական իշխանության հնարավորությունները՝ զսպելու Օսմանյան կայսրության մեջ ընդգրկված բազմազգ ժողովուրդների ազգային ազատագրական ձգտումները: Գնալով ավելի հուսահատ ու ագրեսիվ էին դառնում ինչպես կենտրոնական իշխանությունների ձեռնարկումները՝ հպատակության ու հնազանդության մեջ պահելու կայսրության երկրամասերը, այլեւ ներիշխանական շրջաններում եւս հասունանում էին կառավարման բարեփոխությունների դիմելու անհրաժեշտության գիտակցումները: Սելիմ Երրորդի քաղաքականությունը ուղղված էր ցուցադրելու բարեփոխումների դիմելու իր մտադրությունը: Ենիչերիական բանակը վերացնելու եւ եւրոպական ձեւով նոր բանակ ստեղծելու ուղղությամբ Սելիմ Երրորդի նախաձեռնությունը, որ հայտնի էր «Նիզամի ջեդիդ» անվամբ, կատաղի դիմադրության է հանդիպում եւ ենիչերիների, եւ թե պետական պաշտոնեության կողմից: Սուլթան Սելիմի այդ փորձը վերջանում է նրա գահընկեցությամբ եւ ապա՝ սպանությամբ [2]:

Օսմանյան կայսրության ունեցած բոլոր կարգի դժվարությունները այս կամ այն ձեւով անդրադառնում էին նաեւ Արեւմտյան Հայաստանի հայ բնակչության կենսապայմանների, նրա սոցիալ-տնտեսական, իրավա-քաղաքական ու դավանական կացության վրա: Ժողովուրդը շարունակում էր իր իսկ հայրենիքում ենթակա լինել դաժան ստորացումների ու շահագործման, որ շարունակվում էր կարծես առանց որեւէ թեթեւացման հույս ներշնչելու: Հարկային-տնտեսական դժվարություններին գումարվում էին նաեւ իրավական կարգի այնպիսի սահմանափակումներ, որոնց խախտման մեղադրանքները ցանկացած ժամանակ կարող էին օգտագործվել ոչ մահմեդական բնակչությանը կամայական բնույթի ու չափի կեղեքումների ու պատիժների ենթարկելու նպատակով: Նման սահմանափակումները ուղղակի վերաբերում էին ժողովրդի սոցիալական ու ազգային կարգավիճակին: Դեռեւս ԺԶ. դարի երկրորդ կեսին Օսմանյան պետության մեջ եւս ոչ մահմեդականների տարազի մասին հաստատված սահմանափակումները [3] եւ այդ մասին սուլթանական իշխանությունների կողմից հաճախակի հրամանագրերն ու հիշեցումները [4], շարունակում էին ուժի մեջ մնալ անգամ նաեւ ԺԹ. սկզբներին՝ ամբողջությամբ տարածվելով նաեւ հայազգի բնակչության վրա [5]: Հովհաննես Սեբաստացու հաղորդմամբ «Յաւուրս յայսոսիկ (ՌՃԾԹ-1710) նահատակեցաւ ի Կոստանդնուպօլիս Աստուածատուր Սեբաստացին: Սա որդի էր Անմեղուկենց Պաղտասարին եւ Թուրվանտային եւ ուսեալ զարհեստ ոսկեգործութեան եւ մտեալ ի կարգ աշխարհի եւ եղեւ, զի վասն վաճառականութեան գնաց ի Կոստանդնուպօլիս եւ իբրեւ եհաս ի Ղալադիա, ոմանք այլազգեաց տեսեալ զնա ծպտեալ՝ ասեն ցնա. «Այր դու, ո՞ր յազգ՝ ես»: Եւ նա ասաց. «քրիստոնեայ եմ, յազգէ հայոց»: Ասեն ցնա. «Ապա վասն է՞ր զգեցեալ ես հանդերձ, որ վայել է տաճկի»: ... Յայնժամ կրճտեալ զատամունս իւրեանց ի վերայ սրբոյն եւ գրոհ տուեալ միմեանց եւ խլեալ զսուրբն՝ տարան առ դատաւորն եւ կացուցին վկայս սուտս ասել, թէ «Լուաք զդմանէ լինիլ ընդ օրինօք մերովք»: Հետեւանքը մահվան դատապարտվելն ու գլխատությունն էր [6]:

Օսմանյան կայսրության մեջ հայ ժողովրդի իրավա-քաղաքական անպաշտպան կարգավիճակի մասին օտարազգիները ոչ միայն լավատեղյակ էին [7], այլեւ իրենք եւս երբեմն հայտնվում էին նմանատիպ վիճակում: Ըստ Պ. Ա. Լեւաշովի նկարագրության, ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Կ. Պոլսից ռազմաճակատ ուղեւորվող զորքերի հետ մահմեդական դրոշը ուղարկելու արարողության ժամանակ «ծեծված եւ խեղանդամված են ոչ քիչ քրիստոնյաներ, ընդ որում տուժել է նաեւ Կայսերական դեսպանորդը իր ողջ ընտանիքով եւ շքախմբով» [8]:

ԺԸ. դարի երկրորդ կեսին Արեւմտյան Հայաստանում տիրող իրավիճակի մասին հավաստի տեղեկություններ են արձանագրված հայկական մանր ժամանակագրությունների մեջ, որոնք կազմված լինելով իրադարձություններին ականատես ու մասնակից գործիչների կողմից, որեւէ չափ իրենց արժանահավատությամբ չեն զիջում վավերագրական սկզբնաղբյուրներին: Նման տեղական բնույթի ժամանակագրություններից են Անանուն Վանեցու [9], Հակոբ Տիվրիկցու [10], Մարտիրոս Խալիֆայի [11], Հովհ. Սեբաստացու [12], Ուրախ Գրիգորի, Էրզրումի բնակիչ Տեր Հարություն քահանայի [13], կարսեցի Ավետիս քահանայի [14] եւ այլոց երկերն ու գրառումները:

Ծանր ժառանգություն էր բաժին ընկել Սիմեոն Երեւանցուն: Հայոց եկեղեցու միասնականությունը պահպանելու համար նա պետք է պայքար մղեր ոչ միայն կաթոլիկ քարոզչության, կամ Արցախի թեմում առաջացած գժտությունները կասեցնելու, այլեւ Արեւմտյան Հայաստանում քուրդ բեկերի հետ գործակցության մեջ մտած հայ հոգեւորականությանը զսպելու ուղղությամբ: Սիմեոն Երեւանցու Դիւանում արձանագրված փաստերից հայտնի է դառնում, որ Աբրահամ ոմն «սեւագլուխ» «բռնացեալ ի կողմանս Մոկաց գաւառին զթիկունս յայլազգիս տալով, ոչ հնազանդէր նմա (իմա՝ Աղթամարի կաթողիկոսին - Պ. Չ. ) եւ բռնութեամբ եւ ուժով քրտաց պարոնին, ժողովէր զտեղւոյն զառաջնորդական եւ զնուիրակական հասս եւ զիրաւունս, եւ տայր բէկին, եւ ինքն եւս մսխէր: Իսկ կաթողիկոսն ոչ կարէր առաքել անդ զնուիրակ յահէ նորին եւ ոչ տեսանէր անտի զարդիւնս ինչ: Եւ յորժամ պակասէր մեռոն ի վիճակէն յայնմանէ, անօրէնն յուսադրէր զնոսա, թէ ես ի սուրբ Էջմիածնէ զմեռոն եւ զնուիրակ բերել տալոց եմ, եւ յԱղթամարու հանեալ՝ ընդ իշխանութեամբ նորին առնելոց եմ զձեզ: Եւ թէպէտ այսու զնոսա խաբէր, այլ հաստատեալ էր ընդ հագարու քրտաց խանին զխորհուրդ, զի լինիցի ինքն այնմ կողմանն ինքնագլուխ կաթողիկոս եւ ծառայեսցէ նմա զամենայն աւուրս կենաց իւրոց» [15]:

Աբդուլլա խանը նամակ է հղում Սիմեոն կաթողիկոսին, խնդրելով թույլ տալ վերոհիշյալ Աբրահամին ու ոմն Մարգարի իրականացնել իրենց մտադրությունը՝ «ցուցանելով զխոտելի իմն սնոտի պատճառ, թէ երկիրս այս տարակաց է ի յԱխթամարու եւ անյաջող է անտի առ մեզ գալն, եւ երկրիս Հայքն մնան առանց մեռոնի: Վասնորոյ կամիմք, զի մի յերկուց սեւագլխաց աստի լիցի առանձինն յերկրիս մերում կաթողիկոս, զի մի եւս կարօտեսցին Հայքն մեր մեռոնի» [16]: Սիմեոն Երեւանցին, բնականաբար, մերժում է պառակտիչ նման քայլը:

Էջմիածնի միաբան Գրիգոր վարդապետ Եղվարդեցու նկարագրությամբ «... Ի յայսմ ժամանակի (1769 թ. ) ի մէջ Կարսայ եւ յԵրեւանու քուրդ մի զօռբայ եղեւ, որ անուն նորա կոչիւր Ալի-բեկ, սա զբազում վնասս գործէր աստի եւ անտի եւ ոչ թողուր հանդարտիլ եւ խաղաղ մնալ զճանապարհ եւ զկարաւան: Վասն որոյ Կարսայ փաշայն իւր մեծամեծօքն եւ քիւրդ Սուլեյմանն եւ Եաղուպ աղայն եւ այլք գրեցին առ արքայն Վրաց Հերակլէ, զի գայցէ եւ բառնայցէ զայն ի միջոյ: Վասնորոյ եւ յանկարծակի եկն Հերակլեսն բազում զօրօք յերկիրն Կարսայ, եւ իմացեալ Քրդին՝ փախեաւ յետ եւ մնացեալ ինչք առին, եւ ոչ նոքօք լիացան, այլ պատճառաւ քրդին գերեցին զբազում գիւղորայս խղճալի ազգին Հայոց եւ կոտորեցին: Որ եւ անդ էր տեսանել զհեղումն արեան եւ զհառաչումն մարց եւ որդւոց: Եւ զձայն զօրացն, զի որպէս բաժանումն աշտարակի էր, ոչ եթէ վասն բազմութեան զօրացն, այլ վասն այլ եւ այլ լեզուացն, որք էին նախ Վրացիք, Չարքեզ, Օս, Թուշ, Փշաւ, Խեւսուր, Լազկի, Տաճիկ եւ այլն պէսպէս միլլէթ շատք: Արքայն Հերակլ այնքան զօրսն ընդ ձեռամբ իւր առնելով հնազանդութեամբ, զամենայն գերիսն դարձոյց, եւ յաւարն՝ ոչ, եւ ինքն դարձաւ դէպ յերկիրս մեր Երեւան» [17]:

Կարսի փաշայի կողմից Հերակլին դիմելու փաստը պատահական չէր: Օսմանյան կայսրության մեջ ԺԸ. դարակեսը առանձնապես հատկանշվում է կենտրոնախույս դիրքորոշում որդեգրած նահանգապետ-փաշաների միջեւ տեղի ունեցող անընդհատ բախումներով: Այդ փաստը արձանագրվել է բազմաթիվ սկզբնաղբյուրներում [18]: Բախումները չդադարեցին անգամ 1768-1774 թթ. ընթացող ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Պատերազմը որոշակի հույսեր էր արթնացրել հպատակ ժողովուրդների մոտ, որոնք հնարավորինս փորձում էին օժանդակել ռուսական կողմին: Պատերազմի ընթացքում էր նաեւ, որ Մովսես Սարաֆյանը հատուկ գրությամբ դիմեց Ռուսաստանի արտաքին գործոց կոլեգիային՝ առաջարկելով պատերազմական գործողությունների զարգացումը Օսմանյան պետության դեմ ուղղորդել Կովկասյան ճակատով դեպի Հայաստան, հուսադրելով առավել մեծ հաջողությունների գրանցում բնակչության ըստ ամենայնի օժանդակության պայմաններում: Այդ առաջարկը համահունչ էր ռուսական ծրագրերին եւ Ռուսաստանը, իրոք, բանակ ուղարկեց Արեւմտյան Վրաստան, որը մինչ այդ էլ պատերազմական վիճակի մեջ էր Օսմանյան կայսրության դեմ Սողոմոն 1-ին թագավորի գլխավորությամբ: Վրաց իշխանությունների հետ ռուսական հրամանատարության տարաձայնությունների պայմաններում, սակայն, լուրջ հաջողություններ չարձանագրվեցին եւ ռուսական բանակը ստիպված էր ետ քաշվել Վրաստանից [19]: Ստորագրված Քյուչուկ Կայնարջիի պայմանագիրը (1774 թ. ) թեթեւություն չբերեց Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակչության վիճակի մեջ, չնայած պայմանագրի մեջ նման պահանջով հոդվածի գոյությանը: «ՌՄԻԹ (1775) ամին եւս առաւել ոչ գոյ երբէք հանդարտութիւն... եւ ի գարնան եկեալ, ի յարեւմտից կողմանէն, Սախըր փաշան մի երեք թուղրով բազում էսքերով եւ շատ մալով կեցեալ ի քաղաքն մեր եօթ օր, շատ խարճ եւ շատ մասրաֆ եղեալ վասն բազում զօրացն. եւ զապիթ քաղաքին յետոյ ժողովեալ զամենայն գունդս իւր բաշխ արարեալ զպարտսն քաղաքին, յետոյ ժողովեալ քրիստոնէից ինը քեսէ ղուրուշ պարտք, որ թէ եւ թէրով 130 տուն էին, այսմ տարւոջ ոմանք տուին 150 ղուրուշ, ոմանք տուին 100 ղուրուշ, եւ ես՝ տառապեալս, տուի 70 ղուրուշ, այսպես զամենեքեան բռնադատութեամբ պէս պէս նեղութեամբ հատուցին զպարտս իւրեանց, ոմանք պարտըկան եղեալ գնացին ի յօտար երկիր, եւ ոմանք չքաւորեալ փախեան ի յօթեւանէն իւրեանց» [20]:

«Սուլթան Աբդուլ Համիդ Առաջինի ժամանակ, - գրում է Մ. Զուլալյանը, - Արեւմտյան Հայաստանի հարավային քրդաբնակ շրջաններում բռնկվեց մի մեծ ապստամբություն, որը ղեկավարում էր իրեն «Մահդի» հորջորջած, նախկինում իտալացի կաթոլիկ մի կրոնավոր: Նա իր առաջ նպատակ էր դրել զավթել ամբողջ Փոքր Ասիան: 1785 թ. քրդական զորքերի գլուխ անցած նա գրավում է Արեւմտյան Հայաստանի մի մասը, ներառյալ Կարինը (Էրզրումը): Ընդունելով Մանսուր («Հաղթական») անունը, նա արշավանք է ձեռնարկում նաեւ Սեբաստիայի, Թոխաթի եւ Զմյուռնիայի վրա: Կառավարությանը մեծ դժվարությամբ հաջողվում է ճնշել ապստամբությունը» [21]:

Նման կարգի անհնազանդություններն ու ապստամբությունները հաճախ հրահրվում եւ հրահանգավորվում էին հենց կենտրոնական իշխանությունների կողմից, որոնք պետական գանձարանը լցնելու նպատակով անընդմեջ փոփոխելով նահանգապետ-փաշաներին, նրանց կառավարման վայրերն էին ուղարկում Կ. Պոլսում վճարած գումարները տեղերում հավաքագրելու պայմանով ու հանձնարարությամբ: Կենտրոնական իշխանությունը իրականում լիովին տեղյակ ու իրազեկ էր նահանգներում տիրող իրավիճակին: 1787-1791 թթ. պատերազմը թեեւ ընթացավ Հայաստանի սահմաններից հեռու, սակայն եւ մեծ աղետներ բերեց հայերին: Հայ բնակչությունից եւս հավաքագրվեցին զինվորներ, իսկ նրանց հանդերձավորման պարտավորությունը դրվեց հինգ հազար հայ ծխերի վրա [22]:

18-րդ դարի երկրորդ կեսին ու հատկապես նրա վերջին քառորդին Արեւմտյան Հայաստանի փաշայություններից առանձնապես նշանակալի դեր էին խաղում Դիարբեքիրի, Էրզրումի, Տրապիզոնի, Ախալցխայի, Կարսի, եւ Վանի փաշայությունները: Ինչպես ամբողջ Օսմանյան կայսրության մեջ, այնպես էլ Արեւմտյան Հայաստանում ժողովրդի տնտեսական վիճակը առավել վատթարացավ Յոթնամյա պատերազմի (1756-1763 թթ. ), իսկ այնուհետեւ 1768-1774 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: 1758 թ. տարածված սովի հետեւանքները սոսկալի ավերածություններ գործեցին Արեւմտյան Հայաստանում [23]: Այդ իրավիճակում բազմացան կենտրոնական իշխանության նկատմամբ անհնազանդությունները ինչպես Եգիպտոսում, Միջագետքում, այնպես էլ Փոքր Ասիայի մի շարք վայրերում: Մեծ չափով կրճատվեց բնակչության քանակը մահացություններից եւ ուժգնացած արտագաղթից: 1768-74 թթ. պատերազմը ավելի կազմալուծեց կենտրոնական իշխանության դիրքերը եւ շատ նահանգներում կառավարիչ փաշաները դադարեցին ենթարկվել կենտրոնական իշխանությանը [24]: Աբդուլ Համիդ Առաջին (17751791) եւ Սելիմ Երրորդ (1791-1808) սուլթանների կողմից 1775-1800 թ. միայն Էրզրումում նշանակվել եւ պաշտոնանկ է արվել 24 փաշա [25]:

Ըստ Է. Կոնուկչուի կազմած ցանկի, նրանց հերթականությունը հետեւյալն է.

1. Կասապբաշի Ալի փաշա 1775

2. Ջանիկցի Հաջի Ալի փաշա 1776

3. Իբրահիմ փաշա 1777

4. Հալիլ փաշա 1778

5. Հաջի Ալիփաշազադե Միկդադ 1779

6. Դաղստանցի Հաջի Ալի փաշա 1779

7. Իբրահիմ փաշա 1780

8. Իզզեթ Մեհմեդ փաշա 1780

9. Մուստաֆա փաշա 1781

10. Դանաչի Մեհմեդ փաշա 1782

11. Վանեցի Թիմուր փաշա 1783

12. Մեհմեդ փաշա 1783

13. Սուլեյման փաշա 1783

14. Ջանիկցի Հաջի Ալի փաշա 1783

15. Բատալ Հյուսեին փաշա 1784

16. Մուստաֆա փաշա 1786

17. Սեիդ Ահմեդ փաշա 1787

18. Աբդուլլահ փաշա 1789

19. Ֆեյզի Սուլեյման փաշա 1790

20. Սեիդ Ահմեդ փաշա 1791

21. Յուսուֆ Զիյա փաշա 1794

22. Սեյիդ Ահմեդ փաշա 1797

23. Ալա էդդին փաշա 1799

24. Բատալ Հուսեին փաշա 1800

25. Աբդուրահման փաշա 1801

 

Էրզրումի նշված ժամանակաշրջանի իրադարձությունների մանրամասն նկարագրությունը պահպանվել է ականատես տարեգիր Տեր Հարությունի կազմած «Ժամանակագրության» մեջ, որտեղ թվարկվում են այն պայքարի բազում դրվագները, որ ուղեկցում էին այդ փոփոխություններին: Դրանք ընթացել են արյունալի ընդհարումներով, որոնց ժամանակ մեծապես տուժել է խաղաղ բնակչությունը եւ միայն մեկ դեպքում է, որ «Ժամանակագրության» մեջ արձանագրված է, թե նորընտիր փաշայի պաշտոնավարությունը (որը տեւեց մեկ տարուց էլ պակաս) «Հայոց ազգին լավ էր» [26]: Տեր Հարությունի «Ժամանակագրության» մեջ գրանցված որոշ փաստերից կարելի է կատարել նաեւ այն հետեւությունը, թե Էրզրումի նահանգի հայ բնակչությունը ամբողջությամբ չէ, որ գտնվում էր լիակատար անպաշտպան ու անզոր վիճակում, կային առանձին վայրեր, գյուղախմբեր, որոնք կարողանում էին ինքնապաշտպանությամբ դիմագրավել իրենց ներքին գործերին Օսմանյան միջամտություններից: Ավելին, պարզվում է, նրանք որոշ չափով դուրս էին Օսմանյան վերահսկողությունից եւ իրենց մեջ ապաստան էին տալիս անգամ Օսմանյան իշխանությունների հետապնդումներից խույս տվող թուրք գործիչներին եւս: Թեեւ մեզ հետաքրքրող վկայությունը Տեր Հարությունի «Ժամանակագրության» մեջ գրանցված է 1805 թվականի իրադարձությունների առիթով, սակայն կասկածից վեր է, որ այդ վերաբերում է նաեւ նախորդ ժամանակաշրջանին եւ նշանակում է, թե նշված վիճակը շարունակվել ու գոյություն է ունեցել նաեւ 19-րդ դարի առաջին տասնամյակներին եւս: Այսպես, Տեր Հարությունը հաղորդում է, թե 1805 թ. արքունական հրամանով Էրզրումի նոր նշանակված փաշան երբ փորձում էր հաշվեհարդար տեսնել անհնազանդ ու Տրապիզոնում ապաստանած Մահմուդ փաշայի հետ, «տարապակին [27] մեկն գնաց ծածուկ Մահմուտ փաշէն՝ քեզի յըսպանըն պիտի, պապըտ, հայրըտ փախան Հայոց մեջն, յետոյ ելան, դուն եւս գնայ: Նայ եւս գնաց Հային մեջըն» [28]: Ամենայն հավանականությամբ, «Հային» անվան տակ նկատի է առնվում Համշենը եւ համշենահայությունը, որոնց անհնազանդության ու ինքնավարության մասին գոյություն ունեն նաեւ այլ վկայություններ [29]:

Մեզ քիչ բան է հայտնի 18-րդ դարի վերջին քառորդին Հայաստանում Օսմանյան իշխանությունների անօրինականությունների դեմ հայ բնակչության մղած պայքարի մասին: Ուստի մեծ արժեք ունի նաեւ այն հաղորդումը, որ պահպանվել է այս Ժամանակագրության մեջ: Այստեղ պատմվում է երզնկացի Մրթոյի (Մարտիրոս անվան տարբերակը) անհաշտ պայքարի մասին , որի գլխի համար 1793 թ. փետրվարի 16-ին սուլթանական ֆերման էր եկել: Ի կատարումն ստացված ֆերմանի, Էրզրումի փաշան, ինչպես պատմում է Տեր Հարությունը, "քեհին հետ շատ յասկար ղրկեց Թէրճնու (Դերջանի) Մուղտատ բակին, գնացին գուղն կօխեցին" [30]: Մրթոն, սակայն, կարողանում է խույս տալ (բնագրում՝ փախչել) եւ զինակիցների հետ ամրանալ ամրոցաշտարակում: Օսմանյան զորքերի ներկայացուցիչը՝ "ղափուջի պաշին" Մրթոյի հետ փորձում է բանակցություններով ու կաշառքով լուծել հարցերը եւ նրան առաջարկվում է հինգ հարյուր քիսայ թուրքական դրամ: Տեր Հարությունի համառոտ գրանցումով, Մրթոն "չի լինիլ՝ ասաց, (թուրքերը) գնացին տեղերին" (իմա ելման դիրքերը): Մեկամսյա պաշարումից հետո, այնուամենայնիվ, թուրքերին հաջողվում է քրդերի միջոցով, որոնց հայերը հավանաբար վստահել էին, խորամանկությամբ տիրել ամրոցին՝ "Յիսուն Քուրթ տերեց (դրեց) վերի քարըն Մուղտատ բակըն, Քըրթին հետ մուշավարայ էրաւ, յերիշ էրին՝ ղուլան առին, հինք մարդ սպանըցին, Մրթօն եղբարն, տղաքն սպանըցին, մինչ ի յընտանիքն մերկացուցին, շատ յըռըսվայութիւն արին, մարտի 15ին գըլըխներն բերին": Տեր Հարությունի արձանագրած այս փաստը մեզ հայտնի առաջին հիշատակությունն է Օսմանյան իշխանությունների կողմից քրդերին հայ ազատագրական պայքարի դեմ օգտագործելու մասին: Հայ բնակչության «ըմբոստացման» օրինակներ են արձանագրվել նաեւ եվրոպացի ճանապարհորդների եւ դիվանագետների կողմից: Ըստ Ա. Ժոբերի, Խնուսի ավազանի հայկական Քոզլի (Couzli) գյուղ իրենց այցելության ժամանակ, հակառակ «Յուսուֆ փաշայի հրամաններին, համառորեն մերժեցին մեզ ապաստան տալ, եթե չհամաձայնեինք վարձատրել նրանց: Առաջին անգամն էր, որ պատահում էինք քրիստոնյաների, որոնք թուրքերին ընդդիմադրություն էին ցույց տալիս, սակայն Հայաստանի այս մասում, կառավարության իշխանությունը համարյա թե չնչին է: Գյուղացիները զինված են եւ պատրաստ կռվելու քրդերի հարձակումների դեմ, որոնց հետ հաճախակի կռիվներ են մղում եւ չեն վախենում ոչ սպառնալիքից, ոչ նախատինքից եւ ոչ էլ մահից» [31]:

Ըստ Ֆերիեր-Սովբեֆի, Բայազետի փաշան հայերին ընդգրկում էր զինվորական ծառայության մեջ, որը «բացառիկ երեւույթ էր կայսրության մեջ» [32]:

Օսմանյան կայսրության տնտեսական ու քաղաքական վիճակը, ինչպես ասվեց, առավել ծանրացավ 1787-1791 թթ. ռուսթուրքական պատերազմի ընթացքում, որի արդյունքում Օսմանյան պետությունը ստիպված եղավ Ռուսաստանին զիջել Հյուսիսային մերձսեւծովյան տարածքները: Բնակչությունը, սակայն, միշտ չէ, որ հնազանդությամբ էր կրում տնտեսական ու սոցիալական ճնշումները Օսմանյան կայսրության նաեւ այլ քաղաքներում: 1781 թ., ըստ Սեբաստիայի Ս. Նշան վանքի միաբան եւ Սեբաստիայի առաջնորդ Հովհաննես Սեբաստացու վկայության, «սաստիկ խռովութիւն անկաւ ի մէջ այլազգեաց, որք հանեալ զսանճախն եւ միաբանեալք այրեցին զապարանս քաղաքապետին, որ կոչիւր Սարօղլի: ... Եւ յետ Բ. (2) ամաց (ՌՄԼԹ. -1790) եկն իշխանութեամբ ի քաղաքս Սեբաստիա Թուրունճօղլի կոչեցեալ բդեշխն եւ սկսաւ նեղել զքաղաքացիսն հարկապահանջութեամբ, վասն որոյ միաբանեալ քաղաքացւոցն՝ ընդդիմացան նմա եւ, պատերազմեալ, արտաքսեցին ի քաղաքէն... եւ բդեշխն գնացեալ նստաւ ի Բռգնիկ՝ օգոստոսի 10 եւ մնաց անդ զաւուրս իբր 60: Եւ երկուցեալ քաղաքացւոցն, թէ գուցէ յանկարծ արձակեսցի ի վերայ, վասն որոյ մարտկոց շինեալ պահէին զցայգ եւ զցերեկ» [33]: Երբեմն տեղի էին ունենում հայ եւ մահմեդական բնակչության համատեղ ելույթներ փաշաների անիրավությունների դեմ եւ հասնում հաջողությունների կոնկրետ անձնավորությունների նկատմամբ: Բնակչությունը, սակայն, պարտավորություն ուներ օթեւանով ապահովելու զորքին. «Յաջորդ ամին (ՌՄԽ-1791) յաւուր հինգշաբթին եկն Սեբաստիա անթիւ զօրօք Չափանօղլի կոչեցեալ Սուլէման պէկն, առ ի վարել զսպայակոյտ զօր քաղաքիս ի պատերազմ, եւ օթեցուցին զօրս նորին ի բնակութիւնս Հայոց եւ այլազգեաց եւ յոլով նեղութիւն եւ վիշտս հասուցին ազգիս մերոյ, զի դարձաւ տօն զատկին նոցա ի սուգ, եւ յետ 6 աւուր գնացին» [34]:

Հովհաննես Սեբաստացու աշխատության մեջ թվարկված են հետեւյալ «բդեշխ» փաշաները, որոնք նշանակվել են Սեբաստիայում 1775-1800 թթ.

1774 թ. Զառալօղլու Սայիտ պէկ

1775 թ. Սայիտ պեկ

1781՞ Զառալօղլու Ռէճէպ պէկ

1790 թ. Թուրունճօղլի բդեշխ

1797 թ. Սէյիտ Ահմէտ բդեշխ

1798 թ. ՞Իւսուֆ բդեշխ

1798 թ. Զառալօղլու Ռէճէպ պէկ

1802 թ. փետրվարի 3 Ուսէին ֆնտխ բդեշխ

Այս վերջինիս մասին Հովհաննես Սեբաստացին գրում է. «Յայսմ ամի (ՌՄԾԱ-1802) փետրվարի 3, ընկալաւ զիշխանութիւն քաղաքիս Ուսէին բդեշխն Ֆնտխ կոչեցեալ եւ զի վաղուց յետէ ի հեռուստ անտի հնչէր համբաւ անգութ եւ մարդախողխող բարուց նորին, վասն որոյ միաբանեալ քաղաքացւոցն զինեցան ընդդէմ նմին Հայք եւ այլազգիք եւ ոչ թողին նմա մտանել ի քաղաքն, եւ, մինչդեռ պաղատէր առնուլ զքաղաքն, ամենից դիմաց գանգատաւորք յորդորեալք՝ ի մեծն Պօլիս զունկն արքայի դրդէին, յորմէ ցասուցեալ արքայի՝ հրաման էհան հատանել զգլուխ նորա, վասն որոյ զօր բազում ժողովեալ՝ պաշարեցին զնա ի Խան գիւղն եւ յետ իբրեւ Բ(2) ամսոց հատին զգլուխ նորա ապրիլի 12» [35]:

Արեւմտյան Հայաստանում ժողովրդական կացության վրա որոշակի ազդեցություն էր թողնում նաեւ եկեղեցադավանական հակամարտությունը տարբեր դավանանքների ազդեցության ոլորտ ընդգրկվող հայ բնակչության միջեւ: Շարունակվում էր կաթոլիկ դավանանքի տարածումը բնակչության մեջ: Այդ հատկապես ակնհայտ էր Ախալցխայի փաշայության մեջ գտնվող ոչ միայն զուտ հայաբնակ գյուղերում, այլեւ խառը բնակչություն ունեցող Ախալցխա քաղաքում [36]

 


 



[1]          Հրաչյա Աճառյան, Հայոց դերը Օսմանյան կայսրության մեջ, Երեւան, 1999:

[2]          Հանգամանորեն տե՛ս Миллер А. Ф. Мустафа паша Байрактар. Османская история в начале XIX века, М. ., 1947

[3]          Առաջին հիշատակումը վերաբերում է XIV դարին. « ՌՅԼԴ (1334) կապուտ նշան դրին քրիստոնէից » ( Սամուէլի քահանայի Անեցւոյ Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893, էջ 168): 1568 թ. օգոստոսի 1- ին Կ. Պոլսի կադիին ուղղված հրամանագրում ասվում էր. « Սրանից առաջ իմ կայսերական հրամանը եղավ, որ հրեաները, քրիստոնյաները եւ այլ անհավատներ բարձր տեսակի պատրաստի հագուստներ չհագնեն:.. Այսուհետեւ հրեաների եւ այլ անհավատների ֆերաջեները լինելու են սեւ չուխաներից, թեմկաները ոչ թե կերպասից, այլ աստառացու կտորից... մաշիկները պետք է լինեն սեւ գոյնի, հասարակ եւ առանց աստառի: Այլ գոյն չլինի: ... Հայերը եւս հրեաների նման թող հագնեն: Միայն թե գլխներին կարմրավուն փաթթոց կապեն, այն էլ ոչ շատ արժեք ունեցող: Հայ կանայք եւս ֆերաջե չեն հագնելու: Ֆերաջեի փոխարեն թող ֆահիր հագնեն, իսկ ոտքերին էլ՝ բաթիկներ, ներսից՝ սեւ գույնի բուրսայի քութնու, ոտքերին՝ կապույտ չաքշիր, մեշինե հողաթափ եւ շիրվանի մաշիկներ... »: Տե՛ս Ավետիս Փափազյան, Թուրքական վավերագրերը Հայաստանի եւ հայերի մասին (16-19- րդ դարեր ), Եր., 1999, էջ 214-215:

[4]          1568 թ. օգոստոսի 15- ին մեկ այլ հրամանագրով ապրանքների գնի բարձրացումը ( գործվածքներ, մահուդե կերպասներ, կոշկեղեն ) պատճառաբանված է « անհավատների » կողմից սահմանված կարգի խախտումներով: Ավետիս Փափազյան, Թուրքական վավերագրերը, էջ 215-216: Նման հրամանագրեր հրապարակվել են նաեւ 1577 թ., 1580 թ. ( տե՛ս նույն տեղում, էջ 221-222): Սամվել Անեցու Շարունակողի կողմից եւս արձանագրվել է. « ՌԼ (1581) սուլթան Մուրատն եբարձ զփակեղն ի գլխոյ հայոց եւ հրէից՝ զի զգտակ դիցեն ». ( Սամուէլի քահանայի Անեցւոյ Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, էջ 176): Հմմտ. Ա. Հ. Փափազյան, Արեւմտահայության վիճակը ըստ Օսմանյան սուլթանական ֆերմանների ( XVI - XVIII դդ. ), - ՊԲՀ, 1988, թիվ 2, էջ 131:

[5]          1803 թ. Կ. Պոլսի հայոց պատրիարքի նամակը ս. Հրեշտակապետ եկեղեցու ծխականներին: « Յորմէ սիրով սուրբ հոգւոյն եւ աստուածային օրհնութեամբ ծաներուք ի Պալաթ սուրբ Հրեշտակապետ եկեղեցւոյ բարեկրօն քահանայք, քրիստոսասէր իշխանք եւ առհասարակ օրհնեալ ժողովուրդք, արք եւ մանաւանդ կանայք, երիտասարդք եւ կուսանք: Զի ահա յերեկեան աւուրն թագաւորական սաստիկ հրաման եւ ֆէրման եկն ի յարքունական դրանէն, թէ րայէն ամենեւին իսլամի միաթալիխ ուսուպայ չի հագնի տէյու թախաֆիբլու թէնպիհ կեցած իքէն մէկ ժամանակն է ի վերէ, որ հարայէթնին չեն ճանաչեր, իլլէ կանանց թայֆէն ամենեւին իւրեանց հարայէթն ի տաճկաց կանանց լոֆարխեն, որոց, այսինքն՝ արանց եւ կանանց սաստիկ հրաման է ներկայապէս, որ զչափ անձանց իւրեանց ճանաչեն, տաճկի միաթալիխ լաթ չհագնին, դեղին չէտիկ, բաբուճ պետրաէնկ, ֆէրաճէ մեծ եախայով, եաշմախնին եւ գլուխնին ( թ. 82 ա ) էտէպսիզճէ չլինի բնաւ: Նաեւ բաց ի յայնց մարդկանց, որք հրաման ունին ձի հեծնալու, ուրիշ մարդ ձի չհեծնայ: Հրաման ունեցօղքն եւս փալանով հեծնան, որպէս հարկ է րայէին, որ հայ լինիլն եւ րայէ լինիլն ճանաչիցի, ամէն մարդ իւրեան չափ անձին ճանաչէ:   Արդ ի բանիս յայսմիկ, թէ ամէն մարդ թող իւր չափն ճանաչէ եւ րայէ լինիլն պէլլի անէ, ամենայն ինչ պարունակեալ է էտէպսիզճէ չշրջիլ, չհագնիլ, կապուիլ ղալփախ բաբուճ եւ այլն: Սոյնպէս եւ կանանց գլուխն չէվիրմէ եաշմախ չլինիլն եւ կերպիւ կերպիվ գլուխ չկապելն. այլ մեր հայոց օրհնեալ ազգին ի բնէ անտի պարկեշտութեանն ինչպէս որ կվայելէ, մանաւանդ թէ հարկ է, այնպէս պարկեշտ գլուխ կապել եւ պարկեշտ ֆէրաճէ հագնիլ եւ այլն:   Ապա թէ ոչ՝ գրեալ է, թէ անազատելի պատժօք պատժելոց են այնպիսիքն, թէ այսուհետեւ տեսանիցին, զի տանջանք նոցա պատրաստեալ են: Ահա բոլորիցդ զհրաման մեծազօր եւ բարեբախտ թագաւորին մերոյ ծանուցաք, որ եւ բոլորքդ գոհունակ լինելով եւ մեծազօր թագաւորին մերոյ կեանս երկարս խնդրելով կատարել պարտիք, որ անվնաս մնայցէք ի փորձութենէ: Որ եւ տէր աստուած զամենեսեանդ յամենայն երեւելի եւ յաներեւոյթ փորձութեանց փրկեալ ազատեսցէ ի խնամս իւր պահելով պահպանեսցէ: Ամէն: ՌՄԾԲ » ( տե՛ս ՄՄ, ձեռ. 2622, թ. 81 բ -82 ա ):

[6]          Յովհաննէս Սեբաստացի, Պատմութիւն Սեբաստիոյ: Աշխատ. Բ. Լ. Չուգասզյանի, Եր., 1974, էջ 78-79:

[7]          Արեւմտահայոց գաղթից հետո ռուսական իշխանությունները հայերի յուրաքանչյուր բողոքին ի պատասխան հիշեցնում եւ հակադրում էին նրանց ունեցած կարգավիճակը Օսմանյան տիրապետության պայմաններում: Բնութագրական է այդ առումով գեն. - լեյտ. Պանկրատեւի պատասխանը Թիֆլիսում Ախալցխայի հայոց ներկայացուցիչներ Կարապետ արքեպիսկոպոսին, Գրիգոր Քեշիշօղլյանին, Գեւորգ Բաղդասարյանին եւ այլոց, 1832 թ. հունիսին. «Армяне-переселенцы хорошо знают те права, которыми они пользовались у турок: нельзя было выдумать мер стеснительных, какие они претерпевали: они безгласно предавали свою участь и веру свою власти и суду мусульман, но теперь, пользуясь вполне свободой и защитой под покровительством Российской империи, испрашивают для себя национального судилища» (ЦГИА Грузии, ф. 2, оп. 1, 1832, д. 4488, л. 60):

[8]          Путешествия по Востоку в эпоху Екатерины II. М., 1995, с. 29.

[9]          « Մանր ժամանակագրություններ XIII - XVIII դդ. », I, Կազմեց Վ. Ա. Հակոբյան, Եր., 1951, էջ 378-382:

[10]        « Մանր ժամանակագրություններ XIII - XVIII դդ. », II, Կազմեց Վ. Հակոբյան, Եր., 1956, էջ 447-465:

[11]        « Մանր ժամանակագրություններ XIII - XVIII դդ. », հ. II, էջ 479-496.

[12]        Յովհաննէս Սեբաստացի, Պատմութիւն Սեբաստիոյ, Աշխատ. Բ. Լ. Չուգասզյանի, Եր., 1974:

[13]        Պ. Ա. Չոբանյան, Հայաստանի պատմության նորահայտ « Ժամանակագրություն », - ՊԲՀ, 1997, թիվ 1, էջ 241-248; թիվ 2, էջ 269-284:

[14] Ավետիս քահանա, Ժամանակագրություն, Քաջբերունի, բազմամիլիոն ժառանգություն. Կազմողներ՝ Ա. Ղազիյան, Ա. Քալանթարյան, Եր., 2001. Վավերագրեր -2»):

[15]        Դիւան հայոց պատմութեան, գիրք Գ. ( Սիմէոն կաթողիկոսի Յիշատակարանը ), էջ 116-117:

[16]        Նույն տեղում, էջ 117:

[17]        ՄՄ, Մագիստրոսի թղթապանակ, թիվ 133, էջ 1769: Հրապարակումը տե՛ս Մ. Կ. Զուլալյան, Արեւմտյան Հայաստանը XVIXVIII դդ., Եր., 1980, էջ 118-119:

[18]        Այդ թվում նաեւ Օսմանյան պետության տարածքով Երուսաղեմ ճանապարհորդած Տիմոթեոս Գաբաշվիլին: Տե՛ս Պ. Չոբանյան, Տիմոթեոս Գաբաշվիլու « Ճանապարհորդության » նորահայտ տարբերակը, - ՊԲՀ, 1977, թիվ 4 (79), էջ 232-236:

[19]        Այդ իրադարձությունների մասին մանրամասն տե՛ս Վ. Մաճարաձեի կազմած վավերագրերի ժողովածուն. v. maWaraZe. masalebi XVIII saukunis meore naxevris ruseT - saqarTvelos urTierTobis istoriisaTvis , nawili III, nakveTi I, ruseT - TurqeTis omi 1768-1774 wlebSi da saqarTvelo, Tb., 1988.

[20]        « Մանր ժամանակագրություններ », հ. 2, էջ 456: Հմմտ. Մ. Կ. Զուլալյան, Արեւմտյան Հայաստանը XVI - XVIII դդ., Եր., 1980, էջ 125:

[21]        Մ. Կ. Զուլալյան, Նշվ. աշխ.., էջ 125

[22]        Մ. Կ. Զուլալյան, Նշվ. աշխ., էջ 129:

[23]        Մ. Կ. Զուլալյան, Նշվ. աշխ., էջ 280-281:

[24]        Մ. Կ. Զուլալյան, Նշված աշխ.., էջ 282:

[25]        Enver Konukcu, Selcuklulardan cumhuriyete Erzurum, Ankara, 1992, s. 226-250. Գրախոս. տե՛ս Մ. Զուլալյան, Էնվեր Կոնուկչու, Էրզրումը սելջուկներից մինչեւ Հանրապետություն, - ՊԲՀ, 1997, 1, էջ 265-268:

[26]        Հայաստանի պատմության նորահայտ « Ժամանակագրություն », - ՊԲՀ, 1997, թ. 1, էջ 244:

[27]        Դերեբեյ:

[28]        " Հայաստանի պատմության նորահայտ « Ժամանակագրություն »", - ՊԲՀ, 1997, թ. 2, էջ 273:

[29]        Լ. Խաչիկյան, Էջեր Համշինահայ պատմությունից, - « Բանբեր Երեւանի համալսարանի », 1969, թիվ 2, էջ 135-139: Բ. Գ. Թոռլաքյան, Էջեր Համշենահայերի XVII-XVIII դարերի պատմությունից, - ՊԲՀ, 1972, թիվ 4, էջ 133-136:

[30]        Իմա՝ շրջապատեցին գյուղը:

[31]        Հովհ. Հակոբյան. Ուղեգրություններ. հ. Զ, ԺԹ դարի առաջին քսանամյակ (1800-1820), Եր., 1934, էջ 208: Մ. Կ. Զուլալյան. Հայ ժողովրդի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների. XIII-XVIII դարեր. Գիրք Ա. Քաղաքական պատմություն. Եր., 1990, էջ 248:

[32]        Մ. Կ. Զուլալյան. Հայ ժողովրդի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների. XIII-XVIII դարեր, էջ 248: Մինչեւ Ֆերիեր Սովբեֆի առաքելությունը, Ֆրանսիան արդեն արձագանքել էր 1783 թ. Գեորգիեւյան դաշնագրի կնքմանը ( տե՛ս qarTuli diplomatia, t. 9, gv. 237-240, 242-243):

[33]        Յովհաննէս Սեբաստացի, Պատմութիւն Սեբաստիոյ, էջ 103:

[34]        Յովհաննէս Սեբաստացի, Պատմութիւն Սեբաստիոյ, էջ 103:

[35]        Յովհաննէս Սեբաստացի, Պատմութիւն Սեբաստիոյ, էջ 108:

[36]        m. TamaraSvili, istoria kaTolikobisa qarTvelTa Soris, tfilisi, 1901, gv. 468-69. Տե՛ս նաեւ Ա. Մելքոնյան, Ջավախքը 19- րդ դարում եւ 20- րդ դարի առաջին քառորդին, Եր., 2003, էջ 95-103: