Հայ-ռուս-վրացական փոխհարաբերությունները

Հեղինակ

Բաժին

Թեմա

3. 3 ՀԱՅՈՑ ԴԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԵՒՏՐԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 

Հայ-ռուսական տնտեսական կապերի պատմությունը ներկայանում է մեկ կողմից բուն Ռուսաստանում հայկական գաղթօջախների տնտեսական ու առեւտրական գործունեությամբ, որը հանգամանորեն ուսումնասիրված է այդ գաղթօջախների պատմությանը նվիրված մենագրական աշխատություններում, եւ մյուս կողմից՝ Ռուսաստանի արտաքին առեւտրական հարաբերություններում հայ վաճառականության ակտիվ մասնակցությամբ, որը համեմատաբար քիչ է հայտնի եւ մնում է պակաս ուսումնասիրված [1]:

Այսպես, Ղրիմի եւ Նոր Նախիջեւանի Հայոց գաղթօջախների տնտեսական գործունեության ուսումնասիրությանը հատուկ գլուխներ են հատկացված Վ. Միքայելյանի եւ Վ. Բարխուդարյանի աշխատություններում [2]: Հանգամանորեն ուսումնասիրված են նաեւ Աստրախանի, Գրիգորիուպոլի եւ Հյուսիսային Կովկասի հայ գաղթավայրերի տնտեսական գործունեության մեջ հայոց բերած նպաստն ու նրանց ունեցած դերը [3]: Լազարյանների տնտեսական գործունեության ամբողջական համապատկերը հետազոտված ու ներկայացված է Վ. Դիլոյանի աշխատության մեջ [4]: Այս բնագավառում հայերը սկսեցին որոշակի դեր ունենալ Ռուսաստանում հայկական գաղթօջախների կազմավորումից հետո: Հայ-ռուսական տնտեսական կապերը, սակայն, սկսվել էին շատ ավելի վաղ, որին մշտապես կարեւոր նշանակություն է հատկացվել Ռուսական պետության կողմից ու արժանացել նրա հովանավորությանը:

Հայ–ռուսական տնտեսական կապերը [5] զգալի են եղել Ռուսաստանի արտաքին առեւտրի բնագավառում արդեն 15-16-րդ դարերից, իսկ 17-րդ դարում՝ 1667 թ. կնքվել էր հատուկ առեւտրական պայմանագիր Նոր Ջուղայի հայ վաճառականության ու ռուսական պետության միջեւ [6]: Հայ վաճառականությունը խոշոր դերակատարում է ունեցել ռուս-պարսկական [7], ռուս-վրացական [8], Ռուսաստանի եւ Միջինասիական ու Կենտրոնական Ասիայի երկրների միջեւ առեւտրի բնագավառում, ռուս-հնդկական առեւտրական հարաբերություններում [9] եւ այլն: 18-րդ դարի վերջին քառորդին հայ վաճառականությունը իր դիրքերը շարունակում էր որոշ չափով պահպանել նաեւ Օսմանյան պետության ու Ռուսաստանի միջեւ կատարվող առեւտրի բնագավառում [10]: Նշված ժամանակաշրջանում հատուկ ուշադրություն էր դարձվում նորանվաճ երկրամասերի բնակեցմանը, առեւտրի ու արդյունաբերության զարգացմանը: Ռուսաստանը միջազգային շուկայի հետ կապող ծովային դարպասներ դարձան Պետերբուրգը, Ազովը, Աստրախանը: Ցամաքային առեւտուրը Այսրկովկասի ու Պարսկաստանի հետ կատարվում էր Ղզլարի, իսկ Միջին Ասիայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ Օրենբուրգի միջոցով: Ռուսաստանում պարբերաբար տեղի ունեցող տոնավաճառների մշտական եւ հիմնական մասնակիցներից էր միջազգային առեւտրի մեծ ավանդույթներ ունեցող հայ վաճառականությունը: Մակարեւյան տոնավաճառի մասնակից հայ առեւտրականների մեջ տեսնում ենք բացի առեւտրական ուղիների վրա գտնվող այլեւայլ քաղաքների ներկայացուցիչներից [11] նաեւ Հայաստանի բնակիչներ [12]: Ռուսական իշխանությունների լայն աջակցությունը ստացած հայ վաճառականները 18-րդ դարի երկրորդ կեսին, հենակետ ունենալով Ռուսաստանի հայկական գաղթօջախները, թափանցում էին նաեւ ռուսական ներքին շուկա [13] եւ կազմակերպում անգամ տեղական արտադրության տարբեր ճյուղեր: Ռուսաստանի ներքին ու արտաքին առեւտրից աստիճանաբար դուրս էր մղվում հնդիկ վաճառականությունը, որը 17-18-րդ դարի առաջին կեսին մեծ դեր ուներ Ռուսաստանի արեւելյան առեւտրում [14]: Հնդիկները հետզհետե իրենց գործունեությունը փոխադրել էին վաշխառուական բնագավառ, որը, բնականաբար, պետության կողմից այլեւս չէր խրախուսվում [15]: Փոխարենը հայ վաճառականությունը մշտապես մեծացնում էր իր ներկայությունը Մակարեւյան տոնավաճառում: Գ. Ռեմանի նկարագրության համաձայն ... արեւմտա - եւրոպացիները... այստեղ գրեթե երկրորդական դեր են խաղում, ռուս եւ արեւելյան վաճառականները գրավում են առաջին տեղը եւ խոսակցությունների կեսը լսվում է բուխարերեն, հայերեն եւ թաթարերեն լեզուներով” [16]: Անդրադառնալով հայերի եւ վրացիների առեւտրական գործունեությանը, նա գրում է. “հայերը բերում են մեծ քանակությամբ Քաշմիրի շալեր, պարսկական տարբեր ապրանքներ... գերազանց գորգեր, չոր մրգեր... Վրացիները վաճառում են չոր մրգեր, պարսկսկսն որոշ ապրանքներ, ընկույզ, արեւելյան սուրճ եւ, ի միջի այլոց, նույն ապրանքները, ինչ որ հայերը” [17]: Հայ վաճառականների գործունեության տեսակարար կշիռը առավել ակնառու է դառնում այն հանգամանքի հաշվառման դեպքում, երբ նկատի ենք ունենում, որ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Պարսկաստանում եւ Միջին Ասիայում քանակական առումով լինելով բնակչության աննշան տոկոսը, առեւտրական գործունեության բնագավառում գրավում էին առաջնակարգ տեղ, եւ նշված երկրների բնակչության կողմից կատարվող առեւտրի գրեթե կեսը իրականացվում էր հայերի միջոցով: Հայ վաճառականների առեւտրական գործունեության հաջող իրականացումը պայմանավորված էր ինչպես Ռուսաստանի հարակից պետություններում հայկական հոծ զանգվածների ու գաղթօջախների առկայությամբ, այնպես էլ տարբեր սոցիալ-տնտեսական, քաղաքական ու մշակութային միջավայրերում գործելու հայ վաճառականների կողմից հմտությունների դրսեւորման փաստով: Ռուս-իրանական առեւտրին մասնակցում էին նաեւ Աստրախանի կաթողիկե դավանանքի հայազգի վաճառականները (մասնավորապես՝ Ֆրանց Յակովլեւ, Միքայել Թաթուսով [18] եւ այլք), որոնք հայազգի այլ վաճառականների հետ միասին որոշակի նպաստ էին բերում Ռուսաստանի տնտեսական բարգավաճմանը, Ռուսաստանի եւ Արեւելքի երկրների միջեւ առեւտրա-տնտեսական ու քաղաքական հարաբերությունների բարելավմանը, ու նաեւ հայ-ռուսական կապերի ամրապնդման գործին [19]: Հայկական հոծ զանգվածներ կային ոչ միայն Այսրկովկասի առեւտրական ճանապարհների վրա գտնվող բոլոր քաղաքներում (Բաքու, Շամախի, Դերբենտ եւ այլն), այլեւ Պարսկաստանում, Հնդկաստանում, Աֆղանստանում, Միջին Ասիայում, Օսմանյան կայսրությունում եւ այլն: Ավելացնենք, որ Հնդկաստան, Աֆղանստան, Տիբեթ, Չինաստան եւ Միջին Ասիա ռուս առեւտրականները գրեթե մուտք չունեին, եւ Ռուսաստանի հետ առեւտրի գերակշիռ մասը կատարվում էր հայ եւ մասամբ միջինասիական մահմեդական վաճառականության միջոցով:

Դ. Թեյլորը կազմել է Դաքքայից 1753 թ. մետաքսի կտորեղենի արտահանման աղյուսակ, ըստ որի միայն Բասրայի, Ջիդդայի եւ Մոքի շուկաների համար հայ վաճառականները արտահանել են ընդհանուր գումարով 500. 000 ռուփիի կամ 62. 5 հազար ֆ. ստեռլինգի ապրանք: Անգլիացիները արտահանել են 350. 000 ռուփիի (43. 75 հազ. ֆ. ստեռլինգ) ապրանք դեպի Եւրոպա եւ 200. 000՝ դեպի Ասիական երկրներ, իսկ ֆրանսիացիները՝ ընդամենը 300. 000 ռուփիի ապրանք: Հոլանդական ընկերությունների արտահանումը կազմել է 100. 000 ռուփի, պարսկական վաճառականության արտահանումը՝ 100. 000 ռուփիի չափով [20]: Այսպիսով, միայն այս օրինակով անգամ ակնհայտ է հայ վաճառականության ունեցած կշիռը միջազգային առեւտրական ապրանքաշրջանառության մեջ

Նշելի է, որ հայ վաճառականությունը կենտրոնացած էր ոչ միայն Դաքքայում, այլեւ Մադրասում, Դելիում, Կալկաթայում եւ Հնդկաստանի այլեւայլ քաղաքներում (Ագրա, Բոմբեյ եւ այլն) [21]: Հայկական համայնքներ էին ձեւավորվել նաեւ Աֆղանստանում [22]: Դեռեւս 1766 թվականի հոկտեմբերին Սիմեոն Երեւանցի կաթողիկոսը, տեղեկանալով Աֆղանստանում հայ համայնքի առաջնորդ չունենալու մասին [23], գրում է «Ուչքիլիսեի» առաջնորդ Զաքարիա բեչ վարդապետին, որպեսզի այնտեղ գտնվող Մարկոս վարդապետին համոզի Աֆղանստան ճանապարհվելու համար ներկայանալ կաթողիկոսին: Սիմեոնը գրում էր. «ի ներկայումս ի կողմանցն Ղանդահարու եւ Քեաբուլու մարդ եկն առ մեզ եւ պատմեաց զորպիսութիւնս ժողովրդեան տեղւոյն, որք յազգէս Հայոց կան անդ, որք եւ գրեալ էին առ մեզ զթուղթ մեծաւ աղերսանօք եւ խնդրեալ էին առաքել առ ինքեանս զեպիսկոպոս մի: Զի բազմութիւնք ժողովրդոց ժողովեցեալ կան անդ եւ ոչ ունին զկարգաւոր եւ ոչ զընթերցող ոք եւ մնան առանց մկրտութեան եւ քահանայիւ թաղման եւ ուսումն գրոյ խափանեալ է ի նոցանէ: Արդ, այսր աղագաւ մեծագոյն հոգս ունիմք յղել ընդ նոցին աղերսանաց զեպիսկոպոս մի, զի մեծագոյն մեղք է թէ ոչ յըղիցեմք եւ թերեւս ի յոչ յղելն մեր, պատրիչք երթիցեն առ նոսա եւ կորուսանիցեն զայնքան բազմութիւնն» [24]: Շտապեցնելով Զաքարիա բեչ վարդապետին, կաթողիկոսը գրում է, թե «ի ներկայումս թիֆլիզեցի վաճառականք գոն անդ գնացօղ, ընդ նոսա առաքելոց եմք» [25]: 1784 թ. հոկտեմբերին Աստրախանից Հովսեփ Արղությանի Քաբուլում գտնվող տեր Հովհաննեսին գրած նամակից տեղեկանում ենք, որ իրոք Հ. Արղությանի կողմից Աստրախանից Քաբուլ են առաքվել հայ հոգեւորականներ [26]: Բերված նամակը կարեւոր է այն առումով, որ վկայում է ոչ միայն Հայոց եկեղեցու առաջնորդների մտահոգ վերաբերմունքը հայ բնակչության ճակատագրի հանդեպ, այլեւ այն աշխույժ կապի մասին, որ գոյություն ուներ հայ գաղթօջախների ու հայոց եկեղեցու հոգեւոր կենտրոնների միջեւ [27]: 1788 թ. դեկտեմբերի 31-ին Հովսեփ Արղությանին ուղղված Ղուկաս կաթողիկոսի նամակից տեղեկանում ենք, որ Հ. Արղությանը կաթողիկոսից օրհնության թուղթ էր խնդրել բուխարացի ոմն Հակոբի հանգուցյալ եղբոր համար [28]: Ռուսաստանից Միջին Ասիա եւ Աֆղանստան հայ վաճառականության աշխույժ երթեւեկի մասին են վկայում նաեւ այլ վավերագրեր: 1797 թ. հունիսի 23-ին Նոր Նախիջեւանի բնակիչ վաճառական Հովակիմ դի Գալուստովը Օրենբուրգից Սերգեյ Լազարեւիչին (Լաշկարեւ) գրած դիմումի մեջ հայտնում է, որ «անցյալ` 1786 թվականին Օրենբուրգի սահմանների հարեւանությամբ ապրող ղրղզական  Փոքր Համայնքի կողմից նրանց տափաստանով Բուխարա անցնելու ժամանակ ինձնից կողոպտվել է ավելի քան հինգ հազար /ռուբլու/ ապրանք»: Հովակիմ Գալուստովը այդ գումարի ապրանքից տարբեր միջոցներով կարողացել է ետ ստանալ միայն 3. 000 ռուբլու ապրանք, սակայն «մնացած մասը դեռեւս չեմ ստացել եւ ստանալու հույս չունենալով, համարձակվում եմ ավարտելու համար հեռավոր իմ այս քաշքշուկները եւ Օրենբուրգ քաղաքում մեծ ծախսերով երկարատեւ իմ բնակությունը, որոշեցի մանրամասն նկարագրությամբ այս փոստով իմ խնդրագիրը առաքել Ն. Կ. Մեծությանը` հայտնի պատճառներով ինձ փոխհատուցելու մասին» [29]. Հովակիմ Գալուստովը այնուհետեւ խնդրում է իրեն տեղյակ պահել Պավել Առաջին կայսեր վճռի մասին [30]:

Ռուսաստանի հայ գաղթօջախների եւ Միջին Ասիայի առեւտրաշահ քաղաքների միջեւ հայ վաճառականների կապի մասին է վկայում նաեւ Թիֆլիսի բնակիչ Ավթանդիլ Դավթյանի Հովսեփ Արղությանին գրած 1798 թ. նամակը, որտեղ նկարագրված են իրենց առեւտրական գործառնություններն ու վաճառքի համար տարած ապրանքները, իրենց կրած նեղություններն ու երթուղին [31]: Հովսեփ Արղությանը Ավթանդիլ Դավթյանին գրած եւ Բուխարա առաքած իր 1799 թ. օգոստոսի 18-ի նամակով նրան հորդորում է «զամենայն հոգեղ քոյ թողեալ եկեալ իցես ի Թիֆլիզ՝ ի յօգնութիւն խղջալի ընտանեացդ: Արքայն եւս գրէ, որ գաս... Քաբուլու ժողովրդի աղագաւ եւ ես ցաւիմ: Ի սեպտեմբեր ամսոջն գնալոց եմ ի Հաշտարխան եւ անտի առաքելոց եմ զքահանայ»:

ԺԸ. դարի երկրորդ կեսից Միջին Ասիայի նկատմամբ փոխվում է նաեւ Ռուսաստանի վերաբերմունքը: Ուզբեկական խանությունները հետզհետե սկսում են դիտվել ոչ որպես Հնդկաստան տանող ճանապարհին գտնվող լոկ տարանցիկ երկրներ, այլ առեւտրա-տնտեսական ու քաղաքական համագործակցության ինքնուրույն կազմավորումներ: Եթե 1763 թ. Ռուսական կառավարությունը Միջին Ասիան դեռեւս պատկերում էր որպես մի շրջան, որտեղ ապրում են " много хищных народов ", որոնք խոչընդոտում են ռուս-հնդկական առեւտրին, ապա 1780թ. արդեն Բուխարա առաքված Բեկչուրինին ցուցում էր տրվում ուսումնասիրելու Ռուսաստանի եւ Բուխարայի մինչեւ առեւտրական հարաբերություններ հաստատելու հնարավորության, Բուխարայում Ռուսական առեւտրական կետերի ստեղծման եւ այլ հարցեր [32]: Սիբիրում առեւտրական գործառնությունները իրականացվում էին հիմնականում բնիկների միջոցով եւ հազվադեպ միայն՝ ռուս վաճառականների: Ավելին, դեպի Չինաստան, Տիբեթ եւ Աֆղանստան ճանապարհվում էին հիմնականում միջինասիական եւ հայ վաճառականները՝ ինչպես ասվեց, ռուսների մուտքը նշված երկրներ արգելված լինելու պատճառով: Այդ մասին ուղղակի վկայում են նաեւ Սիբիրի գեներալ նահանգապետները արքունիք ներկայացրած իրենց հաշվետվությունների մեջ. «Սիբիրյան սահմաններում գտնվող Ռուսական առեւտրականները գործ են ունենում միայն ասիական մերձակա ժողովուրդների հետ, ինչպիսիք են Բուխարացիները, Տաշկինցիները եւ Կոկանդցիները, իսկ Տիբեթ եւ Քաշմիր Սեմիպոլատինսկից գնում էին շալեր գնելու համար միայն  որոշ Բաշկիրցիներ, Տաշկինցիներ եւ հայեր եւ կամ Վրացական տիրապետության նախկին հպատակները: Սակայն, բոլոր նշված քաղաքների հետ (Լհասա, Տիբեթ, Քաշմիր եւ այլն-Պ. Չ. ) բացահայտ հարաբերություններ հաստատել հնարավոր չէ, որովհետեւ այդ վայրեր կարելի է անցնել միայն Չինական տիրապետություններով, որտեղ ռուսների երեւալը արգելված է, եւ մյուս կողմից, որ այծի, մանվածքի ու չմանված բրդի վաճառքը այնտեղ ազատ չէ, եւ հատկապես Ռուսների համար, ուստի եւ մեր վաճառականները այնտեղ գնալ չեն կարող ոչ իրենց անունից եւ ոչ եվրոպացու կերպարանքով, այլ պետք է զգեստավորվեն (կերպարանափոխվեն) ասիացիների նման եւ իմանան Տաշկինցիների լեզուն»: [33].

Եթե ԺԸ. դարի առաջին կեսին ռուս-հնդկական առեւտուրը կատարվում էր հիմնականում Աստրախանից Կասպից ծովի վրայով եւ Այսրկովկասի ցամաքային ծովափով ու հստակորեն չէր տարանջատվում ռուս-իրանական առեւտրաշրջանառությունից, ապա ԺԸ. դարի երկրորդ կեսին ակնհայտորեն աճեց Միջին Ասիայի եւ Հնդկաստան տանող նրա քարավանային ուղիների դերը: 1735 թ. հիմնադրված Օրենբուրգ էր փոխադրվում Աստրախանի ռուսական պետական հիմնարկների մեծ մասը, որոնք կոչված էին կառավարելու նաեւ Միջին Ասիայի հետ Ռուսաստանի տնտեսական ու դիվանագիտական հարաբերությունները: Վաճառականներին դեպի Օրենբուրգ գայթակղելու նպատակով 1739 թ. օգոստոսի 20-ին կայսերական հրամանով կարգադրվում էր. «նրանցից վերցնել ... մեկ ռուբլուց երեք կոպեկ» (այսինքն` երեք տոկոս . Չ. ) ավելի պակաս, քան Աստրախանում գտնվող օտարերկրացիներից: Արտոնությունները սահմանվում էին 10 տարի ժամկետով [34]: Հրովարտակում կոչ էր արվում «Ասիական երկրներից բոլոր եկածներին` տարբեր դավանանքներ եւ կոչումներ ունեցող հույներին, հայերին, հնդիկներին, պարսիկներին, Բուխարացիներին, Խիվինցիներին, կալմիկներին եւ ուրիշներին, թույլատրել գալ եւ ապրել, զբաղվել առեւտրով եւ ցանկացած արհեստով» [35]:

Հետզհետե Արեւելք էր տեղափոխվում նաեւ հայ վաճառականների մի մասը: Ռուսական կառավարությունը միջոցներ էր ձեռնարկում ավելի սերտ հարաբերություններ հաստատելու Միջին Ասիայի հետ՝ շահագրգռված լինելով զարգացնելու առեւտրական հարաբերությունները ինչպես Միջին Ասիայի, այնպես էլ Աֆղանստանի եւ Հնդկաստանի հետ: Նման հանձնարարություններով այնտեղ էին ուղարկվում ինչպես այլազգի (Մեհտի Ռաֆաիլով), այնպես էլ հայ վաճառականներ ու դիվանագետներ Բոգդան Ասլանովը, Սիմեոն Մադաթովը, Իվան Մուրատովը եւ այլք: Ռուսաստանի հետ սերտ առեւտրական հարաբերություններ հաստատելու մեջ շահագրգռված էին նաեւ միջինասիական իշխողներն ու վաճառականները, որոնց ներկայացուցիչները եւս հաճախակի հայտնվում էին Ռուսաստանում իրենց սեփական նախաձեռնությամբ, առաջարկություններով ու ծրագրերով [36]: ԺԸ. դ. վերջերին կազմված Ռուսաստանի եւ Արեւելքի երկրների միջեւ առեւտրական հարաբերությունների զարգացման տարբեր ծրագրերում հաճախ են հիշատակվում հայ խոշոր վաճառականների անուններ, որոնց հետ էին կապվում այս կամ այն ծրագրի իրականացման հույսերը: Այդպիսին էր, մասնավորապես, Աստրախանի հայազգի բնակիչ Մկրտում Գալստյանը (Նիկիտա Կալուստով): Աստրախանի փոխնահանգապետ Պետր Սկարյատինը 1792 թ. Ա. Ա. Բեզբորոդկոյին ներկայացրած իր ծրագրում, որ վերնագրված էր «Հնդկաստանի հետ առեւտրական ընկերության ստեղծման նախագիծ», գրում է. «առավել դյուրին է Հնդկաստանի հետ առեւտուրը վերականգնել այն հիմքի վրա, ինչպես արվում էր նախկինում. եւ այստեղի հայերից Նիկիտա Կալուստովը [իմա` Մկրտում Գալստյան-Պ. Չ. ], որը կարծում եմ Ձերդ Գերազանցությանը ծանոթ է հանգուցյալ պայծառափայլ իշխանի հետ նախկինում ունեցած գրագրություններից, Ջուղայում ունենալով հարազատ եղբայր, հաճույքով ստանձնում է այդ: Եվ այս դեպքում ավելի հուսալի է հենվել նրա վրա, քան այստեղ ապրող հնդիկների համայնքի, որովհետեւ նրանք (իմա` հնդիկները-Պ. Չ. ) Հնդկաստանի հետ առեւտրական հարաբերություններ չունեն եւ իրենք էլ մեծ չարչիներ են» [37]:

Առեւտրական ճանապարհների ընտրության հարցում եւս բերվում է հայ վաճառականների ընտրած երթուղիների օրինակը: Այսպես, Կասպից ծովից Հնդկաստան ապրանքափոխադրության ուղիների քննարկման ժամանակ ներկայացվում են ոչ միայն Իրանի տարածքով անցնող, այլեւ Խիվայով ու Բուխարայով դեպի Հնդկաստան ձգվող երթուղիների տարբերակները: Նույն նախագծում, անդրադառնալով այդ հարցին, Պ. Սկարյատինը գրում է. «Պետք է ասեմ նաեւ, որ Կասպից ծովի ձախ կողմում Խիվայի եւ Բուխարայի վրայով կարող է լինել եւ այժմ էլ կա ճանապարհ դեպի Հնդկաստան, եւ Հնդկաստանից տարվա ընթացքում ոչ մեծ քանակի ապարնքներ են բերվում: Այս  ճանապարհով  այստեղի հայերից մի քանի անգամ անցել է Սողոմոն Սերգեեւը, որը այն վայրերում հազվագյուտ ոսկերչության արվեստը իմանալով, հովանավորվել էր Քաբուլի Թեմիր խանի կողմից, ունի նրանից ստացած հրովարտակ (ֆերման), որով հրամայվում է իր տիրույթներում նրանից մաքսեր չգանձել եւ ոչ ոք իրավունք չունենա  նրան նեղություն եւ վիշտ պատճառել» [38] Միջինասիական ներկայացուցիչները իրենք էին առաջարկել Մկրտում Գալստյանին Կասպից ծովի արեւելյան ափին հիմնադրել առեւտրական հենակետ: Այդ մասին վկայում է ոչ միայն Պ. Սկարյատինը [39], այլեւ Աստրախանի մաքսատան տնօրեն հայազգի Իվանովը. «... այս մահմեդական առաջնորդը (ախուն) մի քանի տարի առաջ գրել էր Աստրախանի նախկին քաղքենի Նիկիտա Կալուստովին` հրավիրելով  նրան բացելու  նշված վայրում տոնավաճառ: Սակայն վերջինս, այդ մեկ մասնավոր անձի ուժերից վեր ձեռնարկում համարելով, անուշադրության մատնեց այն» [40]:

  1800 թ. վավերագրերից մեկում, որ վերնագրված է «Անվանացուցակ Օրենբուրգից դեպի Բուխարա եւ Խիվա առեւտրով զբաղվող վաճառականների` ողջ ապրանքաշրջանառության գումարների նշումով», Մկրտում Գալստյանի անվան դիմաց նշված է 100. 000 ռուբլու ապրանքաշրջանառության գումար [41]: Նրա վարած առեւտրական գործունեության չափի մասին վկայում են նաեւ Էնզելիում Ռուսական հյուպատոս Սկիլիչիի 1787 թ. Կոմերց-Կոլեգիային ուղղած առաջարկություններում եղած հաղորդումները: Վերջինս գրում է, թե մրցակցության ու եղած անբարենպաստ մի շարք հանգամանքների պատճառով ռուս խոշոր վաճառականները ետ են քաշվել Իրանի հետ կատարվող առեւտրից եւ ասպարեզում մնացել են համեմատաբար փոքր դրամագլուխ ունեցող վաճառականները: Հյուպատոսի կարծիքով ռուս-իրանական առեւտրի անկման պատճառներից է նաեւ այն, որ «Ռուսական նախկին կապիտալիստներից ոչ ոք այստեղ` Պարսկաստանում, այժմ առեւտուր չունի, բացի Իվան Սիտնեւից եւ Նիկիտա Կալուստովից, իսկ Հայկական վաճառականներից /նրանք/, ովքեր այստեղ ունեն իրենց գործակալները» [42]: Այս վկայությամբ եւս հավաստվում է, որ Մ. Գալստյանը իր որոշակի տեղն ուներ 1770-1790-ական թթ. ռուս-իրանական առեւտրական հարաբերություններում: Հայազգի վաճառականները Ռուսաստան էին ներմուծում ոչ միայն մետաքս, որի պահանջարկը գնալով ավելանում էր եւ շարունակվում արտահանվել, թեեւ համեմատաբար փոքր չափերով, դեպի եվրոպական երկրներ, այլեւ բրինձ, չոր մրգեր եւ այլն: Միջինասիական խանություններից ներմուծվում էին բամբակ եւ բամբակյա արտադրանք, ուղտի կաշի, մորթիներ, չամիչ եւ այլն [43]: Ռուսաստանից Արեւելք արտահանվող Աստրախանի մաքսատանը գրանցված ապրանքների մեծ մասը եվրոպական երկրների արտադրանք էր [44]: ԺԸ. դարի վերջին քառորդին Արեւելքի հետ առեւտրական հարաբերություններում հայերի տեսակարար կշիռը թեեւ որոշակի անկում է ապրում նույն դարի առաջին կեսի համեմատությամբ՝ այդ առեւտրին արեւելյան տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների հետզհետե ավելի լայնորեն մասնակցություն բերելու հետեւանքով, սակայն եղած թվերն իսկ վկայում են հայ վաճառականության այն խոշոր դերը, որ նրանք ունեին նշված ժամանակահատվածում: Եթե 1753-1756 թթ. հայերի իրականացրած առեւտրի տեսակարար կշիռը ռուս-արեւելյան առեւտրի տարեկան շրջանառության մեջ կազմում էր համապատասխանաբար 68. 3, 61. 0, 51. 6 եւ 58. 7 տոկոսը, ապա 17771781 թթ. դրանք ունեին հետեւյալ տեսքը. 41. 8, 31. 1, 38. 9, 43. 8 եւ 34. 4 տոկոս, միջինացված՝ 37. 8% [45]: Համեմատության համար կարելի է բերել իրանցի վաճառականների մասնակցության չափի մասին տվյալները: 1753-1756 թթ. ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ այն կազմում էր 0. 5 տոկոս, 1777-1781 թթ. ՝ 24. 3 տոկոս [46]: Իրանցի [47] վաճառականության ռուս - իրանական առեւտրում տոկոսային աճի , իսկ հայ վաճառականության տեսակարար կշռի նվազման պայմաններում անգամ, չի կարելի արձանագրել, թե «ԺԸ. դարի 70-ական թթ. սկսած հայ վաճառականությունը կորցնում է ռուս-արեւելյան առեւտրում իր ունեցած առաջատար դերը»: [48]

Հայ վաճառականությունը մի զգալի մասով թեեւ շրջվել էր դեպի Օրենբուրգ եւ Միջին Ասիա, սակայն Աստրախանում մնացած հայազգի վաճառականությունը շարունակում էր իր մասնակցությունը ունենալ ռուս-իրանական առեւտրին, իսկ Կասպից ծովի վրա ունեցած նրանց առեւտրական նավերը երթեւեկում էին Աստրախանից մինչեւ Գիլան, Մազանդարան ու Բաքու՝ փոխադրելով ինչպես նավատերերին պատկանող ապրանքներ, այնպես էլ վճարովի ծառայություններ մատուցելով այլեւայլ վաճառականների: Աստրախանաբնակ քաղաքացիներին Կասպից ծովում նավեր ունենալու իրավունքը կայսերական հրամանագրով թույլատրվել էր 1762 թ.: Այդ թույլտվության հիմքի վրա 1763 թ. արդեն Մովսես Սարաֆյանը իրավունք էր ստացել կառուցելու սեփական առեւտրական նավեր: Աստրախանի նահանգապետը, սակայն, շուտով կառավարությունից պահանջում է արգելել հայազգի բնակչությանը Կասպից ծովում նավեր ունենալու իրավունքը՝ այդ ներկայացնելով որպես ռուս վաճառականության օրինական բողոքի հետեւանք: Կառավարությունը 1769 թ. նահանգապետից պահանջում է ոչ միայն խոչընդոտներ չհարուցել, այլեւ օժանդակել Մովսես Սարաֆյանին՝ ստեղծելու իր սեփական առեւտրական նավերը: Այդ վերջին որոշման հիման վրա հայազգի հայտնի գործիչներից Կամպանովը դիմում է սենատին՝ թույլատրելու եւ իրեն, եւ թե ցանկություն հայտնած բոլոր հայերին, Կասպից ծովում ունենալու իրենց նավերը: Սենատի 1769 թ. նոյեմբերի 17-ի կարգադրությամբ հերքվում են Աստրախանի նահանգապետի բերած «հիմնավորումները»՝ հայերին արգելելու նավեր ունենալ Կասպից ծովում, եւ հրահանգվում է «Աստրախանում բնակվող եւ առեւտրով զբաղվող բոլոր հայերին, ովքեր գտնվում են  Ն. Կ. Մ. մշտական հպատակության մեջ, թույլատրել կառուցելու ծովային նավեր Կասպից ծովում բեռնափոխարումների համար` նույն այն բոլոր հիմքերով, որով բոլոր ռուս վաճառականները ունեն ծովային նավեր: Եվ այն պատճառների մասին, որոնցով նահանգապետը չի կատարել Ն. Կ. Մ. անվանական 1762 եւ 1763 թթ. կարգադրությունները եւ այս մասնակցությունից նրանց զրկում է, այդ մասին բացատրություններ ներկայացնել Սենատին» [49]:

Մեզ են հասել Աստրախանի մագիստրատում կազմված ցուցակներ, որոնցում թվարկված ենք գտնում Կասպից ծովի վրա երթեւեկող նավերի ու նրանց տերերի անուններ, այլեւ առանձին ցուցակով հայտնի է նաեւ միայն հայազգի վաճառականներին պատկանող նավերի քանակը, նավերի անունները, նավատերերը եւ նրանց առեւտրափոխադրումների տեսականին [50]: Վերջին վավերագիրը վերնագրված է «Ցուցակ Աստրախանի քաղքենիների ունեցած ծովային նավերի տեսակների եւ նրանց գործող եւ չգործող երթուղիների», թվարկումը սկսում է Մկրտում Գալստյանին պատկանող «Սուրբ Պետրոս» ձկնորսանավի (ֆիշերբոտ) նշումով: Արձանագրվում է, որ ցուցակը կազմելու ժամանակ այն չէր գտնվում Աստրախանում, այլ սպասվում էր մոտակա օրերին Պարսկաստանից նրա ժամանումը, «որը եւ ցանկանում է այս տարվա ամռանը կրկին ետ ուղարկել Պարսկաստան` չարգելված Բաքվի եւ Էնզելիի նավահանգիստներ, իր սեփական եվրոպական ու ռուսական ապրանքներով, ու նաեւ ուրիշների բեռներով, ովքեր կկամենան այդ նավով ուղարկել իրենց ապրանքները» [51]: Արտեմ Առաքելովին պատկանող «Սուրբ Միքայել» առագաստանավը (шкоут-шхуна) ցուցակը կազմելու ժամանակ գտնվում էր նավահանգստի մաքսակետում, որտեղ բարձվում էր Պարսկաստան եւ Մանգշլակ ուղարկելու համար Խիվայի վաճառականներին պատկանող չուգուն եւ այլ ապրանքներ: Արձանագրվում է, թե ինքը՝ Առաքելովը, այդ ժամանակ նավով ապրանքներ չէր առաքում եւ ապագայում էլ մտադիր չէր առաքելու: Մինաս Դիլանչեւի անունով արձանագրված է երեք խոշոր թիանավ (галиет-галера) - "Санкт Херувим", "Санкт Александр", "Санкт Иоаким". Այս երեք նավերն էլ գտնվում էին Աստրախանում եւ պատրաստ էին ճանապարհվելու Պարսկաստան ձկնորսության, իսկ եթե ապրանքափոխադրության համար նավը վարձակալելու ցանկացողներ լինեին, ապա Մինաս Դիլանչեւը պատրաստակամ էր նավերը տրամադրելու, քանի որ ինքը՝ նավատերը, այդ ժամանակ ուղարկելիք ապրանք չուներ: "Санкт Харлампий" անվանումով հնացած թիանավ ուներ նաեւ հայազգի նախկին դեպուտատ Մարտին Մակարովը, որը թեեւ Աստրախանում գտնվում էր հաշվառման մեջ, սակայն ծովային երթեւեկության համար այլեւս պիտանի չէր [52]: Ընդհանուր ցուցակի մեջ արձանագրված է 14 նավատիրոջ անուն: Առաջին տեղում գտնվող Ստեփան Շարըպինի անվան դիմաց նշված է երկու թիանավ (գալիոտ), որոնցից մեկը ("Սուրբ Նիկողայոս") վեց ամսով վարձակալությամբ վերցրել էր Մինաս Դիլանչյանը:

Վերոբերյալ վավերագրերը թեեւ թվագրված չեն, սակայն արխիվային գործի մեջ ընդգրկված հարակից թվակիր այլ վավերագրերի շարքում լինելու պատճառով հնարավոր ենք համարում այդ վավերագրերը եւս վերագրելու մոտավորապես նույն ժամանակամիջոցին (1780-17790-ական թթ. ): Նշելի է նաեւ, որ հիշյալ վավերագրերում արձանագրված հայազգի վաճառականների ունեցած նավերի քանակը լիակատար չէ: Հայտնի են Կասպից ծովում հայազգի վաճառականներին պատկանող նավերի մասին այլ վկայություններ եւս: Այսպես, օրինակ, 1777 թ. մայիսին Աստրախանի բնակիչ Հայրապետ Դովլաթովը Եկատերինա 2-րդի անունով տված խնդրագրի մեջ նշում է, թե «Սույն 1777 թ. ընթացիկ մայիս ամսին որպես գործակատար ես գնվում էի  Հայկական նախկին պատգամավորի կնոջ` Եղիայի դուստր Զարտեկի ծովային նավի վրա Թուրքմենական Մանգշլակ նավահանգստում` ասիական վաճառականությանը իրենց ապրանքների հետ Աստրախան բերելու համար... » Այնտեղ նա 200 ռուբլի փրկավճարով գերությունից ազատել է ռուս սերժանտ ոմն Ալեքսանդր Դմիտրիի Մուգարովին եւ խնդրում է փոխհատուցել իր դրամը: Հայրապետ Դովլաթովը նշում է, որ ինքը այդպես է վարվել իր քրիստոնեական հավատի թելադրանքով եւ Ռուսաստանի նկատմամբ ունեցած հավատից ու սիրուց: Նա նշում է նաեւ, որ «Թեեւ Աստրախանի թաթարները այնտեղ մշտապես առեւտուր են անում, սակայն ոչ մի թաթար դեռեւս որեւէ քրիստոնյայի չի փրկագնել, բացի Աստրախանի հայերից... » եւ այդ այն դեպքում, երբ «ասիական երկրներում գերի քրիստոնյաները բազմաթիվ լինելով, թախանձագին լացելով անիծում են իրենց կյանքը, օրը, իրենց ծննդյան ժամը, եւ յուրաքանչյուր գերի ցանկանում է վերադառնալ իր հայրենիքը, սակայն այս դժբախտ մարդիկ ոչ մի փրկություն չունեն» [53]: Կարապետ Հարությունով վաճառականի եւ նրան պատկանող նավի մասին հաղորդագրություն է արձանագրված նաեւ Ա. Վ. Սուվորովի 1780 թ. ապրիլի 11-ով թվագրված զեկուցագրում, որ ուղարկվել էր Գ. Ա. Պոտյոմկինին. «մարտի 25-ին այստեղ նավեր երեւացին. առաջինը Բաքվից էր, հայազգի Կարապետ Հարությունով վաճառականին պատկանող, որ կոչվում է . Հովհան", մետաքսով բարձված Գիլանում... » [54]:

1783թ. է վերաբերում [55] Լազարյանների արխիվում պահպանված հետեւյալ հաղորդումը. «Բաքվից [դուրս գալով] մարտի 17-ին, այս ապրիլի 1-ին այստեղ ժամանեց Աստրախանի քաղաքացի Կարապետ Հարությունովի . Հովհան" գալիոտը: Նրանով ժամանողներից տեղեկություն ստացանք, որ Դերբենտի Ֆետ Ալիխանը Կուր գետը զորքով անցնելու ժամանակ Մուղանի տափաստանի դիմաց ջախջախվել է Ղարաբաղի Իբրահիմ խանի կողմից եւ միայն քսան հեծյալներով փախել այնտեղից Աղսու կոչվող Նոր Շամախի: Ասում են, այս տեղի է ունեցել Տարկի շամխալի դավաճանության պատճառով, որի հետ նրանք համաձայնել էին Իբրահիմ խանի դեմ: Լինելով ճակատամարտի մեջ, շամխալը իր զորքը ուղարկել է դեպի Իբրահիմ խանը եւ ինքը փոքրիկ խմբով փախել Դաղստան: Այս տեղեկությունը հենց որ ստացվել է Բաքվում, ապա վաճառականները, խույս տալու համար զորքի անակնկալ հարձակումից, անմիջապես նավով մեկնել են Աստրախան, սակայն մեկ նավ դեռեւս մնացել է, բայց առանց բեռի... » [56]:

Կասպից ծովում հայ վաճառականների ունեցած նավերի հաշվառումը ինքնանպատակ չէր, նրանց միջոցով ռուս-իրանական առեւտրին հայերի մասնակցությունը ուրույն բնագավառ էր, որ իր ժամանակին նկատվել էր նաեւ գաղտնի խորհրդական, Կոմերց-կոլեգիայի սենատոր Պ. Սոյմոնովի կողմից 1798 թ. հուլիսի 17-ին Ս. Լ. Լաշքարովին ուղղած իր զեկուցագրում [57], որ նվիրված էր ռուս-իրանական առեւտրական հարաբերությունների վիճակի քննությանը: Արձանագրելով զեկուցագրի ներկայացման պահի վիճակը, Պ. Սոյմոնովը մի շարք պատճառների թվարկումով նշում է ռուս-պարսկական առեւտրում պարսից կողմի գերակշռությունը եւ հաստատում, թե «այժմ հայերի շատ քիչ մասը , իսկ ռուսները ավելի պակաս չափով, առեւտոր են կատարում Պարսկաստանում» [58]: Պ. Սոյմոնովի այդ դիտարկումը հաստատում է նաեւ Էնզելիում ռուսական հյուպատոս Մ. Դ. Սկիբինեւսկին 1798 թ. հոկտեմբերի 29-ի զեկուցագրում. «... համաճարակ կար եւ դեռեւս կա Գանձակում, Թավրիզում եւ Արդեբիլում եւ նրանց կողմից [իմա` Բաքվի եւ Շամախու խաների- Պ. Չ. ] ուղեկալներ են դրվել, որպեսզի վարակված շրջաններից ոչ ոքի ներս չթողնվի իրենց տիրույթներ: Ուստի եւ թարգմանիչը Շամախիում եւ Բաքվում չի տեսել ոչ մի վաճառական կամ այլ որեւէ ճանապարհորդ Թավրիզից կամ թե Գանձակից... » [59]: Միայն մեկ հանգամանք մխիթարական է թվում Պ. Սոյմոնովին, այդ ծովային առեւտրական նավերի առկայությունն էր, որը դեռեւս եկամուտներ էր բերում ռուսական կողմին. «Աստրախան եւ այնտեղից ետ` դեպի ծովափնյա քաղաքներ պարսկական վաճառականներին իրենց ապրանքներով փոխադրող մեր ծովային նավերը այս երթերի համար ստանում են իրենց համար զգալի եկամուտ» Պարսկական եւ թուրքմենական կողմի ծովային նավեր չունենալու հանգամանքը դեռեւս ռուս եւ հայ վաճառականներին հնարավորություն էր ընձեռում գոյատեւելու՝ իրենց նավերով մասնակից դառնալով պարսկական կողմի վաճառականների համար կատարվող ապրանքափոխադրումներին: Սակայն այդ բնագավառը եւս հաստատուն եւ հուսալի չէր հայ եւ ռուս վաճառականության համար, եւ այդ հենց ռուսական կողմի պատճառով. առեւտրական նավերի համար լուրջ եւ վտանգավոր մրցակից էին դարձել ռազմական նավերը, որոնք, ըստ Պ. Սոյմոնովի, «իրենց համար սովորություն են դարձրել ընդունելու ոչ միայն առեւտրականների, այլեւ նրանց ապրանքների փոխադրումը, որ թույլատրելի չէ: Այդ պատճառով տեղի է ունենում հետեւյալը. ... ռազմանավերը հաճախ խույս են տալիս օրինական ստուգումներից եւ իրենց համար հնարավոր բոլոր միջոցներով նպաստում են առանց մաքսի ապրանքների արտահանումը եւ դրանով իսկ զրկում են գանձարանը եկամուտներից: Պարսիկների մոտ մեծ պահանջարկ ունեցող ոսկյա եւ արծաթյա դրամների Ռուսաստանից արտահանման արգելքը խախտվում է, որը տեղի է ունենում ուղեւորների եւ նրանց ապրանքների ռազմանավերում ընդունելու հետեւանքով» [60]: Հեղինակը դրությունից ելքը տեսնում է ռազմանավերի կողմից առեւտրականներին ու նրանց ապրանքների փոխադրումը արգելելու մեջ:

Այսպիսով, ԺԸ. դարի վերջին քառորդի սկզբներին (1770-ական թթ. ) եթե հայ վաճառականությունը Ռուսաստանի արեւելյան առեւտրում ուներ գերակշռող դիրք, ապա 1790-ական թթ. նա արդեն զգալիորեն զիջելով իր զբաղեցրած դիրքը, սակայն շարունակում էր դեռեւս կարեւոր տեղ ունենալ ռուս-արեւելյան առեւտրահարաբերություններում: Ռուսաստանը օգտագործում էր հայ վաճառականների փորձառությունը Արեւելքի երկրների հետ առեւտրական հարաբերություններ հաստատելու գործում: Այդ առումով խոսուն է 1800 թ. դեկտեմբերին գերմաներեն լեզվով կազմված եւ ռուսերեն թարգմանությամբ հանդերձ Սենատի Գեներալ-պրոկուրորի գրասենյակ հանձնված ռուս-հնդկական առեւտրական հարաբերությունների զարգացման եւ ռուսական արեւելա-հնդկական առեւտրական ընկերության կազմակերպման մասին մի նախագիծ եւս, որտեղ ավարտելով տնտեսական բոլոր հիմնավորումները, նախագծի իրականացման խնդրում հեղինակը ստիպված է եղել կրկին անդրադառնալու հայ վաճառականությանը դիմելու հարցին. «Ո՞ր ժողովրդից պետք է այս ընկերությունը կազմակերպվի: Կարող է զարմանալի թվալ, որ ես այստեղ ներկայացնում եմ երկու օտար ժողովուրդների, այն է` հոլանդացիներին եւ հայերին... Հայերը շատ հմուտ են այս առեւտրում եւ Ասիայի ցամաքային ճանապարհներով այն իրականացնելուն, ուստի եւ հանդիսանում են այս ընկերության համար անհրաժեշտ անդամներ: Ընդ որում, Ասիայի ներքին առեւտրական կապերը մինչեւ օրս անխափան իրականանում են  նրանց միջոցով... » [61]:

Ռուս-իրանական առեւտրի զարգացման մեջ շահագրգռված էին մասնակից բոլոր կողմերը, այդ թվում նաեւ հայ վաճառականությունը, թեեւ դրան խոչնդոտող քաղաքական փոխհարաբերությունները գնալով ավելի սուր բնույթ էին ստանում: Հակասությունները ռազմական միջոցներով լուծելու համար Իրանը դեռեւս հնարավորություններ չէր տեսնում, իսկ ռուսական կողմը ձգտում էր դիվանագիտական զիջումների գնով մեղմել հակասությունների սրումը:  

 


 



[1]          Առկա ուսումնասիրություններում քննարկված են հիմնականում ռուս - իրանական առեւտրում հայերի մասնակցության հարցերը: Տե՛ս Н. Г. Куканова. Очерки по истории русско-иранских торговых отношений в XVII - первой половине XIX века. Саранск, 1977. А. И. Юхт. Торговля России со странами Востока во второй половине XVIII в. и армянское купечество, - ՊԲՀ, 1981, թիվ 2, էջ 85-106:

[2]          Վ. Միքայելյան. Ղրիմի հայկական գաղթօջախի պատմություն. Եր., 1964: Վ. Բարխուդարյան. Նոր Նախիջեւանի հայկական գաղութի պատմություն. Եր., 1967:

[3]          Ананян Ж. А. Армянская колония Григориополь. Ер., 1969. Ж. Ананян, В. Хачатурян. Армянские общины России. Ер., 1993. Ж. А. Ананян. “Записки” Гмелина как источник по изучению русско-армянских торгово-экономических отношений во второй половине XVIII в., - “Из истории вековой дружбы”, Ер., 1983, с. 95-108.

[4]          Վ. Ա. Դիլոյան, Էջեր Ռուսաստանի հայ վաճառականական կապիտալի պատմությունից, - ՊԲՀ, 1962, թիվ 4, էջ 69-82: Վ. Ա. Դիլոյան. Լազարյաների հասարակական քաղաքական գործունեության պատմությունից, էջ 17-129:

[5]          Լ. Ս. Խաչիկյան, Հայերը հին Մոսկվայում եւ Մոսկվա տանող ճանապարհների վրա, - « Բանբեր Մատենադարանի », թիվ 13, Եր., 1980, էջ 7-107: Տե՛ս նաեւ Լեւոն Խաչիկյան, Աշխատություններ, հ. Բ, Եր., « Գանձասար », 1999, էջ 150-240:

[6]          Армяно-русские отношения в XVII веке. Сборник документов. Подготовили к печати В. А. Парсамян, В. К. Восканян, С. А. Тер-Авакимова. Под ред. проф. В. А. Парсамяна, Ереван, Изд. АН Арм. ССР, 1953, с. 44-67. В. К. Восканян. Новоторговый устав и договор с Армянской компанией в 1667 г., - "Известия АН Арм. ССР", 1947, N 6. Շ. Լ. Խաչիկյան, 1667 թ. հայռուսական առեւտրական պայմանագիրը եւ Նոր Ջուղայի ինքնավար մարմինները, - « Հայկազեան հայագիտական հանդէս », հ. 8, Պեյրութ, 1980, էջ 259-288: Շ. Լ. Խաչիկյան, Նոր Ջուղայի հայ վաճառականությունը եւ նրա առեւտրատնտեսական կապերը Ռուսաստանի հետ XVII - XVIII դդ., Եր., 1988: Վ. Ա. Բայբուրդյան, Համաշխարհային առեւտուրը եւ Իրանահայությունը 17- րդ դարում, Թեհրան, 1996, էջ 139-193:

[7]          Н. Г. Куканова. Очерки по истории русско-иранских торговых отношений в XVII - первой половине XIX века. Саранск, 1977.

[8]          Վ. Մարտիրոսյան, Հայերը Վրաստանի առեւտրատնտեսական կյանքում (18- րդ դարի երկրորդ կես ), Էջեր հայ գաղթավայրերի պատմության », խմբագրությամբ պրոֆ. Վ. Բ. Բարխուդարյանի եւ դոկտ. Զավէն Եկաւեանի, Եր., 1996, էջ 147-159:

[9]          П. А. Чобанян. Роль Закавказских купцов в русско-индийской торговле ( XVIII нач. XIX в. ), с. 73-88.

[10]        Վ. Բ. Բարխուդարյան. Նոր Նախիջեւանի հայկական գաղութը, էջ 280:

[11]        Թիֆլիս, Ալի, Աստրախան, Դարբանդ, Ղազվին, Համատան, Մազանդարան եւ այլն:

[12]        Հ. Արղությանի նվիրակության մատյանների գրանցումներում նշված են հետեւյալ վայրերը. Ագուլիս, Փառակա, Ցղնա, Գեօրիս, Ջուղա, Ղափան, Աստապատ, Քանաքեռ, Գանձակ, Նուխի, Ղազախ, եւ այլն ( տե՛ս ՄՄ, ԿԴ, 4/120, 1029 էջ ):

[13]        А. И. Юхт. Участие армянского купечества во внутренней торговле России (20-40-е годы XVIII в. ), - ՊԲՀ, 1979, թիվ 3, էջ 112-128:

[14]        “Русско-индийские отношения в XVII веке”(сборник документов), М., 1958.

[15]        Н. Б. Байкова. Роль Средней Азии в русско-индийских торговых связях (первая половина XVI —вторая пол. XVIII в. ), Ташкент, 1964, с. 173-174.. XVIII դարի վերջերին առեւտրի զարգացման համար շահագրգիռ եւ իրազեկ անձնավորություններից մեկը՝ Մ. Սկիբինեւսկին, գրում էր, որ թեեւ Աստրախանում դեռեւս կան շատ հնդիկներ, բայց “их можно называть купцами, торгующами не товарами, а деньгами, которые отдают в проценты. Коль же скоро из них кто обогатится, то с сокровищем своим возвращается восвояси: следовательно, они более для России вредны, нежели полезны для торговли... . Я. Люстерник, Русско-индийские экономические, научные и культурные связи в XIX в., М., 1966, с. 51-52. Հմմտ.. Н. Г. Куканова, Освещение русско-иранских экономических связей конца XVIII - XIX в. в в малоизвестных архивных документах. - “Иран” (Сб. статей), М., 1973, с. 181-194):

[16]        “Северный архив”, 1822, 8, էջ 146:

[17]        Նույն տեղում, էջ 150-151: Մենք ընդգրկում ենք նաեւ վրացիների մասին եղած հաղորդումները, քանզի վիրահայերը ներկայանում էին որպես Վրաստանի քաղաքացիներ եւ ըստ այդմ՝ վրացիներ եւ այդ՝ ընդհուպ մինչեւ իսկ ԺԹ. դարում: « Բնակիչք նորա ( իմա՝ Թիֆլիսի - Պ. Չ. ) Հայք եւ Վիրք՝ առ այլազգիս միահաղոյն Գուռջիս անուանեալ, հռչակաւոր են... » ( Տե՛ս Մեսրովբ Թաղիադյանց, Ուղեգրություններ, հոդվածներ, նամակներ, վավերագրեր: Աշխատասիրությամբ Ռ. Նանումյանի, Եր., 1975, էջ 169):

[18]        ЦГАДА, ф. 23, д. 13, л. 158.

[19]        А. И. Юхт. Торговля России со странами Востока во второй половине XVIII в. и армянское купечество, էջ 93:

[20]        D. A. Taylor. A Descriptive and Historical Account of the Cotton Manufactures of Dacca in Bengal, London, 1851, p. 130-131. Օգտագործված է ըստ А. И. Чичеров. Экономическое развитие Индии перед английским завоеванием, М., 1965, с. 146-147.

[21]        Հնդկահայ գաղթօջախների եւ վաճառականության մասին տե՛ս Mesrovb Seth. Armenians in India from the Earliest Times to the Present Day. Calcutta, 1938. Վերահրատարակությունը՝ Կալկաթա, 1983: Bazil Anne. Armenian settlements in India. From the Earliest Times to the Present Day. West Bengal. The Armenian College. 1969. Р. А. Абрамян. Армянские источники XVIII в. об Индии. Ереван. 1968. П. А. Чобанян. Роль Закавказских купцов в русско-индийской торговле, с. 73-88.

[22]        Րաֆֆի, Հայերը Քաբուլի մեջ, - « Երկերի ժողովածու », հ. XI, Եր., 1991, էջ 317-325: Ռ. Ա. Աբրահամյան, Հայերն Աֆղանստանում, - « Արեւելագիտության հարցեր » ( գիտական աշխատությունների միջբուհական ժողովածու ), պրակ 3-4, Եր., 1987, էջ 149-166:

[23]        Հայ հոգեւորականները պարբերաբար ուղարկվում էին Աֆղանստան՝ հովվելու տեղի հայազգի բնակչությանը: Ուշագրավ վկայություն է նաեւ 1710 թ. ինքնագիր հիշատակարանը, որտեղ Տեր Հովսեփը իր հոտի մարդկանց մի մեծ ցուցակ ներկայացնելուց հետո, վերջում նշում է. « Այսչափ ժողովուրդս թողի իմ որդի Տէր Աբրահամի ձեռն: Ի հայրապետութեան Տեառն Աղէքսանդր կաթողիկոսին եւ ի թագաւորութեան Վախդանգ խանին, ես՝ Տէր Յովսէփ, որ գնացի Ղանդահար, էր թիվն ՌՃԾԹ (1710) ի մարտի Ժբ (12) գրեցաւ » ( Մաշտոցի անվ. Մատենադարան, Դրսի լուսանկար, թիվ 271, Բրիտանական թանգարանի Or. 5074 ձեռագիր, էջ 10, բնագիր ):

[24]        ՄՄ, ձեռ. 2912, թ. 165 բ:

[25]        Նույն տեղում:

[26]        « Ես ձեզ այն պայմանովն առաքեցի, որ դուք երեք տարի ի Քեապուլ նստիք եւ քահանայութիւն առնէք եւ դոցա որդիքն կարդացնէք, որ իւրեանց միջիցն լինի քահանայ վասն իւրեանց եւ եթէ կարդացօղ տիրացու կայր, առաքէիք ինձ, որ ես տեղս ձեռնադրեալ եւ քահանայ արարեալ յետս դարձուցանէի... ընտանիքն ձեր եւս առողջ են եւ տեսա ձերում կարօտին եւ ամենեքեան զձեզ ողջունեն » ( ՄՄ, ձեռ. 4496, թ. 220-221):

[27]        Հովսեփ Արղությանը գրում է. « եթէ գիր գրէք... ի վերայ թղթոյն հայերէն եւ տաճկերէն հաճի Սաֆարի անունն գրէք ի Բուխարայ ղարկէք, անտի մեզ կու հասուցանեն, տեղն հայեր եւս կան... » ( ՄՄ, ձեռ. 4496, թ. 220-221):

[28]        ՄՄ, ձեռ. 4501, էջ 1195: « Դիւան հայոց պատմութեան », հ. Թ, էջ 89-90:

[29]        АВПР, ф. СРА, оп. 100/3, 1764-1800, д. 462, л. 10.

[30]        1797 թ. հունիսի 22- ով թվագրված Պավել I կայսրին գրած նրա խնդրագիրը տե՛ս նույն տեղում, թ. 11-12:

[31]        ՄՄ, ԿԴ, թղթ. 8, վավ. 3: Ավթանդիլ Դավթյանը վկայում է, որ Սամարղանդում եղել են հայերեն ձեռագրեր. « Վասն Սամարղանդ Հայոց գրանքի ջահտան. միր հարս ածի քիռայ որդին որ լինի Հալի Ըստեփանի որդին, որ Թավրիզ թորքացիլ է, անունըն Նօնիայ, սայ Աղա Մահ / մա / դ խանի հետ գալիս այ Մաշաթ, Մաշաթից Փոքր Մայթան հետ դուրս այ գալիս որ գնայ Թավրիզ, թու / ր / քմանի զօրք այ պատահում, բռնում ին բէրում ին տիղս Վէլինամսն փէշքաշ անում, հիմիկ Վէլինամին լէվ խաթրն ոզում այ, Վէլինամին գնաց Սամարղանդ, յիշեալիս էլ խտորն տարավ, նորայ աղաչիցի, որ բալքամ լին / ի / փողօվ կամ գողութեամ / բ / բալքամ ճանգցէ: Միոյ տեղիս միծավորն այնքան տաիճ անիծած է, որ յիթէ իմանայ՝ կրակումն կէրի: Հետոյ գրանքն որ կայ, մին մէչիթումն դարսած եւ դուռն շարած, մին կողմի պատն քանդվում այ եւ բազում գրանք դուրս ին բերում հահտարներս ( ՞ ) ծախում, ահտարներն պատռում ին եւ մանդրում, փաթաթում, յետո էս մեծավորն իմանում այ, բարգանում, էլ հաւաքիլ այ տալիս՝ տիղն դնում, պատն է / լ / շինիլ այ տալիս: Հրամանքդ չգրած բանդայ շատ էդուր հօքումն էի, տեղի տէսնօղ մարթօցն միշտ հարցնում էի, ասում ին, թէ գիրն մաքաղաթ այ եւ գրած տիղարէնքն ճիճուն կէրիլ այ... » ( ՄՄ, ԿԴ, թղթ. 8, վավ. 3): Հովսէփ Արղությանը 1798 թ. օգոստոսի 20- ի պատասխան նամակում շարադրելով Վրաստանի եւ ռուսահայոց իրադարձությունները, գրում է. « Յաղագս ի Սամարղանդ եղեալ գրեանցն, որ ինչ գրեալ էիր, յոյժ ուրախ եղաք, որ կայ անդ գրեանքն մեր: Կարծեմ, որ եթէ մօլլին նորա տասն - քսան թուման տուող լինի, թողու որքան եւ առնու, դոյն Ստեփանի որդի Նօնինին բարով առնես, նորա մի եղբայրն ի Ղզլար դուքան ունի եւ Բայինդուրն մեզ մօտ էր, ես իմ խարջովս բերի ի Ղզլար:... Ասես, որ հետեւի, լինի թէ քանի մի սաղ եւ կամ կտոր գրեանք հանէ: Այլ ես խոստանամ քեզ, պարոն Ավթանդիլ, հետեւիս վասն այսմ եւ փող խարջես, որքան եւ խարջես, մէկն՝ երկու, իմ պարտքն է, վասն որոյ եթէ փողի բան լինի, երբէք չխնայէս, տաս եւ գրեանքն առնուս, եթէ դու յուշանալոյ լինիս, ով ոք եկող լինի, ընդ նմա առաքեսցես: Մէկ լինի, կտոր լինի, մէկ թուղթ լինի, հարկիւ ղրկես եւ ոչ թողուս ի ձեռաց » ( ՄՄ, ձեռ. 2951, թ. 208 բ -209 ա ): Համոզված լինելով, որ այդ ձեռագրերը Հայաստանից Սամարղանդ են տարվել Լենկ Թեմուրի ժամանակ, Հ. Արղությանը շարունակում է. « այժմ ես բոլորովին միամիտ եմ, որ դու իմ վաղուց հետէ կամքն եւ փափակն լցուցանելոց ես, փողն ինձանէ, իսկ աշխատանքն՝ քեզանէ: Բաց ի սիրոյս, վարձդ յԱստուծոյ բարձրելոյն, վասն ազատելոյ զգերիսն՝ չորս հարիւր տարւոյ: ... Սպասեմ այսմ պատասխանւոյ շուտով ընկալնուլ ընդ փափակելի գրեանցն կապելոց... » ( նույն տեղում ):

[32]        ՄՄ, ձեռ. 2951, թ. 289 բ: Այս նամակը վկայում է, թե Քաբուլի հայ համայնքը կրկին մնացել էր առանց քահանայի, որը դարձել էր ընդհանուր մտահոգության առարկա: Աֆղանստանի հայ գաղթօջախի պատմության մասին տե՛ս նաեւ Е. В. Бунаков, К истории сношений России с среднеазиатскими ханствами в XIX в., - ,, Советское востоковедение,, М. - Л., 1941, т. 2, с. 6: Հմմտ. С. В. Жуковский. К истории сношений России с Бухарою и Хивою конца XVIII в. -“Восточный сборник”, кн. II, Петроград, 1916; Герман. Исторический взгляд на сношения России с Хивинской областью, - “Вестник Европы”, 1822, 21.

[33]        ГПБ им. М. Е. Салтыкова-Щедрина, отдел Рукописей, F. IV, 66, с. 1-4.

[34]        Н. Б. Байкова. Роль Средней Азии в русско-индийских торговых связях (первая пол. XVI вторая пол. XVIII в. ), Ташкент, 1964, с. 177-178. Միանգամայն ընդունելի են Ա. Յուխտի դիտարկումները ռուս - իրանական առեւտրի անկման պատճառների վերաբերյալ, որ բացատրում է Իրանում Նադիր շահի սպանությունից հետո սկսված քաղաքական անկայունությամբ ու հայ վաճառականության դեմ Իրանում անգլիական Արեւելա - հնդկական ընկերության մրցակցության հանգամանքով: Տե՛ս А. И. Юхт. Торговля России со странами Востока..., էջ 88-89:

[35]        Նույն տեղում, էջ 180:

[36]        А. А. Семенов. К истории дипломатических сношений между Россией и Бухарой в нач. XIX в., - “Известия АН Уз. ССР”, Ташкент, 1951, 1, с. 85-95.

[37]        “Русско-индийские отношения в XVIII в. , Сб. док., М., 1965, с. 380.

[38]        “Русско-индийские отношения в XVIII в. , с. 381-382.

[39]        “Русско-индийские отношения в XVIII в. , с. 382-383.

[40]        ЦГИАР, ф. 13, оп.. 2, д. 1083, л. 5.. Մաքսատան տնօրեն Իվանովը մելիք Ջիմշիդի վկայությամբ, ազգությամբ հայ էր եւ իր ազգականը: Պավել Առաջինին գրած նամակում նա հայտնում է. “к совершенному моему обрадованию нашел я здесь ( իմա՝ Աստրախանում - Պ. Չ. ) ближайших моих родственников, произходящих равно как и я, от древняго рода царя арменскаго Аршака Великого двух покойнаго дяди моего мелика Иогана князья Аршакунянскаго внуков Семена и Авета, прозванных по выезде в Россию по именитого дяди моего, а их деда- Ивановыми... И из них Семен по немаловремянном службе В. И. В. продолжении девять лет уже как произведен капитаном, а прошлаго 1798 года переименован титулярным советником и по высочайшему В. И. В. повелению определен вторично в Астраханскую портовую таможню директором... желаю, чтобы означенныя мои родственники восприяли на себя все знаки приличныя их породе и получа свое достоинство, не именовались более Ивановыми, но князьями Аршакуньянскими” (”Армяно-русские отношения..., IV, с. 511”).

[41]        ЦГИА СССР, ф. 1374, оп. 3. д. 2490, л. 11.

[42]        ЦГАДА, ф. 276, д. 648, л. 23об. Г. Абдуллаев, Азербайджан в XVIII веке и взаимоотношения его с Россией, с. 471-472.

[43]        А. И. Юхт. Торговля России со странами Востока..., էջ 93-94:

[44]        Նույն տեղում, էջ 97-99:

[45]        Նույն տեղում, էջ 100-101: Ն. Գ. Կուկանովան 1753-1756 թվականների համար ներկայացնում է հետեւյալ թվերը. 60, 50, 30 եւ 50:

[46]        Նույն տեղում, էջ 102:

[47]        Իրանցի տերմինի տակ Օ. Մարկովան, Ն. Կուկանովան, Ա. Յուխտը նկատի ունեն իրանահպատակ այն բոլոր վաճառականներին, որոնց անվան դիմաց չի նշված նրանց ազգային ճշգրիտ պատկանելության մասին: Քանի որ բոլոր մնացած դեպքերում նշվում է միայն վաճառականների կամ դավանանքը եւ կամ այն վայրերը, որտեղից նրանք ժամանել են, ապա « Իրանցի »- ների մեջ ներառվում են պայմանականորեն նաեւ « ադրբեջանցի » վաճառականներին, որոնց մեծ մասը եւս հայեր էին: Շահարկելով այդ դիրքորոշումը, ադրբեջանական պատմագիտությունը իրանահպատակներին ներկայացնում է որպես « ադրբեջանցի » եւ առանձին ամիսների շուրջ եղած թերի տեղեկությունները ընդհանրացնելով տասնամյակների կտրվածքով, խոսում է ռուս - իրանական առեւտրում « ադրբեջանցի » վաճառականության գերակշիռ դիրքի մասին: Տե՛ս Г. Абдуллаев, Նշվ. աշխ., էջ 418-420.

[48]        А. И. Юхт. Торговля России со странами Востока..., էջ 101, 106:

[49]        Армяно-русские отн., IV, с. 99.

[50]        ԺԸ. դարի վերջին քառորդին եւս հայ վաճառականությունը ծովային նավեր ուներ նաեւ Հնդկաստանում: Այդ մասին վկայություններ են պահպանվել Ղուկաս կաթողիկոսի նամակներում, որոնցից մեկում ( գրված՝ 1792 թ. հուլիսի 31- ին ) ցավակցություն է հայտնվում հանգուցյալ Խաչիկ աղա Առաքելյանի եղբայր Գրիգորին ու որդուն՝ Մովսեսին, նրանց նավի խորտակման առիթով. « Ազդ եղեւ մեզ այժմ եւ բօթ իմն դառնաղէտ եւ տիրական յոյժ: Քանզի ի նախանցեալ տարւոյ հետէ լսէաք զԲէկլարբէկի անուանեալ նաւէն ձերմէ, թէ ի յուղեւորութեանն այտի ընդ Մուչլիբանդար դէպ ի Բասրայ, արտուղեալ ի յուղղակի գնացմանէն, անյայտացեալ է, բայց ըստ գրելոյ ոմանց յուսացաք, թէ ի յայտ գայցէ: Այլ ահա նուիրակն ի Մուչլիբանդարու եւ պարոն Յովաննէսն Բէթղթհէմեան ի Բասրայու գրեալ էին վասն նաւին այնմիկ, թէ խորասուզեալ եւ կորուսեալ է բազում ապրանօքն եւ աւելի քան զերեսուն անձամբք ի մերազնէից, որք ի նմա.. »: Տե՛ս ՄՄ, ձեռ. 4501, էջ 1848-1849: Հմմտ. նույն տեղում, էջ 1822, 1828-1829:

[51]        ЦГАДА, ф. 23, д. 13, л. 158.

[52]        ЦГАДА, ф. 23, д. 13, л. 159.

[53]        АВПР, ф. СРА, оп. 100/3, 1764-1800, д. 462, л. 2-3, բնագիր:

[54]        А. В. Суворов. Документы. Т. II, М., 1951, с. 226. Ուշագրավ է, որ Սեւ ծովում ռուսական պետության նավատորմի կազմում կար « Գրիգոր Հայոց Մեծաց »  (”Григорий Великой Армении”)  անվանումով ռազմանավ, որ նավարկել է հիմնականում Սեւ ծովում եւ որի հրամանատարը 1791-1798 թթ. եղել է Անտոն Պավելի Ալեքսիանոն: Տե՛ս “Архив графов Мордвиновых”, т. I, СПб, 1901, с. 205, прим. 1.

[55]        Վավերագիրը անթվական է, մենք թվագրում ենք ելնելով նրա բովանդակությունից: Դերբենտի Ֆաթալի խանի արշավանքը դեպի Արցախ տեղի է ունեցել 1783 թ. ձմռանը, որի առիթով էլ գեն. Պ. Ս. Պոտյոմկինը հատուկ նամակով նրանից պահանջել էր “не касаться не токмо пределов царя Ираклия..., но и не касались бы ни одного Армянина, яко христианской закон проповедующих”(Армяно-русские отношения..., IV, с. 221).

[56]        ՄՄ, Լազարյանների արխիվ, թղթ. 109, գործ 22 (24), վավ. 36:

[57]        АВПР, ф. СРП, оп. 77/6, 1782-1798гг., д. 484, л. 454-458.

[58]        Նույն տեղում, էջ 456.

[59]        АВПР, СРП, оп. 77/6, д. 490, л. 176.

[60]        Նույն տեղում, էջ 456-457.

[61]        Русско-индийские отношения в XVIII в. (Сборник документов), М., 1965, с. 411-412.