Հայ-ռուս-վրացական փոխհարաբերությունները

Հեղինակ

Բաժին

Թեմա

4. 3 ՌՈՒՍ - ՎՐԱՑԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՒ ՀԱՅՈՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ 

ԺԸ. դարի երկրորդ կեսին Ռուսաստանի արտաքին քաղաքականության աշխուժացման եւ դեպի Կովկասյան տարածաշրջան առաջխաղացման հետեւանքով ավելի ուժեղացավ ինչպես հայ, այնպես էլ վրաց ժողովրդի ձգտումը արեւելյան բռնապետությունների լծից ազատագրվելու համար օգտագործելու Ռուսաստանի օժանդակությունը:

Հայ գործիչների համար հստակ էր, որ հայ-ռուսական հարաբերությունները մեկուսի՝ առանց Վրաստանի մասնակցության, չեն կարող ձեւավորվել Այսրկովկասում, Վրաստանը էական դեր պետք խաղար ինչպես իր աշխարհագրական դիրքի, էթնիկ կազմի, այնպես էլ ռազմա-քաղաքական ու տնտեսական շահերի առումով: Ավելին, հայ-ռուսական հարաբերությունների սերտացման համար անհրաժեշտ էր ոչ միայն օժանդակել վրաց-ռուսական, այլեւ հայ-վրացական փոխհարաբերությունների բարելավմանն ու խորացմանը: Այդ է պատճառը, որ հասարակական - քաղաքական գործիչները հայ ազատագրական ծրագրերում էական տեղ էին հատկացնում Վրաստանին, հուսալով նրա դիրքորոշման նպաստավորությունը, եւ փորձում օժանդակել նրա հզորացմանը: Այդ առումով խոսուն է Շահամիր Շահամիրյանի օրինակը եւ Վրաց արքունիքի հետ նրա կապերի պատմության փաստը:

ԺԸ. դարի երկրորդ կեսին ռուս-վրացական հարաբերությունները ձեւավորվում էին նորովի՝ արմատական վերափոխումների ենթարկելով դարի առաջին կեսին ստեղծված չափանիշերն ու լծակները: Եթե 1723 թվականից հետո Ռուսաստան փոխադրված վրաց Վախթանգ 6-րդը եւ Ռուսաստանում նրա մահից հետո նրա ժառանգները սպասում էին Ռուսաստանի առաջխաղացմանը դեպի Վրաստան, որով իրենք կվերականգնվեին իրենց տիրապետությունը Քարթլիում, ապա 1744 թվականին Քարթլիի գահին Բագրատունյաց տան Կախեթի ճյուղավորման ներկայացուցիչ Թեյմութազ 2-րդի գահակալությամբ սկսվեց նոր փուլ ռուս-վրացական հարաբերություններում: Եթե Վախթանգի ժառանգ Բաքարը [1], նրա որդին՝ Ալեքսանդրը, ինչպես նաեւ Վախթանգի արտամուսնական ժառանգ Պաատան փորձում են հենարան փնտրել Վրաստանում՝ իշխանությունը վերադարձնելու համար՝ այլեւս չհուսալով Ռուսաստանի օժանդակությանը, ապա Թեյմուրազ եւ Հերակլ թագավորները ձգտում են Ռուսաստանի հետ մերձեցումով չեզոքացնել Վախթանգի ժառանգների հավակնությունները վրաց գահի նկատմամբ, իրավական ճանաչում ստանալ Ռուսաստանի կողմից՝ Վրաց գահի վրա իրենց օրինականությունը ամրապնդելու համար, ու նաեւ զինական կամ ֆինանսական օժանդակություն հայցել իրենց անվտանգությունը ապահովելու ու իշխանությունը Վրաստանում եւ նրա հարակից տարածքներում ամրապնդելու նպատակով: Մինչ վրաց թագավորները Ռուսաստանից ակնկալում էին որոշակի օժանդակություն, Ռուսական կողմը ձգտում էր Նադիր շահի մահից հետո ստեղծված իրավիճակում գերագույնս ձեռնպահ մնալ Իրանի պետության սահմանների նկատմամբ որեւէ միջամտության բացահայտ դրսեւորումից՝ առիթ չընձեռելու համար Օսմանյան պետությանը այդ պատրվակով Իրանական տարածքների նվաճման նպատակով քայլերի դիմելու [2]: Նման պայմաններում 1748 թ. մայիսին Ռուսաստանից Վրաստան վերադառնալու համար Ելիզավետա կայսրուհուն էր դիմել Բաքար արքայազնը եւ, բնականաբար, մերժում ստացել: Նրան հասկացրել էին, թե Վրաստան վերադառնալու դեպքում նրանից ետ կվերցվեն Ռուսաստանում նրա ունեցած կալվածքները, իսկ մնալու դեպքում խոստում էր տրվում նոր շնորհումների: Բաքար արքայազնը համաձայնել էր կալվածքներից զրկվելու պայմանին, համառել Վրաստան վերադարձի իր որոշման վրա ու այդ մասին 1749 թ. այդ մասին հաղորդել ռուսական արքունիք: Սակայն 1750 թ. փետրվարի 1-ին նա անակնկալ կերպով մահանում է [3]: Թեյմուրազ 2-րդ եւ Հերակլ 2-րդ թագավորները տեղյակ լինելով անշուշտ Ռուսաստանում Բաքարի մահվան մասին, 1752 թ. ապրիլին Գանձակի մոտ Հաջի Չելեբիի գլխավորած մահմեդական խաների դաշնակցության կողմից կրած պարտությունից հետո [4] նպատակահարմար են գտնում օգնության խնդրանքով Ռուսաստան ուղարկել մի դեսպանություն, որը պետք է պաշտոնական հարաբերություններ հաստատելու սկիզբ դառնար: Նշված սոսկալի պարտությունից հետո, Հերակլին թեեւ հաջողվեց հավաքագրել նոր բանակ եւ պատասխան արշավանքով պարտության մատնել Հաջի Չելեբիին ու վերականգնել իր վարկանիշը, սակայն վարձու բանակ համալրելու միջոցների սղությունը եւս թելադրում էին Ռուսաստանի օժանդակությանը դիմելու փորձի ձեռնարկում: Վրաց դեսպանությունը բաղկացած էր 17 անձից, որ գլխավորում էին Սիմոն Մաղաշվիլին [5] եւ Թիֆլիսի հոգեւոր առաջնորդ Աթանաս արքեպիսկոպոսը՝ վերջինիս ղեկավարությամբ: 1752 թ. հուլիսին դեսպանությունը արդեն գտնվում էր Աստրախանում եւ միայն նոյեմբերին ժամանեց Մոսկվա, որտեղ եւ այդ ժամանակ գտնվում էր կառավարությունը: Վրաց դեսպանությունը տանում էր Թեյմուրազ եւ Հերակլ թագավորների 1752 թ. մայիսի 26-ի նամակը Ելիզավետա կայսրուհուն [6], որտեղ Ռուսական արքունիքից խնդրվում էր 3000անոց կազակային զորքի տրամադրում կամ նույնաքանակ վարձու զինվորներ հավաքագրելու համար գումարի տրամադրում, Ռուսաստանի կողմից Դաղստանի լեռնականների նկատմամբ հրահանգ՝ դադարեցնելու Վրաստանի վրա հարձակումները, Թեյմուրազին ու Հերակլին ճանաչելու եւ անվանելու որպես "թագավոր" եւ ոչ որպես լոկ "իշխող": Ռուսական օժանդակության տրամադրման դեպքում վրաց թագավորները չէին թաքցնում իրենց մտադրությունը գրավելու Վրաստանին սահմանակից Իրանի մի շարք քաղաքներ [7]: Դեսպանությունը արդեն գտնվում էր ճանապարհին, երբ Թեյմուրազն ու Հերակլը 1752 թ. օգոստոսի 11-ին գրած հատուկ նամակով հանձնարարեցին Աթանաս արքեպիսկոպոսին ռուսական արքունիքին հաղորդել Օսմանյան արքունիքից իբր իրենց զորք տրամադրելու առաջարկության, օսմանյան բանակի դեպի արեւելք շարժվելու եւ քրիստոնեությունը արմատախիլ անելու մտադրության մասին [8]: Այդ լուրերը, ըստ Հերակլի, կարող էին նպաստել Ռուսաստանի կողմից Վրաստանին օժանդակելու խնդրի լուծմանը: Ռուսական արքունիքը, սակայն, ստացավ նաեւ Կ. Պոլսի իր դեսպանի հաղորդագրությունը, որտեղ հերքվում էին նման լուրերի առկայությունը: Դեսպանության վերադարձը ձգձգվում էր, ուստի 1753 թ. հոկտեմբերին Թեյմուրազն ու Հերակլը դիմեցին Ելիզավետա կայսրուհուն՝ արագացնելու դեսպանության վերադարձը: 1754 թ. կանցլեր Բեստուժեւ-Ռյումինի առաջարկությամբ որոշվեց վրաց դեսպանությունը վերադարձնել առանց պաշտոնական պատասխանի, քանզի վրացիները վիճակի չեն" այն գաղտնի պահել: Վրացական դեսպանությունը վերադարձավ ստանալով ռուսական արքունիքից վրացերեն լեզվով գրված եւ առանց ստորագրության մի նամակ, որտեղ հայտնվում էր թե իրենք մտահոգ են Վրաստանի ծանր դրությամբ, սակայն օգնել չեն կարող, քանզի լեռնականները չեն գտնվում իրենց ենթակայության ներքո, իսկ զորք ուղարկելու համար ճանապարհները դեպի Վրաստան անանցանելի են: Միաժամանակ հույս է հայտնվել, թե առաջին իսկ հնարավորության դեպքում կօգնեն վրաց թագավորներին, եթե նրանք հավատարիմ մնան Ռուսաստանին [9]: Այսպիսով, դեսպանությունը չհասավ իր նպատակին, ավելին, դեսպանության ղեկավար Աթանաս արքեպիսկոպոսը նախընտրեց մնալ Ռուսաստանում եւ այլեւս չվերադառնալ հայրենիք:

Թեյմուրազ եւ Հերակլ թագավորների այս առաջին փորձի ձախողման հետեւանքն է, որ 1760 թ. ձեռնարկվեց նոր դեսպանության առաքումը Ռուսաստան, որը գլխավորում էր անձամբ Թեյմուրազ 2-րդ թագավորը, որի հետ բանակցությունների վարումը արդեն իսկ կնշանակեր Ռուսական կառավարության կողմից Քարթլիի թագավոր ճանաչելու հանգամանք՝ անգամ անկախ բանակցությունների արդյունքից: 1760 թ. ապրիլին Թեյմուրազ թագավորը հարյուր հոգիանոց շքախմբով ժամանեց Չերվլենի սահմանային կայան: Մայիս ամսին նա գտնվում էր արդեն Ղզլարում [10]: Յոթամյա պատերազմի ընթացքում ձեռնարկված պաշտոնական դեսպանագնացությամբ Թեյմուրազի Ռուսաստան ժամանումը ռուսական արքունիքի կողմից նպատակահարմար չէր դիտվում, ուստի եւ տարբեր պատրվակներով խոչընդոտներ էին հարուցվում նրա ճանապարհորդության համար այն դեպքում, մինչ Թեյմուրազը ձգտում էր օր առաջ հայտնվել ռուսական մայրաքաղաքում: Ի տարբերություն 1752 թ. ձեռնարկված դեսպանությանը, որ տեղի էր ունեցել, երբ Իրանում դեռեւս կենտրոնական իշխանությունից մտավախություն չկար, ապա 1760 թ. Իրանում Քերիմ խանի դիրքերի ամրապնդումը պարտադրում էր ռուս-վրացական առնչությունները իրականացնել մեծ զգուշավորությամբ՝ չհարուցելու պարսից հակազդեցությունը: Զարմանալի չէ, ուստի այն հանգամանքը, որ թուրք-պարսկական միջավայրում կասկածները փարատելու համար Վրաստանում լուրեր տարածվեցին Թեյմուրազ-Հերակլ հակամարտության մասին եւ հորինվեց վարկած՝ Վրաստանից Թեյմուրազի ընդմիշտ հեռանալու մասին: Այդ լուրերը պետք է մեծացնեին Հերակլի նկատմամբ պարսից վստահությունը, ամրապնդեին նրա դիրքերն ու վարկանիշը: Որ այդ լուրերը շինծու էին [11], ցույց է տալիս Թեյմուրազին օժանդակելու մասին Հակոբ Շամախեցու 1760 թ. հունիսի 16-ին Թեյմուրազի ճանապարհվելուց հետո եւ, անշուշտ, Հերակլի պահանջով գրած նամակը Ելիզավետա կայսրուհուն [12], որը սակայն չէր առաքվել եւ բնագիրը մնացել ու պահպանվել է Էջմիածնում [13]: Չնայած դրան Հակոբ Շամախեցին շարունակում էր ակնկալիքով սպասել Թեյմուրազի առաքելության մասին հուսադրող լուրերի: Հերակլին գրած նամակում նա մաղթում էր, «զանենայն խորհուրդս բարիս կատարեսցէ», որ իրագործվեն Թեյմուրազի ցանկությունները եւ նա վերստին վերադառնա «յօրհնեալ երկիրդ եւ յօթեւանդ ձեր» [14]:  

1760 թ. հոկտեմբերի 23-ին Թեյմուրազը հասավ Աստրախան: Ընդգծված անտարբերության դրսեւորումով ու ցուցադրումով [15] ռուսական կողմը չէր տրամադրում նաեւ բավարար չափով նպաստ, ուստի Թեյմուրազը ստիպված դիմում էր հայ վաճառականներից եւս գումարներ վերցնելու միջոցին: 1761 թ. փետրվարի 25-ին Թեյմուրազը հասավ Մոսկվա: Նրան տեղավորեցին նախկինում Բաքար Արքայազնին պատկանած շենքում: Նույն թվականի մարտի 19-ին Թեյմուրազ 2-րդը հասավ Պետերբուրգ, իսկ մարտի 21-ին նրան ընդունեց կանցլեր Մ. Վորոնցովը: Ապրիլի 8-ին վրաց թագավորը ընդունելության արժանացավ Ելիզավետա կայսրուհու կողմից [16]: Թեյմուրազը ռուսական արքունքից խնդրում է տրամադրել գումար՝ 2-3 հազարանոց վարձկան զորախումբ հավաքագրելու համար վրացիներից, հայերից ու չերքեզներից՝ ընդունելով ռուսական կողմի այն հիմնավորումը, թե անհնար է ռուսական զորախումբ ուղարկել Վրաստան [17]: Որեւէ հավաստիացում չստանալով դրամական օժանդակության ցուցաբերման հարցում, Թեյմուրազը ի վերջո բանակցությունների ժամանակ առաջադրում է իր հերթական պահանջներից մեկը եւս՝ ինչու ռուսական կողմը իրեն "թագավոր" չի անվանում, այն դեպքում, երբ իր նախորդներին պատվում էր նման անվանումով: Ուշագրավ է, որ կանցլեր Մ. Վորոնցովը նրա նախորդներին թագավոր անվանելը համարում է "թարգմանական սխալ, թյուրիմացություն" (ошибка переводчиков), քանզի պարսիկներն էլ նրանց "վալի" են անվանում եւ ոչ արքա [18]: Չնայած Մ. Վորոնցովի այդ հայտարարությանը, Թեյմուրազի կողմից Ռուսական ակադեմիայի տպարան այցելության առիթով այնտեղ պատրաստվում է նրա պատկերով մի փորագրություն հետեւյալ մակագրությամբ. "Теймураз Николаевич. Наследной царь Грузинской, Кахетинской и Карталинской, прибывшей в Санктпетербург 1761 году на поклонение Е. И. В. Монархине Всероссийской" [19]: Թեյմուրազի Պետերբուրգում գտնվելու ընթացքում այնտեղ է ժամանում նաեւ Հովսեփ Էմինը: Թեյմուրազի եւ Էմինի ծանոթությունը տեղի է ունեցել կանցլեր Մ. Վորոնցովի մոտ Թեյմուրազի ընդունելության ժամանակ, որից հետո Հ. Էմինը գրեթե ամեն օր այցելել է Թեյմուրազին եւ նրա հետ մի քանի անգամ եւս ճաշի է հրավիրվել կանցլերի մոտ [20]: Հանդիպումների ժամանակ Թեյմուրազի հետ զրույցների բովանդակության մասին թեեւ Հ. Էմինը որոշակի արձանագրումներ չի թողել, սակայն հանդիպումների հաճախականության մասին վկայությունը ինքնին հիմք է տալիս ենթադրելու, թե այդ զրույցները նրանց միջեւ սառնություն չէ, որ հարուցել են եւ Էմինի մոտ Վրաստան ճանապարհվելու իր մտադրությունը մնացել է հուսադրող:

Ավարտելով իր առաքելությունը Ռուսաստան, Թեյմուրազը պատրաստվում էր վերադառնալ հայրենիք, երբ 1761 թ. դեկտեմբերի 25-ին մահացավ Ելիզավետա կայսրուհին: Երկու շաբաթ անց, 1762 թ. հունվարի 8-ին Պետերբուրգում մահացավ նաեւ Թեյմուրազ 2-րդը: Վրաց դեսպանությունը բռնեց տունդարձի ուղին՝ բերելով նաեւ Թեյմուրազի դին: Դեսպանությունը Աստրախան հասավ միայն 1762 թ. հունիսին եւ անհնարին համարելով Թեյմուրազ 2-րդի դին ամառային շոգ եղանակների պայմաններում Վրաստան հասցնելու հանգամանքը, Ռուսական իշխանությունների թույլտվությամբ ամփոփվեց Աստրախանում՝ Վախթանգ 6-րդի գերեզմանի մոտ՝ որ խորհրդանշում եւ ընդգծում էր նրանց ժառանգական ու իրավական մերձավորության հանգամանքը: Հոր մահվան առիթով Հերակլին ուղղած Ռուսական արքունիքի ցավակցական նամակում Հերակլն անվանված էր Քարթլիի եւ Կախեթի թագավոր, որով ռուսական արքունիքը ճանաչում էր Հերակլի իշխանության օրինականությունը: Այդ փաստը լիովին բացահայտում էր ռուսական արքունիքի բացասական դիրքորոշումը նաեւ Վախթանգ 6-րդի ժառանգորդների հավակնությունների նկատմամբ: Սկսվեց ռուս-վրացական հարաբերությունների ձեւավորման նոր փուլ:

Ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման ջանքերին զուգահեռ Հերակլ 2-րդը ձեռնամուխ եղավ նաեւ Իրանի նոր փոխարքա ճանաչված Քերիմ խանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին: 1763 թ. ապրիլ-հունիս ամիսներին Քերիմ խանը, որ ամրապնդել էր իր դիրքերը բուն Իրանում, փորձ կատարեց ավելի առարկայական դարձնել իր ազդեցությունը նաեւ Այսրկովկասում՝ մեծ զորաբանակով մոտենալով նրա սահմաններին: Հերակլը, որպես «Գորջեստանի վալի», իր պատրաստակամությունը հայտնեց նրա հետ համագործակցելու՝ ճանաչելով նրա գերակայությունը որպես Իրանի "վեքիլ" եւ նրան ուղարկեց իր մոտ գտնվող Ազատ խանին: Քերիմ խանը ստիպված էր բավարարվել նման իրավիճակով եւ փոխադարձաբար ճանաչել Հերակլի իրավունքները Արաքսից հյուսիս ընկած տարածքների՝ այն է Հյուսիս-արեւելյան Հայաստանի, նկատմամբ: Այսպիսով, Իրանի եւ Ռուսաստանի կողմից Հերակլ 2-րդի գահակալման օրինականության ճանաչումը մեծապես ամրապնդեց նրա դիրքերը ինչպես Վրաց ներքաղաքական, այնպես էլ միջպետական հարաբերություններում: Այդ հանգամանքը ավելի էր բորբոքում Վախթանգ 6-րդի ժառանգների հուսահատությունը եւ նրանց մղում հուսահատական քայլերի: Հերակլի բարձր վարկանիշը հնարավորություն տվեց Ռուսաստանից հեռացած եւ Թիֆլիս ժամանած Պաատա Արքայազնի կողմից 1765 թ. Թիֆլիսում կազմակերպվող դավադրության բացահայտումից հետո նրա մասնակիցների նկատմամբ իրականացնել դաժան հաշվեհարդար:

1768-74 թթ. ռուս-թուրքական պատերազմը կարծես նոր հորիզոններ ու հնարավորություններ էր ստեղծում ռուս-վրացական համագործակցությամբ ինչպես Հերակլի, այնպես էլ Հերակլի օժանդակությունը ակնկալող Հովսեփ Էմինի ծրագրերի իրականացման համար: 1768 թ., սակայն, Հովսեփ Էմինը վերջնականապես թողեց Վրաստանի հետ համագործակցելու 1763-1768 թթ. իր փորձերը եւ հեռացավ Հնդկաստան [21]: Հերակլ 2-րդ եւ Սողոմոն I թագավորները 1768-69 թթ. դիմել էին Ռուսաստանին զինական օժանդակություն ստանալու խնդրանքով՝ Օսմանյան պետության դեմ պայքար ծավալելու նպատակով: 1769 թ. Ռուսաստանի Արտաքին գործերի կոլեգիային էր դիմել նաեւ Մովսես Սարաֆյանը Հայաստանի ազատագրման համար Վրաստան Ռուսական զորք ուղարկելու առաջարկությամբ: Պետերբուրգում հաղորդագրություն էր տպագրվել անգամ, թե «Հաստատվում է Պարսկաստանում տեղի ունեցող խոշոր ռազմական նախապատրաստությունների մասին լուրը: Հայերը տարանջատվել են թուրքերից եւ նրանց պատրիարքը, որը մեծ իշխանություն ունի, ծանուցել է Կ. Պոլսում մեծ քանակ կազմող իր հավատակիցներին, որպեսզի նրանք հույների հետ մնալով համաձայնության մեջ, անհրաժեշտ պահին գործեն համատեղ ուժերով [22]: 1769 թ. ամռան վերջին ռուսական մի զորամաս գեն. Տոտլեբենի հրամանատարությամբ ի վերջո ժամանեց Վրաստան: Հերակլ 2-րդը, որ ռուսական զորամասի օգնության կարիքը ուներ իր ազգային-քաղաքական նպատակները կենսագործելու նպատակով, բնականաբար, չէր կարող հանդուրժել գեն. Տոտլեբենի կողմից ակնհայտորեն Վրաց թագավորին իր կամքը թելադրելու եւ այդպիսով Վրաստանը Ռուսաստանի գերիշխանությանը ենթարկելու ծրագիրը: Հակասությունները նրանց միջեւ շուտով սաստկացան եւ դարձան թշնամական: Գեն. Տոտլեբենը 1770 թ. ապրիլին Ախալցխայի ամրոցի պաշարման ժամանակ վրաց բանակին թշնամու դիմաց թողնելով միայնակ Օսմանյան զորքի դեմ ցուցադրաբար լքում է ռազմի դաշտը եւ: վերադառնում Քարթլի, շարժվում դեպի Անանուր եւ սպասում Ռուսաստանից լրացուցիչ զորամասի: Հերակլ 2-րդը կարողացավ դիմագրավել հարձակման անցած օսմանյան զորքին, որը կրկին փակվեց ամրոցում, որից հետո վրաց բանակը փորձում է ետ ընկրկել դեպի Ջավախք: Ոգեւորված այդ ընկրկումից, թուրքերը որոշում են անակնկալ հարձակումով շրջապատել եւ ոչնչացնել վրացական բանակը Ասպինձայի մոտ: 1770 թ. ապրիլի 20-ին տեղի ունեցած ճակատամարտը ավարտվում է վրաց զորքի փայլուն հաղթանակով: Սպանվում է թշնամու 4000 զինվորից մոտ երեք հազարը, մնացածները կուլ են գնում Կուրի ջրերին կամ գերի ընկնում: Վրաց բանակի զոհերը անհամամատ քիչ էին, սակայն Հերակլը չէր կարող շարունակել պատերազմը, օգտվել հաղթանակի պտուղներից եւ վերադարձավ Թիֆլիս: Գեն. Տոտլեբենը, օգտագործելով Հերակլից դժգոհ վրաց իշխանների օժանդակությունը, զենքի ուժով փորձում էր գրավել Արեւելյան Վրաստանը եւ կայազորներ էր տեղադրում Վրաստանի քաղաքներում [23]: Հերակլը ակտիվ գործունեություն սկսեց Տոտլեբենի ձեռնարկած քայլերի չեզոքացման ուղղությամբ: Շուտով Վրաստան ժամանեց ռուսական Տոմսկի գունդը, ռուսական զորամասի կազմը դարձավ մոտ 4000 զինվոր եւ Տոտլեբենը 1770 թ. հունիսին անցավ Արեւմտյան Վրաստան: Տոտլեբենը պաշարեց Փոթին, սակայն չկարողացավ գրավել: Սրվեցին հարաբերությունները նաեւ Սողոմոն I-ի եւ Տոտլեբենի միջեւ: Տոտլեբենը կապեր էր ստեղծում Արեւմտյան Վրաստանում Սողոմոնի հակառակորդ իշխանների հետ: Ռուսական արքունիքը ստիպված էր ետ կանչել Տոտլեբենին եւ նրա փոխարեն Վրաստանում ռուսական զորքի հրամանատար նշանակելով գեն. Սուխոտինին՝ փրկել ռուս-վրացական հարաբերությունները խզումից: Սուխոտինին տրված հրահանգում բացատրված էր, թե քանի որ վրաց թագավորները չեն առաջնորդվել Տոտլեբենի կարգադրություններով, որից եւ առաջացել է նրանց միջեւ հարաբերությունների լարվածությունը, ուստի նա եւս պետք է շարունակի վրաց զորքի միջոցով "դիվերսիաներ" կազմակերպելու մարտավարությունը թուրքերի դեմ: Նրան եւս հրահանգվում էր, սակայն, թե պետք է ձեռնպահ մնալ ռազմական կանոնավոր գործողություններից, քանզի Վրաստանին միացնելու նպատակով տարածքներ գրավելը ռուսական ծրագրերի մեջ չէր մտնում [24]: Սուխոտինը Վրաստան եկավ 1771 թ. մայիսին, որին Հերակլը դիմավորեց մեծ շուքով: Շուտով սակայն, Սուխոտինը եւս առաջնորդվելով ստացած հրահանգներով, ի հավաստիացումն նրա հավատարմության Հերակլից պահանջեց պատանդներ: Սրվեցին հարաբերությունները նաեւ Սուխոտինի եւ Սողոմոն I-ի միջեւ: 1771 թ. դեկտեմբերին, երբ ռուսական զորքերը հասել էին մինչեւ Սեւ ծովի ափ եւ կրկին անհաջողության մատնվել Փոթիի պաշարման ժամանակ, Եկատերինա 2-րդը Սուխոտինին եւ ռուսական բանակը ետ կանչեց Վրաստանից: Մեզ հայտնի չէ նաեւ Եկատերինա կայսրուհու արձագանքը Սիմեոն Երեւանցու 1770 թ. Եկատերինա 2-րդ կայսրուհուն գրած նամակում արտահայտված այն խնդրանքին, ինչպես արդեն նշել ենք, ընդգծում էր, թե «մեք՝ ողորմելիքս, երկրաւորի արքայութեան եւս եմք այստեղ կարոտ» եւ խնդրում «զդոյն սէրդ, խնամքդ եւ զողորմութիւնդ անջնջելի վճռեսցես ի մէնջ, ի սրբոյ աթոռոյս, ի խղճալի յազգէս մերմէ, զի քոյ եմք եւ ոչ օտար, նոյնպէս եւ ի զայլ ցան եւ ցիր եղեալ յազգս մեր տարածեսցես զհովանի տերութեանդ.... » [25]: Փաստ է միայն, որ ռուսական զորամասը, որ հեռանում էր Վրաստանից, 1772 թ. մայիսին արդեն գտնվում էր Ցխինվալիում, որտեղից եւ շարժվեց հյուսիս: Այսպիսով, ռուսական զորամասը, որի օգնությամբ, ըստ հայ եւ վրաց գործիչների, պետք է իրականանար Վրաստանի եւ Հայաստանի ազատագրումը օտար լծից եւ վերականգնվեր նաեւ հայոց ազգային պետականությունը, հեռանում էր առանց էական նպաստ բերելու առաջադրված խնդիրների ու ծրագրերի լուծմանը: Ռուսական բանակի առկայությունը Վրաստանում սրեց Հերակլի հարաբերությունները Քերիմ խանի հետ, վերսկսվեցին լեզգիների ավարառուական արշավանքները Վրաստան: Հայտնվելով ծանր խնդիրների առջեւ եւ ձախողումները վերագրելով ռուսական զորամասի հրամանատարությանը, Հերակլ 2-րդը որոշեց շարունակել Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացումը՝ դեսպանություն առաքելով ռուսական արքունիք եւ պատրաստակամություն հայտնելով որոշակի նախապայմաններով ընդունելու Ռուսաստանի գերիշխանությունը [26]: Ուշագրավ է, որ Հերակլի կողմից ուղարկված ռուս-վրացական պայմանագրի նախագիծը կազմվել է 1771 թ. դեկտեմբերի 2930-ին, նույն ամսին, երբ Եկատերինան Պետերբուրգում արդեն հրահանգել էր ռուսական զորքի Վրաստանից ետ կանչելու մասին: Վրաց դեսպանությունը, որ ղեկավարում էին Անտոն կաթողիկոսը եւ 16-ամյա Լեւան Արքայազնը, երկար ձգձգումներով, գրեթե ողջ 1772 թ. Աստրախանում մնալուց հետո, ի վերջո ժամանում է Պետերբուրգ: 1773 թ. դեկտեմբերի 31-ին վրաց դեսպանությանն է հանձնվում ռուսական արքունիքի պաշտոնական պատասխանը Հերակլի ներկայացրած խնդրագրին, որտեղ չընդունելով նրա առաջարկները, հայտնվում էր, թե Վրաստանի համար կարեւորը խաղաղությունն է, իսկ Ռուսաստանը այդ նկատի կունենա առաջիկայում ռուս-թուրքական հաշտության բանակցությունների ժամանակ [27]: Ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո կնքված Քյուչուկ Կայնարջիի պայմանագրի 23-րդ հոդվածով Արեւմտյան Վրաստանի նկատմամբ ընդունվում էր Օսմանյան տերության իրավասությունը պայմանով, որ նա ազատվում էր հարկ վճարելու պարտականությունից: Պայմանագրի մեջ չէր կարող արտացոլում ունենալ Արեւելյան Վրաստանի հարցը, սակայն Հերակլը փորձելով օգտվել պատերազմում Թեւրքիայի կրած պարտության հանգամանքից եւ Ախալցխայի նկատմամբ քայլեր ձեռնարկել, որոշում է կրկին դիմել Ռուսաստանի օժանդակությանը՝ խնդրելով գեն. Մեդեմին զորքով մոտենալու Վրաստանի սահմաններին: Ստանալով գեն. Մեդեմի զեկուցագիրը այդ մասին, Եկատերինան 1775 թ. հուլիսի 28-ին պատասխանում է գեներալին, թե Հերակլը շարունակում է միջոցներ փնտրել այստեղի օժանդակությունը իր սեփական "властолюбию услужить, как то отчасти открывалось в бытность наших войск в Грузии". Կայսրուհին հրահանգում է իր գեներալին, թե Հերակլը արժանի չէ ուշադրության եւ կարգադրում է "остаться в молчании", մինչեւ Հերակլի կողմից կրկին նոր դիմումի ստացվելը, իսկ այնուհետեւ ծանուցել նրան, թե նրա խնդրանքի բավարարելը անհնար է եւ թող նվաճումներն ու ձեռքբերումները կատարի իր սեփական ուժերով [28]: Ահա նման իրադրության պայմաններում էր, որ Հերակլը, ինչպես արդեն նշել ենք, 1776 թ. կատարեց դիվանագիտական նոր շրջադարձ եւ Կ. Պոլիս ուղարկեց իր դեսպանին:

 

* * *

 

ԺԸ. դարի վերջին քառորդին հայ-ռուս-վրացական հարաբերություններում, ինչպես արդեն ցույց ենք տվել, եռանդուն գործունեություն էր ծավալել Հովսեփ Արղությանը: Նա, ըստ իր իսկ վկայության [29], մեծ դեր էր ունեցել նաեւ 1783 թ. ռուս-վրացական Գեորգիեւսկի դաշնագրի կնքման գործում [30]: Դաշնագրի որոշ կետեր հայ ժողովրդի ազատագրական շարժմանը նպաստավոր դարձնելու համար միջոցներ էին փնտրում նաեւ հնդկահայ գործիչները: Շ. Շահամիրյանը մասնավորապես շեշտում էր դաշնագրի 6-րդ կետը եւ կոչ անում հենվելով այդ կետի վրա Հայաստանի նկատմամբ Վրաստանի լիազորության տարածման իրավունքի ընդարձակումով հասնել հայ-վրացական պետության ձեւավորման հարցի լուծմանը: Այդ իր հերթին ապացուցում է, թե գոյություն ուներ ոչ միայն պայմանագրի հայերեն թարգմանությունը, այլեւ այն ուղարկվել էր նաեւ Հնդկաստան, որից եւ կարող էր օգտվել Շ. Շահամիրյանը: Առավել կարեւոր է, սակայն այն հանգամանքը, որ այդ պայմանագրով երկու պետությունները (Վրաստանը եւ Ռուսաստանը) պայմանավորվում էին փոխանակել դեսպանություններ: Վրացական դեսպանությունը Գարսեւան Ճավճավաձեի գլխավորությամբ 1784 թ. ճանապարհվում է Պետերբուրգ, իսկ Վրաստանում ռուսական լիազոր ներկայացուցիչ է նշանակվում Ստեփան Բուրնաշեւը: 1784 թ. Պետերբուրգ է ժամանում նաեւ հայ ժողովրդի լիազոր ներկայացուցիչ Ստեփան Դավթյանը: Ղուկաս կաթողիկոսի խնդրանքով Հերակլ 2-րդը 1784 թ. օգոստոսի 18-ին հանձնարարական նամակ է գրում Ստեփան Դավթյանի համար Պ. Ս. Պոտյոմկինին, խնդրում «բարեհաճ լինել նրա նկատմամբ եւ օժանդակել նրան» [31]: Հայ եւ վրաց ժողովուրդների քաղաքական համագործակցության համար Պետերբուրգում եւս ստեղծվում է կապող օղակ: Այդ կապերի առավել եռանդուն կազմակերպիչ կրկին հանդես է գալիս Հ. Արղությանը: Վրաց դեսպանության եւ Ստեփան Դավթյանի Պետերբուրգ ժամանելու իսկ պահից Հ. Արղությանը փորձում է համաձայնեցնել նրանց գործունեությունը՝ այդ նպատակով ցուցումներ տալով ինչպես Ս. Դավթյանին, այնպես էլ Գարսեւան Ճավճավաձեին: Այսպես, 1784 թ. հոկտեմբերին Ստեփան Դավթյանին (նույն ինքը՝ Ստեփան Տեր-Սահակեան) նա գրում է. «Ահա դու գիտես, թե զինչ ես առնելոց յայդր (իմա՝ Պետերբուրգում- Պ. Չ. ): Բավական մխիթարութիւն է լինելոց քեզ ընդ ազնիւ աղա Յովհաննեսին եւ պարոն Մանչարենց... արքայազունքն եւս, քնեազ Գարսեւան Էշկաղասբաշին, որք եկեալք են, նոքա եւս են քեզ մխիթարութիւն, ունիցիս առ նոսա երթեւեկութիւն, որպես իւրեանց սեպհական այր, որ ի ժամ յետ դարձմանդ գրեսցէն Արքային զհաւատարմութենէ քումմէ» [32]:

1783 թ. գարնանը ռուս-վրացական դաշնագրի նախապատրաստական աշխատանքների ժամանակ [33] Հովսեփ Արղությանը կազմել էր (անշուշտ Ռուսական իշխանությունների գիտությամբ) նաեւ Հայ-ռուսական դաշնագրի մի նախագիծ: Ստեփան Դավթյանին ուղղված վերոհիշյալ նամակում նա գրում է. «Յանցեալ ամին, մինչդեռ սոքա յոյժ ջերմ էին ի փրկութիւն մերազնէիցն եւ երկրին, մեք դաշնադրութեան տեսակ եւ կամ նիւթ ինչ պատրաստեալ էաք, որոյ սաւատն այժմ ուղեւորեմ առ քեզ՝ ցուցանել ում պատշաճ տեսանես մերազնեիցն եւ կամ էշկաղասբաշուն» [34]:

Հայ-ռուս-վրացական հարաբերությունները նոր երանգ են ստանում ռուս-թուրքական 1787-1791 թթ. պատերազմի ժամանակ: Պատերազմական գործողությունները թեեւ ընթանում էին Այսրկովկասի սահմաններից հեռու, սակայն հայ եւ վրաց ժողովուրդների ներկայացուցիչները որոշակի հույսեր էին կապում Ռուսաստանի կողմից պատերազմի հաղթական ավարտից հետո կնքվելիք պայմանագրի հետ, գտնվում էին Յաշում, որտեղ եւ պետք է ստորագրվեր հաշտության պայմանագիրը: Յաշում էին հավաքվել ինչպես Ռուսական բանակի գլխավոր հրամանատարությունն ու պալատական ներկայացուցիչները, այնպես էլ խնդրին առնչվող ժողովուրդների ներկայացուցիչները, այդ թվում՝ Հովսեփ Արղությանը, Ստեփան Դավթյանը, Արեւմտյան Վրաստանից՝ Բեսարիոն Գաբաշվիլին եւ Սիմեոնը, Արեւելյան Վրաստանից՝ Գայոս վարդապետն ու հայազգի Սուլխան Թումանյանը եւ այլք: Յաշում էր գտնվում նաեւ Ի. Գեդեւանիշվիլին [35], որի տեղեկությամբ ինքը մի շարք հանդիպումներ է ունեցել Հովսեփ Արղությանի հետ, եւ նրանք միասին են հրավիրվել մասնակցելու հաշտության պայմանագրի ստորագրումից հետո տրված ճաշկերույթին, որտեղ ներկա էին նաեւ օտարերկրյա ներկայացուցիչներ եւ թուրքական պատվիրակությունը: Պայմանագրում ուղղակիորեն չարտացոլվեցին անմիջապես Հայաստանին եւ Վրաստանին առնչվող հարցեր: Պատվիրակությունները վերադարձան առանց որոշակի հաջողությունների: Էականը, սակայն, այն էր, որ Թուրքիան պայմանագրի հինգերորդ կետով ձեռնպահ էր մնում Քարթլիի նկատմամբ թշնամական քայլերից [36]: Դեռեւս 1787 թ. հոկտեմբերի 15-ին Հերակլ Երկրորդին գրած իր նամակում Շահամիր Շահամիրյանը իր երախտագիտությունը հայտնելով 1786 թ. մարտի 22-ին հրովարտակով իրեն իշխանական տիտղոս շնորհելու համար, միաժամանակ հորդորում էր Վրաստանում իրագործել մի շարք բարեփոխումներ, որոնք, ըստ Շ. Շահամիրյանի, հնարավոր կդարձնեին Վրաստանի հետագա արագ հզորացումը եւ Վրաստանի օգնությամբ ու Ռուսաստանի օժանդակությամբ կիրականանար հայ ժողովրդի ազատագրման գործը: 1795 թ. Աղա-Մահմադ խանի կողմից Թիֆլիսի ավերումից հետո Հովսեփ Արղությանը Գրիգորիոպոլից նամակով դիմում է Հերակլ Երկրորդին, եւ, հայտնելով իր դառն ապրումները այդ դեպքերի առթիվ, գրում է. «... յոյս Հայաստանեայց աշխարհի եւ թագավորութիւն ձեր էր, ողբասցեն ընդ ձեզ ամենայն ազգ եւ ազինք հայոց, որք սփռեալք են ի ծագս աշխարհի» [37]: Հ. Արղությանի մեկ արտահայտությունից կարելի է հետեւցնել, թե ինչպիսին էր այդ հույսը եւ ինչ էր այդ նշանակում. «Ահա զարթիցեն մերն նախնիք եւ այժմ զմորմոքալի ողբս յօրինեսցեն առ անկումն թագաւորութեանն Բագրատունեաց, որոց ստեղանց ակն ունեին արձակիլ մեծամեծ ոստս եւ շառաւիղս» [38]: Հազիվ թե այդ արտահայտությունը նշանակում է, թե «ակն ունեին» միայն նախնիները, ավելի շուտ այդ պետք է ընկալել որպես Հ. Արղությանի եւ համախոհների ցանկություն:

Հ. Արղությանը հայտնում է նաեւ, թե մինչեւ Աղա- Մահմատ խանի արշավանքը ինքը շատերին էր գրել ու հայտնել սպասվելիքի մասին, սակայն նրանք «ոչ հաւատային հաւատարմութեանն տանն Վրաց»: Այդ նշանակում է, որ ռուսական արքունիքում չէին բացառում Հերակլի հնազանդվելը Աղա-Մահմադ խանին [39]: «Այժմ աշխարհ ամենայն գիտաց զքոյդ քրիստոնէական ճշմարտութեան երդումն, որ մինչեւ ցկորուստ ձերոյ թագաւորութեանն պինդ կացիք ի նմա» [40]: Կատարվածն արդեն փաստ էր եւ Հովսեփ Արղությանը հուսադրում է Հերակլին, թե Ռուսաստանն անպաշտպան չի թողնի Վրաստանին [41]: Աղա Մահմադ խանին պատժելու պատրվակով 1796 թ. Ռուսաստանը իրոք կազմակերպում է լայնածավալ արշավանք դեպի Այսրկովկաս: Հատուկ շրջաբերականով կայսրուհին դիմում է Այսրկովկասյան բոլոր ժողովուրդներին՝ օժանդակել Ռուսական զորքերին ազատագրելու Աղա Մահմադ խանի կողմից իրենց սպառնացող վտանգից: Հովսեփ Արղությանը հրավիրվում է մասնակցել արշավանքին՝ ուղեկցել եւ օժանդակել բանակին [42]: Հ. Արղությանը ձեռնամուխ է լինում արշավանքի համար իր պլանները մշակելու եւ ռուսական հրամանատարությանը ներկայացնելու գործին [43], միաժամանակ Արցախի մելիքներին ու Հերակլ Երկրորդին հորդորում է ավելի հաստատակամորեն, առանց վերապահումների օժանդակել Ռուսական բանակին՝ հուսադրելով նրանց մոտակա ազատության հեռանկարով: Մեզ է հասել մի հետաքրիր վավերագիր՝ Շամախիից Հերակլ Երկրորդին Հ. Արղությանի գրած 1796 թ. սեպտեմբերի 14-ով թվագրված նամակը, որ արժեքավոր է մի շարք առումներով [44]: Այն պատասխանն է Հերակլի կողմից Հ. Արղությանին գրած նամակի, որը պետք է ներկայացվեր նաեւ Վալերիան Զուբովին: Դատելով Հ. Արղությանի պատասխան նամակից, Հերակլը պահանջել էր շուտափույթ օգնություն ցուցաբերել ինչպես դրամական, այնպես էլ զինական առումով, սպսռնալով հակառակ դեպքում նման օգնություն ստանալու համար դիմել այլ ուղիների [45]: Ակնարկելով այդ մասին, Հերակլը իր նամակին կցել էր նաեւ թուրքական սերասքարից ստացած նամակը: Հովսեփ Արղությանը, բնականաբար ոչ առանց ռուսական հրամանատարության ցուցումի, պատասխանում է Հերակլ Երկրորդին. «Ձեր ցանկության կատարումը կլինի շուտով, երբ գեներալը զորքով կժամանի ձեր մոտ: Մինչ այդ Վրաստանին օգնություն եւ պաշտպանություն հնարավոր չէ» [46]: Հ. Արղությանը այնուհետեւ խորհուրդ է տալիս լինել համբերատար ու հեռատես եւ օժանդակություն չփնտրել թուրքերի մոտ, «չխմել այն պղտոր ջրից, որն արդեն բազմիցս... աննկարագրելի չարիքներ է բերել» [47]: Ռուսական հրամանատարությունը աշխատում է Հ. Արղությանի ներկայությունը օգտագործել ինչպես խաների հետ բանակցությունների ժամանակ, այնպես էլ ռուսական բանակը պարենով ապահովելու միջոցներ հայթայթելու համար [48]: Ռուսական զորքերը 1796 թ. գրավում են Դերբենտը, Բաքուն, Շամախին, Շաքին, Գանձակը: 1797 թվականին Թիֆլիսից Գրիգորիոպոլի հայ հասարակությանը ուղղած կոնդակում Հովսեփ Արղությանը գրում է, թե 1796 թ. դեկտեմբերի 13-ին Գանձակի ամրոցին իրենք տիրել էին «թարց արեան հեղման եւ սրոյ», իսկ հաջորդ օրը լսելով կայսրուհու մահվան գույժը, «երդուեցաք յանուն նոր կայսեր... չուեալ յամրոցէն Գանջայու, ի քսանեւիններորդն դեկտեմբերի մտաք աստ ի Թիֆլիս» [49]: Հովսեփ Արղությանի հաղորդմամբ, արդեն այդ ժամանակ «... կողմանքս յայնպիսի տառապանս սովու հիւծին, մինչ զի զորդիս վաճառել եւ զկինս՝ առօրեայ կտորիկ հացի միոյ, եւ որ անտանելին է, սաստկութիւն սովուն եւ զհաւատն սուրբ տայ ուրանալ» [50]: Ուշագրավ է Հովսեփ Արղությանի սպասումը. «... մեք ունիմք մնալ աստ մինչեւ այց ելանիցէ բարձրեալն եւ ի նորոգ ինքնակալէն նորոգ հրաման եւ հաստատութիւն ընկալցի բանակս եւ յառաջացեալ՝ զխղճալի Սուրբ Աթոռն (Էջմիածինը) եւ զազգն համայն զերծուսցուք ի կորուստնառիթ վտանգէ, իսկ եթէ ոչ՝ բոլորն ի կորուստ մատնեալ, ինչ որ տէր մի արասցէ: Զայս լսելով ձեր, նախ պարտիք գոհանալ զբարերարէն աստուծոյ, որք ազատ կայք եւ չէք յայսպիսի նեղութիւնս վշտագունեալք, որպէս ընկերք ձեր համայն ազգք հայկազունք... » [51]: 1797 թ. փետրվարին գրած նամակում Հ. Արղությանը արդեն նկատում է դեպքերի անցանկալի ընթացքը. «... Մեք եմք աստ ի Թիֆլիզ, մերկացեալ յամենայն գոյից եւ ի ստացուածոց, նեղեալ ի սուգ եւ ի յողբ ի վերայ խղճալի Սրբոյ Աթոռոյն, գահակալի նորին եւ համայն ազգին մերոյ. քանզի ամենեցուն թշնամաց խաչին Քրիստոսի բացեալ զբերանս կամին կլանել զամէնն: Եթէ աստուածապահ բանակին պատահեսցի յետս ընկրկումն (որովհետեւ թուլութիւն ինչ երեւի ի սմայ այժմ, զոր տէր մի արասցէ), քանզի արեան հեղեղութիւն ունի ապականեալ ազգին մերոյ: Սրբազնասուրբ վեհապետին երկուցեալ ի սպառնալեաց ներքինոյն եւ յարբանեկաց նորայ, որք զնա ստիպեալ էին երթալ անցանել ի դուռն չարին, առաքեալ է այժմ յաղերս յոտս նորա, զԴաւիթ վարդապետն Թիֆլիզեցի եւ զՅովհաննէս վարդապետն Պօլսեցի, զոր բարւոք համարին Վիրքն եւ ղեներալն, որ աստ առ մեզ. տեսցուք ի գարնանն տրելոց է նոցա ինչ մխիթարութիւն ի ձեռս մերոց զորաց, թէ հասեալ է բարկութիւն Աստուծոյ մինչ իսպառ: Ներքինին լսի գոլ ի Թէհրան եւ ունիլ զզօրս զերկոտասան հազարս, սպառնալ խանից կողմանցս եւ յորդորել զնոսա ի մարտ ընդդէմ մեր՝ ի սէր դինին իւրեանց» [52]: Ռուսական զորքերի հեռանալուն հետեւում է Աղա Մահմադ շահի երկրորդ արշավանքը դեպի Արցախ, որտեղ եւ նա կնքում է իր մահկանացուն: Աղա-Մահմադ շահի հարձակման ու նրան հաջորդած Վ. Զուբովի արշավանքի ժամանակ եղած իրադրության ուսումնասիրությունը [53] կասկած չի թողնում, որ Ռուսաստանը այլեւս վճռականորեն ձեռնամուխ էր եղել Այսրկովկասի նվաճմանը, եւ զորքերի դուրս բերումը Այսրկովկասից բնավ չէր նշանակում որդեգրած քաղաքականությունից հրաժարում, այլ նպատակ ուներ ավելի հանգամանորեն նախապատրաստվելու վճռական գործողություններին: Բանակի դուրս բերումը Այսրկովկասից ընդամենը ստեղծում էր այն պատրանքը, թե արշավանքը իրոք ուղղված էր միայն Աղա-Մահմադ խանին պատժելու նպատակին ու ռուսական ազդեցության ամրապնդմանը եւ ոչ ավելին: Այդ լիովին ձեռք էր բերված հատկապես Այսրկովկասյան խաներին արշավանքի իսկ պահին թողնելով իրենց իշխանության լիիրավ տնօրինությունը՝ Ռուսաստանի դեմ թշնամական գործողությունների չդիմելու պայմանով: Հերակլ Երկրորդի ու Ռուսական հրամանատարության խնդրանքով Հովսեփ Արղությանը պետք է Ռուսաստան վերադառնար Վրաստանով: Վերադարձող բանակի հետ, ուղեկցելով Հովսեփ Արղությանին, Ռուսաստան էին ճանապարհվում նաեւ Արցախի մելիքները՝ Պավել Առաջին կայսրից օգնություն խնդրելու եւ կամ գեթ հստակ պատկերացում կազմելու Ռուսաստանի հետագա ծրագրերի ու իրենց ճակատագրի մասին:

Վրաստանի տնտեսական ու հասարակական-քաղաքական ծանր վիճակի պայմաններում Հ. Արղությանի ներկայությունը Վրաստանում խիստ անհրաժեշտ է նկատվում եւ, պարզվում է, նրա ներկայությամբ կամ միջոցով ակնկալվում էր մեղմել տեղում առաջացած սոցիալական լարվածությունը: Բանն այն է, որ մեծացել էր Վրաց արքունիքի քաղաքականության նկատմամբ դժգոհությունը, եւ աճել էր, ինչպես ընդունված է վրացագիտության մեջ [54], պարսկական կողմնորոշում ունեցող ավատատերերի թիվը: Դժգոհությունը մեծ էր հատկապես առեւտրական կապիտալի ներկայացուցիչների՝ հիմնականում հայազգի բնակչության մոտ [55]: Այն ավարտվեց 1797 թ. թագավորի դեմ կազմակերպված դավադրությամբ [56]: Հովսեփ Արղությանին հրավիրելով Վրաստան, Գ. Նելիդովը 1797 թ. ապրիլի 10-ին գրում էր. «Վրաստանում գործերի ներկա հանգամանքների բերումով Ձեր ներկայությունը Թիֆլիսում ինձ համար ավելի քան անհրաժեշտ է, որովհետեւ մի ողջ ազգի վստահությունը Ձեր նկատմամբ պահպանվում է, եւ ես դրանից սպասում եմ, որ եթե կրկին որեւէ անհանգստություն տեղի ունենա Թիֆլիսում եղածի նման, Ձերդ բարձր սրբազնություն, կարող եք կանխել Ձեր խորհուրդներով, որում ինձ համոզում է եւ անցյալ դեպքը, որի մասին ես չեմ զլանա հաղորդել բարձր հրամանատարությանը» [57]: Ուշագրավ է, որ իր ծառայությունների թվարկման մեջ Հ. Արղությանը հետագայում մտցրել է նաեւ այդ դրվագը :

Փաստ է միայն, որ Վրաստանում եւ, մասնավորապես, Թիֆլիսում տեղի ունեցած խռովությունները ճնշելու համար բազմաքանակ զորքի ու զենքի գործադրման մասին սկզբնաղբյուրներում վկայություններ չունենք, որը հավանական է դարձնում այն ենթադրությունը, թե խռովությունները վերացնելու համար այդպիսիք չեն գործադրվել: Ինչպե՞ս եւ ինչո՞վ էր նվաճել, հետեւաբար, Հովսեփ Արղությանը ժողովրդի վստահությունը Վրաստանում, ինչու՞ նրան հաջողվեց այն, ինչը ի վիճակի չէին անելու ոչ Վրաց արքունիքը, ոչ Ռուսական հրամանատարությունը եւ ոչ տեղի հայ հոգեւորականությունը, որ շատ ավելի լծակներ ուներ ազդելու իրադարձությունների ընթացքի վրա: Հարցի պատասխանը պետք է փնտրել, մեր կարծիքով, Հ. Արղությանի նախորդ գործունեությամբ, որը, փաստորեն թեեւ ընթացել էր միայն Ռուսաստանում եւ որը, սակայն, մշտապես գտնվել է ժողովրդի տեսադաշտում նաեւ Վրաստանում: Այդ տրամաբանությունը զգալի չափով կասկածի տակ է առնում «խռովություն» կամ «ապստամբություն» որակումներով վրացագիտության մեջ խորհրդային տարիներին տրված գնահատականը: Իրականում այդ դժգոհություն էր Ռուսաստանի վարած քաղաքականությունից, որը դադարեցնելով արշավանքը, փաստորեն Վրաստանին կրկին թողնում էր Պարսկաստանի վտանգի դեմ միայնակ, ուստի եւ Պարսկաստանի անվան հոլովումը ոչ թե կողմնորոշում, այլ հակակշիռ էր, որով պետք է ապահովագրեին Վրաստանը Աղա-Մահմադ խանի հնարավոր նոր արշավանքից: Ավելին, Ղուկաս կաթողիկոսի վկայությամբ, Աղա Մահմադ խանի երկրորդ արշավանքի մասին լուրերից հետո «մնացորդ բնակիչքն Տփխիսու, որք լուեալ զգալուստ ներքինւոյն ի Շուշի, զարհուրեալք կամէին ցրուիլ, եւ յորդորմամբ Յովսէփ արքեպիսկոպոսին փոքր մի դադարեցան, նոքա եւս զերծան ի կատաղութենէ անօրինին ի բառնիլ կենաց նորա» [58]: Գայոս Ռեկտորի 1797 թ. ապրիլի 15-ին Մոզդոկից Վրաց Անտոն 2-րդ կաթողիկոսին գրած նամակից ակնհայտ է, որ այդ անհանգստությունը բռնկել էր ոչ միայն հայազգի բնակչությանը, այլեւ վրաց կաթողիկոսին, ուստի միանգամայն անհիմն է վրաց պատմագիտության մեջ վերոբերյալ անհանգստությանը ազգային երանգ վերագրելը՝ ելնելով միայն Թիֆլիսի բնակչության մեծամասնության հայազգի լինելու հանգամանքից. «Գրել էիք Պարոնի (իմա՝ Հերակլ 2-րդի - Պ. Չ. ) եւ ժողովրդի դժգոհության ու խառնաշփոթության մասին՝ Ռուսական զորքի վերադարձի հետ կապված: Ճշմարիտ է, այժմ դրանց նման փոքր արարքը վրդովեցնում է ձեզ, սակայն, եթե ուղիղ դատեք՝ ոչ Ռուսաստանը ձեռք կքաշի Վրաստանից եւ ոչ Աղա-Մահմադ խանը կրկին կգա նրա դեմ» [59]:

Վրաստանում մնալով մինչեւ 1797 թ. հունիս ամիսը, Հ. Արղությանը Արցախի Ֆրիդոն եւ Ջիմշիդ մելիքների հետ ճանապարհվում է Ռուսաստան: Բարձր գնահատելով Հ. Արղությանի գործունեությունը Վրաստանում, Հերակլը նույն թվականի հունիսի 10-ով թվագրված իր նամակով հանձնարարում է նրան Վրաստանի վիճակի մասին հաղորդել ռուսական արքունիք եւ հավաստել Ռուսաստանի նկատմամբ իր հավատարմությունը: Նման հավաստիացումներով նամակներ Հերակլը հղում է նաեւ Ի. Վ. Գուդովիչին եւ Ա. Ա. Բեզբորոդկոյին [60]: 1798 թ. հունվարի 11-ին Թելավում մահանում է Հերակլ Երկրորդը: Տեղեկանալով այդ մասին նույն թվականի մարտի 8-ին, Հ. Արղությանը անմիջապես Պետերբուրգից գրում է Մոսկվայում գտնվող Դավիթ արքայազնին. «փութալ եւ փութալ ի Վիրս, փոխեալ է արքայն.. » [61]: Հ. Արղությանի այս խուճապը բնավ պատահական եւ կամ ավելորդ չէր: Վրաստանում իրավիճակը դժվար վերահսկելի էր, իսկ Դավիթ արքայազնը հայտնի էր իր ոչ պարսկամետ տրամադրվածությամբ [62]:

Ուշագրավ է մեկ հանգամանք եւս, որը բացատրում է նաեւ ժողովրդի մտահոգությունը Ռուսական զորքերի վերադարձից հետո ստեղծվելիք իրավիճակի համար: Այդ է. Թիֆլիսից վերադառնալով Ռուսաստան, Հ. Արղությանը չի այցելում Էջմիածին: Այդ թելադրված էր այն թշնամական վերաբերմունքով, որ ունեին մահմեդական տիրակալները ռուսական արշավանքի եւ ռուսների հետ համագործակցող Հ. Արղությանի վերաբերմամբ, որին եւ զգուշացնում են իր այցելության հնարավոր վնասաբեր հետեւանքների մասին: Պատահական չէ, որ 1798 թ. մայիսի 27-ին Թադեւոս վարդապետին եւս Հ. Արղությանը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ ս. Աթոռ այցելելուց: Նա գրում է. «Վասն գնալոյդ ի սուրբ Աթոռն այնպէս գիտացիր, զի չեմ անհամաձայն, բայց յայսմ ժամանակի յինէն առաքեցեալ այրն եւ թուղթն կործանման պատճառ է սուրբ Տանն» [63]: Նման զգուշավորությունը անհիմն չէր, եւ Ղուկաս կաթողիկոսը իր գահակալության սկզբից ի վեր պահպանում էր այդ զգուշավորությունը [64]:

Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելը 18-րդ դարի վերջին քառորդին Պարսկական ու 0սմանյան պետությունների հպատակների համար ինքնանպատակ չէր, այն նշանակում էր պայքարի մեջ մտնել այդ պետությունների կազմից դուրս գալու համար եւ այդ լավ էին հասկանում մահմեդական տիրակալները ու, ըստ այդմ, բոլոր միջոցներով փորձում էին ոչ միայն խոչընդոտել նման կապերի ստեղծմանը, այլեւ հաշվեհարդար տեսնել կատարված քայլերի համար: Այդ առումով խոսուն է Ուրմիայի քրիստոնյա համայնքների առաջնորդների (մելիքների) Հովսեփ Արղությանին ու Հերակլ թագավորին 1787 թ. մայիսի 12-ին գրած նամակները, որոնցում նկարագրում են այն ճնշումներն ու հալածանքները, որ կրում են ոչ միայն իրենց քրիստոնյա լինելու եւ ռուսների հետ համագործակցելու համար, այլեւ դեռեւս հույս ունեին ստանալ Հերակլի օժանդակությունը. «Աղա-Մահմադ խանը հրամայել է, որպեսզի մեզ տանջանքների ենթարկեն, ասելով "տեսնենք, գուցե նրանց հավատակից ռուսները գան նրանց օգնության եւ մենք հաղթենք նրանց": Այդպես տանջում են նրանք մեր ազգը: Այժմ բացի բարձրագոյն արարչից եւ ձեզանից ոչ ոքի վրա հույս չունենք, գթացեք այս քրիստոնյաներին, որոնք 15 հազար ընտանիք են, ծանուցեք այս մասին Հերակլ թագավորին, եւ մենք նրա բոլոր ռազմական ծախսերը կվճարենք, եթե նա միայն շարժվի մեզ օգնության, գուցե եւ (կարողանանք) ոչնչացնել այս անհավատին եւ եթե ոչ այդպես, ապա արդեն քրիստոնեություն (այստեղ) չի մնա» [65]: Ավարտելով իրենց նամակը նրանք գրում են. «Լավ կլիներ, եթե մենք ռուսների մասին ոչ մի տեղեկություն չստանայինք, այսքան հայեր չէին լինի գերության մեջ» [66]:

Նման տրամադրություններ գոյություն ունեին նաեւ Վրաստանում: Ռուսական օգնությանը դիմելը համընդհանուր պաշտպանություն չէր վայելում եւ այնտեղ եւս գտնում էին, թե միայն ռուսական կողմնորոշումն է Վրաստանի դեմ շրջակա տիրողների կողմից հաճախացած թշնամանքի պատճառը: Տեղեկանալով Հերակլ Երկրորդի հիվանդության մասին, բայց դեռեւս ստացած չլինելով նրա մահվան լուրը, Հ. Արղությանը 1798 թ. փետրվարի 14-ին Վրաց թագավորության օրինական գահաժառանգ Գեորգի Արքայազնին գրած նամակում շտապում է խորհուրդներ տալ նրան ինչպես ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման, այնպես էլ նրա գահակալության ժամանակ վարվելիք ներքին ու արտաքին քաղաքականության ու հայ-վրացական հարաբերությունների հիմնահարցերի շուրջ [67]: Ռուսաստան այցելած Դավիթ Արքայազնի հետ նախապես հանգամանորեն քննարկելով ու պայմանավորվելով վրաց քաղաքականության հետագա ծրագրերի շուրջ, Հ. Արղությանը այս նամակում խորհուրդ է տալիս Գեորգիին՝ առաջնորդվել այդ ծրագրերով, եւ կրկին Ռուսաստան վերադարձնել Դավիթ Արքայազնին «արժանավոր պատասխանաւ», խոստանալով նման գործելակերպի դեպքում «մշտնջենական խաղաղութիւն տանդ Վրաց եւ տոհմին ձերոյ առիթ հաստատ կացութեան»: Հ. Արղությանը խորհուրդ է տալիս Գեորգիին «յորմէ դաւանութենէ եւ իցէ բնակողն ընդ հովանեաւ քով, ունիցիս ի վերայ նորա խնամ եւ վասն կրոնին մի ունիցէ ինչ օրիշութիւն առաջի քոյ, ըստ որում հայր հայրենեաց էս ընդհանրապէս եւ բնակողացն որ ի նոսա»:

Վրաստանում հնարավոր երկպառակություններ թույլ չտալու մտահոգութեամբ Հ. Արղությանը խորհուրդ է տալիս Գեորգիին. «ԶՔարթալն (իմա՝ Քարթլին - Պ. Չ. ) զԿախէթն եւ զՍոմխիթն պահպանեսցես թարց իրիք ընտրութեան, զի մի ի նոսա ինչ առաւելութիւն եւ կամ նուազութիւն քոց խնամոց, այլ զամենեսին միապես ջանասցես պահել ի շինութեան»: Հ. Արղությանը մտահոգ է նաեւ Թիֆլիսում տիրող իրավիճակով: Առանց մանրամասնելու, նա Վրաց թագավորազնին խորհուրդ է տալիս. «զարքայանիստ քաղաքդ զԹիլֆիզ լնուցուս զանազան արհեստիւք եւ ուսմամբ եւ հոգասցես զշինուածս գեղեցիկս ի դմա կառուցանել, զի արքայական քաղաք կոչիլոյ իցէ արժանաւոր եւ հեռացեալ եւ զսպեալ իցէ յամենայն չարեաց՝ այս է՝ յանիրաւութեանց, ի զրկանաց, ի մարտից եւ ի գողութեանց»: Նամակի հաջորդ կետով տրված խորհուրդը ուներ արդեն անձնական երանգ: Հ. Արղությանը իրեն թույլ է տալիս մտերմորեն պահանջել. «Մի հաճեսցի բարձրութիւն Ձեր թողուլ զօրն եւ ի գիշերի ի գործ մտանելն, թէ ի դատաստան եւ թէ ի հաշիւս, զի հրամայեաց Փրկիչն. որ գնայ ի գիշերի՝ գայթակղի, զի զլոյս աշխարհիս այսորիկ ոչ տեսանէ»: Այս մասամբ համահունչ է Ալեքսանդր Ջամբակուր-0րբելիանիի այն հաղորդմանը, թե «Գեորգին 24 ժամվա ընթացքում մեծամասամբ աղոթում էր, ուտում էր, քնում էր եւ միայն երեք ժամ հազիվ թե տրամադրում էր աշխարհիկ գործերին» [68]:

Հ. Արղությանը մտահոգված էր նաեւ Վրաստանի ներքին խաղաղության խնդրով, որը կարող էր խախտվել մահմեդականների խռովություններից, ուստի այդպիսիք կանխելու համար առաջարկվում է «ի տարին երկիցս առեալ լիցի հարկ ի տաճկացն Ձերոց եւ մի առաքեսցին ի պատճառս սնոտի ինչ իրաց թագավորական հարկահանք ի նոսա, որով եւ նոքա խռովեսցին»: Ուշագրավ է քննարկվող նամակի նաեւ հաջորդ կետը. «Ի բոլոր տերութենէ Ձերմէ մատուսցին տասանորդքն հացին յարքունիս եւ ունելով Ձեր զշտեմարանս հացի ի տեղիս հարկաւորս, մի նեղիջիք ի ժամանակս պատերազմի ի ժողովելն զզորս, որով եւ պատճառեսցի զօրացն ցրուիլ, իսկ եթէ պատերազմ եւս ոչ ունիցէք՝ ի պակասիլն հացին տրեսցի ժողովրդեանն ի փոխ, որով թարց իրիք վնասու ունիք օժանդակ լինիլ նոցա, բայց ասեմ, զի մի յաճախիցէք զհրամանագիրս ի վերա շտեմարանապահացն բաժանել զհացս աբեղայից եւ երգեցողացն, այլ իւրաքանչիւր ոք բավականասցի իւրով ապրուստիւն»:

Անդրադառնալով Վրաստանի անվտանգության եւ արտաքին հարաբերությունների խնդրին, Հովսեփ Արղությանը խորհուրդ է տալիս Գեորգի թագավորին ունենալ պատրաստի զորք, որքան հնարավոր է շատ, որովհետեւ «թարց զօրաց սուտ են ամենայն ջանք, որոց եւ տացի ռոճիկ ի հանքացն»: Մշտական բանակի ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է աշխատանքային վիճակում պահել հանքերը, այլեւ «ի շեն պահել շրջակայ գիւղորայս նոցին, առանց որոց ոչ գոյ ինչ հաստատութիւն հանքացն»:

Ավարտելով այն միջոցառումների թվարկումը, որոնք իր կարծիքով կարող էին նպաստել Վրաստանի քաղաքական ու տնտեսական կայունության ամրապնդմանը, Հ. Արղությանը անցնում է հայ-վրացական հարաբերությունների բարելավման անհրաժեշտության հիմնավորմանը: Ակնարկելով Գեորգիի 1790 թ. համաձայնությունը Լոռու գավառը Շահամիր Շահամիրյանին ժառանգաբար տնօրինելու մասին հրովարտակ շնորհելու հանգամանքը, Հ. Արղությանը պահանջում է. «ԶԼոռին, զոր հաստատ գրով շնորհեալ էք աղայ Շահմիրին եւ նա եւս յանձնեալ է ի Մէլիք Ապովն, հաստատ պահեսջիք զայն ուխտ, որով ոչ թէ ի հովանավորութիւն ձեր հրավիրէք միայն զհնդկաբնակ Հայս, այլեւ Կարսն եւ Ախլցխայն դատարկեալ բնակչօք նոցա՝ լնանելոց են Փանբակն եւ Բօրչալուն:

Հ. Արղությանը հայ-վրացական հարաբերությունների կարգավորման կարեւոր հանգամանք է համարում նաեւ հավատարմության ու պարտավորվածության փոխադարձության պայմանը երկու ժողովուրդների միջեւ: Նա Գեորգիից պահանջում է. «Որովհետեւ ի ձեզ պարծեն միշտ Հայք եւ ուրախ են, թէ՝ ունիմք մեր թագավոր ի սերնդոց թագավորացն մերոց, պարտ է Ձեզ եւս բանիւ եւ գրով զհայրական իմն խնամ ցուցանել նոցա, զի տեսանելով զայդ, որպէս եղեալքն ընդ հովանեաւ ձերով Հայք՝ ջերմեռանդաբար ծառայեսցեն Ձեզ, նոյնպէս եւ արտաքինքն դիմեսցեն ի հովանավորութիւն Ձեր»:

Հովսեփ Արղությանը Գեորգիից հատուկ վերաբերմունք է պահանջում Էջմիածնի կաթողիկոսական Աթոռի նկատմամբ. «Զպատրիարգական Աթոռն սուրբ Էջմիածին եւ զսրբազան Պատրիարգ հոգեւոր տեառն ամենայն Հայոց միշտ ունիցիք ի պատուի եւ մի հատջիք ի նմանէ զնպաստ եւ զմխիթարութիւն, խնամելով զնա որպէս իսկական թագավոր Հայոց»:

Ավարտելով իր գրավոր առաջարկությունները, Հ. Արղությանը տեղեկացնում է, թե ունի նաեւ բանավոր հաղորդելիքներ, որոնք «ի լուսավորագունեղ որդւոյն Ձերմէ գիտասջիք զիմս վասն Ձեր զխորհուրդ եւ զդիտավորութիւն»:

Հովսեփ Արղությանը 1798 թ. մարտի 25-ին Պետերբուրգից Գեորգիին գրած իր հաջորդ նամակում ցավակցություն է հայտնում նրան հոր մահվան կապակցությամբ, շնորհավորում նրա գահակալությունը եւ խորհուրդ է տալիս Վրաստանում գահակալական պայքարը թուլացնելու համար «շահելով զստահակսն ածել ի հնազանդութիւն» եւ ի վերջո «զյանձնարարութիւն բոլոր ազգին, որպէս իսկական թագաւորի Հայոց, փութով զորդին ուղեւորել արժանաւոր պատասխանաւ ի դուռն կայսերական» [69]:

Պարսկաստանում գահ բարձրացած Բաբա-խանը Գեորգի 12-րդից պահանջում է խզել կապերը Ռուսաստանի հետ եւ որդուն պատանդ ուղարկել Պարսից արքունիք, խոստանալով նրան հանձնել Երեւանի, Գանձակի, Շաքիի ու Շիրվանի կառավարումը, իսկ հակառակ դեպքում՝ սպառնում էր արշավել Վրաստան: Այդ պահանջը Գեորգի թագավորը ստանում է 1798 թ. հուլիսի 3-ին: Դավիթ Արքայազնի իսկ վկայությամբ «քանի որ ես գահի ժառանգորդն եմ եւ գտնվում եմ ռուսական ծառայության մեջ, ապա Բաբա խանի հորդորումները մնում են ավելի համառ»: Բաբա-խանի վերջնագիրը առավել մեծ խուճապ է առաջացնում Վրաստանում: Պետերբուրգից Վրաստան վերադարձած Դավիթ Արքայազնը Բաբա-խանի պահանջի մասին 1798 թ. հունիսի 28-ի նամակով տեղեկացնում է Հովսեփ Արղությանին, թե «Թագավորը հրամայել է , որպեսզի դու հայտնես իշխան Բեզբորոդկոյին եւ Կուրակինին, որ մեր դրությունը չափազանց ծանր է ... Աշխատիր, խնդրում եմ, եթե գնահատում եք Վրաստանը եւ ակնկալում եք նրա օժանդակությունը, ապա գտեք այդ գործի համար որեւէ դեղամիջոց» [70]: Ստեղծված քաղաքական ծանր իրադրության մեջ Ռուսաստանից շուտափույթ իրական օգնություն ստանալու երաշխիքներ չունենալով, Գեորգի 12-րդը ժամանակ շահելու նպատակով հակվում է մի կողմից Պարսից արքունիքի հետ բանակցությունները շարունակելու եւ, մյուս կողմից, ինչպես հաղորդում է Դավիթ Արքայազնը, Թուրքական սուլթանի հովանավորությունը խնդրելու մտքին. «Եվ նման վտանգավոր դեպքում Գեորգի թագավորը, վախենալով Պարսից Բաբա խանի  զայրույթից, ցանկանում էր խնդրել Մեծ սուլթանին, որպեսզի Վրաստանին  ընդունի Թուրքական կայսրության հովանավորության ներքո: Սակայն այդ քայլի անհաճո հետեւանքների կանխատեսումները նրան ետ պահեցին այդպիսի ցանկությունների իրականացումից» [71]:

Տեղեկանալով այդ ամենի մասին եւ գիտակցելով ինչպես Վրաստանի, այնպես էլ Այսրկովկասի վրա կախված վտանգի իրական ու լուրջ լինելը, Հ. Արղությանը շտապում է Ռուսական իշխանություններին իր կողմից եւս հորդորել՝ միջամտելու Այսրկովկասյան գործերին եւ անընդհատ շտապեցնում է Գեորգի 12-րդին՝ դեսպանություն ուղարկել Ռուսաստան: Հ. Արղությանը նամակագրությամբ բանակցություններ էր վարում նաեւ Վրաց արքունիքի ազդեցիկ անձնավորությունների ու նաեւ Թիֆլիսի հայ համայնքի՝ արքունիքին մոտ կանգնած գործիչների հետ: Այդ առումով ուշագրավ են 1798 թ. սեպտեմբերի 9-ին նրա գրած նամակները Դավիթ Արքայազնին եւ իր եղբորորդի Սողոմոն Արղությանին: Սեպտեմբերի սկզբներին ստանալով Դավիթ Արքայազնի նամակը, որտեղ հայտնվում էր Բաբա-խանի մոտ Վրաստանից դեսպանություն ուղարկելու մասին, Արղությանը իր պատասխան նամակում զայրույթով գրում է. «Յուլիսի 21-էն գիրդ յամսոյսն ընկալաք ընդ պարոն Լաշկարովին եւ քնեազ Գարսեվանին եւ զարմացաք, որ դուք աճապարէք Ցիցի որդի թաւադ Գեօրկին ղրկել առ Բաբա-խանն, իսկ աստ ոչ եթէ զոք առաքէք, այլ մեր ղրկած Աւալի որդին եւս պահէք եւ մէկ օրինաւոր թուղթ չգրէք ոչ առ ամենաողորմած կայսրն, ոչ առ լուսաւորագունեղ քնեազն եւ ոչ առ ձեր դեսպանն.. » [72]:

Սողոմոնին ուղղված նամակում եւս կրկնելով իր զարմանքը, Հ. Արղությանը ավելի մանրամասն տեղեկություններ է տալիս ստեղծված իրադրության մասին. «Զարմանամ ես յոյժ ի յիմաստութիւնէ արքային մերոյ, որ պատրաստեալ է զաներն իւր առաքել ի Պարսիկս [73] եւ աստ մինչեւ ցայսօր ոչ եթէ զաներն, այլ մեկ ծառայ եւս ոչ առաքեաց եւ որպէս օրէնն էր, ոչ ծանոյց մեծի կայսերն զվախճան հօրն իւրոյ եւ իւր յաջորդելն զաթոռ նորա, ոչ այս միայն, մէկ օրինաւոր եւ ըստ կարգի գիր ոչ գրեաց մինչեւ ցայսօր, ոչ առ թագաւորն, ոչ առ լուսափայլ քնեազն եւ ոչ այլ առ դեսպանն իւր [74]: Չգիտեմ որպիսի անբախտութիւն է այդ երկրիդ տիրեալ. ոչ իմ այնքան աշխատանքն եւ գրածն ազդեաց իւրեանց եւ ոչ այդքան տառապանքն, ահն եւ երկիւղն, զորս կրէք, եւ ոչ պարոնի որդի Դաւիթի աստ գալն եւ մեծամեծ խօսիլն եւ այդր լռելն. ու՞ր է իւր խոստմունքն, որ ասէր շուտով գալ: Իսկ ողորմած կայսրն մեր սպասէ դոցա մարդոյն եւ կամ դարձին Աւալի որդի Գեօրկուն, որ եթէ կամին մտանել ենթ հովանաւորութեան իւրոյ, յայնժամ ցուցցէ զիւր ողորմութիւնն մեծ, որ ահա ունի պատրաստեալ, աւելի քան, զոր ինքեանք կամէին. թագ, ծիրանի, թուր, կաւալէր, աստղ եւ այլն ամենայն՝ իւրն եւ ժառանգին, եւս եղբարցն, զօրքն եւս պատրաստ է: Վասն ձեր՝ վերստին եւ այնց տեղեացն կամի տիրալ, ուր մեք շրջեցաք: Կռտածի ժառանգին ծանոյց, որ զնոսա մերն գիտասցէ եւ լռեսցի: Աւելի ի՞նչ առնէ, չգիտեմ, մինչեւ խոնարհեցաւ եւ ինքն գրեաց առ արքայն, առ ժառանգն եւ առ ձեզ, ողորմութիւն տեառն ընդ ձեզ է, մի երկնչէք» [75]: Հասկանալով հանդերձ Ռուսական արքունիքի նման պատրաստակամության իրական պատճառները, Հ. Արղությանը այնուամենայնիվ այդ բացատրում էր իր թափած ջանքերով. «այս ամենայն ծանուսցես արքային եւ արքայորդւոյն, ես իմ պարտուցս զերծայ, այժմ ինքեանք գիտասցեն» [76] եւ դեռեւս հույս ուներ ռուսական զորքի մտնելուց հետո Այսրկովկասում տեսնել Ռուսաստանի հովանու տակ գոյատեւող Հայ-վրացական միացյալ թագավորություն: Բացատրելով իր ջանադրության դրդապատճառներն ու նպատակները, նա հիշեցնում է. «Իմ կամքն է ծաղկեցուցանել զդոսա եւ կոչել ոչ միայն թագավոր Վրաց, այլեւ Հայոց» [77]: Անդրադառնալով Պետերբուրգում գտնվող հայ մելիքների ճակատագրին, Հ. Արղությանը գտնում է, որ նրանց «բանն կախեալ կայ ի դոցանէ (իմա՝ Վրաստանի ճակատագրից - Պ. Չ. ) եւ Աստուծով լավ են լինելոց, ասա նոցին ընտանեացն՝ լինիլ միամիտ» [78]:

Բերված այս նամակը ցույց է տալիս, որ եթե 1780-ական թվականներին Հ. Արղությանը դեռեւս հնարավոր էր համարում Հայկական թագավորության վերականգնումը, ապա 1790-ական թվականների վերջերին այլեւս միակ հնարավորը համարում էր Հայ-վրացական միացյալ թագավորության ստեղծման հեռանկարը: Կասկածից վեր է, որ նա միայնակ չէր իր այդ տեսակետի մեջ, նրան հետեւում կամ համախոհ էին նաեւ հայազգի հասարակական այլ գործիչներ եւս:

1798 թ. երկրորդ կեսին ինչպես Ռուսական արքունիքը, այնպես էլ Հ. Արղությանն ու Արցախի մելիքները սպասման մեջ էին: Ստեփան Դավթյանին ուղղած նամակներում Հ. Արղությանը շեշտում էր սպասողական այդ վիճակը. «Ի Վրացտանու սպասելն մարդոյ՝ առաքեցելոյ ի նոցանէ եւ սոցա՝ ըստ ամենայնի ձեռնտու պատրաստ լինիլն նոցա, վասն պահպանութեան իւրեանց» [79], գրում էր նա իր 1798 թ. սեպտեմբերի 30-ին ուղարկած նամակում, իսկ նույն թվականի դեկտեմբերի 2-ին «քնեազ Սոլոմոնին ու պարոն Եսայուն» գրած նամակում հիշեցնում էր Պետերբուրգում սպաողական վիճակը «գալստեան քնեազ Ավալովին» [80]:

1798 թ. դեկտեմբերին Պետերբուրգում ի վերջո ստացվում է Գեորգի 12-րդի կողմից Ռուսական արքունիքին ուղղված դիմումը, որտեղ առաջարկվում էին այն պայմանները, որոնց ընդունելու դեպքում հնարավոր էր համարվում ապավինել Ռուսաստանի հովանավորությանը: 1798 թ. դեկտեմբերի 15-ին Գրիգոր վարդապետին ուղղած նամակում Հ. Արղությանը ծանուցում է. «Վրաց Գօրկի արքայի բոլոր թագավորութիւնն իւր մատուցանելն [81] ի խնամակալութիւն կայսերն մերոյ եւ սոցա պատրաստիլն առաքել ամենայն շուք թագավորական հաստատուն դաշամբ Վրաց արքայի զբոլոր բանն իւր՝ մեզ յանձնելն ընդ քնեազ Գարսեվանին» [82]: Ի՞նչ է նշանակում «մեզ յանձնելն»: Պետերբուրգում Գեորգի 12-րդի նամակի ստացվելուց անմիջապես հետո՝ դեկտեմբերի 16-ին, Վրաստանի դեսպան Գարսեւան Ճավճավաձեն Ռուսական արքունիք է ներկայացնում Գեորգի 12-րդի 11 կետից բաղկացած պահանջները: Առաջարկվում էր Վրաստան առաքել 3000-անոց մշտական զորք՝ Վրաստանի պահպանության համար, թույլատրել Արցախի մելիքներին հպատակ ժողովրդի հետ միասին եւ Վրաստան ներգաղթելու ցանկություն հայտնած Ուրմիայի շրջակայքում ապրող քրիստոնյաներին (հայեր եւ ասորիներ) ընդունման եւ տեղափոխման արտոնում, վրաց-պարսկական հարաբերությունների բարելավում եւ այլն: 1799 թ. հունվարի 1-ին Պետերբուրգից Գրիգոր վարդապետին գրած նամակում Հ. Արղությանը գոհունակությամբ նշում է. «Վրաց բանն ընկալնուլն թագաւորին եւ պատրաստելն զամենայն ըստ խնդրոյ նորին. նոյնպէս եւ մէլիքացն բան՝ լինիլն բարւոք» [83]: Հայ հասարակական գործիչները հասկանում էին, որ Այսրկովկասում հայ ժողովրդի ազատագրման հարցի լուծումը շաղկապվում է Ռուսաստանի քաղաքականության հետ, իսկ այն կառուցվում էր միջազգային հարաբերությունների բոլոր հանգամանքների հաշվառումով եւ պայմանավորվում էր առաջին հերթին Ռուսաստանի հեռամետ նպատակների իրականացմամբ: Ըստ այդմ էլ հայ գործիչները ստիպված են լինում որոշակիացնել իրենց պահանջները, դրանք իրական հողի վրա դնել, միահյուսել այն Ռուսաստանի քաղաքականության հետ եւ որոշակի փուլեր սահմանել վերջնական նպատակին հասնելու համար:

Ռուսաստանի համար Այսրկովկաս մուտք գործելու համեմատաբար անաղմուկ միջոցը Վրաստանի հովանավորի դերում հանդես գալով այնտեղ Ռուսական զորք մտցնելու ուղին էր: Մելիքների ու Արցախի հարցը լծորդվում էր առաջին փուլում ռուս-վրացական հարաբերությունների զարգացման ընթացքի հետ, եւ հայ գործիչները անհամբեր սպասում էին այդ հարաբերությունների դրական՝ երկուստեք ընդունելի տարբերակով, զարգացմանը: Ռուսաստանի նպատակների իրականցումը, ըստ հայ գործիչների, պետք է տեղի ունենար ոչ թե ի հաշիվ Վրաստանի ու վրաց ժողովրդի շահերի ու իրավունքների սահմանափակման, որի հետ սերտորեն պայմանավորվում էին նաեւ հայ ժողովրդի շահերը, այլ հանուն այդ շահերի ընդլայնման ու արմատական պաշտպանության: Նշված հարցերի պարզաբանմանն էր նվիրված Ս. Լ. Լաշկարովի եւ հայ մելիքների միջեւ 1798 թ. դեկտեմբերի 21ին կայացած զրույցը, որի մասին հաշվետվության կամ ավելի ճիշտ՝ սղագրության մեջ նշվում էր, թե մելիքները այն հարցին, թե «Ու՞ր կնախընտրեին տեղափոխվել. Վրաստա՞ն, թե՞ Ռուսաստան», պատասխանեցին, որ «իրենց համար միեւնույն է՝ Ռուսաստանում ապրել թե Վրաստանում, որովհետեւ եւ սա նույնպես Ռուսաստանի ենթակայության ներքո է, ինչպես եւ իրենք ռուսներն են, սակայն թողնելով այդ Բարձրագույն վճռին եւ տեղափոխված լինելով արդեն Վրաստան, Քրդստանում եւ Բայազետում ապրող մյուս հայերին ավելի հարմար կլինի ժամանակ առ ժամանակ տեղափոխվել եւ բազմապատկել իրենց քանակն ու զորությունը, քան այն դեպքում, եթե իրենք տեղափոխվեին Ռուսաստան, որպիսի հարմարությունից քրդստանցի եւ բայազետցի հայերը Ռուսաստանի սահմանների հեռավորության պատճառով կզրկվեն, որն այս վերջիններիս համար, որոնց թիվը հասնում է մինչեւ 60 հազար ընտանիքի, ցավալի կլինի, քանզի եւ նրանք, տառապելով հագարացիների լծից, որի ներքո գտնվում են, խիստ կցանկանային միավորված լինել իրենց՝ մելիքների, հետ՝ կառավարման ու դատավարության համար եւ որպեսզի լինելով միեւնույն ազգի եւ դավանանքի՝ մնային իրենց հետ, եւ որ այս բոլորը նրանք՝ մելիքները, հանձնում են Նորին Բարձրագույն Մեծության կամքին՝ իրենց փրկությունը սպասելով միայն նրանից» [84]:

1799 թ. փետրվարի 11-ին Ռուսաստանի Արտաքին գործերի կոլեգիան պատասխան նոտա է հանձնում Գարսեւան Ճավճավաձեին՝ 1798 թ. դեկտեմբերի 16-ին նրա ներկայացրած պահանջների քննարկման արդյունքների մասին: Գ. Ճավճավաձեին պատասխանում են, որ 3000-անոց զորքի պահանջը կատարվում է, հայ մելիքները իրենց հպատակ ժողովրդով կդրվեն Վրաստանի ենթակայության ներքո, սակայն պետք է իրավունք ունենան անհրաժեշտության դեպքում անկաշկանդ փոխադրվելու Ռուսաստան:

Վրաց-ռուսական հարաբերությունների նման զարգացումը շուտով հայտնի է դառնում ինչպես Այսրկովկասում, այնպես էլ Պարսկաստանում: 1799 թ. մայիսի 15-ին Էնզելիում ռուսական հյուպատոս Մ. Սկիբինեւսկին գրում է Արտաքին գործերի կոլեգիա. «Բաբա-խանը Շուշիի Իբրահիմ խանից տեղեկություն է ստացել, որ Ռուսական զորքերը գալիս են Վրաստան, որպեսզի գրավեն նաեւ Երեւանը ու Ղարաբաղի հայերին տեղափոխեն Վրաստան ու Մոզդոկ: Ուստի Բաբա-խանը հրամայել է Սուլեյման խանին զորքերի մի մասը առաքել Երեւան՝ կայազորի փոխարեն եւ բերդում ունենալ Ղաջար երեւելիներից մեկը, որի հրամանատարության ներքո լինի նաեւ կայազորը, իսկ Իբրահիմ խանին գրել է, որպեսզի ետ պահի հայերին փաղաքշանքով» [85]

Ռուսական արքունիքը Մ. Սկիբինեւսկու միջոցով Բաբա-խանից պահանջել էր չմիջամտել Վրաստանի գործերին, որովհետեւ Վրաստանը գտնվում է Ռուսաստանի հովանավորության ներքո [86]: Այսրկովկասում գործողությունների ծավալման համար կարծես ամեն ինչ արդեն արվել եւ պատրաստ էր, սակայն ժամանակն անցնում էր, իսկ զորքերը չէին շարժվում: Հ. Արղությանի կարծիքով այդ դանդաղումը պայմանավորված էր Ավստրո-ռուսական հարաբերություններով. «Իմփերատորի եղբօր գալուստն աստ (իմա՝ Պետերբուրգ - Պ. Չ. ) եւ նշանվիլն ընդ Աղէքսանդրիա Պավլովնին: Վասն այսմ եւ փոքր ինչ յամիլն զՎրաց բանն» [87]:

1799 թ. փետրվարին Պետերբուրգում եւ Վրաստանում արդեն տեղեակ էին Պավել Առաջինի կարգադրությունների մասին. «Արքայի ամենայն պարգեւքն, որպէս յառաջ գրեալ եմք, պատրաստի գոլն, զօրացն եւ թօփիցն հրաման լինիլն գնալ առ յինքեանս:... Կավալինցկի՝ սկիզբն գնալն ի Թիֆլիզ որպէս չերեզվեչայնայա պասլաննիկ, այսինքն՝ մեծ, որպէս պատկէր թագաւորի: Գալն Կավալինցկուն՝ հանդէպ առաքել զմի արքայորդի, զայս ամենայն գրով պատրաստի լինիլն: Մելիքներին՝ յանձնելն արքային՝ հետեւիլ եւ նոցա կամքն լցուցանել Ունիլն մեր յոյս, որ արքայն սիրեսցէ եւ ժողովեսցէ զազգս մեր ընդ հովանեաւ իւրով» [88]:          

Երկար սպասումից հոգնած մելիքները 1799 թվականի մարտի 29-ին կրկին գրավոր դիմում են Պավել Առաջինին եւ, հայտնելով Բաբա-խանի սպառնալիքների ու Արցախում եւ Վրաստանում տիրող ծանր կացության մասին, խնդրում են արագացնել խոստացված օգնության տրամադրումը եւ թույլ տալ վերադառնալ հայրենիք [89]: Շարունակելով նախապատրաստական աշխատանքները եւ ընդառաջելով Գեորգի 12-րդի խնդրանքին Պավել Առաջինը 1799 թ. ապրիլի 18-ին Վրացական գահի ժառանգորդ է հաստատում նրա ավագ որդուն՝ Դավիթ Արքայազնին [90]: Վրացագիտության մեջ Վրաստանի ներքաղաքական վիճակի սրման գլխավոր պատճառներից մեկը համարվում է Գեորգի թագավորի այս քայլը, որը Պավել Առաջինի հաստատմանն էր ներկայացրել Դավթի թեկնածությունը: Բանն այն է, որ նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ Գեորգի 12-րդից հետո Վրաստանի գահը պետք է անցներ Հերակլ թագավորի մյուս որդուն՝ Յուլիոն Արքայազնին [91]: 1799 թ. ապրիլի 22-ին հրապարակվում է նաեւ Պավել Առաջինի հրամանագիրը գանձապետ Վասիլեւին՝ որպես ամենամյա թոշակ Մելիք Ջիմշիդին հատկացնել 1400 ռուբլի, Մելիք Փրիդոնին՝ 1000 ռուբլի, իսկ Ջիմշիդի որդի Պողոսին՝ 600 ռուբլի գումար [92]: Միաժամանակ պատվիրվում է նաեւ ոսկե ութ շքանշան հայ մելիքներին պարգեւատրելու համար: Ուշագրավ է նաեւ այն գրությունը, որը ներկայացվել է Ռուսական արքունիք՝ մելիքների խնդրագրին ընդառաջելու անհրաժեշտությունը հիմնավորելու համար: Այդ վավերագիրը, որ կրում է «Նկատառումներ Ղարաբաղի մելիքների խնդրագրի մասին» վերնագիրը, պահպանվել է պատճենով եւ չունի ստորագրություն: Հրատարակության ժամանակ ենթադրվել է, թե այն պետք է կազմված լինի 1799 թ. գարնանը, իսկ հեղինակը ամենայն հավանականությամբ Այսրկովկասի իրադրությանը լավատեղյակ Ս. Լաշկարովն է [93]: Վավերագրում նշվում է, որ «քրիստոնեության թշնամիների լծի ներքո վաղուց ի վեր տառապող Հայոց ազգը... այրվում է բաղձանքով՝ իրեն տեսնելու անկախության մեջ եւ լինելու սեփական տիրողի կառավարման ներքո: Ղարաբաղի մարզում, որպես Հին Հայաստանի միակ մնացորդի, որ պահպանել է իր անկախությունը սեփական տիրողների իշխանության ներքո, այս ազգը Աստծո օգնությամբ եւ նրանից անբաժան Համառուսաստանյան կայսրության հզոր հովանավորությամբ ցանկանում է միայն այդ հույսը: Ներկայիս այդ մարզի կեղեքումը մահմեդականների լծի տակ ոչ միայն Հայոց ազգի համար է այդ հեռանկարը սահմանափակում, այլեւ այնտեղի ամրակուռ վայրերին տիրելով՝ Ղարաբաղում պարսիկների հաստատումով, իրենց բնական դիրքով Կովկասի կիրճերում գրեթե անառիկ, Համառուսաստանյան բարձրագույն կայսերական արքունիքի (հովանու տակ գտնվող) Վրաստանը եւս վտանգվում է՝ նրանց հաճախակի ու անակնկալ, անհանգստություն եւ ավերածություն թողնող հարձակումների հետեւանքով նրա այդ մասի սահմանների մերկացմամբ: Հենց միայն Վրաց թագավորության բարօրության եւ ամբողջականության ապահովման մեջ Համառուսաստանյան կայսրության մասնակցության առումով այս (խնդրանքի) հարգումը արդեն այնքան համոզիչ է, որ պետք է սպասել մելիքների այս խնդրանքի բարեհաճ լուծում» [94]: Մելիքների խնդրանքին ընդառաջելը Ռուսաստանի համար նախընտրելի էր նաեւ այլ առումով: Գրության հեղինակը համոզված է, որ Ռուսաստանի հովանու ներքո ստեղծվելիք Հայկական պետությունը արագորեն կամրապնդվի, կդառնա ամուր հենարան եւ կարեւոր նշանակություն կունենա նաեւ Ռուսաստանի հետագա քաղաքականության համար [95]: Ելնելով այս հեռահար նպատակների իրականացման անհրաժեշտությունից, գրության հեղինակը գտնում է, որ որպես առաջին քայլ պետք է ընդառաջել մելիքների խնդրանքին եւ նրանց բնակության վայր հատկացնել Վրաց թագավորության սահմանների մեջ մտած եւ մարդաթափ եղած Հայաստանի Ղազախ գավառում [96]: Հայկական այդ գավառի վերակենդանացումը հավասարապես ձեռնտու պետք է լիներ եւ Հայ եւ թե Վրաց թագավորությանը: Արցախի հայ մելիքներին ոգեւորելու նպատակով առաջարկվում էր. Ա. Նվերներ ու շքանշաններ հանձնել մելիքներին: Բ. Վրաց թագավորին համոզել նշված տարածքը զիջելու հայ մելիքներին: Գ. Հայ եւ վրաց կողմերի միջեւ պայմանավորվածությանը ձեւակերպում տալ հանդիսավոր պայմաններում: Դ. Թույլատրել մելիքներին ունենալու մշտական զորք եւ դրա համար նրանց վարկ տրամադրել:

Բացի վերոնշյալից, առաջարկվում է նաեւ «... ի նշան եւ ի հիշատակ Հայ ազգի նկատմամբ հովանավորության, այս գաղութին տրամադրել մի քանի հրետանային սարքեր... եւ այդ սարքերի օգտագործման մեջ հմտանալու համար թույլատրել այդ ազգից մի քանի մարդու ընդգրկել Վրաստանում գտնվող Ռուսական զորքերում» [97]:

1799 թ. հունիսի 2-ին հրապարակվում է Պավել Առաջին կայսեր հրովարտակը, որտեղ Արցախի մելիքներին հայտնվում է, թե ընդառաջելով իրեն ներկայացված զեկուցագրերին, թույլատրում է նրանց հպատակ ժողովրդի հետ միասին բնակություն հաստատել Կայսրության սահմաններում եւ կամ Ռուսաստանի հովանավորության տակ գտնվող Գեորգիի թագավորության մեջ եւ ըստ մելիքների խնդրագրի նրանց վիճակը բարվոքելու նպատակով նշանակվում են թոշակներ եւ տրվում են շքանշաններ [98]: Այդ հրովարտակին հաջորդում է Պավել Առաջինի նամակը Վրաց Գեորգի 12-րդին (1799 թ. հունիսի 3), որտեղ ծանուցում է նրան մելիքներին հպատակ ժողովրդի հետ Վրաստանում բնակվելու թույլտվություն տալու իր որոշման մասին, որտեղ նրանց պետք է տրվեին նաեւ որոշակի արտոնություններ [99]: Այս նամակը հանձնվում է մելիքներին, որոնք պետք է այն ներկայացնեին Գեորգի 12-րդին՝ իրենց վերադարձի ժամանակ:

Այսպիսով, մելիքները Պետերբուրգում այլեւս անելիքներ չունեին եւ Վրաստանում լիազոր-մինիստր նշանակված եւ այնտեղ ճանապարհվելու կարգադրություն ստացած Պ. Կովալենսկու հետ բռնում են տունդարձի ճանապարհը: Հայտնի է, որ 1799 թ. օգոստոսին նրանք արդեն գտնվում էին Աստրախանում, որտեղ եւ Մելիք Ջիմշիդի անունով ստացվել էր Բաբա-խանի դեռեւս 1799 թ. հունվարին գրված նամակը՝ նրան Պարսկաստան վերադառնալու հրավերով եւ պարսկահպատակ մնալու առաջարկով ու նաեւ շահի կողմից հովանավորություն վայելելու խոստումներով [100]: Ուշագրավ է, որ ստացված նամակի մասին անմիջապես տեղյակ է պահվում Պ. Կովալենսկուն, որն էլ այդ մասին անմիջապես հաղորդում է արքունիք: Նույն օրն իսկ (օգոստոսի 17-ին) Ռուսական արքունիք է ուղարկվում նաեւ Մելիք Ջիմշիդի նամակը, որտեղ վերջինս հավաստում ու հավաստիացնում է, թե ինքը չի դրժի Ռուսաստանի նկատմամբ ունեցած իր հավատարմությունը [101]:

Մելիքները դեռեւս գտնվում էին Աստրախանում եւ չէին ճանապարհվել Թիֆլիս, երբ Հ. Արղությանը 1799 թ. սեպտեմբերի 1-ին Պետերբուրգից գրում է Գեորգի թագավորին. «Յուսամ, զի եւ վեհազնեայ Պետր Իվանիչ Կավալինցկին եկեալ իցէ եւ Ձեր արքայական բարձրութիւն միամտեալ վասն ամենայնի: Լսեմք զշինումն կամրջաց, որ զօրքն գան» [102]: Նա հանձնարարություն ուներ հաղորդելու Վրաց արքային, թե «Բաթալ փաշայ (որ աստ էր եւ մեր ամենաողորմած թագաւորի բանիւն եւ հաճութեամբ սուլթանն Թուրքաց շնորհեաց զանցանս նորա եւ ետ նմա զսերեսկերութիւնն Անատօլու), այժմ ի Ղռիմու գնացեալ է ի Տրապիզոն եւ ինձ խնդրէ հաւատարմացուցանել ձերոյ բարձրութեանն, որ եւ ոչ է թողլոց զԼեզգի ի յԱխալցխայ, որպէս հարազատ երկուց կայսերացն Աստուած տացէ այսպէս լինիլ» [103]:

Աստրախանից մելիքներն ու Պ. Կովալենսկին 1799 թ. սեպտեմբերի 9-ին ճանապարհվում են Ղզլար, որտեղից եւ Թիֆլիս են հասնում միայն նոյեմբերի 26-ին [104]:

1800 թ. փետրվարի 29-ին Գեորգի 12-րդի հրամանագրով մելիք Ջիմշիդին իր պահանջած Ղազախ գավառի փոխարեն շնորհվում է Լոռու գավառը՝ պայմանով, որ եթե Շահամիր Շահամիրյանի ժառանգներից որեւէ մեկը ներկայանա, ապա Լոռու փոխարեն Մելիք Ջիմշիդին կտրվի այլ տարածք [105]: Նրան է հանձնվում նաեւ Արցախից Դսեղ գյուղում ապաստանած ժողովուրդը:

1799 թ. դեկտեմբերին Էջմիածնում վախճանված Ղուկաս Կարնեցուց հետո կաթողիկոսական գահի շուրջ պայքար սկսվեց, իր մեջ ներառելով հայ հոգեւոր ու աշխարհիկ հասարակության ուժն ու եռանդը ինչպես Այսրկովկասում, այնպես էլ Արեւմտյան Հայաստանում, Կոստանդնուպոլսում եւ Ռուսաստանում: Ղուկաս կաթողիկոսի մահից որոշ ժամանակ անց Էջմիածնի միաբանությանն է դիմում Գեորգի 12-րդը: Նա գրում է, թե քանի որ Վրաց տերությունը «ոչ է օտար ի Սրբոյ Աթոռոյդ, այլ ունիմք եւ մեք մասն, եւ բոլոր ազգքն Հայոց կոչեն զմեզ արքայ ինքեանց, նաեւ գիտեն զմեզ ազգական արքայիցն Հայոց, արդ, եթէ այդպես է, ապա ուրեմն պարտիք եւ դուք լսօղ լինիլ Սրբոյ Աթոռոյդ օգտակամ բանիցն մերոց եւ տալ հաւանութիւն իսկ»: Գեորգի 12-րդը զգուշացնում է Էջմիածնի վանականներին, թե «ներկայումս վիճակ հայրապետութեան է Յովսէփ արքեպիսկոպոսին, եւ նա ունի արժանավորութիւն իսկ եւ կարողութիւն բարւոքապէս կառաւարելոյ զՍուրբ Աթոռդ եւ զմիաբանութիւնն ձեր, իսկ եթէ ոք վաղ ուզեսցէ նախքան զգալ Յովսէփ արքեպիսկոպոսին եւ դուք կացուցանէք այնպիսոյն հայրապետ եւ օծանէք, գիտասջիք, այնպէս է լինելոց, որպէս ի ժամանակս Քութուրին, եւ անվերջանալի խռովութիւն եւ երկպառակութիւն յառաջանալոց է եւ որքան ի յիս կարողութիւն գոյ, մինչ ի հեղումն արեանս ջանալոց եմ ի վերոյ օրինաւոր առաջադրութեանսն» [106]:

Ընտրվելով կաթողիկոս, Հ. Արղությանը 1801 թ. փետրվարին ժամանեց Թիֆլիս: Թիֆլիսում նա մասնակցեց երկու ամիս առաջ վախճանված Գեորգի 12-րդի թաղման արարողությանը եւ դեռեւս թագավորի կենդանության օրոք (1800 թ. դեկտեմբերի 18) կազմված եւ 1801 թ. հունվարի 18-ին Պետերբուրգում ստորագրված՝ Վրաստանը Ռուսաստանին միացնելու մասին Պավել Առաջինի մանիֆեստի Թիֆլիսում հրապարակման հանդեսին (1801 թ. փետրվարի 16-17):

1801 թ. մարտի 6-ին Պետերբուրգում մշակվեցին Քարթլ-Կախեթի նոր կառավարչության կանոնները, իսկ մարտի 11-ին Ռուսաստանի Սենատը գեներալ նահանգապետ նշանակեց Կնորինգին: Պավել Առաջինի մահից հետո գահ բարձրացած Ալեքսանդր Առաջինի հրովարտակով (1801 թ. սեպտեմբերի 12) հայտարարվեց Վրաստանի միացումը Ռուսաստանին:

Ռուսաստանի կազմում Վրաց պետականության վերացումից հետո բնականաբար հայ ժողովուրդը չէր կարող Հայոց անկախ պետականության վերականգնման կամ ստեղծման պատրանքներ ունենալ, սակայն Ռուսաստանի հետագա առաջխաղացման մեջ տեսնում էր երաշխիքներ իր ֆիզիկական, տնտեսական ու մշակութային գոյության պահպանման համար: Ուստի ողջունելով Ռուսաստանի մուտքը Այսրկովկաս, հայազգի գործիչները ըստ ամենայնի շարունակում էին աջակցել ռուսական արտաքին քաղաքականության իրականացմանը նաեւ հետագայում:  

 


 



[1]          Բաքար Արքայազնը (1699-1750) շարունակում էր սերտ կապեր ունենալ Ռուսաստանի եւ, մասնավորապես, Աստրախանի հայոց հետ: Բաքարի օժանդակությանը կամ Ռուսաստանում նրա միջնորդություններին դիմելու փորձեր արվում էին նաեւ Էջմիածնից: Այսպես, պահպանվել է Բաքարին ուղղված նորահայտ մի նամակի անթվակիր սեւագրությունը Օրինակ թղթոյն օրհնութեան, որ ի վերայ Բագարայ Արքային, որդւոյն Վախդանկայ », ՄՄ, ձեռ. 6241, թ. 61 բ -62 ա ), որտեղ ցավակցություն է հայտնվում հոր՝ Վախթանգի, մահվան առիթով (1675-1637), եւ շնորհակալություն, որ « կարի օգնական եւ ձեռնտու եղեալ էք բանիւք եւ արդեամբք ի շինելն նորագունի սրբոյ եկեղեցւոյդ Հայոց, որ ի Հաշտարխան քաղաք, եւ ոչ զայս միայն, այլեւ լուայ եւս զսէր եւ զբարեկամութիւն բազում ունիս առ սուրբ Աթոռս եւ առ ազգս մեր, որոց եւ զբարերարութիւն յոլովս առնես այդր, եթէ տընւորաց եւ եթէ վաճառականաց », խնդրվում է օժանդակել Մայր Աթոռի կողմից նոր նշանակված « Ներսես եպիսկոպոսդ եւ Աստուածաբան վարդապետդ նուիրակ եւ առաջնորդ կարգեալ ի Հաշտարխան եւ յայլ այդ կողմունսդ բնակեալ մերոց Հայկականաց ազգաց »: Վերոբերյալ տվյալների համադրմամբ կարելի է համոզվել, որ նամակը գրվել է Հակոբ Շամախեցու կողմից, ուղարկվել է կաթողիկոս Ղազար Ջահկեցու անունից, որով եւ պայմանավորված էր հավանաբար Աստրախանի հայոց առաջնորդ Ստեփանոս արքեպիսկոպոսի Մոսկվա փոխադրվելու հանգամանքը՝ 1738-39 թթ.: Ուշագրավ է, որ Բաքարը վկայություն էր տվել նաեւ Ստեփանոս արքեպիսկոպոսի մասին 1738 թ. մարտի 16- ին. տե՛ս Армяно - русские отношения..., III, с. 113-114:

[2]          О. П. Маркова, Россия..., с. 126.

[3]          g. paiWaZe, qarTlisa da kaxeTis..., gv. 65-66.

[4]          papuna orbeliani, ambavni qarTlisani, gv. 192-195. saq. ist. Narkvevebi, IV, gv. 623-624. Այս ճակատամարտին մասնակցել էր նաեւ Վարանդայի կամ, որ նույնն է, Չանախչի - Ավետարանոցի մելիք Շահնազարը, որ հանդես էր գալիս մնացած խաների հետ միասին եւ ճակատամարտի նախօրյակին նրանց հետ ձերբակալվել էր Հերակլի կողմից ( տե՛ս նույն տեղում ):

[5]          Սիմոն Մաղաշվիլու մասին տեղեկությունները շատ սուղ են: Հայտնի է, որ նա Հերակլի որդու՝ Գեորգի արքայազնի դաստիարակներից էր: 1776 թ. մի վավերագրում Հերակլ 2- րդը գրում է Սիմոնին, թե նրա հայրը՝ Գուրգենը, ուղեկցում էր իր պապին՝ Հերակլին ( իմա - Հերակլ I- Պ. Չ. ) Սպահան, տանում էր թագավորի ձին եւ ճանապարհին մահացել է: Ի հատուցումն դրա թագավորը Սիմոնին շնորհել էր ձորիշխանություն եւ հրամայել իր պարտականությունները իրականացնել այնպես, ինչպես սահմանված է Դաստուրլամալիում, մասնավորապես՝ նրան հանձնարարվում էր հարկերի հավաքումը եւ պաշտոնեության համար սահմանված եկամուտների բաշխումը ( տե՛ս Д. П. Пурцеладзе, Грузинския дворянския грамоты, Тифлис, 1881, с. 24. հմմտ. m. buleiSvili, saqarTvelos samRvdeloeba ruseT-saqarTvelos diplomatiur urTierTobaSi (XVIII s. meore naxevari), Tb., 1991, gv. 18).

[6]          А. Р. Иоаннисян, Иосиф Эмин, с. 59.

[7]          g. paiWaZe, qarTlisa da kaxeTis samefoebis urTierToba ruseTTan XVIII s - is 50-60- ian wlebSi, - qarTuli - samefo - samTavroebis sagareo politikis istoriidan, II, Tb., 1973, gv. 62-63. Армяно-русские отношения..., III, с. 271-272, 278-280.

[8]          Армяно-русские отношения..., III, с. 272.

[9]          i. cincaZe, aTanase Tbilelisa da simon mayaSvilis elCoba, gv. 157-162. Армяно-русские отношения..., III, с. 279.

[10]        П. Бутков, Материалы..., I, с. 241. А. Р. Иоаннисян, Иосиф Эмин, с. 60.

[11]        Ա. Ռ. Հովհաննիսյանը հակված էր հավատ ընծայելու այդ լուրերին, թեեւ արձանագրում է նաեւ ռուսական օժանդակություն ստանալու մասին ակնկալիքը . Р. Иоаннисян, Иосиф Эмин, с. 59-60, 66 прим. 45):

[12]        Армяно-русские отношения..., IV, с. 19-22: Հմմտ. v. maWaraZe, masalebi XVIII saukunis meore naxevris ruseT - saqarTvelos urTierTobis istoriisaTvis, naw. II, Tb., 1968, gv. 136, 169.

[13]        Ա. Ռ. Հովհաննիսյանը նամակի չառաքումը բացատրում է հետեւյալ կերպ. это время католикос вынужден был, по требованию хана, перебраться в Ереван. Из ереванской же крепости, где он жил под непосредственным надзором ханских властей, отправить подобное послание было, очевидно, слишком рискованно" . Р. Иоаннисян, Иосиф Эмин, с. 62).

[14]        Հակոբ Շամախեցին գրում էր Հերակլին. « Լուիցէ ուրեմն մեծութիւն եւ աստուածատուր իմաստութիւն քո, զի որպէս միշտ մինչեւ ցայժմ թէ օրհնեալ եւ բարեպաշտ հայրն քո ( զոր Տէր ի պանդխտութեան նորա անփորձ պահեսցէ եւ զբարեյաջողութիւնս տացէ նմա եւ զամենայն խորհուրդս բարիս կատարեսցէ եւ առաջնորդեալ խաղաղութեամբ վերստին յօրհնեալ երկիրդ եւ յօթեւանդ ձեր հասուսցէ ) եւ թէ դու՝ օրհնաժառանգդ, սիրելի էք զՍուրբ Աթոռս մեր եւ զսորին բարին էք կամեցեալ եւ արարեալ, նոյնպէս զազգս սիրելիք սիրէք եւ որոց վասն զբարիս կամեցեալ էք՝ կամիք եւ առնէք, որպէս զձեր Աթոռդ եւ ազգդ » ( ՄՄ, ձեռ. 2911, թ. 98 ա ): А. Р. Иоаннисян, Иосиф Эмин, с. 62.

[15]        Ռուսական արքունիքից միաժամանակ հրահանգվեց Կ. Պոլսում գտնվող ռուսական ռեզիդենտ Օբրեզկովին, որպեսզի Օսմանյան արքունիքի կողմից, որին նախապես հարմար էր նկատվել ծանուցել Թեյմուրազի սպասվելիք այցի մասին Պետերբուրգ, դժգոհության արտահայտման դեպքում ջանքեր գործադրի թուրքերի մտավախությունները ցրելու համար . П. Маркова, Россия..., с. 130): Պետերբուրգում որոշվել էր նաեւ պաշտոնական բնույթ չտալ ռուսական արքունիքում Թեյմուրազի ընդունելությանը:

[16]        А. Р. Иоаннисян, Иосиф Эмин, с. 74 ծան. 12:

[17]        Հակոբ Շամախեցին 1761 թ. մայիսի 2/5- ին Հերակլին գրած նամակում Թեյմուրազի առաքելության մասին լուրերի ակնկալիքով գրում էր. « Արդարեւ զցայգ եւ զցերեկ հոգամք եւ վարանիմք վասն ըստ մարմնոյ հօր քոյ սիրասնուցի... իսկականի սիրելւոյն եւ ստուգութեամբ բարեկամին սրբոյ Աթոռոյս մերոյ եւ մեզ իսկ: Թէ արդեօք որպէ՞ս յաջողեցաւ նմա սակս բարի խորհրդոյն նորա, զի ցայժմ ոչ ծանուցեր մեզ: Նորին աղագաւ միշտ աղօթեմք միաբանութեամբ առաջի Քրիստոսաիջի տեղւոյս եւ յանդիման Աստուածազօր Աջոյ սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ..., զի յաջողեսցէ նմա Տէր ի բարիս եւ զխորհուրդս, եւ զկամս նորա կատարեսցէ, խաղաղութեամբ եւ ուրախութեամբ հասուսցէ այդր առ քեզ եւ առ մեզ, որ զքեզ եւ զմեզ ուրախացուսցէ կատարելապէս » ( ՄՄ, ձեռ. 2911, էջ 106 բ ): Այս նամակը կասկած չի թողնում, որ Հակոբ Շամախեցին ոչ միայն չէր հավատում Թեյմուրազ - Հերակլ գժտության վարկածին, այլեւ մեծ սպասումով իրազեկ էր դեսպանության նպատակներին: Հմմտ. А. Р. Иоаннисян, Иосиф Эмин, с. 62-63:

[18]        Gg. paiWaZe, նշվ. աշխ., էջ 86-87:

[19]        g. paiWaZe, նշվ. աշխ., էջ 89:

[20]        А. Р. Иоаннисян, Иосиф Эмин, с. 74-75.

[21]        Այդ առիթով Ա. Ռ. Հովհաննիսյանը գրում է, թե իր իսկ խոսքերով, Հովսեփ Էմինը «прибыв в Гори, он встретил там тбилисского епископа Захария, сообщившего ему, что Ираклий им очень доволен и хочет дать ему важное поручение; на это он будто бы ответил, что едет в Индию к отцу, после чего Захарий не проронил больше ни слова. Однако весь этот збивчивый рассказ более чем подозрителен... если он так обрадовался слухам о благосклонном отношении к нему Ираклия, то почему, приехав туда, он гордо отклонил протянутую ему руку? Как бы то ни было, Эмин с очень большой поспешностью покинул пределы Грузии» . Р. Иоаннисян, Иосиф Эмин, с. 212-213).

[22]        Санкт-Петербургкие ведомости, N 11, пятница 5 фев. 1769·г., - տե՛ս П. Г. Бутков, Материалы..., I, с. 464.

[23]        saqarTvelos istoriis narkvevebi, IV, gv. 654.

[24]        Նույն տեղում, էջ 656:

[25]        Армяно-русские отношения, IV, с. 105.

[26]        m. buleiSvili, նշվ. աշխ., էջ 71-97:

[27]        Նույն տեղում, էջ 92:

[28]        П. Бутков, Материалы..., II, с. 25-26.

[29]        1783 թ. սեպտեմբերին Հովհաննես Լազարյանին ուղղած նամակում նա գրում է. « Մեք յօքոստոսի մուտն գրեցաք առ քեզ զորպէսն մեր եւ զայն, որ Պաւլ Սարգէիչ Պօտէմկինն յաղագս Վրաց բանիցն կրկին խնդրեալ էր զմեզ ի գալ դեսպանաց նոցա, ուստի եւ մեր գնացեալ առ նա՝ հոգացեալ եղեւ բանն Վրաց եւ դաշանցն ձեռք եդեալ երկուց կողմանց, առեալ գնացին եւ եղեն յաւիտեան բախտաւոր:... Թագաւորական շահաւէտ բանս իմ հոգացեալ՝ համարեա թէ զսիրտն Վրաց արքայի մերով գրուածովն շրջեցաւ առ ռուսաց, գիտէ զայս ( կրկնված է բնագրում - Պ. Չ. ) ամենայն Պաւլ Սարգէիչն, որպէս եւ մերով միշտ շնորհակալի, բայց զի՞նչ օգուտ, որ չունիմ տէր ի յունկս Մեծին հասուցանել, քանի ստոր անձինք ի մէջ բանից վարձատրեցան՝ մինչ իմացեալ եղեւ գործ նոցա, իսկ մերն՝ մնաց, բայց միայն Պաւլ Սարգէիչի թուղթքն կան առ մեզ »: ՄՄ, ձեռ. 4496, էջ 173-174: Նամակի հեղինակի եւ թվականի ճշտումը կատարված է մեր կողմից՝ ըստ բովանդակության:

[30]        Վ. Մարտիրոսյան, 1783 թ. Գեորգիեւսկի դաշնագիրը եւ հայերը, - ՀՍՍՀ ԳԱ « Լրաբեր հասարակական գիտությունների », 1978, թիվ 9, էջ 92-100: Նույնի՝ Նոր վավերագրեր Գեորգիեւսկի 1783 թ. դաշնագրի մասին, - ՊԲՀ, 1978, թիվ 3: Ա. Ն. Սուրգուլաձե, Գեորգիեւսկի պայմանագիրը եւ նրա առաջադիմական նշանակությունը ( Պայմանագրի 200- ամյակի առթիվ ), - ՊԲՀ, 1983, թիվ 2-3 (101-102), էջ 13-20:

[31]        В. Н. Гамрекели. Межкавказские политические и торговые связи. Тбилиси, 1986, с. 204.

[32] Армяно-русские отношения в XVIII веке (сб. док. ). 1760-1800. т. IV. Ереван, 1990, с. 323.

[33]        Հավանաբար այդ ժամանակ է Հերակլ Երկրորդը ռուսական արքունիք ներկայացրել նաեւ Այսրկովկասի վարչաքաղաքական միավորների զինանշանների մասին իր կազմած տեղեկանքը, որի արխիվային ռուսերեն թարգմանությունը անթվական է.

            Герб Грузинский гора з двумя стрелами.

            Герб Кахетинский –великомученик Георгий на коне сидящи.

            Герб Ереванский Араратская гора с ковчегом.

            Гянджинской герб пламен три цтроими

            Атабашской герб озеро с монастером

            Герб Казацкой рука с колием держит

            Герб Борчалу сабля поперог.

            Герб у Шамшадила ружие.

            Герб у Ширвана волк.

            Герб Шаконской лиса.

            На подлинном подписано тако: ИРАКЛИ (ЦГАДА. Гос. Архив, ф. 15, д. 185, л. 239 об. ). Թեեւ Արցախի մելիքների զինանշանների մասին Հերակլի կազմած ցուցակում հիշատակություն չկա, սակայն անհավանական չէ, որ նրանք եւս պետք է ունենային իրենց զինանշանները: Որպես այդպիսին է ներկայացված մասնավորապես մի պատկերում, որը ըստ հրատարակչի կարող է եղած լինել Վարանդայի մելիքներից Շահ - Նազարի զինանշանը: Նրա վրա կան « Վ Մ Շ - Ն » տառերը, իսկ արծվագլխի վերեւում նկարված է եկեղեցու գմբեթ եւ խաչ: Տե՛ս Պայքար ( Բոստոն ), 1960, էջ 332-334. ): Այսրկովկասի մի շարք այլ խանությունների եւ Վրաց իշխանների զինանշանների մասին խոսվում է նաեւ Վախուշտիի մոտ:

[34]        Армяно-русские отношения..., т. IV, с. 323. А. Р. Иоаннисян. Россия и армянское освободительное движение, Ер., 1990, с. 45-48.

[35]        Հովհան ( Իոնա ) Գեդեւանիշվիլու ուղեգրության մեջ հայերի մասին եղած տեղեկությունների քննությունը տե՛ս Պ. Ա. Չոբանյան, Վրացական ուղեգրությունները..., էջ 66-78:

[36]        Г. Г. Пайчадзе. Историческое значение Георгиевского трактата. - “Из истории вековой дружбы”, Ереван, 1983, с. 85.

[37]        Армяно-русские отношения...,..., т. IV, с. 413. Նամակի ռուսերեն թարգմանությունը տե՛ս “Письма архиепископа Иосифа Аргутинского о Грузии” (1795-1796). - “Кавказская старина”, Т., 1872, с. 19-30.

[38]        Նույն տեղում:

[39]        Ըստ Ադի Գեօզալ բեկի, մինչ Աղա Մահմադ խանի Պարսկաստան վերադարձի մասին տեղեկանալը, Կախեթում գտնվող Հերակլ 2- րդը. « ժողովեալ զմնացեալ ազգականս եւ զթոռունս իւր ի միասին ընդ թաւատաց ի Դուշեթ գաւառակին, այսպէս խորհուրդ արար, թէ՝ աւուրք կենաց իմոց ի վախճան հասեալ են եւ բաժակ կենդանութեան իմոց լցեալ՝ մերձ է ի հեղուլ, յետ այսր ոչ վայել է ինձ նստիլ յանկիւնս իշխանութեան Աղայ Մհամմատ շահին իբրեւ պատանդ՝ հնազանդ լեալ նմա ձայն, ի հրամանաց նորա լսել: Ուստի, առ հարմարելոյ բերմանց ժամանակին, արժան է զմին յազգականաց իմոց ընդ ձեզ առաքել առ ոտս Աղայ Մհամմատ շահին ի պատանդ » ( ՄՄ, ձեռ. 4463, թ. 23 բ )

[40]        Հովսեփ Արղությանի այս տողերը սխալ է ընկալվել Ռուսուդան Ճուբաբրիայի կողմից, որը բերելով այդ հաղորդումը, եզրակացրել է, թե իբր « Հերակլը ուներ բավական լուրջ ընդդիմադիր հայկական խմբավորում »: ( rusudan Wubabria. erekle II - is mimarT somxuri jgufis dapirispirebis mizezTa garkvevisaTvis. - Tsu Sromebi, t. 327, 1998, gv. 155). Հեղինակը, սակայն, միաժամանակ իրավացիորեն արձանագրում է, որ ինքը չի կիսում Հերակլի դեմ Հովսեփ Արղությանի գործողությունների հետ կապված Ալեքսանդրե Ջամբակուր - Օրբելիանիի կարծիքը. « Նրա պնդումները, մեր կարծիքով, ճշմարտությունից զուրկ են եւ սուբյեկտիվ վերաբերմունքից են բխում » ( Նույն տեղում ): Ա. Ջամբակուր - Օրբելիանիի նշված տեսակետի հերքումը տե՛ս Պ. Չոբանյան. Վրացական ուղեգրությունները, էջ 144:

[41]        Այդ համոզվածությունը, հավանաբար, գալիս էր նրանից, որ Հ. Արղությանը, գրելով իր նամակը նոյեմբերի 27- ին, թեեւ աղոտ, սակայն արդեն տեղեակ էր Ի. Գուդովիչի հոկտեմբերի սկզբներին արքունիք առաքած նամակին ու արքունիքում նրա գտած արձագանքներին, որով առաջարկվում էր պատժիչ արշավանք իրագործել դեպի Այսրկովկաս: Նշելի է, որ մեկ ամիս անց, 1795 թ. դեկտեմբերի 15- ին Ստեփան Դավթյանին գրած նամակում նշում է արքունիքի մտադրությունների մասին եւ առաջարկում արշավանքն իրականացնել Դերբենտի ուղղությամբ: Армяно-русские отношения..., IV, с. 414:

[42]        Армяно-русские отношения..., IV, с. 414, 418:

[43]        Նույն տեղում, էջ 435-439:

[44]        Նույն տեղում, էջ 439-440: Հմմտ. С. П. Гасарджян, В. К. Восканян. Материалы по русско-закавказским отношениям конца XVIII века, էջ 237-238:

[45]        Տե՛ս Ս. Գ. Ղուկասյան. Հովսեփ Արղությանը ռուսական զորքերի 1796 թ. անդրկովկասյան արշավանքի ժամանակ, էջ 91:

[46]        Армяно-русские отношения..., т. IV, с. 439-440:

[47]        Նույն տեղում, էջ 440:

[48]        Նույն տեղում, էջ 443-445:

[49]        ՄՄ, ձեռ. 2951, թ. 121 ա - բ:

[50]        ՄՄ, ձեռ. 2951, թ. 121 բ:

[51]        ՄՄ, Նույն տեղում, էջ 122 ա:

[52]        ՄՄ, ձեռ. 2951, էջ 129 ա:

[53]        Տե՛ս ստորեւ:

[54]        saqarTvelos istoriis narkvevebi, IV, gv. 774.

[55]        Հավանաբար այս առիթով էլ հարքունիս էր բռնագրավվել Մանուչար Թումանյանի գույքը:

[56]        Г. Натадзе. Крестьяне “Сахасо” в Восточной Грузии в конце XVIII в., - “Материалы по истории Грузии и Кавказа”, 1937, ч. V, с. 364-365. Дор. Учанейшвили. К вопросу об экономическом развитии Восточной Грузии во второй половине XVIII века. - “Материалы по истории Грузии и Кавказа”, 1937, ч. V, с. 424-426.

[57]        АВПР, ф. Сношения России с Арменией (СРА), оп. 100/3, 1764-1800 гг., д. 462, л. 56-57(44-46).

[58]        « Հայկական աղբյուրները Աղա - Մուհամմադ խանի անդրկովկասյան արշավանքների մասին », էջ 97:

[59]        saqarTvelos siZveleni, III, tf., 1910, gv. 311.

[60]        АВПР, ф. Сношения России с Арменией (СРА), оп. 100/3, 1764-1800 гг., д. 462, л. 58-60. Հ. Արղությանին ուղղված Հերակլ Երկրորդի նամակի ռուսերեն թարգմանության մեջ ասված է. “Когда Ваше Высокопреосвященство с отрядом победоносного Е. И. В. войска прибыли в Грузию к утешению здешняго христянского народа... тогда составили тем мне и всей области моей находящейся в нынешных горестных обстоятельствах, немалую отраду”.

[61]        Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. 2951, թ. 161 ա: Փետրվարի 14- ին Հ. Արղությանը դեռեւս նամակ էր գրում Հերակլին ( տե՛ս նույն տեղում, թ. 156 բ -157 ա ):

[62]        Давид Царевич Грузинский, Краткая история Грузии, Тифлис, 1893, с. 59.

[63]        Մատենադարան, ձեռ. թիվ 2951, էջ 180 բ:

[64]        А. Р. Иоаннисян. Указ. соч., с. 66-67.

[65]        АВПР. Ф. СРА, оп. 100/3, 1790-1800, д. 463, л. 5; Նույն վավերագիրը փոքր տարընթերցումներով տե՛ս նաեւ АВПР. Ф. СРГ, оп. 100/3, 1798-1799, д. 4542, л. 96-97:

[66]        Նույն տեղում: Այս վավերագրերը եւ նրանց հեղինակների ազգային պատկանելության հարցերը մասնագիտական գրականության մեջ միանշանակ գնահատություն չեն ստացել: Աբգար Հովհաննիսյանի (Иосиф Эмин, Ереван, 1945) գրքից հետո վերջին անդրադարձները տե՛ս l. tuxaSvili. qarTl - kaxeTis samefos urTierToba kavkasiisa da maxlobeli aRmosavleTis xalxebTan, - saqarTvelos feodaluri xanis istoriis sakiTxebi , t. II, Tb., 1972, gv. 91-108. В. Мачарадзе. Грузинские документы по истории грузино-курдско-ассирийско-русских взаимоотношений в 60-70-х гг. XVIII в., Тб., 1989, с. 24. Ùm. geguCaZe. somexTa ganmaTavisuflebeli moZraoba me -18 saukunis 60- ian wlebSi da saqarTvelo, -“ qarTuli diplomatia ( weliwd. ), t. 3, Tbilisi, 1996, gv. 281-283.

[67]        Մատենադարան, ձեռ. 2951, թ. 157 ա -158 ա:

[68]        saqarTvelos istoriis narkvevebi, IV, gv. 807. al. jambakur - orbeliani, mefis iraklis... ambebi, - s. kakabaZe, werilebi da masalebi saqarTvelos istoriisaTvis, w. I, Tbilisi, 1914, gv. 39-40. Գեորգին իր աշխատանքային օրվա նման բաշխումը՝ այն է. անելիքները մասամբ կատարել գիշերները, ժառանգել էր Հերակլ Երկրորդից: Ս. Բուրնաշեւի վկայությամբ Հերակլը "... муж не посредственного ума, редко терпеливый и безпримерно набожный... удивительно деятелен, бдит во всю ночь до утра отправляя  сам дела своего государства, спит мало, днем дает аудиенции послам, приезжающим от Персидских владетельных ханов и от горских народов. Производит суд своим подданным, даже и в самых малых расприях, сведущ из опытов в политических обычаях азиатских... ни к чему однако-ж так не стремится, как преобразовать народ свой по европейски" (Картина Грузии или Описание политическаго состояния царств Карталинскаго и Кахетинскаго, Сделанное... Бурнашевым в Тифлисе в 1786 г., Тифлис, 1896, с. 10). Հերակլի հրավերով բազմիցս գիշերները պալատ է այցելել նաեւ նշանավոր հայ տպագրիչ Պողոս Արաբյանը եւ այդ մասին շարադրել իր ականատե՛ս ու աներկբա վկայությունները ( Հ. Սահակ Ճեմճեմեան, Տպագրիչ Պօղոս Արապեան եւ Հերակլ վրաց թագաւորը, - « Բազմավէպ », 1978, 1-2, էջ 67- 98):

[69]        Մատենադարան, ձեռ. 2951, թ. 163 բ: Հ. Արղությանի այս նամակը մեզ է հասել միայն համառոտագրումով եւ ավարտվում է հետեւյալ գրառումով. « Զայլսն ի յորդւոյն եւ ի քնեազ Գեօրգուն գիտել », ասել է, թե հանգամանորեն բերանացի նրան կհաղորդեն Պետերբուրգից Վրաստան վերադարձող Դավիթ արքայազնը եւ վրաց դեսպանության քարտուղար, իշխան Գեորգի Ավալիշվիլին:

[70]        Армяно-русские отношения..., IV, с. 478.

[71]        Давид Царевич Грузинский, Краткая история Грузии, с. 59.

[72]        Մատենադարան, ձեռ. 2951, էջ 215 բ -216 ա:

[73]        Վրաստանում լուրեր էին տարածվում, թե իբր պարսկական բանակն արդեն ժամանել է Ատրպատական եւ մտադիր է արշավելու Վրաստան: Այդ է պատճառը, որ Գեորգի 12- ը իր աներոջը՝ Գեորգի Ցիցիշվիլուն, մոտ մեկ հազար ռուբլու արժեքի չափով նվերներով ուղարկում է Պարսից արքունիք: Սրանով նա ցանկանում էր ժամանակ շահել՝ մինչ օժանդակություն կստանար Ռուսաստանից: Պարսկաստան մեկնելու ճանապարհին Գեորգի Ցիցիշվիլին տեղեկանում է, որ Բաբա խանը այդ ժամանակ զբաղված էր Խորասանի, բախտիարների եւ Բենդեր Աբասի շրջանում ծագած ապստամբությունների ճնշման խնդիրներով, ուստի այլեւս չի շարունակում ճանապարհը եւ շուտափույթ վերադառնում է ետ ( կ. ըցՑՍՏՉ, նշվ. աշխ., II, էջ 445):

[74]        Գեորգի 12- րդի՝ 1798 թ. հոկտեմբերի 11- ով թվագրված հավատարմագրերը Գ. Ճավճավաձեին են հասել միայն նույն թվականի դեկտեմբերին՝ Գեորգի Ավալիշվիլու միջոցով ( տե՛ս z. cqitiSvili. Ggarsevan WavWavaZis saxelmwifoebrivi moRvaweoba, gv. 148.

[75]        Դիւան հայոց պատմութեան, գիրք Թ, էջ 192-194: Մատենադարան, ձեռ. 2951, էջ 214 ա: Հ. Արղությանի նամակում նշված չէ գրության թվականը, այլ նամակի վերջում դրված է միայն ամսաթիվը՝ « սեպտեմբերի : « Դիւան »- ում այս նամակը հրատարակված է 1795 թվականի ներքո: Իրականում այն գրվել է 1798 թ.

[76]        Մատենադարան, ձեռ. 2951, էջ 214 ա:

[77]        Նույն տեղում:

[78]        Նույն տեղում:

[79]        Նույն տեղում, էջ 218 ա:

[80]        Նույն տեղում, էջ 234 ա:

[81]        Հ. Արղությանի մեկ այլ նամակից, որ նա գրել էր Գեորգի թագավորին 1798 թ. դեկտեմբերի 16- ին, պարզվում է, որ ստացվել էին նաեւ գաղտնի նամակներ, որոնց բովանդակության մասին Արղությանը լռում է: Իր նամականիում նա գրանցել է միայն, որ ինքը պատասխան է ուղարկել Թիֆլիս « առ Գիորկի արքայն, յարքայորդւոյն եւ մեր Սօլօմօնին՝ ընդ գաղտնի թղթոցն իւրեանց » ( Մատենադարան, ձեռ. 2951, թ. 238 ա ):

[82]        Մատենադարան, ձեռ. 2951, էջ 237 ա - բ:

[83]        Նույն տեղում, էջ 141 բ:

[84]        Армяно-русские отношения..., IV, с. 489.

[85] АВПР, ф. СРП, оп. 77/6, д. 490, л. 16-17.

[86]        z. cqitiSvili, նշվ. աշխ., էջ 154:

[87]        Մատենադարան, ձեռ. 2951, էջ 252 ա ( Հ. Արղությանի նամակը « առ քնեազն Սօլօմօն եւ Զաքարիա բեչյն ի Թիֆլիզ » 1799 թ. փետրվարի 25):

[88]        Նույն տեղում:

[89]        Армяно-русские отношения..., IV, с. 489. Ռուսերեն բնագրի տակ հայերեն ստորագրել են « Մէլիք Ջիմշիդ, Մէլիք Փրիդոն, Պետրոս Մադաթով »: Ուշագրավ է, որ դեռեւս Պետերբուրգում գտնվող Մէլիք Փրիդոնին Գեորգի 12- րդը կալվածք եւ հպատակներ է շնորհում Վրաստանում ( տե՛ս Վրաստանի ԳԱ Ձեռագրերի ինստիտուտ, Hd -3978):

[90]        АКАК, II, с. 1147.

[91]        saqarTvelos istoriis narkvevebi, IV, gv. 303. Այս երկու հավակնորդների շուրջ համախմբված գործիչների հակամարտ կողմերը ռուս - վրացական հարաբերությունների ապագան թեեւ տեսնում էին Գեորգիեւյան պայմանագրի շավղի մեջ, սակայն Պարսկաստանի կողմից վտանգի սաստկացումն ու Ռուսաստանի կողմից Գեորգիեւյան պայմանագրով նախատեսված օժանդակության ցուցաբերելը ձգձգելու պատճառով փորձում էին փնտրել նաեւ այլ միջոցներ: Ալեքսանդր Արքայազնը նախընտրեց հեռանալ Պարսկաստան եւ ապավինել Բաբա - խանի օժանդակությանը՝ ուժով խլելու իշխանությունը Գեորգի 12- րդի խմբակցությունից: Վրաստանի ներքաղաքական պայքարի մասին տե՛ս a. baramiZe. Sinapolitikuri brZolis erTi magaliTi XVIII s - is dasasrulisa da XIXs - is dasawyisis qarTul epistolarul wyaroebSi. - Ziebani saqarTvelosa da kavkasiis istoriidan , Tb., 1976, gv. 312-318.

[92]        Армяно-русские отношения..., IV, с. 503.

[93]        Նույն տեղում, էջ 552, ծան. 145: Ս. Լաշկարովը վրացական ծագումով ռուսական պետական գործիչներից էր, որը սերտ կապի մեջ էր Այսրկովկասյան ժողովուրդների ներկայացուցիչների հետ: Նա, հավանաբար, գիտեր նաեւ հայերեն: Այդ մասին վկայող փաստ է 1799 թ. հոկտեմբերի 15- ին Ղուկաս Կարնեցի կաթողիկոսի՝ Վ. Կոչուբեյին գրած նամակի ռուսերեն թարգմանության վերջում արված այն նշումը, թե « բնագրի հետ համեմատել է գաղտնի խորհրդական Սերգեյ Լաշկարովը » ( տե՛ս նույն տեղում, էջ 513 եւ 553, ծան. 150): ( Հմմտ. Г. Л. Кессельбреннер. Хроника одной дипломатической карьеры. Дипломат-востоковед С. Л. Лашкарев и его время. Москва, 1987, с. 5) ։ Ուշադրության արժանի փաստ է նաեւ այն, որ Գրիգորիոպոլից 1792 թ. հունիսի 20- ին Հ. Արղությանը Հովհ. Լազարյանին գրած նամակով խնդրում էր միջնորդել արքունիքի առաջ Լաշկարովին Ղրիմի նահանգապետ նշանակելու համար. « Այսու գրով մատչիմ առ քեզ յաղագս ստոյգ եւ ճշմարիտ բարեկամին մերոյ եւ սրտացաւին բոլոր հասարակութեան ազգիս Հայոց Սերգե Լազրիչ Լաշկարօվին, որոյ անբավ գորովագրութիւնն ոչ է կար մեզ պատմել, զի դու ինքնին իսկ գիտես: Գիտես, որ ի Դրան Մեծէն եթէ ոք պաշտպան ոչ ունի, ոչ ինչ կարէ շինել վասն ինքեան, որպէս բնութիւն դորա գիտես, վասն այլոց ի բոլոր սրտէ հետեւի զբարիս առնել եւ վասն ինքեան՝ ոչ երբէք: Դա իւր յոյսն յետ Աստուծոյ եդեալ է առ քեզ, որ վասն դորա գրաֆ Բեզբորոդկուն խօսեսցիս, որ նա տիրութիւն դմա առնելով մի կորիցէ աշխատանք դորա, այլ գտցէ զվարձս ծառայութեան իւրոյ եւ կտոր մի հաց յաղագս զաւակացն իւրոյ, եթէ ըստ հանդիպմանն գուբեռնաթ լինիցի ի Ղռիմ, յոյժ բարւոք լինի եւ կամ եթէ հաճոյ երեւիցի գրաֆին, որ զդա կարգաւորեսցի ողորմած թագուհին, որ դա հատկապէս հետեւեսցի զազգս Հայոց եւ այլ քրիստոնէից, յամենայն տեղեաց ժողովել աստ, կարի շուտով բազմանան եւ ազգ մեր լինի բախտաւոր: Այսքանս ըստ խնդրոյ եւ ըստ խորհրդակցութեան իւրոյ գրեցի առ քեզ, աղաչեմ մի անտե՛ս առնել զդա, այլ որպէս ազգ քոյ ընկալցիս, զի բարերար է նոցա եւ մեզ... » ( Մատենադարան, ձեռ. 2949, էջ 266 բ ):

[94]        Այդ հանգամանքը հասկանում էր նաեւ Իբրահիմ խանը: 1796 թ. Վալերիան Զուբովին հղած նամակում նա գրում էր. Երբ այս քաղաքը ( իմա՝ Շուշին - Պ. Չ. ) պահպանվի ձեր կողմից, ապա կարող եք տիրել եւ տիեզերքին (АВПР, ф. СРА, оп. 100/3, 1764-1800 гг., д. 462, л. 48-49).

[95]        Նույն տեղում, էջ 506:

[96]        18- րդ դարի վերջերին Ղազախ գավառը տարածվում էր մինչեւ Դիլիջան բնակավայր, որտեղ եւ գտնվում էր գավառի թեմական կենտրոն Հաղարծնի վանքը ( տե՛ս Մատենադարան, կա թ. դիվան, թղ թ. 4, վավ. 9):

[97]        Նույն տեղում:

[98]        Նույն տեղում, էջ 507:

[99]        Նույն տեղում, էջ 507-508:

[100]      АВПР, ф. СРП, оп. 77/6, 1796-1800, д. 473, л. 307, 310.

[101]      Армяно-русские отношения..., IV, с. 510.

[102]      Մատենադարան, ձեռ. 2951, էջ 292 բ:

[103]      Նույն տեղում, էջ 293 ա:

[104]      Մատենադարան, կա թ. դիվան, թղ թ. 9, վավ. 132, էջ 1: Պահպանվել է Մելիք Ջիմշիդի Աստրախանից Պավել Առաջինին գրած մի նամակը, որ թվագրված է 1799 թ. սեպտեմբերի 22- ով: նամակում նա խնդրում է թույլ տալ Աստրախանւմ գտնվող իր ազգականներին, որպեսզի ... Восприяли на себя все знаки приличныя их породе и получа свое достоинство не именовались боле Ивановыми, но князьями Аршакунянскими, и употребляли везде герб рода своего”(Армяно-русские отношения..., IV, с. 511). Հետաքրքիր է, որ նամակը ստորագրված է “Малой Армении Шушинской и протчих провинций владелец мелик Чемшит Шахназаров, князь Аршакунянский”  ( նույն տեղում ): Պետք է նշել, որ Արցախի մելիքների այդ մտայնությունը, թե իրենց տոհմը ծագում է Արշակունիներից, նոր չէր: Դեռեւս 1781 թ. սեպտեմբերի 2- ին Ադամ եւ Բեգլար մելիքների Եկատերինա 2- րդին ուղղած նամակում նշում էին. « Մեք, ի ազգաց Հայոց ի տանիցն Արշակունյաց եւ Աւղանից ի արքունական գահոյից մնացեալ ազնիւ զինաւորացէն ժառանգ մելիքներս եւ մեր բոլոր երկիրս իշխանօվքն հանդերձ » ( նույն տեղում, էջ 181):

[105]      Кавказская старина. год I, ¹ 2, Тифлис, 1872, с. 36-37.

[106]      Մատենադարան, կաթողիկոսական դիվան, թղ թ. 9, վավ. 168: