Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՏԱՂ ՅԱՐՈՒԹԵԱՆ
       Փառք Քրիստոսի ամենազօր յարութեան։
       Սայլն այն իջանէր ի լեռնէն ի Մասեաց,
       Եւ ի վերայ նորա աթոռք են կարգեալ‚
       Եւ ի վերայ նորա գահոյք ոսկեղէնք‚
       Եւ ի վերայ նորա բեհեզք ծիրանիք‚
       Եւ ի վերայ նորա որդի արքայի‚
       Եւ յաջմէ նորա վեցթեւէան սրովբէք‚
       Յահեկէ նորա բազմաչեայ քրովբէք‚
       Առաջի նորա մանկունք գեղեցիկ‚
       Ի գիրկս նոցա խաչն տէրունական‚
       Ի ձեռին նոցա սաղմոսարան եւ քնար‚
       Որք երգէին եւ ասէին.
       Փառք Քրիստոսի ամենազօր յարութեան։
       Ածեալ են ածեալ զսայլիկն‚
       Ածեալ են կացուցեալ.
       Եւ ահա չշարժէր սայլիկն այն.
       Եւ ահա չխաղայր անիւն այն։
       Եթէ հարիւր բարդ խոլըրձուն, վեց կորընկանն,
       Մին մանուշակ խրձադիզեալ,
       Ի Մասեաց յաջ կողմանէն,
       Սայլիկն ածեալ են կացուցեալ.
       Եւ ահա չշարժէր սայլիկն այն,
       Եւ ահա չխաղայր անիւն այն։
       Եթէ սամիքն են արծաթի, լուծն էր ոսկի
       Եւ սամոտիքն ապրիշումի.
       Փոկեր շարած, շարանըման հոյլ մարգարիտ,
       Եւ ահա չշարժէր սայլիկն այն,
       Եւ ահա չխաղայր անիւն այն։
       Այն ճորտն ճոխ էր եւ ճապուկ,
       Ուռամիջակ, հաստաբազուկ,
       Լայնաթիկունք, խարտիշագեղ, ահեղագոչ,
       Նա ձայն ածէր եզն ամոլին,
       Կանչիւն առնէր աթոռակին։
       Եթէ եզինքն են սաթ սպիտակ,
       Ծաղկախայտուցք, արագաքայլք, ընթացականք,
       Եղջիւրն ամէն խաչանըման,
       Եւ մազն ամէն հոյլ մարգարիտ,
       Եւ ահա շարժէր սայլիկն այն,
       Եւ ահա խաղայր անիւն այն։
       Ի յառեղէն առեալ շարժումն կուրծն սայլին,
       Նա ձայն ածէր եզն ամոլին։
       Սայլն ի Սինայ երկրորդ օրէնքն էր Մովսիսին։
       Եւ այն հարիւր բարդ խոլրձան,
       Այն նահապետքն են մարգարէք։
       ………………………………………
       Ի գիլ գայր ի գիլ, սայլիկն ի գիլ.
       Եւ ճռնչալով գայր մտանէր յԵրուսաղէմ.
       Եւ որդիք նոր Սիօնի նոր երգէին զայս ասելով,
       Փառըք Քրիստոսի ամենազօր յարութեան։
       Կը տեսնա՞ս Ռշտունցւոյ մը երգն՝ Աչքն ի ծով, Այտն նռնենի, կուսին նկարագիր՝ Բերանն երկթերթի, Վարդն ի շրթանց կաթէր. Ծոցն լուսափայլ՝ կարմիր վարդով լցեալ…։ Կը տեսնա՞ս Ռշտունցի հօտաղեզնավարին սրբազնացուցեալ երգն. ընտիր նկարագիր սայլին որայից խրձաբարձ։ Իսկ մէկ քանի բառեր դեռ կը մնան անվերծանելի։
       Աստ արժան կը համարիմ դասաւորել դարուս ականաւոր հայ բանաստեղծ Հ. Գաբրիէլ Պատկանեանի մէկ երգն, որ Գողթնեաց բամբռամբ եւ Ռշտունեան քերթուածով յօրինած է։ Կարծես բամբիռն ի ձեռին՝ հոգւով սլացեր յալիսն ալեաց ծովուն Ռշտունեանց, անոր երեսաց եւ եզերաց բնակաց բնութեան ձայնիւ եւ տեսարանով շաղեալ իր երգն՝ կ՚երգէ զՅուռութս Յուլունսն Շամիրամայ ի ծովն ծիրանի։ Եւ ահաւասիկ,