Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՈՂԲ ԱՊՈՎԵԱՆ (Բայաթի ասացեալք)
       Երկնքի կանանչ կարմի՛ր, ա՜յ սիրուն կանա՛նչ կարմի՛ր.
       Լերդս ու թոքս չորացել են, սար ու ձոր կանա՛նչ կարմի՛ր։
       Դաշտի ծաղիկ ռանգէ՛ ռանգ, ձեզ նման կ՚աճին օրն ու կեանք։
       Ծաղիկն‚ որ հոտ չունենայ, էլ ի՞նչ օգուտ ռանգէ ռանգ։
       Էնտո՛ւր համար եմ էնտուր, էրվում, պրծնում ա՛խ մէկ օր։
       Աշխարհքն ինձ տաս՝ պէտքը չի, թո՛ւր եմ ուզում, ինձ էն տո՛ւր։
       Սրտիս մի՛ տար որ էրես, ինձ փոթոթես, խորովես,
       Հոգիս ուզի՛ր որ քեզ տամ, թո՛ղ մէկ տեսնեմ քո երես։
       Սրտիս կաթել ա արիւն, քո՛ մարմին, քո՛ արիւն,
       Յետ արի՛, աչքովդ տե՛ս, թէ սիրելւո՛յդ ի՞նչ արին։
       Քեզ որ տեսայ ջրի ղրաղին, խելքս թռաւ էն հադաղին.
       Հէնց մարդ պէ՛տք է տայ հոգին, որ չսպանես դու սաղին։
       Ի՞նչ ես տանջւում‚ ա՜յ նաչար, որ չունիս քեզ մէկ աւար։
       Մէկ սիրտ‚ որ դարտ չիմանայ, հալբաթ վա՛տ է ու նաչար։
       Քեզ ի՛նչ արի՝ կտրեցիր, լեզուդ ինձմէ քաշեցիր,
       Ի՞նչ ես սրել էդ թուրը, մէկ սիրտ ունի՝ կտրեցիր։
       Էստեղ մարդիկ կան ե՛ս, քե՛զ եմ կարօտ քե՛զ, ա՜խ, ես,
       Որ գաս տեսնես հողումը, եարաբ, վրէս սուգ կ՚անե՞ս։
       Լա՛ց, իմ օր, Ազի՛զ, լա՛ց, երբ գաս, տեսնես ինձ մեռած,
       Շատ էլ հասրաթդ քաշեցի, ինձ սպանեց սուգն ու լաց։
       Ինձանից դու ձեռք քաշի՛ր, կ՚ուզես՝ հոգիս ա՛ռ քաշուիր։
       Մահիս գիրը գրվել ա, դու էլ արի՛ ձեռք քաշի՛ր։
       Աչքս ճամբէտ ա, արի՛, արի՛ հոգիս ա՛ռ, արի՛,
       Գիւնահս երեսովս չի տաս, փոշմանել եմ ինչ արի՛։
       Մի՛ դարտ անել սիրտ արա՛, ի՞նչ ես էրվում սիրտ արա՛,
       Էդքան մաշուիլը պէտքը չի՛, ինչ ասում են սիրտ արա՛։
       Անի՛, Անի՛, ա՜խ Անի՛, քանդողիդ տունը քանդուի։
       Քեզ որ ազգը չի պահեց, մէկ սուգ անող ի՞նչ անի։
       Ա՜խ, իմ արեւս մտաւ մէր, մնացի անհէր, անաղբէր,
       Դու էիր կեանքս ու արեւս, դու էլ գնացիր ա՜յ իմ մէր։
       Մնացել եմ մէկ յէրում, ա՜խ քաշելով ինձ սպանում։
       Թէ չե՛ս դարտիս վրայ հասնիլ, էլ ո՞ւր ես ինձ, ա՜խ, էրում։
       Երեսդ բա՛ց ու յետ տա՛ր, ե՛րբ ուզենաս՝ հոգիս ա՛ռ։
       Թո՛ղ մէկ հողը, ա՜խ, մտնեմ, էն վախտը սիրտդ յետ տա՛ր։
       Տա՛ր էդ հաւին, ա՜յ ուրուր, աշխարհքս տնանկ ա ա՜յ ուրուր,
       Մարդի թուրն ա կտուր, խեղճն ո՞ւր կորչի, ա՜յ ուրուր։