Հայ-ռուս-վրացական փոխհարաբերությունները

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՄՓՈՓՈՒՄ 

ԺԸ. դարի երկրորդ կեսը հայ ժողովրդի պատմության շրջադարձային իրադարձություններից մեկի՝ Արեւելյան Հայաստանի Ռուսաստանին միացմանը անմիջականորեն նախորդող ժամանակաշրջանն էր, որի ամբողջական եւ հիմնավոր ուսումնասիրությունը կարող է պատասխան տալ այն հարցին, թե որքանո՞վ անհրաժեշտ ու անխուսափելի էր ժամանակի հայ գործիչների որդեգրած արտաքին քաղաքական դիրքորոշումը: Կարեւոր է նաեւ այն փոխհարաբերությունների վերհանումը, որ առկա էին ինչպես հայ եւ վրաց գործիչների, այնպես էլ հայ գործիչների եւ ինքնուրույնության ուղին բռնած մահմեդական խանությունների միջեւ: Հակադիր էին հաճախ Ռուսաստանի նկատմամբ նաեւ նրանց դիրքորոշումները:

ԺԸ. դարի երկրորդ կեսը հայ ժողովրդի պատմության մեջ առանձնանում էր Արեւելյան Հայաստանի քաղաքական կարգավիճակի յուրահատկությամբ: Նադիր շահի սպանությունից հետո Իրանում ստեղծված անիշխանական շրջանը ծանր հետեւանքներ ունեցավ նաեւ Արեւելյան Հայաստանի հայ բնակչության քաղաքական զարգացման հնարավորությունների օգտագործման առումով: Հայ իշխանական տոհմերը ծանր կորուստներ կրեցին կիսանկախության ուղին բռնած խանությունների մեջ ներքաղաքական պայքարի ընթացքում: Ինչպես ողջ Այսրկովկասը, Երեւանի, Նախիջեւանի, Գանձակի եւ Արցախի երկրամասերը եւս հայտնվում են գրեթե անկախ կարգավիճակում: Երեւանում, Արցախում ու Նախիջեւանում հայազգի նշանավոր գործիչները դառնալով զանազան դավադրությունների զոհ, նրանց ունեցած հայկական զինված ուժերի մի մասը կամ ցրվում է եւ կամ ծառայության անցնում այլ տիրակալների մոտ: Չնայած էական նվազմանը, հայ բնակչության դերակատարումը Արեւելյան Հայաստանում շարունակում էր դեռեւս որոշակի լինել եւ ունենալ իր ազդեցությունը ԺԸ. դարի քաղաքական ու տնտեսական հարաբերություններում, որով եւ պայմանավորվում էր հայոց պետականության վերականգնման հնարավորությունների հույսերը:

Օսմանյան տիրապետության ներքո գտնվող Արեւմտյան Հայաստանում հայ բնակչության նկատմամբ անլուր բռնությունների պայմաններում անգամ շարունակվում էր զգալի լինել հայ ժողովրդի դիրքորոշման կարեւորությունը տեղական ներքին փոխհարաբերություններում եւ Հայաստանը օտարի բռնակալությունից ազատագրելու ծրագրերում: Մեր կողմից հայտնաբերված ու հրապարակված ժամանակագրության քննությամբ ներկայացվում են Էրզրումի փաշայության դեմ հայոց անհնազանդության ու ապստամբության դրվագներ:

Առանձնակի տեղ ունեին հայ բնակչության փոխհարաբերությունները Վրաստանի հետ:

Խանությունների անկախություն ստանալուց անմիջապես հետո հայ իշխող դասի կտրուկ վատթարացող քաղաքական կարգավիճակը պատճառ է դառնում աստիճանաբար հայ-վրացական միացյալ թագավորություն ստեղծելու գաղափարի վերակենդանացման համար: Այն տարբեր ձեւով են ընկալել նաեւ հայ ու վրաց գործիչները ԺԸ. դարում:

Վրաստանի հետ Հայաստանը ունեցել է ամենասերտ ու բազմապիսի փոխհարաբերություններ, իսկ հայ բնակչությունը Վրաստանում՝ բազմադարյա ու անընդմեջ առկայություն: Այդ պայմանավորված էր ինչպես Հայաստանի քաղաքական կացությամբ, այնպես եւ ուշ միջնադարում հայկական մի շարք գավառների Վրաստանի կազմում գտնվելու փաստով:

Վրաստանում հայ բնակչության կարգավիճակը պայմանավորվում եւ ձեւավորվում էր սոցիալական հարաբերությունների մի ոլորտում, որը մեծապես տարբերվում էր Հայաստանում ու հարակից այլ երկրներում տիրող իրավիճակից: Ճորտատիրական հարաբերությունների բացարձակ գերակայությունը թելադրում-պարտադրում էր հայ բնակչությանը ընդգրկվելու հարաբերությունների այդ ոլորտ եւ ներկայանալու որպես վրաց թագավորի, վրաց եկեղեցու, հայոց եկեղեցու եւ կամ առանձին ավատատերերի հպատակ-ճորտեր՝ իրականացնելով վրաց ավատատիրական իրավունքի պարտադրանքով իրենց ստանձնած բոլոր պարտականությունների կատարումը: Ճորտատիրական կապանքներից ազատ էր մոքալաքներ կոչվող քաղաքային բնակչության այն փոքր հատվածը, որը արքունիքին մատուցած խոշոր ծառայության դիմաց ձեռք բերած անձնական ազատությամբ Թիֆլիսի քաղաքային բնակչության մեջ առանձնանում էր իր սոցիալական ու տնտեսական դրությամբ՝ ունենալով հատուկ արտոնյալ կարգավիճակ:

ԺԸ. դարի երկրորդ կեսին հայերը, կազմելով Թիֆլիսի քաղաքային բնակչության երեք քառորդը, քաղաքային տնտեսության զարգացումը դիտում էին իրենց առաջնահերթ խնդիրներից մեկը եւ մեծապես շահագրգռված էին նրա զարգացման, քաղաքի կառուցապատման ու բարեկեցության ապահովման հարցերով: Ուշագրավ հանգամանք է, որ հայերը Թիֆլիսում շինարարական խոշոր աշխատանքներ ծավալելու համար գումարներ էին հանգանակում անգամ հնդկահայ գաղթօջախում: Հայոց իրավական կարգավիճակը Վրաստանում պայմանավորվում էր ըստ Վրաստանի օրենսդրության ինչպես ընդհանուր, այնպես էլ ազգությունների մասին եղած հոդվածների: Կաշկանդիչ վերապահումներ էին արվում թերեւս միայն հայերի համար:

Հայազգի բնակչությունը զգալի թիվ էր կազմում ոչ միայն գյուղական բնակչության մեջ (առանձնապես հայկական գավառներում), այլեւ մեծ չափով ներկայացված էր նաեւ վրաց ազնվականության եւ իշխանական դասի մեջ: Հայ բնակչությունը կազմում էր Վրաստանի առեւտրա-արհեստավորական դասի գերակշիռ մասը: Հայազգի բնակչությունը վրաց ազնվականության կողմից պարտադրվող ճորտական կախումից խուսափելու համար հաճախ նախընտրում էր էջմիածնի հպատակ ու ճորտ ներկայանալու ուղին:

Թագավորական իշխանությունը երկրում առավել ուժեղն ու զսպիչն էր տեղական ֆեոդալական կամայականությունները հաղթահարելու եւ հասարակական համաձայնություն ստեղծելու գործում: Ունենալու համար թագավորական գերդաստանի հովանավորությունը, հայ բնակչությունը իր հիմնական մասով, այնուամենայնիվ, նախընտրում էր արքունի ճորտության կարգավիճակը՝ դրանով իսկ վերածվելով նաեւ թագավորական իշխանության հենարանի ու պաշտպանի: Աստիճանաբար սերտաճելով վրաց ավատատիրական հասարակության մեջ, հայ բնակչությունը իր ազգային դիմագիծը պահպանելու համար դիմում էր առավելապես դավանական համախմբման միջոցին՝ կազմելով Հաղբատի հոգեւոր թեմը: Վրաստանում հայ բնակչությունը ենթարկվում էր կամ ուղղակի Էջմիածնի Մայր Աթոռին եւ ներկայանում Հաղբատից առանձին համայնք, եւ կամ ընդգրկված էր Հաղբատի թեմի մեջ՝ որպես Վրաստանի «լիիրավ» բնակիչ:

Վրաստանի գրեթե ամբողջ ներքին եւ արտաքին առեւտրի մեջ ունենալով գերակշիռ վիճակ ու իրենց տնտեսական գործունեության մեջ վայելելով թագավորի հովանավորությունը, հայ բնակչությունը իր ամբողջության մեջ, սակայն, չուներ որոշակի իրավական արտոնություններ, որպիսիք գոյություն ունեին, օրինակ, Ռուսաստանում: Վրաց արքունիքում ծառայության անցած հայազգի գործիչները ստիպված էին Էջմիածնի նկատմամբ որդեգրել այնպիսի քաղաքականություն ու վերաբերմունք, որը թելադրվում էր Վրաց արքունիքի կողմից:

Այսպիսով, վերոբերյալից ակնհայտ է, որ հայազգի բնակչությունը մեծ ավանդ ունենալով Վրաստանի տնտեսական ու մշակութային զարգացման մեջ եւ կազմելով բնակչության զգալի տոկոսը, սեփական ազգային զարգացման խնդրում ունեցել է լուրջ դժվարություններ եւ իրավական առումով՝ ոչ համարժեք կարգավիճակ:

Հայ-վրացական միացյալ թագավորության գոյության հնարավորության գաղափարը կարող էր սկիզբ առնել դեռեւս Թ. դարում, ձեւավորվել Ժ-ԺԱ. դդ. հայ Բագրատունիների գերակայության, իսկ այնուհետեւ ԺԲ-ԺԳ. դդ. վրաց Բագրատունիների քաղաքականության արդյունքում: Հետագա դարերում՝ ընդհուպ մինչեւ ԺԸ. դարի վերջ, այն շարունակել է իր գոյությունը բազմապիսի դրսեւորումներով ու ընկալումներով: Եւ սակայն միասնական կարծիք ու հստակություն չկա նման պետության ընկալման եւ սահմանումի մեջ: Նիկողայոս Ադոնցի բնորոշմամբ. «Բագրատունեաց գործունեութեան դաշտն էր Հայաստանն արաբական լայնարձակ մտքով (իմա՝ Արմինան - Պ. Չ. ), այսինքն՝ ամբողջ Կովկասը, որի աշխարհագրական եւ քաղաքական կենտրոնն էր իրապէս Շիրակը, իշխանական նոր ոստանը: Այստեղից բղխած կամ ներշնչուած ջանքերը տանում էին դէպի մի հոյակապ կառուցում, որ է՝ հաւաքել-խմբել կովկասեան բոլոր ցեղերը մի եւ հանուր քաղաքական յարկի տակ, ներդաշնակել նրանց կեանքն ու գործունեութիւնը համագործակցութեան եւ համերաշխութեան գետնի վրայ, Բագրատունի ծառի հովանու ներքեւ... »:

Աշոտ Հովհաննիսյանը իրավացիորեն շեշտում է, որ «XI-XIII դարերում վրաց Բագրատունիները հանդես էին գալիս Հայաստանում ոչ որպես նվաճողներ, այլ որպես գահաժառանգորդներ, որոնց զենքի հաղթանակին, որչափ այն ուղղված էր օտարակալության դեմ, հայ ժողովուրդը ակտիվորեն ընդառաջում եւ աջակցում էր: Վերամիավորելով Հայաստանն ու Վրաստանը, վրաց Բագրատունիները չէին դիտում Հայաստանը որպես իրենց անձնատուր եղած մի երկիր, այլ որպես իրենց տոհմին պատկանած մի տիրույթ, որի ֆեոդալական ազատությունները վերականգնվել էին հայ եւ վրաց ուժերի համատեղ ջանքերով»:

Հայոց եւ վրաց ընդհանուր մտահոգության ու ձեռնարկումի արդյունք էր 1238-1240 թթ. Նոր Գետիկից ու Խաչենից հայազգի պատվիրակության ժամանումը Հռոմ՝ Վանական վարդապետի, Վարդան Արեւելցու եւ այլոց մասնակցությամբ՝ Մոնղոլական արշավանքների դեմ օժանդակություն գտնելու հույսով:

Դավիթ Արքայազնի կողմից իր հոր՝ Դեմետրեի, թագավորությունը (Ավանում գտնվող վանքի նվիրատվական արձանագրության մեջ) բնորոշվել է որպես «Վրաց եւ Հայոց»:

ԺԴ. դարում Երեւանն անգամ երբեմն ընկալվում էր Վրաստանի մեջ:

Հայազգի հեղինակները միշտ չէ, սակայն, որ միանշանակ պաշտպանել են վրաց իշխանությունների վարած արտաքին կամ ներքին քաղաքականությունը, հաճախ արձանագրել են նաեւ հայ եւ վրաց ժողովուրդներին ծանր տառապանքներ պատճառած իրադարձություններ, եւ քննադատել Վրաց թագավորների անհեռատես գործողությունները: Եթե Թովմա Մեծոփեցին ԺԵ. դարում (1441 թ. ) նախատական դիրքորոշում է դրսեւորում Վրաց Բագրատունի իշխանությունների վարած անկայուն ու ոչ համարձակ քաղաքականության նկատմամբ, ապա այդ եւս թելադրված էր Հայոց այն ակնկալություններով, հուսախաբությամբ, կրած տառապանքներով եւ առաջարկությունների չիրականացմամբ, որ կապվում ու պայմանավորվում էին Վրաց իշխանությունների դիրքորոշման հետ: Խոսուն է Թովմա Մեծոփեցու եզրահանգումը. «Մեք, հանապազ յոյս ի վրացիքն ունելով, պարծէաք ի մէջ անօրինաց, յայնմանէ յուսահատեալ՝ առաջի անօրինաց ափիբերան եդաք»:

Վրաց թագավորները եւս անգամ նույն ԺԵ. դարում (Գիորգի, Ալեքսանդր, Բագրատ, Կոնստանտին եւ այլք) իրենց տիտղոսաշարում պահպանում էին Հայոց թագավոր ներկայանալու հավակնությունը, որպես հիմնավորում ունենալով հիմնականում Հայաստանի հյուսիսային հատվածի (վրաց. աղբյուրներում անվանված Սոմխիթ=Հայք, Հայաստան) Վրաստանի կազմի մեջ լինելու պարագան, այնպես էլ նաեւ վերհուշ-ձգտումը Վրաստանի ավելի ընդարձակ սահմանների մասին:

ԺԷ. դարի վերջին քառորդին եւս Սոմխիթը շարունակում էր մնալ Վրաստանի կազմում եւ արձանագրվել որպես առանձին վարչական միավոր:

Վրաց իրականության մեջ ավանդույթը խախտելու վճռական քայլ կատարվեց ԺԸ. դարի երկրորդ կեսին, ինչը արձանագրվել է Հերակլ 2-րդի կողմից 1770 թ. ապրիլի 5-ով թվագրված եւ Ռուսական արքունիք ուղարկված Վրաստանի մարդահամարի ցուցակի մեջ, երբ Վրաստանի կազմում գտնվող Սոմխիթը անվանվում էր արդեն Ստորին Քարթլի (Ստորին Վիրք): Նման ընկալումը շարունակվում է մինչեւ այսօր՝ վրաց հետազոտողների կողմից ետադարձ ժխտելով նաեւ նախորդ դարերի մտայնությունն ու իրականությունը՝ վերածելով այդ բանավիճային խնդրի: ԺԸ. դ. երկրորդ կեսին Վրաց թագավորները իրենց ստորագրություններում եւ տիտղոսաշարում այլեւս դադարում են Սոմխիթ = Հայաստանի արձանագրումը, սակայն այդ բնավ չի նշանակում, թե նրանք դադարում են հավակնություններ ունենալ Հայաստանի նկատմամբ: Առավել ուշագրավ է, որ նման հավակնությունների դրսեւորում տեսնում ենք անգամ Արեւմտյան Վրաստանի, այն է՝ Իմերեթի, թագավոր Սողոմոն I-ի կողմից: Նա, հավակնելով "Ողջ Վրաստանի" թագավոր հորջորջվելու գայթակղությանը, իր տիտղոսաշարի թվարկման մեջ էր ընդգրկել ընդարձակ տարածքները եւ այն ձեւակերպել որպես "թագավոր Ողջ Վրաստանի, Հայոց, Կախից, Ռանից, Ափխազաց թագավոր, Շահնշահ եւ Շիրվանշահ":

Հերակլ 2-րդի տիտղոսի մեջ որպես հիմնական տիրույթ նշվում են միայն Քարթլին եւ Կախեթը ու հաջորդում էր երբեմն "իշխող Երեւանու, Գանձակու եւ այլն" ձեւը, իսկ ավելի հաճախ՝ միայն "եւ այլոց" արտահայտությունը, կամ մասնավորեցվում Բորչալու-Ղազախ հավելումով: Իրավիճակը, սակայն, մասամբ փոխվեց, երբ ընդառաջելով Շ. Շահամիրյանի ծրագրերին, Հերակլը նախ Վրաց իշխանի տիտղոս, իսկ ապա եւ Լոռին նվիրեց Շ. Շահամիրյանին՝ որպես Վրաստանի ենթակայության ներքո գտնվող Հայաստանի մի հատված: Եթե վրաց իրականության մեջ ԺԸ. դ. երկրորդ կեսին սկսել էր նվազել ու մթագնել Սոմխիթի դերը՝ սակավամարդ լինելու հետեւանքով, ապա հայ իրականության մեջ հայ-վրացական միացյալ պետության ստեղծման համար տեսական հիմնավորումների, ծրագրերի ու առաջարկների արծարծումները կրկին վերակենդանացնում են "Սոմխիթ = Հայաստան"-ի գաղափարը:

1787 թ. հոկտեմբերի 15-ին Ղուկաս Կարնեցուն գրած նամակում Շ. Շահամիրյանը պնդում է, թե «եւ յոյժ բարեգոյն լինի հովվութիւն ի վերայ մեր Բագրատունեաց՝ հաւատարմաց մերոց, քան թէ Օսմանջկաց եւ Սեֆիֆաց եւ այլն»: Ավելին, Շ. Շահամիրյանը Ղուկաս Կարնեցուց պահանջում է «հանել մի ի որդոց Բագրատունեաց ի նոցանէ (իմա՝ ի Վրաց- Պ. Չ. ) եւ ամուսնացուցանել ընդ ումեմն ազատի եւ կամ ազնուազարմի Հայոց եւ նշանաւորել նմա ժառանգորդ ի վերայ Տանն Հայոց ըստ օրինացն Հայաստանեայց»: Շ. Շահամիրյանը համոզված է, թե իրեն վրաց իշխանի տիտղոս շնորհելու փաստը եւ Հերակլի առաջարկը՝ «որում հրամայեաց զիս շարել որոք կարգադրութիւնք վասն բարեպէս կառավարութեանն աշխարհին իւրոյ», հետեւանք են նրա, որ «ի վաղնջուց ժամանակէ ի նոցանէ բուրէ ի քիմս իմ ցանկութիւն սրտից նոցա, զի ցանկան միաբանութիւն երկուց ազգաց, այսինքն՝ Հայոց եւ Վրաց»:

Շ. Շահամիրյանը Լոռին դիտարկում էր որպես Հայաստանի ապագա Հանրապետության համար միջուկ: Ավելին, Շ. Շահամիրյանը 1786 թ. ողջունելով Գեորգիեւյան պայմանագիրը, հատկապես կարեւորում էր նրա 6-րդ կետը, ըստ որի Վրաստանն իրավունք էր ստանում Այսրկովկասում ընդարձակելու իր սահմանները ռուսական օժանդակության շնորհիվ՝ նկատի ունենալով հարակից հայկական տարածքները:

Ինչպես նախորդ դարերում, ԺԸ. դարում եւս, հանուն Հայաստանի հայ գործիչները ընդառաջում էին վրաց հավակնություններին: Հ. Արղությանը գրում էր «Եթէ հայեսցին դոքա յիմ սէրն առ հայրենին իմ եւ աշխատանքն վասն հաստատութեան թագաւորութեան իւրեանց եւ պայծառութեան... այլ իմ անձն եւ իմ Հայոց ազգն մատուցանելոց եմ դոցա.. իբրեւ զզոհ եւ տեսանելոց են յայնժամ իմ շնորհակալութիւնն արդեամբ եւ բանիւ, որպէս խօսեցեալ եմ ընդ արքայորդի Դաւիթին, եթէ ոչ է մոռացեալ զայնս, զի իմ կամքն է կակղեցուցանել զդոսա եւ կոչել ոչ միայն թագաւոր Վրաց, այլեւ Հայոց»: 1783 թ. Գեորգիեւյան պայմանագրի կնքումը եւս վրացական կողմի համար դիտարկվել ու բնութագրվել է որպես Վրաստանի զոհաբերում Ռուսաստանին:

Ի տարբերություն հայոց դիրքորոշման, վրաց վերաբերմունքը հայոց նկատմամբ գնալով առավել կոշտանում էր, որով եւ պայմանավորված էր այն «կակղեցուցանելու» ձգտումը: Ակնհայտ է, որ «կակղեցուցանել»-ի ներքո Հ. Արղությանը ակնկալում է որոշակի վերաբերմունք՝ Վրաց արքունիքից զիջումների ու շնորհների կորզում իր եւ իր տոհմակիցների համար: Հ. Արղությանի հավակնությունները, ինչպես ակնհայտ է, նոր չէին: Դեռեւս Հերակլի կողմից 1783 թ. օգոստոսի 28-ին ստացած հրովարտակով Արղությանները հայտարարել էին, որ իրենց տոհմը ուղղակի շարունակությունն է Երկայնաբազուկ-Զաքարյանների՝ դրանով իսկ փորձելով հիմնավորել Վրաստանում իրենց հավակնությունները, պահանջներն ու իրավունքները.

ԺԸ. դարի երկրորդ կեսին, երբ «Սոմխիթ=Հայքը» եւ հարակից տարածքները Վրաց իրականության մեջ մասամբ արդեն սկսել էին ընկալվել ու անվանվել որպես Ստորին Քարթլի, Վրաց իշխանությունները, այնուամենայնիվ, հանուն Վրաստանի տնտեսական վերականգնումի եւ գայթակղված Շ. Շահամիրյանի առաջարկներից, ստիպված են լինում կոչ անելու հայերին՝ գալ եւ ապաստանել «ընդ եղբայրս իւրեանց, բնակեսցին ի սեպուհ աշխարհս իւրեանց»:

Առավել խոսուն է Գեորգի 12-րդի 1800 թ. հունվարի սկզբներին գրած նամակը Էջմիածնի միաբանությանը, որ փորձում է "Հայոց թագավոր" ներկայանալու հիմնավորումով միջամտել Հայոց կաթողիկոսի ընտրությունների խնդրին եւ ոչ միայն առաջադրել Հովսեփ Արղությանի թեկնածությունը, այլեւ սպառնալ, թե . «Յայտ իսկ է ձերումդ սրբութեան, որ տերութիւնն մեր ոչ է օտար ի Սրբոյ Աթոռոյդ, այլ ունիմք եւ մեք մասն եւ բոլոր ազգքն Հայոց կոչեն զմեզ արքայ ինքեանց: Նաեւ գիտեն զմեզ ազգական արքայիցն Հայոց: Արդ, եթէ այդպէս է, ապա ուրեմն պարտիք եւ դուք լսօղ լինիլ Սրբոյ Աթոռոյդ օգտակամ բանիցն մերոց եւ տալ հաւանութիւն իսկ.... եւ որքան ի յիս կարողութիւն գոյ, մինչեւ ի հեղումն արեանս ջանալոց եմ ի վերայ օրինաւոր առաջադրութեանս... »: Հայոց եւ Վրաց թագավոր ներկայանալու փաստը, որ միանգամայն համահունչ էր Վրաց իշխանությունների շահերին ու հավակնություններին, նպաստավոր ձեւով օգտագործվում էր Վրաց պետության կողմից իր ներքին ու արտաքին քաղաքականության ձեւավորման ժամանակ: Նկատառելի է այն հանգամանքը, որ Գեորգի 12-րդը իր թելադրանքը պարտադրելու եւ հայոց թագավոր եւս ներկայանալու ժամանակ Երեւանի ու Գանձակի խանությունները այլեւս չէին գտնվում Վրաստանից կախման մեջ: Նրանք 1795 թ. Աղա-Մահմադ խանի արշավանքից հետո փաստորեն ընդունել էին Պարսից գերիշխանությունը եւ, օգտվելով Պարսից իշխանության վերահսկողության թուլացումից, փորձում էին ընդամենը վարել արտաքին խուսանավման քաղաքականություն՝ մնալով պարսից գերակայության ոլորտում: Հերակլին գրած իր նամակում "Վրաստանի եւ Հայաստանի թագավոր" է անվանում նրան Հովսեփ Էմինը՝ երազելով նրա միջոցով ազատագրել ողջ հայ ժողովրդին: Ուշագրավ է նաեւ Հակոբ Շամախեցի կաթողիկոսի 1760 թ. գրած նամակը Ելիզավետա թագուհուն՝ Թեյմուրազ Երկրորդի խնդիրներին ընդառաջելու միջնորդությամբ: Հայոց կաթողիկոսը իր միջնորդությունը հիմնավորում է նրանով, որ Թեյմուրազն ու նրա որդի Հերակլ 2-րդը «զցայգ եւ զցերեկ ընդդիմացան եւ ընդդիմանան եւս Լեզկեաց եւ յաղթեցին եւս բազում անգամ եւ... մնացեալ քրիստոնեայք՝ թէ Հայք եւ թէ Վիրք եւ թէ այլազգիք եւս, զի զնոսա եւս գերեն, նախ Աստուծոյ եւ ապայ դոցա պահպանութեամբն կան այժմ»:

Ռուսաստանը, ինչպես ԺԸ. դարի առաջին քառորդին, այնպես էլ դարի վերջին քառորդին հմտորեն օգտագործում էր մահմեդական լծի դեմ հայ-վրացական համագործակցության հնարավորության հույսը եւ անկախություն ձեռք բերելու երազանքը: ԺԸ. դարի երկրորդ կեսի առանձնահատկությունն էր Ռուսաստանի կողմից Վրաստանի նկրտումներին Հայաստանի տարածքի նկատմամբ բավարարում տալու միջոցով՝ շահելու վրացի եւ հայ գործիչների օժանդակությունը՝ Այսրկովկասում իր տիրապետությունը հաստատելու համար: Այդ առումով հասկանալի եւ բացատրելի է դառնում նաեւ այն փաստը, որ 1796 թ. Վ. Զուբովի հրամանատարությամբ Ռուսական բանակի այսրկովկասյան արշավանքի ժամանակ եւս Երեւանի գրավումը վերապահվում էր Հերակլ 2-րդին՝ բավարարում տալու ինչպես վրաց հավակնություններին, այնպես էլ դիվանագիտական հիմնավորում ստեղծելու՝ Օսմանյան Թուրքիայի հետ անմիջական ընդհարումից խուսափելու համար:

Այսրկովկասյան ժողովուրդների ազգային ձգտումներին լավածանոթ Վ. Ա. Զուբովը Վրաց թագավորության վերացումից հետո էլ 1803 թ. ներկայացրած իր ծրագրում առաջարկում էր ընդարձակել Վրաստանի սահմանները՝ շեշտելով հենց Ռուսաստանի շահերը

Այսպիսով, վերոբերյալից ակնհայտ է, թե Հայաստանի ազատագրման նպատակով եթե հայազգի գործիչները ունեին որոշակի ակնկալիքներ Վրաստանի կողմից ռազմա-քաղաքական օժանդակություն գտնելու հարցում եւ մշտապես ձգտում էին նպաստել Վրաստանի առաջընթացին, ապա Վրաց իշխանությունները օգտագործելով հայոց ազգային ակնկալիքները, մտահոգված էին միայն Վրաստանի տնտեսական, ռազմա-քաղաքական ու մշակութային զարգացման խնդիրներով: Հայաստանի քաղաքական անկախության վերականգնումի խնդիրները չէին կարող մտնել եւ չէին մտնում վրաց գործիչների նախագծումների մեջ, Վրաստանը ընդամենը փորձում էր ընդարձակել իր սահմանները՝ ընդգրկելով Հայաստանի տարածքները, իր տիրապետությունը հաստատել Հայաստանում եւ հայոց նկատմամբ ազդեցությունը պահպանելու նպատակով ներկայանալ որպես Հայոց հովանավոր: Հայոց օժանդակությունը փնտրելու խնդրում հակադրվում էին վրաց-ռուսական շահերը, իսկ Հայաստանի մահմեդական իշխանությունները Հայոց ազատագրական ձգտումների մեջ, բնականաբար, տեսնում էին միայն իրենց տիրապետության վախճանը:

Հայոց քաղաքական միտքը ազատագրական ծրագրերում մշտապես կարեւոր տեղ է հատկացրել Վրաստանին եւ հայ-վրացական հարաբերություններին:

Հայոց հասարակական-քաղաքական կյանքի ուղղորդիչ իր դերակատարումով ԺԸ. դարի կեսերից առանձնապես կարեւորվում է Էջմիածնի կաթողիկոսության ազդեցությունը, որը աստիճանաբար թոթափելով 1730-40-ական թվականների ճգնաժամային իրադարձությունները, 50-ական թվականների վերջերից սկսում է վարել առավել նպատակաուղղված քաղաքականություն եւ վերածվում առավել ազդեցիկ գործոնի: Այդ գործընթացում նշանակալի էր Հակոբ Շամախեցի, իսկ այնուհետեւ նրա աշակերտ Սիմեոն Երեւանցու եւ ապա Ղուկաս Կարնեցու վարած հավասարակշիռ եւ շրջահայաց գործունեությունը: Դեռեւս 1745 թ. Նադիր շահի կողմից Ղազար Ջահկեցուն կաթողիկոսական գահից արտաքսումից եւ Հովհաննես Ագուլեցուն կաթողիկոս կարգելուց հետո, Ղազար Ջահկեցուն կրկին կաթողիկոսական Աթոռին վերադարձնելու գործում կարեւոր դերակատարում ունեցած Հակոբ Շամախեցին, 1749 թ. ընդունում է նաեւ Արեւմտյան Վրաստանի գահազուրկ եղած Ալեքսանդր V թագավորի կողմից օժանդակության ակնկալիքով դեսպանագնացությամբ Էջմիածին ժամանած Տիմոթեոս արքեպիսկոպոս Գաբաշվիլուն: Հայոց Ղազար Ջահկեցի կաթողիկոսի անունից գրած իր նամակում նա ներկայացնում է Մայր Աթոռի վիճակը եւ դրանով պայմանավորված օժանդակության ցուցաբերման անհնարինությունը: Ընտրվելով Հայոց կաթողիկոս, Հակոբ Շամախեցին 1759 թ. վրաց թագավորներին ուղղած նամակում, ներկայացնելով իր ընտրության պարագաներն ու Մայր Աթոռի ծանր վիճակը, խնդրում-պարտավորեցնում է վրաց թագավորներին «զջոկութիւնս ոչ դնել ի միջի, այլ որպիսեօք սրտիւք եւ մտօք, որք զձեզ եւ զձերայինսն հոգայք, նոյնպիսեօքն զմեզ եւ զմերայինսն հոգասջիք... »:

Ստեղծված նոր պայմաններում հայ քաղաքական միտքը ձեւավորող գործիչները շարունակում են Վրաստանի հզորացումը երաշխիք համարել Հայաստանի ազատագրության համար եւ ոչ միայն համաձայնել, այլեւ անգամ Հայաստանը Վրաց թագավորության կազմի մեջ տեսնելը փրկություն համարել՝ այն պատկերացնելով որպես հայ-վրացական միավորյալ պետություն՝ հայոց էական դերակատարումով:

Հակաօսմանյան դաշինք ձեւավորելու ծրագրերում դեռեւս ԺԵ. դարից շրջանառվող գաղափարը, թե հնարավոր է Օսմանյան տիրապետության ներքո գտնվող հայ, վրացի, թուրքմեն, ասորի, եզդի եւ այլոց դաշնակցությունը, իր շարունակությունն է ունենում ԺԷ-ԺԸ. դդ. եւս:

1760-ական թթ. Թիֆլիսում էր գտնվում Հովսեփ Էմինը, որը մտադիր էր ստանալ Հերակլի աջակցությունը, անցնել Արեւմտյան Հայաստան եւ այն ազատել թուրքական լծից: Քուրդ-եզդիներն ու ասորիները որպես հայերի դաշնակից էին դիտվում Օսմանյան պետության դեմ հայոց պայքարի ընթացքում, ինչպես այդ մասին վստահաբար Հովսեփ Էմինին գրում էր Հովնան վարդապետը Մուշից: Ըստ Հովնան վարդապետի Հերակլ 2-րդի կողմից Հովսեփ Էմինին տրամադրվելիք ռազմական ուժերը կարող էին լինել անգամ փոքր, նույնիսկ սիմվոլիկ (ընդամենը 20 հոգի), միայն տպավորություն գործելու համար, թե Հերակլը եւս մասնակից է հակաօսմանյան պայքարին:

Թե որքան իրատեսական չէին Հովնանի՝ Հովսեփ Էմինին գրած նամակում Օսմանյան Թուրքիայի մասին ունեցած պատկերացումները, ցույց են տալիս հետեւյալ տողերը: Արձանագրելով, որ իրոք «Թուրքերը այն չեն, ինչպիսին եղել են հարյուր տարի առաջ», Հովնանը 1763 թ. պնդում էր, թե «Նրանք կզիջեն ամեն ինչ առանց պայքարի, եւ քանի որ նրանց քաղաքները ամրացված չեն, ապա կարող ես ենթադրել, որ նրա գրավումը շատ դյուրին գործ պետք է լինի: Նրանց մտքերում արմատացել է մարգարեությունը, որ իրենց տիրապետությունը մոտենում է ավարտին, եւ որ նրանց պայքարը քրիստոնյաների դեմ ոչ մի իմաստ չի կարող ունենալ: Նրանք նույնպես լսել են Ռուսական կայսրությունից քո ժամանելու մասին, որ Ռուսական կայսրությունը երաշխավորել է Վրաց արքայազնին, եւ թուրքերը չեն համարձակվի անգամ մեկ քրիստոնյայի արյուն թափել: ... Եթե Հերակլի հետ ոչինչ չստացվի, քեզ իմ հայրական խորհուրդը՝ երբեք մի թուլանա եւ առաջ ընթացիր, մի երկնչիր ոչ մի վտանգից եւ ապավինիր Աստծուն: Կհասնես քո նպատակին թե ոչ՝ քեզ ապահովված է փառքը»:

1750-60-ական թվականները Օսմանյան պետության պատմության մեջ իրոք հայտնի են որպես կենտրոնական իշխանության թուլացման եւ փաշաների կենտրոնախույս ձգտումների դրսեւորումներով հագեցած շրջան: Թուրքական բռնատիրությունը ոչնչացումով ու ամայացումներով էր պատասխանում Օսմանյան տիրապետության դեմ ելույթները նաեւ Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում եւ այլուր: Իրադրության լրջությունը հայ իրականության մեջ առաջացրել էր երկակի վերաբերմունք՝ երկու թեւ.

1. Մեկ կողմից անխուսափելի էր համարվում ազատագրական զինված պայքարին ձեռնամուխ լինելը, առանց որի անհնար էր ժողովրդի ազատագրումը եւ պետականության վերականգնումը: Այն պետք է փրկեր հայ ժողովրդին վերջնական ուծացումից:

2. Ելնելով տիրող ծանր իրավիճակից ու տեսնելով նաեւ համազգային խնդրի շուրջ համախմբվելու համար եղած դժվարությունները, երկրորդ թեւը գտնում էր, որ դեռեւս չկան անհրաժեշտ նախադրյալներ ազատագրական պայքարի հաջող ելքի համար, ուստի եւ վաղաժամ են համազգային զինական բախումի կոչերը:

Առաջին ուղղության կրողներ էին Հովսեփ Էմինը, Մովսես Բաղրամյանը, Շ. Շահամիրյանի խմբակի անդամները եւ այլք: «Նոր տետրակը» այդ ուղղության հավատո հանգանակն էր: Երկրորդ ուղղության պարագլուխ հանդես էր գալիս կաթողիկոս Սիմեոն Երեւանցին: Դիրքորոշումների բախումը դրսեւորվում է ինչպես Սիմեոնի կողմից Հովսեփ Էմինի գործունեության գնահատության մեջ, այնպես էլ «Նոր տետրակի» առիթով Մովսես Բաղրամյանին բանադրելու եւ Շ. Շահամիրյանին կշտամբանքներով ու սպառնալիքներով նամակի առաքումով: Սիմեոն Երեւանցին մեղադրվում է փոխադարձաբար Հովսեփ Էմինի կողմից՝ ազատագրական շարժմանը խոչընդոտելու համար:

Հերակլին գրած Սիմեոն Երեւանցու նամակից պարզ է, որ վերջինս ոչ թե դեմ էր Հովսեփ Էմինի կողմից «իր մարդիկը» ունենալու կամ հավաքագրելու գործողություններին, այլ նրանց անշրջահայաց քայլերին: Ակնհայտ է, որ ծրագրերի կազմումն ու ընդհանուր ղեկավարումը Սիմեոն Երեւանցին վերապահում էր իրեն: Հերակլին ուղղած Սիմեոն Երեւանցու նամակում ակնարկ անգամ չկա Հովսեփ Էմինին Վրաստանից արտաքսելու մասին: Սիմեոն Երեւանցու դիրքորոշումը մերժողական ներկայացնելով Հովսեփ Էմինին, Հերակլ 2-րդը դրանով ընդամենը արդարացնում էր իր վերաբերմունքը Հովսեփ Էմինի եւ նրա ծրագրերի նկատմամբ: Այդ ամենը այնքան համոզիչ են հնչել Հովսեփ Էմինին, որ ինքը եւս կրկնում է Հերակլի հիմնավորումը: Հետագա ուսումնասիրողները եւս շարունակել են Սիմեոն կաթողիկոս Երեւանցուն ներկայացնել որպես իբր Հայաստանի ազատագրության ոչ համակիր:

Ի՞նչ նկատի ուներ Սիմէոն Երեւանցին «մեծ ցավ» արտահայտության ներքո: Չէր բացառվում, որ Օսմանյան կառավարության կողմից ապստամբությունը ճնշելու համար ուղարկվելիք բանակի դեմ մարտի դեպքում ուժերի հարաբերակցությունը կարող էր լինել ոչ հայոց օգտին: Հատկապես պատկերավոր է Ղուկաս կաթողիկոսի հարցադրումը Շ. Շահամիրյանին. «Գրեալ էիր մեզ վասն ազատութեան աշխարհիս մերոյ հոգ տանիլ եւ ցուցեալ էիր զոմանս կերպ կարգադրութեան... Այլ երանի էր, թէ գոնեա մասնաւորապէս արդիւնանային..., բայց լինէր թէ դու՝ օրհնեալդ, այժմ յայս կողմանքս գայիր եւ ականատես վերահասութեամբ իմանայիր զկացութիւնս մերազնէից եւ զանօգնականութիւն եւ զբռնութիւն իշխօղացն եւ ինքնին կնքէիր, թէ այս դիտմանցս յառաջանալ ոչ լինի: Ապա թէ հնարաւոր իցէր յառաջանալն, մի՞թէ յիմար իցեմք, որ ի տառապանաց զերծանիլ չկամիցիմք: Ձկունք որսացեալ ի ցանցս, եւ թռչունք ըմբռնեալք ի վարմս ջանան զերծանիլ, ապա որքա՞ն եւս առաւել բանականքս բաղձամք ազատութեան»:

Մադրասի խմբակը չէր կարող շրջանցել Մայր Աթոռի առարկությունները: Այնուհետեւ, ինչպես հայտնի է, Հովսեփ Էմինին տրամադրվելիք օժանդակությունը պայմանավորվում էր նրանով, որ ծրագրերին պետք է հավանություն տար եւ Սիմեոն Երեւանցին:

Այսպիսով, կանխելով Հովսեփ Էմինի հախուռն գործունեությունը 1760-ական թվականներին Հայաստանում, Սիմէոն Երեւանցին ոչ թէ բացառում էր պայքարի անհրաժեշտությունը, այլ առաջադրում էր ազատագրական պայքարի նախապատրաստական ծրագիր: Սիմեոնը եւս նվիրված էր ազգային գաղափարների տարածումով նպաստելու ժողովրդի առաջընթացը ապահովելու խնդրին: Նա ձեռնամուխ էր եղել Էջմիածնում ստեղծելու քարոզչության այդ կենտրոնը՝ իր տպարանով, թղթի գործարանով եւ այլն, զուգորդելով դրանք գործնական քաղաքականությամբ: Սիմեոնը համոզված էր նաեւ, որ «ցեցն ի միջոյ է եւ ոչ՝ արտաքուստ»:

Որոգայթ փառացը մեզ հասած տեսքով հրապարակ ելավ միայն 1788 թ. Հերակլ Երկրորդի կողմից կատարված առաջարկին ընդառաջելու եւ տպագրելու միջոցով: Շ. Շահամիրյանը պատրաստակամ էր լսելու եւ լսելի առնելու "սրբազանից հայրապետաց Հայոց եւ Վրաց":

Մինչեւ «Որոգայթ փառաց»-ի հրատարակումը Հերակլի խնդրանքով նրան ուղարկելով իր առաջարկությունները ու նաեւ գրքի ձեռագիրը՝ որպես նշավակ, Շ. Շահամիրյանը Հերակլ 2-րդ թագավորին 1787 թ. հոկտեմբերի 15-ին գրած նամակում ընդգծում էր, որ այդ գիրքը գրված է Հայոց համար, նույն ոգով խորհուրդ էր տալիս շարժվելու նաեւ Վրաց թագավորին՝ երկրի բարգավաճման գործում, սակայն, կարեւոր դերակատարում վերապահելով թագավորական իշխանության կողմից կատարելիք բարեփոխումներին:

Սիմեոն Երեւանցու դիրքորոշումը իր որոշակի ազդեցությունն է գործել հնդկահայ հասարակական մտքի ձեւավորման վրա, ունեցել իր համակիրները նաեւ Հնդկահայ գաղթօջախում, ստիպել է ավելի իրատեսորեն գնահատել ժամանակի իրադրությունը եւ հետեւողական աշխատանք ծավալել ազատագրական պայքարում որոնելու լուրջ դաշնակիցներ եւ միջոցներ՝ ազգային արժեքներն ու ժողովրդին իրական վտանգներից զերծ պահելու ուղղությամբ:

«Նոր տետրակը» Հայաստանի փրկության գործում տեսնում է Վրաստանի եւ, մասնավորապես, Հերակլի հետ դաշինքի եւ վերջինիս կամեցողության պարագան: Վրաստանում բազմազգ բնակչության առկայության պայմաններում Հերակլի արտաքուստ տոլերանտ ներքին քաղաքականություն վարելու հանգամանքը հետագա ուսումնասիրողներին եւս դրդել է մտածելու, թե Հերակլը, անգամ իր կամքից անկախ, փաստորեն ստեղծել էր «Կովկասյան ժողովուրդների փորձնական մի ֆեդերացիա»:

Հնդկահայ գաղթօջախի ներկայացուցիչները, սակայն, ի մոտո ծանոթ չլինելով իրական փոխհարաբերություններին, անտեսում էին Հերակլ 2-րդի եւ Իբրահիմ խանի մտերմության ու դաշինքի փաստը, որ գոյություն ուներ մինչեւ 1783 թ. Գեորգիեւյան պայմանագրի ստորագրումը եւ հակադիր էր Իբրահիմի դեմ պայքարի ելած հայ մելիքների դիրքորոշմանը:

Հերակլն իր առջեւ իրականում ոչ միայն Հայաստանի ազատագրման նպատակ չէր դրել, այլեւ առաջարկում էր քննարկել անգամ Հայոց եւ Վրաց եկեղեցիները տարանջատող «որոշ» դրույթներ վերանայելու հարցը, որը նշանակում էր եկեղեցիները միացնելու փորձ՝ «երկուստեք զիջումների միջոցով»: Հովսեփ Էմինը դեմ չէր այդ առաջարկին: Այդ էր նաեւ հիմնական դրդապատճառներից մեկը, որը Սիմեոն Երեւանցուն ստիպում էր վերապահությամբ մոտենալ Հերակլի վարած «սիրալիր» քաղաքականությանը եւ նրան ետ էր պահում Հովսեփ Էմինի լավատեսությանը անվերապահ սատար կանգնելուց: Սիմեոն Երեւանցին առավել չափով լավատեղյակ ու իրազեկ էր Վրաստանում եւ, մասնավորապես, վրաց արքունիքում տիրող իրադրությանն ու վրաց թագավորի նպատակներին:

Սիմեոն Երեւանցու նպատակասլաց գործունեության վերլուծությունը հիմքեր է տալիս պնդելու, որ նա Հայոց քաղաքական իշխանության բացակայության եւ նրա շուտափույթ վերականգնման անհուսության պայմաններում փորձում էր ազգի գոյատեւումը ապահովելու նպատակով համախմբման կենտրոն դարձնել ամենայն Հայոց կաթողիկոսության Մայր Աթոռը: Սիմեոն Երեւանցու գլխավոր մտահոգությունը ներազգային դժվարությունները հաղթահարելն ու միաձույլ ազգային կառույց ստեղծելու գործն էր: Սիմեոն Երեւանցու նշված քաղաքականության ակնհայտ դրսեւորումներից էր նաեւ Հայոց միջավայրում կաթոլիկ քարոզիչների գործունեությունը կասեցնելու գործողությունները: Թշնամական հարձակումներից Էջմիածնի պաշտպանությունը կազմակերպելու համար Սիմեոն Երեւանցին նախաձեռնել էր Մայր Աթոռի պարիսպների վերանորոգությունը եւ ամրացումը: Սիմեոն Երեւանցին մեծացրել էր թուանկչիների (հրացանավորներ) խումբը, որի նպատակը ոչ միայն վանքի պահպանությունն էր թշնամական հարձակումներից, այլեւ տարբեր հանձնարարությունների եւ առաքումների ուղեկցումներն ու նրանց անվտանգության ապահովումը: Ուշագրավ է, որ անգամ Երեւանի խաներն արշավանքներ կազմակերպելու դեպքում զինվորներ (թուանկչիներ) էին խնդրում կաթողիկոսից, իսկ կաթողիկոսը չէր վարանում նաեւ մերժելու նրանց խնդրանքը:

1778 թ. Հերակլ 2-րդը նախաձեռնեց եւ 1779 թ. սեպտեմբերին իրականացրեց Երեւանի խանի անհնազանդությունը ճնշելու եւ խանությունը Վրաստանին միացնելու փորձ: Արշավանքը թեեւ իր նպատակին չհասավ եւ Երեւանի բերդը մնաց անառիկ, սակայն Երեւանի խանությունը առավել թուլացնելու նպատակով Արարատյան դաշտի հայ բնակչությունը փոխադրվեց Վրաստան՝ այնտեղ մարդաթափ որոշ վայրեր բնակեցնելու համար:

Ի վերջո, Սիմեոն Երեւանցին, ամբողջ իր հեղինակությամբ ու ազդեցությամբ միջամտելով հանդերձ, ի զօրու չեղավ կասեցնելու նաեւ Արցախի հայ մելիքների միջեւ եղած գժտությունները:

1780 թ. Հերակլը փորձեց ավարտին հասցնել իր մտադրությունը եւ արշավել դեպի Երեւան: Սակայն Երեւանի խնդրի լուծման ճանապարհին արդեն կանգնած էր Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների սրման վտանգը: Խնդիրն այն էր, որ Վրաստանի համար անընդունելի էր ինչպես Երեւանի վրա Իրանի տիրապետության վերականգնումը, այնպես էլ հայ գործիչների կողմից Հայոց անկախ պետականության վերականգնման նպատակով Ռուսաստանի հետ սկսված բանակցությունների վարումը:

Հերակլի կողմից Երեւան կատարած արշավանքից երկու ամիս անց, 1780 թ. հունվարի 1-ին անակնկալ ձեւով, Պետերբուրգում գտնվող Հ. Արղությանին է այցելել ռուսական արքունիքի բարձրաստիճան պաշտոնյաներից Ի. Պ. Գորիչը եւ, հայտնելով, թե ռուսները մտադիր են արշավել Մերձկասպյան տարածքներ՝ իրենից տեղեկություններ է խնդրել Այսրկովկասի եւ Պարսկաստանի իրադրության մասին: Հաջորդ օրը՝ հունվարի 2-ին, Հ. Արղությանին են այցելել նաեւ Ա. Սուվորովը եւ Հ. Լազարյանը: Ա. Սուվորովը, հուսադրելով հայ գործիչներին, թե ռուսները մտադիր են վերականգնելու Հայոց պետականությունը, տեղեկություններ է հարցրել Էջմիածնի եւ ընդհանրապես Հայաստանում տիրող իրավիճակի մասին: Այնուհետեւ Ա. Սուվորովը ճանապարհվել է Գ. Ա. Պոտյոմկինի մոտ՝ զեկուցելու նրան տեղի ունեցած զրույցի մասին: Հունվարի 3-ին Գ. Ա. Պոտյոմկինը իր մոտ է հրավիրում Հ. Արղությանին ու Հ. Լազարյանին, որոնց հետ զրույցի ժամանակ հարցեր է ուղղում հայերի եւ վրաց թագավորի մասին: Գ. Պոտյոմկինը պահանջում է նամակ գրել եւ Ռուսաստան հրավիրել նաեւ Հովսեփ Էմինին: Հունվարի 13-ին Հ. Լազարյանին ու Հ. Արղությանին իր մոտ է հրավիրում Ա. Սուվորովը եւ մանրամասն տեղեկություններ խնդրում Արցախի մելիքների եւ Վրաց թագավորության մասին: Ըստ 1780 թ. հունվարի 10-ով թվագրված եւ Հովհաննես Լազարյանին վերագրվող վավերագրի, Հայաստանի ազատագրության ու հայ պետականության վերականգնման գործում հիմնական դերակատարումը պետք է ունենան հայ իշխաններն ու ժողովուրդը, սակայն անհրաժեշտ է, որ նրանք ստանան Ռուսաստանի աջակցությունը: Համոզմունք է հայտնվում, որ Արցախի հայ իշխանները կմիանային այդ արշավանքին, եւ կազատագրվեր նաեւ Երեւանը: Հայ նորաստեղծ պետությունը, ունենալով ռուսաց օժանդակությունը, իր հերթին կարող կլիներ հենարան լինելու Ռուսաստանին:

1780 թ. հունվարի 21-ին Ա. Վ. Սուվորովը ուղեւորվում է Աստրախան, որտեղ պետք է զբաղվեր արշավանքի նախապատրաստման աշխատանքներով: Ռուսական արշավանքի նախապատրաստման մասին լուրերը լայնորեն տարածվեցին ողջ երկրամասում: Նույն թվականի սեպտեմբերին Ռուսաստանի հյուպատոս Ի. Վ. Թումանովսկու հաղորդմամբ, տեղի ողջ բնակչությունը՝ Դերբենտից մինչեւ Գիլան, «եւ հատկապես հայերը, բոլորը միաբերան ասում են, որ իրենք մեծ ուրախությամբ անհամբեր սպասում են Ռուսական զորքերին... »: «Ծրագրված» արշավանքը թեեւ տեղի չունեցավ, եւ Ա. Վ. Սուվորովի գործունեությունը Աստրախանում աստիճանաբար դարձավ այլեւս ավելորդ, սակայն այդ մի հզոր միջոց էր, որով նոր փոխհարաբերություններ հաստատվեցին տարածաշրջանում: Լայն ծավալ ստացան Արցախի մելիքների եւ Ռուսական արքունիքի միջեւ թղթակցությունները ու միաժամանակ Իբրահիմ խանի հետ նրանց փոխհարաբերությունները դարձան ծայրաստիճան լարված: Բռնաճնշումները Հայաստանում ավելի էին ընդգծում Հայրենիքի ազատագրման կարեւորության գիտակցումը եւ որպես ազատագրության միակ երաշխավոր այլեւս ընկալվում էր միայն Ռուսական բանակի կողմից շուտափույթ օգնության ցուցաբերումը: Հետագա տարիներին եւս շարունակվում էր դիվանագիտական ուղիներով հայերին հուսադրելու եւ նրանցից խնդրագրեր կորզելու գործընթացը: Պարսկա-թուրքական սպառնալիքներին դիմակայելու եւ Ռուսաստանի օժանդակությամբ տարածքային նվաճումներ ունենալու ակնկալիքով Հերակլ 2-րդը երկար քննարկումներից ու տատանումներից հետո Ռուսաստանի հետ 1783 թ. հուլիսի 24-ին կնքեց Գեորգիեւյան հայտնի պայմանագիրը: Պայմանագրի կնքումով Հերակլը մտադիր էր ամրապնդել իր ազդեցությունը Արեւելյան Այսրկովկասում, եւ այդ գաղտնիք չէր անգամ Կ. Պոլսում: Օսմանյան պետությունը Վրաստանի դեմ ուղղեց Հարավային Կովկասի ու Ատրպատականի, Դաղստանի ու Հյուսիսային Կովկասի գրեթե բոլոր իշխողներին: Վրաստանին հարկի վճարումը դադարեցրին Երեւանի ու Գանձակի խաները: Հերակլին դադարեցին ենթարկվել Ղազախ-Շամշադինի թաթարները: 1785 թ. ավարների Օմար խանի արշավանքի ժամանակ ավերվեցին Ախթալայի հանքերը, եւ շուտով պարզվեց, որ Հերակլ 2-րդը Արեւելյան Այսրկովկասում ոչ միայն այլեւս ի վիճակի չէր վարելու ակտիվ քաղաքականություն, այլեւ պետք է մտահոգվեր իր ունեցած դիրքերը գեթ պահպանելու մասին:

Այդ իրավիճակը իր կնիքը թողեց հայ-վրացական հարաբերությունների վրա: Հայազգի գործիչները Հայոց պետականության վերականգնման հեռանկարն սկսեցին կապել ուղղակիորեն Ռուսաստանի հետ՝ ավելի քիչ տեղ թողնելով Վրաստանին: Այդ ակնհայտորեն դրսեւորվեց նաեւ հայ-ռուսական դաշնագրերի նախագծերում եւ Ալի Մուրադ խանի հետ վարվող բանակցությունների ընթացքում: Գեորգիեւյան պայմանագրից հետո տեղի տալով այն լուրերին, թե Ռուսաստանը պատրաստվում է բացի Վրաստան առաքվող սահմանափակ զորամասից Այսրկովկաս արշավել մեծաքանակ բանակով, իրազեկ լինելով նաեւ Ալի Մուրադ խանի հետ ընթացող բանակցությունների փաստին, Հերակլը 1784 թ. Ռուսաստան ուղարկած նամակում թվարկում էր իր ակնկալություններն ու պահանջները այդ ձեռնարկումից, բայց եւ ստիպված էր դիվանագիտորեն գրել Ռուսական արքունիք, թե շատ հեշտ է Հայոց պետականության վերականգնումը, եթե Ռուսաստանն այդ բարեհաճի եւ եթե հայերը նման ցանկություն հայտնեն: Տվյալ դեպքում Հերակլ Երկրորդն այդ քայլով փորձում էր իր ձեռքում պահել Ռուսաստանի օժանդակությամբ Հայ պետականության ստեղծման Հայոց հույսը, իր համար ճշգրտել Ռուսաց նպատակների լրջության աստիճանը եւ Հայոց մոտ պահպանել իր բարձր վարկանիշը, ազատարարի առաքելության իր համբավը: Ընդգծելի է, որ հայ-ռուսական դաշնագրի նախագծի մեջ Վրաստանի մասին որեւէ ակնարկ իսկ չկա, եւ Հայաստանի ազատագրության խնդիրը պայմանավորված է միայն Ռուսաստանի կողմից ցուցաբերելիք օժանդակության հետ: Հ. Արղությանի կազմած տարբերակում Հայաստանի մայրաքաղաք պետք է ընտրվեր Անին կամ Վաղարշապատը: Արդյո՞ք Երեւանի անվան շրջանցումը այս դեպքում կապված էր Վրաստանին նրա հարկատու եւ կամ խանության կենտրոն լինելու հանգամանքի հետ: Փաստ է միայն, որ Անիի փառքը, որպես Հայոց անկախ պետականության եւ ազգային հպարտության խորհրդանիշ, շարունակում էր անմար մնալ Հայոց մեջ եւ օգտագործվել ԺԸ. դարի երկրորդ կեսին քաղաքական հեռանկարի ու հավակնությունների նպատակներով:

Հայ գործիչները, այնուամենայնիվ, ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Ռուսաստանում անտես չէին առնում Վրաստանի գործոնը: Այդ հստակորեն դրսեւորված ենք գտնում հատկապես Հովսեփ Արղությանի կողմից 1784 թվականին Գ. Ա. Պոտյոմկինին գրած նամակներում:

Ի տարբերություն հայ գործիչների դիրքորոշման, Հերակլը նոր համաձայնության եկավ Իբրահիմ խանի հետ: Իբրահիմ խանի հետ Գանձակին համատեղ տիրելու համար նա 1785 թ. գարնանը արշավանք ձեռնարկեց Գանձակի խանության դեմ: Այդ ժամանակ, սակայն, Դերբենդի Ֆաթ Ալի խանը, որ արշավանք էր նախապատրաստում Իբրահիմ խանի դեմ, Հերակլին առաջարկեց համատեղ արշավել դեպի Շուշի եւ գրավել Ղարաբաղի խանությունը, որից հետո Արցախի հայությունը պետք է անցներ Հերակլի տիրապետության ներքո, իսկ մահմեդականները՝ խանի: Հերակլը ոչ միայն չհամաձայնեց այդ առաջարկին, այլեւ թողնելով Գանձակի պաշարումը, իր զորքերը ուղարկեց Իբրահիմին պաշտպանելու համար:

1786-87 թթ. ստեղծված իրադրության մեջ Հովսեփ Արղությանի դիրքորոշման մեջ նկատվում է շրջադարձ: Շ. Շահամիրյանին 1786 թ. սեպտեմբերի 3-ին գրած նամակում Հ. Արղությանը Ռուսական կողմից իր դժգոհությունը ներկայացնում է Հայոց դեսպան Ստեփան Դավթյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի համար. «երկու ամ յուսադրեն եւ պահեն, զկատարածն գործոյ նորա չգիտեմք»: Հ. Արղությանը դժգոհ է Ղուկաս կաթողիկոսից, որովհետեւ «մեր սրբազան կաթողիկոսն առ տիրուհին ոչ գրեաց գիր (թէպէտ բազմիցս ստիպեցին սոքա), այլ զօրագլուխն՝ ծածկեալ բանիւք»: Արղությանը դրան հակադրում է Շ. Շահամիրյանի մտահոգությունները եւ գրում, թե նման խնդիրների մասին «չիք ոք խորհօղ եւ մտածօղ ազգի մերում... այլ միայն հայցեն թէ՝ “զմեզ փրկեցէք”: Երբ փրկեն սրով, ըստ օրինի թագաւորաց, հարկաւորին ծառայ առնել իւրեանց»: Խնդրելով նամակ ու նվերներ առաքել կայսրուհուն, որպեսզի «առաւել գիտասցին, թէ գոյ ի մէնջ այնպիսի իշխան ի ազգէն Հայոց, որ կարէ  համապատասխանել իւրեանց յօժարութեան»: Նույն միջոցին Հնդկահայոց համակրանքը Վրաստանի նկատմամբ պահպանելու համար Հերակլը 1786 թ. Շ. Շահամիրյանին շնորհում է Վրաց իշխանի տիտղոս:

1788 թ. հունվարի 29-ին նամակով Արցախի մելիքները կրկին դիմում են Գ. Պոտյոմկինին՝ խնդրելով զինական օգնություն: Մելիքները իրենց դիմումը կրկնել են նաեւ նույն թվականի մարտին: Ի պատասխան մելիքների խնդրագրի, Գ. Ա. Պոտյոմկինը նրանց առաջարկել էր ընդամենը տեղափոխվել Ռուսաստան, որտեղ նրանց կարող էին շնորհվել կալվածքներ: Հովսեփ Արղությանին մնում էր հուսադրել Արցախի մելիքներին՝ համախմբվելու Վրաստանի շուրջ, գոնե ժամանակավորապես այլեւս չհուսալ Ռուսական օժանդակություն ու սպասել սկսված ռուս-թուրքական պատերազմից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքականության հնարավոր շրջադարձին: 1788 թ. մայիսի 2-ի նամակում նա Մեջլում եւ Աբով մելիքներին գրում է. «Ձեր գալն աստ ոչ է բարւոք... »: Ամիսներ անց, 1788 թ. հուլիսի 30-ին, Հովսեփ Արղությանը կրկին պատասխանելով մելիքների նամակին, գրում է. «... չկարծեմ ի յայսմ միջոցի օգնութիւն ինչ լինի ձեզ աստի, եթէ կարէք այլ իմն դուռն գտանել եւ բախել, եւ կամ նորին արքայական մեծութեանն աղաչել՝ օգնել ձեզ, ըստ ժամանակին արարէք եւ զժամանակն մի անցուցանէք... »:

Նշելի է, որ Վրաստանից ռուսական զորքերի ետ կանչվելուց հետո Հերակլ 2-րդը եւս ստիպված էր Վրաստանը ավերումներից զերծ պահելու նպատակով որդեգրել նոր քաղաքականություն: Հերակլը ստիպված նոր դեսպանություն ուղարկեց Կ. Պոլիս եւ «բարեկամության» պայմանագիր կնքեց Օսմանյան արքունիքի հետ: Այդ շրջադարձը, բնականաբար, ողջունեց նաեւ Ախալցխայի փաշան: Նման պայմաններում խոսուն է այն փաստը, որ Գ. Ա. Պոտյոմկինը, որ ռուսական գումարտակները դուրս էր հանել Վրաստանից, Հերակլին ներկայացնում է մի արտառոց պահանջ, այն է՝ որպեսզի վերջինս, համաձայնելով Սողոմոն Առաջինի հետ, հարձակվի թուրքական ուժերի վրա: Բնականաբար, Հերակլը չէր կարող իր համար նման կործանարար քայլի դիմել:

1787-1791 թթ. ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը չէր շտապում Վրաստան վերադարձնել Գեորգիեւյան պայմանագրով նախատեսված զորաքանակը, թեեւ իրադրության փոփոխության եւ իրանական կողմից սպասվող սպառնալիքների պայմաններում Հերակլը անընդմեջ նամակներ ու խնդրագրեր էր առաքում Ռուսաստան՝ խնդրելով Վրաստան առաքել ռուսական որեւէ զորամաս: Նման իրադրության մեջ Արցախի հայ մելիքների համար եւս հասկանալի էր, որ Հայոց թագավորության վերականգնման մասին իրենց ցանկությունները չէին կարող արժանանալ Հերակլի հավանությանը, ուստի Հերակլի աջակցությունը ստանալու նպատակով նրանք հակվում են առաջադրելու նոր տարբերակ:

Ռուսական արքունիք ուղղված նամակներով Արցախի հայ մելիքները 1793 թ. գրում են իրենց համաձայնությունը՝ Իբրահիմի լծից ազատագրվելուց հետո ընդունելու Ռուսաստանի դաշնակից համարվող Հերակլ 2-րդի թոռան՝ Դավիթ արքայազնի իշխանությունը, հակառակ դեպքում խնդրում են Դերբենտի եւ Կասպից ծովի ափերին տեղ հատկացնելու պարագայում փոխադրվել այնտեղ՝ իրենց հպատակ բնակչությամբ, եթե Ռուսաստանն այլեւս մտադիր չէ գեթ փոքրիկ զորախումբ առաքել Այսրկովկաս: Ռուսական կողմից պատասխանի հապաղման եւ Այսրկովկասում իրադարձությունների սրնթաց զարգացման պայմաններում հայ մելիքները ստիպված էին կատարել սեփական դիրքորոշման նոր հստակեցումներ: Աղա Մահմադ խանի արշավանքը Այսրկովկասում ստեղծում էր ուժերի նոր հարաբերակցություն: Մելիք Մեջլումը հայ իշխանությունների ոխերիմ հակառակորդ Իբրահիմ խանի դեմ փորձում է օգտագործել Իրանի նոր բռնակալի հետ նրա հակամարտության հանգամանքը՝ այլեւս չհուսալով ռուս-վրացական օժանդակության ձգձգվող ու անորոշ սպասումին եւ իր զորաբանակով միանում է Արցախ ներխուժած Իրանական բանակին՝ հուսալով Իբրահիմ խանի տապալումից հետո ստանալ Արցախի իշխանությունը: Աղա Մահմադ խանի արշավանքը, սակայն, որքան սրնթաց, նույնքան եւ կարճատեւ լինելով, չի ապահովում Այսրկովկասում նրա կայուն իշխանության հաստատումը, անառիկ է մնում Արցախի միջնաբերդը հանդիսացող Շուշին: Իբրահիմ խանը եւս Աղա Մահմադ խանի թշնամին լինելու խաղաքարտով հայտնվում է նրա դեմ թշնամանքով տրամադրված Ռուսաստանի դաշնակիցների բանակում: Աղա Մահմադ խանի Իրան մեկնելուց հետո Մելիք Մեջլումը, մնալով Հայաստանում, Գանձակի խանի հետ միասին փորձում է դիմակայել Վրացական բանակի պատժիչ արշավանքին, որտեղ եւ կնքում է իր մահկանացուն:

Մոտալուտ փրկության սպասումներն ու ոգեւորությունը ընդհատվեց Ռուսաստանում գահ բարձրացած Պավել I-ի կողմից ռուսական բանակի արշավանքը դադարեցնելու մասին հրամանով: Ռուսաստան վերադարձող Հովսեփ Արղությանի հետ 1797 թ. դեսպանագնացությամբ ճանապարհվում են նաեւ Ջիմշիդ եւ Փրիդոն մելիքները: Այդ դեսպանագնացությունը պետք է պատասխան տար Արցախի ապագա կարգավիճակի հարցին: 1797-1799 թթ. մելիքները չեն պնդում միայն ռուսական զորքի առաքման պահանջը եւ ռուսական արքունիք են դիմում մի խնդրագրով, որի մեջ ներկայացվում են նաեւ այլ առաջարկություններ.

1. Զինական օժանդակություն Ղարաբաղում Հայոց պետականության վերականգնման եւ մահմեդական տիրապետությունից ազատագրվելու համար:

2. Եթե այդ առժամանակ անհնար է, ապա խնդրել Վրաց թագավորին Վրաստանում ժամանակավոր ապաստան տալու մելիքներին:

3. Եթե այդ եւս անհնար է, ապա թույլատրել փոխադրվելու Ռուսաստան՝ իրենց հպատակ ողջ բնակչությամբ հանդերձ:

Վրաց արքունիքի կողմից 1798 թ. դեկտեմբերի 16-ին Պավել Առաջին կայսրին ներկայացրած 11 կետանոց խնդրագրի երկրորդ կետը վերաբերում էր հայ մելիքներին ենթակա ժողովրդին: Խնդրվում էր թույլատրել նրանց բնակվելու Վրաստանում, սակայն Վրաց արքայի ենթականեր դառնալու պայմանով: 1799 թ. փետրվարի 11-ին ի պատասխան այդ խնդրանքի, Ռուսական արքունիքը համաձայնում է, որ հայերը ենթարկվեն Վրաց արքային, սակայն եւ պահանջվում է նրանց նեղություն չպատճառել ու նաեւ որպեսզի հայ բնակչությունն իրավունք ունենա վերաբնակվել կամ առեւտրական գործունեություն ծավալել նաեւ Ռուսաստանում:

Ուշագրավ է, որ Հովսեփ Արղությանը 1798 թ. մարտի 25-ին Պետերբուրգից Գեորգի թագավորին գրած նամակում շնորհավորելով նրա գահակալությունը, միաժամանակ խորհուրդ է տալիս «որպէս իսկական թագաւորի Հայոց, փութով զորդին ուղեւորել արժանաւոր պատասխանաւ ի Դուռն կայսերական»: 1799 թվականին Պա՟վել Ա՟ռա՟ջի՟նը ավարտված է համարում նախապատրաստական փուլը եւ հրամայում զորք ուղարկել Վրաստան՝ այնտեղ Ռուսաստանի տիրապետությունը հաստատելու համար: Մելիքների կարգավիճակը որոշակիացվում է Վրաստանում նրանց ժամանակավոր կացություն տրամադրելու ձեւով, սակայն, ի տարբերություն նախորդ դեպքերի, երբ հայ մելիքները Վրաստանում ապաստանելու պարագայում հայտնվում էին փախստականի կարգավիճակով, այս դեպքում Պավել Առաջինի միջնորդությամբ Գեորգի 12-րդը վրաց պետության սահմաններում նրանց է տրամադրում իրենց իսկ պահանջած Ղազախ գավառի փոխարեն Լոռի գավառը, որը մինչ այդ արդեն շնորհվել էր Շ. Շահամիրյանին: Մելիքները պետք է տնօրինեին այն մինչ Շահամիրյանների Լոռի ժամանելը:

1799 թ. գեն. Լազարեւի հրամանատարությամբ ռուսական զորքի մուտքը Վրաստան արմատապես փոխում է իրավիճակը ողջ Այսրկովկասում: Վրաստանը վերածվում է հենակետի, որտեղից եւ պետք է ձեռնարկվեր նաեւ բուն Հայաստանի ազատագրման գործընթացը:

Ռուսահայ գաղթօջախի բնակչության քանակական կազմը. - Հայ-ռուսական փոխհարաբերությունների իրական պատկերի վերհանման համար կարեւոր է հստակ պատկերացում ունենալ ինչպես ռուսահայ գաղթօջախի բացարձակ թվաքանակի, այնպես էլ նրա աճի ու փոփոխությունների միտումների մասին:

Հայ բնակչության թիվը 18-րդ դարի վերջին գերազանցել էր 40 հազարի սահմանագիծը, որից ավելի քան 10 հազարը՝ Հյուսիսային Կովկասում: Համեմատության համար հարկ է ընդգծել, որ նույն ժամանակամիջոցին Հյուսիսային Կովկասում ենթադրվում է մոտ 2500ից մինչեւ 3000 վրացիների առկայություն, որոնց մի զգալի մասը եւս վրաստանցի հայեր էին, հաճախ՝ հայկական անձնանուններով, որոնք ցուցակներում ընդգրկված են որպես «վրացիներ» (վրաստանցիներ):

Ռուսական պետության վարած քաղաքականության հետեւանքով Ռուսաստանի տարածքում ձեւավորվեցին բազմամարդ ու հայազգի հոծ զանգված ունեցող բնակավայրեր: Ինչպես Լազարյանները, այնպես էլ Հովսեփ Արղությանը գերազանց գիտակցում էին Ռուսական պետության համար հայ բնակչության դերն ու նշանակությունը, հենվում էին այդ զանգվածի վրա եւ այդ ամրապնդում էր նրանց դիրքերը:

Եթե 1780-ական թվականների սկզբներին Ռուսաստանը հայ գործիչներին ներկայանում էր որպես ապագա դաշնակից պետություն, որի հետ Հայաստանը կարող էր ունենալ պայմանագրային հարաբերություններ, ապա 1790-ական թվականների վերջին Ռուսաստանը սկսում է ընկալվել որպես երկրորդ հայրենիք եւ հայ բնակչության Ռուսաստան փոխադրումը խրախուսվում էր հայ գործիչների կողմից:

Պայքարը Հայաստանի համար, սակայն, ոչ միայն չէր դադարել, այլեւ թեւակոխել էր նոր փուլ եւ ընթանում էր ավելի նպատակասլաց ձեւով, թեեւ արտաքուստ՝ խուլ եւ աննկատ:

Հայ ազատագրական շարժման գործիչները 18-րդ դարի երկրորդ կեսին մտահղացան մի համարձակ ծրագիր, այն է՝ հայ ժողովրդի հայրենադարձության գաղափարը եւ փորձեցին իրականացնել այն:

Առաջինը նման ծրագիր մշակվեց Հնդկաստանում: Այդ փորձը պայմանավորված էր այն գիտակցությամբ, որ արձանագրել է Շ. Շահամիրյանը Ղուկաս կաթողիկոսին գրած նամակում. «եթէ կարէ խոստանալ ժամանակն աշխարհին մերոյ հովանաւորել մեզ, որ ոք ազատութեամբ բարիոք լինի հանել մեզ ի յայս պանդխտութենէ, զոր ինչ որ կարող լինիցիմք ի պտղոյ աշխատանաց մերոց հանել աստի եւ մուծանել առ սեպհական աշխարհն մեր՝ նա միայն մնալոց է վասն մնացորդաց եւ սեպհական ազգին մերոյ, քանզի ի յայս տարրաշխարհի՝ թէ շինութիւն տանց, թէ՝ արուեստշահութեանց, կատարածն մնալոց է ի Հնդիկս՝ վասն սեպհական ազգին հեթանոսաց»: Նոր Նախիջեւանի հիմնումից հետո Ղզլարը դիտվում էր Հայոց հավաքագրման հաջորդ հանգրվանը: Մինչեւ Հայաստանի ազատագրումը «Նշավակը» Հնդկահայերին առաջարկում էր «տեղ բնակութեան ի յարեւել կոյս Հայաստանեաց ի գաւառն անուանեալ Ղզլար՝ ի պահպանութիւնն պերճապայծառ Կայսերութեանն Ռուստաց՝ վաղնջոց բարերարի յազգին Հայոց»: Նախքան այնտեղ բնակություն հաստատելը, սակայն, անհրաժեշտ է դիտվում իրավական կարգավորում տալ հայ-ռուսական փոխհարաբերություններին. «այլ յառաջ քան զշինել տուն եւ բնակիլ ի նմայ, հաստատեցեք դաշինս ընդ Կայսերութիւնն Ռուստաց»:

Այդ հույսը ամրապնդվում է 1783 թ. Գեորգիեւյան պայմանագրի կնքումից հետո: 1786 թ. ստանալով Վրաց իշխանական տիտղոս, Շ. Շահամիրյանը փորձում է հայահավաքի համար արդեն դիմել նաեւ Հերակլին: Նա փորձ է կատարում համաձայնեցնել Հերակլ թագավորի հետ եւ նրա թույլտվությամբ ու կոչով, նրա անունից դիմել տարասփյուռ հայ ժողովրդին՝ հավաքվելու Վրաստանին ենթակա հայկական տարածքներում: Հերակլին ուղղած 1787 թ. Շահամիրյանի նամակից պարզվում է, որ նա, տեսնելով Հերակլի "բարեպէս ձգտումն"՝ ստվարացնելու Վրաստանի բնակչությունը, խորհուրդ է տալիս աշխարհասփյուռ հայությանն ուղղել մի "Նամակ շնորհաց եւ պահպանութեան": Հերակլ Երկրորդը որոշ խմբագրումից հետո ուղարկված շարադրանքը, ստորագրել ու հաստատել է այն (1790 թ. դեկտեմբերի 4) եւ ուղարկել Մադրաս: Ուղերձը տպագրվել է 1792 թ. Հարություն Շմավոնյանի տպարանում, 1000 օրինակ տպաքանակով: Պահպանվել է այդ ուղերձի հայերեն տպագիր օրինակից վրացերեն թարգմանության 1819 թ. արտագրությունը:

Հայ բնակչության կարգավիճակը Ռուսաստանում անընդհատ սրբագրությունների ենթարկվելով, տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր մակարդակ, սակայն եւ ձեռք է բերել որոշակի ուղղվածություն ու որակ: Հետեւելով կարգավիճակի փոփոխություններին՝ կարող ենք հասկանալ նաեւ արքունիքի վարած քաղաքականության տրամաբանությունը հայ բնակչության նկատմամբ ու ըստ այդմ մակաբերել նաեւ Այսրկովկասի նկատմամբ ունեցած նրա միտումները: Միաժամանակ հայ վերաբնակիչները եւս հետեւողական գործունեություն են ծավալել բարելավելու իրենց իրավատնտեսական կարգավիճակը Ռուսաստանում՝ առ այդ օգտագործելով Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական շահագրգռությունները:

Ռուսական պետության վարած հովանավորչական քաղաքականությունը տարածվում էր հայ բնակչության առավել լայն խավերի վրա, որը խթանում էր դեպի Ռուսաստան բնակչության հոսքին: Այդ առաջին հերթին վերաբերում էր Ռուսաստանի հարավային դարպասը հանդիսացող Աստրախանին, որը Արեւելքից ժամանող հայ, բուխարացի, գիլանցի եւ հնդիկ վաճառականների կարեւոր հավաքատեղին էր:

Հայոց իրավական կարգավիճակի խնդիրը ունեցել է զարգացման իր փուլերը եւ որպես այդպիսին, առաջին փուլ ընդունված է համարել 1747-1765 թթ. ժամանակամիջոցը:

1760-ական թվականներին Աստրախանի ռուս վաճառականությունը պահանջներ է ներկայացնում իշխանություններին՝ ռուս վաճառականության հետ համահավասար օտարերկրացիներին հարկման ենթարկելու մասին: Թեեւ այդ պահանջը, որը հակասում էր կենտրոնական իշխանությունների վարած հովանավորչական քաղաքականութանը, էական շրջադարձ չարձանագրեց հայոց կարգավիճակի հարցում, սակայն եղան որոշակի կառուցվածքային փոփոխություններ: Հայկական ռատհաուզի եւ թաթարական գրասենյակի փոխարեն ստեղծվեց Աստրախանահայոց ընդհանուր դատարան՝ երկու բաժանմունքներով: Այսպիսով, Աստրախանահայոց իրավական ու հարկային արտոնյալ կարգավիճակը գոյություն ունեցավ մինչեւ 1785 թ.:

Աստրախանահայոց ինքնավարության խնդրի հաջորդ փուլը կապված էր 1785 թ. ընդունված քաղաքային բարեփոխումների իրականացման հետ: Ըստ նոր կանոնադրության, հայազգի բնակչությունը եւս այսուհետեւ պարտավոր էր գրանցվելու քաղաքային դասերի մեջ (վաճառական, քաղքենի եւ այլն): 1797 թ. փետրվարի 28-ին ստորագրված Պավել Առաջինի հրովարտակով հրահանգվում էր Աստրախանահայերին վերադարձնել իրենց նախկին արտոնություններն ու կարգավիճակը: Վերականգնվեց «Ասիական ընդհանուր դատարանը», իսկ Սենատի 1800 թ. նոյեմբերի 19-ի որոշմամբ ստեղծվեց «Հայկական դատարան»-ը:

Հայ բնակչությունը ձգտում էր Ռուսաստանում ստանալ միանման արտոնություններ: Հովսեփ Արղությանը 1799 թ. օգոստոսի 11-ին աստրախանահայերին Պետերբուրգից ուղղած նամակում շտապում է հաղորդել բառացիորեն «այսօր» ստացված «զհաստատութիւնն պրվելէկի», որը ինքը տվել է «թարգմանել հայերէն, որ ընդ ռուստերենի ի միասին գրեցեալ լինիցի ի պրվելէկին, ենթ որոյ եւ նորին մեծութիւնն ձեռք դնելոց է եւ հաստատելոց»: 1799 թվականի հոկտեմբերի 28-ին ի վերջո հրապարակվեցին Պավել Առաջինի ստորագրած հրովարտակները, որոնք ընդգրկում էին Ռուսաստանի գրեթե բոլոր հայկական խոշոր գաղթավայրերը: Այդ հրովարտակների հրապարակումը համընկավ դեպի Այսրկովկաս ռուսական բանակի առաքմանը:

Պավել Առաջինի չորս հրովարտակները կազմված են 1799 թ. ապրիլի 15-ին Սենատին տրված հրահանգի համաձայն եւ խմբավորված են ըստ Հովսեփ Արղությանի 1798 թ. սեպտեմբերի 13-ին ներկայացրած "Հայկական բոլոր համայնքների կարիքների մասին" զեկուցագիր-խնդրագրի: Համեմատությունից պարզվում է, որ հայ համայնքները Ռուսաստանում իրենց ներքին խնդիրներով բաժանվում էին հինգ խմբի, եւ նրանցից յուրաքանչյուրը բացի տեղական առանձնահատկություններով թելադրված արտոնություններից, ստացել էր նաեւ միասնական հոգեւոր, դատական ու տնտեսական արտոնությունները, որոնք ընդհանուր էին Ռուսաստանում բնակվող բոլոր հայերի համար:

Հայ հասարակությունը բնավ էլ միասեռ եւ միատարր համայնք չէ եղել, համայնքի մեջ եղել է խոր ունեցվածքային շերտավորում, ունեցել է իր ներքին պայքարը տարբեր դասերի միջեւ:

Հայ-ռուսական տնտեսական կապերի պատմությունը ներկայանում է մեկ կողմից բուն Ռուսաստանում հայկական գաղթօջախների տնտեսական ու առեւտրական գործունեությամբ, որը հանգամանորեն ուսումնասիրված է գաղթօջախների պատմությանը նվիրված մենագրական աշխատություններում, եւ մյուս կողմից՝ Ռուսաստանի եւ Արեւելքի տարբեր երկրների միջեւ արտաքին առեւտրական հարաբերություններում հայ վաճառականության ակտիվ մասնակցությամբ, որը համեմատաբար քիչ է հայտնի եւ մնում է պակաս ուսումնասիրված:

ԺԸ. դարի երկրորդ կեսից փոխվում է Ռուսաստանի վերաբերմունքը Միջին Ասիայի նկատմամբ: Ուզբեկական խանությունները հետզհետե սկսում են դիտվել ոչ որպես Հնդկաստան տանող ճանապարհին գտնվող լոկ տարանցիկ երկրներ, այլ առեւտրա-տնտեսական ու քաղաքական համագործակցության ինքնուրույն կազմավորումներ: Սիբիրում առեւտրական գործառնությունները իրականացվում էին հիմնականում բնիկների միջոցով եւ հազվադեպ միայն՝ ռուս վաճառականների: Ավելին, դեպի Չինաստան, Տիբեթ եւ Աֆղանստան ճանապարհվում էին հիմնականում միջինասիական եւ հայ վաճառականները՝ ինչպես ասվեց, ռուսների մուտքը նշված երկրներ արգելված լինելու պատճառով: Եթե ԺԸ. դարի առաջին կեսին ռուս-հնդկական առեւտուրը կատարվում էր հիմնականում Աստրախանից Կասպից ծովի վրայով եւ Այսրկովկասի ցամաքային ծովափով ու հստակորեն չէր տարանջատվում ռուս-իրանական առեւտրաշրջանառությունից, ապա ԺԸ. դարի երկրորդ կեսին ակնհայտորեն աճեց Միջին Ասիայի եւ Հնդկաստան տանող նրա քարավանային ուղիների դերը: 1735 թ. հիմնադրված Օրենբուրգ էր փոխադրվում Աստրախանի ռուսական պետական հիմնարկների մեծ մասը, որոնք կոչված էին կառավարելու նաեւ Միջին Ասիայի հետ Ռուսաստանի տնտեսական ու դիվանագիտական հարաբերությունները: Հետզհետե Արեւելք էր տեղափոխվում նաեւ հայ վաճառականների մի մասը: Ռուսական կառավարությունը միջոցներ էր ձեռնարկում ավելի սերտ հարաբերություններ հաստատելու Միջին Ասիայի եւ Աֆղանստանի ու Հնդկաստանի հետ: Նման հանձնարարություններով այնտեղ էին ուղարկվում ինչպես այլազգի (Մեհտի Ռաֆաիլով), այնպես էլ հայ վաճառականներ ու դիվանագետներ Բոգդան Ասլանովը, Սիմեոն Մադաթովը, Իվան Մուրատովը եւ այլք: ԺԸ. դ. վերջերին կազմված Ռուսաստանի եւ Արեւելքի երկրների միջեւ առեւտրական հարաբերությունների զարգացման տարբեր ծրագրերում հաճախ են հիշատակվում հայ խոշոր վաճառականների անուններ, որոնց հետ էին կապվում այս կամ այն ծրագրի իրականացման հույսերը:

Հայ վաճառականությունը մի զգալի մասով թեեւ շրջվել էր դեպի Օրենբուրգ եւ Միջին Ասիա, սակայն Աստրախանում մնացած հայազգի վաճառականությունը շարունակում էր իր մասնակցությունը ունենալ ռուս-իրանական առեւտրին, իսկ Կասպից ծովի վրա ունեցած նրանց առեւտրական նավերը երթեւեկում էին Աստրախանից մինչեւ Գիլան, Մազանդարան ու Բաքու՝ փոխադրելով ինչպես նավատերերին պատկանող ապրանքներ, այնպես էլ վճարովի ծառայություններ մատուցելով այլեւայլ վաճառականների:

ԺԸ. դարի երկրորդ կեսի հայոց ազատագրական ձգտումների համար միավորման առանցք կարող էր ծառայել միայն եկեղեցին, որի հնարավորությունները լիակատար օգտագործելու գործին ձեռնամուխ եղավ 1763 թ. գահ բարձրացած Սիմեոն Երեւանցի Հայոց կաթողիկոսը: Սիմեոն Երեւանցին 1766 թ. Պետերբուրգ է ուղարկում մի դեսպանություն՝ Դավիթ վարդապետի գլխավորությամբ: Լուծելիք հարցերից գլխավորն էր Ռուսահայոց թեմը Գանձասարի կաթողիկոսության իրավասությունից Էջմիածնի իրավասությանը փոխանցելը եւ Ռուսաստանի հայ համայնքի կողմից միայն Էջմիածնի գերագահության ընդունման ապահովումը: Պատվիրակությունը պատվով կատարեց իր առաքելությունը եւ 1768 թ. վերադարձավ Էջմիածին՝ իր հետ բերելով Եկատերինա Երկրորդ կայսրուհու հրամանագիրը այն մասին, որ Հայոց եկեղեցու ոչ մի հոգեւորականի չի թույլատրվի այլեւս մուտք գործել Ռուսաստանի տարածք առանց Էջմիածնի երաշխավորության: 1773 թ. Սիմեոն Երեւանցին Ռուսահայոց թեմի առաջնորդ նշանակեց երիտասարդ եպիսկոպոս Հովսեփ Արղությանին: 1774 թ. Իրանի Ռեշտ նավահանգստից Հ. Արղությանը ժամանեց Աստրախան: Նույն թվականին ավարտվում էր ռուս-թուրքական պատերազմը՝ Քյուչուկ Կայնարջիում կնքված պայմանագրով (1774 թ. հուլիսի 10), որի հաստատումն ու հրապարակումը տեղի ունեցավ մոտ մեկ տարի անց: Հովսեփ Արղությանը, ձեռք ձգելով հաշտության պայմանագրի տեքստը, այն թարգմանում է հայերենի եւ առաքում Էջմիածին: Պայմանագրի 7-րդ կետով Կ. Պոլսում Ռուսաստանի դեսպանին իրավունք էր վերապահվում հանդես գալու Օսմանյան տերության մեջ քրիստոնյաների շահերի պաշտպանությամբ: Սիմեոն Երեւանցու առաջարկով ռուսական արքունիքը կարգադրում է Կ. Պոլսի ռուսական դեսպանին հետամուտ լինել պաշտպանելու նաեւ հայ քրիստոնյաների շահերը:

1780-1790-ական թվականներին անընդմեջ ստվարացող ռուսահայ գաղթօջախում ձեւավորվող դավանական փոխհարաբերությունները եւս ձեռք են բերում քաղաքական ուղղվածություն: Արդեն իսկ 1780 թ. փետրվարի 18ին մեծ հանդիսավորությամբ կատարվում է Պետերբուրգի սուրբ Կատարինէ եկեղեցու օծումը: Օծման հանդիսություններին, ըստ Հովսեփ Արղությանի Հիշատակարանի, ներկա են եղել «ամենայն նախարարքն եւ յոյժ հաւանեցան ամենայն արարողութեանցն մերս սուրբ եկեղեցւոյ եւ բազում գայթակղութիւնք բարձան»:

Սիմեոն Երեւանցուն հաջորդած Ղուկաս Կարնեցու գահակալության տարիներին կազմված Հայ-ռուսական դաշնագրի նախագծի առաջին իսկ կետը պահանջում էր դավանական խնդիրներում երկուստեք հանդուրժողական վերաբերմունք: Հայոց եկեղեցու համար դավանական հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելու գործում մեծ կարեւորություն ուներ Պավել Առաջին կայսեր կրոնի ուսուցիչ Պլատոն միտրոպոլիտի դիրքորոշումը: Ըստ Հ. Արղությանի վկայության, Պլատոնը բազմիցս սանձել է ռուս եւ հույն հոգեւորականության հարձակումները Հայոց եկեղեցու եւ եկեղեցականների դեմ: Որոշակի նպատակադրումով եւ, ամենայն հավանականությամբ Հ. Արղությանի նախաձեռնությամբ, Պետերբուրգում հայերենի են թարգմանվում Պլատոն միտրոպոլիտի «Քրիստոնեական աստվածաբանությունը», «Քարոզներ» եւ «Ուղղափառ կրթություն» գրքերը (թարգմանիչ Ստեփանոս Ասլանյան): Ռուսերենի է թարգմանվում եւ Պետերբուրգում 1799 թ. տպագրվում «Հայոց եկեղեցու դավանանքը» գիրքը, որն այնուհետեւ Պետերբուրգում Վրաց դեսպանության քարտուղար Գեորգի Ավալիշվիլին ռուսերենից թարգմանում է նաեւ վրացերենի:

Պավել Առաջինի 1799 թ. հոկտեմբերի 28-ի հրամանագրերում ընդգծված շեշտվում է, որ թույլատրվում է ազատորեն դավանել Հայոց դավանանքը, կառուցել եկեղեցիներ եւ կրոնական հարցերում ենթարկվել միայն Էջմիածնի կաթողիկոսին ու Ռուսահայոց առաջնորդ Հովսեփ Արղությանին: Ավելին, Ղուկաս կաթողիկոսի մահից հետո, Ռուսական արքունիքը պաշտպանում է Հ. Արղությանի թեկնածության առաջադրումը Հայոց կաթողիկոսական գահի համար եւ Ռուսական բանակի Վրաստանում լինելու հանգամանքով թելադրված՝ Հովսեփ Արղությանի միջոցով է 1801 թ, փետրվարին հրապարակում Վրաստանը Ռուսաստանին միացնելու Պավել Առաջինի հրովարտակը:

Հայ-ռուսական եկեղեցական հարաբերությունների ուղղվածությունը պայմանավորվում էր քաղաքական հարաբերությունների պահանջով ու մակարդակով:

1790-ական թվականներին Աղա-Մահմադ խանի հզորացմամբ Իրանի պատմության մեջ սկսվում էր նոր շրջան, որն ավարտվեց Ղաջարական դինաստիայի հաստատմամբ: Այդ ընթացքում Աղա-Մահմադ խանն ավերիչ արշավանք ձեռնարկեց դեպի Այսրկովկաս, գրավեց եւ ավերեց Թիֆլիսը: Չնայած Թիֆլիսում նա մնաց ընդամենը մեկ շաբաթ, սակայն Աղա-Մահմադ խանը Թիֆլիսն ավերելուց հետո դեռեւս մտադիր չէր արագորեն թողնելու Այսրկովկասի սահմանները եւ հրամայել էր բանակի համար Մուղանի դաշտում կուտակել պարեն ու զինամթերք: Հովսեփ Արղությանը Թիֆլիսի վերահաս ավերումը կանխելու համար Հերակլ 2-րդի խնդրանքով դիմել էր Ի. Գուդովիչին՝ օգնական զորք ուղարկելու առաջարկով, ուստի 1795 թ. դեկտեմբերի 15-ին, այսինքն՝ արշավանքից երեք ամիս անց, Գրիգորիոպոլից Ստեփան Դավթյանին ուղղած նամակում դժգոհում էր, թե՝ «Մեղավորն Կուտովիչն է, ողորմելի անբախտ արքային ի մարտի առաքեալ էր առ նա եւ գրեալ՝ օգնել կամ հրաժարիլ, թէպէտ ես շատ խոսեցայ ընդ նմա՝ վասն այսմ, որ երկիրն առանց ձեր օգնութեանն փչանալոց է, այլ հաստ գլուխ նորա ոչ ընկալաւ»: Վավերագրերից պարզվում է, սակայն, որ Ի. Գուդովիչը ոչ միայն հասկանում էր, այլեւ ինքն իր հերթին զեկուցագրեր էր ներկայացնում արքունիք՝ հուսալով կարգադրություններ ստանալ գործելու համար: Ժամանակին զորք չտրամադրելու փաստը խիստ սասանեց Ռուսաստանի վարկը, եւ Վրաստանում ծավալում ստացան հակառուսական տրամադրությունները: Ռուսական քաղաքականության վարկը փրկելու եւ առաջիկայում Այսրկովկաս արշավանքի ձեռնարկումը արդարացնելու նպատակով ռուսական հրամանատարությունը, եւ մասնավորապես Ի. Գուդովիչը, Թիֆլիսի գրավումը սկսեցին վերագրել ոչ թե ուժերի անհավասարությանը, այլ ներքին դավաճանությանը: Թիֆլիսի գրավումը դավաճանության վերագրելը սկիզբ է առել Ռուսաստանում, ռուս հրամանատարության տարածած լուրերից:

Այսրկովկասի նկատմամբ իր հավակնությունների բացահայտ դրսեւորում էր Ռուսաստանի կողմից գեներալ Վ. Ա. Զուբովի հրամանատարությամբ 1796 թ. գարնանը ռուսական բանակի առաքումը: Հայ գործիչները ոչ միայն չէին կարող լոկ դիտորդի դերում մնալ, ալեւ որոշակի ոգեւորությամբ լծվեցին այդ գործընթացին՝ բարեհաջող ավարտին հասցնելու փայփայած իրենց ձգտումները: Ռուսահայ գործիչներին ու բնակչությանը համախմբելու գործում մեծ է Հովսեփ Արղությանի դերը: Նա ոչ միայն անձամբ էր մասնակցում արշավանքին եւ փորձում իր նպաստը բերել արշավանքի հաջողությանը, այլեւ հորդորում կամ պահանջում էր այլեւայլ գործիչների՝ ժամանելու գործող բանակ: Նրանից բացի ռուսական բանակում էին գտնվում Մանուչար Կաճկաճյանցը, որ նշանակվել էր Վ. Զուբովի մոտ թարգման, Ստեփան Դադաշյանը, Ավերյան Սերեբրովը, Նիկիտա Գաջանովը, մայոր Ախվերդովը, Հարություն Արարատյանը, աստրախանցի Սերգեյ Բոգդանովը, որ Վ. Զուբովի կողմից ուղարկվել էր Շուշի, եւ շատ ուրիշներ: Հ. Արղությանի հետ Ղզլարից դեպի Դերբենտ՝ ռուսական բանակ են ճանապարհվել նաեւ Աստրախանաբնակ Դերբենտցի ու Շամախեցի շատ կամավորներ, որոնց ընտանիքները գտնվում էին Հ. Արղությանի հոգատարության ներքո:

18-րդ դարի վերջին քառորդին փորձ է արվում օգտվելու բուն իսկ Պարսից պետության ներքին հակասություններից եւ գործարքի գնալ հակամարտող ուժերից այն թեւի հետ, որը կարող էր ընդառաջել հայոց բաղձանքին եւ որի համար կարող էր բարենպաստ լինել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հայ գործիչների օժանդակությունը: Ջանքեր են գործադրվում կապեր հաստատելու Իրանի գահի համար պայքարում Ռուսաստանի օժանդակության կարիքն զգացող Ալի-Մուրադ խանի ու այնուհետեւ Աղա-Մահմադ խանի եղբայր Մուրթուզա Կուլի խանի հետ: Վերջինիս հետ ավելի քան մեկ տասնամյակ հայ գործիչների մտերմությունը թելադրված էր ինչպես Իրանի գահի համար նրա թեկնածությունը Ռուսաստանի կողմից պաշտպանվելու խնդրով, այնպես էլ Ռուսական արքունիքում բարենպաստ կարծիք ստեղծելու մեջ հայ գործիչների միջնորդությանը դիմելու նրա մտահոգությամբ:

Ձախողվելով Աղա Մահմադ խանի հետ հարաբերություններում, Ռուսաստանը փորձ է ձեռնարկում հարաբերությունները սերտացնելու Աղա մահմադ խանի հակառակորդ Ալի Մուրադ խանի հետ:

Օգտվելով Իրանում կենտրոնական իշխանության բացակայությունից Գ. Ա. Պոտյոմկինը Գեորգիեւյան պայմանագրի կնքումից հետո մտահղանում է Այսրկովկասում ռուսական ազդեցությունը ընդարձակելու նոր տարբերակ: Այդ նպատակով փորձ է արվում օգտագործել Ալի Մուրադ խանին Ռուսաստանի հովանավորության եւ նրան Իրանի նոր շահ ճանաչելու խոստումով գայթակղումը: Գ. Ա. Պոտյոմկինի հանձնարարությամբ 1783 թ. հոկտեմբերին Ալի Մուրադ խանի մոտ՝ Սպահան է ուղարկվում հայազգի Հակոբ Թոխաթլյանը (Անտոնյան): Ալի-Մուրատ խանը պատրաստակամություն է հայտնում Ռուսաստանի հետ փոխանակել պաշտոնական ներկայացուցիչներ, ազատել մաքսատուրքերից ռուսական վաճառականներին եւ միաժամանակ զգուշացնում, թե ինքը չի կարծում, որ Ռուսաստանը տարածքներ կպահանջի Իրանից: Զեկուցագրից ակնհայտ է, որ Հակոբ Անտոնյանը հանձնարարություն է ունեցել հաղորդելու Ռուսաստանի կողմից տարածքային պահանջների մասին, որին եւ ի պատասխան հնչել է Ալի Մուրադ խանի վերոբերյալ առարկությունը: Այդ հանգամանքը ընդգծելի է, որովհետեւ պատմագիտության մեջ համընդհանոր տարածում է ստացել այն դրույթը, թե իբր տարածքային զիջումների նախաձեռնությունը պատկանում էր Ալի Մուրադ խանին: Էնզելիում Ռուսական հյուպատոս Ի. Վ. Թումանովսկին եւս 1783 թ. դեկտեմբերի 1-ին Ալի-Մուրադ խանի մոտ է ուղարկում հայազգի Մելքոմ Պոպովին:

Թեեւ Ռուսաստանի համար գայթակղիչ էր այն, որ Ալի-Մուրադ խանի՝ Ռուսաստանի օժանդակությունը ստանալու դիմաց կարելի էր պահանջել Ղարադաղը, Ղարաբաղը, Նախիջեւանի ու Երեւանի խանությունները եւ Այսրկովկասի մերձկասպյան տարածքները, սակայն այդ ծրագրի խափանումը կապված էր ոչ միայն Ալի-Մուրադ խանի անակնկալ մահվան հետ: Դեռ մինչեւ մահը նա դրսեւորել էր ռուսական ծրագրերի դեմ իր դիրքորոշումը եւ պատահական չէ, որ Դերբենտի Ֆաթալի խանը եւս «Ալի Մուրադ խանից հրաման ստացավ խզել ռուսների հետ ամեն տեսակի կապերը»: Ուստի միանգամայն իրավացի է այն հետեւությունը, թե Ալի-Մուրադ խանի կողմից եւս Ռուսաստանին խոստումների քաղաքականությունը զուտ դիվանագիտական խայծ էր, որպիսին շարունակել էր կիրառել նաեւ Աղա Մահմադ խանը Ալի Մուրադ խանի մահից հետո՝ սակայն այս դեպքում Օսմանյան պետության հետ վարվող բանակցություններով իր տիրապետությունը ընդունելի դարձնելու նպատակով: 1785 թ. սկզբներին (փետրվարի 7) մահանում է Ալի-Մուրադ խանը: Զենդերի կողմն անցած Մուրթուզա Կուլի խանը անցնում է թալիշների մոտ եւ Ռուսաստանից օգնություն ստանալու համար փորձում հավաստիացնել, թե իր եւ իր եղբոր՝ Աղա Մահմադ խանի, միջեւ թշնամանքը հետեւանք է այն բանի, որ ինքը հովանավորել է Վոյնովիչի ռուսական արշավախմբին:

Ի դեմս Մուրթուզա Կուլի խանի Ռուսաստանը տեսնում էր մի ուժ, որը անհրաժեշտ պահին կարելի էր հակադրել Աղա-Մահմադ խանին:

1794 թ. աշնանը Իրանը արդեն գրեթե միավորված էր Աղա-Մահմադ խանի սրի ներքո:

Մուրթուզա Կուլի խանին ու նրա դեսպանին հասցեագրված Հ. Արղությանի մեզ հայտնի առաջին նամակները գրվել են 1791 թ. փետրվարի 12-ին Յաշից: Ուշագրավ է Հ. Արղությանի այն նշումը, թե ռուսական կողմի հանձնարարությամբ ինքը եւս լիազորված է տնօրինելու դիվանագիտական բանակցությունների ընթացքը: 1792 թ. դեկտեմբերի վերջերին Մուրթուզա Կուլի խանը, վերջնականապես զգալով իր վիճակի անհուսալիությունը Գիլանում, ռուսական նավով, իր հետ վերցնելով նաեւ Աբաս եւ Ռիզա խաներին, ճանապարհվում է Ռուսաստան: Ռուսական արքունիքը նրան պահում է Աստրախանում: Աղա-Մահմադ խանը միջոցներ եւ ուղիներ էր որոնում Ռուսաստանում գտնվող եղբորը կրկին Իրան վերադարձնելու եւ Իրանում իր տիրապետության համար այդ սպառնալիքը չեզոքացնելու նպատակով: 1795 թ. սկզբներին Մուրթուզային տեղափոխում են Պետերբուրգ եւ շքեղ ընդունելություն կազմակերպում Ռուսական արքունիքում: Աղա Մահմադ խանը 1795 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին գրավում է Այսրկովկասի զգալի մասը, ավերում Թիֆլիսը եւ վերադառնում Խորասան:

Վ. Զուբովի գլխավորությամբ Ռուսական զորքի արշավանքի ժամանակ իշխանությունները Մուրթուզա Կուլի խանին ուղարկում են Սարի կղզի եւ նրան ուղեկցող նշանակում Պետր Կովալենսկուն, որտեղից նրանք բանակցություններ էին վարում մահմեդական ցեղերի առաջնորդների հետ՝ նրանց Աղա-Մահմադ խանի դեմ ոտքի հանելու համար: 1796 թ. նոյեմբերին մահանում է Եկատերինա Երկրորդը, եւ զորքերը 1797 թ. ետ են քաշվում դեպի Ռուսաստան:

Ռուսական քաղաքականության այդ անակնկալ շրջադարձը շտկումներ է մտցնում ինչպես հայ գործիչների ծրագրերում, այնպես էլ Մուրթուզա Կուլի խանի ճակատագրում: 1797 թ. Աղա-Մահմադ խանի սպանությունից հետո Պարսկաստանում սկսված գահակալական կռիվներում հաղթում է Բաբա խանը, եւ այնուհետեւ օծվում որպես Իրանի նոր շահ՝ Ֆաթ-Ալի շահ անունով (1797-1834): 1798 թ. հունիսին Պետերբուրգ է ժամանում վերջինիս դեսպան Միրզա Սադըղ Հասանը, բերելով Ֆաթ-Ալի շահի շնորհավորանքները Պավել Առաջինին՝ նրա գահակալելու առիթով եւ միաժամանակ պատրաստակամություն էր հայտնվում բարելավելու երկու երկրների միջեւ խանգարված առեւտրական հարաբերությունները: Մուրթուզա Կուլի խանի թեկնածության հնարավորությունը Իրանի գահի համար այսպիսով այլեւս վերանում է :

Հովսեփ Արղությանը առիթն օգտագործում է եւ մաղթանքներ ու խնդրանքներ է հղում Բաբա խանին: 1798 թ. մարտի 12-ին Պետերբուրգից Աբաս խանի միջոցով Հ. Արղությանը շնորհավորում է Բաբա խանին. «Զի թագաւորեսցէ ի վերա Պարսից աթոռոյն վասն խաղաղութեան, վասն աշխարհաշինութեան եւ վասն գթութեան եւ ողորմութեան ի վերա հպատակաց իւրոց ... եւ զգոյթ խնամոց եւ ողորմութեան իւրոյ տարածեսցէ ի վերա հպատակաց իւրոց մահմետականաց եւ քրիստոնէից»: Այնուհետեւ խնդրում է, «որպէս նախնի թագաւորքն Պարսից եւս Աղայ Մահմատ խան թագաւորն հայրն եւ հօրեղբայրն իւր ողորմութեամբն իւրեանց միշտ պահպանել զսուրբ Աթոռն մեր Էջմիածին՝ Ուչքիլիսայ կոչեցեալ, եւ մեծ խալիֆ նորին... առաւել ցուցանել առ նա զգոյթ եւ զողորմութիւն իւր եւ հրամայել Երեւանայ խանին, որ չզրկեն զՈւչքիլիսէն եւ կամ յափշտակէն զմուլք նորա, զի նախնի թագաւորքն մաղաֆ են արարեալ զգիւղօրայս Ուչքիլիսէի... »: Հաջորդ կետով խնդրում է «զգոյթ ողորմութեան իւրոյ տարածանել առ ողորմելի ազգս մեր, որք են ենթ խնամոց եւ հովանաւորութեան իւրոյ մեծութեանն, որ նոքա վայելելով զայն՝ փախուցեալքն ի բռնութենէ խիստ տեարցն յետս դարձցին ի հայրենի աշխարհն իւրեանց»: Հինգերորդ խնդրանքը վերաբերում է Արցախի խնդրին. Հ. Արղությանը պահանջում է Ղարաբաղի Իբրահիմ խանին «բառնալ ի Շուշու բերթէն եւ կործանել զնա», քանզի նա էր Աղա-Մահմադ շահի սպանման պատճառը եւ «կործանիչ իմոյ ազգին եւ ջնջիչ յերկրէ անտի»: Այնուհետեւ Հ. Արղությանն իր ծառայություններն էր խոստանում պարսկա-ռուսական բանակցություններում եւ փոխարենը պահանջում Թիֆլիսից տարված գերիներին ազատություն շնորհել եւ «դարձուցանել զնոսա յերկիրն իւրեանց»: Վերջին՝ ութերորդ, կետով Հ. Արղությանը խնդրում է Աբաս խանից, որ «զոր ինչ պարոն Մելիք Ջիմշիտին ասացեալ էիր եւ կամ գրով նշանեալ, այն կատարումն ետ»:

Հայ գործիչները թեեւ դիվանագիտական մեծ ջանքեր էին թափում Պարսից արքունիքում եւ իշխող դասի մոտ հայոց նկատմամբ բարեհաճ վերաբերմունք ձեւավորելու համար, սակայն եւ մտադիր չէին ետ կանգնելու իրենց հայրենիքը Ռուսաստանի օժանդակությամբ Պարսից լծից ազատագրելու խնդրից:

Հայ գործիչների համար հստակ էր, որ հայ-ռուսական հարաբերությունները մեկուսի՝ առանց Վրաստանի մասնակցության, չեն կարող ձեւավորվել Այսրկովկասում, Վրաստանը էական դեր պետք խաղար ինչպես իր աշխարհագրական դիրքի, էթնիկ կազմի, այնպես էլ ռազմա-քաղաքական ու տնտեսական շահերի առումով: Ավելին, հայ-ռուսական հարաբերությունների սերտացման համար անհրաժեշտ էր ոչ միայն օժանդակել վրաց-ռուսական, այլեւ հայ-վրացական փոխհարաբերությունների բարելավմանն ու խորացմանը: Այդ է պատճառը, որ հասարակական - քաղաքական գործիչները հայ ազատագրական ծրագրերում էական տեղ էին հատկացնում Վրաստանին, հուսալով նրա դիրքորոշման նպաստավորությունը, եւ փորձում օժանդակել նրա հզորացմանը:

ԺԸ. դարի երկրորդ կեսին ռուս-վրացական հարաբերությունները ձեւավորվում էին նորովի՝ արմատական վերափոխումների ենթարկելով դարի առաջին կեսին ստեղծված չափանիշերն ու լծակները:

1744 թվականին Քարթլիի գահին Բագրատունյաց տան Կախեթի ճյուղավորման ներկայացուցիչ Թեյմութազ 2-րդի գահակալությամբ սկսվեց նոր փուլ ռուս-վրացական հարաբերություններում: Վախթանգի VI-ի ժառանգ Բաքարը, նրա որդին՝ Ալեքսանդրը, ինչպես նաեւ Վախթանգի արտամուսնական ժառանգ Պաատան փորձում են հենարան փնտրել Վրաստանում՝ իշխանությունը վերադարձնելու համար՝ այլեւս չհուսալով Ռուսաստանի օժանդակությանը, իսկ Թեյմուրազ եւ Հերակլ թագավորները ձգտում են Ռուսաստանի հետ մերձեցումով չեզոքացնել Վախթանգի ժառանգների հավակնությունները վրաց գահի նկատմամբ, իրավական ճանաչում ստանալ Ռուսաստանի կողմից ու նաեւ զինական կամ ֆինանսական օժանդակություն հայցել իրենց անվտանգությունը ապահովելու ու իշխանությունը Վրաստանում եւ նրա հարակից տարածքներում ամրապնդելու նպատակով: Նման պայմաններում 1748 թ մայիսին Ռուսաստանից Վրաստան վերադառնալու համար Ելիզավետա կայսրուհուն էր դիմել Բաքար արքայազնը եւ մերժում ստացել: Բաքար արքայազնը համառել էր Վրաստան վերադարձի իր որոշման վրա եւ 1750 թ. փետրվարի 1-ին անակնկալ մահացել: Թեյմուրազ 2-րդ եւ Հերակլ 2-րդ թագավորները Ռուսաստան են ուղարկում մի դեսպանություն, որը պետք է պաշտոնական հարաբերություններ հաստատելու սկիզբ դառնար: Վրաց դեսպանությունը գլխավորում էին Սիմոն Մաղաշվիլին եւ Թիֆլիսի հոգեւոր առաջնորդ Աթանաս արքեպիսկոպոսը՝ վերջինիս ղեկավարությամբ: Ռուսական օժանդակության տրամադրման դեպքում վրաց թագավորները չէին թաքցնում իրենց մտադրությունը գրավելու Վրաստանին սահմանակից Իրանի մի շարք քաղաքներ: 1754 թ. կանցլեր Բեստուժեւ-Ռյումինի առաջարկությամբ որոշվեց վրաց դեսպանությունը վերադարձնել առանց պաշտոնական պատասխանի, քանզի վրացիները վիճակի չեն" այն գաղտնի պահել:

1760 թ. ձեռնարկվեց Վրաստանից նոր դեսպանության առաքումը Ռուսաստան, որը գլխավորում էր անձամբ Թեյմուրազ 2-րդ թագավորը, որի հետ բանակցությունների վարումը արդեն իսկ կնշանակեր Ռուսական կառավարության կողմից Քարթլիի թագավոր ճանաչելու հանգամանք: 1760 թ. ապրիլին Թեյմուրազ թագավորը հարյուր հոգիանոց շքախմբով ժամանեց Չերվլենի սահմանային կայան: Մայիս ամսին նա գտնվում էր արդեն Ղզլարում: Թեյմուրազի Ռուսաստան ժամանումը ռուսական արքունիքի կողմից նպատակահարմար չէր դիտվում, ուստի եւ տարբեր պատրվակներով խոչընդոտներ էին հարուցվում նրա ճանապարհորդության համար այն դեպքում, մինչ Թեյմուրազը ձգտում էր օր առաջ հայտնվել ռուսական մայրաքաղաքում: Թուրք-պարսկական միջավայրում կասկածները փարատելու համար Վրաստանում լուրեր տարածվեցին Թեյմուրազ-Հերակլ հակամարտության մասին եւ հորինվեց վարկած՝ Վրաստանից Թեյմուրազի ընդմիշտ հեռանալու կամ փախուստի մասին: Այդ լուրերը պետք է մեծացնեին Հերակլի նկատմամբ պարսից վստահությունը, ամրապնդեին նրա դիրքերն ու վարկանիշը: Որ այդ լուրերը շինծու էին, ցույց է տալիս Թեյմուրազին օժանդակելու մասին Հակոբ Շամախեցու 1760 թ. հունիսի 16-ին Թեյմուրազի ճանապարհվելուց հետո եւ, անշուշտ, Հերակլի պահանջով գրած նամակը Ելիզավետա կայսրուհուն, որը սակայն չէր առաքվել եւ բնագիրը մնացել ու պահպանվել է Էջմիածնում: Հակոբ Շամախեցին շարունակում էր ակնկալիքով սպասել Թեյմուրազի առաքելության մասին հուսադրող լուրերի եւ Հերակլին մաղթում էր, որ իրագործվեն Թեյմուրազի ցանկությունները եւ նա վերստին վերադառնա «յօրհնեալ երկիրդ եւ յօթեւանդ ձեր»:

Թեյմուրազի Պետերբուրգում գտնվելու ընթացքում այնտեղ է ժամանում նաեւ Հովսեփ Էմինը: Թեյմուրազի եւ Էմինի ծանոթությունը տեղի է ունեցել կանցլեր Մ. Վորոնցովի մոտ Թեյմուրազի ընդունելության ժամանակ, որից հետո Հ. Էմինը գրեթե ամեն օր այցելել է Թեյմուրազին եւ նրա հետ մի քանի անգամ եւս ճաշի է հրավիրվել կանցլերի մոտ: Հանդիպումների ժամանակ Թեյմուրազի հետ զրույցների բովանդակության մասին թեեւ Հ. Էմինը որոշակի արձանագրումներ չի թողել, սակայն հանդիպումների հաճախականության մասին վկայությունը ինքնին հիմք է տալիս ենթադրելու, թե այդ զրույցները նրանց միջեւ սառնություն չէ, որ հարուցել են եւ Էմինի մոտ Վրաստան ճանապարհվելու իր մտադրությունը մնացել է հուսադրող:

Թեյմուրազը պատրաստվում էր վերադառնալ հայրենիք, երբ 1761 թ. դեկտեմբերի 25-ին մահացավ Ելիզավետա կայսրուհին: Երկու շաբաթ անց, 1762 թ. հունվարի 8-ին Պետերբուրգում մահացավ նաեւ Թեյմուրազ 2-րդը: Վրաց դեսպանությունը բռնեց տունդարձի ուղին՝ բերելով Թեյմուրազի դին, որն ամփոփվեց Աստրախանում:

Ռուսական արքունիքի ցավակցական նամակում Հերակլն անվանված էր Քարթլիի եւ Կախեթի թագավոր, որով ռուսական արքունիքը փաստորեն ճանաչում էր Հերակլի իշխանության օրինականությունը: Այդ փաստը լիովին բացահայտում էր ռուսական արքունիքի բացասական դիրքորոշումը նաեւ Վախթանգ VI-ի ժառանգորդների հավակնությունների նկատմամբ: Սկսվեց ռուս-վրացական հարաբերությունների ձեւավորման նոր փուլ:

1768-74 թթ. ռուս-թուրքական պատերազմը կարծես նոր հորիզոններ ու հնարավորություններ էր ստեղծում ռուս-վրացական համագործակցությամբ ինչպես Հերակլի, այնպես էլ Հերակլի օժանդակությունը ակնկալող Հովսեփ Էմինի ծրագրերի իրականացման համար: 1768 թ., սակայն, Հովսեփ Էմինը վերջնականապես թողեց Վրաստանի հետ համագործակցելու 1763-1768 թթ. իր փորձերը եւ հեռացավ Հնդկաստան: Հերակլ 2-րդ եւ Սողոմոն I թագավորները 1768-69 թթ. դիմել էին Ռուսաստանին զինական օժանդակություն ստանալու խնդրանքով՝ Օսմանյան պետության դեմ պայքար ծավալելու նպատակով: 1769 թ. Ռուսաստանի Արտաքին գործերի կոլեգիային էր դիմել նաեւ Մովսես Սարաֆյանը Հայաստանի ազատագրման համար Վրաստան Ռուսական զորք ուղարկելու առաջարկությամբ: Պետերբուրգում հաղորդագրություն էր տպագրվել անգամ, թե «Հաստատվում է Պարսկաստանում տեղի ունեցող խոշոր ռազմական նախապատրաստությունների մասին լուրը: Հայերը տարանջատվել են թուրքերից եւ նրանց պատրիարքը, որը մեծ իշխանություն ունի, ծանուցել է Կ. Պոլսում մեծ քանակ կազմող իր հավատակիցներին, որպեսզի նրանք հույների հետ մնալով համաձայնության մեջ, անհրաժեշտ պահին գործեն համատեղ ուժերով: 1769 թ. ամռան վերջին ռուսական մի զորամաս գեն. Տոտլեբենի հրամանատարությամբ ի վերջո ժամանեց Վրաստան: Գեն. Տոտլեբենը, սակայն, օգտագործելով Հերակլից դժգոհ վրաց իշխանների օժանդակությունը, զենքի ուժով փորձում էր գրավել Արեւելյան Վրաստանը եւ կայազորներ էր տեղադրում Վրաստանի քաղաքներում: Հերակլը ակտիվ գործունեություն սկսեց Տոտլեբենի ձեռնարկած քայլերի չեզոքացման ուղղությամբ: Ռուսական արքունիքը ստիպված էր ետ կանչել Տոտլեբենին եւ նրա փոխարեն Վրաստանում ռուսական զորքի հրամանատար նշանակելով գեն. Սուխոտինին՝ փրկել ռուս-վրացական հարաբերությունները խզումից: 1771 թ. դեկտեմբերին, երբ ռուսական զորքերը հասել էին մինչեւ Սեւ ծովի ափ եւ կրկին անհաջողության մատնվել Փոթիի պաշարման ժամանակ, Եկատերինա 2-րդը Սուխոտինին եւ ռուսական բանակը ետ կանչեց Վրաստանից: Այսպիսով, ռուսական զորամասը, որի օգնությամբ, ըստ հայ եւ վրաց գործիչների, պետք է իրականանար Վրաստանի եւ Հայաստանի ազատագրումը օտար լծից եւ վերականգնվեր նաեւ հայոց ազգային պետականությունը, հեռանում էր առանց էական նպաստ բերելու առաջադրված խնդիրների ու ծրագրերի լուծմանը:

Հերակլը փորձելով օգտվել պատերազմում Թուրքիայի կրած պարտության հանգամանքից եւ քայլեր ձեռնարկել Ախալցխայի նկատմամբ, որոշում է կրկին դիմել Ռուսաստանի օժանդակությանը՝ խնդրելով գեն. Մեդեմին զորքով մոտենալու Վրաստանի սահմաններին: Ստանալով գեն. Մեդեմի զեկուցագիրը այդ մասին, Եկատերինան 1775 թ. հուլիսի 28-ին պատասխանում է, թե Հերակլը արժանի չէ ուշադրության եւ կարգադրում է "остаться в молчании", մինչեւ Հերակլի կողմից կրկին նոր դիմումի ստացվելը, իսկ այնուհետեւ ծանուցել նրան, թե նրա խնդրանքի բավարարելը անհնար է եւ թող նվաճումներն ու ձեռքբերումները կատարի իր սեփական ուժերով:

ԺԸ. դարի վերջին քառորդին հայ-ռուս-վրացական հարաբերություններում եռանդուն գործունեություն էր ծավալել Հ. Արղությանը: Նա մեծ դեր էր ունեցել նաեւ 1783 թ. ռուս-վրացական Գեորգիեւսկի դաշնագրի կնքման գործում եւ 1783 թ. գարնանը ռուս-վրացական դաշնագրի նախապատրաստական աշխատանքների ժամանակ կազմել էր (անշուշտ Ռուսական իշխանությունների գիտությամբ) նաեւ Հայ-ռուսական դաշնագրի նախագիծը: 1784 թ. Պետերբուրգ է ժամանում նաեւ հայ ժողովրդի լիազոր ներկայացուցիչ Ստեփան Դավթյանը: Ղուկաս կաթողիկոսի խնդրանքով Հերակլ 2-րդը 1784 թ. օգոստոսի 13-ին հանձնարարական նամակ է գրում Ստեփան Դավթյանի համար Պ. Ս. Պոտյոմկինին, խնդրում «բարեհաճ լինել նրա նկատմամբ եւ օժանդակել նրան»: Հայ եւ վրաց ժողովուրդների քաղաքական համագործակցության համար Պետերբուրգում եւս ստեղծվում է կապող օղակ: Այդ կապերի առավել եռանդուն կազմակերպիչ կրկին հանդես է գալիս Հ. Արղությանը:

Հայ-ռուս-վրացական հարաբերությունները նոր երանգ են ստանում ռուս-թուրքական 1787-1791 թթ. պատերազմի ժամանակ: Պատերազմական գործողությունները թեեւ ընթանում էին Այսրկովկասի սահմաններից հեռու, սակայն հայ եւ վրաց ժողովուրդների ներկայացուցիչները որոշակի հույսեր էին կապում Ռուսաստանի կողմից պատերազմի հաղթական ավարտից հետո կնքվելիք պայմանագրի հետ, գտնվում էին Յաշում, որտեղ եւ պետք է ստորագրվեր հաշտության պայմանագիրը: Պայմանագրում ուղղակիորեն չարտացոլվեցին անմիջապես Հայաստանին եւ Վրաստանին առնչվող հարցեր: Պատվիրակությունները վերադարձան առանց որոշակի հաջողությունների: Էականը, սակայն, այն էր, որ Թուրքիան պայմանագրի հինգերորդ կետով ձեռնպահ էր մնում Քարթլիի նկատմամբ թշնամական քայլերից:

1795 թ. Աղա-Մահմադ խանի կողմից Թիֆլիսի ավերումից հետո Հովսեփ Արղությանը Գրիգորիոպոլից նամակով դիմում է Հերակլ Երկրորդին, եւ, հայտնելով իր դառն ապրումներն այդ դեպքերի առթիվ, գրում է. «... յոյս Հայաստանեայց աշխարհի եւ թագավորութիւն ձեր էր, ողբասցեն ընդ ձեզ ամենայն ազգ եւ ազինք հայոց, որք սփռեալք են ի ծագս աշխարհի»: Հ. Արղությանը հայտնում է նաեւ, թե մինչեւ Աղա Մահմատ խանի արշավանքը ինքը շատերին էր գրել ու հայտնել սպասվելիքի մասին, սակայն նրանք «ոչ հաւատային հաւատարմութեանն տանն Վրաց»: Կատարվածն արդեն փաստ էր եւ Հովսեփ Արղությանը հուսադրում է Հերակլին, թե Ռուսաստանն անպաշտպան չի թողնի Վրաստանին:

Աղա Մահմադ խանին պատժելու պատրվակով 1796 թ. դեպի Այսրկովկաս Ռուսաստանի կազմակերպած արշավանքի ժամանակ Հ. Արղությանը ձեռնամուխ է լինում արշավանքի համար իր պլանները մշակելու եւ ռուսական հրամանատարությանը ներկայացնելու գործին, միաժամանակ նաեւ Արցախի մելիքներին ու Հերակլ Երկրորդին հորդորում է ավելի հաստատակամորեն, առանց վերապահումների օժանդակել Ռուսական բանակին՝ հուսադրելով նրանց մոտակա ազատության հեռանկարով: Մեզ է հասել Շամախիից Հերակլ Երկրորդին Հ. Արղությանի գրած 1796 թ. սեպտեմբերի 14-ով թվագրված նամակը, որ արժեքավոր է մի շարք առումներով: Այն պատասխանն է Հերակլի կողմից Հ. Արղությանին գրած նամակի, որը պետք է ներկայացվեր նաեւ Վալերիան Զուբովին: Դատելով Հ. Արղությանի պատասխան նամակից, Հերակլը պահանջել էր շուտափույթ օգնություն ցուցաբերել ինչպես դրամական, այնպես էլ զինական առումով, սպառնալով հակառակ դեպքում նման օգնություն ստանալու համար դիմել այլ ուղիների: Ակնարկելով այդ մասին, Հերակլը իր նամակին կցել էր նաեւ թուրքական սերասքարից ստացած նամակը: Հ. Արղությանը խորհուրդ է տալիս լինել համբերատար ու հեռատես եւ օժանդակություն չփնտրել թուրքերի մոտ, «չխմել այն պղտոր ջրից, որն արդեն բազմիցս... աննկարագրելի չարիքներ է բերել»: Արշավանքի դադարեցումից հետո Հերակլ 2-րդի ու ռուս հրամանատարության խնդրանքով Հովսեփ Արղությանը պետք է Ռուսաստան վերադառնար Վրաստանով:

Վրաստանի տնտեսական ու հասարակական-քաղաքական ծանր վիճակի պայմաններում Հ. Արղությանի ներկայությունը Վրաստանում խիստ անհրաժեշտ է նկատվում եւ, պարզվում է, նրա ներկայությամբ կամ միջոցով ակնկալվում էր մեղմել տեղում առաջացած սոցիալական լարվածությունը: Մեծացել էր Վրաց արքունիքի քաղաքականության նկատմամբ դժգոհությունը, եւ աճել էր, ինչպես ընդունված է վրացագիտության մեջ, պարսկական կողմնորոշում ունեցող ավատատերերի թիվը: Այն ավարտվեց 1797 թ. թագավորի դեմ կազմակերպված դավադրությամբ: Իրականում այդ դժգոհություն էր Ռուսաստանի վարած քաղաքականությունից, որը դադարեցնելով արշավանքը, փաստորեն Վրաստանին կրկին թողնում էր Պարսկաստանի վտանգի դեմ միայնակ, ուստի եւ Պարսկաստանի անվան հոլովումը ոչ թե կողմնորոշում, այլ հակակշիռ էր, որով պետք է ապահովագրեին Վրաստանը Աղա-Մահմադ խանի հնարավոր նոր արշավանքից: Այդ անհանգստությունը բռնկել էր ոչ միայն հայազգի բնակչությանը, այլեւ վրաց կաթողիկոսին, ուստի միանգամայն անհիմն է վրաց պատմագիտության մեջ վերոբերյալ անհանգստությանը ազգային երանգ վերագրելը՝ ելնելով միայն Թիֆլիսի բնակչության մեծամասնության հայազգի լինելու հանգամանքից:

Բարձր գնահատելով Հ. Արղությանի գործունեությունը Վրաստանում, Հերակլը նույն թվականի հունիսի 10ով թվագրված իր նամակով հանձնարարում է նրան Վրաստանի վիճակի մասին հաղորդել ռուսական արքունիք եւ հավաստել Ռուսաստանի նկատմամբ իր հավատարմությունը:

Հ. Արղությանը 1798 թ. փետրվարի 14-ին Գեորգի Արքայազնին գրած նամակում խորհուրդներ է տալիս նրան ինչպես ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման, այնպես էլ նրա գահակալության ժամանակ վարվելիք ներքին ու արտաքին քաղաքականության ու հայ-վրացական հարաբերությունների հիմնահարցերի շուրջ:

Ավարտելով այն միջոցառումների թվարկումը, որոնք իր կարծիքով կարող էին նպաստել Վրաստանի քաղաքական ու տնտեսական կայունության ամրապնդմանը, Հ. Արղությանը անցնում է հայ-վրացական հարաբերությունների բարելավման անհրաժեշտության հիմնավորմանը: Ակնարկելով Գեորգիի 1790 թ. համաձայնությունը Լոռու գավառը Շահամիր Շահամիրյանին ժառանգաբար տնօրինելու մասին հրովարտակ շնորհելու հանգամանքը, Հ. Արղությանը պահանջում է. «ԶԼոռին, զոր հաստատ գրով շնորհեալ էք աղայ Շահմիրին եւ նա եւս յանձնեալ է ի Մէլիք Ապովն, հաստատ պահեսջիք զայն ուխտ, որով ոչ թէ ի հովանավորութիւն ձեր հրավիրէք միայն զհնդկաբնակ Հայս, այլեւ Կարսն եւ Ախլցխայն դատարկեալ բնակչօք նոցա՝ լնանելոց են Փանբակն եւ Բօրչալուն»:

Նա Գեորգիից պահանջում է. «Որովհետեւ ի ձեզ պարծեն միշտ Հայք եւ ուրախ են, թէ՝ ունիմք մեր թագավոր ի սերնդոց թագավորացն մերոց, պարտ է Ձեզ եւս բանիւ եւ գրով զհայրական իմն խնամ ցուցանել նոցա, զի տեսանելով զայդ, որպէս եղեալքն ընդ հովանեաւ ձերով Հայք՝ ջերմեռանդաբար ծառայեսցեն Ձեզ, նոյնպէս եւ արտաքինքն դիմեսցեն ի հովանավորութիւն Ձեր»

Պարսկաստանում գահ բարձրացած Բաբա-խանը Գեորգի 12-րդից պահանջում է խզել կապերը Ռուսաստանի հետ եւ որդուն պատանդ ուղարկել Պարսից արքունիք, խոստանալով նրան հանձնել Երեւանի, Գանձակի, Շաքիի ու Շիրվանի կառավարումը, իսկ հակառակ դեպքում՝ սպառնում էր արշավել Վրաստան: Այդ պահանջը Գեորգի թագավորը ստանում է 1798 թ. հուլիսի 3-ին: Բաբա-խանի վերջնագիրը առավել մեծ խուճապ է առաջացնում Վրաստանում: Պետերբուրգից Վրաստան վերադարձած Դավիթ Արքայազնը Բաբա-խանի պահանջի մասին 1798 թ. հունիսի 28-ի նամակով տեղեկացնում է Հովսեփ Արղությանին: Հ. Արղությանը շտապում է Ռուսական իշխանություններին իր կողմից եւս հորդորել՝ միջամտելու Այսրկովկասյան գործերին եւ անընդհատ շտապեցնում է Գեորգի 12-րդին՝ դեսպանություն ուղարկել Ռուսաստան:

Հասկանալով հանդերձ Ռուսական արքունիքի պատրաստակամության իրական պատճառները, Հ. Արղությանը դեռեւս հույս ուներ ռուսական զորքի մտնելուց հետո Այսրկովկասում տեսնել Ռուսաստանի հովանու տակ գոյատեւող Հայ-վրացական միացյալ թագավորություն: Բացատրելով իր ջանադրության դրդապատճառներն ու նպատակները, նա հիշեցնում է. «Իմ կամքն է ծաղկեցուցանել զդոսա եւ կոչել ոչ միայն թագավոր Վրաց, այլեւ Հայոց»: Անդրադառնալով Պետերբուրգում գտնվող հայ մելիքների ճակատագրին, Հ. Արղությանը գտնում է, որ նրանց «բանն կախեալ կայ ի դոցանէ (իմա՝ Վրաստանի ճակատագրից - Պ. Չ. ) եւ Աստուծով լավ են լինելոց, ասա նոցին ընտանեացն՝ լինիլ միամիտ»:

Հայ հասարակական-քաղաքական գործիչները, որ ուշի ուշով հետեւում էին միջազգային հարաբերությունների զարգացմանը եւ փորձում նպաստել հայ ժողովրդի ազատագրմանն ու անկախության վերականգնմանը, հիմնականում միանշանակ կողմնորոշվել էին դեպի Ռուսաստան եւ ոչ միայն զենքով ու ռուսական բանակի կազմում կամավորական ջոկատներ կազմելով մասնակցում էին 1787-91 թթ. ռուս-թուրքական պատերազմին, այլեւ տարբեր դիվանագիտական առաքելությունների ու հանձնարարությունների իրականացումով, ձգտում էին օժանդակել նաեւ ռուսական դիվանագիտությանը՝ հաղթահարելու մրցակից պետությունների դիմադրությունը եւ նպաստավոր պայմաններ ստեղծել ռուսական ռազմական օժանդակությունը Այսրկովկաս հասցնելու համար:

1796-1797 թթ. հեղափոխության նվաճումների պաշտպանությունից Ֆրանսիան անցավ բացահայտ նվաճողական քաղաքականության: Գահ բարձրանալու իսկ առիթով հրապարակած իր շրջաբերականում Պավել Առաջինը հայտարարում էր, թե պետք է բոլոր հնարավոր միջոցներով դիմագրավել Ֆրանսիական հանրապետությանը, որ սպառնում է Եվրոպային «օրենքի, իրավունքի, ունեցվածքի ու բարոյականության լիակատար ոչնչացմամբ»: Բոնապարտի հաջողություները ինչպես կենտրոնական Եվրոպայում, այնպես էլ Թուրքիայում, լրջորեն սպառնում էին Ռուսաստանի շահերին: Փորձելով կանխել Ֆրանսիայի առաջխաղացումը, Պավել Առաջինը արդեն իսկ Նապոլեոնի Իտալական ու եգիպտական արշավանքների նախօրյակին որոշեց օգտագործել Թուրքիայի դժգոհությունը եւ նրան առաջարկեց իր նավատորմը՝ պաշտպանության համար: 1798 թ. օգոստոսի 23-ին (սեպտ. 2) Թուրքիան պատերազմ հայտարարեց Ֆրանսիային: Ռուս-ֆրանսիական մրցակցության մեջ ակնհայտորեն վճռվում էր նաեւ Այսրկովկասի հարցը. եւ այդ դուրս չէր մնացել հայ գործիչների տեսադաշտից:

Հայ հասարակական եւ եկեղեցական գործիչների վերաբերմունքը ֆրանսիական հեղափոխության նկատմամբ պայմանավորված էր նաեւ դիվանագիտական այն գործունեությամբ, որ վարում էր Նապոլեոնը իր արտաքին հարաբերությունները կարգավորելու նպատակով: Գրավելով Եգիպտոսը, Նապոլեոնը հատուկ շրջաբերականով դիմում է Եգիպտոսի ժողովրդին եւ իր արշավանքը բացատրում եւ արդարացնում մամլուկների լծից նրանց ազատագրելու եւ մահմեդականությանը սատար կանգնելու իր մտահոգությամբ եւ վճռականությամբ: Շրջաբերականը, բնականաբար, անհանգստացրել է հայազգի գործիչներին եւ այն թարգմանվել է հայերեն:

Ֆրանսիական եկեղեցական առաջնորդներից մեկի՝ Պլուայի եպիսկոպոս Հենրիկոս (Անրի) Կրեկուարի (17501830) հանձնարարությամբ Շ. Ջրպետյանի 1800 թ. հունվարի 28-ին Ղուկաս կաթողիկոսին ուղարկված նամակում ասվում էր, թե «... Գաղղիա, որ յոյժ սիրէ զազգն մեր Հայոց եւ քաջ ճանաչէ զսեպհական բարս նորա, գուցէ ընդ մերձենալն բանակին իւրոյ (որ այժմ յաշխարհ Եգիպտացւոց եւ Ասորւոց) դէպի Կիլիկիա, ի Փոքր եւ ի Մեծ Հայաստան, յայնժամ Գաղղիա աւելի Հայոցս լինի նպաստամատոյց եւ այլն, քան թէ այլոց ազգաց Արեւելեայց»:

Նապոլեոնի Եգիպտական արշավանքն ավարտվեց լիակատար ձախողումով: Դաշինք կնքելով Թուրքիայի հետ, Ռուսաստանը ձեռնամուխ եղավ ի թիվս այլ հարցերի, լուծելու նաեւ Այսրկովկասի խնդիրը: Ռուս-թուրքական պայմանագիրը կնքվեց 1799 թ. հունվարի 3-ին (1798 թ. դեկտ. 23) եւ լայն հնարավորություններ բացեց Ռուսաստանի առաջ: Անգլիան եւս 1799 թ. հունվարի 5-ին միացավ այդ համաձայնությանը: Այն պահին, երբ խոշոր տերությունների ուշադրությունը սեւեռված էր միջերկրածովյան տարածաշրջանում կատարվող իրադարձություններին, Ռուսական արքունիքը դիվանագիտական վերջին նախապատրաստական աշխատանքներն էր կատարում զորքերը Այսրկովկաս առաքելու համար: Տվյալ պահին հարցի լուծումը պայմանավորվում էր ռուս-թուրքական համաձայնագրի կնքման հանգամանքով:

Ուշադիր հետեւելով հակաֆրանսիական երկրորդ կոալիցիայի գործողություններին, Հովսեփ Արղությանը ոչ միայն պաշտպանում է Ռուսաստանի դիրքորոշումը, այլեւ փորձում է այդ մասին կոչ անել իր ողջ թեմին: Ստանալով Պավել Առաջինի հրովարտակի տեքստը, նա բազմացնում է այն եւ նրան կցելով իր կողմից գրած հորդորներն ու կոչերը, այն ուղարկում է Ռուսահայոց բոլոր գաղթօջախներ:

ԺԸ. դարի երկրորդ կեսը հայ ժողովրդի պատմության մեջ առանձնանում էր Այսրկովկասի եւ, մասնավորապես, Արեւելյան Հայաստանի քաղաքական իր կարգավիճակի յուրահատկությամբ: Երեւանի, Նախիջեւանի, Գանձակի եւ Արցախի երկրամասերը հայտնվում են գրեթե անկախ կարգավիճակում, սակայն Երեւանում, Արցախում ու Նախիջեւանում հայազգի նշանավոր գործիչները դառնում են զանազան դավադրությունների զոհ, իսկ նրանց ունեցած հայկական զինված ուժերի մի մասը կամ ցրվում է եւ կամ ծառայության անցնում օտար տիրակալների մոտ: Չնայած էական նվազմանը, հայ բնակչության դերակատարումը Արեւելյան Հայաստանում շարունակում էր դեռեւս որոշակի լինել եւ ունենալ իր ազդեցությունը ԺԸ. դարի քաղաքական ու տնտեսական հարաբերություններում, որով եւ պայմանավորվում էր հայոց պետականության վերականգնման հնարավորությունների հույսերը:

Ատենախոսության մեջ ապացուցվում է, որ Հայաստանից օժանդակություն ակնկալում էին ոչ միայն Արեւելյան Վրաստանի, այլեւ Արեւմտյան Վրաստանի իշխանությունները: Առանձնանում է Արեւմտյան Վրաստանի Ալեքսանդր V թագավորի հայ եւ վրաց պատմագիտությանը դեռեւս անծանոթ մնացած դեսպանության ժամանումի փաստը Էջմիածին:

Օսմանյան տիրապետության ներքո գտնվող Արեւմտյան Հայաստանում հայ բնակչության նկատմամբ անլուր բռնությունների պայմաններում անգամ շարունակվում էր զգալի լինել հայ ժողովրդի դիրքորոշման կարեւորությունը տեղական ներքին փոխհարաբերություններում եւ Հայաստանը օտարի բռնակալությունից ազատագրելու ծրագրերում: Մեր կողմից հայտնաբերված ու հրապարակված ժամանակագրության քննությամբ ներկայացվում են Էրզրումի փաշայության դեմ հայոց անհնազանդության ու ապստամբության դրվագներ:

Խանությունների անկախություն ստանալուց անմիջապես հետո հայ իշխող դասի կտրուկ վատթարացող քաղաքական կարգավիճակը պատճառ է դառնում աստիճանաբար հայ-վրացական միացյալ թագավորություն ստեղծելու գաղափարի վերակենդանացման համար: Այն տարբեր ձեւով են ընկալել նաեւ հայ ու վրաց գործիչները ԺԸ. դարում:

Հովսեփ Արղությանը Հայաստանում վրաց թագավորի լիակատար իշխանության հաստատման հեռանկարը համարում էր Հայաստանի զոհաբերում Վրաստանին:

Աշխատության մեջ կարեւորելով հայ բնակչության նկատմամբ Վրաստանում վարվող քաղաքականությունը եւ հայ բնակչության կարգավիճակի հարցի պարզաբանումը, հանգում ենք այն հետեւության, թե որքանով հայ բնակչությունը Վրաստանը համարում էր առավել հանդուրժելի ու նախընտրելի դաշնակից ու հենարան եւ ըստ ամենայնի նպաստում էր Վրաստանի բարգավաճմանն ու տնտեսական ու քաղաքական հզորացմանը, վրաց արքունիքը բնավ մտադիր չէր ընդառաջելու Հայաստանի ազատագրության եւ հայոց պետականության վերականգնման հայոց ծրագրերին եւ ընդամենը հմտորեն օգտագործում էր հայոց ակնկալիքները հիմնականում իր ներքին ու արտաքին խնդիրները լուծելու համար:

Այդ հանգամանքով էր պայմանավորված Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի կողմից վարվող հայոց ազգային ինքնահաստատմանն ուղղված շրջահայաց, հասուն ու հեռատես քաղաքականության նկատմամբ վրաց արքունիքի կոշտ դիրքորոշումը եւ նրա քաղաքականության նկատմամբ թերահավատություն սերմանող լուրերի տարածումը:

Հայ-վրացական միասնության գաղափարի կենսունակությանը նպաստել էր մինչեւ ԺԸ. դարի կեսերը արձանագրվող Սոմխիթ-Սոմխեթ նահանգի առկայությունը Վրաց պետության կազմում եւ նրա հարաբերական ինքնուրույնությունը վրաց վարչա-քաղաքական կառուցվածքի մեջ: ԺԸ. դարի երկրորդ կեսից վրաց իրականության մեջ աստիճանաբար դուրս է մղվում այդ հասկացության Հայաստան ընկալումը եւ այն ընդգրկվում-ընկալվում որպես Ստորին Քարթլի, որ շարունակվում է առ այսօր:

Ազգի միասնության հիմքը ազգային եկեղեցին նկատելով, ժամանակի հոգեւոր առաջնորդները՝ Հակոբ Շամախեցին, Սիմեոն Երեւանցին ու Ղուկաս Կարնեցին մեծ ջանքեր են գործադրել հայոց եկեղեցու միասնությունը վերականգնելու եւ ամրապնդելու ուղղությամբ: Այդ քաղաքականությունը պետք է որակել որպես առաջադիմական ու ազգանպաստ:

Հայ ազատագրական ծրագրերի հետամուտ գործիչների՝ Հովսեփ Էմինի, Մովսես Բաղրամյանի, Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների, լուսավորական-առաջադիմական գործունեությունը հայ-վրացական հարաբերությունների ոլորտում եւս արձանագրելով կարեւոր ներդրում, որոշակի ներգործություն ունեցավ հայ-վրաց-ռուսական հարաբերությունների սերտացման գործում՝ օրակարգի մեջ դնելով հայոց կողմից Հայաստանի ազատագրության ուղիների որոնումներն ու նրա գործնական իրականացման քայլերի փնտրտուքները:

ԺԸ. դարի երկրորդ կեսը հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում բուռն զարգացման շրջան էր: Այն վճռական ազդեցություն ունեցավ հայոց պատմության հետագա ընթացքի մեջ, այդ հարաբերությունների ծավալումով հայ իրականության մեջ դադարեց հայ-վրացական թագավորության ապագայի նկատմամբ հույսերի փայփայումը:

Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների ձեւավորումը ընթանալով տնտեսական ու մշակութային առնչությունների սերտացման հետ փոխկապակցված ու Ռուսաստանում հայ բնակչության ստվարացման գործնթացի ուղեկցումով, Ռուսահայ գաղթօջախը ԺԸ. դարի երկրորդ կեսին ձեւավորվեց որպես միասնական ընդհանուր շահերով, իրավական կարգավիճակով ու արտոնություններով կապակցված համայնք:

Հայ բնակչությունը կարեւոր դերակատարում ուներ ոչ միայն Ռուսաստանի տնտեսական ներքին զարգացումներում, այլեւ Ռուսաստանի հետ արեւելյան, այդ թվում եւ ռուս-հնդկական, առեւտրա-տնտեսական հարաբերությունների ձեւավորման ոլորտում:

Ռուսաստանի արտաքին-քաղաքական միտումներն ու ձգտումները որոշակի հանդուրժողականություն էին հաղորդում հայ բնակչության նկատմամբ կենտրոնական իշխանությունների քաղաքականությանը եւ թելադրում հայոց արտոնությունների դեմ ռուս վաճառականության ու տեղական վարչակազմի ոտնձգություններից նրանց պաշտպանելու դիրքորոշում: Այդ հանգամանքը իր ցայտուն դրսեւորումն էր ստանում հատկապես հայ-ռուսական եկեղեցական հարաբերությունների ոլորտում:

Հայ-ռուսական հարաբերությունները, սակայն, ծավալվում էին կողմերի միանգամայն ոչ համարժեք ձգտումների հենքի վրա: Եթե հայ իրականությունը ի դեմս Ռուսաստանի տեսնում էր հայոց պետականության վերականգնումի մեջ շահագրգիռ եւ կարող կողմ, ապա ռուսական պետությունը մտահոգ էր իր տարածքները ընդարձակելու համար տեղական օժանդակություն եւ «կամավոր» հպատակություն ապահովելու խնդրում: Ռուսական դիվանագիտությունը օգտագործելով պետականությունը վերականգնելու եւ Ռուսաստանի օժանդակությունը ստանալու ձգտումը, հայոց համակրանքը շահելու նպատակով հմտորեն հրահրում էր նրանց ելույթները եւ բորբոքում հույսերը առանց լրջորեն մտահոգվելու մահմեդական տիրապետության պայմաններում նրանց անվտանգության խնդիրներով: Ռուսաստանի առաջխաղացումից սարսափած եւ դրան դիմակայելու պատրաստակամ ուժերը թշնամաբար տրամադրվելով ռուսական օժանդակությունը ակնկալող հայկական ուժերի նկատմամբ, առավել հետեւողականություն են հանդես բերում հայկական ուժերը արմատախիլ անելու խնդրում: Այդ առումով մեծ կորուստներ արձանագրվեցին հայ-ռուսական հարաբերությունների մեջ առավել չափով ընդգրկված Արցախի ազատագրական ուժերի կազմում:

Առավել ուշադիր ուսումնասիրությունը պարզում է, որ Ալի Մուրադ խանի հետ Ռուսաստանի վարած բանակցությունները բնավ չէին կարող խոստանալ Այսրկովկասի «կամավոր» ձեռքբերում, իրականում Ալի Մուրադ խանը հստակորեն մերժել էր Ռուսաստանին տարածքային զիջումներ կատարելու առաջարկը, ուստի եւ այդ պատրվակը եւս չէր կարող հիմնավորում դառնալ արդարացնելու Ռուսաստանի ձեռնպահ քաղաքականությունը Արցախի ազատագրությանը սատար կանգնելու գործում, որպիսին մինչեւ այժմ շրջանառվում է պատմագիտության մեջ:

Հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում զարգացող հայ-պարսկական փոխհարաբերությունների ձեւավորումը նոր երեւույթ էր հայ դիվանագիտության բնագավառում: Ռուսական իշխանությունների աջակցությունը փնտրող Աղա Մահմադ խանի եղբայր եւ նրա քաղաքական հակառակորդ Մուրթուզա Կուլի խանի հետ Հ. Արղությանը եւ Հ. Լազարյանը Ռուսաստանում փորձում են համագործակցության եզրեր մշակել Պարսկաստանում նրա գահ բարձրանալու դեպքում Հայաստանի նկատմամբ բարեհաճ եւ հայանպաստ քաղաքականություն պարտադրելու համար:

Հայազգի գործիչները, այսպիսով, ԺԸ. դ. երկրորդ կեսին հայոց պետականությունը վերականգնելու հարցը ունենալով որպես գերխնդիր, զանազան միջոցներով փորձել են լծվել հնարավոր տարբերակների քննարկմանն ու իրենց օժանդակության ներդրմանը՝ հայ ժողովրդի կենսունակությունը խթանելու, նրան ուծացումից փրկելու եւ Հայաստանի ազատագրության համար նախադրյալներ ստեղծելու խնդիրը լուծելու համար ________________