Բանաստեղծութիւններ, հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳՈՒՆԱՒՈՐ ՍԱՀՄԱՆՆԵՐ

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ

Մէկ երկու երեք չորս հինգ քայլ լայնքին 
Մէկ երկու երեք չորս քայլ երկայնքին 
Պզտիկ աշխարհ մը մեր ոտքերուն տակ 
Տասնըութ քայլով շրջանն աշխարհին

ՍԱՀՄԱՆԱԿԻՑ

Նախ բաժակ զարնենք մենք իրարու հետ 
Յետոյ զարնուինք սահման սահմանի

Ու խմենք ցմրուր 
Հորիզոններու կենաց հեռակայ

ԿԱՐՄԻՐ

Բոլորս ալ կը սիրենք կարմիրը բոցին
Մէկ մէկ քիչ Ներոն ենք արդէն բոլորս ալ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆ

Ով աղուորներ զոր սիրեցի անյուսօրէն

                                                                                     գաղտնաբար Թեկուզ ըլլաք դուռ դրացի նոյն թաղէն 
Արտասահմանս դուք էք

ԿԱՊՈՅՏ

Թէ կրնաս կապոյտը բացատրէ որդին -
Ոչ ծով է տեսեր - ոչ լիճ - ոչ երկինք 
Ոչ ալ կապուտաչուի որդ մըն է սիրեր -
Դուք այդ կապոյտը ինծի հարցուցէք

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ

   Իբրեւ թէ 
Պէտք է եղեր սիրաբանիմ ձեզի հետ

                         Ազնիւ Տիկին 
Անանկ յօդուած մը չկայ

ԿԱՆԱՉ

Երբ կանաչ փէշդ հագուիս 
Հաւկիթէն  նոր ելած 
Ցախսարիկի կը նմանիս -

Մինչդեռ գիտեմ դուն երկչոտ եղնիկ ես

Անտառներու լոյս կանաչը սրտիդ

ԱՆՍԱՀՄԱՆ

Մէկ քայլ առաջ - մէկ քայլ ետ

Յետոյ պատրանքն  յաւերժօրէն  քալելու  - 
Չհասնելու սահմանին -

Յետոյ պատրանքն անսահմանին  հասնելու

ՃԵՐՄԱԿ

Ձիւնէն - կաւիճէն ամպէն աւելի 
Երբ ճերմակ ըսեմ 
Ես քեզ կը  յիշեմ

      Ել  աչքերդ սեւ

      Զոր կը թափէիր

              Հարսնութեան ճերմակ հագուստիդ վրայ

ՍԱՀՄԱՆԱԳԼՈՒԽ

Սահմանագլուխը անցանք

Հոն ալ մարդիկ նոյնքան խենդ

Կը կարծէինք որ տարբեր է - խաբուեր ենք -

Ըսին– դո՞ւք ալ նոյն խենդն էք

Կը կարծէին որ տարբեր ենք խաբուեր են

ՍԵՒ

Բոլոր  գոյները -  լոյսերը  բոլոր

- Սէրերը  բոլոր  - 
Երբ վանես կեանքէդ 
Ահա թէ քեզի սեւը կը մնայ

- Բարով գործածես -

ՆԱԽԱՍԱՀՄԱՆ

Գիտէի թէ պիտի դէմս ելլէիր դուն այս գիշեր 
Գիտէիր թէ պիտի դէմդ  ելլէի  ես այս գիշեր 
Ինծի քեզի մէկն ըսեր էր - այդ մէկն ով էր -

չենք գիտեր

ԴԵՂԻՆ

Բոլոր դեղինները հողէն  կ’ելլեն

-   Հասունցած հասկերն արտերուն

-   Ոսկին մատիդ վրայ

Ու բոլոր դեղինները դէպի հող կ՚երթան

-  Մազերը սա շուէտացի աղջկան
Կամ թէ Մինկը որ

               Բրինձ կը ցանէ Եանկ-Ցէի ափին

ՍԱՀՄԱՆ

               Կաւիճը  ձեռքին 
Գիծեր  կը  քաշէ  մեր  շուրջ  զերթ  սահման 

               Իսկ  ես  քերթողի  սպունգով  խոշոր

               Բոլոր  գիծերը  կը  սրբեմ  ի  սպառ