Բանաստեղծութիւններ, հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ

Օր կ՚ըլլայ

Ես եւ ինքս ձեռք ձեռքի 
Անօրինակ փնտռտուքի մը կ’ելլենք -
Ու ծալքերուն մէջ էութեանս անպարփակ Ինքնութիւնս կը պեղենք

Միօրինակ տարազներու յաճախանքէն ձանձրացած

Օր մ’ալ  մենք

Բազմերեսակ ինքնութիւնս ճանչնալ կ’ուզենք  մարդկօրէն

Դիւրին չէ -

Անջրպետին մէջ մոլորակ քարկոծելու չի նմանիր -

Ինքնութիւնս այնքան խոր է - այնքան խիտ

Որ ձեր գիտցած տիեզերքին սահմաններէն կը յորդի -

  Երկինքն  ի  վեր  դուք  ի  վերջոյ  քանի՞  հատ  աստղ  կը  համրեք

Մինչ եթէ

Երբ օր ըլլայ ու - դուք ձեզի - ձեր ինքնութիւնը պեղէք 
Ի՜նչքան արել կը գտնէք հոն - քանի քանի տիեզերք -
Չէ՜ք գիտեր ինչ հարուստ էք

Ես եւ ինքս ել դուք եկէք - ձեռք ձեռքի -
Մեր էութեան խառնարանին մէջ անծիր Զարմանահրաշ փնտռտուքի մը ելլենք

 

ԱԼՇԻՄԻ

Ձեր սէրերը բերէք ինծի - տարբաղադրեմ եւ ըսեմ 
Որքանը տենչ - որքանը յոյզ է անոնց

Ըսեմ որքան գոհողութիւն

Կամ ինչ չափով գորով ու գութ գուրգուրանք կայ անոնց մէջ

Սէր կը չափեմ - սէր կը կշռեմ - գործս է աս

Բերէք ինծի ծեր սէրերը ֊ ես մասնագէտ մեկնիչ եմ -

Եթէ սէրեր ունիք հինցած 
Կամ նոր սիրել էք սկսած 
Բերէք քննեմ - կշռեմ չափեմ

Ու ըսեմ

Որքանն իրաւ - որքանը սուտ է անոնց

Կամ թէ որքան պատրանք ու յոյս

Որքան տարփանք

Որքան նախանձ ու դառնութիւն

Կամ ինչ չափով ատելութիւն կայ ձեր սիրոյն մէջ թաքուն

Օն - քաջ Եղէք - մի վախնաք -

Ձեր սէրերը բերէք ինծի - տարրալուծեմ անսխալ

 

ՀԱՄԱՌՕՏ   ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ես վերջակէտն եմ որմէ վերջ ամէն բառ

Գլխագիրով կը սկսի

Ու ես նորտոդն եմ որմէ վերջ ամէն կեանք

Երջանկութեան կը նայի

ԲԱՐԵՒ

Բոլորէն  հեռու 
Դաշտի մը մէջտեղ միայնակ բուսած

Ծառի մը  շուքին 
Կռնակս հողին անկեղծ գորովին

Յանձնած կը նիրհեմ

Դաշտի մը մէջտեղ այսպէս միայնակ 
Հեռու բոլորէն -

Յետոյ կ՚երազեմ -
Ու կոպերէս ներս կը խուժեն յանկարծ 
Անուններ - դէմքեր - դէմքեր - անուններ -

Դէմքեր անանուն

Անդէմք անուններ -
Շարք շարք կոպերէս ներս կը թափանցեն

Արթուն կ՚երազեմ -

Դաշտի մը մէջտեղ իբրեւ թէ մինակ

               -  Հեռու  բոլորէն  -

              Կը կանգնիմ  նորէն 
Ու մնաս բարով  կ՚ըսեմ  սիրալիր 
Դաշտի մը մէջտեղ միայնակ բուսած

                                    Ծառին գովաստուեր -

Ու քայլերուս տակ գորովն յորդահոս

                                                 Խոտին ու հողին

                                                 Կ՚երթամ աննահանջ

                                                 Կ՚երթամ գրկաբաց

Թեւերուս մէջտեղ գրկելու  նորէն 
Դէմքեր - անուններ - անուններ - դէմքեր

                                     Անդէմք անուններ

                                     Անանուն դէմքեր -

Ու կը փսփսամ աղօթքի մը պէս

                                     - Բարեւ ամէնուն

ԱՅՍՊԷՍ   ԱՄԷՆ   ԱՌԱՒՕՏ

Սյսպէս ամէն առաւօտ

Հրաժեշտ կ՛առնեմ կը բաժնուիմ ես ինձմէ

Տանս դուռը երբ կը փակեմ  ետեւէս

Գիտեմ թէ

Եսս ներսն է - եւ ամէն քայլ զիս կ՚անջատէ իմ եսէս

Այսպէս ամէն առաւօտ

Հրաժեշտ կ’առնեմ կը բաժնուիմ ես ինձմէ -

Կը խառնուիմ ուրիշներով շինուած հսկայ ծովուն մէջ

Ու կը տեսնեմ - պատուհանին ետեւէն 
Եսս կեցեր զիս կը դիտէ մտատանջ

Իսկ ես ամէն առաւօտ

Կ՚երթամ  ձուլուիլ  ուրիշներով  շինուած հսկայ ծովուն մէջ

մինչդեռ եսս պատն  երեսին  նստեր կու լայ  ետեւէս  -

Հրաժեշտ կ՚առնեմ կը բաժնուիմ ես ինձմէ

Առաւօտուն - ես մանաւանդ առաւօտուն դժբախտ եմ

ԼԱՑ

Ուրիշներէ  վեր - անոնցմէ տարբեր

                                    Չըլլալու համար

Ուրիշներու հետ - ճիշդ անոնց նման

                                    Ուզեցի ըլլալ

Ուրիշներուն պէս - անոնց հաւասար

                                    Չկրցայ ըլլալ

Ուրիշներէն  վար - միշտ անոնց շուքին

                                     Լալ կրցայ միայն

Լաց որ ես կու լամ - ինծի համար չէ

                                     Ուրիշին  համար

ՎԱՀԱՆ

Վահան մը լոյս

Վահան մ՚աննիւթ - զուտ գաղափար - բորբ հաւատք

Հպարտ բռներ եմ կուրծքիս

               Լուտանքներուն դէմ մոլեգնած աշխարհին

               Դարանակալ խժդուժութեան դէմ անզուսպ 
Մինչ մայթերէն - իբր թէ

Հանդարտօրէն կը քալեմ

Երազատես սուրբի նման անտարբեր -
Իսկութեան մէջ ես կուրծք կու տամ հազարումէկ հարուածի

հազարումէկ թշնամանքի ու դաւի -
Երբ հանդիպիք դուք ինծի

- Թշնամի թէ բարեկամ -մէկուն վրայ այս քաղաքին փոշեպաճոյճ մայթերէն -Մր կարծէք թէ մինակ եմ

անապաւէն - անօգնական - կամ անզէն -
Դուք որ - օտար - չէք նշմարեր հարկաւ վահանն իմ զօրեղ

Վահան մը լոյս

Վահան մ՚աննիւթ - զուտ գաղափար - բորբ հաւատք

               Զոր հպարտ 
Կուրծքիս վրայ դրօշի պէս կը բռնեմ

ԱՄԱՌՆԱՅԻՆ

Օր մըն ալ

Հինգ  յիսունի  շոգենաւը առանց ինծի պիտի  մեկնի

Կամուրջէն  Դուք խոնջած

-   Ծրար ծրար ձեր մէկօրուայ քրտինքներով բեռնաւոր

Յամր ու դանդաղ

              պիտի կորիք իմ աչքերէս

                        ծովն ի վեր

ես

Հինգ յիսունի 

եօթնուկէսի ութը տասնի ու բոլոր միւս

շոգենաւերն յօժարակամ փախցուցած

Թափառական  

            պիտի մնամ

Կամուրջին վրայ - Կամուրջին հետ

         պիտի հսկեմ -

կէս գիշերուան մառախուղին գիրկս բաց

-Ու խոնջած 
Երբ դուք պառկիք

ու քուն մտնէք ինքնամոռաց

հեշտանքին  մէջ  թմրութեան 
ես - ձեր տեղ -
Պիտի մէկ մէկ համրեմ հաշուեմ

երկնի աստղերն անհաշիւ

Ամէն մէկուդ

               աստղ մը ղրկեմ լուսափետուր

                                     որպէսզի 
Անոր  լոյսով

ձեր ու բոլոր ձերիններուն ապագայի

երագները զարդարէք -
Օր մըն ալ

Պիտի տեսնէք հինգ  յիսունի  շոգենաւին չկամ ես -

ԻՒՂ

Դուք բոլորդ ծով - փոթորկոտ ու մեծ 
Ես այդ ծովուն մէջ

Ես այդ ծովուն մէջ իւղի մը կաթիլ 
Այլատարր ու խորթ

Ես իւղի կաթիլ

Երազկոտ ծփուն մակերեսն ի վեր

Դուք բոլորդ ծով - փոթորկոտ ու մեծ -
Ծովը սրտիս մէջ

ԼԱՐԱԽԱՂԱՑԸ

Անջրպետի լարախաղացն եմ

Կը նայիք ամառ գիշերով

Հրթիռ մը կը հեծնեմ լուսափետուր

Ու աստղէ աստղ կ՚ոստոստեմ

Կամ գիսաւորի մը պոչին կառչած 
Մղոններ կը կտրեմ

ակնթարթի մէջ

Ու երբ վստահ ըլլամ

թէ բոլորդ հիացած էք

ու բոլորդ հիացումէն յագեցած

Վերջին խոնարհութիւն մը  կ’ընեմ

        լուսնին վրայէն

Յետոյ  կ’իջնեմ  վար - երկիր

Գլխարկս կ’երկարեմ ձեզի - պաղատագին

Իմ կորսուած մարդկութիւնս կը մուրամ

ՈՉ

Ես ոսկեմատ դերձակ եմ -

Ձեր սիրտերն երբ այդքան շատ 
Սէր պարփակել չկրնան 
Չդիմանան ու պատռին

Կարեմ կ՚ըսեմ - ոչ կ՚ըսէք

Ես յաւակնոտ գրչակ եմ 
Կարօտ կ’երգեմ - սէր կ’երգեմ

Ձեր աչքերէն յայտնի է 
Հազարումէկ տենչ ունիք

-Գրեմ կ’ըսեմ - ոչ կ՚ըսէք

Վարաետորդի ստահակ եմ -
Սէր կ’առնեմ - յոյս կը ծախեմ -
Երբ ամէն ինչ չորցեր է 
Ու պէտք ունիք պատրանքի -
ճարեմ կ’ըսեմ - ոչ կ՚ըսէք

Ես պատմութեան ցուցակ եմ -
Օր կ՚ըլլայ Ետ կը նայիք 
Հին սէրերով կ՚օրօրուիք -
Շատ են - մէկ մէկ չէք յիշեր 
Շարեմ կ՚ըսեմ - ոչ կ՚ըսէք

Ես քմահաճ վտակ եմ 
Կը հոսիմ ուր որ ուզեմ -
Բոցեր ալք ալք մեծնալէն 
Երբ ձեր սրտին գան հասնին 
Մարեմ կ՚ըսեմ - ոչ կ՚ըսէք

Ես - լրջութեամբ յագեցած 
Ձեր օրերուն - կատակն եմ -
Երբ աշխարհը մութ տեսնէք 
Ոստոստելէն կը վազեմ 
Կը խոնարհիմ ձեր առջեւ 
Պարեմ կ՚ըսեմ - ոչ կ՚ըսէք

Պատրաստակամ շարժակ եմ -
Ձերն ըլլալէն ձանձրացած 
Երբ կանգ առնէ սիրտն - անզօր 
Բաբախելէ երբ դադրի -
Լարեմ կ՚ըսեմ - ոչ կ՚ըսէք

Բանաստեղծութիւններ Ա/ Զահրատ 14

ՔԱՐ

Ա.

Քարը -  որուն  վրայ կը կոխէք կ՚անցնիք

Քարը -  որուն  վրայ կը թքնէք

Քարը

զոր կը նետէք իրարու գլխուն

լուտանքի տեղ

անէծքի պէս

Այդ քարը կ՚առնեմ գուրգուրանքով

սենեակս կը տանիմ -

կը ծնրադրեմ առջին

ու կ՚աղօթեմ

Բ.

Քար - իմս - իմ քարս - քար

քար սրտիս - քար երեւակայութիւններուս քար - անկարելին - քար - անդրդուելին -
քար - իմս - իմ բաժինս - քար

Գ.

Կոխեցէք քարերուն վրայէն անցէք 
Քարերուն վրայէն քարէ քար ցատկեցէք 
Դիտեմ կարաւանները կենսուրախ 
Դիտեմ կարաւանը հաստատաքայլ

եւ - սպասեմ հոս անվաղորդայն

քարացած - ես 
Անցէք բարեկամներ կոխոտելով անցէք 
Ես ինքս քար - քար

Դ.

Ու քարերն ինչ են որ ձեզի համար

Դուք կը նետէք զանոնք ես կը հաւաքեմ

Ե.

Կ՚աղօթեմ

Կը ծնրադրեմ արջին

այդ քարը զոր կ’առնեմ գուրգուրանքով

Քար

որ անէծքի պէս

լուտանքի տեղ

կը նետէք իրարու գլխուն 
Քարը - որուն վրայ կը թքնէք 
Քարը - որուն վրայ կը կոխէք կ՚անցնիք 
Քար - իմս - իմ քարս - քար

ԼՈՒՍՆԱՐՇԱՒ

Այսքան դրամ ծախսել մսխել չէր արժեր 
Ելան գացին որ ինչ տեսնեն - քարով քար

Այդքան շատ քար

- Հեղ մը ձեր շուրջը նայեցէք -

Հոս ալ կար -

Այսքան երազ մսխել վատնել չէր արժեր

ԱՂՕԹՔ

Բոլորին

Թող բոլորին օրհնութիւներն աւիշի պէս գան սրսկին

Սէզին վրայ սա ազազուն որ Զահրատ

Զահրատ  ըլլալ  կը յաւակնի պարզապէս

Թող բոլոր հին օրհնութիւններն այո, սէզին վրայ կաթկթին -

Որովհետեւ ծանր է վիշտը որ սա պահուս կը սպառնայ

Ու այդ սէզը եթէ նոյնիսկ

նոյնիսկ Զահրատն ալ ըլլայ

կը փտի -

Թող բոլորին օրհնութիւններն իջնեն

իջնեն մորթիս վրայ 
Ու այդ էջքին

այդ էջքին մէջ համաչափ

Ես մաքրոփմ գարնանային անձրեւներու պատրանքով -

Ու բոլոր

Անոնց առջեւ որոնց իմ նոր երազներս կը պարտիմ

Կենամ մաքուր

մաքրամաքուր

ու թափանցիկ շքեղութեամբ մը կանգնիմ -

Մեղքերուս

Արատն ու  մուրը  թող ցնդի

թող անհետի ձեռքերէս որ յանդգնիմ ձեռքդ բռնել ու մատներս

ու մատներդ ընդելուզել - ու նայիլ ու լուռ նայիլ աչքերուդ մէջ - ու ժպտիլ

Բոլորին

Բոլոր անոնց որոնք սիրելն ու տառապիլն

ու տառապիլը գիտեն 
Թող  օրհնութիւն  իջնէ շիթ շիթ -

շիթ շիթ թափի ու թող սրսկի մանաւանդ 
Սեզին վրայ սա ազազուն որ ես եմ

ՀՐԱԺԵՇՏ

Հրաժեշտ երգերուն

Ու գրչին -

Հրաժեշտ բոլորին

Բոլոր հին ադուոր սէրերուն հրաժեշտ

Հրաժեշտ շէնքերուն

Շէնքերուն միջեւ մութ փողոցներուն

Մութ փողոցներուն դեգերող մարդուն

Մարդուն երագին

Եւ առանձնութեան

Հրաժեշտ բառերուն

Բառ առ բառ շինուած խելառ խօսքերուն

Ու հրաժեշտ ձեզի

Բառերու ծարաւի ձեր լոյս  աչքերուն

Ամէնուն հրաժեշտ -
Հրաժեշտ ինծի