Բանաստեղծութիւններ, հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿԵՆԴԱՆԱՇՐՋԱՆ

ԽՈՅ

Խոյ

թագաւոր ոչխարներու - 
մսավճառին հո՞գն է

- միտքէն հաշիւ կ՚ընէ - քեզմէ 
քանի՞ քիլօ միս  կ՚ելլէ

ՅՈՒԼ

Զուր տեղ պիտի պայքարիս

      Շամփուր մը վերջին 
Պիտի կաշիիդ խրի անվրէպ

Պիտի դուրս հանեն քեզ քաշկռտելէն 
- ու մոռացութեան աւազին վրայ 
պիտի արիւնիդ հետքը մնայ - կարճ

               մէկ վայրկեան - հազիւ

ԵՐԿՈՒՈՐԵԱԿ

Կեանքը սիրելու մեր տենչը

Եւ  մենք

Նոյն օրն ենք ծներ

Երկուորեակներու նման

անբաժան 
ապրեր միատեղ

ու վերջին օրուան վերջին վայրկեանին 
իրարու նայեր ենք տխուր - գաղթեր 
կեանքը սիրելու մեր տենչը - դեռ վառ 
- իսկ մենք հողմավար

ԽԵՑԳԵՏԻՆ

Ծովուն տակը քար 
Քարին տակը դուն 
Յետոյ նորէն քար

Զուրի Եւ քարի

այս միօրինակ 
իշխանութենէն 
փախչիլ թէ փորձես

Դուն ալ քիչ մը քար - 
կամքդ յօժար է 
մարմինդ տկար

ԱՌԻՒԾ

Առիւծ ըլլալ -

- ու քանի որ առիւծ ես 
մեծութիւններու 
ետեւէն վազել

Հասնիլ տեսնել

թէ ամէնէն

մեծը պզտիկ է այնքան 
- գրեթէ աննիւթ -

ԿՈՅՍ

Այդպէս

խենդի պէս

Եթէ չփչէր - 
Պիտի  ըսէիր  - 
Բայց հովը փչեց

   ու դուն չկրցար

չըսիր թէ կոյս ես

- Հովն էր - խենդի պէս -

ԿՇԻՌ

Երբեմն պատրաստ խենդի պէս տալու 
Երբեմն  ատակ հաշիւով լալու

               Չէ՞ որ կշիռ էք -

Օր մ’ալ կը նայիք որ ի՞նչ - սեւը շատ 
ու ճերմակը քիչ անցնող օրերուն

բայց - զարմանալի - 
ճերմակը  սեւէն  ծանր կը կշռէ

հազարապատիկ

ԿԱՐԻՃ

Քեզ չենք սիրեր քանի որ

կրնաս դուն քեզ

քու թոյնովդ պաշտպանել

Ո՞վ ուզեց որ զօրեղ ըլլաս դուն այդքան

Արդ - պոչդ խած - մեռիր գնա

                  դուն հոն հանգիստ

                  մենք ալ հոս

ԱՂԵՂՆԱՒՈՐ

Փայլուն

Սլացիկ

Նետ մը կ’արձակեմ դէպի սիրտդ - բայց

Ես նետէն առաջ 
կը հասնիմ - նետը 
կը բռնեմ օդին 
մէջ որ չըլլայ թէ 
գայ սիրտդ խոցէ -
- սիրտդ արիւնի -

Այս ալ սիրելու տարբեր կերպ մըն է

      - ես եմ հնարեր ֊

ԱՅԾԵՂՋԻՒՐ

Հողդ քարքարուտ 
Ապառաժդ սեպ

Դուն այծն ես յամառ - 
ու քեզի համար

ժայռերդ այգի

Անապատդ արտ

ՋՐՀՈՍ

Այդ դոյլ մը  ջուրը

նայէ որ դանդաղ

ու դանդաղ թափես 
Ուրախութեան տաք արցունքի նման

քանի որ դոյլին

երբ ջուրը հատնի 
կը հատնիս դուն ալ

ՁՈՒԿ

Դուն ձուկ

ծովէն  դուրս

պէւոք չէ որ ելլես

Հացդ  ջուրէն  է

Երդիքդ ջուրէն

ու շնչած օդդ ջուրէն

Երջանկութիւնը

մինչդեռ կը սպասէ

ծովափէն անդին

դուն ձուկ

ծովէն դուրս

պէտք չէ որ ելլես