Բանաստեղծութիւններ, հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՈՒՇ

Ոչ քեզի համար - եւ ոչ ալ ինծի -

Չկրցայ գրել Երիտասարդի խանդով կայծկլտուն

Սիրերգն ոսկեթել

Երբ դուռդ զարկի արդէն շատ ուշ էր

ՈՂԲ

Եկուր - ըսի - դէմս նստաւ ու երգեց -

                                    Երազախառն  երգ  մըն  էր 
Զոր  ես  շատոնց  չէի  լսած  կեանքիս  մէջ 

                                    Յետոյ  լռեց  -  երկարօրէն  դիտեց  զիս  -
Նայուածքներուն  տակ  կը  գգայի  թէ  կը  տաքնամ  յամրօրէն  -

                                    Եկուր  -  ըսի  -  ձեռքէս  բռնեց  ու  տարաւ  -

                                    Ճաճանչախառն  տեղ  մըն  էր

                        Ուր  ես  շատոնց  չէի  եղած  կեանքիս  մէջ  -
Հովեր  քաղեց  -  ծովեր  քաղեց  -  սէրեր  քաղեց  ափին  մէջ

Ապագայի  յոյսեր  քաղեց  երփներանգ  -
Եկուր  -  ըսի  ֊  բայց  մեկնեցաւ  անվերադարձ  -  ալ  չեկաւ  -

Քսան տարու կար չկար

ՈՉ

Ինծի հաճոյք մը պատճառել կ’ուզե՞ս - Ոչ -
Մշուշ  կ՚իջնէ  ծովուն վրայ - շոգենաւերը կը  սուլեն 

               Անդին ձուկ մը կը հեծկլտայ -

յետոյ նորէն

համոզելէն

Ինծի հաճոյք մը պատճառել կ’ուզե՞ս - Ոչ -

մշուշ կ՚իջնէ սրտիս վրայ - շոգենաւեր կու գան կ՚երթան

       Ոչ  մը  կտրուկ  ու  վճռական 
Սեւ  մուխի  պէս  կը  բարձրանայ 

                         սակայն  նորէն

                   յամառօրէն

Ինծի հաճոյք մը պատճառել  կ’ուզե՞ս  - Ոչ -

Շոգենաւեր կ՚երթան չեն գար - մինչ մշուշը կը թանձրանայ

               Ու  սեւ  մուխ  մը  յամառօրէն

               Կը  կուտակուի  մշուշին  վրայ 

               Ոչ  մը  դժնէ  կ՚արձագանգէ

               Յետոյ  կ՚իջնէ  ծովուն  վրայ  -

Հեռուներէն

Պզտիկ ձուկ մը կը հեծկլտայ

ԿԱՐԿԻՆ

Մէկ ոտքին ես - մէկ ոտքին դուն

Դուն անմատոյց կեդրոն լոյսի

Ես բոլորտիքըդ շրջանակ թափառուն

Ոչ վերջն յայտնի - ոչ ալ սկիզբն - իմ ճամբուս

Կը դառնամ յար

Ամէն րոպէ

Նոյնքան հեռու

- Սեւանջրպետ շառաւիղի մը չափ հեռու - ես քեզմէ

Սիրոյ կարկին Մէկ ոտքն անշարժ Միւսը խեղճուկ շրջանակ

ՎԱՅՐԵՆԻՍ

Բարեւ կ՚ըսէք - ձեր սիրտերը կը բանաք -
Ես վայրենի ոզնի եմ 
Կը  կծկուիմ  - փուշ կ՚ըլլամ -
Ձեր սիրտերը կ՚արիւնին

Մէկը միւսէն լոյս երազներ կը խոստանաք դուք ինծի 
Վայրի ժայռ եմ - ամառուան 
Արեւներուն  տակ եփած

Ձեր երազներն ալ մորթիս պէս կը խանձեմ -

Կը վառիք

Անցնող գացող շոգենաւէն ձեռք թաշկինակ կը շարժէք

                                                 Վայրագ ծովն եմ ես ձեր տակ

               Ջուրս  ձեզի արցունք  կ՚ընէք  ու կու լաք -
Որպէսզի լաք - ու միայն լաք - ես ջուր ունիմ անսպառ

Ու կ՚երթաք

               Տառապանքիս հետն առանձին կը մնամ

               Եւ  աւելորդ բազմութեան մէջ մարդերու 
Աչքերս զինքն յամառօրէն կը փնտռեն - չեն գտներ

Վայրագ ծովս - վայրի ժայռս - իմ վայրենիս - իմ ոզնիս

ԵԼԵԿՏՐՈՆԻԿ

Հազարումէկ բառ կայ  հիմա  ձեռքիս տակ

                         Ելեկտրոնիկ աղեղ եմ

                         Բառերէն բառ կը զատեմ 
Յարմար բառը յարմարին քով ճարտարօրէն կը կցեմ

Թէ "երկինք"ն է 
Կապոյտ  կ’ըսեմ  - ծաւի  կ’ըսեմ  - աստեղազարդ կամ լազուարթ

Իսկ թէ "հով"ն է 
Խենթ հով կ’ըսեմ - մոլեգնած հով - փոթորկաշունչ - ամեհի

Բայց  Երբ  "դուն  " ես

               Բառ չեմ գտներ գովքդ հիւսելու - իմ անոյշ

Ելեկտրոնիկ նոյնիսկ ըլլամ կը խանգարուիմ - կը կենամ -

Հազարումէկ բառ կայ թէպէտ ձեռքիս տակ

ՀԱՇԻՒԻ   ՄԵՔԵՆԱՅ

Դուն հաշիւի մեքենայ ես 
Հաշիւ կ’ընես - սա ես նա ես -
Ես ուրիշն եմ - ես երազն եմ

               Կը տեսնե՞ս

Թէ հաշիւ չես - մեքենայ ես -
Մէկ բան գիտես - գիտես սա ես -
Ես ոչինչն եմ - ամէն ինչն եմ

               Կ’ըմբռնե՞ս

Թէ մեքենայ չես - հաշիւ ես -
Թիւ թիւի քով կորած թիւ ես
Իսկ ես սէրն եմ հաշիւէ դուրս

               Կը  սիրե՞ս

Ես անհաշիւ զարնող սիրտն եմ -
Սա չեմ նա չեմ - բայց երազն եմ -
Դուն մեքենան ես անսխալ

               Չես գիտեր

ՍԷՐ   ՈՒ   ԲՈԺՈԺ

Երբ դուն չկաս 
Պարտէզիս մէջ 
Սիրենին

Կը կենայ ծուռ - ճիւղերը կախ - սիրտը բեկ

Երբ դուն չկաս

Բոժոժենին

Պարտէզիս 
Կը կանգնի լուռ - ճիւղերը կախ - ճիտը լերկ 
Իսկ երբ դուն գաս պարտէզիս մէջ սիրենին 
Իսկ երբ դուն գաս բոժոժենին պարտէզիս

Յանկարծ 
Իրենց ճիւղերը կ՚ոլորեն բերկրանքով

Սիրենին որ ծառն է սիրոյ ծաղիկ ծաղիկ կը բացուի 
Պտուղ պտուղ կը հասուննայ

                                     Կ՚աղուորնայ

Բոժոժենին որ ծաղկի տեղ բիւր բոժոժներ կը բանայ

Զիս կանչելէն

Զիս կանչելէն 
Նուագ նուագ կը ծածանի 
Ոսկեբոժոժ կ՚օրօրուի

Իսկ դուն այնքան թարմ ես որ ես լալ կ’ուզեմ

ՄԺԵՂԻ ՀԱՇԻՒ

Երբ ամուսնացաւ 
Կիկօ խորհեցաւ

Սենեակին  մէջը  որքան  մժեղ  կայ

Կէսն  իրեն  երբ  գայ 
Կէսն  ալ  իր  կնոջ  կ՚երթայ  -  կը  կիսուի  -

Բայց  մժեղները  -  աշուն  էր  -  շատցան

Ու  հիմա  նորէն 
Մժեղը  նոյնքան 
Կին  մ՛ալ  աւելի

ԿԻԿՈՅԻՆ ԿԻՆԸ

Կիկոյին  կինը բարակուկ դերձան 
Ասեղին ծակէն անցնելու է

Կիկոյին կինը անյատակ մառան 
Իւղ ըլլալ սանին մէջ եփելու է

Կիկոյին կինը շաքարի աման

Լեզու թափելու

Պոչ խաղցնելու 
Առկայծ լամբարի պատրոյգին նման

Մարմրելու է

Կիկոյին կինը տաքուկ վառարան 
Գիշերէ գիշեր աղուորնալու է

ԿԻԿՈՅԻՆ   ՏՈՒՆԸ

Կիկոյին տունը թիթեղէ վանդակ 
Կ’ըսես արեւուն տակ պիտի հալի

Կիկոյին տունը ծակոտկէն նաւակ 
Կ’ըսես ջուր կ՚առնէ - պիտի ընկղմի

Կիկոյին տունը ճաթած պղպջակ 
Կ’ըսես  այսօր կայ - վաղը կ’անհետի

Լոյսը կը մարի 
Շուխը կը հատնի

Տանիքին թառած զոյգ մը խենդ տատրակ 
Հիմա անոնց հետ կ՚ելլէ կը թռի

Կիկոյին տանը սիրոյ պահպանակ 
Կ՚երերայ սակայն պիտի չփլի

ՏՈՒՆԸ

Աղաւնիներ բոյն կը շինեն տանիքէն ներս կիսափուլ 
Կղզիին ամէնէն հին տանը

                                                 Մերն է

Պատշգամին ճեղքերէն դուրս խոտեր ծաղիկ կը բանան 
Կղզիին ամէնէն նոր սէրը

                                                 Մերն է

ՉԱՐ   ԲԱՆԵՐ

Գացէք ըսէք չար բաներուն որ չըլլան 
Որ չըլլայ թէ պատահին 
Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհէն 
Համն ու հոտը խաթարելու չհասնին

Չար բաներուն բարեւ ըսէք մեր կողմէն

Ըսէք գիտենք թէ անոնք կան ու միշտ կրնան պատահիլ

Ըսէք գիտենք թէ կրնան 
Օր ցերեկով մութ գիշերով յանկարծակի գալ մեզի

Բայց դուք ըսէք չար բաներուն որ չըլլան 
Որ չըլլայ թէ պատահին կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհէն

Քանի որ դուք չէք գիտեր ինչ 
Քանի անոնք չեն գիտեր ինչ

       Սէր ու սիրով

-Մերթ կենսուրախ - շաղ ու շողով

-Մերթ յուսաբեկ - ահ ու դողով -
Շիւղ շխղի

Շիներ ենք մենք մեր աշխարհը լոյս օրերու հիւրընկալ -
- Պզտիկ աշխարհ մը որ հազիւ հագ կրցեր է պարտկել 
Մեր պզտիկ կեանքն ու մեր անդորրը ջերմիկ -

Այս  բոլորը  գացէք ըսէք չար բաներուն - եւ ըսէք

Որ չըլլայ թէ պատահին -
Երբ պատահին  հեռու  մնան մեր այս տաքուկ երդիքէն 
Համն ու հոտը խաթարելու չհասնին

ՓՈԽԱՐէՆ

Տայի ինչ որ ուզէիր

խա՞նդ ուզէիր ա՛ռ ըսէի - ծովու չափ -

Խանդաղատա՞նք - պարուրէի քեզ անսահման գորովով

Լո՞յս ուզէիր - ոտքիդ տակ

արեգակներ շարէի

Խաղաղութեան թէ ցանկայիր - Երկինքէն

հազարումէկ ծիածանով անցքիդ կամար կերտէի

Տայի ինչ որ ուզեցիր 
Ինչ որ կրնաս դեռ ուզել

Յո՞յս  ուզէիր  - երա՞զ - պատրա՞նք ֊ ինքս լեցուն եմ այնքան 
Որ ոչ թէ քեզ այլ տիեզերք մը  յորդելու  կը բաւէ

Ա՛ռ ըսէի - որքան կ’ուզես - որքան կրնաս - աւելի -

Փոխարէն

Ազատութիւն - ազատութիւնս տայիր