Բանաստեղծութիւններ, հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՔԱՐԱՆՈՒԱԳ

ԶԱԼՑՊՈՒՐԿ

Քարէ երգահաններ 
Քարէ ջութակներ առած 
Քարին - եւ իրենց -

               անմահութիւնը  կ’երգեն

ՄՈՆՐԷԱԼ

Հաւատացեր  գալիք  աղուոր  օրերու 
Ամէն  եկող 
ամէն  գաղթող

ուխտի  քար  մը  նետեր  է 
ու  քար  առ  քար 
-  ճիշդ  մէջտեղը  քաղաքին  -
արքայական  լեռն  է  ծներ  -  բարձրացեր

դեռ  անաղարտ

յոյսերու  պէս

ձիւնափայլ

 

ԵՐՈՒՍԱՂԷՄ

Ինչ  որ  հիմա  քիչն  է  շատն  էր  առաջ 

              Հին  քարերն  այսքան  էին  -  այսքան  են

                        -  այսքան  կը  մնան  -
Մինչդեռ  նոր  քարեր

              նոր  նոր

              օրէ  օր

               կը  շատնան  -  կու  գան

               Հինը  կուլ  տալու  -
Ինչ  որ  առաջ  շատն  էր  -  քիչն  է  հիմա

ԱԹԷՆՔ

Քար  ընդ  մէջ 
Ալեհեր  չաստուածներ

               մէկ  մէկ  սիւն  շալկած

կը  բարձրանան  լեռն  ի  վեր 
իրենց  կիսափալ  տաճարներուն  տեղ 
նորը  շինելու

Մինչ  պառաւ  կին  մը  կը  նայի  անոնց

պարապ  աչքերով  -

մոռցած  թէ  ինչ  բանի  չաստուածուհին  էր

ԹՕՔԻՕ

Ամէն  մէկ  քար

կը  խոնարհի  իր  մեծութեան  հաշիւով 
օրինակ

խճաքար մը ժայռին դէմ

-   կամ ապառաժ մը Ֆուժի Սանին դէմ

               մինչեւ  գետին 
չես  գիտեր  քանի  անգամ

               կը  ծռին

Յետոյ  քարերը  Կինզա  կ՚երթան  պտտկիլ

-  ժայռերը  կանանչ  թէյ  կը  խմեն  -
իսկ  Ֆուժի  Սանը

կը  խոնարհի  նորածագ  արեւուն  առջեւ

ամպերէն  անդին

գաղտնօրէն

ԷՋՄԻԱԾԻՆ

Քարը ջուր չէ

-  գետի նման չի հոսիր

Քարը օդ չէ

-  Չի մխար խունկի պէս

Արեւ չէ

-  Մեր կանթեղին չի հասնիր

Քարը ոչ ջուր է - ոչ օդ - ոչ արեւ 
Եթէ խաչքար չէ -

ԼՈՆՏՈՆ

Պահակագունդը փոխուեցաւ

- ո՞ւր հիմա այն քարերը հին

               որոնց  վրայ  արեւը  երբեք

                         մարը  չէր  մտներ  -
Ուր  են  հիմա  այդ  արեւները  հին  -

Պահակագունդը  փոխուեցաւ 
-  Երկար  ապրին  մեղրամոմէ  արձանները

                         թանգարաններու  մէջ

ՖԼՈՐԱՆՍ

Կը  զգաս  թէ  սալայատակի  քարն  իսկ

ոտքիդ  տակ  կը  յուսայ  օր  

մը  արուեստի  գլուխ  գործոց  մը  դառնալ

եթէ  չէ  արդէն

ԳԱՀԻՐԷ

Քարը որ քար էր կը մնայ միշտ քար 
այսպէս - բուրգը բուրգ - արձանը արձան - 
Փոխուիլը պայման չէ կ՚ըսէ արդէն

               Սփինքսն անայլայլ

ԼԻՒՔՍՈՐ

Երբ վերադառնաս

չես գիտեր քանի Ռասսէս կը թողուս

ետիդ 
քարացած 
- յոգնած

դարերէ ի վեր աւագ դիտելէն

ՐԻՕ

քարերը

-   ոմանք շաքարի կոյտ ժայռին գլխուն

-   ոմանք կատարին Յիսուս թեւաբաց

               Բարեկենդանին կը սպասեն անոնք

                         -  կամ  չեն  սպասեր  -
պարելու  համար

ՎԱՏԻԿԱՆ

               Քարէ 
հսկայ  նրբանցքներուն  վրայ

               շատ  են  այնքան

որ  չես  կրնար  զանազանել

               արձաններուն

               որ  մէկը  մրսէ

               որ  մէկը  քար  է

ԹՈՐՐԷՄՈԼԻՆՈՍ

Սերվանդէսի ջաղացքները քար կ’աղան

քար կը փշրեն 
Աւազ աւագ ծովափն ի վար կը փռեն -

Մէկ ոտքիդ ջուր միւսին աւազ 
արեւուն տակ

կը քալես -

-   Գլխուդ մէջ ինքնեկ ջաղացք մը մեծ վիշտերդ կ’աղայ

               Երջանկութեան կը փոխէ

ՆԻՒ   ԵՈՐՔ

Մինչդեռ այդպէս չէր - 
Քարերը այնքան հսկայ չէին որ

Երկինք հասնէին -
ու մարդը որ այդ քարերը  շինեց

այնքան պզտիկ չէր -

- ի վերջոյ կեանքը 
Նորէն կ՚ոստոստէ այսպէս ֊ քարէ քար -

մինչդեռ քարին տակ

կեանք կայ ճզմուած

ՄԻՔՈՆՈՍ

Դիցաբանութեան

էջերուն անցնելէ առաջ 
առաջնակարգ 
չաստուած մը

ափ մը քար է նետեր

Եգէականի կապոյտին -

Հիմա

այդ ճերմակ քարերուն վրայ

այդ ճերմակ քարերէն շինուած

զանգակատուն մը 
կ՚ողբայ տրտում - թէ 
ինչ որ սորվեր է իր նոր աստուածէն 
ոչ ճոխ է այնքան

որքան հին քարերն են պատմեր իրեն 
ու ոչ ալ այնքան բանաստեղծական

ԹԷԼ - ԱՎԻՎ

Քար քարի վրայ մնալու

կամ չմնալու

երկընտրանքին մէջ 
կշիռին որ կողմը որ ծանր կշռէ 
Քաղաքը կ՚ըլլայ եւ կամ թէ չ’ըլլար -

Ու որպէսզի կշիռին այս կողմը կշռէ

- քաղաքը ըլլայ -
իրենց  դարաւոր տենչը կը բերեն 
Նժարին մէջ կը դնեն -

ԱՄՍԹԵՐՏԱՄ

Քար - որպէսզի թումբ կանգնեն ծովուն դէմ 
-  ջուրը  նահանջէ -
ափ մը հող եւս շահին

- երբ շահին 
այդ ափ մը հողին 
Հայրենիք  կ’ըսեն  -

ՇԻՐԱԶ

Օր մը երբ լռէ յաւէտ ամէն երգ 
- ցնդի օդին մէջ - 
որպէսզի աշխարհ

առանց երգի չմնայ 
Շիրազի քարերը կան

պատրաստ երգելու

ՓԱՐԻԶ

Քիչ մը լուսակեաց

քիչ մը սիրակեաց քարերը զուր տեղ շէնք  կ՚ըլլան  փարթամ զուր կամուրջ Սէնի մէկ ափէն միւսին

Երկաթը Երկաթն է որ հոս կ՚աշտարականայ

այսպէս - մենակեաց

ՎԵՆԵՏԻԿ

Վենետիկի քարը

ջուրէ շինուած է

ճամբայ ճամբայ կը հոսի 
ու երբ կարծրանայ -

թափանցիկ

գունաւոր

Մուրանոյի ապակի կը դառնայ

ՄՈՍԿՈՒԱ

Ամէն մարդ իր քարը ունի -

- այս քարը 
մէկ ձեռքին սփութնիք -  սոյուզ  միւս ձեռքին 
Հրապարակը նստեր 
Պալալայքա կը շինէ