Բանաստեղծութիւններ, հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՅԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐ

ՍԻՎԱՅԻՆ   ՄԱՀԸ

Ուշացայ -

Երբ գերեզման հասայ կը վերադառնային

-   Լմնցա՞ւ - հարցուցի

-   Լմնցաւ - ըսին

Ըսել է փոս իջեր էր դագաղը 
Եւ  վրան հողով լեցուցեր էին - 
Գացի որ տեսնեմ

Այդտեղ - հողին տակ

Քանի որ ոչ կորով կայ կեանքը ապրելու

Ոչ գորով կայ կեանքը սիրելու

Եւ ոչ ալ հաւատք լոյսին նայելու

-  այդտեղ - հողին տակ

Ան չէր

Ինծի պէս հետաքրքիր 
Սեւ կատու մըն ալ

-  աչքերը կլոր կլոր բացած -
թարմ հողը կը հոտուըտար
հասկնալու համար թէ ինչ

ինչ նորութիւն կայ կեանքէն դէպի մահ

ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

Կ՚երթան ու չեն գար - կ՚երթան ու չեն գար 
Ու կարծես - որպէսգի ետ չգայ

ոմանք գացողին վրայ խոշոր քար մը կը դնեն

Մինչդեռ ճանճիկեանի վրայ ոչ քար կայ ոչ ծաղիկ 
թերեւս հողն ալ քիչ է

(Ձրի փոսը խորունկ չեն փորեր)

Սակայն ճանճիկեան ետ պիտի չգայ

որովհետեւ հոս գերեզմանատան մէջ

կու գան չեն երթար - կու գան չեն երթար

ՍԵՒԱԿ

Պարոյր մանչս երկուքս ալ 
Նոյն տարիքը ունէինք -
Հիմա ես կամ - դուն չկաս

               Եղա՞ւ ասիկա

Թէ բարիք է տաղ ըսել 
Պարոյր մանչս  երկուքս  ալ 
Նոյն բարիքը ունէինք - 
Հիմա ես կամ իբր թէ - 
Իսկ դուն կաս ու կը մնաս -
Քանի՞ հոգի մահէն վերջ

               Տեսաւ ասիկա

Սիրել մարդիկը բոլոր 
Թէ կարիք է անկորուստ 
Պարոյր մանչս երկուքս ալ 
Նոյն կարիքը ունէինք - 
Հիմա տխուր - առանձին -
Կը վերյիշեմ քաղցրօրէն 
Թէ Պարոյրը բանաստեղծ -

               Ըսաւ ասիկա

Պարոյր մանչս քանի որ 
Նոյն տարիքը  ունէինք  -
Մանուկ էինք երկուքս ալ - 
Խաղը կիսատ թողուցիր

               Չեղաւ ասիկա

ԼՈՒՏՄԻԼԱ   ՄՕԹԱԼՈՎԱ

Մահուան տարելիցին առթիւ

Այս ցերեկ Լուտմիլան եկաւ ինծի - նորէն 
Նստանք լաւաշ կերանք ու թան խմեցինք -
Յետոյ մէկ մէկ երգ երգեցինք իրարու

Յետոյ ուժասպառ լռեցինք երկուքս ալ -
Երգերը տակաւին կը դողային հեռուն 
Երբ Լուտմիլան բռնեց իմ երկու ձեռքերէս

Այն ատեն տեսանք թէ լիճի մը վրայ ենք 
Ու լիճին չորս ափէն նուշաչուի քերթողներ

               Ջուրը տաղ կը նետեն

Այն ատեն տեսանք թէ սարի մը վրայ ենք 
Ու սարին բարձունքէն արծուեքիթ քաջեր

               Մեզի ձեռք կը շարժեն

Յետոյ հեւասպառ ժպտեցանք երկուքս ալ -
Երկինքը տխուր էր - խոնաւ էր ինչպէս միշտ -
Լոյս եղաւ Լուտմիլան - հալեցաւ դանդաղ -

ԱՌԱՆՑ   ՅԱՐՎԱՐԴԻ

         Ի՞նչի կը նմանի

գարունն առանց վարդի 
Իսկ մեր օրերը առանց Յարվարդի

         Հեղ մը որ որդը

ծառին ծուծն է ծծեր 
որքան պարապ է - որքան անիմաստ

               Կղզին այս տարի

               առանց Յարվարդի

Ինքնատիպ ցոլքով ու բազմերեսակ 
ադամանդ էր ան առանց արատի 
գնաց - մնացինք մենք առանց զարդի 
այսպէս սրտաբեկ - առանց Յարվարդի

Նոր վերամուտ մը

- աշուն առտուով - 
նման նենգօրէն լարուած թակարդի 
յանկարծ մեզ թողուց առանց Յարվարդի

Բայց բոլորս ալ որ

զերդ յուղարկաւոր 
գացինք գերեզման վերջին բարեւի 
զգացինք թէ ան նորէն մեզի հետ

կ՚ապրի - պիտի ապրի -

մենք - հետեւաբար -

հողը խաբեցինք 
տուինք դագաղը առանց Յարվարդի։

ԲԱՌԵՐԸ   ԿԸ   ՍՊԱՍԵՆ

Սիլվա Կոմիկեանին

Բառեր ու բառեր շարուած տող տողի 
անձայն անշշուկ

նստած քով քովի 
թերթ թերթ թուղթերու վրայ փրփրադէզ

Անոնք - համբերող - 
կը սպասեն այսպէս որ շունչ մը բարի

հեւք մը մտերիմ 
գայ ձայն տայ իրենց - որ դառնան շշուկ

որ դառնան  մրմունջ 
որ դառնան պատգամ - ճիչ կամ աղաղակ - 
արթննան  իրենց  ամուլ թմբիրէն 
պատեանը ճեղքեն մեղկ անշարժութեան

               ու մոռացումի -
յետոյ լուսաթեւ - յետոյ լուսաթիռ

               սաւառնին ազատ

               ճախրեն համարձակ 
խրախճանքին մէջ լոյսի ել գոյնի

               եւ ալեծփման

- Նոր հորիզոններ գտնեն հիւրընկալ 
եւ արձագանգեն այնպէս սիրտէ սիրտ

Ու բառերն այսպէս քով քովի շարուած 
Երջանիկ պահու մը անկրկնելի -
շարուած խանդավառ ձեռքէ մը շքեղ - 
ոմանք դուրս յորդած սիրտէ մ’երազկոտ 
ոմանք հասունցած միտքի մը մէջ կուռ -

հիմա նստած լուռ

անձայն - քով քովի -
կը սպասեն յաւէտ որ շունչ մը բարի

հեւք մը մտերիմ 
ձայնի վերածէ վանկերն իրենց կոյս 
ու դառնան  մրմունջ  - ճիչ կամ աղաղակ

թեւածեն ուրախ

թեւածեն աշխոյժ 
դէպի հիւրընկալ նոր հորիզոններ 
եւ արձագանգեն այսպէս սիրտէ սիրտ -

ՎԵՆԵՏԻԿ   1971

Աշխարհ այնքան գեղեցիկ է որ նորէն 
Վենետիկ եմ կը կարծեմ

Վափորեթթօ մը յամրաքայլ Քանալն ի վեր կը սահի 
Մեծ ու պզտիկ նոր ջրանցքներ կը քանդակէ սրտիս մէջ -

Կու գայ ուսիս քայլամոլոր աղաւնի մը կը նստի -

Հրապարակն այսօր քիչ քիչ կը մեծնայ -
Մուրճ ի ծեռին երկու հսկայ կը հարուածեն զանգը գոռ -
Ու չորս նժոյգ չորսն ալ հուժկու Սան Մարքոյի ճակատէն

Անմահութեան կը վազեն

Աբբահայր մը  Սուրբ  Ղազարէն գիրքերու մէջ կ՚երազէ -

Հոգիս ճոխ է այնքան որքան կարծես երբեք չէ լացեր -
- Աշխարհ այնքան գեղեցիկ է որ նորէն -

Ռիալթոյի կամուրջին տակ  ձուկ  մը ուրախ կը մեռնի

ՏՕՆԵՐԳ

Այդ սեղանին բարիքներէն մենք ալ կերանք Աբբահայր 
ճաշակեցինք սրբութեամբ

Ինչ որ եկած էր դարերէն

Ինչ որ իջած էր սարերէն

Ինչ որ քամուած էր քարերէն

      Իմաստութեան հովիտին

Տեսիլքներուդ մէջ խտացած կայծէն մենք ալ խմեցինք

-  Մեզի բաժին մէկ մէկ ումպ -

Ումպ մը ջրվէժ բնաշխարհի յորդ ջուրէն 
Ումպ մը հրդեհ մեր արեւուն բորբ  հուրէն 
Ումպ մը հաւատք համայնասէր մատուռէն

      Որուն երգերը կ՚այրին

-  Մենք հազարներ զիրար այսպէս սիրեցինք -
Զիրար ու Քեզ - եւ անոնք

Որ զրկանքի մէջ տեսան կանչը կեանքին 
Խուցերուն մէջ գանձ ու քանքար պեղեցին 
Ցուպը ձեռքին պանդխտացան կամովին

     Նոյն երազով խանդավառ

-   Յիշատակիդ ճամբան այսօր նորէն բացուեր է լոյսով -

Մխիթար Աբբահօր
ծննդեան 300  ամեակին առիթով

ՕԴԻՆ ՄԷԶ

Օդին մէջ 
- Այն օդին մէջ զոր ամէնքով Երկնակամար կը կոչենք -

երկու  պանդուխտ արագիլ

Հանդիպեցան իրարու -
Եւ  քանի որ արագիլին կեանքը կ’անցնի խօսելով

Խօսակցութեան սկսան -

Շատ խօսեցան - շուտ խօսեցան - յայտնի եղաւ ի վերջոյ Իսթանպուլէն կու գար մին -
Միւսը  կու գար Փարիզէն

Այն որ կու գար Փարիզէն 
Պատմեց  միւսին  - ողբագին -

Փարիզի բոլոր դաշնակներն այդ օր 
Սուգ էին բռներ 
Սեւ էին հագեր 
Լուռ էին այդ օր

Երբ նուագէին
Կը նուագէին
Աւելի տխուր
Աւելի թախծոտ
Փարիզի  բոլոր  դաշնակներն այսօր

Այն որ կու գար Իսթանպուլէն - ան ալ պատմեց լալագին

Թէ կը սգային

Սուգով մը նոր

Հինգ գիծերուն վրայ նօթատետրերուն

Ցանուցիր շարուած խազերը բոլոր -

Երբ կը սգային

Սեւ կը  հագնէին 
Պլանշները  բոլոր  կը վերածուէին սեւ նուառներու

Թէ կը սգային

Սուգով մը խոր

Ստեղնաշարներն այդ օր սգաւոր

Եւ  երբ սգային

Երբ սեւ հագնէին 
Պէքարներն ամբողջ կը վերածուէին սեւ պէմօլներու

                Օդին մէջ 
- Այդ օդին մէջ զոր ամէնքով երկնակամար կը կոչենք

                         Երկու պանդուխտ արագիլ

-   Իսթանպուլէն եկած մին

           Միւսը եկած Փարիզէն

           Կը խօսէին ողբաձայն -

Յանկարծ  կռունկ  մը եկաւ

Արագիլներն հիացիկ

Միաբերան հարցուցին

- Կըռունկ ուստի կու գաս դուն - մենք ծառայ ենք քու ձայնիդ -
Լուր մը խապրիկ մը  չունի՞ս  ձեր աշխարհէն -  կռունկ  ջան -

-  Բոլոր  դաշնակները մեր աշխարհին

Սուգ ունին այսօր

Սիրտ սիրտի տուած

Լուռ են լուռ այսօր

-  Հապա՞ երբ երգեն - արագիլները հարց տուին մէկ ձայն -

-  Կ’երգեն աւելի տխուր ու թախծոտ

-  Ստեղնաշարներն ու մեր աշխարհին խազերը բոլոր

Սուգ ունին այսօր

Սիրտ սիրտի տուած

Սեւ են սեւ այսօր -

-  Պլանշները հապա՞ - հապա՞ պէքարներն - հարցուցին մէկ ձայն–

-    Պլանշները նուառ -

-    Բոլոր պէքարներն ալ պէմօլ դարձան -

Այսպէս երկու արագիլ

Եւ  կռունկ  մը  օդին  մէջ

-  Օդին մէջ զոր ամէնքով երկնակամար կը կոչենք -

-  Երկնակամար պատմութեան
Որուն  մէջտեղ այս գիշեր
ԳՈՀԱՐԻԿ մը գրուեցաւ -

(Գոհարիկ Ղազարոսեանի մահուան առթիւ)

ԼՕՐԱ

Սարասլաններուն

Այս քերթուածը պիտի հասնի  մինչեւ  հոն -

(Հիմա որ

Նորայայտ լոյս մը վառ

Կը վառի նորայայտ գոյութեան մը համար -

Երբ հին անուն մը կը նորնայ  նորէն  նոր

Ու գաղափար մը դարաւոր

Կը մարմնանայ այսպէս ամէնէն աղուոր) 
Այս քերթուածը օր մը պիտի հասնի հոն

Այս քերթուածը պիտի հասնի մինչեւ հոն -

(Հիմա  որ

Նորափթիթ սիրտ մը կը բաբախէ տաք

Նորահրաշ ուղեղ մը կը գործէ ինքնաշխատ

Հիմա որ

Ինքնաբազմապատկութիւն մը կայ բջիջներու խանդավառ

Երբ հրաշալիօրէն նոր է ամէն ինչ

Կենսուրախ -  աղուոր) 
Այս քերթուածը օր մ՛ալ պիտի հասնի հոն

Այս քերթուածը պիտի հասնի մինչեւ հոն 
Ուր նորափետուր բանաստեղծ մը-նոր 
Եւ  հաւատաւոր

Պիտի գգայ խոր - պիտի երգէ խոր

Եւ  հառաչանքի

պէս աղաղակէ 
Լօ Լօրա լօ Լօրա լօ

Եւ  յետոյ պիտի

Այս քերթուածը գրէ  նորէն  նոր

ՎՐՁԻՆԻ ՄԸ
ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹԻՒՆԸ

Քրիստին Սալերիին

Վրձին մը 
ճամբայ կ՚ելլէ կտաւին վրայ դեռ անկոխ

աջին  ու  ձախին  ժպիտ  բաշխելէն

Մէն մի քայլին կաթիլ մը գոյն

ու  գոյնին  հետ  կաթիլ  մը  խանդ

           ուրախութիւն  կը  ցանէ

Ձեռք  մը  հանճարեղ 
կ՚ուղղէ  քայլերն  անոր  աջ  -  ձախ  հոս  ու  հոն 
այնպէս  ինչպէս  անծանօթ  ձեռք  մը  հզօր 
մեզ  բոլորս  բախտահալած  կը  տարտղնէ  ծագէ  ծագ

Բայց  վրձինը  վարժ  կ՚ոստոստէ  իր  աշխարհին  ծիրին  մէջ 
երկունքին  համը  առած  -

Մերթ  աննահանջ  կ՚ուրուագծէ  ու  կ՚եզերէ  ամէն  խորշ 
Եւ  արուեստի  շքեղանքով  կ՚օծէ  ամէն  գոյութիւն 
Մերթ  կը  սուզի  երանգներու  պնակին  մէջ  գունագեղ  ու  յարմարագոյն  գոյնը  կը  զատէ

Յետոյ կու գայ վերջին անգամ մըն ալ կպչիլ կտաւին

- ճշդելէ վերջ թէ ամէն ինչ կարգին է 
հրաժեշտ կ՚առնէ գոյնի ձեւի խրախճանքէն նորայայտ

Վրձին մը

Սրուակի  մը  մէջ  փոքրիկ 
Իր  յուշերը  լուալու  պէս  իր  ներկերը  կը  լուայ

ԱԶՆՈՒԱԿԱՆ

Սեղանին սեղան  կ’ըսեն

           Աթոռին  աթոռ

               Գինեպանին  Ափոսթոլ 
ու  կաղ  կատու  մը  կայ

մէկ  աչքը  կոյր

               Գոնդէս  կ’ըսեն

ԽՕՍՔ   ՄԱՐԴՈՑ
ԵՒ   ՍԱՅԱԹ   ՆՈՎԱՅԻՆ

Թէ  խորհիմ  -  ձեզի  պէս  խորհելու  համար  չէ  -                        

իմ  միտքըն  ուրիշ  միտքէն  է  Թէ խօսիմ - իմ միտքըն ըսելու համար չէ -

իմ խօսքը  ուրիշ  խօսքէն է Թէ  յուզուիմ  - իմ խօսքին վրայ լալու համար չէ -

իմ ցաւըն ուրիշ ցաւէն է Թէ յուզեմ - իմ ցաւըն մեղմելու համար չէ -

իմ վէրքըն ուրիշ վէրքէն է

Թէ ձեր չըսածըն ըսեր էք կարծեր  եմ -

դուք ալ իմ լեզուն ծակծկեր էք շատ

Թէ ձեր սիրտերըն ճմլեր եմ ճզմեր ֊

դուք ալ իմ սիրտըն ցաւցուցեր էք շատ

Թէ ձեր ժպիտըն պաղեցուցեր եմ -

դուք իմ ներսիդին լացուցեր էք շատ

Թէ ձեր պատրանքներըն պղտորեր եմ - վայ վայ -

իմ խելքըն  ուրիշ  խելքէն է

Թէ լուս սէրերով այս սիրտըն է այրուեր -

աշուղ ես Սայաթ - գիտես դուն

Թէ խենդուկ յոյսերով այս սիրտըն է յորդեր -

աշուղ ես Սայաթ - գիտես դուն

Թէ մերժումներով խոցուեր է ՝ հալումաշ -

աշուղ ես Սայաթ - գիտես դուն

Թէ դուն ալ ականջըն խցես - ով իմանայ -

իմ սէրըն ուրիշ սէրէն է

Շատ

աղուորի ծոցըն երազըն մտեր - շատերը վառեր ես -

բաւական չէ եղեր ՄԷջլիսի լոյս - մէջլիսներըն քէմանչիդ ծառայ ես ըրեր -

բաւական չէ եղեր Եարըս մէկ է ըսեր - ելեր թագւորի քոյրըն սիրեր ես -

բաւական չէ եղեր Քուրծըն հագեր - տէրտէր ես դարձեր - ախ ախ -

իմ վախըն  ուրիշ  վախէն է Թէ գանգատ ունիմ նորէն - ատիկա ձեզմէ է -

շէն մնաք - դուռ դրացիներ Թէ հինը մոռցեր նորըն եմ սիրեր -

իրար էք անցեր - դուռ դրացիներ Թէ Զահրատըն անօրէն - այ  նորէն  վայ նորէն -

կը դատէք դուռ դրացիներ Ձեր օջախըն Եմ ինկեր - աչք գոցեցէք քիչ մը -

իմ սիրտըն ուրիշ սիրտէն է

ՆԻՍ   1978

Ծովափի ճեմուղիին վրայ

ուր ատենօք Անգլիացիները կը պտտկէին

Կ՚անձրեւէ այս գիշեր

Տիգրանը Անայիսը ել ես

ծաղարան մը նստեր ենք -

դէպի աջ - դէպի ձախ -

ծովափը կ՛երկարի գունագեղ ու պերճ

Կէս գիշերուան մօտ անձրեւը կը ղադրի 
- Ամպեր կան տակաւին սակայն չոր են -
Միայնակ կաթիլ մը ՝ օդին  մէջ  - յապաղած -

օդին մէջ առկախ

օդին մէջ - տատամսոտ - 
դեռ չէ որոշած ո՞ր կէտին իյնայ 
Մանթոնէն մինչեւ Փօր Կրիմօ սահող

այս երիզին վրայ 
- ո՞ր կէտին իյնայ - մեռնի հաճոյքէն

Ծովափի ճեմուղիին վրայ 
ուր ատենօք Անգլիացիներ կը պտտկէին 
անձրեւի կաթիլ մը կայ

            առկախ  -  օդին  մէջ

ՏԱՐԵԴԱՐՁԻ  ԿԱՐԿԱՆԴԱԿ

Քառասունըհինգ  Տարուան  «Մարմարա»ները  առէք

Դիզեցէք  վրայ  վրայի

Ահա ձեզի հոյակապ Կարկանդակ մը տարեդարձի

Եւ համեղ

Հարկ չկայ շաքար աւելցնելու

- Շաքարը իրմէ է -

Ոչ ալ իւղ Քանի որ իւղը իրմէ -

Ու մոմ - պէտք չկայ -Քանի որ լոյսը իրմէ -

Շերտերը պզտիկ մի կտրէք -Կը բաւէ բոլորին