Բանաստեղծութիւններ, հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿԱՆԱՆՉ ՀՈՂ

ԿԱՆԱՆՉ

               Գարնանամուտին

Կիկօ  թթուածին  տալ  ուզեց  օդին

               Կանանչ  հանգուեցաւ

Բայց  ամէն  մարդ  որ  կանանչ  կը  հագուի

               թթուածին  չի  տար

Անպայման  տերեւ  ըլլալ  պէտք  է  նախ

Կիկօ  թթուածին  տալ  ուզեց  օդին

Գարնանամուտին 
Անշուք  մէկ  մայթին  վրայ  մեր  թաղին

Ծառ մը ծաղկեցաւ

             Կանանչ

ՀՈԼ

Ով որ դառնայ Ինչ որ դառնայ

շարունակ

առանցքի մը  շուրջ

-   եւ արագ -
Կը գեղեցկանայ

Կը հալին

իր տգեղ կողմերը

Ընդհանուրին մէջ

Եւ ընդհանուրով գունագեղ բոլորակ մը դարձած ներդաշնակ - այպէս

ինչ որ դառնայ

Ով որ դառնայ

շարունակ առանցքի մը  շուրջ

-   եւ  արագ -
Կը գեղեցկանայ

ԱԿԱՆՋ

Այն օրը երբ

Երկինքը վերածոփ ականջի մը խոշոր

Պոռացէք -

Պոռացէք ձեր ցաւերը

Պոռացէք որքան կրնաք 
Վստահ

               Թէ  ականջ  մը  կայ  ձեր  դիմաց

               Հոգ  չէ  թէ  անսիրտ

               Հոգ  չէ  թէ  անջիղ

               Առանց  ուղեղի 

               Բայց  խոշոր  -
Ականջ  մը  Երկինքի  չափ

ՄՏԱՏԱՆՋ

Միայն  խիղճը  չի  տանջուիր  -

Ոչ  ալ  մարմինը  միայն  -

Միտքը

Միտքն  ալ  կա  գան  մտածումներ

Ու  կը  տանջեն

Ու  կը  տանջեն  չարաչար

Մինչ  սիրտը

Վիրաւոր լամբարի նման 
Կը վառի ու կը մարի 
Կը մարի ու կը վառի

ՀՈԳ

Ես Կիկոն եմ

Կորաքամակ

քանի որ

Աշխարհի հոգը շալկած -

               Կամ  աշխարհն  եմ  -

               Խուճապահար

                         քանի  որ

               Կիկոյին  հոգը  շալկած

ՊԱՀԱՆՋ

Ես  երբ  ուզեմ  թռչուն  ըլլալ  օդանաւ  կը  նստիմ 
Դէպի  ձեզի  կը  թռիմ

Անօրինակ  աշխարհ  մըն  Է  հոս  ուր  ամէն  ոք 
Պահանջ  մը  ունի

Անօրինակ  աշխարհ  մըն  է  հոս  ուր  ամէն  ոք 
Կը  պահանջէ

Այն  ատեն  կ’ուզեմ  ես  թռչուն  ըլլալ 
Թռչիլ  սանձարձակ

                                   Առանց  հոգի

                                   Առանց  կապի

             Ազատ

Դէպի  քեզի

-  Դէպի  ոչ  իսկ  քեզի  -

ՀՈՏ

Մեծ ու պզտիկ

Սակայն միշտ նոյն

                         կեդրոնին  շուրջ

                   օղակ  օղակ  գոյացող

                         օղակ  օղակ  տարածուող 
Եթերին  մէջ

շրջանակներ

                         ուրուագծող  հոտն  եմ  ես 
Որ  կէտէ  մը  ճամբայ  կ՚ելլեմ

                   -  անգիտակ

                         Թէ  մինչեւ  ուր

                         մինչեւ  որու

                         ինչպէս  ինչու

                         պիտի  հասնիմ  ի  վերջոյ 
անջրպետի

յաւերժին  մէջ

կորսուելէ  պահ  մ’առաջ  -

Մինչեւ  իսկ

Մինչեւ  ձեզի  կրնամ  հասնիլ  օր  մըն  ալ

Ու  միատեղ

կրնանք  կորիլ

միջոցին  մէջ

ձեռք  ձեռքի  -
Դուք գինովցած -

Ես գինով -

ՀՈԾ

Ես շաղախն եմ որ գուրգուրոտ կը զօդեմ 
Աշխարհացրիւ ձեր անուններն իրարու

              Համեստունակ  ես  շաղկապն  եմ  ձեր  միջեւ

              Առանց  ինծի  կը  կորսուիք  գուցէ  դուք

Իրարու  հետ  եդբայրօրէն  գաւաթ  մը  ջուր  չխմած  -

Ու  Երբեմն  ես  ինքս  մեծ  հրապարակ  մըն  եմ  ուր

բազմութեամբ մը գոյնզգոյն 
Երկրագունդի հազար ծագէն կը հաւաքուիք կու գաք դուք -
Ու խանդավառ ամբողջութեան մը մէջ հալած - դուք  ձեզի

Կը փաստէք թէ մինակ չէք -

Ես կարօտի տաղն եմ անծայր - ամէն օր

             Ծայրէն կը գրուիմ

ՄԵԾԱՍՔԱՆՉ

Այս այն լեզուն է որով զաւակներս կը խօսին 
Թէպէտ ես հայր չեմ

ՅՕՐԱՆՋ

Կենսունակ -

Արեւն ի վեր -  լոյսն  ի վեր -

Կանանչ ծիլ մը կը մագլի

Շիլն ի վեր

Շիլին գծած ծիրն ի վեր

Անջրպետ մը կ՛երկարի

Տօպրէ ութրա կ՚ըսէ մին 
Միւսը կ՚ըսէ կուտ իվնինկ 
Պարապին մէջ կ՚ագուցուին

Փորը  կուշտ  -

Արեւն ի վեր -  լոյսն  ի վեր -

Կատու մը կը յօրանջէ

ՀՈՍ

Հոս ըլլալու կամ  չըլլալու

այդ երկուքին միջեւ գիծն եմ

բարակուկ 
Դիւրաթափանց այդ սահմանն եմ

-  կամ  թէ  չկամ  -  յայտնի  չէ

Մինչդեռ շատեր զիս փշաթել՝ երկաթէ դուռ կը կարծեն

Հոս ըլլալու կամ չըլլալու

այդ երկուքին միջեւ սահող

ակնթարթն եմ ես կարճուկ -
Արագալոյս այդ պահիկն եմ

- կամ թէ չկամ - յայտնի չէ

Մինչդեռ շատեր զիս տարիով կը չափեն

Անջրպետին մէջ անծալ 
ժամանակին մէջ անսկիզբ անվախճան

ԶՈՔԱՆՉ

Թէ ծովն է հարս - դուն ծովամայր 
Թէ կաղն է հարս - դուն կաղամար 
Հոն ուր հարս կայ - դուն հարսի մայր

               Ես փեսայ

ՀՈՎ

Մինչ ուրիշներ փոթորիկ 
Ես հովերուն մէջ ամէնէն փոքրը - շունչ -

Շունչ  որ անզօր կը հատնի 
Ծովերն ի վեր փչող հովուն չհասած -

Մինչ  ուրիշներ  ովկէան 
Ես ծովերուն ամենափոքրը - կաթիլ -
Կաթիլ - այն որ տակաւին ծով չհասած

Շոգի կ՚ըլլայ - կ’անհետի -

Մինչ  ուրիշներ  լուրթ երկինք 
Ես սիրածիս համար նեղլիկ լուսամուտ -
Ես սիրածիս համար կաթիլ արցունքի 
Ես սիրածիս համար սիրոյ շունչ մը տաք

ՀՈՐ

Մենք հակառակ դարձած շրջուն հորեր ենք

               Բոլորս  ալ

           Մեր  հասակին  չափ  խորունկ

ՀՈՆ

Ես - կեղծ բժիշկ - ականջս ձեր

կուրծքի վանդակին

Կ՚ըսեմ - շունչ առէք - աւելի խորունկ -

Ու մտիկ կ՚ընեմ թէ ձեր խորերուն

Բան մը կայ ձեզմէ որ կը  կրկնէ  «Հոն»

          Հոն  -  ուր  ամէն  ինչ  լոյս  է  աւելի

          Հոն  -  ուր  ամէն  ինչ  աւելի  խաղաղ

- Տենչ մը կայ ձեր մէջ վազող դէպի հոն -

Ես - անուս բժիշկ - ականջ փակցուցած

ձեր կուրծքին ֊ երբ դուք 
շունչ կ՚առնէք խորունկ - աւելի խորունկ

ու կ՚արտաշնչէք - կը շնչէք  նորեն  -
Մտիկ կ՚ընեմ -  «Հոն»  կը փսփսաք դուք 
«Հոն»  կը հեկեկայ ձեր սիրտը թիք թաք 
«Հոն»  կը սուլեն ձեր թոքերը փքուն -

Այն ատեն  կըսեմ  - հազացէք հիմա -

Իմ կարգիս ես ալ կը հազամ շատ  լուրջ

Ու կը գրեմ ձեր դեղագիրը - «Հոն» -

ԿԱՐՄՐԱԼԱՆՋ

Իսկ դուրսը կարմրալանջ մը նորափետուր կարմրալանջ մը նաշխուն բայց կարմրալանջ մը անկարող

պէթոնը կտցահարելու

Ուրեմն

       Կարմրալանջ  մը  դժբախտ

 

ՆԱՀԱՆՋ

Գալ մինչեւ հոն ուրկէ անդին

            Սէրը կը սկսի

Ու Ետ դառնալ կամովին - Առանց երգի

ՃԱՃԱՆՉ

Սեւն է որ ագահօրէն կը քալէ մեր վրայ 
Ու այն որ երբեմն աւելի կը կշռէ

                            Սեւն է

Սեւը որ ժիր հասկերու արմատը կը կրծէ 
Որպէսզի լոյսը պակսի մեր ամենօրեայ հացէն

Բայց կան որ բանաստեղծն են անքան գիշերներու

               Կը կանգնին սեւին դէմ

                         Ճաճանչագեղ

                                     Սպիտակ

               Փուռէն  նոր  ելած  տաք  տաք  հացի  պէս

ԱՌԱՆՑ   ՄՂՁԱՒԱՆՋԻ

Քանի  որ  մենք  գետ  եղեր  ենք  -  հոսեր  -
Թէ  ծովն  ու  լիճը  ոռոգելն  է  պէտք 
Այդ  մենք  կ՚ոռոգենք

Քանի  որ  մենք  նետ  եղեր  -  սլացեր  -
Թէ  անջրպետներ  ծակելն  է  պայման 
Այդ  մենք  կը  ծակենք

Քանի  որ  մենք  կէտ  ենք  եղեր  փոքրիկ  -
Թէ  անհրաժեշտ  է  օր  մ’ալ կորսուիլ 
Մենք չենք կորսուիր

ԿԱՆՉ

Մարդուն  մէկը  կանչեց  -  Նշան  -
Ելայ  գացի  բայց  անունս  Նշան  չէր

Յիշատակներն  էր  կորուսեր  -  առաւ  ինչ  որ  ունէի  -
Ինչ  որ  տուի  մոռացութիւն  էր  -  մահ  էր  -

Ու  ետ  դարձայ  -  ճամբան  օտար 
Վերադարձի  ճամբան  չէր  ֊

ՂՕՂԱՆՋ

Մեքենային ձայնը ղօղանջ է հիմա կշռութաւոր տիրական

Մեքենային ձայնը ղօղանջ է հիմա անառասպել իրական

Մեքենային ձայնը ղօղանջ է հիմա ինքնամատոյց սիրական

 

ՈՒԼԱԿԱՆՋ

Ուլականջ մը ճեղքեցի -  մէջէն

                 կասկապոյտ

                                     Ծովը թափեցաւ

Չխմես - չես կրնար

ԾԱՂԿԱՄԱՆՉ

Ծաղկաղջիկ ու ծաղկամանչ 
Ծաղկամանչ ու ծաղկաղջիկ 
Ձեռք ձեռքի

Պարապութիւն մը կը շինեն 
Մէջը կ’իյնան 
Կը  կորսուին  կը  կարծէք

Մինչդեռ այն զոր պարապութիւն կը կարծէք

               Պարապութիւն  չէ  ինքնին 
Մինչդեռ  այն  որ  իյնալ  կ՚ըսէք  իյնալ  չէ 
Մինչդեռ  այն  զոր  դուք  կորսուիլ  կը  կարծէք

               Վերածնիլ  է  նոփ  նոր

ՀՈՂ

Ես

Վաղամեռ Մովսէսի որդի -

Հայրդ ըսին

Հողակոյտ մը ցոյց տուին

Հայր - իմ հայրս - հող

Ես

Հողի զաւակ