Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

ԶՕՀՐԱՊԻ ԳՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ
(Համառօտ ակնարկ Յ. Ճ. ՍԻՐՈՒՆԻի)


Գրիգոր Զօհրապ, 1861ին Պէշիքթաշի մէջ ծնած, իր նախնական ուսումը ստացած է Պէշիքթաշի Մաքրուհեան [1] եւ Օրթաքէօյի Թարգմանչաց ու Լուսաւորչեան վարժարաններուն մէջ:

«Ոչ հայերէն լեզուն լաւ սորված եմ, կ’ըսէ Զօհրապ, ոչ ալ հայ գրականութեան մասին հմտութիւն ունիմ. ինչպէ՛ս այս գրականութեան մէջ մուտք ունեցեր եմ, ես ալ չեմ գիտեր լաւ մը»:

14 տարեկանին Չափագիտական վարժարան [2] մտած, 18 տարեկանին աւարտած է զայն:

Իր հրապարակագրական գործունէութիւնը կը սկսի 1878ին, Լրագիր օրաթերթին մէջ, ուր խմբագրականներ գրած է [3]: Յիշատակելի է իր գրավէճը Մինաս Չերազի հետ՝ Պերլինի քօնկրեին շուրջ [4]:

Հրապարակագրական գործունեութիւնը շարունակած է Երկրագունտի մէջ՝ ազգային եւ գրական յօդուածներու շարքով մը, որուն մէջ ուշագրաւ է Չինական նամականին [5]:

Տիկին Սրբուհի Տիւսաբի Մայտաին [6] առիթւ սուր գրավէճ մը ունեցած է Ռ. Յ. Պէրպէրեանի հետ [7]:

Զօհրապ անցնելով Արփիար Արփիարեանի Մասիսին, հրատարակած է հոն իր առաջին վէպը՝ Անհետացած սերունդը [8], «ողորմելի վէպ մը, ինչպէս կ’ըսէ ինք, որ ռօմանթիք եւ բնապաշտ ձգտումներու յիմար խառնուրդ մըն է»:

Յետոյ սկսած է իր նորավէպերու շարքը Մասիսի եւ Արեւելքի մէջ, յաջորդաբար հրատարակելով Ներսէսը, Արմենիսան, եւ ուրիշներ:

Այդ միջոցներուն հրատարակած է յօդուածաշարք մը թեթեւ երգիծանքի՝ օրուան մարդոց եւ ազգային գործերու վրայ, Ուղեւորութիւն յիշատակներուս մէջ [9] տիտղոսով:

1892ին [10] Հրանտ Ասատուրի հետ հրատարակած է Մասիսը իբրեւ գրական հանդես, զոր 1893ին շարունակած է առանձին:

Նոյն միջոցին Հայրենիքի մէջ հրատարակած է Նարդիկ [11] կիսաւարտ վէպը եւ սկսած է Ծանօթ դէմքերու [12] շարքը՝ գրական նոր սեռ մը փորձելով:

Իր հրապարակագրական գործունէութեան վերջին փորձն է Մասիս օրաթերթին հրատարակութիւնը, 1898ին, աշխատակցութեամբ Սիպիլի եւ Հրանտ Ասատուրի:

Զօհրապ իր չափահասութեան տարիքին մէջ փորձած է բանաստեղծութիւն ալ գրել, հրատարակելով քսանի չափ քերթուածներ [13]:

Իր գրական կեանքին վերջին արտայայտութիւնները երեւցան Ազատամարտի մէջ՝ Էջեր ուղեւորի մը օրագրէն [14] խորագրին տակ:

Զօհրապի նորավէպերը լոյս տեսան երկու տարի առաջ երեք հատորներով. Խղճմտանքի ձայներ [15], Կեանքը ինչպէս որ է [16] եւ Լուռ ցաւեր [17]: Պատրաստութեան մէջ են Ցիրուցան եւ Գոյնզգոյն [18]:

«Աչքս ետին նետելով, ըսաւ Զօհրապ, կը տեսնեմ որ բոլոր կեանքս կռուելով անցուցեր եմ. օգտակա՞ր թէ վնասակար կռիւ՝ ինէ վերջը եկողները պիտի ըսեն: Միտք ունիմ, փակելու համար գրական գործունէութեանս շրջանը, պզտիկ թատերախաղ մը գրել՝ որուն նիւթը արդէն մտքիս մէջ պատրաստ է»:



[1]            Վարժարանը կառուցվել է 1864-ին, կայսերական վառոդապետ Առաքել-Սիսակ Տատյանի ծախսով եւ արքունական ճարտարապետ Սարգիս Պալյանի նախագծով: Բացվել է 1866-ին եւ կոչվել Տատյանի վաղամեռիկ կնոջ՝ Մաքրուհու անունով:

[2]            Նկատի ունի Կալաթա-Սերայի Հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստիտուտը (բացվել է 1868-ին), որը Զոհրապն ավարտել է 1879-ին:

[3]            Այս տեղեկատվությունն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Մանրամասն տե՛ս Գրիգոր Զոհրապ, «Երկերի ժողովածու», հատոր Գ, Երեւան, 2002, էջ 547-549, Ալբերտ Շարուրյանի ծանոթագրությունները:

[4]            Նկատի ունի Զոհրապի «Թե ի՞նչ շահեցանք Պերլինի վեհաժողովեն» հոդվածը («Լրագիր», Կ. Պոլիս, 1878, հոկտեմբերի 26, թիվ 821):

[5]            Տե՛ս «Երկրագունտ», Կ. Պոլիս, 1884, հուլիս-օգոստոս, թիվ 7-8, էջ 310-314, 382-384, ինչպես նաեւ Գրիգոր Զոհրապ «Երկերի ժողովածու», հատոր Բ, Երեւան, 2001, էջ 341-348:

[6]            «Մայտա», Սրբուհի Տյուսաբի վեպը, լույս է տեսել 1883 թ. Կ. Պոլսում:

[7]            Խոսքը վերաբերում է Զոհրապի՝ «Մայտա» հոդվածին (տե՛ս «Երկրագունտ», Կ. Պոլիս, 1883, հոկտեմբեր, թիւ 10, էջ 305-312) Ռեթեոս Պերպերյանի բավականին կոշտ արձագանքին (հոդվածը ստորագրված է Հրաչեայ, տե՛ս «Երկրագունտ», Կ. Պոլիս, 1883, նոյեմբեր, թիվ 11, էջ 337344), որին ի պատասխան Զոհրապը գրեց «Խարույկի մը պետք կա» հոդվածը (տե՛ս «Երկրագունտ», Կ. Պոլիս, 1883, դեկտեմբեր, թիվ 12, էջ 363-368): Զոհրապի հոդվածները տե՛ս նաեւ «Երկերի ժողովածու», հատոր Գ, Երեւան, 2002, համապատասխանաբար՝ էջ 54-62 եւ էջ 63-69:

[8]            «Անհետացած սերունդ մը» վեպը Զոհրապը նախ սկսել է տպագրել «Երկրագունտ» հանդեսում (1885, մայիս, էջ 217226), այնուհետեւ հանդեսի խմբագիր Եղիա Տեմիրճիպաշյանի հետ ունեցած խնդիրների պատճառով կիսատ է թողել տպագրությունը, եւ ամբողջությամբ հրատարակել արդեն «Մասիսում» (մանրամասն տե՛ս Գրիգոր Զոհրապ, «Երկերի ժողովածու», հատոր Բ, Երեւան, 2001, Ալբերտ Շարուրյանի ծանոթագրությունները (էջ 475-478):

[9]            Վերնագիրը փոքր-ինչ սխալ է բերված, իրականում՝ «Ուղեւորութիւն մը յիշատակներուս մէջ»: Առաջին անգամ լույս է տեսել «Մասիս» գրական հանդեսում, 1889, սեպտեմբեր 1, թիվ 3925, էջ 20-23, հոկտեմբեր 1, թիվ 3926, էջ 92-93:

[10]          Բնագրում՝ 1893 է, որը, թերեւս, վրիպակ է:

[11]          Տե՛ս «Հայրենիք» օրաթերթ, Կ. Պոլիս, 1891, հուլիս 20 - օգոստոս 9 եւ 14, թիվ 7-23 եւ 25-27:

[12]          «Ծանոթ դեմքեր» վերտառությամբ Զոհրապը հրատարակել է 15 դիմանկար: Մանրամասն տե՛ս Գրիգոր Զոհրապ, «Երկերի ժողովածու», հատոր Ա, Երեւան, 2001, էջ 579, Ալբերտ Շարուրյանի ծանոթագրությունները:

[13]          Զոհրապից մեզ է հասել 17 բանաստեղծություն, որոնք բոլորն էլ ժամանակին լույս են տեսել մամուլում: Տե՛ս Գրիգոր Զոհրապ, «Երկերի ժողովածու», հատոր Բ, Երեւան, 2001, աշխատասիրությամբ՝ Ալբերտ Շարուրյանի:

[14]          Ուղեգրությունը բաղկացած է 15 հատվածներից, որոնք, բացառությամբ վերջինի, գրեթե շարունակաբար տպագրվել են «Ազատամարտ» օրաթերթում: Առավել մանրամասն տե՛ս Գրիգոր Զոհրապ, «Երկերի ժողովածու», հատոր Բ, Երեւան, 2001, էջ 485-511, Ալբերտ Շարուրյանի ծանոթագրությունները:

[15]          Գրիգոր Զօհրապ, Խղճմտանքի ձայներ, Կ. Պոլիս, տպագր. Ռոգոս Սագայանի, 1909, 96 էջ:

[16]          Գրիգոր Զօհրապ, Կեանքը ինչպէս որ է, Կ. Պոլիս, տպագր. Օնիկ Արզումանի, 1911, 200 էջ:

[17]          Գրիգոր Զօհրապ, Լուռ ցաւեր, Կ. Պոլիս, տպ. Օնիկ Արզումանի, 1911, 238 էջ:

[18]          Վերջին երկու վերնագրերով Զոհրապը ժողովածուներ լույս չի ընծայել: Հակոբ Սիրունու այս վկայությունն, ըստ ամենայնի, հիմնված է «Խղճմտանքի ձայներ» եւ «Կյանքը ինչպես որ է» ժողովածուներում առկա հետեւյալ ծանուցումների վրա. «Հեղինակին հետեւեալ գործերը մամլոյ տակ են. Կեանքը ինչպէս որ է. Գոյնզգոյն. Ցիրուցան. Ծանօթ դէմքեր »: Եվ ապա՝ «Մօտ օրէն պիտի հրատարակուին՝ Գոյնզգոյն, Ցիրուցան, Ծանօթ դէմքեր »: Այլ մանրամասների համար տե՛ս Գրիգոր Զոհրապ, «Երկերի ժողովածու», հատոր Բ, էջ 511-514՝ Ալբերտ Շարուրյանի ծանոթագրությունները: