Հեղինակ

Բաժին

Թեմա

2. 1 ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

 

Վրաստանի [1] հետ Հայաստանը ունեցել է ամենասերտ ու բազմապիսի փոխհարաբերություններ, իսկ հայ բնակչությունը Վրաստանում՝ բազմադարյա ու անընդմեջ առկայություն: Այդ պայմանավորված էր ինչպես Հայաստանի քաղաքական կացությամբ, այնպես եւ ուշ միջնադարում հայկական մի շարք գավառների Վրաստանի կազմում գտնվելու փաստով:

Որքանով հայկական գաղթօջախները պետականության առկայության պայմաններում կարող են դառնալ այս կամ այն երկրի հետ փոխհարաբերություններում Հայաստանի համար հենակետ, կամ ստեղծել բարենպաստ պայմաններ հարաբերությունների սերտացման համար, նույնքանով պետականության բացակայության պայմաններում շատ երկրներում, որոնք որեւէ ձեւով հավակնություն ունեին Հայաստանի եւ կամ հայոց հոգեւոր կենտրոն Էջմիածնի նկատմամբ, իրենց երկրներում ստեղծված հայկական գաղթօջախները դարձնում էին պատանդ եւ կամ լծակ՝ Հայաստանում իրենց քաղաքականությունը պարտադրելու կամ իրականացնելու համար: Այդ առումով Վրաստանը եւս բացառություն չէր: Վրաստանում հայ բնակչության կարգավիճակը պայմանավորվում եւ ձեւավորվում էր սոցիալական հարաբերությունների մի ոլորտում, որը մեծապես տարբերվում էր Հայաստանում ու հարակից այլ երկրներում տիրող իրավիճակից: Ճորտատիրական հարաբերությունների բացարձակ գերակայությունը թելադրում-պարտադրում էր հայ բնակչությանը ընդգրկվելու հարաբերությունների այդ ոլորտ եւ ներկայանալու որպես վրաց թագավորի, վրաց եկեղեցու, հայոց եկեղեցու եւ կամ առանձին ավատատերերի հպատակ-ճորտեր՝ իրականացնելով վրաց ավատատիրական իրավունքի պարտադրանքով իրենց ստանձնած բոլոր պարտականությունների կատարումը: Ճորտատիրական կապանքներից ազատ էր մոքալաքներ կոչվող քաղաքային բնակչության այն փոքր հատվածը [2], որը արքունիքին մատուցած խոշոր ծառայության դիմաց ձեռք բերած անձնական ազատությամբ Թիֆլիսի քաղաքային բնակչության մեջ առանձնանում էր իր սոցիալական ու տնտեսական դրությամբ՝ ունենալով հատուկ արտոնյալ կարգավիճակ [3]:

ԺԸ. դարի երկրորդ կեսին հայերը, կազմելով Թիֆլիսի քաղաքային բնակչության երեք քառորդը [4], քաղաքային տնտեսության զարգացումը դիտում էին իրենց առաջնահերթ խնդիրներից մեկը եւ մեծապես շահագրգռված էին նրա զարգացման, քաղաքի կառուցապատման ու բարեկեցության ապահովման հարցերով: Ուշագրավ հանգամանք է, որ հայերը Թիֆլիսում շինարարական խոշոր աշխատանքներ ծավալելու համար գումարներ էին հանգանակում անգամ հնդկահայ գաղթօջախում: Այդ առումով արժեքավոր վավերագիր է այն պայմանագիրը, որով Թիֆլիսի հայ բնակչության ներկայացուցիչ Կարապետ Գասպարի Խադակյանը «Թիֆլիսուց իւր բերեալ վկայական եւ յորդորական գրովն, որ Մադրասիս Հայոց վերայ բերել էր», պարտավորվել էր «Մադրասիս հայոց պարոնացէ ժողովեցեալ» 760 ռուպին անվնաս հասցնել Թիֆլիս, «Թիփլիսու Բռնի թաղին վ[ի]հին վերայ մին կարմունջ կազմին, որով եւ նոր շուկայք շինէ հաստատապես, որ անցաւորստ անվնասապէս երթեւէկ առնիցեն»: Ուշագրավ է պայմանագրի ընդգծումը, որ եթէ ուղարկված դրամը օգտագործվի ըստ իր նշանակության եւ այդ կառուցումները իրականացվեն, ապա այն ենթակա չէ վերադարձման («յիշեալ դրամն ոչ լինի պարտական յետ հատուցանելոյ»): Պայմանագիրը պարտավորեցնում է, որ «եթէ մինչեւ ի հինգ տարի ոչ յօրինեսցէ զկարմունջն շուկայիւքն, յետ հինգ տարւոյն պարտ է ԷՃԿ (760) ռուփին... յետ հատուսցէ վեր ասացեալ կառավարչացն որբոց» [5]: Նման դրամական ներդրումներ կատարվում էին նաեւ Թիֆլիսի հայկական եկեղեցիներին օժանդակելու նպատակով: Նման մեկ այլ մուրհակով Թիֆլիսի հայոց Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցու համար գումար է ստացել Հովսեփ Խատինի Դինիբեկյանցը՝ պարտավորվելով այն փոխանցել «նոյն եկեղեցւոյն աւաքէրէց Տէր Առաքել Շմաւօնին, կամ յետ նորին ով ոք աւաքէրէց լինին, տայ նոցայ» [6]:

Հայոց իրավական կարգավիճակը Վրաստանում պայմանավորվում էր ըստ Վրաստանի օրենսդրության ինչպես ընդհանուր, այնպես էլ ազգությունների մասին եղած հոդվածների: Կաշկանդիչ վերապահումներ էին արվում թերեւս միայն հայերի համար: Ըստ ազգությունների ներկայացման ժամանակ, Դավիթ Արքայազնը, օրինակ, հայոց մասին գրում է. «[հոդված] 117. Հայերը հիմնականում կազմում են վաճառականական դասը եւ զբաղվում են առեւտրական գործունեությամբ ինչպես երկրի ներսում, այնպես էլ Վրաստանից դուրս: Նրանցից ոմանք հայադավան են, իսկ մյուսները՝ կաթոլիկ: Հայերը վճարում են պետական տուրքերը ըստ դասերի կամ գիլդիաների, իսկ վաճառականությամբ չզբաղվողները կրում են ընդհանուր պարտույթներ: Նրանք չեն վարում պետական ոչ մի պաշտոն [7], բացի միայն իրենց գյուղերում գեղջավագներից, մելիքներից ու մդիվաններից մդիվանբեգերի եւ մոուրավների մոտ: Նրանք չեն ընդգրկվում զինվորական ծառայության մեջ, բացառությամբ արտակարգ դեպքերի, երբ լինում է ժամանակավոր ընդհանուր զորահավաք եւ ամսական հերթապահությունը, որ կոչվում է մորիգե: Հայերը արքունական եւ կալվածային [ճորտեր] են» [8]: Ըստ 552-րդ հոդվածի «Հայերը ոչ մի դեպքում չեն լինում մդիվանբեգ, քանզի նրանք վաճառական ժողովուրդ են» [9]: Նույն հիմնավորումով հայոց նկատմամբ արգելքը ընդգծվում է նաեւ մոուրավների պաշտոնում հայազգի ներկայացուցիչների ընտրության համար. «Մոուրավի պաշտոնները բաշխում է անձամբ թագավորը (հոդվ. 650)»: «Մոուրավի պաշտոնում մշտապես ընտրվում են վրացական առաջնային իշխաններից եւ ազնվականներից; Հայազգի ընտանիքները, ինչ ծագման էլ նրանք լինեն, այս պաշտոնում տեղ ունենալ չեն կարող, քանզի նրանց ազգը վաղընջական ժամանակներից Վրաստանում համարվում է ոչ ավելին, քան միայն առեւտրական եւ, ժողովրդի մեջ արմատացած կարծիքով, չպիտի մասնակցի հասարակական պաշտոնների վարմանը» [10]: Ա. Ռոգավան արձանագրելով, թե նախորդ օրենսդրություններում ու իրավական հուշարձաններում բացակայում են այդ հոդվածները, գտնում է, թե «կասկածից վեր է, որ այդ հոդվածները մտցված են Հերակլի կողմից կազմված եւ դեռեւս մեզ համար անհայտ "Նոր իրավունքի" օրինակի հիման վրա: Դավիթ Արքայազնի ձեռագրով 552-րդ հոդվածի լուսանցքում գրված է. "այդպես է բնագրում"» [11]:

Դավիթ Արքայազնի «Տեսության» այդ հոդվածները նկատի ունենալով, Շ. Մեսխիան նման վերաբերմունքը հայոց նկատմամբ բացատրում է դասակարգային պայքարի առկայությամբ, թեեւ ստիպված է արձանագրել նաեւ, թե նման վերաբերմունք դրսեւորված է միայն հայոց նկատմամբ [12]: Բնավ չթերագնահատելով Վրաստանում սոցիալական պայքարի առկայությունը, նման վերաբերմունքի ձեւավորման գործում նրա դերն ու նշանակությունը, անհրաժեշտ ենք գտնում ընդգծել նաեւ, որ այդ վերաբերմունքը տարածվում էր հայազգի սոցիալական բոլոր շերտերի վրա՝ ընդգրկելով հայ հասարակությունը իր ամբողջության մեջ՝ դնելով այն ստորադրյալ իրավական կարգավիճակում: Անշուշտ առկա էր նաեւ ավատատերերի եւ թագավորական իշխանության միջեւ պայքար, որով եւ կարող էր բացատրվել հայոց, որպես թագավորական իշխանության հենարանի, նկատմամբ վերաբերմունքը, որը ստանում էր նաեւ ազգային երանգ:

832-րդ հոդվածով արձանագրվում է, թե «վաճառականական գործունեությունը իր առեւտրական շրջանառությամբ մյուսներից առավել կարող է ձեռք բերել կապիտալներ եւ քաղաքներում ավելի մեծ օգուտներ, եւ ամբողջը, ժառանգների բացակայության դեպքում, ըստ պետական կարգի, պատկանում է թագավորին: Որպեսզի պետական ունեցվածքը չանցնի մասնավորի ձեռքը, առանց թագավորի թույլտվության կալվածատերերին արգելվում է վաճառականների այրիներին ամուսնացնել իրենց ճորտերի հետ: Հակառակ դեպքում, կալվածատիրոջ կողմից ամուսնացողը պետք է ազատվի եւ ընդգրկվի վաճառականական դասի մեջ» [13]:

Հայազգի բնակչությունը զգալի թիվ էր կազմում ոչ միայն գյուղական բնակչության մեջ (առանձնապես հայկական գավառներում), այլեւ մեծ չափով ներկայացված էր նաեւ վրաց ազնվականության եւ իշխանական դասի մեջ: Հայ բնակչությունը կազմում էր Վրաստանի առեւտրա-արհեստավորական դասի գերակշիռ մասը՝ սոցիալական առումով գտնվելով ճորտական կախման մեջ վրաց եւ հայազգի ավատատերերի ենթակայության ներքո:

Վրաստանում ԺԸ. դարում դեռեւս պահպանվում էր գյուղական համայնքը, որը պարտավոր էր հարկերը վճարել համայնքում գրանցված բոլոր անդամների, այդ թվում նաեւ համայնքից տարբեր ուղիներով հեռացած անդամների փոխարեն: Պահպանվել են խոսուն վավերագրեր՝ խնդրագրեր, գյուղական համայնքի անդամների անունից, որտեղ առաջարկներ են ներկայացվում ավատատերին՝ իրենց հարկերի չափերը վերանայելու մասին՝ ելնելով բնակչության իրականում առկա թվաքանակից: Գյուղացիները հաճախ իրենք էին ճշտում եւ իշխանություններին տեղեկություններ հաղորդում փախած գյուղացիների գտնվելու վայրի վերաբերյալ:

Հայազգի բնակչությունը վրաց ազնվականության կողմից պարտադրվող ճորտական կախումից խուսափելու համար հաճախ նախընտրում էր էջմիածնի հպատակ ու ճորտ ներկայանալու ուղին [14]: Էջմիածնի ճորտ էին գրվում անգամ այլոց ճորտությունից ազատագրվելուց հետո՝ նոր պարտադրանքների ենթարկվելուց խուսափելու նպատակով: Այսպես օրինակ, Ղուկաս կաթողիկոսի դիվանում արձանագրված էր, թե «Գ (3) ոմանք յայլոց ճորտութենէ ազատեցեալք, հանդերձ տամբք իւրեանց, զդաշնագիրս էին յղեալ եւ զճորտական թուղթս էին խնդրեալ ի սրբազան վեհէն՝ առ ի լինիլ ծառայս սրբոյ Աթոռոյս յորդւոց յորդիս: Առ որս գրեաց սրբազան Վէհն զթուղթս ճորտութեան» (1781 թ. հուլիս) [15]: Էջմիածնի ճորտագրումը առավել երաշխիքներ էր պարունակում նաեւ հետագայում ճորտությունից ազատվելու համար [16]:

1790 թ. ապրիլի 15-ի կոնդակով Ղուկաս կաթողիկոսը հավաստում է Թիֆլիսում 7 տարի բնակվող կարնեցի Մուրատի որդի Մովսեսին Էջմիածնի ճորտ ընդունելու փաստը: Կոնդակում նշվում է Մովսեսի «ինքնահօժար կամօքն իւրովք» ճորտագրման հանգամանքը, եւ արձանագրվում, թե «ահա զայս օրհնութեան եւ հաստատութեան նամակս առ քեզ գրեցաք ի միամտութիւն քեզ, որպեսզի ունիցիս զսա ի ձեռին քում նշան եւ կնիք հաստատութեան ի սրբոյ Աթոռոյս վասն ճորտութեանդ եւ յատկապէս ծառայութեանդ քոյ, զոր առնելոց ես սմա: Զի մի ոք իշխեսցէ այսուհետեւ զբան ինչ ունիլ ընդ քեզ, եւ կամ զիր ինչ պահանջել ի քէն՝ արտաքոյ կանոնաց Սրբոյ Աթոռոյս ճորտիցն, յորոց ոչ է օրէն պահանջել ինչ ումէք, որպէս է սովորութիւն ի բնէ անտի հաստատեցեալ արքունական թղթով: Որ եւ այսու կանոնաւ ոչ ումեք գոյ իշխանութիւն ի քէն իր ինչ պահանջելոյ, զի դու Սրբոյ Աթոռոյս ես ճորտ եւ յատուկ ծառայ: Վասն որոյ զամենայն ճորտական տուրսդ, թէ հարկ եւ թէ մաքս, բոլորապէս պարտիս սրբոյ Աթոռոյս հասուցանել՝ ձեռամբ ի Սրբոյ Աթոռոյս յայդր նստող առաջնորդին» [17]:

Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ նամակի մեջ գրված ապա եւ ջնջված է հետեւյալ նախադասությունը. «Ընդ այս դժկամ եղեալ այլոց ոմանց՝ արզ ես արարեալ քրիստոսազօր արքային եւ նորին բարձր հրամանաւն զքեզ հաստատեալ ես ի ճորտութիւն Սրբոյ Աթոռոյս» [18]:

Թագավորական իշխանությունը երկրում առավել ուժեղն ու զսպիչն էր տեղական ֆեոդալական կամայականությունները հաղթահարելու եւ հասարակական համաձայնություն ստեղծելու գործում: Ունենալու համար թագավորական գերդաստանի հովանավորությունը, հայ բնակչությունը իր հիմնական մասով, այնուամենայնիվ, նախընտրում էր արքունի ճորտության կարգավիճակը՝ դրանով իսկ վերածվելով նաեւ թագավորական իշխանության հենարանի ու պաշտպանի: Աստիճանաբար սերտաճելով վրաց ավատատիրական հասարակության մեջ, հայ բնակչությունը իր ազգային դիմագիծը պահպանելու համար դիմում էր առավելապես դավանական համախմբման միջոցին՝ կազմելով Հաղբատի հոգեւոր թեմը: Վրաստանում հայ բնակչությունը ենթարկվում էր կամ ուղղակի Էջմիածնի Մայր Աթոռին եւ ներկայանում Հաղբատից առանձին համայնք, եւ կամ ընդգրկված էր Հաղբատի թեմի մեջ՝ որպես Վրաստանի «լիիրավ» բնակիչ:

Դավիթ արքայազնը "Վրաց իրավունքի եւ օրենսգրքի տեսության" մեջ արձանագրում էր, որ «Վրաստանում գտնվող հայերը հոգեւոր կառավարման առումով բաժանվում են երկու թեմերի. այն է՝ Հաղբատի եւ Էջմիածնի, որոնցից առաջինը կախում ունի անմիջականորեն թագավորից, իսկ երկրորդը՝ Արարատյան Պատրիարքից, որի առաջնորդը լինում է Պատրիարքի հավանությամբ, իսկ Հաղբատինը ընտրվում է թագավորի կողմից եւ միայն օծման համար ուղարկվում Պատրիարքի մոտ: Ըստ այդմ վերահսկվում է նաեւ, որպեսզի մեկ թեմը չկարողանա մյուսի նկատմամբ որեւէ ազդեցություն ունենալ ոչ կառավարման, ոչ ունեցվածքի, իսկ առավել եւս էջմիածնի հովվապետի կողմից որեւէ մեկ ճնշում ու հայց (նկրտում) կատարել Հաղբատի եպիսկոպոսի ու հոգեւորականության նկատմամբ» [19]: Նշելի է, որ նման կարգավիճակի բնորոշումը ընդգծվեց առանձնապես ԺԸ. դ. երկրորդ կեսին եւ այդ պայմանավորված էր մի շարք հանգամանքներով, ուստի հարկ է լուսաբանել այդ եւս:

ԺԸ. դարի առաջին կեսին Հաղբատի թեմական կենտրոնը Գրիգոր եպիսկոպոս Սուրկունյանի առաջնորդության տարիներին (1716 - 1751 թթ. ), ունենալով նաեւ Բեհբուդյան տոհմի աջակցությունը, բարգավաճ զարգացում էր արձանագրել անգամ ինչպես Օսմանյան, այնպես էլ Նադիր շահի տիրակալության ծանր պայմաններում [20]: Նադիր շահի սպանությունից հետո ստեղծված քաղաքական անկայունությունը եւ ռազմական բախումները ստեղծել էին ռազմա-քաղաքական ու տնտեսական ծանր իրադրություն: «բնակիչք գաւառաց եւ աշխարհաց, աւանաց եւ գիւղօրէից կողմանցս խոյս տուեալ՝ ամրանային յամուրս լերանց եւ ձորոց եւ յայրս քարանձաւաց» [21]:

Նման իրավիճակում Հաղբատի առաջնորդը եւս անվտանգության նկատառումներով փոխադրվելով Թիֆլիս [22] եւ մշտապես մնալով այնտեղ, մասնակից էր դառնում այն դավանական, միջեկեղեցական ու ներեկեղեցական հակամարտություններին, որոնք գլուխ էին բարձրացրել Վրաց մայրաքաղաքում՝ ինչպես հայոց, այնպես էլ վրաց եկեղեցու մեջ: Այդ առավել քան վերաբերում է Գրիգորի մահից հետո Հաղպատի առաջնորդությունը ինքնակամ զավթած Զաքարիա բեչ Պաթինյանին, որի առաջնորդությունը պարտադրված էր եւ «ոչ ոք ի քահանայից, յիշխանաց եւ ի ժողովրդոց քաղաքին հաճ էր եւ հաւան ընդ առաջնորդութիւն նորա, եւ ինքն իսկ չեւ եւս էր ձեռնադրեալ եպիսկոպոս»: Նման փոխհարաբերությունների պայմաններում շարունակելով մի քանի տարի պարտադրել իր առաջնորդությունը ժողովրդին, «ապա ի զօրանալ շփոթի եւ հակառակութեան ի մէջ նորա եւ ժողովրդեան, բռնութեամբ արտաքսեն զնա ի քաղաքէ անտի» [23]: Աղեքսանդր Բ Բյուզանդացի կաթողիկոսը հայոց հետագա պառակտումը կանխելու եւ էջմիածնի վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով Հաղպատի ու Սանահնի առաջնորդներին հրավիրելով Էջմիածին, հատուկ կոնդակով Վրաց պետության մեջ եղած ողջ հայ բնակչության վերահսկողությունը դնում է Թիֆլիսում Էջմիածնական առաջնորդի իրավասության ներքո [24]: Այդպիսով, փաստորեն նա միավորում է այդ աթոռները եւ այն դարձնում տերունի: Բնականաբար, այդ հարուցում է կաթոլիկությանը հարած Վրաց Անտոն 1-ին կաթողիկոսի դժգոհությունը: Նման իրադրության պայմաններում էր, որ Վրաց եկեղեցում եւս տեղի ունեցավ հանգուցալուծում: Քարթլիի թագավոր Թեյմուրազի եւ Կախեթից Թիֆլիս ժամանած Հերակլի հրամանով 1755 թ. դեկտեմբերին հրավիրված եկեղեցական ժողովը կարգալույծ է անում Թեյմուրազ թագավորի քրոջ որդուն՝ կաթողիկոս Անտոն Ա-ին (1744-1755, 1762-1788) [25]: Անտոն 1-ինը հեռանում է Ռուսաստան, իսկ Զաքարիա բեչն «չկացեալ ուրէք ի մերձակայս, դէմ եդեալ գնայ ուղղակի ի հեռաւոր աշխարհ Պարսկաստանի եւ հարեալ առ Քերիմ խան իշխանապետ Պարսից, ըստ իւրում ընդաբոյս ճարտարութեան, հաճոյանայ նմա» [26]: Եկեղեցական-դավանական հակամարտությունները Թիֆլիսում աստիճանաբար թուլանում են եւ նման իրադրությունը շարունակվում է մինչեւ 1760 թ.: Այդ թվականին Թեյմուրազ թագավորը, Քարթլիում իրեն տեղապահ կարգելով իր որդուն՝ Կախեթի թագավոր Հերակլ 2-րդին, ինչպես արդեն նշել ենք, դեսպանագնացությամբ ճանապարհվում է Ռուսաստան, որտեղ եւ վերադարձի ճանապարհին մահանում է: Հերակլ 2-րդը, 1760 թվականից իշխելով Քարթլիում, ձեռնամուխ է լինում իր իշխանության ամրապնդման գործին: Վրաստանում ակնհայտորեն որդեգրվում է նոր քաղաքական ուղղություն: Վրաստան է վերադառնում ինչպես Անտոն կաթողիկոսը (1762 թ. ) եւ անմիջապես կրկին գրավում կաթողիկոսական աթոռը, այնպես էլ Քերիմ խանի միջնորդագրով Էջմիածին է ժամանում եւ Հակոբ Շամախեցուն ներկայանում Զաքարիա բեչ վարդապետը եւ «ձեռնադրի ի նմանէ եպիսկոպոս եւ առեալ զկոնդակն Առաջնորդութեան՝ գայ ի Տփխիս»: Թիֆլիսում Զաքարիա բեչն «ներկայանայ առաջի Հերակլեայ արքայի՝ հանդերձ երեւելի ընծայիւք», իսկ Վրաց թագավորը «հաճի ընդ նա մեծապէս եւ մեծարգի սիրով ընդունի զնա եւ պատուէ» [27]: Հերակլ 2-րդի քաղաքականությունը, որ վրաց պատմագիտության մեջ որակվել է նաեւ որպես Վրաստանում կապիտալիստական հարաբերությունների սկզբնավորման ու զարգացման արդյունք [28], իր ուղղվածությամբ ու համարձակ խնդիրներով տարբերվում էր Թեյմուրազի որդեգրած քաղաքականությունից, սկսում է իր դրսեւորումները ունենալ նաեւ հայազգի բնակչության [29] եւ Հայոց եկեղեցու հետ նրա փոխհարաբերություններում:

Էջմիածնի կաթողիկոսները երբեմն ստիպված էին լինում տեղի տալ Հերակլի պահանջին եւ անգամ բանադրանքից ազատել կարգազանց հայ հոգեւորականներին: Հայոց կաթողիկոսները, սակայն, միշտ չէ որ հնազանդորեն հանդուրժում էին Վրաց թագավորի կողմից հայ եկեղեցականների գործերին միջամտությունները եւ կամ հեռակա կարգով Հաղբատի առաջնորդ հաստատելու նրա պահանջը: Հակոբ Շամախեցին, օրինակ, Հերակլին ուղղած 1761 թ. նոյեմբերին գրած նամակներից մեկում նախատում էր. «Գիտասջիր եւս, զի յայնժամ գրեալ էիր ի կողմանէ Զաքարիա բեչ վարդապետին, թէ այն ոչ կարաց այժմ գալ, զի ծերագոյն է եւ մանաւանդ զյատուկ տկարութիւնս եւս ունէր: Բայց յետոյ ուսաք եւ ստուգեցաք, թէ Զաքարիա բեչ վարդապետն ի նոյն աւուրսն՝ զկնի թղթոյդ քո առ մեզ գրելոյնդ, յայնժամ ելեալ է ի քաղաքէդ եւ գնացեալ է ի Կախէթ: Ընդ այն կարի զարմացաք, թէ ծերն այն եւ մանաւանդ տկարն, որպէ՞ս է կարացեալ գնալ» [30]: Մեկ այլ նամակով Հակոբ Շամախեցին ստիպված էր տեղի տալ եւ արձանագրել. «... սակս քաղցր խաթեր եւ բարի սրտի Քրիստոսազօր արքայիդ, սրբոյ Աթոռոյս եւ մեզ իսկապէս բարեկամիդ ի բաց թողուցաք զամենայն չար եւ անկարգ արարմունսն դոցա (իմա՝ քահանայից - Պ. Չ. ) եւ մեք վրեժխնդիր եւ հատուցանօղ ոչ լիցուք այժմ... Վասն որոյ ահա Զաքարիա բեչ վարդապետին Հաղպատայ վանից զառաջնորդական զկոնդակն գրեալ առաքեցաք առ արքայդ, զի տացես նմա, որով առաջնորդեսցէ եւ հովուեսցէ զամենայն ժողովուրդսն, որք կան ի թէմս եւ ի վիճակս Հաղպատայ վանիցն» [31]: Հակասությունները, ըստ էության, ոչ թե Զաքարիա բեչ արքեպիսկոպոսի, այլ Վրաց արքունիքի եւ Հայոց կաթողիկոսի միջեւ էին:

Լինելով Վրաց արքային հարկատու Երեւանի խանության տարածքում, Հայոց կաթողիկոսանիստ Էջմիածինը եւս ընդգրկվում էր Հերակլի եւ խանի միջեւ փոխհարաբերությունների ոլորտ: Հակոբ Շամախեցի կաթողիկոսը փորձում է դուրս հանել Էջմիածինը այդ հարաբերություններից, որպեսզի նրանց միջեւ հասունացող անհամաձայնությունը չանդրադառնա Հայոց հոգեւոր կենտրոնին. «Բայց զի եթէ զբանս խանին եւ սոցա (իմա՝ խանի պատվիրակների - Պ. Չ. ) ոչ հաւանիցիս եւ ոչ հաւատայցես, եւ ոչ կամիցիս տիրութիւն առնել երկրիս մերոյ եւ խանին՝ հասարակապէս, այլ խնդրեմ ի ճշմարիտ բարեկամէդ մերմէ, զի յատկապէս սակս Սրբոյ Աթոռոյս ազատութեանն պարտիս նախապէս հոգալ եւ զհնարս գտանել եւ առնել փութով եւ ոչ զանց առնել» [32]:

Ակնհայտ հակասությունները, այսպիսով, գնալով սրվում էին Էջմիածնի եւ Հաղբատի միջեւ: Հերակլը բոլոր միջոցներով նպաստում էր Հաղբատի թեմի ընդարձակմանը եւ այդ, բնականաբար, ի հաշիվ տերունի եւ կամ Սանահնի ու Հաղարծնի վանքերի: Ուշագրավ է, որ, ինչպես արձանագրել է հետագայում (1808 թ. ) Դանիելկաթողիկոսը, դեռեւս 1738 թ. Ղազար Ջահկեցի կաթողիկոսը «կոնդակ է տուեալ յանուն սրբոյ վանիցն Հախպատու, նորին պատճէնն, այսինքն՝ սուրաթն աստ գոլով տեսաք, որ բաց ի Բամբակաձորոյ, զամենայն վերոյգրեալ թէմսն յանուն Հախպատա վանիցն էր յատկացուցեալ եւ զվանքն Սանահնու զրկեալ . 232ա) իսպառ: Ուստի հոգելոյս Սիմէօն սրբազան կաթողիկոսն յետկոյս նոյն կոնդակի սուրաթին իւր իսկ ձեռամբ գրեալ եւ կնքեալ վկայեալ էր այսպէս՝ ի գիտութիւն ճշմարտութեան յապայ տեսողաց. «Ի ՌՄԺԲ (1763) թուին մերոյ, յորժամ նստաւ անարժանութիւնս մեր Հայրապէտ ի Սուրբ Աթոռոջս Էջմիածնի, զայս կոնդակս (որ է ի բուն Ղազար կաթողիկոսի կոնդակի երեսն) Հերակլ արքայն ի լուսանցն գրեալ՝ իբր թէ իսկն տեսի եւ զսուրաթս կնքեցի, մեզ էր առաքեալ, խնդրելով, զի եւ մեք սոյնանման կոնդակ տայցեմք: Մեք եւս նոր նստեալ եւ ոչ Սանահնու եւ ոչ Հախպատու կոնդակսն տեսեալ եւ թէմից նոցին տեղեկացեալ, հաւատալով սորին՝ կոնդակ գրեալ՝ յղեցաք առ ինքն, բայց յետ ամաց ինչ ի տեսանելն մեր զկոնդակսն Սանահնու տեսաք, զի շատքն ի թէմիցս այսոցիկ Սանահնու եւ Աղարծնու վանիցն են եւ ոչ . 232բ) Հախպատու, եւ զի նոքա զմեզ խաբեցին, վասնորոյ զայսքանս գրեցի ես՝ Սիմէօն կաթողիկոս, իմով ձեռամբ եւ կնքեցի, զի յապայ տեսօղքդ գիտասջիք, զի սուտ է թէ իմ տուեալ կոնդակն եւ թէ իմապիսեաց տուեալ կոնդակքն վասն Հախպատու վանից վիճակացն սոյն օրինակաւ: Ի ՌՄԻԱ (1772) թուոջն եւ ի հոկտեմբերի Է (7)»: [33]

Ուշագրավ տեղեկություն կա Ղուկաս Կարնեցու նամակներից մեկում Շինդիսի գյուղի մասին. «Թուղթ օրհնութեան եւ շնորհակալութեան սրբազան վեհն առ Շինտիս գիւղի մովրով պարոն Զաքարիա բեչյն գրեաց, որ ի ներկայումս ի ջանալն հախպաթցւոց զնոյն գիւղն թեմ ինքեանց, այլ գոլով այնր բնականապէս վիճակ Սրբոյ Աթոռոյս, սա եւս ջատագովութիւնս էր արարեալ եւ օգնեալ մերայնոցն, որք կրկին հաստատեալ էին զայն գիւղն վիճակ Սրբոյ Աթոռոյս» [34]: Ավելին, Հաղբատի թեմից արտաքսված հոգեւորականը կաթողիկոսի կարգադրությամբ պաշտպանություն էր գտնում Էջմիածնի թեմում: Ղուկաս կաթողիկոսը 1782 թ. մայիսին գրում է Թիֆլիսի առաջնորդ կարգված Կարապետ վարդապետին. «Բամբկուձորու պարոն Գաբրիէլի աներ՝ տէր Զաքարիա բեչյ քահանայն, որ ի Հաղբատու թեմի եկեղեցւոջն քահանայութիւն առնէր, անտի այժմ զնա դուրս են արարեալ... Վասն որոյ գրեմ քեզ, զի բերեալ անտի զայն քահանայն, ի կողմն քո պահեսցես եւ ի մեր թեմի եկեղեցւոջն տեղի տացես» [35]:

Վրաստանի գրեթե ամբողջ ներքին եւ արտաքին առեւտրի մեջ ունենալով լիովին գերակշիռ վիճակ ու իրենց տնտեսական գործունեության մեջ վայելելով թագավորի հովանավորությունը, հայ բնակչությունը իր ամբողջության մեջ, սակայն, չուներ որոշակի իրավական արտոնություններ, որպիսիք գոյություն ունեին, օրինակ, Ռուսաստանում: Ի տարբերություն Ռուսաստանի, Վրաստանում ճորտագրումը պարտադիր պայման էր եւ ուներ համատարած բնույթ: Վրաց արքունիքում ծառայության անցած հայազգի գործիչները ստիպված էին Էջմիածնի նկատմամբ որդեգրել այնպիսի քաղաքականություն ու վերաբերմունք, որը թելադրվում էր Վրաց արքունիքի կողմից: Հաճախ հայազգի գործիչները, որ պաշտոնի բերումով մեծ ազդեցություն էին ձեռք բերել վիրահայոց միջավայրում եւ մասնավորապես Թիֆլիսի հայոց մեջ, հաճախ հակամարտության մեջ էին հայտնվում էջմիածնական գործիչների հետ իրենց փոխհարաբերություններում: Էջմիածնի հետ հարաբերություններում առավել անկաշկանդ վերաբերմունք էր պահանջում Սիմեոն Երեւանցին օրինակ Թիֆլիսի մելիք Ավետիքից եւ նախատում նրան՝ իր վերաբերմունքը «հիմնավորող» պատճառաբանությունների համար. «դու եւս եթէ զբնական կարգն պահեսցես, արքայն քեզ զի՞նչ է ասելոց»: Սիմեոն Երեւանցին նույն նամակում պահանջում է այլեւս «չառնել այնպէս եւ հարազատ լինիլ սրբոյ Աթոռոյս» [36]: Նամակում ուշագրավ է ոչ միայն Սիմեոն Երեւանցու կողմից մելիք Ավետիքին ուղղված նախատինքը՝ հայոց կաթողիկոսին ուղղած իր նամակը վրացերեն գրելու համար, այլեւ համառոտագրման մեջ եղած նշումը այն մասին, թե «Քանզի եւ օգուտ իսկ էր սմա գանգատելն մեր Արքային զինքենէ», այսինքն՝ Հայոց կաթողիկոսի դժգոհությունը մելիք Ավետիքից վրաց արքայի մոտ կարող էր բարձրացնել մելիքի վարկանիշը [37]: Այդ ամենը անշուշտ, վկայություն են նաեւ Հայոց կաթողիկոսի եւ Վրաց արքայի միջեւ ոչ միանշանակ հարաբերությունների մասին:

Մելիք Ավետիքի եղբայր Հովհաննեսը հիշվում է Ղուկաս կաթողիկոսի՝ նրանց ուղարկած նամակում՝ «առ մէլիք Աւետիքն եւ նորին եղբայր միրիշքեարբաշի Իւանէն [38], ի պատասխանի մխիթարական եւ շնորհաւորական թղթոյ նոցին» [39]: Այդ նամակում հաղորդվում, էր թե «Այլեւ՝ ի վաղուց հետէ նախնիքն սոցա՝ մեծ միրիշկեար աղայն ի կողմանէ Սրբոյ Աթոռոյս ի վերայ համայն եկեղեցեացն մերոց, որք ի Թիֆլիզ, երիցփոխանք են եղեալք, որոց զկնի սոյն մելիք Աւետիքս էր երեցփոխան: Բայց ի ժամանակս լուսահոգի Սրբազանին հրաժարիլ կամեցաւ ի գործոյն, վասն որոյ եւ հոգելոյս Սրբազանն էհան զնա ի գործոյն եւ զԹաղօեան Մկրտումն արար երիցփոխան, զի եւ ինքն իսկ խնդրեաց լինիլ: Որ եւ արար զգործն այն մինչեւ ցայժմ: Իսկ մինչ եկն աստ այժմ տէր Ղազարն պատմեաց մեզ, թէ յինքենէ եւ թէ ի դիմաց ժողովրդեանն զանշահութիւնս նորին: Եւ մեք եւս տեսաք, թէ յայսքան ամս երիցփոխանութեան սորա ոչինչ օգտեցաւ սուրբ Աթոռս ի սմանէ, վասն որոյ հարկեաց սրբազան վեհն Կարապետ վարդապետին եւ տէր Ղազարին եւս հարկ արար, զի անդ ստիպեսցեն պարոն Աւետիքն յանձն առնուլ զերիցփոխանութիւնն: Եւ յայս թուղթս եւս յատկապէս առ պարոն Աւետիքն [40] գրեաց, թէ ըստ որում նախնիքն քո սրբոյ Աթոռոյս յատուկ հարազատ են եղեալ, եւ միշտ ի գործս սորին, եւ ջանացօղք օգտիցն եւ հոգացօղք հոգալեացն, վասն որոյ եւ մեք զբան իմաստնոյն մտածեմք՝ չթողուլ զբարեկամսդ հին, զի նորն ոչ լինիցի նման ձեզ» [41]:

Նշելի է, որ նույն 1780 թ. հիշվում են երկու մելիքներ՝ մելիք Ավետիքը եւ մելիք Մկրտում Թաղոյանը [42]: Թեեւ Ավետիքը եւս կրում էր այդ տիտղոսը, իրականում մելիքի պաշտոնը վարում եւ պարտականությունները իրականացնում էր Մկրտում Թաղոյանը [43]: Կաթողիկոսի նամակի վերաշարադրանքից պարզվում է, որ կաթողիկոսը նամակ է գրել նաեւ մելիք Մկրտում Թաղոյանին «ի պատասխանի նորին շնորհաւորական եւ որպիսածանոյց թղթոյն»: Կաթողիկոսը «նախ սէր եւ զշնորհակալութիւնս գրեաց հանդերձ յորդորմամբ ի հարազատութիւն Սրբոյ Աթոռոյս: Իսկ ապա, զի ի ճորտիցն Սրբոյ Աթոռոյս զաւելի հարկս պահանջէին, զորս այժմ ճորտքն գրեալ էին Սրբազան Վէհին, վասն որոյ գրեաց սմա, թէ դու գիտես, որ ի բնէ մեր ճորտքն ազատ են եղեալ ըստ այլ եկեղեցեաց ճորտացն: Իսկ յետոյ ի մէլիքութեան պարոն Աւետիքին քաղաքացիքդ յիւրեանց միջէն մի կէրպ հարկ են կարգեալ ի վերայ մեր ճորտացն, իբր թէ որքան խարճ որ թովճի առնեն ի վերայ քաղաքիդ ամ յամէ, ի մի հարիւր թուման թովճումն Ե. (5) հազարորդն տացեն մեր ճորտքն: Զոր եւ նոքա առանց արքային ազդելոյ եւ ի Սուրբ Աթոռս գրելոյ մինչեւ ցայժմ տուեալ են: Իսկ այժմ լսեմք, թէ քան զայս եւս առաւել աւելի առնուք, նաեւ ի դաւթարս ձեր արկանել եւս կամիք եւ ըստ հասարակ քաղաքացւոցդ կարգել ի ներքոյ հարկի: Արդ, այդ չեղած բանքդ, որք մինչեւ ցայժմ չեն եղեալ, յաւուրս ձեր ընդէ՞ր լինին: Յետոյ թէ կամէի զայս բոլոր իշխանաց գրել, այլ այժմ քեզ միայն գրեցի, գիտելով, թէ դու խափանել կարես, վասն որոյ պարտիս զայդ վատ բանդ խափանել: Եւ թէ եթէ կարես այնպէս սահմանել, որ բուն առաջին կանոնաւն մեր ճորտքն ազատ լինին, յոյժ բարւոք է: Ապա թէ ոչ, գոնէ այնպէս սահմանեսցես, որ ի մի հարիւր թուման թովճումն ԵՌ-դն (5000) տացեն որպէս ի մէլիքութեան մէլիք Աւետիքին եղեալ է» [44]: Մկրտում Թաղոյանի մահից հետո Թիֆլիսի մելիքի պաշտոնը 1782 թ. կրկին անցնում է մելիք Ավետիքին [45]:

Ուշագրավ է, որ հետագայում Պետրոս եպիսկոպոսը բանադրել էր նույն իսկ Դարչիին՝ Դարչի Բեհբուդյանին» [46]: Անգամ ԺԹ. դարում, երբ Վրաստանում, եւ մասնավորապես Թիֆլիսում, անհամեմատ բարենպաստ վիճակ էր ստեղծվել հայոց համեմատաբար անկաշկանդ գործունեության համար, վիրահայոց առաջնորդ նշանակված գործիչները կրկին հանդիպում էին խոչընդոտների. Այսպես օրինակ, Ներսես Աշտարակեցին եւս գիտեր, որ Թիֆլիսի հայ առաջնորդներից «այլքն եւս այլովք դառնութեամբք են զկեանս իւրեանց անցուցեալք» [47]: Հայոց դավանական պատկանելության եւ ազգային դիմագծի արտահայտման դեմ անհանդուրժողականության դրսեւորման մասին վկայող ակնառու փաստ է ոչ միայն Անտոն կաթողիկոսի հեղինակած «Մզամետղվելոբա» (Պատրաստախոս) աշխատությունը, այլեւ ոմն Թամազի բողոքագիրը տուգանքի մասին (Հերակլ 2-րդի վճռով): Ահա այն. «Երջանիկ տիրակալի ցավը թող Աստված գորեցի ամիլախորի մոտ ապաստանած մեչիթե Թամազին տա: Ես բնիկ Իմերեթից եմ, տաս տարեկան հասակում հայրս ինձ վաճառել էր Ախալցխայում մի թաթարի, թաթարից ինձ փրկագնել է մի ֆռանկ եւ մեծացրել իր դավանանքով՝ որպես ֆռանկ: Այնուհետեւ նա ինձ ազատել է: Ես եկել եմ Քարթլի եւ Քրցխինվալում ֆռանկ կին եմ առել, սակայն այն ժամանակ, քանի որ պատերները գտնվում էին աքսորում, ինձ պսակադրեց հայոց տերտերը: Նրանից հետո ես գտնվում եմ Գորիում եւ ֆռանկ դավանանքի եմ: Թեյմուրազ դիվանբեգը եւ Սուլխան մդիվանը այժմ երկիցս ինձ սաստիկ ծեծեցին եւ տուգանք են պահանջում, թե՝ Հայն է քեզ պսակադրել: Բազմազավակ, աղքատ մարդ եմ, ի վիճակի չեմ, թողություն ողորմացեք...

Սեպտեմբերի 1, քրոնիկոնի ՈւՅԳ (1775)

[Հերակլի վճիռը ] Մդիվանբեգ Թեյմուրազ, քանի որ այս մարդը Ամիլախորի ճորտն է, սրանից տուգանք մի պահանջիր: Պարզվում է, մի չքավոր մարդ է: Եթե ուրիշ որեւէ մեկը նրա հետ խոսք ու զրույց ունենա, թող հայտնի ինձ:

Սեպտեմբերի 3-ի վերջ, քրոնիկոնի ՈւՅԳ (1775):

Սրանց գործը այս կարգով էր, որ վճռվեց: Նրան տուգանք չնշանակվեց».

[Հերակլի կնիքը] [48]

Հերակլ 2-րդի կողմից Վրաստանում նոր տպարան ստեղծելու համար Կ. Պոլսից Թիֆլիս ժամանած Պողոս Հովհաննիսյան-Արաբյանը, ինչպես արդեն վկայակոչել ենք, որ անձամբ պաշտպանված էր թագավորի կողմից հրավիրված լինելու հանգամանքով, 1780-1783 թթ., ի մոտո ծանոթանալով Թիֆլիսում տիրող իրավիճակին, 1782 թ. ապրիլի 10-ին գրած նամակով նախատում է իր եղբորը, որ ցանկություն էր հայտնել գալու Թիֆլիս՝ վաստակի համար, գրում է, թե Թիֆլիսը փող վաստակելու վայր չէ, արգելում է նրան գալ Թիֆլիս, «Յարութիւն տեղդ ծանր նստէ... այ հիմարք, այ տգէտք, ամէն բանն չի գրուիր, մտքերնիդ ու՞ր է, չեմ գիտեր», եւ որպես հիմնավորում հայատառ թուրքերենով մեջ է բերում թեւավոր դարձած մի արտահայտություն. Հայերեն թարգմանությամբ՝ «Զուր չէ, որ ասում են, "Թիֆլիս գնաս՝ կանգ չառնես, կանգ առար՝ չամուսնանաս, ամուսնացար՝ դռնիցդ երկու քայլ չբաժանվես": Վախ, տեմիշլեր քի "Թիֆլիզէ կիտէրսէն, էյլենմէ, էյլէնիրսէն՝ էվլէնմէ, էվլէնիրսէն՝ քաբունա իքի էյլէ այրլանմա եւ այլն", էյ իմացա՞ր մի այժմ, բանին ու՞ր կայանալն, պաշն դաշտան դաշա վուրմաինճէ՝ քատըր պիլինմէզ, ահա ասելիքս ասի եւ վճարեցի, այժմ դու գիտես... » [49]:

Այսպիսով, վերոբերյալից ակնհայտ է, որ հայազգի բնակչությունը մեծ ավանդ ունենալով Վրաստանի տնտեսական [50] ու մշակութային [51] զարգացման մեջ եւ կազմելով բնակչության [52] զգալի տոկոսը, սեփական ազգային զարգացման խնդրում ունեցել է լուրջ դժվարություններ եւ իրավական առումով՝ ոչ համարժեք կարգավիճակ:

 

 


 



[1]          Վրաստան անվանումը ստորեւ ամենուրեք, եթէ չի կատարված լրացուցիչ վերապահում, գործածվում է Քարթլ - Կախեթի ( արեւելավրացական ) թագավորության նշանակման համար, որը XVIII դարի երկրորդ կեսին միավորված էր Հերակլ II թագավորի իշխանության ներքո: Վավերագրերում Վրաստան եզրը գործածվում էր հիմնականում որպես միայն Քարթլիի հայերեն անվանում: Վրացերենում եւս Վրաստան եզրը կազմված է քարթ / լ /- վելի ( վրացի ) անվանումից՝ Սա - քարթվել - ո:

[2]          Ըստ պահպանված ցանկերից մեկի, նրանց թիվը կազմում էր 79 գերդաստան: Տե՛ս АКАК, XII, Тифлис, 1904, с. 226-227: Վերջին հրատ. տե՛ս Ս. Կարապետյան, Թիֆլիսի քաղաքագլուխները, Եր., 2003, էջ 7:

[3]          Ա. Պետրոսյանը նրանց անվանում է պետական մոքալաքներ. տե՛ս Ա. Ա. Պետրոսյան, Մոքալաքները հայ - վրացական տնտեսական - քաղաքական հարաբերություններում, - " Լրաբեր հաս. գիտ. ", 1966, թիվ 12, էջ 94:

[4]          Քաղաքային բնակչության 1803 թ. մարդահամարի ցուցակը հրատարակել է Սարգիս Կակաբաձեն, տե՛ս "saistorio moambe", wigni II, Tb., 1925, gv. 27-104.

[5]          ՄՄ, ձեռ. 10756, թ. 10 ա: « Կառավարիչք որբոցն » էին այդ ժամանակ Նազար Հակոբջան Աղա Շահամիրյանը, Սահակ Աբրահամյանը եւ Սեթ Սամյանը:

[6]          ՄՄ, ձեռ. 10756, թ. 9 ա: Մուրհակը ստացել են « կառաւարիչք Մադրասիս որբոց Մարութ Յօսէփ եւ Յակոբ Յարութիւն եւ Սէթ Տէր Աւետիս »:

[7]          Ուշագրավ է , որ նման վերաբերմունք պահանջվում էր նաեւ « Որոգայթ փառաց »- ում ապագա Հայոց պետության մեջ. " Մի ոք այլ ազգ գտցէ պաշտօն ի տանէն Հայոց, բաց ի սեպհական ազգէն Հայոց եւ աւանդութեամբն Հայաստանեաց Սուրբ Եկեղեցւոյ " ( գլ. ՄԴ ):

[8]          daviT bagrationi. saqarTvelos samarTlisa da kanonTacodneobis mimoxilva. apolon rogavas redaqciiTa da gamokvleviT, Tb., 1959, gv. 241. Համեմատության համար ուշագրավ է հաջորդ հոդվածը. «118. Թուրքերն ու թաթարները զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ: Ունեն իրենց իրավունքներն ու սեփական ավագները եւ սուլթանները, որ հաստատվում են թագավորի կողմից: Նրանք կրում են բոլոր պարտույթները եւ հարկերը եւ, ըստ հաստատված կարգի, ներկայացնում են արքունական ծառայության համար զինվորական անձանց: Նրանք պատկանում են [ արքունի ] գանձարանին, կազմում են վրացական թագավորական ընտանիքի անդամների կալվածային տիրույթները, իսկ ոմանք իշխանական եւ ազնվականական են » ( Նույն տեղում, էջ 242):

[9]          daviT bagrationi. saqarTvelos samarTlisa da kanonTacodneobis mimoxilva. gv. 311. Իրոք, 1761-1802 թթ. վավերագրերի հիման վրա կազմված Քարթլ - Կախեթի մդիվանբեգերի համեմատաբար լիակատար ցուցակում, որ ընդգրկում է 26 անվանում չենք գտնում որեւէ հայկական գործչի անուն: Տե՛ս m. kekelia, mdivanbegTa vinaobisa da raodenobis sakiTxisaTvis saqarTvelos ruseTTan SeerTebis wina periodSi, - saq. ssr mecnierebaTa akademiis "macne", 1968, 6, gv. 201-203.

[10]        daviT bagrationi. saqarTvelos samarTlisa da kanonTacodneobis mimoxilva. gv. 330. ՀՀմմտ. А. А. Рогава, Зачатки капитализма в Грузии и политика Ираклия II, Тб., 1974, с. 36.

[11]        А. А. Рогава, Зачатки капитализма в Грузии, с. 37.

[12]        SoTa mesxia. saistorio Ziebani, t. I, 1982, gv. 398-399.

[13]        daviT bagrationi. saqarTvelos samarTlisa da kanonTacodneobis mimoxilva., էջ 358:

[14]        Դիվան հայոց պատմության, Նոր շարք, գիրք առաջին. Ղուկաս Կարնեցի, հատոր Բ, 1786-1792, աշխատ. Վ. Գրիգորյանի, Եր., 2003, էջ XCV, 255, 531- 532:

[15]        Դիվան հայոց պատմության, Նոր շարք, գիրք առաջին., հատոր Ա, էջ 255 - 256:

[16]        ՄՄ, կաթ, դիվան, թղթ. 124, վավ. 368, թ. 30: Հրատարակությունը տե՛ս "Документы и материалы по истории армянского народа". Социально-политическое и экономическое положение Восточной Армении после присоединения к России (1830-1870). Под ред. Н. Тавакаляна, Ер., 1993, с. 216-217.

[17]        Դիվան հայոց պատմության, Նոր շարք, գիրք առաջին. Ղուկաս Կարնեցի, հատոր Բ, 1786-1792, էջ XCV, 531-532:

[18] Նույն տեղում, էջ 531:

[19]        daviT bagrationi. saqarTvelos samarTlisa da kanonTacodneobis mimoxilva, gv. 232-233.

[20]        Յովհաննու Ղրիմեցւոյ Պատմութիւն հռչակաւոր վանից Հաղբատայ Ս. Նշանին, հրատարակեց Հ. Համազասպ Ոսկեան, Վիեննա, 1965, էջ 114:

[21]        Նույն տեղում, էջ 116:

[22]        « Գրիգոր եպիսկոպոս եւս յայնժամ անճարացեալ թողու զմենաստանս ամայի եւ գնայ հանդերձ միաբանիւք ուխտիս ի Տփխիս քաղաք, ուր եւ մեռաւ նա ի ՌՄ (1751) թուականին Հայոց » ( Յովհաննու Ղրիմեցւոյ Պատմութիւն հռչակաւոր վանից Հաղբատայ Ս. Նշանին, էջ 116):

[23]        Յովհաննու Ղրիմեցւոյ Պատմութիւն հռչակաւոր վանից Հաղբատայ Ս. Նշանին, էջ 119:

[24]        ՄՄ, ձեռ. 9120, թ. 39-40. Հմմտ. Ա. Այվազյան, Հայոց եկեղեցին XVIIIդ. ազատագրական շարժման քառուղիներում, Եր., 2003, էջ 27:

[25]        Լ. Մելիքսեթ Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի եւ հայերի մասին, Գ, Եր., 1956, էջ 109: В. Мартиросян, П. Чобанян. Документы по истории армяно-грузинских взаимоотношений и общественной жизни Грузии ( II пол. XVIII в. ), - "Кавказ и Византия", вып. 3, Ер., 1982, с. 233-235.

[26]        Յովհաննու Ղրիմեցւոյ Պատմութիւն հռչակաւոր վանից Հաղբատայ Ս. Նշանին, էջ 119:

[27]        Նույն տեղում, էջ 120:

[28]        А. А. Рогава, Зачатки капитализма в Грузии и политика Ираклия II, Тб., 1974, с. 170 - 190.

[29]        Այդ դրսեւորվել է Թիֆլիսի հայազգի մելիքի վարչական իրավասությունների հետագա փոփոխությունների մեջ եւս: Դեռեւս Նադիր շահի կառավարման շրջանում « Թիֆլիսի մելիք Աղան, շնորհս գտեալ առաջի նորա ( իմա՝ Նադիր շահի - Պ. Չ. ), կարգի ի նմանէ իշխան եւ տէր մայրաքաղաքին Տփխեաց եւ ի նմին իշխանութեան հատանէ դրամս՝ ի մի կողմն դրամոյն զանուն իւր դրոշմեալ եւ ի միւսումն՝ զանուն Նատրշահին: Եւ յետ վարելոյ զայն իշխանութիւն արքայաբար զժամանակ ինչ, կասկածեալ ապա յաչաղանաց թաւադաց վրաց, բերէ զԹեմուրազ արքայն Կախէթու հանդերձ որդւով նորա Հերակլեաւ եւ թագաւորացուցանէ անդէն ի Տփխիս, յորմէ կարգի ինքն իշխան հրամանատար երկրին մէլիքական, տանուտիրական եւ փոխանորդական պատուով, նաեւ որսապետականաւ, որ մինիշկեարպաշի լսի » ( Յովհաննու Ղրիմեցւոյ Պատմութիւն հռչակաւոր վանից Հաղբատայ Ս. Նշանին, էջ 117): Հերակլը, որ 1744 թ. Կախեթի թագավորն էր, 1746-47 թթ. Թեյմուրազի Իրանում գտնվելու ընթացքում նշանակվելով Քարթլիի ժամանակավոր համակառավարող, աստիճանաբար սահմանափակում է մելիք Աղայի լիազորությունները՝ նախ վարկաբեկելով ու մեծ տուգանք պահանջելով, իսկ ապա նրա ունեցած իրավասությունները տարանջատելու եւ պաշտոնների համատեղումները կրճատելու միջոցով: Եթե 1745 թ. վավերագրերում Թիֆլիսի մելիք հիշատակվում է Աղան, ապա 1746 թ. հունվարի 10- ին կազմված փաստաթուղթը վավերացրել են Թիֆլիսի մելիք Անտոնը, տանուտեր Պապան եւ նացվալ Պապան ( dokumentebi Tbilisis istoriisaTvis, XVI - XIX ss., wigni I, Seadgines niko berZeniSvilma da mamisa berZniSvilma, Tb., 1962, gv. 204): 1746 թ. ապրիլի 1- ին կազմված պայմանագրում Անտոնը ստորագրել է որպես " տանուտեր " ( Նույն տեղում, էջ 207): Ըստ Պապունա Օրբելիանիի հաղորդման « Seswames qalaqis meliqs aRas Ralati... daiWira mefem ereklem, patimaryo colSviliT avWalas, waarTva meliqoba da aTasi Tumani jarima da antoni patriarqis SuamavlobiT isev ganaTavisufla patimrobisgan, meliqoba uboZa papas » ( մեղադրեցին քաղաքի մելիք Աղային դավաճանության մեջ... Հերակլ թագավորը ձերբակալեց, ընտանիքով հանդերձ բանտարկեց Ավճալայում, խլեց մելիքությունն ու հազար թումանի տուգանք եւ Անտոն պատրիարքի միջնորդությամբ կրկին ազատեց բանտարկությունից: Մելիքությունը շնորհեց Պապային ): Տե՛ս papuna orbeliani, ambavni qarTlisani, Tb., 1981, gv. 142: Նշելի է, սակայն, որ Աղան կրկին վերականգնում է մելիքի իր պաշտոնավարությունը. 1746 թ. հոկտեմբերի 20- ն կազմված պայմանագիրը նա հաստատել է որպես վկա՝ " քաղաքի մելիք - տանուտեր՝ Աղա ", իսկ որպես միայն տանուտեր նույն վավերագրում ստորագրել է նաեւ Փարսադանի որդի Մովսեսը ( dokumentebi Tbilisis istoriisaTvis, I, gv. 208):

[30]        ՄՄ, ձեռ. 2911, թ. 57 ա:

[31]        ՄՄ, ձեռ. 2911, թ. 59 բ:

[32]        ՄՄ, ձեռ. 2911, թ. 100 ա:

[33]        ՄՄ, ձեռ. 3031, թ. 231 բ -232 բ:

[34]        Դիվան հայոց պատմության, Նոր շարք, գիրք Առաջին, Ղուկաս Կարնեցի, հատոր Ա, աշխատ. Վ. Գրիգորյանի, Եր., 1985, էջ 277

[35]        Դիվան հայոց պատմության, Նոր շարք, գիրք Առաջին., Ղուկաս Կարնեցի, հատոր Ա, էջ 299:

[36]        Սիմեոն Երեւանցու ակնարկած « չառնել այնպես »- ը մատնացուցում է մելիքի կողմից կատարած մի քայլ, որից նա ետ էր կանգնել եւ այլեւս նման քայլի չպիտի դիմեր: Էջմիածնի համար առավել անհանդուրժելի եւ դատապարտելի էր դավանափոխության փորձը, ինչի մասին կան որոշ վկայություններ եւ ամենայն հավանականությամբ այդ է պատճառը, որ « Էջմիածնի նվիրակ Զաքարիա բեչ արքեպիսկոպոսը ստիպված է եղել բանադրել Մելիք Աղային եւ փախչել Թիֆլիսից » ( Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը եւ Կովկասի հայք ԺԹ. դարում, մասն Ա (1800-1832 թթ. ), աշխատասիրեաց Աղէքսանդր Դ. Երիցեանց, Թիֆլիզ, 1894, էջ 97): « Առ միրշքեարբաշի Մէլիք Աղայն յանձնարարութիւն վասն Զաքարիա բեչ վարդապետին եւ պատուէր որդւոյն նորին՝ Աւետիքին՝ մնալ միշտ հարազատ սրբոյ Աթոռոյս » ( Դիւան հայոց պատմութեան, հ. Գ, Սիմէոն Երեւանցու Յիշատակարանը, էջ 534):

[37]        ՄՄ, ձեռ. 4479, թ. 194-195:

[38]        Մահացել է 1784 թ.: «1784 թ. 15 մարտի - Մխիթարութիւն ի Թիֆլիս առ մէլիք Աւետիքն վասն եղբօրն՝ միրիշքեար Իւանէին, որ ի Մսրու ճանապարհին վախճանեալ էր » ( տե՛ս Դիվան հայոց պատմության, Նոր շարք, գիրք առաջին. Ղուկաս Կարնեցի..., էջ 404):

[39]        Դիվան հայոց պատմության, Նոր շարք, գիրք առաջին. Ղուկաս Կարնեցի, էջ 126-127:

[40] Մելիք Ավետիքը մահացել է 1795 թ. (1764-1795): Տե՛ս Ս. Կարապետյան, Թիֆլիսի քաղաքագլուխները, Եր., 2003 էջ 38:

[41]        Դիվան հայոց պատմության, Նոր շարք, գիրք առաջին., էջ 127: Ըստ այս նամակի, Մելիք Աւետիքը երեցփոխանությունից հրաժարվել էր Սիմէոն կաթողիկոսի ժամանակ:

[42]        Դիվան հայոց պատմության, Նոր շարք, գիրք առաջին., էջ 127:

[43]        Մելիք Մկրտումը մահացել էր 1781 թ.: Տե՛ս Դիվան հայոց պատմության, Նոր շարք, գիրք առաջին., հ. Ա, էջ 257: Նշելի է, որ Մկրտում Թաղոյանի անունը չի արձանագրվել Ս. Կարապետյանի կազմած Թիֆլիսի քաղաքագլուխների ցանկում:

[44]        Դիվան հայոց պատմության, Նոր շարք, գիրք առաջին., Ղուկաս Կարնեցի, հատոր Ա, էջ 127:

[45]        Մելիք Ավետիքին ուղղված թուղթ տե՛ս Դիվան հայոց պատմության, Նոր շարք, գիրք առաջին, Ղուկաս Կարնեցի, հատոր Ա, էջ 296-297:

[46]        Ա. Երիցյան, Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը եւ Կովկասի հայք ԺԹ. դարում, մասն Ա (1800-1832 թթ. ), էջ 97: Խոջիվանքում թաղված լինելու հանգամանքը նկատի ունենալով ենթադրվել է, թե Բեհբուդյանները մնացել են Հայոց դավանանքին եւ « կամ շատ կարճ ժամանակից կրկին վերադարձել մայր եկեղեցու գիրկը » ( տե՛ս Ս. Կարապետյան, Նշվ. աշխ., էջ 36): Ըստ այլ վկայության. "Ага (Мелик-Ага) (?-1768) перешел в православие с именем Василий... " ( տե՛ս Думин. Князь Чиковани Юрий, Князья Царства Грузинского, т. IV, М., 1998, с. 131): Բեհբուդյանների տոհմածառը տե՛ս saqarTvelos siZveleni, e. TayaiSvilis redaqtorobiT, t. III, tfilisi, 1910, ներդիր: Cyrille Toumanoff. Les Dynasties de la Caucasie Chretienne. Roma, 1990, p. 193-195, 538.

[47]        Նույն տեղում, էջ 98:

[48]        qarTuli samarTlis Zeglebi, VII, gamosca i. DdoliZem, Tb., 1981, gv. 305-306, Բնագիր:

[49]        Վենետիկ - Ս. Ղազար, ձեռ. 2690, թ. 15 ա:

[50]        Վ. Մ. Մարտիրոսյան, Հայերի առեւտրական գործունեությունը Քարթլ - Կախեթի թագավորությունում (XVIII դ. երկրորդ կես ), - « Լրաբեր հաս. գիտ. », 1974, թիվ 11, էջ 65-70: Նույնի, Հայերը Քարթլ - Կախեթի տնտեսական կյանքում (XVIII դ. երկրորդ կես ), - « Լրաբեր հաս. գիտ. », 1976, թիվ 11, էջ 20-26:

[51]        П. М. Мурадян. Армяно-грузинские литературные взаимоотношения в XVIII веке. Ер., 1966.

[52]        Վ. Մ. Մարտիրոսյան, Վրաստանի հայոց թվաքանակը XVIII դարւմ, էջ 164-168: