Հեղինակ

Բաժին

Թեմա

4. 2 ՌՈՒՍ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՒ ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Ի տարբերություն օտար լծի դեմ ազատագրական պայքարի ընթացքում հայ քաղաքական գործիչների նախորդ փորձերի, երբ որպես հիմնական դաշնակիցներ ընկալվում եւ ընտրվում էին ընդհանուր թշնամու դեմ այն պետություններն ու ժողովուրդները, որոնց շահերը այս կամ այն կերպ հակադրվում էին Պարսկաստանի եւ Օսմանյան պետության վարած քաղաքականությանը, եւ որոնց նպատակները կարելի էր համաձայնեցնել հայ ժողովրդի ձգտումների հետ, 18- րդ դարի վերջին քառորդին փորձ է արվում օգտվելու բուն իսկ Պարսից պետության ներքին հակասություններից եւ գործարքի գնալու հակամարտող ուժերից այն թեւի հետ, որը կարող էր ընդառաջել հայոց բաղձանքին եւ որի համար կարող էր բարենպաստ լինել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հայ գործիչների օժանդակությունը: Այդ առումով ջանքեր են գործադրվում կապեր հաստատելու Իրանի գահի համար պայքարում Ռուսաստանի օժանդակության կարիքն զգացող Ալի - Մուրադ խանի [1] ու այնուհետեւ Աղա - Մահմադ խանի եղբայր Մուրթուզա Կուլի խանի հետ [2]: Վերջինիս հետ ավելի քան մեկ տասնամյակ հայ գործիչների մտերմությունը թելադրված էր ինչպես Իրանի գահի համար նրա թեկնածությունը Ռուսաստանի կողմից պաշտպանվելու խնդրով, այնպես էլ Ռուսական արքունիքում բարենպաստ կարծիք ստեղծելու մեջ հայ գործիչների միջնորդությանը դիմելու նրա մտահոգությամբ: Հասկանալու համար այդ ընտրութան հնարավորութան եւ հիմնավորվածութան աստիճանը, փորձենք հանգամանորեն ներկայացնել 18- րդ դարի վերջերին Իրանի քաղաքական կացության ու ներքաղաքական պայքարի կարեւորագույն դրվագները:

Դեռեւս 1760- ական թվականների սկզբներին Քերիմ խանի իշխանության ժամանակ գերագահություն ստանալու նպատակով ներավատատիրական հակամարտություններ սկսվեցին Մազանդարանում գտնվող ղաջարական Դավալու եւ Կոյունլու տոհմերի միջեւ: Պայքարը թուլացնելու նպատակով Քերիմ խանը տեղահանեց Կոյունլու տոհմը եւ բնակեցրեց Դամղանի մոտ, իսկ առաջնորդներին որպես պատանդ պահեց իր արքունիքում: Տեղահանությունը հանձնարարվել էր Աղա - Մահմադ խանին, որն իր հետ վերցրեց եղբայրներից նրանց, որոնք մայրական գծով չէին պատկանում Դավալու տոհմին: Մազանդարանում մնացին նրա եղբայրներ Մուրթուզա Կուլի խանը եւ Մուստաֆա Կուլի խանը: 1779 թվականի մարտի 2- ին Շիրազում մահանում է Քերիմ խանը: Նույն օրն իսկ Աղա - Մահմադ խանը, որը եւս որպես պատանդ պահվում էր Շիրազում, Քերիմ խանի պալատականների աջակցությամբ փախչում է Շիրազից: Մեկ շաբաթ անց նա արդեն բավական կողմնակիցներ ու ռազմական ջոկատ էր հավաքագրել: Եղբայրների հետ հակասությունները չխորացնելու նպատակով Աղա - Մահմադ խանը, 1780 թ. գրավելով Մազանդարանը եւ Աստարաբադը, իսկ 1781 թ. գարնանը՝ Գիլանը, Հեդաեթ խանի փոխարեն Գիլանի կառավարիչ է նշանակում Մուրթուզա Կուլի խանին: Վերջինս դեմ, սակայն, շուտով ապստամբություն է ծագում, եւ սա ստիպված է լինում փախչելով փրկվել նախ Լահիճում եւ ապա՝ Մազանդարանում: Աղա - Մահմադ խանը զբաղված լինելով Ալի - Մուրադ խանի զորքերի հետ պատերազմելով, չէր կարող օգնել Մուրթուզա Կուլի խանին:

Դեռեւս Գիլանում եղած ժամանակ Մուրթուզա Կուլի խանը նամակագրություն էր սկսել Ռուսաստանի հետ: Ռուսաստանի նկատմամբ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու կողմնակից էր նաեւ Աղա Մահմադ խանը, որը թույլատրել էր անգամ Վոյնովիչի արշավախմբին Աստարաբադի մոտ 1781 թ. կառուցելու առեւտրական ֆակտորիա: Այն կառուցվեց այնքան անառիկ եւ ընդարձակ ( այնտեղ կարող էր տեղավորվել մոտ 1000 մարդ ), որ կասկածներ հարուցեց Աղա - Մահմադ խանի մոտ: Վերջինիս հրամանով Վոյնովիչը ձերբակալվում է ու 1782 թ. ետ ուղարկվում Ռուսաստան, իսկ կառուցված ֆակտորիան ավերվում է: Աղա - Մահմադ խանի եւ Ռուսաստանի հարաբերությունները դառնում են թշնամական:

Օգտվելով Իրանում կենտրոնական իշխանության բացակայությունից, ինչպես ասվեց, Ռուսաստանը Վրաստանի հետ կնքելով Գեորգիեւյան պայմանագիրը, իրավական հիմք ստացավ Վրաստանում հաստատելու իր ազդեցությունը եւ անգամ զորք մտցնելու այնտեղ: Գ. Ա. Պոտյոմկինը Գեորգիեւյան պայմանագրի կնքումից հետո մտահղանում է Այսրկովկասում ռուսական ազդեցությունը ընդարձակելու նոր տարբերակ: Այդ նպատակով փորձ է արվում օգտագործել Ալի Մուրադ խանին Ռուսաստանի հովանավորության եւ նրան Իրանի նոր շահ ճանաչելու խոստումով գայթակղումը: Ալի Մուրադ խանի հետ նման պայմանագրի կնքումով, ըստ այդ նախագծի, միասնական ճակատ կստեղծվեր ինչպես Օսմանյան պետության, այնպես եւ Աղա Մահմադ խանի դեմ: Այդ է պատճառը, որ Գ. Ա. Պոտյոմկինի հանձնարարությամբ Պ. Ս. Պոտյոմկինի կողմից 1783 թ. հոկտեմբերին դեսպանագնացությամբ Ալի Մուրադ խանի մոտ՝ Սպահան է ուղարկվում հայազգի Հակոբ Թոխաթլյանը, կամ, ինչպես ինքն էր ստորագրում՝ Հակոբ Անտոնովը ( Անտոնյան ): Վերադարձից հետո 1784 թ. ապրիլի 18- ին Պ. Ս. Պոտյոմկինին գրած զեկուցագրում նա նկարագրում է իր ճանապարհորդությունը [3]: Հակոբ Անտոնյանը Իսպահան էր ճանապարհվել Վրաստանով, 13 օր մնացել Թիֆլիսում, Հերակլից վերցրել նամակներ նաեւ Ղուկաս կաթողիկոսին հանձնելու համար եւ ապա Երեւան - Խոյ - Թավրիզ - Քաշան ուղիով հասել է Իսպահան 1784 թ. հունվարի 20- ին: Հաջորդ օրն իսկ ընդունելության համար կազմակերպված զորաշարքերի տողանցումով նա այցելում է պալատ: Ալի - Մուրատ խանը պատրաստակամություն է հայտնում Ռուսաստանի հետ փոխանակել պաշտոնական ներկայացուցիչներ, ազատել մաքսատուրքերից ռուսական վաճառականներին եւ միաժամանակ զգուշացնում, թե « Եթե կայսրուհուն հաճո է խնդրել ինձնից մարզեր կամ քաղաքներ իր հովանավորության ներքո ունենալու համար, ապա ես, Աստածո բարեացկամությամբ, իշխանություն եւ զորություն ունեմ կիսելու ողջ Պարսկաստանը նրա հետ երկու մասի, սակայն վստահաբար տեղյակ լինելով, որ Կայսրուհին ունի բավական շատ քաղաքներ եւ վայրեր, ես չեմ կարծում, որ նա մարզեր խնդրի » [4]: Հակոբ Անտոնյանի զեկուցագրից ակնհայտ է, որ կազմակերպելով պատշաճ ընդունելություն, Ալի Մուրադ խանը չի ձգձգել նրա վերադարձը Իսպահանից եւ պատասխան նամակով ու իր դեսպանագնացի՝ Մահմեդ բեկի, ուղեկցությամբ նրան ճանապարհել է ետ: Զեկուցագրից ակնհայտ է նաեւ, որ Հակոբ Անտոնյանը հանձնարարություն է ունեցել հաղորդելու Ռուսաստանի կողմից տարածքային պահանջների մասին, որին եւ ի պատասխան հնչել է Ալի Մուրադ խանի վերոբերյալ առարկությունը: Այդ հանգամանքը ընդգծելի է, որովհետեւ պատմագիտության մեջ համընդհանոր տարածում է ստացել այն դրույթը, թե իբր տարածքային զիջումների նախաձեռնությունը պատկանում էր Ալի Մուրադ խանին: Այդ տեսակետը, թերեւս հետեւանք է այն վավերագրի, որը, որպես պարսից դեսպանի « հայտարարություն », ի սկզբանէ շրջանառության մեջ է դրվել խեղաթյուրված վիճակում [5]: Այդ վավերագիրը, որը մեջ է բերված նաեւ Ա. Ռ. Հովհաննիսյանի աշխատության մեջ, եւ որի հիման վրա կատարվում են բոլոր ենթադրություններն ու եզրակացությունները, ոչ միայն հակասության մեջ է Հակոբ Անտոնյանի միանգամայն վստահելի հաղորդումների հետ, այլեւ պարունակում է տարօրինակ պնդում, թե իբր Ալի Մուրադ խանը « Առեւտրի կարգավորման մեջ նա Ռուսաստանի օգտի համար միջոցառումներ չի նախատեսել, սակայն քաղաքական առումով [ հօգուտ Ռուսաստանի ] հրաժարվել է բոլոր նահանգներից, որոնք նախկինում գտնվել են Ռուսական տիրապետության ներքո եւ բացի այդ նաեւ Ղարադաղից, Ղարաբաղից, Նախիջեւանի եւ Երեւանի նահանգներից » [6]: Նման պնդում ոչ միայն չի արձանագրված Ալի Մուրատ խանի նամակում, որ հանձնվել էր Պ. Ս. Պոտյոմկինին, այլեւ հույս է հայտնվում, « թող Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ հաստատվի ամուր հաստատուն եւ հավերժական բարեկամություն ` ի բարօրություն եւ ի շահ երկու ժողովուրդների, եւ հանուն առեւտրի բարգավաճման » [7]:

Հակոբ Անտոնյանի հաղորդմամբ ( ինչը արձանագրված է նաեւ Ալի Մուրադ խանի վերոհիշյալ նամակում ) բոլոր երկրներից դեսպանություններ են այցելում Իսպահան, իսկ ինքը անձամբ տեսել էր պարսկական բոլոր խաների դեսպաններին, բացի Երեւանի խանի եւ Հերակլի դեսպաններից:

Էնզելիում Ռուսական հյուպատոս Ի. Վ. Թումանովսկին եւս 1783 թ. դեկտեմբերի 1- ին Ալի Մուրադ խանի մոտ է ուղարկում հայազգի Մելքոմ Պոպովին, որը վերադարձից հետո գրավոր զեկուցագրով նկարագրում է իր առաքելության հանգամանքները [8]: Պարզվում է, ճանապարհվելով Ռեշտից, նա գնացել է Ղազվին ու Քաշան քաղաքներով եւ Իսպահան է հասել 1784 թ. հունվարի 1- ին: Ալի Մուրադ խանին ներկայացվել է հունվարի 6- ին եւ անձամբ հանձնել նրան ուղղված ծրարը: Ուշագրավ է, որ նույն վայրում եւ նույն խանի մոտ են հանգրվանի տեղ հատկացրել նաեւ Հակոբ Անտոնյանին: Վերջինս, ըստ Մելքոմ Պոպովի հաղորդման, Իսպահան է ժամանել հունվարի 12- ին եւ հաջորդ օրն իսկ ներկայացվել Ալի Մուրադ խանին: Բնակվելով նույն վայրում, նրանք գտնվել են մեկուսացման մեջ եւ թույլ չի տրվել ոչ միայն նրանց հանդիպումը միմյանց, այլեւ այնտեղ գտնվող վրաց իշխանների հետ: Ալի Մուրադ խանի կողմից նվերներ ստանալով փետրվարի 7- ին, նույն օրն իսկ նա իրավունք է ստացել ճանապարհվելու ետ՝ ուղեկից ունենալով Կոստրով ( Խոսրով՞ ) բեկին, որին եւ հանձնարարվել է պատասխան նամակը Ի. Թումանովսկուն տանելու պարտականությունը: Մելքոմ Պոպովի հաղորդմամբ, Ալի Մուրադ խանը իբր վերադարձնելու պայմանով Նոր Ջուղայի Հայոց վանքից վերցրել է « տասներկու բաթման արծաթե խաչեր եւ այլ իրեր, եկեղեցական ոսկյա անոթներ `  երկու բաթման ու նաեւ կարված, հնագույն ոսկյա եւ արծաթյա թանկարժեք շուրջառ եւ սպասք » [9]:

Ալի Մուրադ խանը գիտեր Աղա - Մահմադ խանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի մասին եւ աշխատում էր օգտվել այդ հանգամանքից՝ Պարսկաստանի գահին հաստատվելու համար: 1784 թ. փետրվարին նա, ինչպես ասվեց, պատասխան նամակով Կովկասյան գիծ է առաքում իր ներկայացուցիչ Մուհամեդ խանին [10]: Նամակում նա Պ. Ս. Պոտյոմկինին հավաստիացնում է, որ ռուս վաճառականությունը Պարսկաստանում կունենա բոլոր տեսակի դյուրությունները՝ առեւտրական հարաբերություններ ծավալելու համար, պատրաստակամություն է հայտնում Ռուսաստանի հետ հաստատելու բարեկամություն եւ դաշինք ու միաժամանակ շեշտում, որ նրա նամակը ստանալու պահին իր մոտ էին Պարսից բոլոր խաների դեսպանները՝ դրանով իսկ ընդգծելով Պարսկաստանում ունեցած իր կենտրոնական դիրքը: Նա ավարտում է նամակը նշելով, թե ինքը անհամբեր սպասում է իր դեսպանի՝ Մուհամեդ բեկի, շուտ վերադարձին, որին ինքը լիովին վստահում է՝ իմանալու համար Պ. Ս. Պոտյոմկինի մտադրությունների մասին [11]:

Ելնելով Հակոբ Անտոնյանի նամակի թվագրումից (1784 թ. ապրիլի 18) կարելի է ենթադրել, թե Ալի Մուրադ խանի դեսպանը եւս Պ. Ս. Պոտյոմկինի մոտ է հասել նույն ժամանակ: 1784 թ. մայիսի 28- ին կոնսուլ Ի. Թումանովսկին Էնզելիից Աստրախանի նահանգապետ Մ. Մ. Ժուկովին գրում է, թե հայ վաճառական Կալուստովը ապրիլի 8- ին Իսպահանից գրած նամակով հաղորդել է, որ Իսպահան՝ Ալի Մուրատ խանի մոտ է ժամանել Ֆրանսիական արքունիքի բանագնացը, սակայն նա դեռեւս չի ներկայացվել խանին, ուստի հայտնի չէ նրա գալու նպատակը: Կալուստովը խոստանում է, որ այն հայտնի դառնալուց հետո ինքը կհաղորդի այդ մասին Ռուսական հյուպատոսությանը [12]: Նույն թվականի մայիսի 31- ով թվագրված Ա. Ա. Բեզբորոդկոյի Պ. Վ. Բակունինին ուղղված նամակից տեղեկանում ենք, որ նա ստացել է Գ. Ա. Պոտյոմկինի նամակը, որով վերջինս տեղեկացնում է Ալի Մուրադ խանի կողմից ուղարկված դեսպանի Ռուսաստան գալու մասին ու նաեւ Ալի Մուրադ խանի խոստումը, թե ինքը այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ռուսաստանին, կարող է կատարել, եթե միայն արժանանա կայսրուհու բարեհաճությանը՝ իրեն ճանաչելու Պարսկաստանի շահ: Ըստ Ա. Ա. Բեզբորոդկոյի նամակի, Գ. Ա. Պոտյոմկինը « այս համարում է ամենից հուսալի միջոցը պարսկական մեր գործերը ավարտելու համար ` կնքելով նրա հետ պայմանագիր, որի մեջ կարգավորված կլինեն մեր ձեռքբերումները, Հերակլի թագավորության սահմանները, Հայկական անկախ մարզերի դրությունը եւ մյուսը ` Կասպից ծովափերից կազմակերպվողը, բացի այդ կնշվեն Պարսից կայսրության սահմաններն ու որոշված կլինեն առեւտրական եւ այլ օգուտներ »” [13]. Այնուհետեւ Ա. Ա. Բեզբորոդկոն նշում է, թե դեսպանը Գ. Ա. Պոտյոմկինի կողմից ետ կուղարկվի խոստումներով ու խորհուրդներով, իսկ վերջնական որոշումը կընդունվի դեսպանի վերադարձից հետո:

Այս նամակից պարզվում է, որ ինչպես Պ. Պոտյոմկինի դիմումը Ալի - Մուրադ խանին, այնպես էլ բանակցությունների համար Հակոբ Անտոնյանի [14] ու Մելքոմ Պոպովի թեկնածությունները պատահական ընտրության արդյունք չէին [15]: Դեռեւս 1782 թ. Ալի Մուրադ խանը իր զորքերի ռազմունակությունը բարձրացնելու նպատակով պատրաստակամություն էր հայտնել ծառայության ընդունելու Հովսեփ Էմինին եւ նրան վստահելու զորքի մի մասը [16]: Ավելին, Ալի Մուրադ խանի հետ վարվող բանակցությունների ետնախորքը հավանաբար հայտնի էր եւ Հ. Արղությանին, եւ թե Ստեփան Դավթյանին: Ստեփան Դավթյանին ուղղած նամակում Հ. Արղությանը հանձնարարում է. « տեղւոյդ ամենայն որպէսն ձեր եւ յայլուստ եկողացն, որք ի Շուշու եւ ի յԱլի Մուրատ խանէն, գրեսցէս: Նաեւ ինչ պատասխանն եւ դիտմունքն մեծին եւ խնամակալին՝ յուրաքանչիւր փօշտի գրեսցես » [17]:

Բանակցությունների ընթացքի լուսաբանումը հազիվ թե իրավունք է տալիս համաձայնելու այն տեսակետին, թե Ռուսաստանի կողմից 1780- ական թվականների առաջին կեսին Այսրկովկաս արշավանքի չիրականացումը պայմանավորված էր հիմնականում Ալի Մուրադ խանի հետ սկսված բանակցությունների փաստի հետ: Թեեւ Ռուսաստանի համար գայթակղիչ էր այն, որ Ալի Մուրադ խանի՝ Ռուսաստանի օժանդակությունը ստանալու դիմաց կարելի էր պահանջել Ղարադաղը, Ղարաբաղը, Նախիջեւանի ու Երեւանի խանությունները եւ Այսրկովկասի մերձկասպյան տարածքները [18], սակայն այդ ծրագրի խափանումը կապված էր ոչ միայն Ալի Մուրադ խանի անակնկալ մահվան հետ: Դեռ մինչեւ մահը նա դրսեւորել էր ռուսական ծրագրերի դեմ իր դիրքորոշումը եւ պատահական չէ, որ Դերբենտի Ֆաթալի խանը եւս « Ալի Մուրադ խանից հրաման ստացավ խզել ռուսների հետ ամեն տեսակի կապերը » [19]: Ավելին, այդ դիրքորոշումը հազիվ թե հայտնի չլիներ ռուսական կողմին արդեն իսկ գնդապետ Տամարայի դեսպանագնացության ժամանակ: Ուստի միանգամայն իրավացի է այն հետեւությունը, թե Ալի Մուրադ խանի կողմից Ռուսաստանին խոստումների քաղաքականությունը զուտ դիվանագիտական խայծ էր, որպիսին շարունակել էր կիրառել նաեւ Աղա Մահմադ խանը Ալի Մուրադ խանի մահից հետո՝ սակայն այս դեպքում Օսմանյան պետության հետ վարվող բանակցություններով իր տիրապետությունը ընդունելի դարձնելու նպատակով, իսկ Ռուսաստանի կողմից այդ կատարվում էր Այսրկովկաս իր մուտքը « օրինականացնելու » եւ հասարակական կարծիք ձեւավորելու համար ժամանակ շահելու միտումով: Այս հանգամանքը ուշադրության չի արժանացել նախորդ հետազոտողների մոտ: Իրանում Ռուսաստանի հյուպատոս Մատվեեւի 1792 թ. հունվարի 30- ի հաղորդմամբ « Աղա - Մահմեդ խանի կողմից ոչ քիչ նվերներով Թուրքական սուլթանի մոտ են ուղակվել չինովնիկներ ` խնդրելու նրա հովանավորությունը եւ օժանդակությունը ` գրավելու ողջ Պարսկաստանը եւ ճանաչելու իրեն շահ, որի դիմաց եւ խոստացել է սուլթանական օգնությամբ գրավելով Շիրազը, տալ այդ քաղաքից այնկողմ գտնվող բոլոր նահանգները Թուրքական իշխանությանը ` բոլոր շահույթներով հանդերձ, որի համար եւ սուլթանի կողմից շատ դեսպաններ են ուղարկվել Աղա Մահմադ խանի մոտ: Հարցը, սակայն, թե  ինչպե՞ս կլուծվի, այդ մասին տեղեկանալով ես կհաղորդեմ Ձերդ Գերազանցությանը » [20]: Նշելի է  միաժամանակ, որ Աղա Մահմադ խանի կողմից նման քայլերի ձեռնարկումը անսպասելի չէր, որովհետեւ մինչ այդ (1781 թ. ) նման նախաձեռնությամբ նա դիմել էր նաեւ Ռուսաստանին եւ, տեսնելով, թե ինչպես Ռուսաստանը փորձում է ամրապնդվել Կասպից ծովի ափին կառուցվող ամրոցում, հարձակվել ու ավերել էր իր իսկ թույլտվությամբ Վոյնովիչի կողմից կառուցված այդ ամրոցը:

Միաժամանակ համառ պայքար էր ընթանում Ալի Մուրադ խանի ու Աղա Մահմադ խանի միջեւ հենց Իրանական պետության հյուսիսային մասերում, որը 1784 թ. արդեն գտնվում էին Ալի Մուրադ խանի զորքերի վերահսկողության ներքո: Աղա - Մահմադ խանը պատսպարվել էր Աստարաբադում, որը գրավելու նպատակով զենդերը մեծ ուժեր էին կենտրոնացրել: Նրանց դեմ Աղա - Մահմադ խանը զորք է ուղարկում Մուրթուզա Կուլի խանի գլխավորությամբ: Վերջինս, սակայն, գերադասում է դաշինքի գնալ զենդերի հետ՝ ստանալու համար մերձկասպյան ծովափի տիրապետությունը: Աղա - Մահմադ խանին, այնուամենայնիվ հաջողվում է ջախջախիչ հարված հասցնել Աստարաբադը գրավելու համար զենդերի ուղարկած զորքերին, որից հետո նա մեծ եռանդով շարունակում է զարգացնել իր հաջողությունները: 1785 թ. սկզբներին ( փետրվարի 7) մահանում է Ալի - Մուրադ խանը [21] եւ զենդերի բանակում հակասություններն ավելի են սրվում:

Զենդերի կողմն անցած Մուրթուզա Կուլի խանը անցնում է թալիշների մոտ եւ Ռուսաստանից օգնություն ստանալու համար փորձում հավաստիացնել, թե իր եւ Աղա Մահմադ խանի միջեւ թշնամանքը հետեւանք է այն բանի, որ ինքը հովանավորել է Վոյնովիչի արշավախմբին եւ այլն:

1786 թ. Աղա - Մահմադ խանը, որ փաստորեն արդեն տիրում էր Մերձկասպյան շրջաններին, փորձում է հարաբերությունները հարթել նաեւ Ռուսաստանի հետ: Ռուսաստանը եւս դեմ չէր, քանզի Ալի Մուրադ խանի մահից հետո հստակ էր արդեն, որ իշխանության համար պայքարում հաղթանակը կարող էր մնալ Ղաջարներին: 1786 թ. դեկտեմբերի 25 ին իշխան Գ. Պոտյոմկինը պատասխան նամակ է ուղարկում Աղա - Մահմադ խանին՝ Լամբրո Կաչոնիի միջոցով, ուր գոհունակություն էր հայտնվում բարիդրացիական հարաբերություններ հաստատելու նրա ցանկության առթիվ եւ ընդգծվում առեւտրական հարաբերությունների բարելավման խնդիրը: Լամբրո Կաչոնին 1787 թ. հունիսին Աղա - Մահմադ խանի պատասխան նամակով վերադառնում է Ռուսաստան: Աղա - Մահմադ խանը Ռուսաստան է ուղարկում Միրզա Մոհամմեդ Ալուն եւ վստահեցնում, որ իր կողմից կհարգվեն ռուս - իրանական կնքված բոլոր նախորդ պայմանագրերը, եւ ինքը ամեն կերպ կաջակցի ռուս - իրանական առեւտրի զարգացմանը: Այսպիսով, թվում է, երկու կողմերն էլ շահագրգռված էին բարիդրացիական հարաբերությունների պահպանմամբ: Իրանում, սակայն, դեռեւս չէր ավարտվել գահի համար Զենդերի ու Ղաջարների միջեւ պայքարը: Դրությունը սրում էր նաեւ Մուրթուզա Կուլի խանը, որը, ինչպես ասվեց, ապավինել էր թալիշներին: Նրան օժանդակում էին Թալիշի Մուստաֆա խանը, Դերբենտի եւ Ղուբայի Ֆաթ - Ալի խանը եւ Բաքվի Շեյխ - Ալի խանը, որոնց օգնությամբ Մուրթուզա Կուլի խանը հավաքագրում է 7 հազարանոց բանակ, 1787 թ. սեպտեմբերին ճանապարհվում Գիլան եւ գրավում այն: Մուրթուզա Կուլի խանին օժանդակում էր նաեւ Կասպից ծովի ռուսական նավատորմի հրամանատար Պ. Շիշկինը: Ի դեմս Մուրթուզա Կուլի խանի Ռուսաստանը տեսնում էր մի ուժ, որը անհրաժեշտ պահին կարելի էր հակադրել Աղա - Մահմադ խանին:

Մուրթուզա Կուլի խանը երկիցս պարտության է մատնում իր դեմ ուղարկված Աղա Մահմադ խանի զորքերին: Այդ ժամանակ Մուրթուզա Կուլի խանին թողնում եւ Թալիշ է վերադառնում Թալիշի Մուստաֆա խանը: Աղա - Մահմադ խանը երրորդ անգամ զորք է ուղարկում Գիլան եւ գրավում այն: Մուրթուզան տեղափոխվում է Էնզելի եւ ապա Շամախի՝ այնտեղից հակահարձակման անցնելու համար զորքեր հավաքագրելու նպատակով: Մուրթուզա Կուլի խանին այլեւս չի հաջողվում բավականաչափ ուժեր կենտրոնացնել պայքարը շարունակելու համար, ուստի հակվում է Ռուսաստանի օժանդակությանը դիմելու մտքին: Այդ ժամանակ (1788 թ. ) Ռուսաստանում էր գտնվում նաեւ Աղա - Մահմադ խանի դեսպան Միրզա Մոհամեդ Ալին, որը մնաց մինչեւ 1792 թ.: Ռուսաստանը ձգտում էր քանի դեռ ընթանում էր ռուս - թուրքական պատերազմը, դրական հարաբերություններ պահպանել Աղա - Մահմադ խանի հետ: Փոխարենը Մուրթուզա Կուլի խանը, որ իրեն հորջորջում էր Գիլանի, Մազանդարանի ու Աստարաբադի օրինական տեր, բազմաթիվ նամակներ էր հղում Ռուսաստան՝ խնդրելով մտնել Ռուսաստանի հովանավորության տակ՝ « իր » նահանգներով: Նա պարտավորվում էր տարեկան վճարել 10000 ռուբլի՝ Էնզելիի ռուսական կայազորի պահպանման համար, իսկ ռուսական վաճառականության համար խոստանում էր մաքսերի լրիվ վերացում: Փոխարենը Մուրթուզա Կուլի խանը իր դեսպանի միջոցով խնդրում էր երկու ֆրեգատ եւ 300 զինվոր, որոնք կաջակցեին իրեն իշխանության համար պայքարում [22]: Ռուսական արքունիքը թեեւ խուսանավում էր եւ որոշակի չէր պատասխանում ոչ Աղա - Մահմադ խանին եւ ոչ Մուրթուզա Կուլի խանին, սակայն հայտնի է, որ ավելի հակված էր աջակցելու վերջինիս, քանզի դեռեւս 1789 թ. օգոստոսի 19- ին արդեն Գ. Ա. Պոտյոմկինը հրահանգել էր Պ. Ս. Պոտյոմկինին՝ աջակցելու Մուրթուզա Կուլի խանին, քանզի նա ավելի է հակված դեպի Ռուսաստանը եւ առաջարկում էր Դերբենտ ուղարկել երկու ֆրեգատ՝ անհրաժեշտության դեպքում տրամադրելու Մուրթուզա Կուլի խանին:

1790 թ. Մուրթուզա Կուլի խանը կրկին գրավեց Գիլանը: Կասպյան նավատորմին հրամայված էր օժանդակել նրան, սակայն բացահայտորեն չխառնվել այլ խաների հետ նրա պատերազմներին: Մուրթուզա Կուլի խանը պարտության մատնեց ու գերի վերցրեց Աղա - Մահմադ խանի կողմից իր դեմ ուղարկված Աբաս եւ Ռիզա խաներին ( որոնք Աղա - Մահմադ խանի առավել սիրված գործիչներից էին ) ՝ ի հակակշիռ Աղա - Մահմադ խանի կողմից գերված ու պատանդ պահվող իր ընտանիքի [23]: Աղա - Մահմադ խանը ստիպված երկրորդ բանակը ուղարկեց Գիլան Մուստաֆա խան Դավալուի գլխավորությամբ, որը 1791 թ. մարտին գրավեց Գիլանը: Մուրթուզա Կուլի խանը կրկին տեղափոխվեց Թալիշ: Այդ միջոցին լուր է ստացվում, որ զենդերը նորից շարժվում են դեպի Իրանի կենտրոնական շրջաններ [24]: Աղա - Մահմադ խանը թողնում է Իրանի հյուսիսային մասերը եւ շտապում Լուտֆ - Ալի խան Զենդի դեմ: Աղա - Մահմադ խանի ուղարկած զորքի հետ առաջին ճակատամարտը շահում են զենդերը եւ փորձում շարունակել հարձակումը: Այդ ժամանակ զենդերի բանակից Աղա - Մահմադ խանի կողմն է անցնում Աբդուլ Ռահիմ խանը, որը Լուտֆ - Ալի խանի առավել նշանավոր զորահրամանատարներից էր: Ղաջարների զորքը մտնում է Շիրազ, որի անկումով ավարտվում է զենդերի տիրապետությունը Իրանում: 1794 թ. աշնանը Իրանը արդեն գրեթե միավորված էր Աղա - Մահմադ խանի սրի ներքո:

Իրանում տեղի ունեցող իրադարձություններին հետեւում էին ինչպես հայ քաղաքական - հասարակական գործիչները եւ փորձում կապեր հաստատել Իրանի հակամարտ ուժերի առաջնորդների հետ, այլեւ այդ ուժերի պարագլուխները եւս փորձում էին ռուս - պարսկական հարաբերությունները բարելավելու համար օգտագործել հայ եւ վրաց գործիչների միջնորդությունները [25]:

Մուրթուզա Կուլի խանին ու նրա դեսպանին հասցեագրված Հովսեփ Արղությանի մեզ հայտնի առաջին նամակները գրվել են 1791 թ. փետրվարի 12- ին Յաշից: Մուրթուզա Կուլի խանին ուղղված նամակը ունի Հ. Արղությանի ձեռքով կատարված հետեւյալ մակագրությունը՝ . « Ի Յաշ, ընդ Մահմատին եւ Յակօբին առաքեցաք ի Հաշտարխան »: Նամակից պարզվում է, որ 1790 թ. հոկտեմբերի 12- ին Գիլանը գրավելուց հետո, Մուրթուզա Կուլի խանը իր դեսպան Մոհամեդ բեկին ուղարկել էր Ռուսաստան, որին սակայն Ռուսական իշխանությունները պահել էին Աստրախանում, իսկ դեսպանության անձնակազմից ոմն Մահմատի թույլատրել գնալու Յաշ՝ Գ. Ա. Պոտյոմկինին ներկայացնելու դեսպանի հանձնարարությունները: 1791 թ. սկզբներին գտնվելով Յաշում, Մահմատը Հ. Արղությանին էր հանձնել դեսպանի նրան ուղղված նամակը եւ Արղությանի միջոցով ներկայացվել Գ. Պոտյոմկինին [26]: Հ. Արղությանը ծանուցում է պարսից խանին, թե ինքը ռուսական արքունիքի մի շարք գործիչների « ձեզ բարեկամ եմ արարեալ » եւ որ « ամենայն բանն ի ձեռն սոցա է », ընդ որում թվարկում է անուններով՝ Վասիլ Ստեփանիչ Պօպօվն, Սէրգէ Լազրիչ Լաշկարովն, Անդրէի Մաքսիմիչ Եանշիկովն, Վասիլ Վասիլիչ Թէթէրինն: Հ. Արղությանը հանձնարարում է, շուտ գրել պատասխանը եւ, եթե կամենա, ապա ետ ուղարկի նույն « Մահմադ էլչին »: Յաշից նույն օրը (1791 թ. փետրվարի 12) Աստրախանում գտնվող դեսպանին ուղղած նամակում Հ. Արղությանը կրկնում է, թե « քնեազն մեծ շնորհ ունի առ խանն եւ այժմ ուրախ է ի վերայ յաջողութեան նորա եւ որպէս խանի կամքն է, լինելոց է բոլորովին » [27]: Ուշագրավ է Հ. Արղությանի այն նշումը, թե ռուսական կողմի հանձնարարությամբ ինքը եւս լիազորված է տնօրինելու դիվանագիտական բանակցությունների ընթացքը. « Այժմ Մահմատն ընդ պօտպօռօչիկ Յակօբին ուղեւորեցի առ քեզ: Կամենաս գիրն եւ Յակօբն առեալ գնասցես առ խանն, կամենաս Մահմատն եւ Յակօբն ղրկես: Պայծառափայլ քնեազն այս քոյ եւ իմ կամացն է տուեալ »: Հ. Արղությանը Մուրթուզա Կուլի խանի դեսպանին հավաստիացնում է, թե « ես տեղս պատրաստ եմ ի սրտէ ծառայել իմ անգին բարեկամ Մուրթուզալի խանին, առ այս միամիտ լերուք եւ ի Մահմատէն իմացէք... ես վասն ձեր եմ եկեալ աստ ( իմա՝ ՍՊբ - Պ. Չ. ), եթէ դու եկեսցես, Աստուծով ամենայն բանն լինելոց է եւ եթէ գրերն ղրկես՝ Մահմատի ձեռօքն լինի » [28]:

Նույն թվականի ապրիլի 28- ին Հ. Արղությանի պատասխան նամակից պարզվում է, որ ինքը նոր նամակ էր ստացել դեսպանից եւ տեղեկացել, թե Մուրթուզա Կուլի խանի մոտ ուղարկված Հակոբ Աբրահամյանն ու Մահմատը դեռեւս չեն վերադարձել Աստրախան: Պարզվում է նաեւ, որ մինչեւ նրանց վերադարձնելը, խանը նոր նամակներ էր հղել ինչպես իր դեսպանին, այնպես էլ Հ. Արղությանին ու ռուսական արքունիք՝ խնդրելով փոխել Ռուսաստանի հյուպատոս Շիշկինին, որը ոչ միայն չէր օժանդակում, այլեւ որոշակի սպառնալիք էր ստեղծել իր համար: Հ. Արղությանը վստահեցնում է , թե ինքը ծանուցել է եւ « պայծառափայլն կատարելոց է զամենայնն ըստ կամաց խանին եւ Շիշկինին փոխելոց » [29]: Հ. Արղությանը նամակ է գրում նաեւ Մուրթուզա Կուլի խանին 1791 թ. ապրիլի 29 ին, որով եւ տեղեկացնում, թե ինքը ռուսերեն թարգմանել տալով՝ Գ. Պոտյոմկինին է հանձնել նրան ու իրեն գրած նամակները: Իշխանը, այսպիսով, տեղեկացված է Շիշկինի բոլոր արարքների մասին եւ հրամայել է նրան փոխել: Այնուհետեւ ծանուցում է, թե թագուհին եւ իշխանը մեծ « շնորհ ունեն » նրա նկատմամբ, սակայն զգուշացնում է, թե « խնդիրքդ շուտով ոչ կատարի, վասն այն մի ինչ մտածեր, զի այս մեծ պատերազմն որ կայ, բազում բանից արգելումն առնէ » [30]: Հ. Արղությանը հիշեցնում է, որ Գ. Պոտյոմկինը սպասում է իր նամակի պատասխանին, ուստի « եթէ գրեսցես, հրամայեսցես էլչուն քոյ ... Կուտովիչի գիտութեամբն առնուլ գիրն քոյ եւ գալ առ քնեազն »: Հ. Արղությանը կրկին հավաստում է, թե « ես ի բոլոր սրտէ այնքան հոգացօղ եմ բանից քոց եւ ցանկացօղ յառաջադիմութեան քոյ, որպես իմ սեպհական անձին », քանզի, ինչպես գրում է նա, ինքը մեծ հույս ունի, որ հաջողելու է նրա երեւելի լինելը այն երկրում ( իմա՝ Իրանում ), ուստի խորհուրդ է տալիս, որպեսզի ժողովրդին, որը լինելու է նրա հպատակության ներքո, « յայսմհետէ լինիցիս որպէս գթած, սփոփօղ, մխիթարիչ եւ ամենայն հանգստութեանց տուիչ, որ այնու լինիցիս... սիրելի ժողովրդեանն քում, որով առավել բարձրանալ կարես, զի քաղցրութիւնն քոյ կարէ զսիրտ ամենայնիցն առ քեզ քարշել, որ առանց պատերազմի եւ արեան հեղման կամաւորապէս ծառայեսցեն քեզ » [31]: Ի վերջոյ, կրկին պահանջում է « մեր պօռօչիկ Յակօբն, որ ընդ Մահմադ ծառային ձերոյ եկեալ է առ ձեզ, ... շուտով արձակել եւ գիր գրել քնեազին եւ զորպիսութիւնդ ծանուցանել նմա եւ մեզ » [32]:

Երկու շաբաթ անց, 1791 թ. մայիսի 13- ին, խանը եւ նրա դեսպանը նամակներ են գրում Հ. Արղությանին, որոնցում խնդրվում էր իրենց նամակներում շարադրված իրողությունների մասին ծանուցել Գ. Ա. Պոտյոմկինին եւ խնդրել, որպեսզի « շարունակի ցուցաբերել ինձ իր օժանդակությունները, տրամադրի երեք ֆրեգատ ` կապիտանլեյտենանտ Ֆ. Մ. Սկիլիչիի հետ, երեք հարյուր զինվորից բաղկացած  զորախումբ ` զենքով ու հանդերձանքով, որպեսզի կարողանամ պաշտպանվել ինձ սպառնացող հակառակորդից » [33]:

Մուրթուզա Կուլին հաղորդում էր, որ անցնող ձմռան ընթացքում ինքը երկու ճակատամարտ է տվել եւ գրավել Գիլանը, գերի է վերցրել նահանգի գլխավորներին իրենց ընտանիքներով, որոնք այժմ գտնվում են հսկողության ներքո: Ինքը երկուս եւ կես ամիս հանգիստ կառավարել է Գիլանի նահանգում, սակայն « Գիլանի նավահանգստում գտնվող պետական նավախմբի հրամանատար պարոն Շիշկինը թշնամանալով իմ դեմ Աստրախանի վաճառականների միջոցով նամակ է գրել Աղա Մահմադ խանին հավատարիմ եւ նվիրված Գիլանի ԱղաԹաղիին, խոստանալով օգնել նրան ռազմական զանազան միջոցներով, որպեսզի Աղա Թաղին, զորք հավաքելով եւ համաձայնեցնելով Շիշկինի հետ, հարձակվի ինձ վրա եւ ինձ եւս վնասելով ` Ադիետ խանի վիճակի մեջ գցի » [34]: Նման իրավիճակի թելադրանքով է բացատրում նամակի հեղինակը Գիլանից իրեն հավատարիմ պաշտոնեության ու զորքերի հետ իր հեռանալը դեպի Թալիշ [35]:

Հավանաբար ոչ միայն Մուրթուզա Կուլի խանի, այլեւ Ռուսական իշխանությունների եւ Աղա - Մահմադ խանի հիվանդության ու Լուտֆ - Ալի խանի հաջողությունների մասին Իրանից ստացված չափազանցված լուրերն էին հիմք տվել Հ. Արղությանին կարծելու, թե մոտ է Աղա - Մահմադ խանի փոխարեն հայերի նկատմամբ բարեկամաբար տրամադրված Մուրթուզա Կուլի խանի տիրապետության հաստատումը: Այդ մասին, որ նա հաղորդել էր Հնդկահայոց, ոգեւորել էր նաեւ Հովսեփ Էմինին: Վերջինս Հ. Արղությանին 1792 թ. հունվարի 4- ին գրած նամակում նշում է. « Այլեւ մխիթարութիւն իմն տաս մեզ... յաղագս ծանօթ լինելոյն ձեր ընդ իշխանին Կիլանայ՝ ասելով, եթէ նա պայազատեսցէ ի տեղի եղբօր իւրում Աղա - Մահմադ խան Ղաջար բռնաւորին ի Սպահան, այցելութիւն ինչ առնելոց է անդ բնակեալ հայոց ազգին » [36]:

Մուրթուզա Կուլի խանի դեսպանը, որ ժամանել էր Աստրախան, այդ պահանջը հայտնել էր նաեւ Հովսէփ Արղությանին, որի 1791 թ. հունիսի 20- ի նամակից [37] պարզվում է, թե ինքը կրկին նամակ էր ստացել նաեւ Մուրթուզա Կուլի խանից [38]: Թարգմանելով ստացված այդ նամակները, Հ. Արղությանը իր բացատրագրի հետ միասին հանձնում է Գ. Ա . Պոտյոմկինին, որը եւ կրկին խոստանում է կատարել Մուրթուզա Կուլի խանի համար նրա բոլոր միջնորդությունները [39] ու նաեւ նոր հյուպատոս ուղարկել Գիլան: Ուշագրավ է, որ արդեն իսկ մեկ ամիս անց՝ 1791 թ. հուլիսի 18- ին Մկրտում Գալստյանին գրած նամակում Հ. Արղությանը հայտնում է, որ « Շիշկինն փոխեցաւ չարաչար եւ ի տեղի նորին կարգաւորեցաւ պօլկովնիկ եւ կավալէր պարոն Ահմատովն, այր բարի...: Այսօր եկեալ առ մեզ՝ շնորհակալ լինէր յինէն, որովհետեւ պատճառն մեք եղաք արտաքսելոյ զՇիշկինն ի գործոյն, քանզի Վասիլ Ստեփանիչն եւ բոլոր կանցալարի մարդիկքն ասացեալ էին իւրն, թէ վարդապետն է պատճառն, ի նմանէ շնորհակալ լէր » [40]:

1792 թ. դեկտեմբերի վերջերին Մուրթուզա Կուլի խանը, վերջնականապես զգալով իր վիճակի անհուսալիությունը Գիլանում, ռուսական նավով, իր հետ վերցնելով նաեւ Աբաս եւ Ռիզա խաներին, ճանապարհվում է Ռուսաստան: Ռուսական արքունիքը նրան պահում է Աստրախանում եւ 1793 թ. ապրիլի 30- ից նշանակում ամսական 1000 ռուբլի թոշակ [41]: ԱղաՄահմադ խանը միջոցներ եւ ուղիներ էր որոնում Ռուսաստանում գտնվող եղբորը կրկին Իրան վերադարձնելու եւ Իրանում իր տիրապետության համար այդ սպառնալիքը չեզոքացնելու նպատակով [42]: Նա տարբեր միջնորդություններով փորձում է ապահովել գեթ Աբաս խանի վերադարձը: Այդ նպատակով 1795 թ. հունիսին երկու բանագնաց է առաքում Ի. Վ. Գուդովիչի մոտ, առաջարկելով վերադարձնել Աբաս խանին եւ նրա հետ Մուրթուզա Կուլի խանի կողմից գերված մյուս պատանդներին, խոստանալով Մուրթուզա Կուլի խանի ընտանիքին ապահովություն, աջակցություն ռուսական վաճառականությանը ռուս - իրանական առեւտրում: Որոշակի պատասխան չստանալով ռուսական իշխանություններից, Աղա - Մահմադ խանը վերջնականապես հրամայում է զորքերին սկսելու ռազմական գործողությունները դեպի Այսրկովկաս: Մինչ այդ իր մտադրությունների մասին հատուկ պատվիրակությամբ տեղյակ էր պահել Թուրքիային եւ սուլթանից հավաստիացում ստացել նրա չեզոքության մասին: 1795 թ. սկզբներին Մուրթուզային տեղափոխում են Պետերբուրգ եւ շքեղ ընդունելություն կազմակերպում Ռուսական արքունիքում: Աղա Մահմադ խանը 1795 թ. օգոստոս - սեպտեմբեր ամիսներին գրավում է Այսրկովկասի զգալի մասը, ավերում Թիֆլիսը եւ հապճեպ վերադառնում Խորասան [43]:

Այդ արշավանքը ավելի է նպաստում ռուսական իշխանություններից օժանդակության ստանալու այսրկովկասյան ժողովուրդների ակնկալումին: Աղա Մահմադ խանը եւս շարունակում է այլ միջնորդություններ փնտրել Աբաս խանին վերադարձնելու համար: Պահպանվել է Ղուկաս կաթողիկոսի 1795 թ. նոյեմբերի 24- ով թվագրված Մկրտում Գալստյանին ուղղված նամակի սեւագրությունը, որտեղ կաթողիկոսը հավաստում է, թե Աղա Մահմադ խանը « որ եւ զայս երկիր ընդ բռամբ էած, հարկէր գրեալ մեզ՝ հոգ տանիլ վասն դարձուցանելոյ զայրն այն ( իմա՝ Աբաս խանն - Պ. Չ. ): Եւ մեք թէպէտ եւ գիտելով, թէ օտար է ի մէնջ այսպիսի գործ, սակայն ստիպեալ ի հարկէն զթուղթ մի գրեցաք առ սիրելին մեր՝ առաջնորդ Յովսեփ գերզգոն վարդապետն, զի թէ հնար իցէ, արձակել տացէ զայրն եւ թէ կարելի չիցէ, զպատասխանի իմն գրեսցէ առ մեզ » [44]: Այնուհետեւ խնդրում է շուտափույթ պատասխանել իրեն, « որ ի վնասուց անկասկած մնայցեմք » [45]: Դժվար չէ կռահել, թե ինչ պատասխան պիտի ուղարկեր Հ. Արղությանը Ղուկաս կաթողիկոսին, եթե նկատի ունենանք, որ ռուսական իշխանություններն արդեն որոշել էին Աղա Մահմադ խանին պատժելու պատրվակով արշավանք կազմակերպել Այսրկովկաս: Այդ արշավանքի կազմակերպման լուրը, բնականաբար, մեծ հույսեր է արթնացնում Հ. Արղությանի մոտ: Նա գրավոր խորհուրդներով փորձում է համոզել ռուսական իշխանություններին, որ արշավանքը պետք է կազմակերպել ոչ միայն Վրաստանը պաշտպանելու նպատակով եւ զորք մտցնել Թիֆլիս, այլ Այսրկովկաս պիտի մտնել Դերբենտի եւ Բաքվի ուղղությամբ ու գրավել նաեւ Շաքին, Շիրվանն ու Գանձակը, որը հնարավորություն կտա « օգնել Հայոց Երեւանայ եւ այլոց եւս գերելոցն, որք ի Պարսս են » [46]: Հ. Արղությանի համար հստակ էր, որ ժամն է օգտագործելու Մուրթուզա Կուլի խանի թեկնածությունը եւ Ստեփան Դավթյանին ուղղած նույն նամակում խնդրում է, որպեսզի Մուրթուզա Կուլի խանին հայտնի, թե « վասն քոյ որքան կարելի էր աշխատեցայ եւ զքեզ հասուցի քոյ փափականացն, որ էր տեսութիւն թագուհւոյ, այժմ քոյ ղէրաթն՝ ինչ առնել, զի մեր հայրենիքն վասն քոյ աւերեցան » [47]: Հ. Արղությանը կարծում էր, որ « եթէ զդա ( իմա՝ Մուրթուզա Կուլի խանին - Պ. Չ. ) դնեն ընդ Սուվորօվին, իսկոյն կռտածի եղբայրն եւ ամենայն զօրքն յետ դառնալոց են եւ վերջացուցանելոց » [48]: Եվ իրոք, 1796 թ. փետրվարի 19- ին Վ. Ա. Զուբովին տրված կայսերական հրահանգներում նշվում էր, որ արշավանքի ընթացքում պետք է անցնել Կուր եւ Արաքս գետերը եւ հիմնական նպատակ դարձնել « ոչնչացնել Աղա Մահմադ խանի ուժերն ու իշխանությունը եւ վերականգնել Մուրթուզա Կուլի խանին Գիլանում... »: Այնուհետեւ « Մուրթուզա Կուլի խանը, հաստատվելով Գիլանում, կկարողանա շարժվել դեպի Մազանդարանի նահանգ » [49]:

Արշավանքի ժամանակ ռուսական զորքերը, ըստ նշված ցուցումների, պետք է գործեին Արեւելյան Այսրկովկասում ու Վրաստանում եւ ապա միայն միասնաբար արշավեին դեպի Պարսկաստան, իսկ Երեւանի խանության հարցի լուծումը թողնվում է Հերակլ Երկրորդին, « Ինչպես  սեփական ուժերը չթուլացնելու եւ իրենց գլխավոր նպատակից  չշեղելու, այնպես էլ Օսմանյան Դռան սահմաններին մոտենալով վաղաժամ նրանց մոտ խիստ անհանգստություն չհարուցելու համար » [50]: Ռուսական զորքերի հետ, ինչպես արդեն ասել ենք, Այսրկովկաս է գալիս նաեւ Հովսեփ Արղությանը: Նա արշավանքի իրականացման իր պլանները շարադրում է զորքերի հրամանատար Վ. Զուբովին 1796 թ. սեպտեմբերի 2- ին գրած նամակում: Արղությանը ընդգծում է, որ ինչպես Երեւանի խանը, Հայոց կաթողիկոսն ու Մելիք Աբրահամը « հասարակության հետ անհամբեր սպասում են ձերդ պայծառափայլությանը » եւ, հիշեցնելով, թե « Մուրթուզա - Կուլի խանի Աստարաբադ ժամանումով խուճապ կստեղծվի ինչպես Աղա - Մահմադ խանի զորքերի, այդպես էլ ժողովրդի մեջ նրա դեմ » [51], փորձում է մի կողմից արագացնել Մուրթուզա Կուլի խանի ժամանումը գործող բանակ, եւ մյուս կողմից՝ արշավանքի ուղղությունը շուտափույթ փոխել դեպի արեւմուտք՝ դեպի Երեւան:

1796 թ. սեպտեմբերի 24- ին Մուրթուզան դեռեւս Աստրախանից գործող բանակ չէր ժամանել, եւ միայն սպասվում էր նրա գալուստը: Այդ մասին Հ. Արղությանը նշում էր բանակից Հերակլին գրած իր նամակում. « Մուրթուզա Կուլի խանը շուտով կժամանի մեր մոտ Աստրախանից, իսկ այստեղից ծովով կուղեւորվի Աստարաբատ » [52]: Ռուսական իշխանությունները Մուրթուզա Կուլի խանին ուղարկում են Սարի կղզի եւ նրան ուղեկցող նշանակում Պետր Կովալենսկուն, որտեղից նրանք բանակցություններ էին վարում մահմեդական ցեղերի առաջնորդների հետ՝ նրանց Աղա - Մահմադ խանի դեմ ոտքի հանելու համար: 1796 թ. նոյեմբերին մահանում է Եկատերինա Երկրորդը, եւ Պավել Առաջինի հրամանով դադարեցվում է ռուսական արշավանքը Այսրկովկասում, իսկ զորքերը 1797 թ. ետ են քաշվում դեպի Ռուսաստան:

Ռուսական քաղաքականության այդ անակնկալ շրջադարձը շտկումներ է մտցնում ինչպես հայ գործիչների ծրագրերում, այնպես էլ Մուրթուզա Կուլի խանի ճակատագրում: 1797 թ. Աղա - Մահմադ խանի սպանությունից հետո Պարսկաստանում սկսված գահակալական կռիվներում հաղթում է Բաբա խանը, եւ այնուհետեւ օծվում որպես Իրանի նոր շահ՝ Ֆաթալի շահ անունով (1797-1834): 1798 թ. հունիսին Պետերբուրգ է ժամանում վերջինիս դեսպան Միրզա Սադըղ Հասանը, բերելով Ֆաթալի շահի շնորհավորանքները Պավել Առաջինին՝ նրա գահակալելու առիթով եւ միաժամանակ պատրաստակամություն էր հայտնվում բարելավելու երկու երկրների միջեւ խանգարված առեւտրական հարաբերությունները ու խնդրվում թույլատրել Աստրախանից Պարսկաստան տեղափոխելու համար կատարել 5000 փութ երկաթի եւ հազար փութ պողպատի գնում [53]:

Մուրթուզա Կուլի խանի թեկնածության հնարավորությունը Իրանի գահի համար այսպիսով այլեւս վերանում է, իսկ նրա մոտ որպես գերի պահվող Աբաս խանը եւ ուղեկիցների մի մասը հնարավորություն են ստանում վերադառնալ Պարսկաստան [54]:

1798 թ. Մուրթուզա Կուլի խանը դեռեւս գտնվում էր Աստրախանում եւ շարունակում սերտ կապեր ունենալ հայ գործիչների հետ ու ակնկալել նրանց օժանդակությունը [55]: Այդ մասին է վկայում նրա նույն թվականի մայիսի 12- ին Աստրախանից Հովսեփ Արղությանին գրած հայերեն նամակը [56]:

Հովսեփ Արղությանը, որ մինչ այդ հարաբերություններ էր սկսել նաեւ Աբաս խանի հետ, ոչ միայն փորձում է առիթն օգտագործել նրան եւս դրականորեն տրամադրելու հայ ազատագրական շարժման որոշ գործիչների նկատմամբ, այլեւ կտրուկ շրջադարձ կատարելով ու փառաբանելով Աղա - Մահմադ խանին ու նրա տոհմը, աշխատում է շահել նրա համակրանքը: Պահպանվել է Հ. Արղությանի նամակը, որից տեղեկանում ենք, որ Աբաս խանը նամակ էր առաքել Ա. Ա. Բեզբորոդկոյին Ռուսաստան դեսպանագնացության մեկնած հայ մելիքների միջոցով՝ հավանաբար նրանց Աստրախանում գտնվելու ժամանակ: Այդ նամակը Հ. Արղությանը ներկայացնում է Ս. Լ. Լաշկարովին եւ Ա. Ա. Բեզբորոդկոյին խնդրում է Պավել Առաջինին ծանուցել ինչպես Աբաս խանի խնդրանքի, այնպես էլ Ղուկաս կաթողիկոսի եւ իր միջնորդությունների մասին: Ըստ Աբաս խանին գրած Հ. Արղությանի նամակի, կայսրը կարգադրել էր « հրաման գրել առ տեղւոյդ պարոն գուբեռնաթ Նիկօլայ Եագուլիչ Արշինովսկուն, որ քեզ ( իմա՝ Աբաս խանին - Պ. Չ. ) արձակեսցէ գնալ առ կարօտեալ ընտանիսն... տալ քեզ... հարիւր թուման ճանապարհի խարջի եւ մնացեալ օրական ռոճիկն քոյ: ... Ի գալ շաբաթին ողորմութեամբն Աստուծոյ ուքազն բարձրագոյն ուղեւորեալ լինելոց է առ ձեզ եւ ես նորին կօպիէն առաքեցից առ քեզ » [57]: Հովսեփ Արղությանը Աբաս խանի Պարսկաստան վերադարձի առիթն օգտագործում է եւ նրա միջոցով մաղթանքներ ու խնդրանքներ է հղում Բաբա խանին: 1798 թ. մարտի 12- ին Պետերբուրգից Աբաս խանին գրած ընդարձակ նամակում Հ. Արղությանը շնորհավորում է Բաբա խանին. « Զի թագաւորեսցէ ի վերա Պարսից աթոռոյն վասն խաղաղութեան, վասն աշխարհաշինութեան եւ վասն գթութեան եւ ողորմութեան ի վերա հպատակաց իւրոց ... եւ զգոյթ խնամոց եւ ողորմութեան իւրոյ տարածեսցէ ի վերա հպատակաց իւրոց մահմետականաց եւ քրիստոնէից »: Այնուհետեւ խնդրում է, « որպէս նախնի թագաւորքն Պարսից եւս Աղայ Մահմատ խան թագաւորն հայրն եւ հօրեղբայրն իւր ողորմութեամբն իւրեանց միշտ պահպանել զսուրբ Աթոռն մեր Էջմիածին՝ Ուչքիլիսայ կոչեցեալ, եւ մեծ խալիֆ նորին... առաւել ցուցանել առ նա զգոյթ եւ զողորմութիւն իւր եւ հրամայել Երեւանայ խանին, որ չզրկեն զՈւչքիլիսէն եւ կամ յափշտակէն զմուլք նորա, զի նախնի թագաւորքն մաղաֆ են արարեալ զգիւղօրայս Ուչքիլիսէի... »: Հաջորդ կետով խնդրում է « զգոյթ ողորմութեան իւրոյ տարածանել առ ողորմելի ազգս մեր, որք են ենթ խնամոց եւ հովանաւորութեան իւրոյ մեծութեանն, որ նոքա վայելելով զայն՝ փախուցեալքն ի բռնութենէ խիստ տեարցն յետս դարձցին ի հայրենի աշխարհն իւրեանց »: Հինգերորդ խնդրանքը վերաբերում է Արցախի խնդրին. Հ. Արղությանը պահանջում է Ղարաբաղի Իբրահիմ խանին « բառնալ ի Շուշու բերթէն եւ կործանել զնա », քանզի նա էր Աղա - Մահմադ շահի սպանման  պատճառը եւ « կործանիչ իմոյ ազգին եւ ջնջիչ յերկրէ անտի »: Այնուհետեւ Հ. Արղությանն իր ծառայություններն էր խոստանում պարսկա - ռուսական բանակցություններում եւ փոխարենը պահանջում Թիֆլիսից տարված գերիներին ազատություն շնորհել եւ « դարձուցանել զնոսա յերկիրն իւրեանց »: Վերջին՝ ութերորդ, կետով Հ. Արղությանը խնդրում է Աբաս խանից, որ « զոր ինչ պարոն Մելիք Ջիմշիտին ասացեալ էիր եւ կամ գրով նշանեալ, այն կատարումն ետ »:

1798 թ. մարտի 22- ին Մկրտում Գալստյանին Հ. Արղությանի գրած նամակից տեղեկանում ենք նաեւ, որ այդ նամակը Աբաս խանին պիտի հանձնվեր Աստրախանում Մկրտում Գալստյանի միջոցով, որից եւ խնդրվում էր Աբաս խանին « լաւ հասկացնել Սերգէ Լազրիչին ( Լաշկարով ) խոստացեալ հարիւր թումանն, ընդ շնորհակալութեան թղթոցն ասասցես փութով առաքել ձեռամբ քով, որ դու աստ գրեսցես ումեք հասուցանել նմա, իւր ճանապարհորդական խարջի հարիւր թումանն շնորհեալ նորին մեծութիւնն, հետեւողութեամբ մերով, որ իւր քսակէն ոչ ինչ չելանէ » [58]: Նույն թվականի մայիսի 13- ին Հ. Արղությանի՝ Աբաս խանին գրած պատասխան նամակի համառոտագրությունից պարզվում է, որ Աբաս խանի նամակը ստացվել է Պետերբուրգում, ուղարկվել է կայսեր « ուքազն, որ առ նոր գուբեռնաթն Հաշտարխանու, սակս գնալոյն իւրոյ ի հայրենիսն մեծաւ պատուով, որոց եւ զօրինակն ընդ գրոյս առաքիլն մեր առ ինքն » [59]: Այս նամակում Հ. Արղությանը կրկին խնդրում է « Եթէ Մէլիք Ջիմշիտին բան ինչ անկանիցի նմա, ոչ անտես առնել զնա, որպէս փոխանակ սիրոյ նոցա զոր սիրեն զնա: Նոյնպէս յանձնարարութիւն վասն ազգին եւ սրբոյ Աթոռոյն, որպէս գրեալ եմք քանիցս իւրն » [60]:

Աբաս խանը շուտով վերադառնում է Իրան: Հայրենիք վերադառնալու թույլտվություն է ստացվում նաեւ Մելիք Ջիմշիդի եւ Մելիք Ֆրիդոնի համար, որոնց հետ Այսրկովկաս է ուղարկվում նաեւ Պ. Կովալենսկին: Վերջինիս 1799 թ. օգոստոսի 17- ին Պավել Առաջինին գրած զեկուցագրից պարզվում է, որ արդեն Պարսկաստանում գտնվող Աբաս խանի եւ Պարսից շահ Բաբա խանի կողմից այդ օրերին հրավեր էր ստացվել Մելիք Ջիմշիդի եւ Մելիք Ֆրիդոնի անունով [61], որով առաջարկվում էր նրանց վերադառնալ Պարսկաստան՝ խոստանալով իրենց հովանավորությունը: Մելիք Ջիմշիդին ու Մելիք Ֆրիդոնին առաքված Իրանի նոր շահի այդ հրավերը պատահական չէր: Բաբա խանը հստակ իրազեկված լինելով ռուս - վրացական ու ռուս - հայկական հարաբերությունների դրական զարգացման մասին, փորձում էր ավելի սաստկացնել իր դիրքորոշումը եւ բոլոր միջոցներով այսրկովկասյան ժողովուրդների ( եւ հատկապես հայ եւ վրաց ) առաջնորդներին համոզել՝ խզելու կապերը Ռուսաստանից եւ կրկին ընդունել Իրանի հպատակությունը, իսկ Ռուսաստանին զգուշացնել՝ չմիջամտելու իր երկրի ներքին գործերին: Ապրիլի 27- ին Պարսից առաջին վեզիր Հաջի Մոհամմադի անունից նամակ է ուղարկվում նաեւ Պ. Կովալենսկուն՝ որպես Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցչի, որտեղ ասվում է, թե Վրաստանը երբեք չի եղել Ռուսաստանի տիրույթ, « Վրաստանը, Կախեթն ու Թբիլիսին » հնագույն շրջանից պատկանում են Պարսկաստանին: Միայն Հերակլ թագավորը հեռացրեց այն Իրանից եւ հայտնի է, թե նա ինչպես պատժվեց դրա համար, ինչ դժբախտություն եկավ Վրաստանին Աղա Մահմադ խանի բարկության հետեւանքով՝ վրացիների մի մասը կոտորվեց, մի մասը՝ գերեվարվեց, իսկ մի մասն էլ կողոպտվեց: Հերակլի կողմից Ռուսաստանի հետ կնքած համաձայնությունը ոչ մի ուժ չունի: Եթե Ռուսաստանի կազմի մեջ եղած որեւէ ժողովուրդ իր կամքով Իրանի հետ կնքի նման պայմանագիր, մի՞թե կունենա այն որեւէ զօրություն: Այն երբեք չի վերածվի Իրանական տարածքի: Եթե Հերակլի ժամանակ Իրանում չկար բարձրագույն տիրակալ, եւ Թիֆլիսը հեռացավ կենտրոնական Իշխանությունից, ապա միայն այդ պատճառով պետք է Վրաստանը դիտենք Ռուսաստանի՞ տիրապետություն: Այդ արդար չէ: Այժմ Իրանը ունի տիրակալ, որը մտադիր չէ իր տիրապետության ներքո գտնվող երկրները հանձնելու ուրիշներին [62]: Ավելին, եթե Ռուսական կողմը Թեհրան ուղարկած իր դեսպանագնացի միջոցով փորձում էր զգուշացնել Բաբա խանին, թե Վրաստանը 1783 թ. պայմանագրով գտնվում է Ռուսաստանի հովանավորության ներքո, ապա Ռուսական դեսպանագնացի Պարսկաստանում գտնվելու միջոցին Պարսից արքունիքը Թիֆլիս՝ Գեորգի թագավորի մոտ ուղարկեց Ռուսաստանից վերադարձած նույն Աբաս խանին՝ համոզելու համար ետ կանգնելու ռուսական կողմնորոշումից: Գեորգի 12-րդը ցուցադրաբար պարսից դեսպանին ընդունեց Կովալենսկու բնակարանում՝ ռուս եւ վրացի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ եւ մերժեց ընդունել շահի առաջարկությունները: Դրանով նա հավաստում էր իր հավատարմությունը ռուսական կողմին [63]: Հայ գործիչները թեեւ դիվանագիտական մեծ ջանքեր էին թափում Պարսից արքունիքում եւ իշխող դասի մոտ հայոց նկատմամբ բարեհաճ վերաբերմունք ձեւավորելու համար, սակայն եւ մտադիր չէին ետ կանգնելու իրենց հայրենիքը Ռուսաստանի օժանդակությամբ Պարսից լծից ազատագրելու խնդրից: Վերոբերյալ շարադրանքից ակնհայտ է նաեւ, թե ինչպիսի բարձր արժանապատվությամբ էին վարվում բանակցություններն ու գրագրությունները հայ գործիչների կողմից Պարսից իշխող դասի հետ, որը արդյունք էր իրենց թիկունքում անհամեմատ ավելի հզոր դաշնակից ունենալու հայ գործիչների համոզվածությամբ:  

 


 



[1]          А. Р. Иоаннисян, Россия и армянское освободительное движение в 80-х годах 18-го столетия, Ереван, 1990, с. 130-144.

[2]          Հայ գործիչների հետ Մուրթուզա Կուլի խանի կապը նկատել եւ Հովհ. Լազարյանին գրած նրա մի նամակը իր մենագրության մեջ հրատարակել է պրոֆ. Վ. Դիլոյանը ( տե՛ս Վ. Դիլոյան, « Լազարյանների հասարակական քաղաքական գործունեության պատմությունից (18- րդ դարի երկրորդ կես ), Երեւան, 1966, էջ 178-179: Միաժամանակ հենվելով 1789 թ. Հ. Արղությանին գրած այդ նամակի վրա, Վ. Դիլոյանը գրում է. « Այս նամակը, նրա մտերմական տոնը եւ նրանում հայտնված համոզվածությունը, որ Արղությանը կարող է օգնել, վկայում են, որ Մուրտուզա Կուլի խանի հետ ունեցած հարաբերությունները թերեւս հեռուն գնացող նպատակներ են հետապնդել Հայաստանի հարցում, ինչ առումով եւ Լազարյանն ու Արղությանը ամեն կերպ օժանդակել են առաջինին ( տե՛ս Վ. Դիլոյան, նշվ. աշխ., էջ 179):

[3]          Армяно-русские отношения..., IV, с. 300-301.

[4]          Армяно-русские отношения..., IV, с. 301. Հակոբ Անտոնյանի զեկուցագիրը առաջին անգամ հայտնաբերել եւ հրատարակել է Վ. Մարտիրոսյանը: Հրապարակմանը կցած առաջաբանում նա ընդգծել է, թե Ալի - Մուրադ խանը «стремясь получить военно-политическую поддержку России в начале 80-х гг. предлагал в обмен на военно-политическую помощь уступить России Восточное Закавказье и Прикаспийские области» տե՛ս В. М. Мартиросян. Армяне в русско-иранских экономических и политических связях. - ՊԲՀ, 1979, թ. 3, էջ 241: Իրականում այդ տարածքների ձեռքբերումը Գ. Պոտյոմկինի ակնկալությունն էր, որը դիվանագիտորեն մերժվում էր խանի կողմից՝ փոխարենը առաջարկելով «касательно до купеческих коммерциев, как и прежныя времена не собираемо было от них пошлинных никаких денег, так и ныне я уничтожаю оныя. В желаемом намерении дабы безпрестанно купечество к нам российское въезжало и не премину им делать пособие и покровительство, а тем наиболее де желаю, дабы подкрепить сим, чтоб я удостоился от Двора Е. И. В. получить посланника, и когда получу онаго, то со всеусердием и с желательным сердцем отправить бы своего мог ко Двору»:

[5]          Արքունիքում իրավիճակը Ա. Բեզբորոդկոյին եւ Եկատերինա 2- րդին այդպես կարող էր ներկայացնել միայն Գ. Ա. Պոտյոմկինը, որի վերահսկողությամբ եւ ընթանում էին բանակցությունները:

[6]          А. Р. Иоаннисян. Россия..., с. 131.

[7]          Армяно-русские отношения..., IV, с. 289.

[8]          Ալի Մուրատ խանի հետ Ռուսաստանի վարած բանակցությունների ողջ ընթացքի հանգամանորեն վերլուծությունը, որքանով առնչվում է Այսրկովկասի հետագա ճակատագրի քննարկմանը, ներկայացված է հայ պատմագիտության մեջ . Р. Иоаннисян, Россия..., с. 129-144,, Վ. Ռ. Գրիգորյան, Երեւանի խանությունը ԺԸ. դարի վերջում, էջ 84-86), ուստի տվյալ դեպքում մեր խնդիրն է միայն ներկայացնել հայ գործիչների մասնակցության ձեւն ու չափը նշված բանակցություններում, եւ, ըստ այդմ, հայ - պարսկական փոխհարաբերություններում քաղաքական բանակցությունների նոր գործընթացի սկզբնավորումը:

[9]          Армяно-русские отношения.., IV, с. 291 Նոր Ջուղայի վանքի կողոպուտի մասին վկայում են նաեւ այլ սկզբնաղբյուրներ. տե՛ս « Պատմութիւն Նոր Ջուղայու, որ յԱսպահան, աշխատասիրեալ ի պ. Յարութիւնէ Թ. Տէր Յովհանեանց Նոր Ջուղայեցւոյ Ատենադպրէ սրբոյ վանաց, հատոր առաջին, Նոր Ջուղա, 1880, էջ 329-331: Արամ Երեմեան, Նոր Ջուղա, Նոր Ջուղա, 1919, էջ 27: Ըստ Մելքոմ Պոպովի, Նոր Ջուղայում, որն առաջ ուներ մոտ 12 հազար տուն, այժմ մնացել է հազիվ 300 տուն. տե՛ս Армяно-русские отношения.., IV, с. 292:

[10]        Н. Дубровин. История войн и владычества русских на Кавказе, т. II, с. 165-169.

[11]        Армяно-русские отношения..., IV, с. 289-290.

[12]        Армяно-русские отношения..., IV, с. 310. Կալուստովի հիշատակած ֆրանսիացին նույն ինքը՝ ֆրանսիական գործակալ կոմս Ֆերրիեր Սովբեֆն էր, որ Իսպահան էր ժամանել մարտի 20- ին եւ նպատակ ուներ Ալի - Մուրատ խանին առաջարկելու ֆրանս - թուրք - պարսկական դաշինք՝ ուղղված Ռուսաստանի դեմ ( տե՛ս А. Р. Иоаннисян, Россия..., с. 139-142). Ուշագրավ է, որ Ֆերրիեր Սովբեֆը ճիշտ էր կռահել ռուս - պարսկական բանակցությունների էությունը՝ հաղորդելով, թե Ալի Մուրադ խանը « Պետերբուրգ ուղարկեց երկու խաների, որպես պատասխան կայսրուհու նախաձեռնության, սակայն գաղտնի հրահանգներով նա հրաժարվեց անխոհեմաբար տված իր խոստումներից... քիչ մտահոգվելով այն հովանավորությունից, որ վերջերս ձեռք էր բերել Հերակլ իշխանը, նա դիմեց սովորական միջոցների՝ նրանից գանձելու երեք տարվա տուրքը, որ նա չէր վերցրել երեք տարի ի վեր, նրան ուղարկելով խալաթ » ( Մ. Կ. Զուլալյան, Հայ ժողովրդի XIII - XVIII դարերի Պատմության հարցերը ըստ Եվրոպացի հեղինակների, էջ 241): Ավելին, Ալի - Մուրադ խանը « գտնելով, որ նպատակահարմար չէ դաշնակցել ռուսների հետ՝ ի վնաս թուրքերի, ազատ արձակեց իրեն Մեծ Տիրակալի ( սուլթանի ) նամակը բերած պատվիրակին: Հարուստ նվերներով նա նրան ճամփու դրեց, մոռացնել տալու համար իր կրած տհաճությունը եւ Նորին Մեծությանն իր նոր ծրագրերի մասին պատասխանեց աներկմտորեն » ( նույն տեղում ):

[13]        Армяно-русские отношения..., IV, с. 317. Архив кн. Воронцова, XIII, М, 1879, с. 53-54. А. Р. Иоаннисян, Россия..., с. 132.

[14]        Հակոբ Անտոնյան Թոխաթեցին 1785 թ. մայիսին Պ. Ս. Պոտյոմկինի կողմից տրված « ինստրուկցիայով » կրկին ուղարկվում է Պարսկաստան՝ քաղաքական իրավիճակը ստույգ տեղեկություններով ուսումնասիրելու համար: Տե՛ս О. П. Маркова, Россия, Закавказье и международные отношения, с. 215.

[15]        Հյուպատոս Թումանովսկին, չնայած դեսպանագնացության հաջողությանը, ինքնագլուխ գործողությունների համար ստացել էր խիստ նկատողություն: Տե՛ս О. П. Маркова, Россия, Закавказье и международные отношения, с. 187.

[16]        А. Р. Иоаннисян, Иосиф Эмин, Ереван, 1990, с. 247.

[17]        Армяно-русские отношения..., IV, с. 323.

[18]        П. Бутков. Материалы дяе новой истории Кавказа, ч. II, СПб, 1869, с. 148 Ա. Ռ. Հովհաննիսյանը Ռուսաստանի ցանկությունը վերագրում է Ալի Մուրատ խանին, թե իբր նա «соглашался официально отказаться в пользу России как от

прикаспийских провинций, так и от ханств Карадагского, Карабагского, Нахичеванского и Ереванского» տե՛ս А. Р. Иоаннисян. Присоединение Закавказья к Поссии и Международные отношения в начале XIX столетия. Ереван, 1958, с. XIX.

[19]        Մ. Կ. Զուլալյան, Հայ ժողովրդի XIII - XVIII դարերի պատմության հարցերը, էջ 242:

[20]        АВПР, ф. СРП, оп. 77/6, д. 483, л. 258-259, копия.

[21]        1785 թ. փետրվարի 23- ին Թիֆլիսից Հակոբ Ռայնեգսին գրած նամակում Սուլխան Բեգթաբեգովը ( Բեգթաբեգյան ) հայտնում է, թե « այստեղ տարածվել է Ալի Մուրադ խանի մահվան մասին լուրը, սակայն այնտեղից դեռեւս ծանուցումով ոչ ոք չի ժամանել: Գնդապետ Տամարան, այնուամենայնիվ, ( դեսպանագնացությունը ) չեղյալ չհայտարարեց՝ այս ամսվա տասներկուսին գնաց Երեւան: Նորին մեծությունը ( իմա՝ Հերակլ 2- րդը - Պ. Չ. ) կարգադրեց, որ այնտեղ՝ Երեւանում, մի քանի օր սպասի եւ եթե Ալի Մուրադ խանի մահը իրոք հաստատվի, ապա այլեւս չմեկնի, որովհետեւ ճանապարհներին խառնակություններ կլինեն եւ ինքը հանկարծ վտանգի չենթարկվի » ( iakob rainegsi. mogzauroba saqarTveloSi. germanulidan Targmna, Sesavali da saZieblebi daurTo gia gelaSvilma, Tb., 2002, gv. 283).

[22]        АВПР, ф. 100, д. 486, л. 68-69, 70-74 - հետո։ "Архив Государственного совета", т. первый: Совет в царствование императрицы Екатерины II (1768-1796 гг. ). СПб, 1869, с. 789-795. Մուրթուզա Կուլի խանը իր դեսպան Մոհամեդ բեկին Աստրախան էր ուղարկել դեռեւս 1785 թ., որը, սակայն անպատասխան վերադարձավ Մուրթուզայի մոտ: Երկրորդ անգամ նա Մուրթուզայի մի քանի նամակներով Աստրախան եկավ 1788 թ. եւ կրկին մնաց անպատասխան: Վերջապես՝ երրորդ անգամ Մոհամեդ բեկը Աստրախան եկավ 1791 թ.:

[23]        Н. Дубровин, Поход графа В. А. Зубова в Персию в 1796 году. - «Военный сборник». 1874. ª 2, с. 188.

[24]        Մուրթուզա Կուլի խանը հույս ուներ կրկին վերադառնալու Գիլան եւ այդ մասին նամակով Հովսեփ Արղությանի միջոցով հայտնել էր Գ. Ա. Պոտյոմկինին: Հ. Արղությանի հետ հանդիպման ժամանակ Գ. Պոտյոմկինը « էհարց Մուրթուզալի խանի որպէսն, նորա գիրն առ մեզ պարսերեն. ռուսերեն թարգմանել՝ իւրն ետու, ասաց. կարդացից եւ կատարումն արարից: ... Մուրթուզալի ղուլի խանի վերայ եւս ուրախ եղեւ, որ գնալոց է ի Գիլան եւ Աղայ Մահմատ խանի զօրութեան պակասելն սորա խնդութիւն է » ( ՄՄ, ձեռ. 2949, թ. 232 բ ):

[25]        1786 թ. Աղա - Մահմադ խանը Իսպահանի մոտ գտնվող Սանգբարանում լավ ընդունելությոն է կազմակերպում վրաց իշխան Զաքարիա բեչ Ցիցիանովին եւ պատվով ետ ուղարկում: Նա առաքված էր Հերակլ Երկրորդի կողմից, որն արդեն կնքել էր 1783 թ. ռուս - վրացական Գեորգիեւյան պայմանագիրը եւ որին խնդրում էր միջնորդել ռուս - պարսկական հարաբերությունները բարելավելու համար, խոստանալով նրան հանձնել նաեւ հարեւան մյուս խանությունների կառավարումը, ինչպիսի հիմունքներով նա տիրում էր Երեւանին:

[26]        Պատասխան նամակում Հ. Արղությանը հետեւյալ ձեւով է ներկայացնում իր ջանքերն ու նպատակները՝ օժանդակելու Մուրթուզա Կուլի խանի ձեռնարկումներին. « Բարեկամութիւնն իմ ի սրտէ առ պայծառութիւն քոյ յայտնի է Աստուծոյ եւ աշխարհի ամենայնի, նաեւ ողորմած թագուհոյն եւ պայծառափայլ քնեազին եւ քեզ իսկ, որ ես յամենայն սրտիւ կամիմ բոլորովին յաջողութիւն քոյ եւ յառաջադիմութիւն »: Գ. Պոտյոմկինը, ըստ Հ. Արղությանի, որ « մեծ էլչոց հետ բնաւ խօսիլ չէր, այլ վասն սիրոյն, որ ունի առ քեզ, միշտ հետ նմա խօսակցութիւն առնէր ուրախ սրտիւ: Իսկ այժմ ընկալաք մեք գիր ի մեր Թաղայ Դաւիթ ծառայէն քումմէ եւ ի յէլչի աղայ Մահմատէն եւ ի պարոն Մկրտում Գալստեանէն, որ դուք աստուծոյ յաջողութեամբն հոգտեմբերի 12 առեալ զԳիլան, մտեալ էք ի Ռաշտ, մեք յոյժ խնդացաք եւ ուրախ եղաք եւ ապայ ամենայն անցքն որպէս եւ գրեալ էին, գրեցի զամենայնն եւ մատուցի պայծառափայլ քնեազին, զոր գիտացեալ նորա, յոյժ ուրախ եղեւ, որպէս ճշմարիտ բարեկամ եւ գրեաց ողորմած թագուհոյն ունիլ ի վերայ քոյ յատուկ շնորհ մայրական եւ ահա զՄահմատ ծառայն ձեր ընդ մեր պօտպօռօչիկ Յակօբ Աբրահամովին առաքեաց ի Հաշտարխան՝ իւր յատուկ գրովն առ քեզ, յորմէ գիտելոց ես զսէր եւ զբարեկամութիւն նորա առ քեզ եւ ըստ ամենայնի միամիտ լինելոց, որ մեծ թագուհւոյ յատուկ շնորհն լինելոց է առ քեզ, որպէս եւ կամիս եւ ես այժմ ընդ պայծառափայլին գնացի ի Պետրպօլք առ Թագուհին եւ Մահմատն առաքեցի առ քեզ... »: ՄՄ, ձեռ. 2949, թ. 221 բ:

[27]        ՄՄ, ձեռ. 2949, թ. 213 ա - բ:

[28]        ՄՄ, ձեռ. 2949, թ. 213 ա - բ: Նույն թվականի մարտի 22- ին Մուրթուզա Կուլի խանի Աստրախանում գտնվող դեսպան Մահմադը նամակով ծանուցում է Հ. Արղությանին խանի նոր հաջողությունների ու նաեւ ռուսաց հյուպատոս Շիշկինի ոչ նպաստավոր դիրքորոշման մասին: Ապրիլի 25- ին պատասխանելով նրան, Հ. Արղությանը հայտնում է, որ ինքը այդ մասին տեղեկացրել է Գ. Պոտյոմկինին եւ նրան է ուղարկում նաեւ Գ. Պոտյոմկինի՝ Մուրթուզա Կուլի խանին գրած նամակի պատճեն՝ « կարդալ եւ... միամիտ լինիլ վասն ամենայնի »( ՄՄ, ձեռ. 2949, թ. 220 բ ):

[29]        ՄՄ, ձեռ. 2949, թ. 222 բ:

[30]        ՄՄ, ձեռ. 2949, թ. 221 ա:

[31]        Նույն տեղում:

[32]        ՄՄ, ձեռ. 2949, թ. 221 բ:

[33]        ЦГАДА, Гос. архив, ф. 15, д. 192, л. 68.

[34]        ЦГАДА, Гос. архив, ф. 15, д. 192, л. 68-68об.

[35]        Այն, որ Մուրթուզա Կուլի խանի գրածները Շիշկինի մասին կարող էին ճիշտ լինել, վկայում է նաեւ այն փաստը, որ Շիշկինի դեմ էին տրամադրված նաեւ ռուս - իրանական առեւտրում զբաղված հայ վաճառականները եւ հատկապես՝ Աստրախանի հայերը: Այդ մասին վկայում են Հովսեփ Արղությանի Մկրտում Գալստյանին ուղղված 1791 թ. հունիսի 20- ի նամակի հետեւյալ տողերը. « Մայիսի 25- էն գիրդ ընկալեալ ... գիտացի եւ չորս նաւի քոյ արգելմունքն եւ փրքաշիկի ղրկելն ի Հաշտարխան եւ այլն: Այսօր... ես գիր գրեցի քնեազին ( իմա՝ Գ. Պոտյոմկինին - Պ. Չ. ) վասն քոյ ամենայն զրկանացն եւ ես ինքնին գնացի եւ մատուցի եւ բերանով պատմեցի. ծիծաղեցաւ եւ ասաց. « կակօյի չօրթ Շիշկին, սկորայ նէ բուդէթ օն տամ »: Ինչեւիցէ, խօստացաւ զնա հանել եւ կողմանցդ բանիցն կատարումն տալ »: ՄՄ, ձեռ. 2949, թ. 232 բ:

[36]        Վ. Ռ. Գրիգորյան. Հովսեփ Էմինի եւ Հովսեփ Արղությանի անտիպ նամակները (1791-1792 թթ. ), - ՊԲՀ, 1990, թիվ 4, էջ 194:

[37]        ՄՄ, ձեռ. 2949, թ. 233 բ:

[38]        Նամակի բնագիրն ու ռուսերեն թարգմանությունը տե՛ս АВПР, ф. 100, д. 464, л. 163. 173.

[39]        Հովսեփ Արղությանի եւ աստրախանաբնակ Մկրտում Գալստյանի նամակագրությունից պարզվում է, որ ինչպես Մուրթուզա Կուլի խանի, այնպես էլ նրա դեսպանի գրագրությունները Ռուսական արքունիքի հետ կատարվում էին հայ գործիչների միջոցով: Արդեն 1791 թ. մարտի 28- ին Հ. Արղությանը Գ. Ա. Պոտյոմկինին հայտնում է զորպէսն Մուրթուզալի խանի զապիսկով եւ նորա ուրախ լինիլն ( ՄՄ, ձեռ. 2949, թ. 216 ա ): Նույն թվականի մայիսի 8- ի նամակում Հ. Արղությանը հայտնում է. Ապրիլի 15- էն գրած գրոյ ընկալնուլն, քնեազին ծանուցանելն անբախտութիւնն Մուրթուզաղուլի խանի, Շիշկինին փոխելն... ( նույն տեղում, էջ 226 բ ):

[40]        ՄՄ, ձեռ. 2949, թ. 238 ա:

[41]        П. Бутков. Նշվ. աշխ., էջ 326: Н. Дубровин. Նշվ. աշխ., էջ 188-189:

[42]        Ըստ Թալիշի Մուստաֆա խանի ռուսական կողմին տված տեղեկության, Աղա - Մահմադ խանը Աբաս խանի հետ փոխանակելու նպատակով ռուսական որեւէ նավի կամ բարձր պաշտոնյայի պատանդ վերցնելու պահանջին չենթարկվելու համար տանջանքների է ենթարկել Գիլանի որոշ պաշտոնյաների (Армяно-русские отношения..., IV, с. 411).

[43]        Աղա - Մահմադ խանը Իրանի նոր շահ է օծվում 1796 թ. մարտի 21- ին:

[44]        ՄՄ, Կաթ. դիվան, թղթ. 6, վավ. 40, էջ ՃՁ - ՃՁԱ:

[45]        Նույն տեղում, էջ ՃՁԱ:

[46]        Армяно-русские отношения..., IV, с. 414.

[47]        Նույն տեղում, էջ 415:

[48]        Նույն տեղում:

[49]        Նույն տեղում, էջ 422:

[50]        Նույն տեղում, էջ 421:

[51]        Նույն տեղում, էջ 437-438:

[52]        Նույն տեղում, էջ 440: Հարություն Արարատյանը արձանագրել է Մուրթուզա Կուլի խանի ժամանումը գործող բանակ: Տե՛ս “Жизнь Артемия Араратского”..., с. 139.

[53]        Г. Л. Кессельбреннер. Хроника одной дипломатической карьеры. М., 1987, 219-220. Բանակցությունները Պետերբուրգում ձգձգվում են, ստացվում է երկաթի ու պողպատի գնման թույլտվությունը, սակայն Պարսից դեսպանը մահանում է Պետերբուրգում 1799 թ. փետրվարի 26- ին: Բաբախանին ուղղված Պավել Առաջինի նույն թվականի մարտի 23- ով թվագրված նամակը ուղարկվում է Իրան դեսպանության քարտուղար Միրզա Մոհամմեդի հետ:

[54]        Մուրթուզա - Կուլի խանը մահանում է Աստրախանում 1800 թ. հոկտեմբերին՝ Իրան վերադառնալու թույլտվություն ստանալուց մի քանի ամիս անց:

[55]        Մուրթուզա Կուլի խանը Աստրախանից 1797 թ. հունիսի 9- ին նամակով դիմում է Հ. Լազարյանին եւ ծանուցում իր Աստրախան ժամանելու փաստը, որին եւ հաջորդել է հուլիսի 30- ին գրած Հ. Լազարյանի պատասխան նամակը, որով վերջինս հավաստում է իր բարեկամական զգացումը նրա նկատմամբ: Թարգմանաբար բերելով Մուրթուզա Կուլի խանի նամակի տեքստը, Վ. Դիլոյանը ճիշտ բնութագրելով նամակի՝ քաղաքական որոշակի ակնկալությունների արդյունք լինելը, գրում է. « դժբախտաբար, առայժմ մեզ չհաջողվեց այլ նյութեր հայտնաբերել, որոնք կարող էին ավելի որոշակիություն մտցնել առաջադրված հարցի մեջ ( իմա՝ Հ. Լազարյանի եւ Հ. Արղությանի կապի հարցը Մուրթուզա Կուլի խանի հետ - Պ. Չ. ): Բայց մի բան պարզ է, որ եւ Հ. Արղությանը, եւ Հ. Լազարյանը օգտագործում էին ամեն մի առիթ Հայաստանի ազատագրման հարցին ցանկալի լուծում տալու համար »: Տե՛ս Վ. Ա. Դիլոյան. Լազարյանների հասարակականքաղաքական գործունեության պատմությունից, էջ 179-180:

[56]        ՄՄ, Կաթ. դիվան, թղթ. 8, վավ. 42, բնագիր, կնիք՝ արաբատառ: « Պսակազգեաց սրբազան արքեպիսկոպոս, իմ ամէնողորմ տէր. Յարգմամբ մեծաւ ընկալայ զշնորհանիշ գիր ձերոյ սրբազնութեան ի յանցեալ փոշտսն եւ յայտնի եղեւ այնու առաւելութիւն սիրոյ ձեր առ իս՝ զօրէն ճշմարիտ բարեկամի, ուստի եւ իմ խոնարհեալ ի շնորհակալութիւնս, ցանկամ վերստին տեսանել զբարերարդ իմ եւ ընծայել սրտի իմոյ մխիթարությիւն մեծ: Առաքեցի ահա յայդր սուրհանդակի զհաւատարիմն մեր Իբրահիմ բէգն, որպէսն մեր լիովին ի դմանէ յայտնի: Խնդրեմ մեծապէս, որ ինչ ի կողմանէ մերմէ բանք իցէն դմա խօսելիք, անց ամենայնից օգնական եւ նպաստ լինիլ մեծաւ հետեւողութեամբ, զի ամենայն մեզապատկան բանք բերանոյ դորին գիտասցէ սրբազնութիւն ձեր, որ թարց կարծեաց խօսք իմ են եւ խորհուրդք սրտիս: Նաեւ խնդրեմ զգիր բարեկամական սիրոյն ձեր անպակաս առնել յինէն՝ հանդերձ տեղւոյդ որպիսութեամբն, զորս մեծ շնորհ համարիմ ի յիս: Մնամ ձերոյ բարձր սրբազնութեանն ամէնախոնարհ ծառայ ( կնիք : Մուրթուզա Կուլիի անունը վերջին անգամ հիշատակված ենք գտնում Արղությանի 1799 թ. հոկտեմբերի 27- ի Պետերբուրգից Մկրտում Գալստյանին գրած նամակում « Զընկալնումն թղթոյն իւրոյ սակս Մուրթուզաղուլի խանին՝ ասացից պարոն Լաշկարովին » ձեւով: ( ՄՄ. ձ. 2951, թ. 226 բ. ):

[57]        ՄՄ, ձեռ. 2951, թ. 161 բ -162 ա:

[58]        ՄՄ, ձեռ. 2951, թ. 163 բ:

[59]        Նույն տեղում, թ. 177 ա:

[60]        Նույն տեղում:

[61]        Армяно-русские отношения..., IV, с. 510.

[62]        z. SaraSeniZe. saqarTvelos sakiTxi XVIII saukunis miwurulis iranis sagareo politikaSi. maxlobeli aRmosavleTis qveynebis axali da uaxlesi istoria , Tb., 1983, gv. 119-120.

[63] z. SaraSeniZe. saqarTvelos sakiTxi..., gv. 121.