Հեղինակ

Բաժին

Թեմա

4. 4 ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՒ ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ 

Ռուսաստանին Այսրկովկասի միացմանը անմիջականորեն նախորդած շրջանում հայ գործիչների կողմից միջազգային հարաբերություններին հետեւելու եւ այն իրենց ծրագրերում հաշվառելու պատմության ուսումնասիրությունը եւս հայագիտության ուշագրավ խնդիրներից է: Այսրկովկասի նվաճման առավել լուրջ նախապատրաստմանը ձեռնամուխ լինելով արդեն իսկ 1760-1770-ական թվականներից, Ռուսաստանը ձգտում էր ոչ միայն քայլ առ քայլ այստեղ ամրապնդել իր ներկայությունը, այլեւ փորձում էր հետզհետե թուլացնել եւ ապա չեզոքացնել Թուրքիայի եւ Իրանի ազդեցությունը նշված տարածաշրջանում:

Հայտնի է, որ Ռուսաստանի մուտքը Այսրկովկաս մտահոգում էր նաեւ եվրոպական երկրներին, մասնավորապես՝ Անգլիային եւ Ֆրանսիային, որոնք հրահրում էին Թուրքիային եւ Իրանին՝ պահանջելով ավելի համառ ջանքեր գործադրել Ռուսաստանին դիմագրավելու գործում՝ խոստանալով իրենց դիվանագիտական ու ֆինանսական աջակցությունը [1]:

Հայ հասարակական-քաղաքական գործիչները, որ ուշի ուշով հետեւում էին միջազգային հարաբերությունների զարգացմանը եւ փորձում նպաստել հայ ժողովրդի ազատագրմանն ու անկախության վերականգնմանը, հիմնականում միանշանակ կողմնորոշվել էին դեպի Ռուսաստան, ձգտելով օժանդակել նաեւ ռուսական դիվանագիտությանը՝ հաղթահարելու մրցակից պետությունների դիմադրությունը եւ նպաստավոր պայմաններ ստեղծել ռուսական ռազմական օժանդակությունը Այսրկովկաս հասցնելու համար: Այդ նպատակով ԺԸ. դարի 90-ական թվականներին որոշակի ջանքեր էին գործադրում Ռուսահայ գաղթօջախի ներկայացուցիչները եւ հատկապես Ռուսահայ թեմի առաջնորդ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը: Հայ հասարակական-քաղաքական ու եկեղեցական գործիչների գրագրություններում ժամանակի միջազգային հարաբերություններում տեղի ունեցող իրադարձությունները գնահատվում էին հայ ժողովրդի ազատագրման համար նպաստավորության տեսանկյունից ու չափանիշով:

Լրջագույն ձեւով նախապատրաստվելով Այսրկովկասում իր տիրապետությունը հաստատելու համար, Ռուսաստանը 1796 թ. Աղա-Մահմադ խանին պատժելու պատրվակով գեներալ Վ. Զուբովի գլխավորությամբ Ռուսական բանակը ի վերջո շարժեց դեպի Այսրկովկաս: Ռուսական զորքերի արշավանքը կարծես գալիս էր ոչ միայն վերջակետ դնելու նախորդ տասնամյակների դիվանագիտական նախապատրաստական աշխատանքներին, այլեւ հիմնավորապես օգտագործելու ստեղծված առավել նպաստավոր նկատված առիթը՝ Այսրկովկասում վերջնականապես հաստատվելու համար: Նույն թվականին, սակայն, ռուսական զորքերի արշավանքի դադարեցումը եւս, անշուշտ, չպետք է միանշանակ վերագրել գահ բարձրացած Պավել Առաջինի քմահաճույքին: Արդեն իսկ նշվել է, որ Պավել Առաջինի Կովկասյան քաղաքականությունը ուներ իր տրամաբանությունն ու հետեւողականությունը: Այդ ապացուցվում է նաեւ հայկական վավերագրերում պահպանված վկայությունների քննությամբ:

1796 թվականի վերջերից առավել բարդ իրավիճակ էր ստեղծվել եվրոպական մայրցամաքում, ուստի Պավել Առաջինը Այսրկովկասի, ապա եւ Թուրքիայի ու Իրանի նկատմամբ որդեգրում է որոշ սպասողական քաղաքականություն: Նա իր կառավարության դիրքորոշումը շարադրում է 1797 թ. հունվարի 5-ին Աստրախանի նահանգապետ գեներալ Ի. Վ. Գուդովիչին ուղղված կարգադրության մեջ: Նա թվարկում է յոթ հիմնական դրույթ, որով պետք է առաջնորդվեր իր վարչակազմը Կովկասի նկատմամբ իրականացվող քաղաքականության ժամանակ: Որպես առաջնահերթ նպատակ Պավել Առաջինը կարգադրում էր ապահովել Ռուսական տերության առկա սահմանների անվտանգությունը: Կովկասի եւ Այսրկովկասի ժողովուրդների նկատմամբ Պավել Առաջինը հրահանգում . էր վարել բարի դրացիության քաղաքականություն, թույլ չտալ որեւէ ճնշում՝ հնարավորին չափ նրանց պահելով ռուսական ազդեցության ոլորտում: Որպես ժամանակավոր միջոցառում Պավել Առաջինը հրամայում էր Այսրկովկասում Ռուսաստանի հսկողության ներքո ստեղծել տեղական իշխողների դաշնակցային միություն [2], որն ի վիճակի կլիներ դիմագրավել օտար պետությունների ոտնձգությունները: Պավել կայսրը միաժամանակ հրահանգում էր Ի. Գուդովիչին հասկացնել Աղա-Մահմադ շահին, թե հակադրվելով Ռուսաստանին՝ ինչպիսի վտանգի է ենթարկում իրեն: Նա հրահանգավորում էր բարի դրացիական հարաբերություններ պահպանել Թուրքիայի հետ: 1797 թ. Ռուսական զորքերի Այսրկովկասից հեռանալուն հայ ժողովուրդը հետեւում էր մեծ տագնապով ու անհանգստությամբ: Վ. Զուբովի վերադարձի մասին Ղուկաս Կարնեցին գրում էր Շ. Շահամիրյանին. «... առ տարաբախտութեան մերոյ օրհասին մահու ժամանեալ յիշեցելոյ մեծի Կայսերուհւոյն, խափանեցավ գործն օգտակարագոյն աշխարհի, ըստ որում հարազատն նորին նորապսակ յաջորդն դարձ առնել ետ զօրացն՝ զամենայն ընդ ձեռամբ արկեալսն թողլով հնոց տիրողացն աւերչաց» [3]:

1796-1797 թթ. Ֆրանսիան հեղափոխության նվաճումների պաշտպանությունից անցավ բացահայտ նվաճողական քաղաքականության՝ ընդգրկելով նաեւ Արեւելքի երկրները: Գահ բարձրանալու իսկ առիթով հրապարակած իր շրջաբերականում Պավել 1-ինը հայտարարում էր, թե պետք է բոլոր հնարավոր միջոցներով դիմագրավել Ֆրանսիական հանրապետությանը, որ սպառնում է Եվրոպային «օրենքի, իրավունքի, ունեցվածքի ու բարոյականության լիակատար ոչնչացմամբ»: Բոնապարտի հաջողություները ինչպես կենտրոնական Եվրոպայում, այնպես էլ Թուրքիայում, լրջորեն սպառնում էին Ռուսաստանի շահերին: Փորձելով կանխել Ֆրանսիայի առաջխաղացումը, Պավել 1-ինը արդեն իսկ Նապոլեոնի Իտալական ու եգիպտական արշավանքների նախօրյակին որոշեց օգտագործել Թուրքիայի դժգոհությունը եւ նրան առաջարկեց իր նավատորմը՝ պաշտպանության համար: 1798 թ. ռուս-թուրքական նախնական համաձայնագրով Ռուսական նավատորմը ադմիրալ Ուշակովի հրամանատարությամբ մտավ Միջերկրական ծով [4]: 1798 թ. օգոստոսի 23-ին (սեպտ. 2) Թուրքիան պատերազմ հայտարարեց Ֆրանսիային [5]: Ռուս-ֆրանսիական մրցակցության մեջ ակնհայտորեն վճռվում էր նաեւ Այսրկովկասի հարցը. եւ այդ ոչ միայն դուրս չէր մնացել հայ գործիչների տեսադաշտից, այլեւ այդ է պատճառը, որ իրենց գրագրություններում նրանք միանշանակ բացասաբար են արտահայտվում Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մասին: Այլ խոսքով, հայ գործիչները հետեւում էին եվրոպական իրադարձություններին՝ որքանով այդ վերաբերում էր եւ կարող էր անդրադառնալ Այսրկովկասի ճակատագրին: Դեռեւս 1792 թ. ապրիլի 17-ին Ղուկաս կաթողիկոսը Հովսեփ Արղությանին ուղղած նամակում, չկիսելով նրա անհանգստությունը, գրում էր. «Ֆրանսիոյ թագաւորութեան շփոթումն ու փափին իշխանութեան նշհակիլն եւս յայտնի եղեւ մեզ: Իսկ նոքա թէ առժամանակ մի խռովին, յետոյ խաղաղանալ կարէն, բայց Հայաստան աշխարհիս եւ ազգի մերում յԱստուծով խաղաղութիւն ծագեսցի» [6]: Հովսեփ Արղությանը, որ գտնվելով Ռուսաստանում ու սերտ հարաբերությունների մեջ լինելով Ռուսական արքունիքի բարձրաստիճան գործիչների հետ, իրազեկ էր արքունիքում Այսրկովկասին ու ռուսահայոց խնդիրներին վերաբերող քննարկումներին, 1793 թ. փետրվարի 4-ին Պետերբուրգից գրում էր Աստրախան. «Ֆրանսիզի թագաւորի սպանիլն տրտմութիւն եղեւ ամենեցուն եւ բանից արգելումն... » [7]: Վերջին արտահայտությամբ Հ. Արղությանը նկատի ուներ այն արտոնությունները, որին սպասում էր հատկապես Աստրախանի հայությունը, այն է՝ Ռուսահայությանը տնտեսական ու հասարակական միանման արտոնություններ շնորհելու խնդրագրի բավարարումը արքունիքի կողմից: Նապոլեոնի նվաճողական քաղաքականության հետագա ծավալումը, մեծ անհանգստություն առաջացրեց եւ Ռուսաստանում եւ թե Հայաստանում:

1797 թ. հուլիսի 31-ին Ղուկաս Կարնեցին տեղեկացնում է Հ. Արղությանին, թե «ոչ միայն ի Թիֆլիզու, այլեւ ի Պօլսոյ լսեմք զկատաղիլն տիրասպանիցն ի վերայ Հռօմէական տէրութեանն եւ ունիլ զդիտումն ի սահմանս կողմանդ, ուստի եւ յոյժ ցաւիմք: Տէր ցրուեսցէ զխորհուրդս նոցա եւ փրկեսցէ զերկիրդ յապականարար թունից նոցին» [8]:

Նապոլեոնի եգիպտական արշավանքի հետեւանքների դրսեւորումն է արձանագրում Երուսաղեմի Հայոց Պետրոս պատրիարքը, որը Ղուկաս Կարնեցուն 1798 թ. նոյեմբերի 11-ին գրած նամակում հաղորդում է. «յԱստուծագիտութենէ յանաստուածութիւն սահելով ապօրէն ազգն Գաղղիացւոց մեծահանդէս նաւուք բազմութեան յանկարծուստ իմն զԱղէքսանդր ծովեզր քաղաք պաշարեալ, յորմէ զոտս իւր յԵգիպտոս խաղացուցեալ զմարդիս սրոյ ճարակ տալով խուռն ամբոխիւք իբր անհամար թուով ի փոքր միջոցի զայն ինքեան իսկապես գրաւելոյ զկնի, շուրջ զնովաւ եղեալ գաւառսն սարսեալ դողացոյց ահ երկիւղի անողորմութեան նորին: Ահա այս ձայն հնչման նորին ոտից շարժման, մինչ յամի 1247 (1798) յամսեանն յունիսի յաւուրս 28 եկել հասանէր յունկս ագարացի բնակչացն սրբոյն Երուսաղէմի, իսկոյն սոքա համայնաժողով գումարմամբ... զվանորայս առապուռ հարկանել զատամունս կրճտէին եւ զամենայն քրիստոնեայս ի սուր սուսերի մաշել: Զյետինն ոչ թոյլ ետ Աստուած, բայց զառաջինն իրաւամբ կատարեցին... » [9]: Հայերեն Ճառընտրի մեջ կատարած իր գրառումներում Երուսաղեմի սրբոց Հակոբյանց վանքի միաբաններից մեկը հաղորդում է. «Այսօր սեպտեմբերի սկիզբն է, լուաք, թէ Սպանեօլ, Ֆրանկսըզ, Նեմսէ միաբանեալք են նորահաւատ իմն կրօնի սպասաւորութեան, նաեւ փափէն ԻԶ (26) հազար քսակ առեալ են, զի մի քայքայեալ կործանեսցէն զՀռոմ քաղաքն եւ այսոքիկ միաբանեալ ապստամբքն խոստացեալ են Տաճկաց թագաւորին ի միասին Մօսկօֆ թագուհւոյն, որ զորեղութեամբն 30 տարի է պատերազմի ընդ մահմետականաց եւ սրբոյ խաչին զօրեղութեամբն յաղթօղ անուանեալ, երթան եւ ոչնչացուցանելով տիրելոց են երկիրն Ռուսաց... » [10]: Հայ հասարակական եւ եկեղեցական գործիչների վերաբերմունքը ֆրանսիական հեղափոխության նկատմամբ պայմանավորված էր նաեւ դիվանագիտական այն գործունեությամբ, որ վարում էր Նապոլեոնը իր արտաքին հարաբերությունները կարգավորելու նպատակով: Այսպես, գրավելով Եգիպտոսը, Նապոլեոնը հատուկ շրջաբերականով դիմում է Եգիպտոսի ժողովրդին եւ իր արշավանքը բացատրում եւ արդարացնում մամլուկների լծից նրանց ազատագրելու եւ մահմեդականությանը սատար կանգնելու իր մտահոգությամբ եւ վճռականությամբ: Շրջաբերականը, բնականաբար, անհանգստացրել է հայազգի գործիչներին եւ այն թարգմանվել է հայերեն [11]: Ուշագրավ այդ շրջաբերականը, որ հայտնի է եւ հաճախ է օգտագործվում Նապոլեոնի Եգիպտական արշավանքի ուսումնասիրողների կողմից [12], հետեւյալն է.                                                        

«Յանուն Աստուծոյ ողորմածի ոչ գոյ Աստուած բացի տէառնէ, ոչ որդի եւ ոչ ընկեր նորա: Ի դիմաց ժողովոյն Գաղղիացւոց հիմնեալ մաքրութեամբ սպարապետ մեծն Պօնաբարթէ՝ հրամանատար զօրացն Գաղղիացւոց, յայտ առնէ ամենայն ազգաց Եգիպտականաց, զի ի վաղուց հետէ սանճաղք գաւառացն Եգիպտոսի բռնացեալ վարէին ընդ Գաղղիացիս դառնութեամբ նեղելով, արհամարհելով եւ հարստահարելով զվաճառականս նոցա ազգի կաշառառութեամբ եւ պէս պէս տուգանօք: Բայց ահա էհաս լրումն ժամանակի, յորում մեք ըստ բազմաժամանակեայ փափագանաց մերոց եկեալ վրէժխնդիր լինիմք: Մեմլուկքն, որք են ժողովք յարծաթագին ծառայից՝ եկեալք ի լերանց Ապազայի, Վրաստանու եւ Չերքեզի, ապականեալք էին զբարելի մասն երկրագնդոյս: Բայց ամենակարօղն իսպառ խորտակեաց եւ երեկ զամենայն զօրութիւնս եւ զփարթամութիւնս նոցա:

Ով դուք՝ ազգք Եգիպտական, լուարուք, զի մեք ոչ վասն այլ դիտման իջաք ի կողմունս յայսոսիկ, եթէ ոչ միայն վասն պաշտպանութեան հաւատոյն ձերոյ: Մի հաւատայք յայտնի ստութեանց հակառակորդաց, ասասջիք նոցա, թէ մէք հասեալ ժամանեալ եմք վասն ազատելու զձեզ ի յանիրաւութենէ բռնաւորացն: Ասասջիք նոցա, թէ մեք լաւագոյն քան զմեմլուքսն խոստովանիմք եւ պաշտեմք զԱստուածն օրհնեալն ամենայնի եւ զԽուռանն գերագոյն: Եւ ասասջիք նոցա, զի ամենայն մարդ առաջի Աստուծոյ հաւասար է եւ միայն միտք եւ գործք եւ արուեստք եւ իմաստութիւն զանազանեն զմարդիկս միմեանց: Իսկ արդ ի մեմլուքսն յայնոսիկ զինչ իմաստ եւ բարեգործութիւնք, որովք գերազանցիլ կարասցեն ի վերայ ամենեցունց, որով եւ դուք արժանի դատեսջիք զնոսա, միայն տիրել ի վերայ ձեր եւ ստանալ զամենայն վայելչութիւնս աշխարհիս, զբարեբեր երկիրս, զգեղեցիկ կանայս եւ զընտիր երիվարս եւ զմեծաշուք օթեւանս:

Ով դուք՝ զազիրք եւ զեղիք եւ ժողովուրդք, եւ դուք՝ չօրպաջիք եւ այանք քաղաքաց, ասացեք ազգաց եւ ազանց ձերոց, զի գաղղիացիք են ճշմարիտ մուսուլմանք եւ ստուգութիւն բանիս երեւի ի գործոց նոցա, զի մտեալ ի մեծն Հռօմ կործանեցին Աթոռն պապին, վասն զի հանապազ յորդորիչ էր ամենայն քրիստոնէից՝ յառնել ի մարտ պատերազմի ընդդէմ մահմեդականաց: Կայր եւեթ կղզին Մալթայու, զորոյ զիշխանն ընդ աւագանիսն հալածեցին եւ աքսորեցին, քանզի յաւէտ հակառակ էին, թէ Աստուած ամենակարօղն խնդրէ ի նոցանէ մարտնչիլ եւ կորուսանել զմահմետականս:

Արդ, ազգն Գաղղիացւոց յամենայն ժամանակի եւ այժմ եւս սիրէ զթագաւորն Օսմանցւոց եւ հաւատարիմ է նմա եւ ատէ զթշնամիս նորա, Աստուած մշտատեւ պահեսցէ զիշխանութիւն նորին: Բայց մեմլուքքն, որք հպատակ էին թագաւորին, ոչ էր կամաց յօժարութեան, այլ վասն շահաւետութեան եւ օգտի անձանց իւրեանց, երանի եւ առաւել եւս երանի ազգաց բնակելոց յԵգիպտոս, որ անյապաղ համախոհ լեալ ընդ մեզ եղիցին» [13]:

Նապոլեոնի արշավանքը առաջին հերթին ուղղված էր Անգլիայի դեմ եւ պետք է նպաստեր Մերձավոր Արեւելքում Ֆրանսիայի տիրապետության հաստատմանը: Այն փորձ էր նաեւ Մերձավոր Արեւելքում կրկնելու Ֆրանսիայի իտալական քաղաքականությունը եւ նպատակ ուներ ֆրանսիական բանակի միջոցով ծավալելու ժողովուրդների ազգային ազատագրական շարժում: Վերջինս պետք է լիներ խոշոր հեղափոխություն եւ ցնցեր երեք մայրցամաքները՝ Եւրոպան, Ասիան եւ Աֆրիկան [14]:

1798 թ. Նապոլեոնի դեմ պատերազմի ժամանակ Մուրադ բեյի կողմից եգիպտական նավատորմի հրամանատար նշանակված հայազգի Նիկողայոսը գերի ընկավ եւ բանտարկվեց Կահիրեի ամրոցում [15]: Նիկողայոսն օգտագործում էր այն թնդանոթները, որ դրանից մի քանի տարի առաջ Օսմանցիների դեմ օգտագործելու նպատակով Օռլով իշխանից գնել էր հայազգի Յաղուբի (Հակոբ) գլխավորած Ալի բեյի պատգամավորությունը [16]: Իրենց տիրապետության ընթացքում ֆրանսիացիները Եգիպտոսում վերացրին հայերի առեւտրական արտոնությունները [17]: Հայ բնակչությունը, այդպիսով, հայտնվում էր երկուստեք անհանդուրժողականության իրավիճակում. որպես քրիստոնյաներ նրանք հալածանքի էին ենթարկվում մահմեդականների կողմից՝ առանց հովանավորության արժանանալու ֆրանսիական իշխանություններից: Այնուամենայնիվ, հայազգի զինվորականների մի մասը ծառայության անցավ ֆրանսիական բանակում [18]: Փաստերի բացակայությունը հնարավորություն չի տալիս վստահաբար պնդելու, թե Մերձավոր Արեւելքում կամ Եգիպտոսում ֆրանսիացիների հետ հայոց փոխհարաբերությունները պայմանավորված էին Հայաստանը թուրքական լծից ազատագրելու մասին ունեցած ակնկալիքներով, թեեւ Ֆրանսիայից ֆրանսիական եկեղեցական առաջնորդներից մեկի՝ Պլուայի եպիսկոպոս Հենրիկոս (Անրի) Կրեկուարի (1750-1830) հանձնարարությամբ 1800 թ. հունվարի 28-ին Ղուկաս կաթողիկոսի անունով Հայաստան ուղարկված Շահան Ջրպետյանի նամակում ուղղակի ասվում է, թե «Զայս ինչ եւս գիտել արժան է Հոգեւոր բարձրութեան քում, թէ այժմեան կառավարութիւն Գաղղիոյ չէ որպէս զհին կառավարութիւն, եւ ոչ որպէս զայն, որ ի Հռօմ, ի Վենետիկ եւ յայլ տեղիս, ուր չգոյ ազատութիւն տպել, ուսուցանել, ունել զեկեղեցիս եւ այլն, ըստ լուսաւորչադաւան հաւատոյն մերոյ: Բաց յայսոցիկ իրաց, Գաղղիա, որ յոյժ սիրէ զազգն մեր Հայոց եւ քաջ ճանաչէ զսեպհական բարս նորա, գուցէ ընդ մերձենալն բանակին իւրոյ (որ այժմ յաշխարհ Եգիպտացւոց եւ Ասորւոց) դէպի Կիլիկիա, ի Փոքր եւ ի Մեծ Հայաստան, յայնժամ Գաղղիա աւելի Հայոցս լինի նպաստամատոյց եւ այլն, քան թէ այլոց ազգաց Արեւելեայց» [19]:

Նապոլեոնի Եգիպտական արշավանքն ավարտվեց լիակատար ձախողումով [20]: Դաշինք կնքելով Թուրքիայի հետ, Ռուսաստանը ձեռնամուխ եղավ ի թիվս այլ հարցերի, լուծելու նաեւ Այսրկովկասի խնդիրը: Ռուսթուրքական պայմանագիրը կնքվեց 1799 թ. հունվարի 3-ին (1798 թ. դեկտ. 23) եւ լայն հնարավորություններ բացեց Ռուսաստանի առաջ [21]: Անգլիան եւս 1799 թ. հունվարի 5-ին միացավ այդ համաձայնությանը: Այն պահին, երբ խոշոր տերությունների ուշադրությունը սեւեռված էր միջերկրածովյան տարածաշրջանում կատարվող իրադարձություններին, Ռուսական արքունիքը դիվանագիտական վերջին նախապատրաստական աշխատանքներն էր կատարում զորքերը Այսրկովկաս առաքելու համար: Այդ ձեռնարկմանը օրավուր սպասում էին ինչպես Հովսեփ Արղությանը, այնպես էլ Պետերբուրգում գտնվող Արցախի մելիքները՝ Մելիք Ջումշուդը եւ Մելիք Ֆրիդոնը: Ռուսական զորքերի առաքումը, սակայն, կարելի էր սկսել միայն Վրաց թագավոր Գեորգի 12-րդի համաձայնությամբ, նրա կողմից Ռուսաստանի հովանավորությունը խնդրելու մասին համաձայնագրի կամ խնդրագրի ստացումից հետո: Այդ է պատճառը, որ ռուս-թուրքական բանակցություններին զուգահեռ ընթանում էին նաեւ ռուս-վրացական բանակցությունները: Գեորգի 12-րդի համաձայնության ստացումը արագացնելու համար դիվանագիտական բանակցություններին իր մասնակցությունն ու նպաստն էր բերում նաեւ Հովսեփ Արղությանը: Շատ ժամանակ չէր անցել Աղա-Մահմադ խանի կողմից Թիֆլիսն ավերելու վայրագությունից, իսկ Գեորգի թագավորը նոր սպառնալիքներ էր ստանում Իրանի նոր շահ Բաբա-խանից: Հայ եւ վրաց գործիչները այլընտրանք չէին տեսնում, քան որոշակի պայմաններով ապավինել Ռուսաստանին: 1799 թ. հունվարի 1-ին Հովսեփ Արղությանը Գրիգոր վարդապետին Պետերբուրգից գրած նամակում արդեն նշում է . «Վրաց բանն ընկալնուլն թագաւորին եւ պատրաստելն զամենայն ըստ խնդրոյ նորին. նոյնպէս եւ մէլիքացն բան՝ լինիլն բարւօք... » [22]: Ի տարբերութիւն նախորդ տասնամյակների, երբ հայ գործիչները Հայաստանի ազատագրության եւ, ըստ այդմ, նաեւ Այսրկովկասյան խնդրի լուծման բանալին տեսնում էին ռուս-թուրքական հակամարտության ու պատերազմի մեջ եւ ամեն կերպ օժանդակում հակաթուրքական շարժմանը, ապա տվյալ պահին ակնհայտորեն հարցի լուծումը պայմանավորվում էր ռուս-թուրքական համաձայնագրի կնքման հանգամանքով [23]:

Նապոլեոնի եգիպտական արշավանքը եւ դիվանագիտական ձեռնարկումները, սակայն, շարունակում էին քննարկման նյութ մնալ Այսրկովկասյան ոչ միայն հայազգի գործիչների շրջանում: 1799 թ. ապրիլի 15-ին Հովսեփ Արղությանին հղած նամակում վրաց Դավիթ Արքայազնը գրում էր. «ֆրանսիացի գեներալ Բոնապարտը հորս՝ իմ տիրակալի, մոտ ուղարկել էր նամակատար, որը գալիս էր Թուրքական պետության տարածքով: Նա հասավ մինչեւ Ախալցխա, որտեղ տեղի փաշան տեղեկանալով նրա դիտավորությունների մասին, նրան խեղդամահ արեց եւ բոլոր նամակները վառեց: Իհարկե, դուք ավելի իրազեկ եք նրանց իրադրության մասին, միայն թե այստեղ ասում են, որ Եգիպտոսում նրանք գրավել են շատ քաղաքներ եւ մտադիր են ավելի ընդարձակել իրենց նվաճումները... Ոմն հայազգի եպիսկոպոս, որին նրանք կուրացրել էին եւ բոլոր ատամները հանել՝ նրանց չարագործությանը դիմադրելու համար, ազատվելով նրանց ձեռքից եւ վերջերս գալով Այրարատի Էջմիածին վանքը, հաստատում էր վերոշարադրյալ տեղեկությունները» [24]: Դավիթ Արքայազնի հաղորդումը, թվում է, հաստատվում է նաեւ Տեր Հովհան Խոջա-Օհանյանի վկայությամբ, ըստ որի «1799 թ. մարտի 7. Եգիպտոսից եկած մի ոմն կույր վարդապետի թաթարները գերի վերցրին» [25]:

Ուշադիր հետեւելով հակաֆրանսիական երկրորդ կոալիցիայի գործողություններին, Հովսեփ Արղությանը ոչ միայն պաշտպանում է Ռուսաստանի դիրքորոշումը, այլեւ փորձում է այդ մասին կոչ անել իր ողջ թեմին: Ստանալով Պավել Առաջինի հրովարտակի տեքստը, նա բազմացնում է այն եւ նրան կցելով իր կողմից գրած հորդորներն ու կոչերը, այն ուղարկում է Ռուսահայոց բոլոր գաղթօջախներ: Այդ նամակներից մեկը, որ հասել է մեզ, գրված է 1799 թ. հուլիսի 28-ին. «զՆորին կայսերական բարեպաշտութիւնն լցեալ ջերմեռանդութեամբ քրիստոնեական հաւատոյ ուղղափառութեամբ, որպէս պաշտպան գոլն եկեղեցւոյ եւ հաւատոյ նոցա եւ լինիլն օգնական համայն ի Քրիստոս Աստուած հաւատացելոցդ ազգաց եւ ազանց, զինուորեալ ի բարւօք զինուորութիւնն հաւատոյ... ջանայ, զի զերեւեալ աղանդն անօրէն Ֆրանզսիզացն յարուցելոյ անիրաւութեամբ ի վերայ եկեղեցւոյն Քրիստոսի զբռնութիւն նոցա զօրութեամբն Աստուծոյ եւ բնաջինջ առնել զնոսա յաշխարհէ: Արդ, այսու բարեպաշտական հաւատոյ նախանձու վառեալ ոչ միայն զհզօր եւ զանպարտելի զզօրս իւր առաքեաց ի յօգնութիւն կայսերն Գերմանիու, այլեւ յորդորեաց զամենայն քրիստոնէից թագաւորս օգնական լինիլ այնց ազգաց, որք նեղին ի բռնութենէ անօրէն ազգացն, զի թէպէտ բազումք ի յերեւելի թագաւորաց միաւորեալք զհրամանս բարեպաշտ կայսերն մերոյ, որք ի միասին ի բազում տեղիս խորտակեցին զլուծ անօրինացն եւ զնոցա հալածականս արարին եւ առնեն... » [26]:

Հովսեփ Արղությանը համոզում է, թե «սա է ճիռն այն գտեալ ի մէջ ողկուզաց եւ եթէ ոչ՝ թողեալ էր զմեզ զզաւակ իբրեւ զՍօդօմ լինեաք եւ Գօմօրայ նմանէաք: Եւ հաւատաւոր քրիստոսասէր զօրքն զինուքն Աստուծոյ եւ մեք ջերմ հաւատով մերով միացեալ ընդ նոսա վասն Աստուծոյ պատերազմեսցուք եւ յաղթեմք թշնամեացն... » [27]: Ռուսական զորքերը 1799 թ. աշնան վերջերին մտան Վրաստան: Ռուսական զորքերի հետ Այսրկովկաս վերադարձան նաեւ Արցախի մելիքները: 1801 թ. ամռանը ֆրանսիական զորքերը ստիպված էին թողնել Եգիպտոսը [28]: Սակայն դեռեւս մինչ Ֆրանսիայի եւ Օսմանյան պետության միջեւ հաշտության պայմանագրի կնքումը (1802 թ. հունիսի 26. Փարիզ) Գարսեւան Ճավճավաձեի Երեւանից ստացած նամակում հաղորդվում էր, որ Բաբա-խանի մոտ Թեհրան էր ժամանել ֆրանսիական կայսեր ներկայացուցիչը եւ խնդրել շահից նրա երկրով ազատ անցնելու իրավունք [29]: Այսրկովկասը հետզհետե ավելի մեծ չափով էր վերածվում անգլո - ֆրանս-ռուսական հակամարտության գոտու, որով եւ պայմանավորված էր Նապոլեոնի ուշադրության մեծացումը հայ եւ վրաց գործիչների հետ հարաբերություններ հաստատելու փորձերի մեջ [30]: Նրա ջանքերն ուղղված էին արդեն Ռուս-թուրքական պայմանագրից հետո Ռուսաստանի ձեռք բերած հաջողությունները ի չիք դարձնելուն, ռուսթուրքական եւ ռուս-պարսկական հարաբերությունները սրելուն եւ Մերձավոր Արեւելքում Ֆրանսիայի դիրքերը ամրապնդելու համար: Արդեն 1802 թ. Նապոլեոնը հանձնարարում է Մերձավոր Արեւելքի իր գործակալներին՝ իրենց հովանավորության տակ վերցնելու Ասորիքի եւ Հայաստանի բոլոր քրիստոնյաներին [31]: 1801 թ. կնքված պայմանագրի համաձայն Անգլիայից ստանալիք ռազմական օգնության ձգձգումից զայրացած, Ֆաթ Ալի շահը չեղյալ է հայտարարում Անգլիայի հետ կնքած պայմանագիրը եւ Էջմիածնի Դավիթ կաթողիկոսի խորհրդով նամակ է գրում Նապոլեոնին, որով օգնություն էր խնդրում նրանից: Նամակը Նապոլեոնին է հասնում 1805 թ. հունվարի վերջերին: Նապոլեոնը Իրան է ուղարկում արեւելյան լեզուների գիտակ, 25-ամյա Ամադե Ժոբերին [32]: Էջմիածին ժամանած գեներալ Գարդանի միջոցով Դանիել կաթողիկոսի մահից հետո Էջմիածնի 7 եպիսկոպոսների ստորագրությամբ Նապոլեոնին գրած նամակում (1809 թ. ապրիլի 25) ասվում էր, թե «Առիթ ցնծութեան եղեւ բազմավիշտ հոգեւորականացս եւ Արարատեան Աթոռոյն Էջմիածնի մինչ յամն 1804 լուր եհաս յականջս մեր, թէ գիր ողորմութեան Ձերոյ կայսերական բարերարութեան ունիմք ստանալ, այլ եւ այն մնացաք կարօտեալք, քանզի բդեշխն Պայազիտոյ սպան զՅովսէփ անուն գրաբերն յազգէ մերմէ եւ ի կորուստ գնացին ամենայն գրութիւնք, որք ընդ նմա» [33]: 1805 թ. մարտի 19-ին Տալեյրանին ուղղած նամակում Նապոլեոնը խորհուրդ է տալիս հետախուզական նպատակով Իրան ուղարկել հայերից որեւէ մեկին [34], իսկ 1810 թ. նրա նախաձեռնությամբ Փարիզի Արեւելյան լեզուների դպրոցում բացվում է նաեւ հայոց լեզվի դասընթաց [35]:

 


 



[1]          А. Р. Иоаннисян. Присоединение Закавказья к России и международные отношения в начале XIX столетия, с. 31-33. О. П. Маркова. Россия, Закавказье и международные отношения в XVIII веке, с. 298. Н. С. Киняпина, М. М. Блиев, В. В. Дегоев. Кавказ и Средняя Азия во внешней политике России. М., 1984, с. 3-4.

[2]          Н. С. Киняпина, М. М. Блиев, В. В. Дегоев, նշվ. աշխ., էջ 92-93.

[3]          Դիւան հայոց պատմութեան, հ. Ա - Բ, էջ 30-31:

[4]          А. П. Нарочницкий. Россия и наполеоновские войны за господство над Европой (сопротивление и приспособление), - “Проблемы методологии и источниковедения истории внешней политики России”, М., 1986, с. 93-94

[5]          А. Д. Новичев. Вторжение французов в Египет и франко-турецкая война 1798-1802 гг. - “Вопросы истории стран Азии”, Ленинград, 1965, с. 95-122.

[6]          Դիւան հայոց պատմութեան, գիրք Թ, Թիֆլիս, 1911, էջ 135:

[7]          Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. 2951, թ. 12 ա:

[8]          Армяно-русские отношения. IV, с. 458. Ուշագրավ է, որ Հնդկահայոց վերաբերմունքը Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններին լիովին հակադիր էր եւ անգամ ֆրանսամետ՝ հակաֆրանսիական կոալիցիայի ստեղծումից ի վեր: Տե՛ս Մ. Մ. Ասլանյան, Ֆրանսիական մեծ հեղափոխության արձագանքները « Ազդարարում », - ՀՀ ԳԱ « Լրաբեր հաս. գիտ. », 1990, դ 10, էջ 23-26:

[9]          Մաշտոցի անվան Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 258, վավ. 37, թ. 1, բնագիր: Հմմտ. Մաղաքիա. արքեպ. Օրմանեան, Ազգապատում, հատոր Բ, Ս. Էջմիածին, 2001, էջ 3676-3679:

[10]        Բաբկեն Կիւլեսերեան, Ցուցակ ձեռագրաց Անկիւրիոյ Կարմիր վանուց եւ շրջակայից, Անթիլիաս, 1957, էջ 17: Մէկ այլ լուսանցագրության մէջ գրիչը հաղորդում է, թե « նաեւ այսմ աւուր լուաք նոր օրենք եւ հերձուած եղեալ ազգըն Ֆռանկսըզ Հռօմայ բռնութեամբ եւ պատերազմաւ տիրեալք են, ոմանք եւս ստուգեցին, թէ ԻԶ (26) հազար քէսէ տուգանք առեալ է փափէն, տէր այց արասցէ » ( նույն տեղում ): Նշված իրադարձությունները առավել ցավագին են ընկալվում Երուսաղեմում, քանզի նույն գրչի իսկ հավաստմամբ « Ֆռանկ ազգն առ մեզ գան ի սուրբ Յակոբ եւ բոլոր Սպանեօլու կարգաւորքն առնեն պատարագ ի վերայ Գլխադրի սեղանոյն, որովհետեւ Սպանեօլն է մարմին սրբոյն Յակոբայ, առ ի պատիւ եւ մենք սիրոյ աղագաւ տամք հրաման գալոյ, երեկոյէն գան եւ առաւօտուն երթան » ( նույն տեղում, էջ 15): Պաղեստինից Նապոլեոնի զորքերի ետ քաշվելուց հետո ստեղծված իրադրության մասին արձանագրել է Մկրտիչ Աղավնունին. «1800- ին, Պետրոս պատրիարքի օրով Մեծն Նաբոլեոն իր զինուորներով Պաղեստինէն կը քաշուէր, լեռնական ֆէլլահները Ռէմլէի դատարկութենէն օգտուելով քաղաք մտած ու ամէն ինչ կողոպտելէ ու Հայոց Ս. Գէորգ եկեղեցին եւս թալլելէ յետոյ կը մեկնին ու կու գան հաստատուիլ Երուսաղէմ, Սիոնի թաղին մէջ: Աւարառունները գիշերը Ս. Փրկչի վանքը կը մտնեն, գտածնին կը յափշտակեն, կը խորտակեն պատկերները, եկեղեցւոյն խաչկալը եւ պարտեզ մտնելով 33 ձիթենիներ արմատէն կը կտրեն ու կը մեկնին Ռէմլէ: Նոյն միջոցներուն Յոպպէի, Ռեմլէի ու Երուսաղէմի վանքերը կենթարկուին մեծ նեղութիւններու » ( Մկրտիչ եպիսկոպոս Աղաւնունի. Հին վանքեր եւ եկեղեցիներ Սուրբ Երկրին մէջ. ուսումնասիրութիւններ, Երուսաղէմ, Տպարան Սրբոց Յակոբեանց, 1931, էջ 92):

[11]        Մաշտոցի անվան Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 8, վավ. 98: Մեկ այլ օրինակ տե՛ս Վիեննայի Մխիթարյան Մատենադարան, ձեռ. 2217 ( Ցուցակ հայերէն ձեռագրաց Մխիթարեան Մատենադարանին ի Վիեննա, Գ, էջ 816-817 « Գրեցաւ ի բանակին գաղղիացւոց յԱղեքսանդրիա ԺԳ յաւուր ամսեանն Մեսիթօռի յամին վեցերորդի հասարակապետութեան: Ըստ մերս 1798 իբր յօգոստոս »):

[12]        Абд ар Рахман ар-Джабарти. Египет в период экспедиции Бонапарта (1798-1801), Перевод, предисловие и примечания И. М. Фальштинского, Москва, 1962, с. 54-56. В. Б. Луцкий. Новая история арабских стран. М., 1966, с. 35-36. Այս վերջինի մեջ Նա՟պո՟լեո՟նի շրջաբերականը ունի հայերեն տարբերակից ավելի հինգ հոդված եւ թվագրված է « հիջրայի 1213 թ. մուհառռամի վերջին եւ ֆրանսիական հանրապետության VI տարվա մեսդարի 13- ին »: Ֆրանսերեն բնագրի հրատարակությունը եւ ժամանակակից վրացերենի թարգմանությունը տե՛ս daviT janeliZe. napoleonis manifesti mamluqebze. - " qarTuli wyaroTmcodneoba ", III, Tb., 1971, gv. 311-315.

[13]        Վավերագրի վերջում նույն ձեռագրով ավելացված է. « գրութիւն Պօնօփառթի առ Օսմանցիսն »:

[14]        А. З. Манфред. Поиски союза с Россией (1800-1801 гг. ), - “История СССР”, 1971, N 4, с. 39.

[15]        Абд ар Рахман ар-Джабарти, նշվ. աշխ., էջ 171, 423. Ազատ է արձակվել 1799 թ. ապրիլի 16- ին ( տե՛ս նույն տեղում, էջ 171):

[16]        Lusignan S., History of ю he Revolt of Ali Bey, London, 1783. p. 106/140, 117-119/151-153, 133/167: Լուսապատճեն հրատարակությունը եւ վրացերեն թարգմանությունը տե՛ս s. luziniani. osmaleTis portas winaaRmdeg ali beis ajanyebis istoria. inglisuri teqsts Sesavali waumZRvara, qarTul Targmani da SeniSvnebi daurTo Bbeniamin silagaZem, Tbilisi, mecniereba , 1973, 335, 339-40, 345.

[17]        Ժան - Պիեռ Մահե. Նապոլեոնը եւ հայերը. - « Բանբեր Երեւանի համալսարանի », 1996, թիվ 1, էջ 92:

[18]        Նույն տեղում, էջ 93:

[19]        « Վէմ » հանդես, 1933, թիվ 1, էջ 139: Ուշագրավ հավաստիացում է Շահան Ջրպետյանի խոստումը, թե « Եթէ զծառայութիւն ինչ հրամայել ունիս, ի նշան սիրոյն իւրոյ առ ազգն մեր՝ ամենայն բաղձանօք կատարել ունի »( նույն տեղում, էջ 138): Ջրպետյանը պնդում է նաեւ, թե « Մասնաւոր սէր եւ հակումն սորա առ ազգս մեր Հայոց՝ մեծ է յոյժ արդարեւ. թղթակցութիւն Հոգեւոր Բարձրութեանդ ընդ սմա, զոչ սակաւ օգուտս բերել կարէ Սրբոյ Աթոռոյն Էջմիածնայ » ( նույն տեղում, էջ 139):

[20]        Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների մասին լուրերը Այսրկովկասում արձանագրվել են նաեւ կաթոլիկ համայնքի քահանաներից մեկի՝ Տեր Հովհան Տեր - Օհանյանի, « Ժամանակագրության » մեջ: Այսպես, 1798 թ. հունիսի 17- ի ներքո գրված է. romis qalaqis aReba Tqves franselebisagan, papi gaqceula nemasisenis qalaqSi ( gv. 184). enkenisTvis 15. misiris iskandaris aReba Tqves fransebisagan ”( gv. 185). georgobis 26. SadluRi qmnes kvalad misiris aRebisaTvis ( gv. 185). “1800 [Tebervals] 19. misiris aReba Tqves da zarbaznebi isroles”(gv. 188). “1801 w. enken. 13. misiris aRebis Sadluxi hqmnes”(gv. 192). “1801 w. giorg. 26. misiris aRebis Sadluxi daiwyes” (gv. 192) ( տե՛ս S. lomsaZe. gviani Sua saukuneebis saqarTvelos istoriidan: axalcixuri qronikebi. Tb., 1979).

[21]        Պայմանագրի մանրամասն վերլուծությունը տե՛ս Г. А. Клейнман, Русско - турецкий союз 1799 г. -“ Доклады и сообщения исторического факультета МГУ , вып. 3, М., 1945, с. 9-23.

[22]        ՄՄ, ձեռ. 2951, թ. 237

[23]        Դեռեւս 1798 թ. հոկտեմբերի 28- ին, երբ դեռ նոր միայն տեղեկություններ էին ստացվել ռուս - թուրքական մերձեցման հնարավորության մասին, Հովսեփ Արղությանը այլաբանորեն գրում էր Գրիգոր վարդապետին. « Արեգակն հաճեալ հայեցողութեամբ հայեցաւ ի լուսինն, վասնորոյ եւ փոփոխութիւն ի մոլորական եւ անմոլար աստեղն պատճառի, այլ անգեան գիսաւոր լեալ, զամենայն աստեղեօք եւ որպէս զմի անմոլարից: Ուստի աշխարհ ամենայն սասանի, ընդ էֆիմերտիսին ողորմելիք են ենթ լուսնայինս, ըստ որում ի նոսա ներգործեն սոքա զզօրութիւն իւրեանց քառակուսի հայեցուածով: Աղաչեսցուք զԱստուած, տալ զզօրութիւն եւ խաղաղութիւն գլխոյն տիրականի եւ ամենայն հետեւելոյն իւրոյ ի բարօրութիւն մեզ նեղելոցս » ( ՄՄ, ձեռ. 2951, թ. 225 բ ): Ռուս - թուրքական պայմանագրի կնքումից երկու ամիս հետո, 1799 թ. մարտի 3- ին Հ. Արղությանը գրում էր. « Մեր ամենաողորմած կայսրն ունի յոյժ բարեկամական կապակցութիւն ընդ պետին հագարացւոց եւ նա կայ առ հրամանս մեծութեան սորին՝ յոյժ խորին հնազանդութեամբ եւ այս յատուկ պարգեւ յԱստուծոյ է յաղագս քրիստոնեական ազգին... » ( նույն տեղում, թ. 253 ա: ):

[24]        А. А. Цагарели. Грамоты и другие исторические документы XVIII столетия, относящихся к Грузии, т. II, вып. II (1798-1801гг. ), СПб, 1902, с. 203-204. Հմմտ. valerian iobaSvili. saqarTvelo saerTaSoriso politikisa da diplomatiaSi XVIII saukunis bolosa da XIX saukunis I mesamedSi. - qarTuli diplomatia . weliwdeuli. 4. Tbilisi, 1997, gv. 157.

[25]        S. LlomsaZe. gviani Sua saukuneebis saqarTvelos istoriidan: axalcixuri qronikebi, gv. 186.

[26]        ՄՄ, ձեռ. 2951, թ. 279-280:

[27]        Նույն տեղում:

[28]        Այդ առթիվ Օսմանյան կայսրության մեջ տեղի էին ունենում տոնահանդեսներ եւ թնդանոթաձգություններ, որի մասին հիշատակություն ունի Տեր Հովհան Խոջա - Օհանյանը:

[29]        А. А. Цагарели, Նշվ. աշխ., վավ. 202:

[30]        И. Табагуа, Из истории франко-грузинских связей конца XVIII и начала XIX века, Тб., 1974, с. 13-34.

[31]        А. Р. Иоаннисян, Присоединение..., с. 107.

[32]        А. Р. Иоаннисян, Присоединение..., с. 86-89, 104-107. i. naWyebia. narkvevebi safrangeT - iranis diplomatiuri urTierTobis istoriidan ( XIX saukunis dasawyisi ), 2002, gv. 23. i. naWyebia. safrangeT - iranis diplomatiuri urTierToba 1804-1810 wlebSi ( franguli wyaroebisa da saarqivo masalis mixedviT ), istoriis mecnierebaTa doqtoris samecniero xarisxis mosapoveblad wardgenili disertaciis avtoreferati, Tb., 2003, gv. 9.

[33]        « Լումայ », 1897, թիվ Ա, էջ 303-304: ԴանիելԿաթողիկոսի նամակները տե՛ս նույն տեղում, էջ 292-303: Հմմտ. А. Р. Иоаннисян, Присоединение..., с. 107-108:

[34]        О. П. Маркова. Восстание в Кахетии 1812 г., М., 1951, հղվում է Correspondanse, t. X, p. 130-131.

[35]        Ժան - Պիեռ Մահե, Նապոլեոնը եւ հայերը, էջ 95-97: