Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թուականներին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՏԵՐ-ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (Ա-ԴՈ)

 

Հայ մտավորական եւ գիտնական Ա-Դոն (Հովհաննես Տեր-Մարտիրոսյան, 1867 թ. հունվարի 4 1954 թ. փետրվարի 7) XIX դ. վերջի եւ XX դ. առաջին տասնամյակի հայ իրականության աչքի ընկնող դեմքերից է: Նա այն հազվադեպ անհատներից մեկն է, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է հայ ժողովրդի պատմության կարեւոր ժամանակահատվածների մանրակրկիտ ուսումնասիրությանը:

Ա-Դոն ծնվել է Նոր Բայազետում: Հայրը եւ երկու եղբայրները զբաղվել են առեւտրով եւ անասնապահությամբ: Ընտանիքը եղել է բազմանդամ` հինգ տղա եւ երեք աղջիկ: Ա-Դոն թվով երրորդ երեխան էր:

Չնայած հոր բազմազբաղվածությանը, նա մեծ տեղ է հատկացրել երեխաների ուսմանը: Ավագ որդուն` Սիրականին ուղարկում է սովորելու Երեւանի գիմնազիայում: Իսկ Ա-Դոն, երբ լրանում է նրա 7 տարին, ընդունվում է Նոր Բայազետի մասնավոր դպրոց: Այս դպրոցում Ա-Դոն սովորում է մոտ երեք ամիս, որից հետո հայրը նրան տեղափոխում է պետական դպրոց, «որն իր ներքին կահավորումով, դիտողական նկարներով եւ նույնիսկ առարկաներով նախ Մայրապետի եւ ապա ծխական դպրոցից հետո ինձ վրա թողեց հմայիչ տպավորություն եւ այս դպրոցում ես անցկացրի իմ ուսուցման չորս տարիները»։

1880 թ. Ա-Դոյի հայրը որոշում է որդուն ուղարկել Երեւան` գիմնազիայում սովորելու համար, սակայն նույն թվականին մահանում է եւ ընտանիքը հայտնվում է նյութական ծանր վիճակում: Նոր Բայազետ է վերադառնում Սիրականը, որը ստանձնում է բազմանդամ ընտանիքի հոգսերը: Սակայն Նոր Բայազետում գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում, ուստի նա որոշում է մեկնել Երեւան` խանութ բացել, ապա տեղափոխել մորը, քույրերին եւ եղբայրներին:

1881 թ. սեպտեմբերի 2-ին 15-ամյա Ա-Դոն Նոր Բայազետից մեկնում է Երեւան` աշխատելու եղբոր խանութում: Երեւանը բայազետցի պատանու վրա թողնում է անմոռանալի տպավորություն. «Բուսականությունից զուրկ, ինչպես ասում են չոր ու ցամաք եւ աղքատիկ Բայազետից հետո այգիներով շրջապատված եւ բուսազարդ Երեւանը եւ այն էլ սեպտեմբեր ամսին, երբ այդ քաղաքն ներկայացնում էր պտուղների ու առատության մի ծով, ինձ վրա թողեց հմայիչ տպավորություն» [1]:

Մեյդան կոչվող հրապարակում գտնվում էր եղբոր խանութը, որտեղ Ա-Դոն աշխատում է որպես վաճառող երկու եւ կես տարի: Սիրականը հազվադեպ էր լինում խանութում, նա հասարակական աշխատանք էր վարում եւ հանդիսանում էր Թիֆլիսում հրատարակվող «Մշակ» թերթի թղթակից [2]: Խանութի գրեթե ողջ հոգսն ընկած էր պատանի Ա-Դոյի ուսերին:

1882 թ. սեպտեմբերին Նոր Բայազետից Երեւան են տեղափոխվում Տեր-Մարտիրոսյանների ընտանիքը եւ ինչպես գրում է Ա-Դոն. «ես սկսեցի ճաշակել մորս խնամքը, ազատվեցի մինչ այդ անկանոն կյանքից, միաժամանակ խանութի ձանձրույթից հետո սփոփանք գտնում էի մորս, եղբայրներիս ու քույրերիս շրջապատում» [3]:

Եղբոր` Սիրականի «Մշակի» թերթին թղթակցելն առիթ է դառնում, որպեսզի Ա-Դոն եւս ընթերցի օրաթերթը եւ նրա խոստովանությամբ. «այն («Մշակը»   խմբ. ) դարձավ իմ ընթերցարանը, դպրոցը եւ ամեն ինչ, որի հետ կապվեցի ընդմիշտ» [4]:

Ա-Դոն հարմար առիթ էր փնտրում գիտելիքները լրացնում համար: Նման հնարավորություն ստեղծում էր հատկապես ամռանը, երբ Ռուսաստանի տարբեր համալսարաններից եւ Գեւորգյան ճեմարանից Երեւան արձակուրդ էին գալիս հայ ուսանողները: Նրանց միջոցով երիտասարդը ծանոթանում է ռուս եւ համաշխարհային գրականության եւ քաղաքական ասպարեզի նորություններին:

Ա-Դոն իր գիտելիքները լրացնելու մեկ այլ աղբյուր էր գտել: Բնիկ երեւանցի, մասնագիտությամբ բժիշկ Լեւոն Տիգրանյանը (1894 թ. հունվարից մինչեւ 1895 թ. հունիսը՝ Երեւանի քաղաքապետ), որը  մեծ սիրով տրամադրում էր իր անձնական գրադարանը համաքաղաքացիներին:

1884 թ. սկզբներին Սիրականը վաճառում է խանութը եւ սկսում է աշխատել ընկերների հետ: Նույն թվականի մայիսին Ա-Դոն հարկադրված է լինում աշխատանքի ընդունվել «Նադեժդա» ընկերության Աղստաֆայի գրասենյակում: Այստեղ նա աշխատում է մինչեւ հուլիսի վերջերը եւ վերադառնում է Երեւան:

1885 թ. սեպտեմբերին Ա-Դոն աշխատանքի է անցնում Աֆրիկյանների առեւտրական տուն, որպես վաճառող: Աֆրիկյանները ոչ միայն հայտնի վաճառականներ էին, այլեւ բարեգործներ: Տիգրան Աֆրիկյանը, որը կիրթ անձնավորություն էր, իր անձնական միջոցներով գյուղական բնակավայրերում դպրոցներ էր հիմնում: Նա իր վրա էր վերցնում միայն դպրոցի կահավորումը եւ ուսուցչի վարձատրությունը: Ինչպես նկատել է Ա-Դոն, գումարը տալիս էր Տ. Աֆրիկյանը, այլ ոչ թե Աֆրիկյան առեւտրական տունը: Դա արվում էր հատուկ նպատակով, «Որպեսզի գյուղական համայնքն ինքնագործունեության վարժվի եւ ամեն ինչ պատրաստի ստանալով, մուրացկանության չվարժվի» [5]:

Ա-Դոն գովեստով է խոսում Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսի մասին, որի առաջին գործը եղավ ռուսական իշխանությունների կողմից փակված հայկական դպրոցները բացել: Այդ կարեւոր իրադարձությունը տեղի ունեցավ 1886 թ.:

Երեւանի նահանգը հայտնի էր բամբակենու մշակմամբ եւ Ա-Դոն ուսումնասիրում է այդ կուլտուրայի մշակման եւ վաճառքի մանրամասները, պարզում մի շարք զեղծարարություններ` կապված նրա գնման ու վաճառքի հետ: Երիտասարդի աչքից չի վրիպում մի կարեւոր փոփոխություն. Մոսկվայի եւ Լոձի բամբակամշակման գործարանների տերերն աստիճանաբար իրենց ձեռքն են վերցնում բամբակի գնման մենաշորհը Երեւանի նահանգում եւ դուրս մղում տեղացի առեւտրականներին: Ահա այս եւ այլ հիմնախնդիրներին էր նվիրված Ա-Դոյի առաջին ուսումնասիրությունը` «Բամբակի առեւտուրը Երեւանում», որը տպագրվում է «Մշակ» թերթի 1888 թ. հունվարի 23-ի N 9-ում:

1889-1891 թթ. Ա-Դոն ընդունվում եւ ավարտում է Երեւանի թեմական դպրոցը:

1890 թ. Երեւանի նահանգում ձեւավորվում է Հայ Յեղափոխական Դաշնակցություն ազգային կուսակցության կազմակերպական կառույցը, որի հիմանդիրների թվում էր նաեւ Ա-Դոն: Նրա եւ իր կուսակցական ընկերներ Գեդեոն Ահարոնյանի, Գալուստ Ալոյանի (Թորոս, Դավրիշ), եւ մյուսների ջանքերով կուսակցության կառույցները հիմնվում են նաեւ Էջմիածնում, Մաստարայում եւ այլ վայրերում [6]: ՀՅԴ անդամ է դառնում Ա-Դոյի կրտսեր եղբայր Միքայելը:

1891 թ. մահանում է Մակար կաթողիկոս Թեղուտցին: Անհրաժեշտ էր ընտրել նոր կաթողիկոս: Առաջադիմական ուժերը ցանկանում էին կաթողիկոսական գահաթոռին տեսնել հայության սերն ու խորին ակնածանքը վայելող Մկրտիչ Խրիմյանին: Պայքար է ծավալվում եւ ի վերջո 1892 թ. մայիսի 5-ին նա օծվում է որպես Ամենայն հայոց կաթողիկոս: Ա-Դոյի գրառումներից երեւում է, որ նա էլ է մասնակից եղել կաթողիկոսության թեկնածու Մ. Խրիմյանի օգտին տարվող քարոզչությանը:

1892 թ. Ա-Դոն հեղինակում է մի հետաքրքիր ուսումնասիրություն, որը նվիրված է Նոր Բայազետի հայոց եկեղեցական-ծխական երկդասյա ուսումնարանի քառասնամյա պատմությանը (1852-1892 թթ) [7]: Հետազոտությունը վկայում էր նրա գիտական պրպտումներ կատարելու կարողության մասին: Իր ուսումնասիրության վերջում նա ստորագրել էր. «Նախկին սան` Յովհաննէս Տէր-Մարտիրոսեանց» [8]:

Ա-Դոն իր կենսագրությունում աշխատել է շրջանցել կամ քողարկել իր եւ եղբոր՝ Միքայելի ՀՅԴ անդամներ լինելու փաստը. դա հասկանալի է: Խորհրդային տարիներին ազգային կուսակցությանը պատկանելը հղի էր ոչ միայն ձերբակալությամբ, այլեւ գնդակահարությամբ: Տուժելու էին նաեւ ընտանիքի անդամներն ու մերձավորները: Ուստի նա աշխատել է այդ մասին որեւէ ակնարկ չանել ու շրջանցել է իր կուսակցական գործունեությունը ներկայացնող ցանկացած փաստ: Սա է պատճառը, որ Ա-Դոն որեւէ խոսք չի ասում Արեւմտյան Հայաստան զենք ու զինամթերք փոխադրելուն մասնակից լինելու վերաբերյալ: Նրա, այդ գործունեության մասին տեղեկանում ենք ռուսական ոստիկանական տեղեկագրից: 1896 թ. հունվարի 15-ին եւ 26-ին ոստիկանությունը Աղստաֆա կայարանում բռնագրավում է 13 հազար ատրճանակի փամփուշտ, որի հասցեատերն էր Մարտիրոսով ազգանունով անձը: Փամփուշտներով բեռն ուղարկվել էր «Նադեժդա» ընկերության միջոցով, որի աշխատակիցն էր եղել Ա-Դոն: Պատմաբան Գ. Խուդինյանի կարծիքով. «Այդ փամփուշտներն ուղարկվել էին ՀՅԴ Երեւանի կենտրոնական կոմիտեի անդամ Հովհաննես Տեր-Մարտիրոսյանին (Ա-Դո), [9]: «Նադեժդա» ընկերության հիշատակումը բերում է այն եզրակացության, որ հավանաբար զինամթերքն իսկապես ուղարկվել է Ա-Դոյի անունով, հաշվի առնելով, որ նա որոշ ժամանակ աշխատել է այդ ընկերության Աղստաֆայի գրասենյակում ու հավանաբար պահպանել էր իր կապերը նախկին ծառայակիցների հետ:

Ինչ ինչ պատճառներով Ա-Դոն հեռանում է ՀՅԴ-ից, սակայն շարունակում է պահպանել ընկերական հարաբերություններ իր կուսակցական ընկերների հետ: Եփրեմ Սարգսյանը հետեւյալն է վերհիշում. «Իր մայր կուսակցութեան  (ՀՅԴ-ն խմբ. ) դէմ նա երբեք թշնամական դիրք չբռնեց եւ մնաց բարեմիտ քննադատողի դերում» [10]:

Ա-Դոն աշխատանքի է անցնում «Խանզադյանի մագազին» խանութում, որտեղ աշխատում է մինչեւ 1905 թ.: Ա-Դոյի խոստովանությամբ, իրեն երբեք չի գրավել առեւտրական ասպարեզը, որն իր համար եղել է խորթ, սակայն անհրաժեշտ էր, որպեսզի ապահովեր իր նյութական դրությունը եւ ուսումը շարունակելու համար: «Խանզադյանի մագազինում» աշխատելիս նա, գործերի բերումով, լինում է Մոսկվայում, այցելում է թանգարաններ, պատկերասրահներ: Երիտասարդի վրա հատկապես մեծ տպավորություն է թողնում Մեծ թատրոնը: Այստեղ նա ներկա է լինում համաշխարհային հռչակ ունեցող երգիչ Ֆեոդոր Շալյապինի համերգին:

1903 թվին տպագրվում է Ա-Դոյի «Մակեդօնիա» գրքույկը, որտեղ նա կատարում է հետաքրքիր հետեւություն, թե` օսմանյան տիրապետության ներքո հեծեծող Մակեդոնիայի համար հակաթուրքական ելույթների ազդակ է հանդիսանում  օսմանյան կառավարության կողմից 1895 մայիսի 11-ին ընդունված եւ հայկական նահանգներում նախատեսվող Մայիսյան բարենորոգումների ծրագիրը [11]:

Ա-Դոյի գրչին է պատկանում նաեւ մեկ այլ գրքույկ, որը ներկայացնում է 1890-ականների կոտորածների հետեւանքով ծննդավայրը լքած Վանի վիլայեթի Արճեշ գավառի Ախսրան գյուղի բնակիչ Մուրադին: Գիտնականը հետեւյալ սահմանումն է տվել գաղթականին.   «... գաղթականը նա է, որ զուրկ գլուխը դնելու տեղից մի կտոր հացը կուլ է տալիս արցունքով թրջած, որի բերանից կ՚լսէք ախ՜ վաթան... ախ՜ էրկիր... (բազմակետերը հեղինակինն են խմբ. ), [12]:

1900-ական թվականներին Ա-Դոն արդեն հայտնի դեմք էր Երեւանի հասարակական-քաղաքական կյանքում եւ վայելում էր հասարակության հարգանքը: Նրա ժամանակակից Եփրեմ Սարգսյանը հետեւյալ նկարագիրն է տվել. «Երկարահասակ, նիհար, ջղուտ դէմքով, սեւ ու անհանդարտ աչքերով եւ թախծոտ արտահայտութեամբ մէկն էր: Լուրջ, մինչեւ մռայլութեան աստիճան եւ ինքնամփոփ: Ասես թէ միշտ զբաղուած էր մի մտքով, մի բան պիտի յիշէր եւ դժուարանում է» [13]:

1905 թ. հոկտեմբերի 3-ին Ա-Դոն ընդունվում է Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի I կուրսը որպես ազատ ունկընդիր: Այդ ժամանակ ողջ Ռուսական կայսրությունում, ինչպես նաեւ Խարկովում ընթանում էին հեղափոխական բուռն ելույթներ՝ սկսվել էր Ռուսական առաջին հեղափոխությունը (1905-1907 թթ. ): Այդ տարիներին Խարկովի գեներալ-նահանգապետն էր գեներալ Նիկոլայ Պեշկովը, որին Ա-Դոն պետք է հանդիպեր 1916 թ., երբ նա ցար Նիկոլայ II-ի կողմից նշանակվեց Արեւմտյան Հայաստանի գեներալ-նահանգապետ:

Հեղափոխությունը հնարավորություն է տալիս ռուս, ինչպես նաեւ հայ առաջադեմ հասարակայնությանը տպագրել մինչ այդ գրաքննության կողմից արգելվող մի շարք գրքեր: Ա-Դոն օգտագործում է ընձեռնած հնարավորությունը եւ թղթին հանձնում Միքայել Նալբանդյանին նվիրված գրքույկը [14]:

Հեղափոխական շարժումները հարկադրում են Ա-Դոյին կիսատ թողնել ուսումը եւ վերադառնալ Երեւան, որտեղ ամբողջ թափով ընթանում էին հայ-թաթարական ընդհարումները: Այդ բախումները հրահրվել էին ռուսական իշխանությունների կողմից, որպեսզի պառակտեին հեղափոխական ուժերը եւ թույլ չտային մասնակցել հեղափոխական շարժումներին: Դրանց պատճառի եւ ընթացքի վերաբերյալ երիտասարդ գիտնականը հավաքում է մեծ քանակությամբ նյութեր: 1905 թ. հուլիսին նա լինում է Շարուրի եւ Նախիջեւանի գավառներում, 1906 թ. հոկտեմբերին` Գանձակի նահանգում: Արդյունքում ստեղծում է մի աշխատություն, ուր փաստերի, ժամանակի մամուլի եւ անձնական տպավորությունների հիման վրա լուսաբանում է այդ տարիների ողբերգական իրադարձությունները:

Ժամանակակիցը՝ Ե. Սարգսյանը վկայում է, որ հայ-թաթարական ընդհարումների ժամանակ բոլոր զգույշ էին, քանի որ ամեն վայրկյան կարող էր վերսկսվել ընդհարումը, իսկ այդ ժամանակ «Ադօն սառնասիրտ, հիւանդի վիճակը քննող բժշկի պէս հաշւում էր թե` առաջին գնդակը ե՞րբ պայթեց, ժամը քանիսի՞ն  եւ ո՞րի կողմից ու դիրքից: Ապա ինչպէ՞ս բազմացան ձայները եւ ի՞նչ ուղղութեամբ, որքա՞ն տեւեց կռիվը, ով ո՞ր դիրքումն էր, հայերը ու՞ր հասան եւ ի՞նչ արին թուրքերը ու՞ր եւ այլն» [15]:

Ավարտելով հայ-թաթարական ընդհարումների պատմությունը լուսաբանող աշխատությունը, Ա-Դոն գիրքը [16] հանձնում է տպարան «հրապարակման եւ վաճառահանման իրավունքը թողնելով տպարանատիրոջը, որովհետեւ իմ միջոցներով աշխատությունս հրատարակել հնարավոր չէր» [17]:

   Հարկ ենք համարում նշել, որ առ այսօր Ա-Դոյի աշխատությունը համարվում է հայ-թաթարական ընդհարումները մանրամասն ուսումնասիրած եզակի գործ, քանի որ հեղինակն անձամբ եղել է կռիվների վայրերում եւ հավաքել է ականատեսների ու մասնակիցների վկայությունները:

1908 թվին Ա-Դոն հեղինակում է «Ազատագրական շարժումը Ռուսաստանում» [18] աշխատությունը: Գրքի առաջաբանում նա գրում է. «Ռուսաստանում մամուլի ձեռք բերած ազատութեան շնորհիւ մեզ հնարաւորութիւն է ներկայանում հայ ընթերցողի դատին առաջարկելու մեր ներկա աշխատութիւնը, որն ամբողջապէս նւիրւած է այն շարժմանը, որ վերջին երկու դարերի ընթացքում մղւել է Ռուսաստանում յանուն ժողովրդի ազատագրութեան» [19]:

Աշխատության հրապարակումն առաջացնում է ռուսական իշխանությունների զայրույթը: Ա-Դոյի դեմ հարուցվում է քրեական գործ: Թիֆլիսի գրքաննության գրասենյակը հրամանով բռնագրավվում է գրքի ողջ տպաքանակը: Սակայն, Ա-Դոյին հաջողվել էր տպաքանակի զգալի մասը զերծ պահել բռնագրավումից: Եվ քանի դեռ ընթանում էր հետաքննությունը, երիտասարդ հետազոտողը որոշում է մեկնել Ս. Պետերբուրգ` ուսանելու Հոգենյարդաբանական ինստիտուտում: Միաժամանակ նա ցանկանում է իրականացնել վաղեմի երազանքը` լինել Արեւմտյան Հայաստանում ու վիճակագրական նյութեր հավաքել արեւմտահայության վերաբերյալ: 1908 թ. ստեղծվել էր բարենպաստ իրադրություն` այդ թվականի հուլիսի 10-ին Օսմանյան կայսրությունում տեղի էր ունեցել պետական հեղաշրջում եւ սուլթան Աբդուլ Համիդ II-ը գահընկեց էր եղել:

1909 թվի հունիսի 23-ին Ա-Դոն հատում է ռուս-թուրքական սահմանը եւ նույն օրը հասնում է Բայազետ: Երկու օր մնալով քաղաքում նա փաստում է, որ տեղի հայերն իրենց զարգացման մակարդակով 40-ից 50 տարով հետ են մնում ռուսահպատակ հայրենակիցներից [20]: Ահա թե ինչպիսի բացասական ու աղետալի հետեւանքներ է ունեցել օսմանյան տիրապետությունն արեւմտահայության սոցիալ-տնտեսական դրության վրա:

Գիտնականն այցելում է Վան, Մուշ, Սասուն, Էրզրում (Կարին), Խնուս եւ այլ վայրեր վիճակագրական տեղեկություններ հավաքելով տեղի հայ բնակչության թվաքանակի եւ բնակավայրերի վերաբերյալ:

1909 թ. օգոստոսի 20-ին Ա-Դոն վերադառնում է Երեւան: Արեւմտյան Հայաստանի վերաբերյալ արդյունքները գիտնականը տպագրում է երկու հետազոտություն [21]:

Ա-Դոյի ժամանակակից, բնիկ երեւանցի, գյուղատնտես, երգիծաբան, հրապարակախոս եւ հասարակական գործիչ Աշոտ Աթանասյանն իր անտիպ հուշերում հետեւյալն է վկայում ճեմարանական համադասարանցու մասին. «Ութսունական (1880-ական- խմբ. ) թվականների վերջերին «Մշակ»-ի էջերում յերեւաց Յերեւանի նրա նոր թղթակիցն… Սիրեկան Տեր-Մարտիրոսյանն էր դա: իր կրտսեր յեղբայր, հայ գրականության մեջ հայտնի տնտեսագետ Ա-Դոն Յովհաննես Տեր-Մարտիրոսյանը, վօրը թե իր պատրաստությամբ, թե կրթությամբ (թեմականավարտ) իր յեղբորից բարձր էր»։ Ինչպես նշում է Աշոտ  Աթանասյանը, Ա-Դոն իր հիմնական գիտական ուսումնասիրությունները կատարել է 1890-ական թվականներից մինչեւ 1920 թ. եւ աչքի ընկնող գրական ու քաղաքական ուժ էր` «իր հրապարակախոսական մի շարք ուսումնասիրություններով» [22]:

1909 թ. մարտի 17-ին Երեւանում կայացած դատական նիստը Ա-Դոյին դատապարտում է մեկ տարվա բանտարկության, իսկ բռնագրաված գրքերի 987 օրինակը` ոչնչացման: Ա-Դոն բողոքարկում է դատարանի որոշումը, այն ուղարկելով Ս. Պետերբուրգ եւ քանի որ պատասխանը ստացվելու էր երկու կամ երեք ամիս հետո, որոշում է այդ ժամանակն օգտագործել Արեւմտյան Հայաստան այցելելու` պակաս կամ թերի մնացած վիճակագրական տեղեկությունները լրացնելու համար: Հիմնականում թերի էին մնացել օսմանյան հարակահավաքման վերաբերյալ տեղեկությունները: Այդ նպատակով նա կրկին հատում է ռուս-թուրքական սահմանը, լինում է Բայազետում եւ շրջակա մի քանի գյուղերում: Ուղեւորությունը տեւում է ութ օր:

Այնումենայնիվ, ռուսական դատարանը գիտնականին դատապարտում է մեկ տարվա բանտարկության, որը կրում է Ներքին Ախտայի (այժմ` ք. Հրազդան, ՀՀ Կոտայքի մարզ) բանտում:

1914 թ. հուլիսի 19-ի (նոր տոմարով օգոստոսի 1-ին) բռնկվում է Առաջին համաշխարհային պատերազմը: Օգտվելով պատեհ առիթից, օսմանյան Թուրքիայի երիտթուրքական կառավարությունն իրականացնում է արեւմտահայության ցեղասպանություն: Ռուս-թուրքական սահմանամերձ շրջաններում բնակվող զգալի թվով հայեր հարկադրված են լինում լքել իրենց բնակավայրերը եւ փրկություն գտնել Կովկասի փոխարքայությունում՝ Երեւանի նահանգում, հայկական այլ շրջաններում, ինչպես նաեւ Բաքվում, Թիֆլիսում ու Հյուսիսային Կովկասում: Նման պայմաններում Ա-Դոն չէր կարող մնալ դիտորդի դերում եւ նա սկսում է ուսումնասիրություններ կատարել գաղթականության շրջանում` պարզելու նրանց թվաքանակը եւ օգնության հնարավորությունները:

1915 թ. Արեւմտյան Հայաստանի մի շարք բնակավայրերում հայերը դիմագրավում են թուրք եւ քուրդ ջարդարարներին: Դրա շնորհիվ կարողանում են փրկվել զգալի թվով հայեր: Նման վայրերից էր Վան-Վասպուրականը: Վան քաղաքի հայությունը մոտ մեկ ամիս պաշարվելով թուրք-քրդական գերազանց ուժերի կողմի, 1915 թ. մայիսի 4-ին կարողանում է հասնել հաղթանակի: Դրան նպաստում են ռուսական բանակի եւ կամավորական Արարատյան գնդի առաջխաղացումը: Կազմակերպվում է Վանի ժամանակավոր վարչություն (նահանգապետություն) ազատագրական շարժման ականավոր գործիչ Արամ Մանուկյանի գլխավորությամբ: Վան են շտապում հայ հասարակական, հոգեւոր եւ քաղաքական գործիչներ օժանդակելու հայկական իշխանությանը Վան, ի թիվս այլոց գալիս է նաեւ Ա-Դոն:

Ա-Դոն իր ճանապարհորդությունը սկսում է 1915 թ. հունիսի 14-ին եւ ավարտում է հուլիսի 25-ին: Գիտնականն իրեն հատուկ խորաթափանցությամբ եւ մանրակրկիտությամբ սկսում է տեղեկություններ հավաքել Վանում եւ նահանգում հայերի ինքնապաշտպանական մարտերի, հայերի զանգվածային կոտորածների եւ Վանի հայկական իշխանության գործունեության մասին:

Ա-Դոն հետեւյալ կերպ է նկարագրում Վանի հայկական իշխանության գործունեությունից ստացած տպավորությունը. «Ամենքը այդ տեղի (նահանգապետարանի խմբ. ) աշխատողները` ծանրաբեռնված աշխատանքներով գրում էին, հաշվում, լսում, պատասխանում, բավարարում էին բազմաթիվ դիմողներին ու խնդրատուներին եւ այդ բոլորը կատարում էին անձանձրույթ, անտրտունջ եւ այն գիտակցությամբ, որ իրենք կոչված էին ծառայելու մեկ վեհ գաղափարի» [23]:

Հասարակությունում այնքան էր տարածված գիտնական-վիճակագիր Ա-Դոյի հետազոտական համբավը, որ «Հովիտ» թերթի թղթակիցը ձեռնպահ է լինում գրել վերը նշվածի վերաբերյալ, քանի որ «Այս ամբողջ անցքի մանրամասն նկարագիրը գրի էր առնում հրատարակելու Ա-Դօն, ուստի եւ ավելորդ եմ համարում հատուկտոր տեղեկութիւններ տալ» [24]:

Հուլիսի 14-ին տեղեկություն է ստացվում, որ ռուսական Կովկասյան IV բանակային կորպուսի զորամասերը սկսել են նահանջել: Վանի հայկական իշխանությունը կոչով դիմում է հայրենակիցներին` զինվորագրվել կազմակերպվող մարտական ջոկատներին: Անսպասելի նահանջը սարսափելի խուճապ է առաջացնում բնակչության շրջանում: Բացի այդ, ռուսական հրամանատարությունը հրաժարվում է զենք եւ զինամթերք տրամադրել քաղաքի հայ պաշտպաններին: Այդ ամենի հետեւանքով սկսվում է Վան-Վասպուրականի հայության զանգվածային գաղթը:

Ա-Դոյին հանձնարարվում է հավաքված ձեռագրերի մի մասը տեղափոխել Էջմիածին: Ա-Դոն, իր երկու ընկերների հետ մոտ 200 ձեռագրեր հուլիսի 24-ին հասցնում են Էջմիածին:

Վանից վերադառնալուց հետո Ա-Դոն ձեռնամուխ է լինում հավաքված նյութերի տեսակավորման եւ ուսումնասիրման աշխատանքներին: Նա հետեւյալն է գրում. «Այն խորը գիտակցությունը, որ տարեգիրը դեպքերը պետք է գրի առնի ամենայն ճշտությամբ եւ որ արձանագրողը պետք է լինի օբյեկտիվ ու շիտակ, ահա այդ գիտակցությունն ինձ վրա պարտք էր դնում վերանայել տեսածներն ու լսածները, ստուգել եւ վերաստուգել դեպքերը կրկնակի ու եռակի հարցուփորձերի միջոցով, ինձնից խլում էր երկար ժամանակ ու ծանր աշխատանք» [25]:

1917 թ. հունվարի կեսերին Ա-Դոյին է դիմում Կարմիր խաչի Պետրոգրադյան ջոկատի կովկասյան կայանների լիազոր Սիրական Տիգրանյանը` առաջարկելով մեկնել Սալմաստ (Պարսկաստան), որտեղ տեղակայված էր հիշյալ ջոկատի սննդակայանը եւ ուսումնասիրել գաղթականների կենցաղը, կարիքները եւ ճշտել նրանց թվաքանակը [26]:

Ա-Դոն կարճ ժամանակ անց մեկնում է Սալմաստ, որտեղ վիճակագրական տեղեկություններ է հայթայթում գաղթականների վերաբերյալ: 1917 թ. ապրիլի 13-ին Ա-Դոն հասնում է Թավրիզ, իսկ ապրիլի 16-ին Ա-Դոն ճանապարհվում է Սալմաստ: Այստեղ գիտնականը ոչ միայն ուսումնասիրում է տեղի հայության, այլեւ ասորիների դրությունը եւ կազմում է նրանց վերաբերյալ համապատասխան վիճակագրություն [27]:

Ա-Դոն հետաքրքիր տեղեկություններ է հայտնում Ջուլամերիկի ասորիների մասին: Նրա հաշվումների համաձայն, տեղի ասորիների թվաքանակը 13260 հոգի է, որոնք հիմնականում ապաստանել էին Ղալասար ու Փայաջուկ գյուղերում [28]:

Ա-Դոյի վրա հատկապես ծանր տպավորություն է թողնում Աղբակ գավառի հայ բնակչության նկատմամաբ իրականացրած անպատմելի հալածանքները: Նրա խոստովանությամբ, ինքը եղել է բազմաթիվ վայրերում, գրի առել թուրք-քրդական վայրագությունների վերաբերյալ զանազան պատմություններ, սակայն «այն ինչ որ տեղի է ունեցել Աղբակում, փոքրաթիվ հայ ժողովրդի նկատմամբ, նմանը չի եղել ոչ մի տեղ: Ջարդերի սոսկալի տեսարաններ, կրոնափոխության մասսայական դեպքեր եւ հայ ու քուրդ ընտանիքների ձուլման պատկերներ այս շրջանումն է այնպիսի ձեւեր ստացել, որպիսին մենք չենք հանդիպել ոչ մի տեղ» [29]: Այն բանից հետո, երբ ռուսական զորքը հաստատվում է Հյուսիսային Պարսկաստանում, մեծ թվով «քրդացած» հայեր կրկին վերականգնում են իրենց ազգային պատկանելիությունը: Նրանց թվում են նաեւ համիդյան կոտորածների ժամանակ բռնի կամ հարկադրված հավատափոխ եղած հայերը [30]:

1917 թ. հունիսի 6-ին Ա-Դոն եւ Ատրպատականի եւ Վանի հայոց թեմերի առաջնորդ եպիսկոպոս Ներսես Մելիք-Թանգյանը ճանապարհվում են Խոյ, ապա Վան: Ա-Դոն վիճակագրական տեղեկություններ է հավաքում Վանի մի շարք գավառների, ինչպես նաեւ այդտեղ բնակվող քրդական ցեղերի մասին: Ավարտելով ուսումնասիրությունները, հունիսի 17-ին վերադառնում է Երեւան:

1917 թ. վերջին եւ 1918 թ. սկզբին ծանր եւ տագնապալի իրադրություն էր ստեղծվել Հայաստանում: Ռուսաստանում իշխանությունը զավթել էին բոլշեւիկները, որոնց կոչերով Կովկասյան բանակի ռուսական զորամասերը լքում էին ռուս-թուրքական ռազմաճակատը եւ հեռանում հայրենիք:

Հայաստանը եւ հայ ժողովուրդը հայտնվում են գրեթե անելանելի դրության մեջ: Հայոց ազգային խորհրդի եւ նրան կից հիմնված Հայ զինվորական միության ջանքերով շարունակվում են կազմակերպվել ազգային զորամիավորումներ: Ա-Դոն անդրադառնում է 1917 թ. նոյեմբերի 30-ին Երեւանում հրավիրված Հայ զինվորական միության I համագումարին: Գիտնականի գնահատմամբ. «Տարտամ, անորոշ սպասումներով մտահոգված հայ ժողովրդի համար այս համագումարը մխիթարություն էր, հույսեր խոստացող, հետաքրքրությունն ընդհանուր էր» [31]:

Օգտվելով, որ ռուսական զորքի մեծ մասը հեռացել էր, օսմանյան հրամանատարությունը 1918 թ. փետրվարին նախաձեռնում է լայնածավալ հարձակում ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով: Հայ ժողովուրդը հայտնում է ծանր, գրեթե հուսահատ վիճակում, սակայն իր մեջ ուժեր է գտնում դիմագրավելու հակառակորդին:

Թուրքական բանակն արագորեն շարժվելով, 1918 թ. մայիսին հայտնվում է Արարատյան դաշտում, սպառնալով վերջնականապես ոչնչացնել հայությանը: Ա-Դոն, չնայած ստեղծված բարդ իրադրությանը, շարունակում է արձանագրել դեպքերն ու փաստերը: Նա առավել մանրամասնությամբ լուսաբանում է 1918 թ. Սարդարապատի եւ Բաշ Ապարանի հերոսամարտերը, դրանց կազմակերպումն ու ընթացքը: Հայ ժողովրդի պատմության այդ վճռորոշ դեպքերի վերաբերյալ գիտնականը գրում է հատուկ ուսումնասիրություն, օգտագործելով ոչ միայն ժամանակի մամուլը, Հայկական բանակային կորպուսի արխիվը, այլեւ իր անձնական դիտարկումները: Նա առաձնահատուկ ջերմությամբ է գրում հերոսամարտերի գլխավոր գործող անձանց` գեներալ Մովսես Սիլիկյանի (Մոիսեյ Սիլիկով), Դրոյի (Դրաստամատ Կանայան) եւ գնդապետ (հետագայում գեներալ) Դանիել Բեկ Փիրումյանի մասին, նրանց անվանելով «սուրբ երրորդություն»։

1918 թ. մայիսի 28-ին հռչակվում է Հայաստանի Հանրապետությունը: Ա-Դոն ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ձեռնարկած միջոցառումները գաղթականության դրությունը բարելավելու, երկրի քայքայված տնտեսությունը վերականգնելու եւ թուրք-թաթարական խռովությունների դեմ պայքարում:

1918 թ. նոյեմբերի 11-ին ավարտվում է Առաջին համաշխարհային պատերազմի Անտանտի երկրների հաղթանակով եւ օսմանյան զորքը սկսում է հեռանալ Հայաստանից:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունում հետաքննել թուրքական վայրագությունները, ինչպես նաեւ կազմել մի ամփոփ աշխատություն, որտեղ ներկայացված կլիներ հայերի մասնակցությունը մարտական գործողություններին եւ արեւմտահայերի մղած ինքնապաշտպանական կռիվները: Նախաձեռնողը` Հայ հայրենակցական միությունների կենտրոնական միությունն էր, որը ղեկավարում էր հայ մեծանուն գրող եւ հասարակական-քաղաքական գործիչ Հովհաննես Թումանյանը: Նա ստանձնում է 1918 թ. վերջերին Թիֆլիսում ստեղծված «Համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովի» ղեկավարությունը: Հանձնաժողովին կից կազմակերպվում է «Պատմառազմական հանձնաժողով», որը գլխավորում է 1914-1918 թթ. ռուս-թուրքական ռազմաճակատի մարտական գործողությունների անմիջական մասնակից, գեներալ Ալ. Պ. Կուլեբյակինը:

Դեկտեմբերի սկզբին Ա-Դոն ՀՀ արտաքին գործերի նախարար Սիրական Տիգրանյանից ստանում է պաշտոնական առաջարկություն` մասնակցելու Թիֆլիսում գործող հատուկ հանձնաժողովի աշխատանքներին, որը պետք է հավաքեր եւ ամփոփեր պատերազմի ընթացքում հայ բնակչության ունեցած մարդկային եւ գույքային կորուստները: Եվ 1919 թ. հունվարի սկզբներին Ա-Դոն մեկնում է Թիֆլիս, խնդիրն ուսումնասիրելուց հետո նպատակահարմար չի գտնում մասնակցել հանձնաժողովի  աշխատանքներին:

1919 թ. հիմնվում է Հայաստանի սպառողական ընկերությունների միությունը (Հայկոոպ), որտեղ եւ աշխատանքի է անցնում Ա-Դոն եւ ծառայում մինչեւ 1949 թ., վարելով վիճակագրական բաժնի վարիչ [32]:

Ա-Դոն շարունակում է գիտական հետազոտությունները եւ նախապատրաստում է մի կարեւոր ուսումնասիրություն՝ «Հայության երկունքը», որն ընդգրկում է հայ ժողովրդի համար կարեւորագույն ժամանակաշրջաններից մեկը` Առաջին համաշխարհային պատերազմից մինչեւ 1919 թ. ընկած ժամակաշրջանը: Հավանաբար հետագա իրադարձությունները` 1920 թ. մայիսյան խռովությունը, սեպտեմբերին թուրքական արշավանքը, դեկտեմբերի 2-ին Հայաստանի խորհրդայնացումը հնարավորություն չեն տալիս իրականացնել աշխատության տպագրությունը:

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվել էին միայն անվանապես: Զանգեզուրում Գարեգին Նժդեհի գլխավորությամբ շարունակվում էր պայքարը: 1921 թ. փետրվարյան հակաբոլշեւիկյան համաժողովրդական ապստամբության ճնշումից հետո խորհրդային իշխանությունները փորձում են համոզման եւ բանակցությունների ճանապարհով հարկադրել Լեռնահայստանին հրաժարվել զինված պայքարից: Այդ նպատակով Զանգեզուր են ուղարկում պատվիրակություն, որոնց թվում էին Դավիթ Անանունը (Դավիթ Տեր-Դանիելյան), Հովհաննես Մելիքյանը եւ Ա-Դոն [33]: Բանակցություններն ընթանում են Սիսիանում:

Ինչպես նշում է Ե. Սարգսյանը, նշված անձինք, ի տարբերություն պաշտոնական պատվիրակության անդամներ, բոլշեւիկներ Մելնիկովի եւ Արտաշես Կարինյանի խոստումների, խորհուրդ են տալիս չհավատալ նրանց: Ա-Դոն, իր ճանաչած եւ վստահելի ընկերներին ասում էր. «Սուտ են խօսում, մի՛ հաւատաք, խաբում են» [34]: Ե. Սարգսյանը միաժամանակ ավելացնում է. «Ադօն վերադարձավ սիրտը կոտրուած, բայց հին ու լաւ կուսակցականի պէս կրկնելով. «Դուք Ձեր գործը աւելի լաւ գիտէք, զգոյշ շարժուեցէք»։ Յանձն առաւ Երկրում մնացած ընկերների ընտանիքներին մեր տուած օգնութիւնը տեղ հասցնել» [35]:

Խորհրդային տարիներին Ա-Դոն անխոնջ աշխատում է կոպերացիայի բնագավառում` Հայկոոպում, իհարկե խորհրդային կոպերացիան այն չէր, ինչ երազել էր նա, սակայն ինչպես բոլոր բնագավառներում, այնպես էլ այստեղ Ա-Դոն շարունակել է իր աշխատանքային գործունեությունը, գիտնականի տնքաջանությամբ կատարելով իր աշխատանքը: Հայկոոպում զբաղեցրել է տարբեր պաշտոններ:

Ռուբեն Գասպարյան

պատմական գիտությունների թեկնածու

Ռուբեն Սահակյան

պատմական գիտությունների թեկնածու

 



[1]        Ա-Դո, Իմ հիշողությունները (այսուհետեւ` Հիշողություններ), էջ 11-12, Տեր-Մարտիրոսյանների ընտանեկան արխիվ:

[2]        Հայաստանի ազգային արխիվ (այսուհետեւ` ՀԱԱ), ֆոնդ 314, ցուցակ 21, գ. 1, թերթ 34:

[3]        Հիշողություններ, էջ 15:

[4]        Նույն  տեղում, էջ 16:

[5]        Հիշողություններ, էջ 36-37:

[6]        Խուդինյան Գ., ՀՅ Դաշնակցության քննական պատմություն (ակունքներից մինչեւ 1895 թվականի վերջերը), Երեւան, 2006, էջ 270:

[7]        Նահապետյան Ս., Փաստաթղթեր Նոր-Բայազետ քաղաքի հիմնադրման եւ հայոց ծխական երկդասյան ուսումնարանի պատմության մասին, Բանբեր Հայաստանի արխիվների, Երեւան 2011, N 2, էջ 4-20:

[8]        Նույն տեղում, էջ 20:

[9]        Խուդինյան, նշվ. աշխ., էջ 338:

[10]      Սարգսեան Ե., Ադօ (Յովհաննէս Տէր Մարտիրոսեան), «Հայրենիք». Պոստոն, 1952, թիւ 4, էջ 91:

[11]      Ա-Դօ Մակեդօնիա, Ս. Պետերբուրգ, 1903, էջ 12-13

[12]      Նույնի` Հայրենիքի Կարօտը, Ս. Պետերբուրգ, 1905, էջ 7:

[13]      Սարգսեան Ե., Ադօ (Յովհաննէս Տէր Մարտիրոսեան), «Հայրենիք». Պոստոն, 1952, թիւ 4, էջ 91:

[14]      Ա-Դօ, Միքայէլ Նալբանդեանի կեանքի հետաքրքիր մի Էջ եւ Բակունինի նրան գրած նամակները, Երեւան, 1908:

[15]      Սարգսեան Ե., Ադօ (Յովհաննէս Տէր Մարտիրոսեան), «Հայրենիք». Պոստոն, 1952, թիւ 4, էջ 91:

[16]      Ա-Դօ, Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում (1905-1906 թ. (. (Փաստական, վիճակագրական, տեղագրական լուսաբանութիւններով) Երեւան, 1907, էջ 1:

[17]      Հիշողություններ, էջ 88:

[18]      Ա-Դօ, Ազատագրական շարժումը Ռուսաստանում իր ծագման առաջին օրերից, Երեւան, 1908:

[19]      Նույն տեղում, էջ 1:

[20]      Հիշողություններ, էջ 102:

[21]      Ա-Դօ, Վանի Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները. Ուսումնասիրութեան մի փորձ այդ երկրի աշխարհագրական, վիճակագրական, իրաւական եւ տնտեսական դրութեան, Երեւան, 1912, նույնի` Հուշեր Տաճկահայաստանի ճանապարհորդութիւնից, «Նոր հոսանք», Թիֆլիս, 1913-1914:

[22]      ՀԱԱ, ֆ. 314, ց. 21, թ. 34:

[23]      Հիշողություններ, էջ 190:

[24]      «Հովիտ», Թիֆլիս, N 39, 11 հոկտեմբերի 1915, էջ 609:

[25]      Հիշողություններ, էջ 222-223:

[26]      Հիշողություններ, էջ 224:

[27]      Նույն տեղում, էջ 241-243:

[28]      Հիշողություններ, էջ 241:

[29]      Հիշողություններ, էջ 252:

[30]    Հիշողություններ, էջ 253-258:

[31]      Հիշողություններ, էջ 286:

[32]      1922 թ. մայիսի 30-ին լրացրած հարցաթերթիկում Ա-Դոն նշում է, որ Հայկոոպում աշխատել է 1918 թ., որը հավանաբար սխալ է, քանի որ գրում է, որ այդ հիմնարկությունում աշխատում է երրորդ տարին, տե՛ս ՀԱԱ, ֆ. 41, ց. 1, գ. 1, թ. 4 շրջ.:

[33]      Սիմոնյան Ա. Հ., Խորհրդային Հայաստանի եւ Լեռնահայաստանի կառավարությունների ներկայացուցիչների Սիսիանի բանակցությունները (1921 թ. մայիս), ՀՀ ԳԱԱ Լրաբեր հասարակական գիտությունների, Երեւան, 1998, N 2, էջ 69:

[34]      Սարգսյան Ե., նշվ հոդվածը, էջ 93:

[35]      Նույն տեղում: