Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թուականներին

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԵՐԿՈՒ ԽՕՍՔ


Այն դէպքերը. որ տեղի ունեցան Տաճկաստանի [1] հայաբնակ [2] բոլոր շրջաններում ներկայ համաեւրոպական պատերազմի [3] ընթացքում. կազմում են Հայ ցեղի տարեգրութեան գերագոյն էջը։

Հայ ցեղը իր գոյութեան ընթացքում շատ անգամ է տեսել աղէտներ. նրա գլխով շատ են եկել ու անցել ջարդերի ու գաղթերի փոթորիկներ եւ նա շատ անգամ է ապրել ծանր տառապանքների օրեր. բայց ներկայ աղէտը. կարելի է ասել. բացառիկն է եղածների մէջ։

Միւս կողմից հայ ցեղը իր գոյութեան ընթացքում շատ անգամ է փարել զէնքին. իր գոյութիւնը պահելու համար. շատ անգամ է հրապարակ բերել կորով. բայց այն կորովը. հերոսական այն ճիգը որ նա հրապարակ բերեց մի քանի վայրերում իր ներկայ գոյութիւնը պահելու համար. նոյնպէս. կարելի է ասել բացառիկ է եղածների մէջ։

Գերագոյնը աղէտների եւ գերագոյնը հերոսամարտի՝ ահա այն դէպքերը. որ տեղի ունեցան եւ կազմելու են հայ ցեղի տարեգրութեան էջը։

Այդ էջը շատ մեծ է լինելու իր ծաւալով եւ որակով. որ կարելի լինէր մէկէն լցնել այն, հարկաւոր են հարիւրաւոր պատմողներ. հարիւրաւոր գրի առնողներ. որ կարող լինէին լցնել այդ էջը։ Մենք հանդիսանում ենք մէկը այդ պատմողներից եւ ընտրում ենք մեկը այն շրջաններից. ուր կատարւեցին մեծ դէպքեր. դա Վասպուրականն [4] է. հայ ցեղի որորաններից մէկը։

Մենք այցելեցինք Վասպուրականի մի քանի կենտրոնները ռուսների գրաւումից յետոյ [5], տեսանք ջարդերի եւ հերոսական դեպքերի վայրերը. լսեցինք ականատեսներին ու գործող մարդկանց. տեսանք հայ ցեղի կարող ուժը Վանի ժամանակաւոր Հայ կառավարութեան [6] ընթացքում. ականատես եղանք Վասպուրականի մեծ գաղթին՝ կողք կողքի քայլերով եւ գաղթականութեան ապրումները ճաշակելով։

Եւ ահա գրի ենք առնում Վասպուրականում տեղի ունեցած այդ դէպքերը. երբեմն ոտք դնելով նաեւ այլ սահմաններ։ Ու այս աշխատանքը վւիրում ենք աղետների դէմ պայքարող Հայ ցեղին։

Գրի ենք առնում. աշխատելով արձանագրել դէպքերը այնպէս. ինչպէս նրանք եղել են եւ որքան մեր ուժերը ներել են, բայց թէ այդ որքան է մեզ յաջողւել. թողնում ենք դատելու ուրիշներին։



[1]        Օսմանյան կայսրություն-ծնթ. խմբագրի:

[2]        Հայկական- ծնթ. խմբ.:

[3]      Նկատի ունի 1914 թ. հուլիսի 28-ին  բռնկված Առաջին համաշխարհային պատերազմը, որը շարունակվում է մինչեւ 1918 թ. նոյեմբերի 11-ը: Պատերազմը ընթանում էր երկու ռազմաքաղական խմբավորումների՝ Անտանտի (Ֆրանսիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, 1915-ից՝ Իտալիա եւ այլ երկրներ) եւ Եռայակ, իսկ 1915-ից՝ Քառյակ միության (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան կայսրություն եւ Բուլղարիա) երկրների միջեւ: Պատերազմն ավարտվում է Քառյակ միության երկրների պարտությամբ: Պատերազմող երկրները տալիս են 10 միլիոնից ավելի սպանված զինծառայողներ, մոտ 12 միլիոն խաղաղ բնակիչներ, մոտ 55 միլիոն վիրավոր: Օսմանյան կայսրության կառավարությունն իրականացնում է հայերի ցեղասպանություն, որի արդյունքում սպանվում են 1, 5 միլիոն քաղաքացիական բնակչություն: Ցեղասպանության են ենթարկվում  նաեւ օսմանահպատակ ասորիները եւ հույները: Տեղի են ունենում արաբ բնակչության մասնակի կոտորածներ - ծնթ. խմբ.:

[4]      Վասպուրական՝ նահանգ Մեծ Հայքում: Տարածքը 40 հազար կմ2 ավելի էր: Հյուսիսից սահմանակից էր Այրարատ, հյուսիս - արեւելքից Սյունիք, արեւելքից՝ Փայտակարան եւ Պարսկահայք, հարավից Կորճայք, Մոկք եւ Աղձնիք, արեւմուտքից Տարոն-Տուրուբերան նահանգներին: Ընդգրկում էր 35 գավառ: Նահանգի միջով հոսում են Երասխի (Արաքս), Տիգրիսի եւ Վանա լճի ավազաններին պատկանող  բազմաթիվ գետեր եւ գետակներ: Աչքի է ընկնում բերրի հովիտներով, բուսական ու կենդանական հարուստ աշխարհով: Ունի նավթ, պղինձ, կապար, երկաթ, աղ եւ այլ հանածոներ: Լճերը եւ գետերը առատ են ձկներով: Վասպուրականով են անցել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ միջազգային առեւտրական մայրուղու հարավային հատվածն իր ճյուղավորումներով: Վասպուրականը, ըստ ավանդության, դրախտի մի մասն է եղել: Ք. ա. IX-VI դդ. Վասպուրականի տարածքում հիմնվել է Վանի թագավորությունը (հայտնի է նաեւ Ուրարտու անվամբ) Տուշպա-Վան մայրաքաղաքով: Ք. ա. VI դ. Վասպուրականն անցել է Երվանդական, Ք. ա. II դ. Արտաշեսյան, Ք. հ. I դ. մինչեւ V դ. Արշակունյաց թագավորությունների կազմի մեջ: Վասպուրականում իշխել են բազմաթիվ հայ նախարարական տներ (առավել նշանավորներն են՝ Արծրունիները, Ռշտունիները, Մարդպետունիները, Ամատունիները, Անձեւացիները, Գնունիները): V դ. պետականության կորստից հետո նախարարական տոհմերը ակտիվորեն պայքարել են Սասանյան Պարսկաստանի տիրապետության դեմ, մասնակցելով հայ ազատագրական շարժումներին: VII դ. Վասպուրականը դարձել է արաբական եւ բյուզանդական հակամարտությունների թատերաբեմ: Նահանգի նախարարական տները համախմբվել են Արծրունիների շուրջը եւ հայ ազատագրական ուժերի հետ միասին համառ պայքար են մղել արաբական տիրապետության դեմ: 885 թ. Հայաստանում հաստատվում է Բագրատունյաց արքայատոհմը: 908 թ. Վասպուրականի մեծ իշխան Գագիկ Արծրունին հիմնում է Արծրունյաց թագավորությունը, որը ենթակա էր Բագրատունիներին: Արծրունյաց տիրույթները Բյուզանդիային բռնակցվելուց (1021 թ. ) հետո Վասպուրականը մտել է համանուն կատապանության մեջ եւ վերածվել է կայսերական սահմանային երկրամասի: Ենթարկվելով սելջուկ-թուրքերի ուժերի ասպատակություններին՝ Վասպուրականի հայ բնակչությունը Արծրունի եւ այլ տոհմերի շառավիղների գլխավորությամբ, կազմակերպել է նահանգի պաշտպանությունը: 1071 թ. Մանազկերտի ճակատամարտում բյուզանդական զորքի (որի կազմում կռվում էին նաեւ Վասպուրականի եւ այլ նահանգների հայկական զորամասերը) ծանր պարտությունից հետո նահանգը, ինչպես նաեւ ամբողջ Հայաստանն ընկել է սելջուկյան տիրապետության ներքո: Վասպուրականի որոշ գավառներում կիսանկախ վիճակում պահպանվել են Արծրունյաց տոհմի շառավիղները: Վասպուրականում ստեղծվել է Աղթամարի կաթողիկոսությունը (1113-1895): Աթոռանիստը՝ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին: 1466 թ. կարակոյունլու տիրակալ Ջհանշահի (1436-1467 թթ. ) աջակցությամբ Սմբատ Սեֆեդինյանը օծվել է Վասպուրականի թագավոր: Վասպուրականի հայոց հոգեւոր, քաղաքական եւ տնտեսական ինքնուրույնությունը շարունակել է միավորել Աղթամարի կաթողիկոսությունը: XIII դ. Վասպուրականում ծաղկել է գրչարվեստը (մինչեւ XVIII դ. ընդօրինակվել է ավելի քան 1500 ձեռագիր), ստեղծվել է մանրանկարչության ուրույն դպրոց: XVI դ. Վասպուրականը դարձել է պարսկա-օսմանյան պատերազմների ռազմաբեմ: 1639 թ. Սեֆյան Իրանի եւ Օսմանյան կայսրության միջեւ կնքված հաշտությամբ Վասպուրականի մեծ մասն անցնում է օսմանյան Թուրքիային: Պարսկաստանի տիրապետության ներքո մնացել են Մակուի, Նախիջեւանի, Խոյի, Ղարադաղի խանությունների տարածքները: Օսմանյան կայսրության գրաված Վասպուրականի գավառները մտել են Վանի վիլայեթի (նահանգի) մեջ: Չնայած օտար բռնակալության հարուցած արգելքներին, Վասպուրականում որոշակի զարգացման են հասել գյուղատնտեսությունը, արհեստագործությունը եւ առեւտուրը: XX դ. սկզբին հայերը կազմում էին երկրամասի ազգաբնակչության բացարձակ մեծամասնությունը: 1915 թ. հայերի ցեղասպանության ժամանակ հայ եւ ասորի բնակչության զգալի մասը գաղթեց ռուսական տիրապետության ներքո գտնվող Արեւելյան Հայաստան: Մնացածները զոհվեցին թուրք եւ քուրդ ջարդարարների կողմից: Փրկվածների մի մասն ապաստան են գտնում Մերձավոր Արեւելքի երկրներում, Իրանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ այլ պետություններում - ծնթ. խմբ.:

[5]        1915 թ. ապրիլի 6-ին սկսվում է Վան քաղաքի երկու թաղամասերի հայ բնակչության ինքնապաշտպանությունը (այդ մասին տե՛ս գրքի համապատասխան բաժնում): Հայ քաղաքացիական բնակչությունը դիմագրավում է մի քանի անգամ գերազանցող թուրքական կանոնավորան բանակի ստորաբաժանումներին եւ քրդական ուժերին: Ռուսական զորքերի առաջխաղացումը եւ Վանի հայերի դիմադրությունը հարկադրում է օսմանյան հրամանատարությանը դադարեցնել քաղաքի պաշարումը եւ շտապ նահանջել: Վան քաղաքը ազատագրվել է 1915 թ. մայիսի 3-ի լույս գիշերը: 1915 թ. մայիսի 5-ի երեկոյան ռուսական բանակի կազմում գործող հայ կամավորների Արարատյան գնդի հետախուզական հեծելավաշտը հասնում է Վան: Մայիսի 6-ին, առավոտյան ժամը 6-ին, քաղաք են մտնում II, իսկ ժամը 12-ին` Հայկական IV կամավորական խմբերը ապա ռուսական Անդրկասպյան բրիգադի (հայտնի էր Բայազետի ջոկատ անունով) հիմնական ուժերը - ծնթ. խմբ.:

[6]        Վասպուրականի ժամանակավոր կառավարությունը՝ Վանի եւ ազատագրված գավառների ժամանակավոր վարչություն (նահանգապետություն), հիմվել է 1915 թ. մայիսի 7-ին եւ գործել է մինչեւ հուլիսյան նահանջը: Վարչության ժամանակավոր կառավարիչ կամ նահանգապետ է նշանակվել Արամ Մանուկյանը: Ավելի մանրամասն տե՛ս գրքի համապատասխան բաժնում - ծնթ. խմբ.: