Պատմութիւն Հայոց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հեղինակային խորագիրը յայտնի չէ, սակայն Ղազար Փարպեցին Փաւստոսի երկը դիտում է իբրեւ Հայոց Երկրորդ պատմութիւն: «Բուզանդ» ձեւը առաջացել է «Բիւզանդացի», այսինքն` «Կոստանդնուպոլսեցի» մականունից: Ուստի բանասէրների վարկածը, թէ «Բուզանդ» նշանակել է «երգիչ, աշուղ»՝ որտեղից էլ Բուզանդարան պատմութիւն խորագրի վերականգնումը, չի արդարանում:

Փաւստոս Բուզանդի աշխատութիւնը մեզ է հասել` որպէս պատմական ինչ-որ ժողովածոյի առանձին մաս, ընդ որում ներկայիս երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ դպրութիւնները համապատասխանում են նախնական (իմա՛ ժողովածոյից դուրս եղած երկի) առաջին, երկրորդ, երրորդ եւ չորրորդ մասերին:

Այսպիսով, Փաւստոս Բիւզանդ[ացու] Հայոց պատմութիւնը պահպանուել է ամբողջական կազմով: Այն ընդգրկում է Հայոց պատմութիւնը` Խոսրով Կոտակ թագաւորի (330-339 թթ. ) գահակալութեան տարիներից մինչեւ Հայոց երկրի 387 թ. բաժանումը Բիւզանդական կայսրութեան եւ Պարսկաստանի միջեւ:

Հեղինակը եղելութիւնները շարադրում է ժամանակագրական` իր կողմից ընդունուած կարգով, որը, սակայն, մեծ մասամբ հեռու է իրականից: Այնուհանդերձ, Փաւստոսի հեղինակած Հայոց պատմութիւնը անգնահատելի սկզբնաղբիւր է նախարարական Հայաստանի հասարակական կարգերը եւ բարքերը ուսումնասիրելու համար:

Հեղինակը գրի է առել Պարսկական վէպի (այն վերաբերում է բազմադարեան հայ-պարսկական հակամարտութեանը) խոշոր հատուածներ, վարպետօրէն մշակել դրանք` ապահովելով աշխատութեանը նաեւ նշանակալի գեղարուեստական արժէք: Ինչ վերաբերում է քաղաքական անցքերի նկարագրութեանը, ապա միւս` հայկական եւ օտար աղբիւրների հետ մէկտեղ Փաւստոսի տեղեկութիւնները շօշափելի չափով հարստացնում են մեր գիտելիքները նաեւ այդ բնագաւառում:

Փաստոսի Պատմութիւն Հայոց էլ-հրատարակութեան հիմքը վենետիկեան չորրորդ տպագրութիւնն է (Փաւստոսի Բուզանդացւոյ Պատմութիւն Հայոց, ի չորս դպրութիւնս, Վենետիկ-Ս. Ղազար, 1933):

Կարէն Իւզբաշեան, Պարոյր Մուրադեան

 

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

1. R. W. Thomson. A bibliography of Classical Armenian Literature to 1500 AD. Brepolis-Turnhout, 1995, pp. 185-187.

2. P'awstos Buzand. Storia degli Armeni, introduzione a cura Gabriella Uluhogian, traduzione di Marco Bais e Loris Dina Nocetti. Note di Marco Bais, Mimesis, 1997 (Armeniaca Italica 2)

3. Գ. Տէր-Վարդանեան, Փաւստոս Բուզանդի հրատարակութիւններն ու ձեռագրերը, Հայկազեան հայագիտական հանդէս, Պէյրութ, 1999, էջ 9-63

4. Karen Yuzbashian. Sur les droits d'auteur de Pawstos Buzand. - Հանդէս ամսօրեայ, Վիեննա, 2000, էջ 99-118