Հայ «հնատիպ» գրքի յիշատակարաններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՏԱՂԱՐԱՆ: Վենետիկ, հրատ. Յովհաննէս Կոստանդնուպոլսեցու, տպ. Միքելանջելո Բարբոնիի, 1681:

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ` «…Ի թուին հայոց. ռճլ. մայիսի ամսոյ ի. ի. աւարտեցաւ տաղարան, այս վայելուչ եւ գեղեցիկ ի Վէնէտիկ քաղաքի. երկամբք եւ աշխատանօք Յոհաննիսի վարդապետիս Կոստանդնուպօլսեցւոյ որ տեսանելով զիղձ եւ զդիտաւորութի[ւն]ս մերոց հայկազունեաց վաճառականաց, կամեցայ ի զանազանից բանաստեղծաց ժողովել զսոյն, եւ տպագրութ[եամ]բ բազմապատկել եւ ի լոյս ածել ի յզբօսանս նոցին. Արդ որք հանդիպիք սմա վայելելով կամ օրինակելով յիշեցէք միով հայր մերիւ զծնօղս եւ զազգակիցս եւ զբնաւս եղբարս մերս ի Ք[րիստո]ս. եւ մանաւանդ զճուղայեցի Սահրատի որդի զպարոն Գասպարն, զճուղայեցի Կէրէքենց Գրիգորի որդի զԿէրէք աղայն, զագուլեցի Կուլնազարի որդի զպարոն Նահապետն, զճուղայեցի Յոհանիսի որդի զպարոն Եավրին. զճուղայեցի Գրիգորի որդի զպարոն Ակոբճանն, զճուղայեցի Ադամենց զպարոն Աղածատուրն, զճուղայեցի Պապաճանի որդի զպարոն ռուփլին, զճուղայեցի Պետրոսի որդի զպարոն Խաչիկն, զճուղայեցի Ճիհանկիրենց զպարոն Բարաղամն զճուղայեցի Նիկողայոսի որդի զպարոն Ա[ստուա]ծատուրն. զագուլեցի Մարտիրոսի որդի զպարոն Ոսկանն. զագուլեցի Հախնազարի որդի զպարոն Կարապետն. զվանեցի Դաւթի որդի զպարոն Փանոսն, եւ զեղբայրն իւր զՍաֆարն, զճուղայեցի Գրիգորի որդի զպարոն Առաքէլն. զճուղայեցի Նանենց պարոն Յուսէփն, զճուղայեցի Վարդանի որդի զպարոն Ամիրպէկն. եւ զայլս. եւ դուք յիշեսջիք ի Ք[րիստո]ս է այժմ եւ ի միւս անգամ գալստեան նորին ամէն. Եւ եթէ շահիցիք ինչ ի սմանէ լիցի այն ի փառս եւ ի գովութի[ւն] երանուհւոյ կուսին Մարիամու, իսկ եթէ ոչ, ներեցէք ինձ վ[ա]ս[ն] ա[ստուծո]յ. ողջ լերուք»։