Հեղինակ

Բաժին

Թեմա

ՓՈՔՐԻԿ ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ


Նախ քան բուն դէպքերին անցնելը կարեւոր ենք համարում մի փոքրիկ ծանօթութիւն տալ Վանի շրջանի տեղագրութեան եւ հայ ժողովրդի վիճակագրութեան մասին. շրջան. որին վերաբերում է մեր պատմութիւնը։

Հայաբնակ [1] այն վիլայէթները [2]. որոնք համարւում են հայկական րեֆօրմների շրջանը [3] ՝ վեց են, դրանք են Վանի. Բիթլիսի. Էրզրումի. Խարբերդի, Սւազի եւ Դիարբէքիրի վիլայէթները։ Այս վեց վիլայէթները կազմում են Տաճկաստանի Կովկասամերձ երկրամասը [4]. ամեն անգամ. երբ ծագել է պատերազմ Ռուսաստանի  եւ Տաճկաստանի մէջ [5] հանդիսանալով թատերաբեմ արիւնոտ անցքերի։

Հայաբնակ այդ վեց վիլայէթների մէջ իր աշխարհագրական կազմութեամբ եւ պատմական անցքերով առաջին տեղը բռնում է Վանի վիլայէթը։ Ճիշտ է. միւս հինգ վիլայէթներում կան հացառատ դաշտեր. ծխախոտ. խաղող եւ նոյնիսկ բամբակ արտադրող շրջաններ. որոնց չենք հանդիպում Վանի վիլայէթում [6]. սակայն Վանի վիլայէթը իր ամբողջութեամբ եւ իր լեռներով. իր գետերով եւ փոքրիկ պտղաբեր դաշտերով. իր կապուտակ լճով [7] եւ կլիմայով եւ իր պատմական յիշատակարաններով ու աննման տեսարաններով բացառիկ տեղ է գրաւում այդ վիլայէթների շարքում։

Վանի վիլայէթը. որ հանդիսանում է ծայրագաւառ. արեւելեան կողմից սահմանակից է Մակուի խանութեանը եւ Դիլմանի ու Ուրմիի շրջաններին. հիւսիսային կողմից՝ Էրզրումի վիլայէթին. արևմտեան կողմից՝ Բիթլիսի վիլայէթին. իսկ հարաւային կողմից՝ Դիարբէքիրի եւ Մուսուլի վիլայէթներին։

Վանի վիլայէթը ըստ տաճկական բաժանման բաղկացած է Վանի եւ Հէքեարիի [8] սանջագներից [9] ։ Առաջ Հէքեարին առանձին  վիլայէթ էր կազմում. նա յետոյ միացւեց Վանի վիլայէթին [10] քաղաքական նկատառումներով։ Հէքերաիի սանջագը բռնում է վիլայէթի հարաւային մասը, իսկ Վանի սանջագը՝ հիւսիսային մասը։

Հէքեարիի կետրոնավայրը Բաշկալէն է. ուր նստում է սանջագի առավարիչը եւ մութասարիֆը [11] ։ Այստեղ հայերը շատ փոքր թիւ են կազմում. ամբողջ շրջանը համարեա թէ բռնւած է քիւրդերով. միակ տեղը. ուր այժմ հայեր կան Աղբակն է Ս. Բարդուղիմէոսի [12] վանքով. որը մի ժամանակ բազմահայ մի շրջան  էր։ Հէքեարիում գտնւում է Ջուլամերիկը. ուր ապրում են 80. 000-ի չափ ասորիներ իրենց կրօնապետ մարշիմօնով [13] ։

Բոլորովին այլ պատկեր է ներկայացնու Վանի սանջագը կամ Վասպուրականը իր նոր յաւելումներով։ Այստեղ հայերը կազմում են հոծ բազմութիւն. այստեղ հայ ժողովուրդը հրապարակ է գալիս իր կարող ընդունակութիւններով եւ ազգային ձգտումներով. որի պատճառով էլ Վասպուրականը հայ իրականութեան մէջ խաղում է խոշոր դեր։

Վանի սանջագը կամ Վասպուրականը բնութեան մի զարդ է. որի նմանը չէք գտնի մի այլ տեղ. այս շրջանում փռւած է Վանի լիճը իր աւազանով իբրեւ աննման մի պանօրամա։

Լճի հարաւային ափերի ուղղութեամբ բարձրանում են Կորդւաց լեռները բազմազան կուտակումներով. որոնց զարդն են կազմում Արտօս եւ Եղերով կատարները, արեւելեան ափերի ուղղութեամբ բարձրանում են երկգագաթ Վարագը [14] եւ Վասպուրականի նահապետը եւ Թիմարի լեռները, հիւսիսային ափերի ուղղութեամբ նախ խոյանում է դէպի վեր ըմբոստ Սիփանը [15] եւ այդ շրջանի սրբազան Մասիսը [16]. եւ մի փոքր հեռու տարածւում են հրաշագեղ Ալադաղի կամ Ծաղկանց լեռները, իսկ արեւմտեան ափերի վրա բազմած են լայնանիստ Նէմրութը եւ նրա ըմբոստ ճուտիկը-պատմական Գրգուռը։ Այսպիսով սիրուն լեռնաշարքերը եւ սրածայր կատարները կերտել են մի գեղեցիկ  աւալան. որի մէջ հանգչում է Վանի լիճը իր ծփանքով եւ որի մէջ գալիս թափւում են բազմաթիւ գետեր. մեծ ու փոքր՝ ոռոգելով անհամար հովիտներ ու լանջեր։

Վասպուրականի կլիման նոյնպէս աննման է. ձմեռը այստեղ այնպէս դաժան չէ. ինչպէս օրինակ Էրզրումում. եւ ոչ էլ ամառը տօթագին. ինչպէս օրինակ Դիարբէքիրի դաշտերում. այլ մեղմ է, նոյնիսկ այնպիսի տափարակներում. ուր բուսնում են խաղող եւ ծառապտուղներ. ինչպէս օրինակ Վանում եւ Արճէշում. կլիման մեղմ է. չափաւոր. մինչեւ անգամ հաճելի եւ այդ շնորհիւ Վանի լճի ու երկրի լեռային կազմութեան։

Վանի լիճը իր ընդարձակութեամբ հանդիսանում է մի շատ կարեւոր հաղորդակցութեան միջոց. ծովափնեայ ճանապարհները պայմանաւորւած են անասելի դժւարութիւնների եւ օրերի վատնումի հետ. օրինակ Վանից Դատաւան. այսինքն լճի արեւելեան ափերից արեւմտեան ափը գնալու համար ցամաքով հարկաւոր է երեք օր. մինչդեռ նաւերն այդ  տարածութիւնը կտրում են 12 ժամում, յարաբերութիւնը այդ համեմատութեամբ դիւրանում է նաեւ ծովամերձ բոլոր գաւառների մէջ եւ շնորհիւ նաւագնացութեան ինչպէս երթեւեկութիւնը. այնպէս էլ մթերքների փոխադրութիւնը Վանի լճի շրջապատի մէջ շատ աւելի դիւրացել է։

Ինչ վարաբերում է Վասպուրականի արտաքին տեսքին ու գեղեցկութեանը. այդ արդէն դուրս է ամեն գովեստից. դա մի չքնաղ մեծ աւազան է իր չքնաղ լճով. նրա չորս կղզիներով [17]. դա մի աւազան է իր սիրուն օղակով. դա բնութեան մի աննման կտոր է. ուր մարդը կարող է անհուն քաղցրութիւն զգալ. նրանով ոգեւորւիլ ու շնչել։ Այս բնութեան ծոցում մարդիկ առողջ  են. կեսունակ ու կարող։

Սրանով էլ պիտի բացադրել այն առանձնայատուկ տեղը. որ նա ունի գրաւած պատմութեան մէջ հին դարերից սկսած. իր վրա գրաւելով մի շարք աշխարհակալների ուշադրութիւնը. հանդիսանալով դիւցազներգութիւնների եւ սեպաձեւ արձանագրութիւնների [18] խորհրդաւոր մի վայր։

Եւ իսկապէս Վանի լճի ափերի վրա հին դարերում ծաղկեցին մի շարք քաղաքներ եւ բազմեցին մի շարք բերդեր, դրանք էին Արճէշի. Ալջաւազի. Խլաթի. Դատաւանի. Ոստանի բերդերը, դրանցից մէկը ու նշանաւորն էր Վանի բերդը. ըմբոստ ժայռերի այն կերտւածքը. որի վրա եկաւ բազմեց հին դարերի գեղեցկուհին եւ չքնաղ Շամիրամը [19] զմայլւելու գեղածիծաղ լճի տեսարաններով։

Ահա այս լճի ափերի վրա եւ նրան շրջապատող լեռների ու շղթաների հրաշագեղ հովիտների մէջ ընկած է Վասպուրականը իր գւառներով։

Վանի լճի հարաւ-արեւելեան ծովափին մի գեղեցիկ տափարակի վրա ընկած է Վանի իր արւարձաններով. որը կոչւում է Վան-Տոսպի գաւառ։ Վան-Տոսպից սկսած դէպի հիւսիս եւ ապա դէպի արեւմուտք ծովափի վրայ շարքով ընկած Վանի չորս գաւառները. դրանք են Թիմարը. Բերկրին. Արճէշը եւ Ալջավազը։ Վան-Տոսպից դէպի արեւմուտք հարաւային ծովափի վրա շարքով ընկած են Վանի երեք գաւառները. այն է Հայոց-Ձորը. Գեաւաշը եւ Կարճկանը։ Այսպիսով ութ գաւառներ. հաշւած նաեւ Վան-Տոսպը. կազմում են ծովափնեայ առաջին գիծը։

Երկրորդ գծի վրա Բերկրիից սկսած դէպի հարաւ եւ ապա դէպի արեւմուտք շարքով ընկած են Վանի եօթ գաւառները, դրանք են. Արճակի. Սարայի. Խօշաբի. Նօրդուզի. Շատախի. Մոկսի եւ Կարկառի գաւառները։

Վան-Տոսպը նշանաւոր է պտղաբերութեամբ. Շամիրամի ջրանցքով [20]. Այգեստանով. Վանի բերդով եւ արեւելեան սահմանի վրայ ցցւած երկգագաթ Վարագով։ Վարագի երկու լանջերի վրայ գտնւում են Վարագի [21] եւ Սուրբ Գրիգորի [22] վանքերը։ Վան-Տոսպում գտնւում է Աւանց մեծ գիւղը. որը հանդիսանում է Վանի նաւահանգիստը. եւ պատմական Արտամետ գիւղը. որը յայտնի է իր հռչակաւոր խնձորով։

Թիմարը նշանաւոր է իր լեռնային կազմութեամբ, գաւառի միջոցով հոսում է դէպի լիճը Սեւ կամ Մարմէտ գետը։ Թիմարի ափերի ուղղութեամբ լճի մէջ գտնւում են երկու պատմական կղզիներ իրենց մենաստաններով, դրանք են Լիմ [23] եւ Կտուց [24] անապատները. որոնք պաշտամունքի տե լինելով հանդերձ. կոտորածերի ժամանակ ահագին ժողովուրդ են պատսպարում ու կերակրում։ Գիւղերից նշանաւոր են Ջանիկը. Մարմէտը. Ալիւրը, վերջինը ամենաբազմամարդ գիւղն է եւ յայտնի է խաղողի այգիներով։

Բերկրին նշանաւոր է իր երկու դաշտերով, դրանք են Բերկրի-Օվան. ընկած ծովի ուղղութեամբ եւ գեղեցիկ Աբաղան. մի ժամանակ բազմահայ այժմ ամայի. ընկած Մակուի խանութեան սահմանի մօտ։ Աբաղայի հիւսիսային կողմի վրա գտնւում են Թանդուրէքի [25] եւ Թափարիզի մի երկարուկ ձորով, այս ձորի միջով հոսում է ահեղաշունչ Բանդի-Մահուն [26] -Վանի լճի մէջ թափւող ամենամեծ գետը՝ առատաջուր եւ ձկնառատ։ Գաւառի կենտրոնը կազմում է Բերկրի-Կալան, գիւղերից նշանաւոր են Գործութն ու Պստիկ-գիւղը։

Արճէշը նշանաւոր է իր պտղաբերութեամբ եւ խաղողի այգիներով։ Այս գաւառի միջով հոսում են երեք գետեր. Դալի-Չայը. Իրիշատը եւ Ըրըրանը յայտնի ձկնառատութեամբ։ Կենտրոնը հանդիսանում է Ականցը. մի փոքրիկ քաղաք հարուստ այգիներով։ Գաւառում գտնւում է Զիլանա-ձորը. ուր ապրում են աւազակաբարոյ քիւրդեր։ Գաւառի հիւսիսային սահմանը կազմում է գեղեցիկ Ալագազի շղթան։

Ալջաւազի գաւառը նշանաւոր է իր հացահատիկներով. թէեւ մի քանի տեղերում կան եւ խաղողի այգիներ։ Գաւառի կենտրոնը կազմում է Արծկէն. լճի ափին ցցւած իր հինաւուրց բերդի մնացորդներով։ Գաւառի կենտրոնում բազմած է գեղեցիկ Սիփանը՝ միայնակ. համաչափ. սրածայր ու ըմբոստ։

Հայոց-Ձորը նշանաւոր է իր երկարուկ հացառատ հովիտով. որի միջով հոսում է Խոշաբ գետը, այս շրջանից սկիզբն է առնում Շամիրամի ջրանցքը։ Գիւղերից նշանաւոր են Կեմը. Անգղը. Քերծը. Ծւստանը։

Գեաւաշը նշանաւոր է շատ բանով, նախ հարուստ է բուսականութեամբ եւ ունի լաւ գիւղեր. որոնցից յայտնի են Նարեկը. Մոխրաբերդը. Նոր-Գիւղը. Բէլուն, հարուստ է նաեւ գետերով ու գետակներով. որոնցից են Ոստանի. Տըշողի. Փշաւանցի եւ Մոխրաբերդի ջրերը։ Գաւառում ցցւած է պատմական Արտօսը [27]. որի ստորոտում դէպի լիճը փռւած է Ոստան աւանը մի քանի բուսազարդ թաղերով. սակայն զուրկ հայերից, այստեղ գտնւում էր Ռշտունեաց իշխանի [28] ապարանքը։ Գեաւաշի ափերի ուղղութեամբ գտնւում են Ախթամար եւ Առտէր կղզիները իրենց վանքերով, եւ բացի այդ. գաւառում գտնւում են Նարեկի [29] եւ Չաղար-Սուրբ-Նշանի [30] վանքերը. որոնցից մէկում ամփոփւած է տաղերգու Գրիգոր Նարեկացու [31] աճիւնը. իսկ միւսում քաղցրախօս Եղիշէի [32] աճիւնը։

Կարճկանը նշանաւոր է իր բուսական լեռներով, անտառապատ թեք լանջերը յաճախ շեշտակի իջնում են մինչեւ լճափը՝ տալով նրան գեղեցիկ տեսք. թէեւ անտառները ոչնչացնում են անխնայ կերպով։ Գաւառում աչքի են ընկնում Սորբը իր նաւահանգստով եւ Օրանց ու Եղեգիս գիւղերը։

Երկրորդ գծի վրա՝

Արճակը նշանաւոր է իր համանուն լճով. թէեւ ջուր խիստ աղի է։ Այս գաւառում մշակւում են հացահատիկներ։ Գիւղերից աչքի են ընկնում Արճակը Խառակոնիսը։

Շատախը նշանաւոր է իր կազմւածքով. սա գերազանցօրէն լեռնային գաւառ է. հարուստ է արօտներով. բայց աղքատ հացով, երկու փոքրիկ դաշտեր եւ Փեսանդաշտն եւ Խորզանքը միայն տալիս են առատ հաց։ Ժողովրդի գլխաւոր զբազմունքն է ոչխարաբուծութիւնը եւ շալագործութիւնը։ Կատարելով հարուստ գաւառը ակոսւած է մի քանի խոշոր ձորերով. այդ ձորերի միջով հոսում են Սիվտկին գետը եւ Արեւելեան-Տիգրիս վերին հոսանքը. որոնք գալիս միանում են երեք ձորերի մի հանգոյցի մէջ՝ կազմերով մի բանաստեղծական վայր։ Աստեղ ընկած է գաւառի կենտրոնավայրը եւ Թաղը. զուտ հայաբնակ մի սիրուն աւան։ Շատախի ժողովուրդը աչքի է ընկնում իր քաջութեամբ եւ տոկունութեամբ։

Կոկսը նոյնպէս նշանաւոր է իր լեռնային կազմութեամբ։ Այստեղ էլ դաշտերը չը կան եւ գաւառը ակոսւած է բազմաթիւ ձորերով։ Գաւառի հիւսիսային սահմանի վրա ցցւած է Եղերովը, սրա լանջերից սկիզբ են առնում գետակներ. որոնց միանալով այլ ձորակներից հոսող գետակներին կազմում են Մոկաց ջուրը եւ գնում թափվում են Արեւելեան-Տիգրիսի մէջ։ Ժողովրդի գլխաւոր զբաղմունքն է խաշնարածութիւնն ու շալագործութիւնը։

Գաւառի կենտրոնավայրն է Քաղաքը իր չորս թաղերով ընդամենը 100 տուն բնակիչներով։

Նոյն պատկերն է ներկայացնում նաեւ Կարկառի գաւառը։ Սա բաղկացած է երկու մասից՝ վերին եւ ներքին Կարկառներից։ Ներքին Կարկառը վարչական բաժանմամբ պատկանում է Բիթլիսի վիլայէթին։

Ահա ընդհանուր գծերով այն պատկերը. որ ներկայացնում է Վանի սանջագը կամ Վասպուրականը եւ որը կազմում է մեզ զբաղեցնող վայրը։



[1]      Մինչեւ XX դ. կեսերը հեղինակները Արեւմտյան Հայաստանի նահանգներն ու գավառներն անվանելով հայաբնակ նկատի են ունեցել նրանց հայկական լինելը, այլ ոչ թե հայերով բնակեցված տարածքներ - ծնթ. խմբ.:

[2]      Օսմանյան կայսրությունը բաժանված էր վիլայեթների կամ նահանգների, որոնք կառավարում էին վալին կամ նահանգապետը: Վերջինս նշանակվում էր սուլթանի կողմից: Վիլայեթները բաժանվում էին սանջակների (գավառների)՝ մութասարիֆի (գավառապետ) գլխավորությամբ, որը ենթակա էր վալիին: Սանջակներն էլ իրենց հերթին բաժանված էին կազաների (գավառակների)՝ կայմակամի գլխավորությամբ, որն էլ ենթարկվում էր մութասարիֆին: Կազաները բաժանված էին նահիեների (գյուղախումբ), որոնք կառավարվում էին մուդիրի կողմից: Նա ենթարկվում էր կայմակամին - ծնթ. խմբ.:

[3]        Հայկական ռեֆորմներ կամ Արեւմտյան Հայաստանի հայկական նահանգներում բարենորոգումներ կատարելու անհրաժեշտությունն առաջանում է 1878 թ. հրավիրված Բեռլինի կոնգրեսում: Դրան նախորդել էր ռուս-թուրքական պատերազմը, որի ժամանակ Օսմանյան կայսրությունը պարտություն է կրում եւ 1878 թ. փետրվարի 19-ին Կ. Պոլսի արվարձան Սան Ստեֆանո ավանում կնքվում է հաշտության պայմանագիր: Պայմանագրի 16-րդ հոդվածով օսմանյան կառավարությունը պարտավորվում է բարենորոգումներ կատարել Արեւմտյան Հայաստանում: Սակայն միջամտում է Մեծ Բրիտանիան եւ Ավստրո-Հունգարիան, որոնք հարկադրում են վերանայել պայմանագիրը: Նույն թվականի հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը Բեռլինում հրավիրվում է նոր կոնգրես, որին մասնակցում են Ռուսաստանը, Օսմանյան Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Իտալիան: Կոնգրեսն ավարտվել է փաստաթղթի ընդունմամբ, որը պատմության մեջ հայտնի Բեռլինի տրակտատ անվամբ: Սուլթան Աբդուլ Համիդ II-ն ունենալով եվրոպական տերությունների, գլխավորապես Մեծ Բրիտանիայի աջակցությունը, հետաձգում է ռեֆորմների իրականացումը - ծնթ. խմբ.:

[4]      Նկատի ունի Կովկասի փոխարքայությունը, որը մի քանի անգամ ենթարկվել է վարչական փոփոխությունների: Փոխարքայությունը ղեկավարում էր ցարի կողմից նշանակված փոխարքան, որն իրականացնում էր երկրամասի քաղաքացիական ղեկավարությունը եւ անմիջականորեն ենթարկվում էր ռուսական միապետին: Փոխարքային էին ենթարկվում վարչական միավորի տարածքում գտնվող զորքերը: Նա համարվում էր Կովկասյան ռազմական օկրուգի գլխավոր հրամանատարը: 1905 թ. դրությամբ Կովկասի փոխարքայությունը կազմված էր վեց նահանգներից՝ Բաքվի, Ելիսավետպոլի, Թիֆլիսի, Սեւծովյան, Երեւանյան, հինգ մարզերից՝ Բաթումի, Դաղստանի, Կարսի, Կուբանի, Թերեքի եւ երկու ինքնուրույն  օկրուգներից՝ Զաքաթալայի եւ Սուխումի: Փոխարքայությունը լուծարվել է 1917 թ. մարտին  - ծնթ. խմբ.:

[5]        Ընդհանուր առմամբ, ընդհուպ մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը տեղի են ունեցել ռուս-թուրքական 12 պատերազմներ- ծնթ. խմբ.:

[6]      Պատերազմի նախօրյակին Վանի նահանգի տարածքը կազմել է 39300 կմ2 - ծնթ. խմբ.:

[7]      Նկատի ունի Վանա լիճը - ծնթ. խմբ.:

[8]      Հաքարիի սանջակի կենտրոնն էր Բաշկալեն, որտեղ ապրում էին զգալի թվով ասորիներ եւ հայտնի էր «Ասորական մարզ» հավաքական անունով: Գյուղերի թիվը կազմում էր 689: Ասորիներ բնակվում էին Վան քաղաքում եւ նահանգի այլ գավառներում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օսմանյան իշխանությունների կողմից ասորիները եւս ենթարկվում են ցեղասպանության: Զոհերի թիվը անցնում է 500 հազարի: Օգոստոսի 7-ը նշվում է որպես ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր - ծնթ. խմբ.:

[9]        Գավառ- ծնթ. խմբ.:

[10]    Հաքարին (Հեքյարի, Հաքյարի) Վանի վիլայեթին միացվել է 1888 թ. - ծնթ. խմբ.:

[11]      Գավառապետ - ծնթ. խմբ.:

[12]      Սրբազան Ավանդությունը, որ տեղ է գտել սրբոց վարքի ու վկայաբանությունների ժողովածուներում եւ հայ պատմիչների երկերում, բովանդակում է նաեւ I դարում առաքյալների քարոզչությունը Հայաստանում: Տիրոջ առաքյալներից երկուսին՝ Սուրբ Թադեոսին եւ Սուրբ Բարդուղիմեոսին վիճակվեց Հայաստանը: Առաջինը Հայաստան է գալիս Թադեոսը, ով հայտնի է Ղեբեոս (Մտթ. Ժ 3) եւ Հուդա Հակոբյան (Ղուկ. Ձ 13, Գործք Ա 13) անուններով: Թադեոսը նախ քարոզում է ասորական Միջագետքում, այնուհետեւ Եդեսիայում (Ուռհա), որտեղ բազմաթիվ հրաշքներ է գործում եւ բուժում է Աբգար թագավորին, ապա անցնում է Վասպուրական նահանգի Արտազ գավառի Շավարշավան գյուղաքաղաք, որտեղ գտնվում է հայոց արքա Սանատրուկ թագավորի ամառանոցը: Առաքյալի քարոզչությամբ բազմաթիվ մարդիկ դարձի են գալիս, որոնց թվում էր նաեւ արքայադուստր Սանդուխտը: Սանատրուկը հրամայում է սրի քաշել նորադարձներին, իսկ Սանդուխտին բանտարկել: Արքան տարբեր միջոցներով փորձում է քրիստոնեությունից հրաժարեցնել Սանդուխտին, սակայն ապարդյուն: Ի վերջո Սանատրուկը հրամայում է սպանել դստերը, որը դառնում է հայ առաջին կին մարտիրոսը: Սպանվում է նաեւ Թադեոս առաքյալը: Հետագայում Կիրակոս անունով մի ճգնավոր տեսիլքով գտնում է Թադեոս առաքյալի, Սանդուխտ կույսի ու նրանց հետ նահատակվածների նշխարքները: Ցայսօր պատմական Արտազ գավառում (այժմյան Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում) կանգուն է առաքյալի գերեզմանի վրա կառուցված Ս. Թադեի վանքը: Բարդուղիմեոսը, որը հայտնի է նաեւ Նաթանայել անունով (Հովհ. Ա 45, ԻԱ 2), եւ ով առաջինը Հիսուսին Աստծո Որդի դավանելու համար (Հովհ. Ա 49) կոչվել է Նախադավան առաքյալ: Ավանդության համաձայն՝ առաքյալը նախ քարոզում է Պարսկաստանում, ապա հասնում է մինչեւ Հնդկաստան, այնուհետեւ ութ պարսիկ հետեւորդների հետ անցնում է Հայաստան՝ Հեր եւ Զարեւանդ գավառներ, այնտեղից էլ Անձեւացյաց գավառ եւ Աղբակ: Բարդուղիմեոս առաքյալի քարոզչությամբ դարձի են գալիս Սանատրուկ արքայի քույր Ոգուհին եւ ուրիշ շատեր: Սանատրուկը նրանց համոզելու ապարդյուն փորձերից հետո հրամայում է սպանել նրանց: Ավանդության համաձայն՝ առաքյալի գերեզմանը գտնվում է պատմական Աղբակ գավառում (այժմ՝ Թուրքիա, Բաշկալե), որի վրա կառուցվել է Ս. Բարդուղիմեոսի վանքը, որն այժմ գտնվում է ավերված վիճակում: Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին դեկտեմբերի 4-ին նշում է հայ ժողովրդի առաջին լուսավորիչներ եւ հայ եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը -ծնթ. խմբ.: 

[13]      Մար Բենիամին Շիմուն XXI, (1887-1918): Արեւելքի Ասորական եկեղեցու պատրիարք (1903-1918): Սպանվել է 1918 թ. քուրդ ցեղապետ Իսմայիլ աղա Սիմկոյի կողմից՝ բանակցության ժամանակ: Հանդիպումը կայացել է բրիտանական հետախուզության միջնորդությամբ: Մար Շիմուն Բենիամինը թաղվել է Խոսրոբադ հայկական գյուղի Ս. Գեւորգ եկեղեցու բակում - ծնթ. խմբ.:

[14]      Վարագա լեռ, գմբեթաձեւ լեռնազանգված Վասպուրականի բարձրավանդակում, Վանա լճից 10 կմ արեւելք: Բարձրությունը 3250 մ է: Վարագա լեռան վրա կան պատմական հուշարձաններ:

[15]    Սիփան (հնում նաեւ կոչվել է Նեխ Մասիք, Ծիփան, Սուփխան), հանգած հրաբուխ Հայկական լեռնաշխարհում՝ Վանա լճի մոտակայքում: Բարձրությունը 4434 մ է:

[16]      Մասիս կամ Արարատ, հանգած հրաբուխ Հայկական լեռնաշխարհում, Արաքս գետի աջ ափին: Ունի երկու գագաթ՝ Մեծ Մասիս կամ Արարատ (5165 մ) եւ փոքր՝ Սիս կամ Փոքր Արարատ (3925 մ): Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է: Մասիսն այն բիբլիական սուրբ լեռն է, որի վրա իջեւանել է Նոյյան տապանը՝ ջրհեղեղի ժամանակ Նոյն իր ընտանիքով - ծնթ. խմբ.:

[17]      Այդ կղզիներն են՝ Լիմ, Առտեր, Կտուց եւ Աղթամար: Նրանցից առավել նշանավոր է Աղթամար կղզին իր Ս. Խաչ եկեղեցով - ծնթ. խմբ.:

[18]    Նկատի ունի Վանի թագավորության տարբեր արքաների թողած սեպագիր արձանագրությունները, որով հարուստ է ոչ միայն Վան քաղաքը, այլեւ ողջ Հայաստանը: Արքաներն իրենց սեպագիր արձանագրություններում նկարագրել են ինչպես Վան, այնպես էլ Մենուախինիլի, Արգիշտիխինիլի, Էրեբունի եւ այլ քաղաքների կառուցման, կատարած շինարարական աշխատանքների, արշավանքների եւ այլ կարեւոր կամ քիչ թե շատ հիշարժան իրադարձությունների եւ դեպքերի մասին - ծնթ. խմբ.:

[19]      Ըստ հայկական ավանդության, Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարվել է հայոց արքա Արա Գեղեցիկին: Մերժում ստանալով Շամիրամը զորքով ներխուժում է Հայաստան: Հայոց արքան զոհվում է ճակատամարտի ժամանակ: Նվաճված Հայաստանում Շամիրամը իբր իր անունով հիմնել է ամառանոցային բերդաքաղաք, ջրանցք եւ այլն:

[20]      Իրականում ջրանցքը կառուցել է Վանի թագավորության (Ուրարտու) արքա Մենուան . ա. 810-786): Ջրանցքի երկարությունը 72 կմ է եւ այն գործում է առ այսօր: Վանեցիները ջրանցքը կոչել են Շամիրամ թագուհու անունով - ծնթ. խմբ.:

[21]      Վարագա վանք, միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական եւ մշակութային կենտրոն, Վան քաղաքից հարավ-արեւելք, Վարագա լեռան արեւմտյան լանջին: Հիմնադրվել է VII դարում: Վանական համալիրը բաղկացած է վեց եկեղեցուց, գավթից, նախասրահից, օժանդակ շինություններից: Պահպանված ամենահին շենքը հուշարձանախմբի հարավային կողմում գտնվող Ս. Սոփիա եկեղեցին է (X), որը կոչվում է նաեւ Բերդավոր (ուշ միջնադարում վերակառուցվել է ամրոցի): Եկեղցին շինված է սրբատաշ ավազաքարից եւ ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ որմնամյութերով, արեւելքում կիսաշրջանաձեւ խորանով, որի երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներ են: Բեմը լուսավորվում է արեւելյան ճակատի զույգ լուսամուտներով: Այժմ պահպանվել է շինության միայն արեւելյան հատվածը: Հյուսիսից կից է Ս. Հովհաննես կամ Քառասուն աբեղա եկեղեցին (X դար): 2, 5 մ հյուսիս գտնվում է վանքի գլխավոր եկեղեցին՝ Ս. Աստվածածինը (XI դար): Նրան հյուսիսից կից է գմբեթավոր դահլիճի հորինվածքով Ս. Նշան եկեղեցին (XI դար): Նրա գավիթն օգտագործվել է որպես եկեղեցի եւ կոչվել է Ս. Գեւորգ: Արեւմտյան եւ արեւելյան (դեպի Ս. Նշան եկեղեցին բացվող) դռներն ունեն զարդաքանդակներով ճոխ շքամուտքեր՝ ներկված վառ գույներով: Գավթին արեւմուտքից կից է եռակամար բաց նախասրահը (XVII դար), հյուսիսից՝ Ս. Խաչ միանավ թաղածածկ եկեղեցին, իսկ հարավից՝ Ս. Սիոնի եկեղեցին (XVII դար), որը 1849 թ. վերաշինվել է ցորենի շտեմարանի: Որպես Ս. Խաչ եւ Ս. Սիոն եկեղեցիների արեւմտյան մուտքերի քարավոր օգտագործվել են Վանի թագավորությանն առնչվող սեպագիր արձանագրություններ: Վարագում գործել է  «Վարագա վանքի ժառանգավորաց դպրոցը», որը հիմնադրվել է 1857 թ., վանահայր Մկրտիչ Խրիմյանի (Խրիմյան Հայրիկ, հետագայում Ամենայն հայոց կաթողիկոս) եւ նրա համախոհների ջանքերով: Եղել է նոր տիպի դպրոց, ուր վերացվել էր մարմնական պատիժները, արմատավորվել էին ժամանակի մանկավարժության առաջավոր ձեւերն ու մեթոդները: Ծրագրային առարկաներն են եղել սրբազան պատմությունը, աստվածաբանությունը, եկեղեցական երաժշտությունը, ճարտասանությունը, քերականությունը, աշխարհագրությունը, ազգային պատմությունը եւ այլն: Վասպուրականում առաջին անգամ այստեղ է դասավանդվել հայրենագիտություն առարկան, որի նպատակն էր հետազոտել հայրենի բնությունը, պատմական հուշարձանները: Այդ հետազոտությունների արդյունքներն ընդհանրացվել են առարկայի ուսուցիչ Մ. Խրիմյանի 1893 թ. հրատարակված «Հայրենագիտություն» 3 մասից բաղկացած գրքում: 1862 թ. դպրոցը տվել է առաջին շրջանավարտները: Ժառանգավորացն ունեցել է գրադարան, թանգարան, տպարան (այստեղ է տպագրվել նաեւ «Արծուի Վասպուրականի» ամսագիրը): 1896 թ. օսմանյան կառավարության կողմից կազմակերպված հայերի զանգվածային կոտորածների ժամանակ վանքը եւ դպրոցը կողոպտվել եւ ավերվել են, ուսուցիչների եւ աշակերտների մի մասը սպանվել: Դպրոցը գոյատեւել է մինչեւ 1915 թ., երբ Օսմանյան կայսրության կառավարության կողմից կազմակերպվել է հայերի ցեղասպանությունը - ծնթ. խմբ.:

[22]    Ս. Գրիգոր վանք

[23]    Լիմ անապատ, Վանա լճի հյուսիս-արեւելքում՝ Լիմ կղզում: IV դարի սկզբին հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը: XIV դ. սկզբին Լիմ անապատում եղել են Ս. Աստվածածին, Ս. Կարապետ եւ Ս. Գեւորգ եկեղեցիները: Լիմ անապատը ծաղկում է ապրել XVII դ.: XIII-XIV դդ. Լիմ անապատում գործել է գրչության կենտրոն: Գործել է բարձրագույն դպրոց, որտեղ դասավանդվել է փիլիսոփայություն, քերականություն, տոմարագիտություն, գրչության արվեստ եւ այլն: Գրվել են թվաբանության, բժշկության, աստղաբաշխության վերաբերյալ դասագրքեր: 1882 թ. Լիմ անապատին կից կառուցվել է դպրոց: 1896 եւ 1898 թթ. անապատը կողոպտվել է քրդական ավազակախմբերի կողմից: 1915 թ. արեւմտահայության ցեղասպանության ժամանակ Լիմ անապատում ապաստանել են շրջակա գյուղերի հազարավոր բնակիչներ: Շինությունների զգալի մասը կողոպտվել եւ ավերվել են թուրք եւ քուրդ հրոսակախմբերի կողմից - ծնթ. խմբ.:

[24]      Կտուց անապատ, Վանա լճի Կտուց կղզում: Ըստ ավանդության հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը: Նա այստեղ է ամփոփել իր հետ բերած Կենաց փայտի մի մասը եւ յոթ սրբերի մասունքները, կառուցել յոթ եկեղեցի: Կտուց անապատի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է XI դ.: XV դ. Կտուց անապատը դարձել է գրչության նշանավոր կենտրոն: 1915 թ. ցեղասպանության ժամանակ անապատը կողոպտվել եւ ավերվել է - ծնթ. խմբ.:

[25]      Թոնդրակ, լեռնազանգված Հայկական լեռնաշխարհում, Աբաղայի դաշտի եւ Կոգովիտի միջեւ, Ծաղկանց (Ալադաղ) լեռներից հյուսիս-արեւելք: Բարդ կազմության երիտասարդ հանգած հրաբխային գմբեթաձեւ զանգված է: Գագաթնային մասը սարավանդ է (բարձրությունը՝ 2900-3200 մ)՝ Խորի (3548 մ) եւ Թոնդրակ (3313 մ) կոնաձեւ գագաթներով - ծնթ. խմբ.:

[26]      Գետի իրական անվանումն է՝ Բերկրի - ծնթ. խմբ.:

[27]    Արտոս, լեռ Հայկական լեռնաշխարհում, Հայկական Տավրոս լեռնային համակարգում, Վանա լճից հարավ: Բարձրությունը մոտ 3850 մ է:

[28]    Աղթամարը Վանա լճի չորս կղզիներից է: Գտնվում է լճի հարավ արեւելյան մասում: Կղզին բնակելի է եղել հնագույն ժամանակներից: Նրա հյուսիս-արեւմտյան անկյութնում պահպանվել են կիկլոպյան պարսպապատերի հետքեր: IV դ. Աղթամարում եղել է Ռշտունի իշխանների ամրոց: X դ. սկզբին Գագիկ Արծրունի թագավորը կղզում մեծ շինարարություն է սկսել՝ դարձնելով այն անառիկ բերդաքաղաք՝ Վասպուրականի Արծրունյաց թագավորության (908-1021) քաղաքական եւ հոգեւոր կենտրոն - ծնթ. խմբ.:

[29]    Նարեկավանք, X դարի հայկական վանական համալիր Վասպուրական նահանգի Ռշտունյաց գավառում՝ Վանա լճի հարավ-արեւելյան ափին, Նարեկ գյուղում: Վանքը հիմնադրել են բյուզանդական կայսր Ռոմանոսի կրոնական հալածանքների պատճառով փախած հայ վանականները: Վանական համալիրի գլխավոր եկեղեցին Ս. Սանդուխտն է: Եկեղեցու արեւելյան կից Գրիգոր Նարեկացու գմբեթավոր մատուռն է, իսկ հարավում մեկ զույգ որմնամույթերով, պայտաձեւ եւ Ավագ խորանով գմբեթավոր դահլիճի հորինվածքով Ս. Աստվածածին եկեղեցին է: Նարեկավանքը զարթոնք է ապրել Անանիա Նարեկացու, ավելի ուշ Գրիգոր Նարեկացու վանահայրության տարիներին: Անանիա Նարեկացու ջանքերով վանքում հիմնվել է դպրոց, բազմաթիվ ձեռագրեր են ծնունդ առել այնտեղ, որոնցից մեզ են հասել 1069 թ. գրված Ավետարանը: 1707 թ. Մինաս վարդապետ Ղախանեցին հիմնովին նորոգել է վանքը, իսկ 1877 թ. վանահայր Բարսեղ վարդապետը եկեղեցիներին արեւելյան կից կառուցել է ընդարձակ գավիթ, ուր թաղվել է Անանիա Նարեկացին: 1812 թ. գավթի արեւմտյան մուտքի առաջ կառուցվել է եռահարկ զանգակատուն: 1884 թ. Արիստակես վարդապետը վանքում վարժարան է բացել, իսկ 1901 թ. որբանոց-վարժարան: Նարեկավանքից 2 կմ հեռու սրբավայր համարվող այն քարայրն է, ուր ճգնել է Գրիգոր Նարեկացին: Հայոց ցեղասպանության տարիներին վանքն ավերվել է օսմանյան իշխանությունների կողմից - ծնթ. խմբ.:

[30]    Ոստան գավառի գավառի Վանա լճի ափին գտնվող Չահան (Չաբահան, Չարահան) Ս. Նշանի վանքում է ամփոփված պատմիչ Եղիշեի (մոտ 410/415-474/475) աճյունը: Նա հեղինակել է «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին» երկասիրությունը: Եղիշեի աճյունը հանդիսացել է ուխտատեղի հայ հավատացյալների համար - ծնթ. խմբ.:

[31]      Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգեւորական, բանաստեղծ, երաժիշտ եւ փիլիսոփա: Հայ գրականության վերածնության մտքի գագաթը: Ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունյաց գավառի Նարեկ գյուղում: Նա Անձեւացյաց գավառի Խոսրով եպիսկոպոսի որդին էր: Նրա ուսուցիչներից է եղել Նարեկավանքի վանահայր Անանիա Նարեկացին: Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական եւ ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է այդ կենտրոնի սյուներից մեկը: Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվում է վարդապետ եւ ստանում է Նարեկացի անունը: Իր հարուստ գիտելիքների եւ անբասիր վարքի շնորհիվ մեծ համբավ է վաստակում: Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել հայության համար: Նրանից մնացել են բազմաթիվ գործեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, տաղեր (30-ից ավելի) եւ այլն: Նրա երկերից ամենալավագույնները տաղերն են եւ «Մատեան Ողբերգութեան» (1002 թ. ) քնարական պոեմը: Վերջինս հայ միջնադարյան գրականության ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին: Պոեմը բաղկացած է 95 գլխից: Ժանրային առումով այն քնարական-հոգեւոր է: «Մատեան Ողբերգութեան» պոեմը, ամբողջական կամ մասնակի թարգմանվել է աշխարհի շուրջ 30 լեզուներով - ծնթ. խմբ.:

[32]    Եղիշե (մոտ 410/415-474/475), հայ պատմիչ: 434 թ. ապագա Հայոց պատմահայր Մովսես Խորենացու եւ այլոց հետ մեկնել է Ալեքսանդրիա՝ ուսանելու: 441-442 թթ. վերդարձել է Հայաստան եւ դարձել է Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դպրապետը: 450-451 թթ. մասնակցել է հակապարսկական ապստամբությանը, որը հայտնի է Վարդանանց պատերազմ անունով: 451 թ. մայիսի 26-ին Վասպուրական նահանգի Արտազ գավառի Ավարայրի դաշտում, Տղմուտ գետի ափին տեղի ունեցած հայ-պարսկական ճակատամարտից հետո անցել է ճգնակեցության նախ Մոկքում, ապա Ռշտունիքում, Վանա լճի մերձակա մի քարանձավում, որը կոչվել է Ս. Եղիշեի այր: Այդտեղ էլ վախճանվել է եւ ամփոփվել է անձավի մոտ: Հետագայում վերաթաղվել է Վանա լճի ափին գտնվող առափնյա վանքում, որը նրա անունով կոչվել է նաեւ Ս. Եղիշե վանք: Եղիշեի «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին» երկասիրությունը նվիրված է 450-451 թթ. հայերի հակապարսկական ապստամբության լուսաբանմանը, որի ականատես եւ մասնակից է եղել: Երկը հրատարակվել է ավելի քան 40 անգամ ինչպես հայերեն այնպես էլ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն եւ այլ լեզուներով - ծնթ. խմբ.: