Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրվել է 1862 թ. հունվարի երկրորդ տասնամյակից մինչեւ 1862 թ. ապրիլի կեսերը։ Առաջին անգամ տպագրվել է 1862 թ. Փարիզում, Կարապետ Շահնազարյանի տպարանում Սիմեոն Մանիկյան կեղծանունով։ Ռուսաստանում առաջին անգամ տպագրվել է 1906 թ. Նալբանդյանի Երկերի երկհատորյակի II հատորում։ Ապա մտել է ԵԼԺ III հատորը (1940)։ Ներկա տպագրության համար հիմք է հանդիսացել առաջին հրատարակությունը:

Նալբանդյանի գրքի լույսընծայման մասին առաջին հիշատակությունն առկա է Մ. Բակունինի 1862 թ. մայիսի 15-ին (հունիսի 6) Նալբանդյանին գրած նամակում. «Ուղարկում եմ Ձեզ այն բրոշյուրը, որ Դուք խնդրել էիք Ձեր բարեկամի համար . Խաֆաֆյան-խմբ. ), տարաբարյան լեզվով–այսինքն կուղարկեմ, եթե պանը . Չերնեցկի–խմբ. ) այն ստացել է եւ կտա ինձ այսօր: Այս մասին ես գրել էի նրան մի քանի  օր առաջ, բայց դեռ ոչ մի պատասխան չեմ ստացել –հիմա ինքս գնում եմ նրա մոտ։ Ինչքան որ տա, այնքանն էլ կուղարկեմ, չէ որ նա ճարպիկ է» . Лемке, Очерки освободительного движения «шестидесятых годов», СПб, 1908. стр. 82)

Նալբանդյանը գիրքը գրել է Հնդկաստանից Լոնդոն վերադառնալուց հետո, որտեղ հասել էր 1862 թ. հունվարի 9-ին, Լոնդոնում նա մնացել է մինչեւ ապրիլի 16-ը, որից հետո մեկնել է Փարիզ եւ այնտեղից անցել Պետերբուրգ։ «Երկրագործության» առաջաբանը թվագրված է հեղինակի կողմից՝ 1862 թ. մարտի 26-ը։ Այսպիսով, աշխատանքը գրքի վրա ընթացել է Լոնդոնում հունվարից մինչեւ ապրիլի կեսերը եւ Փարիզ նա արդեն տարել է տպագրության պատրաստ ձեռագիրը։ «Երկրագործությունը» տպագրվել է Կարապետ Շահնազարյանի տպարանում Նալբանդյանի Ռուսաստան մեկնելուց քիչ առաջ (1862 թ. մայիսի 20–30-ը)։ Սակայն հեղինակը իր հետ չի վերցրել գրքի եւ ոչ մի օրինակ, անկասկած խիստ գաղտնապահության նկատառումով, որին պետք է վերագրել նաեւ գիրքը կեղծանունով հրատարակելու փաստը։ Աշխատության մեջ, առանց աղբյուրի հիշատակման մեջբերումներ են կատարվում Ռուսաստանում արգելված «Կոլոկոլից», որպեսզի տեղիք չտրվի «լոնդոնյան պրոպագանդիստների», Գերցենի, Օգարյովի, Բակունինի եւ ուրիշների հետ որեւէ կապ տեսնելու կասկածանքին։ Նալբանդյանը հասկանում էր, որ եթե իր հետ վերցներ գիրքը, ապա ձախողման դեպքում իրեն կներկայացնեն լուրջ քաղաքական մեղադրանք՝ արգելված գրականություն տարածելու համար: Հետագա իրադարձությունները հաստատեցին այդ։ Հարցաքննության ընթացքում, 1862 թ. հոկտեմբերին, թեեւ չէր բացահայտվել Նալբանդյանի հեղինակությունը, նրան, այնուամենայնիվ, մեղադրեցին, որ նա հետաքրքրություն է ցուցաբերել մի գրքի նկատմամբ, որն իր մեջ պարունակում է դատողություններ «կառավարությունների եւ ի միջի այլոց Ռուսաստանի մասին վրդովեցուցիչ ոգով» (գրքի հատվածները Ասկերխանովի ռուսերեն թարգմանությամբ քննչական հանձնաժողովին է ներկայացվել 1862 թ. օգոստոսի 7-ին)։

Այսպիսով, նախատեսելով այս բոլոր հնարավոր իրադարձությունները, հավանորեն դեռեւս Գերցենի մոտ գտնվելու ժամանակ, Նալբանդյանը պայմանավորվել էր լոնդոնյան կենտրոնում (որն ուներ մշտական գործող գաղտնի կապա Ռուսաստանի հետ) «Երկրագործությունը» իրենց գործակալների միջոցով ուղարկելու վերաբերյալ

Բակունինի եւ Նալբանդյանի նամակագրությունից հայտնի է դառնում, որ Բակունինը, Օգարյովը եւ Չերնեցկին, որը զբաղվում էր Լոնդոնի ռուսական ազատ տպարանի հարցերով, եռանդուն գործունեություն էին ցուցաբերել «Երկրագործությունը» «Խոհարարական գրքի» անվան տակ Ռուսաստան առաքելու խնդրում։ Լոնդոնյան կենտրոնի գործակալ Պ. Վետոշնիկովի ձերբակալման ժամանակ մի շարք փաստաթղթերի հետ միասին նրանից վերցվել եւ III բաժանմունք էր հանձնվել նաեւ «Երկրագործության» 10 օրինակը (այդ օրինակների ճակատագիրը առ այսօր անհայտ է)։

Սակայն, չնայած արգելքներին, «Երկրագործությունը» մեծ տարածում ունեցավ ռուսահայերի, մասնավորապես «գյուղացիական սոցիալիզմի» գաղափարներով ոգեշնչված նարոդնիկական մտավորականության շրջաններում։ Այսպես, 1884 թ. Թիֆլիսում գործող ազգային-նարոդնիկական խմբակը հեկտոգրաֆի վրա տպել եւ տարածել էր «Երկրագործությունը» (տե՛ս Գ. Քարաջյան, Հայ անդրանիկ հեղափոխական խմբակը Անդրկովկասում, Թիֆլիս, 1927, էջ 25–26): Այդ նույն տարում «Արձագանքում» (№ 23) երիտասարդ հրապարակախոս-նարոդնիկ, Պետերբուրգի եւ Օդեսայի համալսարանների սան Գաբրիել Մնացականյանը . Մաճկալ) հրապարակում է «Դարձյալ գյուղատնտեսական վարժարանների եւ նոցա կարեւորության մասին Անդրկովկասում» հոդվածը, որտեղ նշում էր, որ գյուղատնտեսական եւ արհեստագործական ուսումնարանների ստեղծումը մի յուրատեսակ հասարակական արձագանք էր Մ. Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» գրքի. «Մեր 60-ական թվականների հայտնի հրապարակախոսը, գրում է Գ. Մաճկալը, յուր գրվածների շարքը պսակեց երկրագործության վրա տետրակով, ուր երկրագործությունը իբրեւ ուղիղ ճանապարհ եւ միակ միջոց է համարվում ազգային առաջադիմության, իսկ երկրագործությունը առաջ  տանելու համար հարկավոր են գյուղատնտեսական եւ արհեստական վարժարաններ»։

1906 թ. «Երկրագործությունը» առաջին անգամ մտավ Նալբանդյանի երկերի ժողովածուի մեջ, Դոնի Ռոստովի հրատարակության II հատորում, սակայն կրճատումներով եւ գրաքննչական աղավաղումներով։ Վեց տարի անց, ստոլիպինյան ռեակցիայի տարիներին այդ հրատարակությունը ենթարկվեց հետապնդումների հենց երկրորդ հատորի պատճառով, որտեղ զետեղված էր «Երկրագործությունը»: Գրաքննիչ Չառըխյանը իր զեկուցագրի մեջ նշում էր, որ երկրորդ հատորում տեղ գտած երկերը «իրենց բովանդակությամբ եւ գրգռիչ ոգով պետք է համարվեն հանցագործ ստեղծագործություններ»: Շարադրելով «Երկրագործության» բովանդակությունը, որը «տեղ-տեղ հասնում է հեղափոխականության», գրաքննիչր բնութագրում է նրա հեղինակին որպես «փիլիսոփա-սոցիալիստի» եւ Բակունինի, Գերցենի եւ Չեռնիշեւսկու հետեւորդի» (Միքայել Նալբանդյան, Վավերագրերի ժողովածու: Տեքստը, խմբագրությունը եւ ծանոթագրությունները Ա. Ինճիկյանի եւ Գր. Հարությունյանի, Ե., 1956, էջ 305–310)։

«Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» տրակտատում առավել ցայտուն ու ամբողջացված դրսեւորվեցին Նալբանդյանի հեղափոխական-դեմոկրատական հայացքները: Քանի որ այն գրվել էր Լոնդոնում, ապա, բնականաբար, Նալբանդյանը մի շարք հարցերի կապակցությամբ խորհրդակցել էր Գերցենի, Օգարյովի եւ Բակունինի հետ, օգտվել «Կոլոկոլում» եւ լոնդոնյան մյուս հրատարակություններում եղած նյութերից:

«Երկրագործության» համար բնաբան էր հանդիսացել Լ. Ֆոյերբախի «Քրիստոնեության էությունը» աշխատությունից մի հատված, որը ռուսերեն լեզվով հրատարակվել էր Լոնդոնում 1861 թ. ։ Իսկ գրքի հայ երիտասարդությանը ուղղված առաջաբանում կարելի է նկատել արտահայտություններ, որոնք ուղղակիորեն առընչվում են «Կոլոկոլի» մարտական «Vivos voco» (կանչում եմ ողջերին) կոչի հետ: «Կենդանության նվիրված այս փոքրիկ գործի ճակատը, –գրում է Նալբանդյանը, –կենդանի մարդերի անունով ցանկացա պսակել... թողե՛ք մեռելներին թաղել յուրյանց մեռելները, նոցա արեւը մտած է, իսկ դուք կենդանի եք եւ ապագայի արշալույսը ձեր գլխի վերա է բացվում... Այն մարդը, որ զգում է յուր անձը կենդանի, պիտի հարի ձեզ, որովհետեւ կյանքի հոսանքը միայն մի ընթացք ունի–դեպի հառաջ... հառաջ... Այնտեղ միայն կարող ենք հանդիպել մեր ազգի կենսանորոգ է որոտընդոստ հարության... »։

Դեռեւս «Կոլոկոլի» առաջին համարում (1857) Գերցենը ոգեւորությամբ ասում էր. –«... Մենք կանչում ենք ողջերին՝ Ռուսաստանում եղած ամեն մի զառամած, իր դարն ապրած, այլանդակ, ստրկային, տգետ երեւույթի հուղարկավորության» (A. И. Герцен, Coбp. coч. в 30-ти томах, т. XIII, стр. 12)։ Օգարյովը 1862 թ. հունվարի 15-ի «Կոլոկոլում» կոչ էր անում. «Հառա՜ջ, երիտասարդ սերունդ։ Թող մեռյալ տառը եւ արարիր կենդանի միտք։ Գնա որպես զինվոր հանուն ընդհանուր բարօրության եւ ժողովրդի ազատության համար պայքարելու»: Մեկ ամիս անց այդ նույն «Կոլոկոլում» Բակունինը գրում էր. «Այո՛, մեծ ժամանակներ են։ Կարծես թե մի ոգի անցավ քնած ժողովուրդների վրայով, կոչ անելով կենդանիներին դեպի գործ, իսկ մեռածներին գերեզման». 1862 թ. հունիսի 24-ին (հուլիսի 6) Գերցենի եւ Օգարյովի՝ Սերնո-Սոլովյովիչին գրած նամակում կարդում ենք. «Թողե՛ք մեռելներին թաղելու իրենց մեռելներին։ Աշխատե՛ք գավառներում» (A. И. Герцен, Coбp. coч., т. XXVII, стр. 243)։

Բերված խոսքերը ունեն մեկ աղբյուր՝ «Կոլոկոլի» «Կանչում եմ ողջերին» մարտական կոչը . Շիլլերի «Երգ զանգակի մասին» բանաստեղծության բնաբանի առաջին տողը)։

Նալբանդյանը առաջիններից մեկն էր, որը ձայնակցեց այդ կոչին, «կանչելով ողջերին» մարտնչելու հանուն հայրենիքի վերածնության։ «Կենդանի գործ» ասելով նա, ինչպես նաեւ նրա ռուս բարեկամները, առաջին հերթին հասկանում էին գյուղացիական հարցի լուծումը, որից կախված էին մնացած բոլոր հարցերը։

Օգտագործելով Համլետի հանրահայտ մենախոսությունը, Նալբանդյանը սրում է ժամանակի ամենակարեւոր հարցերից մեկի՝ Ռուսաստանում 1861 թ. «գյուղացիական ռեֆորմի» նկատմամբ իր ունեցած վերաբերմունքը. «այս խնդիրը մահու եւ կյանքի խնդիր է. «to be or not to be» («Լինել, թե՞ չլինել)։

Ուշի-ուշով հետեւելով Ռուսաստանում տեղի ունեցող հետռեֆորմյան իրադարձություններին, Նալբանդյանը «Երկրագործության» մեջ ոչնչացնող քննադատության է ենթարկում ինքնակալությանը, մերկացնում ցարական ռեֆորմի հակաժողովրդական էությունը: Ընդսմին, նա բազմիցս մեջբերումներ է կատարում Օգարյովի «Ի՞նչ է պետք ժողովրդին» կոչից («Կոլոկոլ», 1861 թ. հուլիսի 1)։ Այս փաստը առաջին անգամ նկատել է Նշան Մուրադյանը «Երկրագործությանը» նվիրված ծանոթագրությունների մեջ . Նալբանդյան, ԵԼԺ, հ. III, 1940, էջ 458–459)։

Ի՞նչ մասնակցություն է ունեցել Նալբանդյանը Օգարյովի այդ կոչին: Իր ժամանակ Մ. Լեմկեն, հենվելով մի շարք սկզբնաղբյուրների վրա, նշում էր լոնդոնյան խմբում 1861 թ. Նալբանդյանի ունեցած աշխատակցությունը հատկապես «Ի՞նչ է պետք ժողովրդին» կոչ-հոդվածի ստեղծման հարցում: Խոսելով այդ մասին, նա գրում է. «Գրված է ոչ առանց Ն. Ա. Սերնո-Սոլովյովիչի, Ն. Ն. Օբրուչեւի, Ա. Ա. Սլեպցովի, Մ. Լ. Նալբանդյանի եւ մյուսների խորհրդակցության: Այդ կոչ-հոդվածը մեծ նշանակություն ուներ, որպես ապագա գաղտնի «Զեմլյա ի վոլյա» խմբակցության հիմք, խմբակցություն, որն արդեն նախագծվել էր Օգարյովի եւ Սերնո-Սոլովյովիչի կողմից, ինչպես ցույց են տալիս Գերցենի ընտանեկան արխիվի փաստաթղթերը»։ (A. И. Герцен, Полн., coбp. coч. и писем, под ред. М. К. Лемке, т. XI, Пг., 1919, стр. 136)

Լեմկեի այդ կարծիքին համամիտ է Ա. Կարինյանը («Нa рубеже Востока», 1929, 11, Ա. Կարինյան, Մ. Նալբանդյանը եւ 60-ական թվականների ռուս առաջավոր գործիչները, Ե., 1979, էջ 112–113)։ Սակայն Յա. Չերնյակի հոդվածի հրապարակումից հետո, որը վիճարկում էր Լեմկեի կարծիքը («Литературное наследство», т. 62, М., 1955), մի շարք ուսումնասիրողներ . Հովհաննիսյան, Ս. Արեշյան եւ ուրիչներ) բացառեցին Նալբանդյանի՝ «Ի՞նչ է պետք ժողովրդին» կոչի ստեղծմանը մասնակցելու հնարավորությունը։ Մեր փնտրումները ցույց տվին, որ Նալբանդյանը 1861 թ. Լոնդոնում գտնվելու ընթացքում, իրոք, մասնակցություն է ցուցաբերել «Զեմլյա ի վոլյա» գաղտնի ընկերութեան ծրագրային փաստաթուղթը կազմելու աշխատանքներին եւ հանդիսացել է այդ ընկերության անդամներից մեկը (այդ մասին մանրամասն տե՛ս Ս. Դարոնյան, Միքայել Նալբանդյան, Ե., 1979, էջ 351 եւ հտ. С. Даронян, М. Налбандян и pyccкие революционные демократы, изд. 2-ое, М., 1979, стр. 182 сл.

«Երկրագործության» մանրազնին քննությունը ցույց է տալիս, որ նրա վրա աշխատելու ընթացքում հայ հրապարակախոսը, գխավորապես հենվել է Օգարյովի՝ գյուղացիական հարցին նվիրված աշխատությունների վրա։ Եվ այդ միանգամայն հասկանալի է, քանի որ Օգարյովը մանրամասն մշակել էր «ռուսնական սոցիալիզմի» տեսությունը, եւ պատահական չեն Պլեխանովի այն խոսքերը, թե Օգարյովը ավելի, քան Գերցենը իրավունք ունի կոչվելու ռուսական նարոդնիկության «հայր»:

«Ռուսական հարցեր (գյուղացիական համայնքներ)» հոդվածում, որը հրապարակվել էր «Կոլոկոլում» 1858 թ. փետրվարի 1-ի եւ 15-ի համարներում, Օգարյովը քննադատելով հողատիրության ձեւերը Անգլիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում, առավելություններ էր տեսնում համայնական հողատիրության մեջ. «... Համայնական հողատիրությունը», –ասում էր նա, –առավել օգտակար է ժողովրդի եւ ավելի հաստատ պետության համար, քան հողատիրության ձեւերը Արեւմտյան Եվրոպայի երկրներում»: Եվ հենց այդ պատճառով նա երկրագործությունը համարում էր հասարակական արտադրության հիմքը: «Ավելի լավ է անել այնպես, գրում էր նա, –որ ոչ մի մարդ չլինի Ռուսաստանում, որ չունենա իր հողաբաժինը համայնքում, երկրագործությունը գոյություն ունի մարդու համար, եւ ոչ թե մարդը երկրագործության համար»:

Ահա այս սկզբունքներն են, որ ընկած են Նալբանդյանի գրքի հիմքում, որի վերնագրում արդեն առկա է նույն գաղափարը` «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»։ Նալբանդյանը նույնպես գալիս է այն եզրակացության, որ հայ ժողովրդի համար «Հիմնական եւ խելացի հնարը փրկության՝ հողը եւ երկրագործությունն է»: Երկրագործությունը, նրա կարծիքով, հանդիսանում է ժողովրդի «ապրուստի եւ հարստության գլխավոր աղբյուրը, բայց հասարակ ժողովուրդը, որը զրկված է հողից, հնարավորություն չունի զբաղվելու երկրագործությամբ, հետեւաբար դատապարտված է աղքատության եւ սովի։ Ելնելով այս ամենից, Նալբանդյանը առաջ էր քաշում ամեն մի գյուղացու՝ հողից օգտվելու իրավունքը, հող, որը «պատկանում է հասարակությանը»։

Մեկ տարի անց, Պետրոպավլովյան բերդում, Նալբանդյանը նորից անդրադառնում է իրեն հուզող այս հարցերին՝ «Հեգելը եւ նորա ժամանակը» աշխատության մեջ: Գյուղական համայնքի միջոցով սոցիալիզմին անցնելու հնարավորության նրա համոզմունքը այս անգամ հենվում էր նաեւ Չեռնիշեւսկու հայտնի հոդվածի՝ «Համայնական հողատիրության նկատմամբ փիլիսոփայական նախապաշարումների քննադատության» վրա («Սովրեմեննիկ», 1858, 12)։

Հեղափոխական դեմոկրատների, այդ թվում նաեւ Նալբանդյանի «համայնական սոցիալիզմը» ուներ ուտոպիական բնույթ։ Սակայն, ի տարբերություն ֆրանսիական սոցիալիստ-ուտոպիստների, Չեռնիշեւսկու, Գերցենի, Օգարյովի, Սերնո-Սոլովյովիչի եւ նրանց գաղափարական զինակից Միքայել Նալբանդյանի գործունեությունը բնութագրվում էր մարտական դեմոկրատիզմով, հեղափոխական նպատակասլացությամբ: Նալբանդյանը պատկանում էր այն անձանց թվին, որոնք հասկանում էին, որ Ռուսաստանում հասունանում է հեղափոխությունը: Այդ մասին են վկայում «Երկրագործության» հետեւյալ տողերը. «Բայց այս ջերմախտական եւ լարյալ վիճակը անհնար է, որ լինի երկարատեւ։ Եթե վաղօրոք խելք գործ չդրվի, ստրուկը յուր հողով հանդերձ կատարելապես ազատ չքարոզվի, եւ այս կերպով այն կնճիռը չլուծվի, ստրուկը կացինով կվճռե գործը»։ Կանխագուշակելով գյուղացիական ապստամբության մոտիկությունը, նա ավելացնում է. «Ժամանակը շատ մոտեցած է եւ կարծվածից ավելի մոտեցած... »:

«Կացնի» կոչը, որը հնչել էր «Կոլոկոլի» էջերից (1860 թ. 1 մարտի) «Նամակ գավառից» հոդվածում (դրա հեղինակը, ինչպես ենթադրում են, Չեռնիշեւսկու, Դոբրոլյուբովի համախոհներից էր), դարձավ հեղափոխական-դեմոկրատների մարտական կոչը, հեղափոխական-դեմոկրատներ, որոնց առաջին շարքերում քայլում էր նաեւ Միքայել Նալբանդյանը։ Պայքարի տեսության եւ տակտիկայի հարցերում նա կողմնորոշվում էր Օգարյովի եւ Բակունինի հայացքներով, որոնք չնայած պայքարի մեթոդների, ինչպես տեղի ունեցող իրադարձությունների էության ըմբռնման եւ նրանց զարգացման հեռանկարների խնդիրներում ունեցած տարաձայնություններին, մի շարք հարցերում միասին պաշտպանում էին ռուսական հեղափոխությանը գործնական մասնակցություն ցուցաբերելու գիծը . Л. Рудницкая, Н. П. Огарев в русском революциоггом движении, М., 1969, стр. 327)

Եթե Օգարյովը գրավում էր Նալբանդյանին սոցիալ-տնտեսական խնդիրների խոր մշակմամբ, ապա Բակունինը իր կողմն էր ձգում նրան ազգային հարցի լայն ըմբռնմամբ եւ իր ելույթների ինտերնացիոնալ պաթոսով։ Արդեն իր առաջին՝ «Ռուս, լեհ եւ բոլոր սլավոն բարեկամներին» հոդվածում, որը հրատարակվել էր «Կոլոկոլի» 1862 թ. փետրվարի 15-ի համարում, Բակունինը «Ի՞նչ է պետք, ժողովրդին» կոչի մեջ դրված հարցին տալիս է աներկմիտ պատասխան. «Կրկնում ենք «Կոլոկոլի» հետ միասին, հող եւ ազատություն»։ Լայնացնելով այդ մարտական լոզունգի աշխարհագրական եւ ազգային շրջանակները, նա մերկացնում էր Ռուսաստանի բոլոր ժողովուրդների, այդ թվում նաեւ Կովկասի ազգաբնակչության նկատմամբ ցարիզմի վարած գաղութարարական քաղաքականությունը։ Նրանց ազատագրումը ազգային եւ սոցիալական ճնշումից Բակունինը, ինչպես Գերցենը եւ Օգարյովը, կապում էր Ռուսաստանի ազատագրման հետ: «Ազատագրված ռուս ժողովուրդը, –ասում էր նա, իր եղբայրական ձեռքը կմեկնի իր հետ ազատագրված բոլոր ցեղերին... »: Մեկ այլ հոդվածում՝ «Մի քանի խոսք հարավային սլավոններին» («Կոլոկոլ», 1862 թ. ապրիլի 8) Բակունինը, դիմելով սլավոն ժողովուրդներին, որոնք տառապում էին թուրքական եւ ավստրիական լծի տակ, հարցնում էր. «Ձեզ պետք են դաշնակիցնե՞ր։ Ձեռք մեկնեք ձեր հարեւաններին՝ ռումինացիներին, հայերին, որոնք այժմ նույնպես ապստամբել են հանուն իրեց անկախության»։

Նալբանդյանը, անկասկած, ծանոթ էր Բակունինի այդ հոդվածներին, որոնք հրապարակվել էին «Կոլոկոլում» հայ հրապարակախոսի՝ Լոնդոնում եղած օրերին: Նալբանդյանի ձերբակալման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել էր «Ռուս, լեհ, եւ բոլոր սլավոն բարեկամներին» հոդվածի առանձնատիպը:

«Բակունինյան նյութերի» հետքերը նշմարելի են նաեւ «Երկրագործության» մեջ։ Նկարագրելով «գյուղացիական ռեֆորմից» հետո Ռուսաստանում տիրող իրադրությունը, նա բերում է 1862 թ. մարտի 22-ին «Կոլոկոլում» տպագրված տվերյան ազնվականների 1862 թ. փետրվարի 2-ին ցարին ուղղված դիմումի լրիվ տեքստը, որպես «վերեւներում» ուժեղացող հակասությունների ցայտուն օրինակ: Տեքստին տրվող բացատրությունների մեջ Նալբանդյանը հայտնում է, որ տվերյան գործով ձերբակալվածների եւ Պետրոպավլովյան բերդում արգելափակվածների թվում են Բակունինի երկու եղբայրները, «այն երեւելի Մ. Ա. Պաքունինի եղբայրներն են, որ իբրեւ առաջնորդ գերմանական ապստամբության (1848) բռնվեցավ Տրեզտենի մեջ եւ ութը տարի բանտ մնալեն եւ չորս տարի Սիպերիա աքսոր կրելեն ետքը, հրաշքով մը ազատություն գտնելով, Ճաբոնի եւ Ամերիկայի վրայով Լոնդրա հասավ... »։ Այս տվյալները Նալբանդյանը վերցրել էր Գերցենի «Մ. Ա. Բակունին» հոդվածից, որը տպագրվել էր «Կոլոկոլի» 1862 թ. հունվարի 15-ի համարում որպես առաջնորդող եւ նվիրված էր Բակունինի Սիբիրից Լոնդոն հասնելու փաստին։

Տվերի ազնվականների դիմումին կցած այդ նույն բացատրությունների մեջ, «կառավարության մոլորեցուցիչ խարդախությունը» դատապարտելուց անմիջապես հետո, գրված էին երկրի ժողովուրդների ազատության հարցում Ռուսաստանի պատմական առաքելության նկատմամբ ունեցած խորին հավատ արտահայտող խոսքեր, որոնք արձագանքում էին Բակունինի «Ռուս, լեհ եւ բոլոր սլավոն բարեկամներին» հոդվածին: Նալբանդյանը գրում է. «Հյուսիսային կոթողը (Պետերբուրգում Դվորցովայա հրապարակի վրա գտնվող գրանիտե սյունը, որը դրվել էր Ալեքսանդր I-ի հիշատակին եւ  խորհրդանշում էր ինքնակալությունը–խմբ. ) կշարժի... Ռուսիո մեջ խմորված ազատությունը համարձակ կարելի է մարդկային ազատություն անվանել, վասնզի ազատությունը հողի վրա կհիմնվի, քանզի ոչ միայն ինքը ռուսը կուզե իր ազատությունը, այլ... Լեհաստան, Ֆինլանդիա, Փոքր Ռուսիա (15 միլիոն ժողովուրդ), Կովկաս, Վրաստան եւ Հայաստան... »:

«Երկրագործության» մեջ Նալբանդյանը անխնա խարազանում է ազգային ճնշման քաղաքականությունը, պաշտպանում բոլոր ժողովուրդների հավասարության գաղափարը: Իրեն հատուկ հրապարակախոսական կրքով նա մերկացնում էր ցարական Ռուսաստանի, Անգլիայի, Ավստրիայի, Թուրքիայի գաղութարարներին, հեգնում «քաղաքակրթություն տարածելու» նրանց նվաճողական պատրվակը։ Սակայն այդ բռնի վարժապետները», ասում է Նալբանդյանը, գործում են հակառակ ժողովուրդների կամքի։ Առանձնակի սրությամբ նա դատապարտում է արեւմտաեվրոպական պետություններին, որոնք ամեն կերպ պաշտպանում են թուրքական կայսրությանը, «որպեսզի Թյուրքիո ստրկացած հայ, սլավոն եւ հույն ժողովուրդը քաղաքակրթիչ հոգաբարձվից չզրկվի»:

Նալբանդյանին, որպես հայ հեղափոխական դեմոկրատների գաղափարախոսի, բնականաբար, հուզում էին առաջին հերթին Ռուսաստանի եւ Թուրքիայի սոցիալ-տնտեսական կարգերի պայմաններում հայ համայնքի զարգացման խնդիրները։ «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության հիմնական նպատակը Նալբանդյանը տեսնում էր հայ ժողովրդի թշվառ վիճակի պատճառների վերհանման մեջ, ժողովուրդ, որը տառապում էր սեփական հարստահարիչների եւ ցարական ինքնակալության ու թուրք փաշաների կրկնակի լծի տակ։ Հայ ժողովրդի, ինչպես նաեւ ռուս ժողովրդի առջեւ, ասում էր Նալբանդյանը, ծառացած է տնտեսական խնդիրը, գյուղացիական խնդիրը, «մահու եւ կյանքի խնդիրը.... Եվ անկարելի է հայոց ազգի հիմքը նորոգել, ուժ եւ զորություն դնել նորա մեջ, քանի որ ազգը, հասարակ ժողովուրդը, կարոտ է օրական հացի, քանի որ նորա տնտեսական խնդիրը կարգի չի դրվում»:

Նալբանդյանը մանրամասնաբար կանգ է առնում հայ գյուղացիության, մասնավորապես արեւմտահայության ծայր աստիճան թշվառ վիճակի նկարագրության վրա: Նա նշում է հայ գյուղի շերտավորման պրոցեսը, հողի աշխատավորի տնտեսական քայքայումն ու աղքատացումը: «Փրկության հնարը... այս ցավերից ազատվելու ճանապարհը» Նալբանդյանը տեսնում է համայնական հողատիրության մեջ։

1861 թ. հետո կապիտալիզմը սկսեց արագ թափով տարածվել Անդրկովկասում։ Սակայն նոր, կապիտալիստական տնտեսաձեւը, այստեղ առավել, քան Ռուսաստանում դեմ էր առնում տնտեսության կիսամիջնադարյան ձեւերին։ Ընդունելով կապիտալիզմի առաջադիմական բնույթը, Նալբանդյանը հանդես է գալիս իր հայրենի երկրում, Արեւմտյան Եվրոպայի զարգացած երկրների օրինակով, խոշոր արդյունաբերության ստեղծման օգտին։ Նալբանդյանի ուշադրությունից չէր վրիպում նաեւ կապիտալիստական հասարակարգի արատները: Նա սուր քննադատության էր ենթարկում կապիտալիզմի հակասությունները, մատնացույց անում հատկապես Անգլիայում եւ Ֆրանսիայում աշխատավոր զանգվածների աղքատությունն ու իրավազրկությունը, մերկացնում էր բուրժուական «դեմոկրատիայի» հռչակած «ազատություն, հավասարություն եւ եղբայրություն» լոզունգների կեղծությունը։ Նա ծաղրում էր բուրժուական «մամուլի ազատությունը», նկատի ունենալով լիբերալ գաղափարախոս Ջոն Ստյուարտ Միլի «Ազատության մասին» գիրքը, որի քննադատությամբ, ի դեպ, հանդես էր եկել նաեւ Չեռնիշեւսկին։ Նալբանդյանը մեջբերումներ է կատարում Գերցենի «Ջոն Ստյուարտ Միլը եւ նրա «On liberti» գիրքը» հոդվածից, որը հետագայում մտել է «Եղելություն եւ խոհերի» մեջ։ Կապիտալիստական  սիստեմի հակասությունները Նալբանդյանը ցույց է տալիս հենց Հյուսիսի եւ Հարավի միջեւ տեղի ունեցող քաղաքացիական պատերազմում Անգլիայի եւ Հյուսիսային Ամերիկայի միջեւ եղած հակասության փաստով: Եվ պետի է ասել, որ այդ իրադարձությունների գնահատման հարցում նա կանգնած է եղել իր ժամանակի առաջադեմ մտածողների՝ Մարքսի, Չեռնիշեւսկու, Գերցենի եւ մյուսների դիրքերում։ Ստրկության քննադատությամբ է սկսում Նալբանդյանն իր գիրքը։

Բազմաթիվ երկրների տնտեսության քննության արդյունքներից ելնելով, Նալբանդյանը հանգում է գյուղացիական դեմոկրատական հանրապետություն ստեղծելու գաղափարին։ Սակայն նա չկարողացավ կռահել, որ գյուղացիական հեղափոխությունը չի վերացնի կապիտալիզմը, այլ, ինչպես ասում էր Վ. Ի. Լենինը, ավելի լայն հնարավորություններ կստեղծի նրա զարգացման համար, կարագացնի եւ կսրի կապիտալիստական զարգացումը, որ գյուղացիական ապստամբության հաղթանակը կլինի միայն հենարան բուրժուական դեմոկրատական հանրապետության համար, որտեղ իր ամբողջ սրությամբ կծավալվի պրոլետարիատի պայքարը ընդդեմ բուրժուազիայի։ Ռուսաստանի ժողովուրդների սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում Նալբանդյանը չկարողացավ եւ չէր կարող գիտակցել պրոլետարիատի պատմական դերը, որը «Թշնակցած աշխատավոր գյուղացիության հետ կկարողանա վճռել «մարդու եւ հացի» կարեւորագույն խնդիրը։ 

Աշխարհայացքային այս սահմանափակությամբ հանդերձ՝ կապիտալիզմի նրա քննադատությունը միանգամայն առաջադիմական էր: Հայ հեղափոխականը խորապես հավատում էր աշխարհի նորոգությանը եւ արտահայտում այն հաստատու համոզմունքը, որ գաղութային ժողովուրդները կփշրեն ստրկության դարավոր շղթաները եւ կկանգնեն ազատության եւ իսկական քաղաքակրթության ուղու վրա. «Պիտի գա օր, երբ այն պառավ Ասիան պիտի մանկանա, եւ ասիական ազգերը այն վայրկենից պիտի սկսանին յուրյանց պատմությունը... Ասիո ապագան... մեծ է... լայն է... »:

Նալբանդյանը հատկապես նշում է ռուսական հեղափոխության նշանակությունը ոչ միայն «փոքր» ժողովուրդների, այլեւ աշխարհի ժողովուրդների ազատագրության գործում, մարգարեաբար հայտարարելով, որ «Ռուսիո ազատությունը, ընդհանուր մարդկային ազատության վերաբերությամբ մե՜ծ խորհուրդ ունի... »։

«Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհը» ոչ միայն հայկական դեմոկրատական հասարակական մտքի նշանավոր ստեղծագործությունն է, այլեւ սքանչելի գրական հուշարձան, որտեղ հզոր ուժով հանդես է գալիս Նալբանդյանի հրապարակախոսական տաղանդը։

Նալբանդյան-հրապարակախոսի ոճի առանձնահատկությունը հրապարակախոսության եւ գեղարվեստականության համադրության մեջ է։ Այս առանձնահատկությունը առկա է նաեւ «Երկրագործության» մեջ։ Գիրքը նախատեսված է եղել լայն մասսաների համար: Դրանով է հենց պայմանավորված շարադրանքի ոճը։ Պատկերավոր խոսքը, պարզությունը եւ լեզվի մատչելիությունը հնարավոր էին դարձնում ընթերցողին հասցնել հեղինակի բարդ սոցիալ-քաղաքական հայացքները, իսկ կրքոտ բանավիճային ձեւը եւ զայրույթով լի մերկացնող պաթոսը գրքին հաղորդում էին համոզելու եւ հուզական ներգործության հսկայական ուժ։ «Երկրագործության» մեջ Նալբանդյանը դիմել է իր ոճին յուրահատուկ ձեւերի։ Այսպես, Տվերի ազնվականների դիմումի տեքստը եւ դրան կցած ծանոթագրությունները, որոնք արտատպվել էին «Կոլոկոլից», ներկայացված են որպես «նամակ», իբր թե գրված գրքի հեղինակին։ Գրական այս ձեւին Նալբանդյանը բազմիցս դիմել է իր «Հիշատակարանում»։ Նրան անհրաժեշտ էր մի ինչ-որ ձեւով առանձնացնել փոխառված նյութը եւ միեւնույն ժամանակ քողարկել այն կոնսպիրատիվ նպատակներով: Որպեսզի «նամակին» տա ավելի համոզիչ տեսք եւ խճճի հետքերը, Նալբանդյանը այն գրել է արեւմտահայերենով։

«Երկրագործությունը» հսկայական ազդեցություն է ունեցել հայ նարոդնիկ գրողների աշխարհայացքի վրա (տե՛ս Կ. Ա. Դանիելյան, Հայ գյուղագրությունը XIX դարում (1860–1890), Ե., 1973)։

Միքայել Նալբանդյանի՝ երիտասարդությանն ուղղված բոցավառ խոսքերը հնչեցին ինչպես հայրենիքի ազատության համար մղվելիք պայքարի մարտակոչ։ 

Էջ 40, տ. 30. «ա՛զգ, զինվոր տուր, ա՛զգ դրամ տուր, ա՛զգ կյանքդ տուր քո հայրենիքը պահպանելու եւ նորա պատիվը տեղը բերելու կամ առավել եւս փառավորելու համար»–Մեջբերումը առնված է Ն. Պ. Օգարյովի «Ի՞նչ է պետք ժողովրդին» կոչ հոդվածից, առանց աղբյուրի հիշատակման:

Էջ 45, տ. 6. «... վերջին անգամ գոռաց նա, «կեցցե՛ ազատություն, կեցցե՛ հավասարություն, կեցցե՛ եղբայրություն»–Ակնարկը եւ երկխոսությամբ գրված ամբողջ հատվածը վերաբերում է 1848 թ. փետրվարյան հեղափոխությանը Ֆրանսիայում։ Հեղափոխությունը սկսվեց փետրվարի 23–24-ի արյունահեղ ընդհարումով, որից հետո հայտարարվեց ժամանակավոր կառավարություն: Զինված մարտերի արդյունքն այն եղավ, որ, Մարքսի խոսքերով ասած, եթե առաջ թագավորի անունով իշխում էր բուրժուազիայի մի սակավաթիվ մասը, այժմ ժողովրդի անունից իշխելու է ամբողջ բուրժուազիան: Ժողովուրդը, որի հաշվին կատարվեց այդ հեղափոխությունը, իրապես ոչինչ չստացավ։

Էջ 47, տ. 31. «Այն կողմից կտրիճի մինը... հարվածը իջեցուց, նորա գլխին: «Սեփականությունը գողություն է»– Ակնարկը վերաբերում է Պյեռ Ժոզեֆ Պրուդոնին, որն իր «Ի՞նչ է սեփականությունը» աշխատության մեջ (1840 թ. ), նկատի ունենալով խոշոր կապիտալիստական սեփականությունը, պնդում էր, որ «սեփականությունը–դա գողություն է»:

Քանի որ Պրուդոնը հանդիսանում էր անարխիզմի տեսաբանը, ապա նրա հայացքները օգտագործվում եւ ընդունվում էին Միխայիլ Բակունինի կողմից։ Այստեղից էլ գալիս է Նալբանդյանի օգտագործած «կտրիճի մինը, երկաթի տրամաբանությամբ» համակրական արտահայտությունները Պրուդոնի նկատմամբ

Էջ 49, տ. 3. «... թող լինի այն անհատը Ներոն, Կալիգուլա կամ նոցա աշակերտ մի պոլիտիկական ավազակ... »– Ակնարկում է Լուի Բոնապարտին, որը 1851 թ. գրավեց իշխանությունը Ֆրանսիայում, իսկ 1852 թ. իրեն հռչակեց կայսր Նապոլեոն III։

Երիտասարդության տարիներին Լուի Բոնապարտը հարել է կարբոնարիների շարժմանը, 1840-ական թվականներին գտնվելով բանտում, գրել է պաուպերիզմի դեմ պայքարելու ոգով ներարկված մի աշխատություն։ Իշխանությունը գրավելուց հետո կազմել է ամենառեակցիոն կառավարություններից մեկը Եվրոպայում։ Այստեղից էլ «պոլիտիկական ավազակ» արտահայտությունը, որն այնքան դիպուկ օգտագործել է Նալբանդյանը՝ Լուի Բոնապարտի կառավարությունը պաշտպանում էր խոշոր բուրժուազիայի շահերը, երկրում հաստատելով դաժան դիկտատուրա, ոստիկանական տեռոր։ Այդ տարիներին Ֆրանսիայում հետապնդվում էր ամեն ազատ միտք, հալածանքներ նյութվում I ինտերնացիոնալի անդամների նկատմամբ։ «Նրանք խեղդում էին իրավունքը, փակում ազատության բերանը, արատավորում դրոշը, ոտնահարում ժողովրդին», –գրել է Նապոլեոն III-ի կառավարության մասին Վիկտոր Հյուգոն։

1852–60 թթ. Վիկտոր Հյուգոն, որը Նապոլեոն III-ի գահ բարձրանալու օրից վտարանդի էր Անգլիայում, իրար ետեւից լույս է ընծայում «Մի ոճրագործության պատմություն» գիրքը, «Նապոլեոն փոքրիկը» պամֆլետը, «Հատուցում» բանաստեղծությունների ժողովածուն, որոնց մեջ անարգանքի սյունին էր գամում Նապոլեոն III-ին եւ նրա հրոսակախմբին։ Հայտնի է, թե ինչպիսի շեշտված բացասական վերաբերմունք ունեին Նապոլեոն III-ի նկատմամբ Գերցենը, Օգարյովը, եւ ինչպիսի համակրանքով էին վերաբերվում նրա դեմ 1858 թ. մահափորձ կատարած եւ մահապատժի ենթարկված Ֆելիչե Օրսինիին։ Օրսինին դիմել էր այդ քայլին, քանի որ Նապոլեոն III-ին համարում էր Իտալիայի ռեակցիայի հենարանը։

1940 թ. հրատարակության ծանոթագրողները «պոլիտիկական ավազակ» արտահայտությունը սխալմամբ վերագրել են Նապոլեոն Բոնապարտին։ 

Էջ 50, տ. 10. «Այս բոլորը սարսափանքով տեսավ Ստյուարտ Միլը, տեսավ եւ գոչեց, մեք սուզանում ենք»– Ջոն Ստյուարտ Միլի «On liberti» գիրքը լույս է ընծայվել 1859 թ. ։ Նույն թվականի հունիսի սկզբներին «Պոլյարնայա զվեզդա»-ի V գրքում տպագրվել է Գերցենի «Ջոն Ստյուարտ Միլը եւ նրա «On libert» գիրքը» գրախոսականը։ Հետագայում այդ գրախոսականը մտել է «Եղելություն եւ խոհեր» մեմուարների II հ. VI մասի մեջ «Հավելված» վերնագրով (տե՛ս A. И. Герцен, Coбp. coч. в 30-ти тм., т. XI, М., 1957, стр. 66-77).

Նալբանդյանщ, անկասկած, ծանոթ է եղել «Պոլյարնայա զվեզդայի» էջերում տպագրված գրախոսականին։ Նրա հայտնած կարծիքը Միլի գրքի մասին համընկնում է Գերցենի արտահայտած մտքերին: «Միլի թշնամին բոլորովին այլ է, –գրում է Գերցենը հիշյալ գրախոսականում, նա պաշտպանում է ազատությունը ոչ թե լուսավորյալ կառավարությունից, այլ հասարակությունից, բարքերից, անտարբերության մեռցնող ուժից, անհանդուրժողականությունից, «միջակությունից»:

Էջ 51, տ. 6. «to be or not to be»– Համլետի հայտնի խոսքը՝ Լինե՞լ, թե չլինել (գործողություն III, արարված 1)։

Էջ 52, տ. 4. Եկավ արեւելյան պատերազմը– Խոսքը վերաբերում է 1853–56 թվականների Ղրիմի պատերազմին։ Պատերազմը տեղի էր ունենում մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից Անգլիայի, Թուրքիայի, Ֆրանսիայի եւ Սարդինիայի կոալիցիայի միջեւ։ Պատերազմի համար առիթ հանդիսացավ Վալախիայի գրավումը ռուսական զորքերի կողմից (1853), իսկ նրա վճռական շրջանը՝ դաշնակիցների կողմից Սեւաստոպոլի պաշարումը, որը ավարտվեց քաղաքի հանձնումով: Ցարիզմի պարտությունը արագացրեց 1859–61 թթ. հեղափոխական իրադրությունը եւ ճորտատիրական իրավունքի անկումը Ռուսաստանում։

Էջ 53, տ. 3. «Զանազան գավառներում դուրս երեւացին զանազան ընդդիմությունք եւ ապստամբությունք... »– Փետրվարի 19-ի «Պոլոժենիա»-ի հրապարակումից անմիջապես հետո սկսեցին գյուղացիական հուզումները: Դժգոհ, որ կառավարությունը ազատություն է խոստանում առանց հողի, եւ փոխարենը պահանջում ծանր հատուցում հօգուտ կալվածատերերի, գյուղացիությունը տարերայնորեն դուրս է գալիս այդ օրենքի դեմ։ 1861-ից մինչեւ 1863 թ. տեղի ունեցան 1100 խռովություն, որոնք տեղ-տեղ ստացան իսկական ապստամբության բնույթ եւ դաժանորեն ճնշվեցին ցարական կառավարության զինված ուժերի կողմից:

Առանձնապես մեծ ընդհարումներ տեղի ունեցան 1861 թ. ապրիլի 10-ին Պենզայի շրջանի Կանդեեւկա գյուղում եւ նույն թվականի ապրիլի 12-ին Կազանի շրջանի Բեզդնա գյուղում, որտեղ սպանվեցին 350 մարդ, բազմաթիվ գյուղացիներ ենթարկվեցին մարմնական պատիժների եւ ձերբակալությունների։ Բեզդնայի իրադարձություններին մի  քանի հոդվածով անդրադարձավ Գերցենի «Կոլոկոլը» (1861 թ. հունիսի 1-ին, 15-ին եւ հուլիսի 1-ին, 1862 թ. փետրվարի 15-ին, մարտի 1-ին եւ 15-ին)։ Բեզդնայի դեպքը եւ դրա վերաբերյալ արձագանքները (1859–61 թթ. ) Ռուսաստանի հեղափոխական իրադրության կարեւորագույն օղակներից են։

Անկասկած Նալբանդյանի ակնարկը վերաբերում է հենց Բեզդնայի դեպքերին, որոնց մասին նա գիտեր «Կոլոկոլի» հրապարակումներից։

Էջ 53, թ. 14. «Այս տողերը գրելու միջոցին հասած պաշտոնական լուրը իմաց տվեց, որ Տվերի հառաջընթաց կուսակցութենից տասն եւ երեք հոգի մատնվել են ծերակուտի հինգերորդ բաժնի ձեռք... »- Տվերի նահանգի տասներեք ձերբակալված հաշտարար միջնորդներն էին Նիկոլայ եւ Ալեքսեյ Բակունիները (Միխայիլ Բակունինի կրտսեր եղբայրները), Կուդրյավցեւը, Նեվեդոմսկին, Կիսլենսկին, Պոլտարացկին, Լազարեւը, Լիխաչովը, Դեմյանովը, Գլազենապը, Շերոբոկովը, Բալկաշինը, Խարլամովը։ Սենատը նրանց դատապարտեց երկամյա բանտարկության, զրկելով որոշ իրավունքներից, որը հետո փոխարինվեց հասարակական պաշտոններ վարելու արգելքով («Великая реформа», т. V, М., 1911, стр. 248).

Էջ 53, պետիտ, տ. 1. «Դնում ենք այստեղ այն խնդրի հարազատ պատճենը եւ մի քանի տարբերություն մեր նամակագրի մեզ տված տեղեկություններից, պահելով նորա թե ոճը եւ թե ուղղագրությունը»– Տվերի նահանգի ազնվականության այս ուղերձը լույս է տեսել «Կոլոկոլում» 1862 թ. մարտի 22-ին (№ 126), որը եւ ձեռքի տակ է ունեցել Նալբանդյանը։

Ուղերձը եւ դրան հետեւող ծանոթագրությունները Նալբանդյանի կողմից թարգմանված եւ գրված են արեւմտահայ գրական լեզվով եւ ներկայացված որպես իրեն ուղարկված մի թղթակցություն, ամենայն հավանականությամբ, Կոստանդնուպոլսից: Այս հանգամանքը իրավունք է տվել գրականագետ Գ. Ստեփանյանին հայտնելու այն կարծիքը, թե ե՛ւ ուղերձի տեքստը, ե՛ւ ծանոթագրությունները Նալբանդյանին է ուղարկել Հարություն Սվաճյանը (տե՛ս «Տեղեկագիր» հասարակական գիտ., 1949, 9, էջ 70–72): Ս. Դարոնյանը, առարկելով Գ. Ստեփանյանին, գտնում է, որ մենք այստեղ գործ ունենք Նալբանդյանի կողմից արդեն նախկինում գործ դրված հրապարակախոսական հնարանքների հետ։ . Даронян, М. Налбандян и pyccкие революционные демократы, М., 1979, стр. 217)։

Էջ 54, տ. 14. «... ստրուկը կացինով կվճռե գործը»– «Կոլոկոլի» 1860 թ. մարտի 1-ի համարում տպագրվեց «Նամակ գավառից» հոդվածը «Ռուս մարդ» ստորագրությամբ, որը վերջանում էր հետեւյալ տողերով. «Ոչ, մեր դրությունը սարսափելի է, անտանելի եւ միայն կացինը կարող է մեզ ազատել եւ, կացնից բացի, ոչինչ մեզ չի օգնի։ Այս միտքը, կարծեմ հայտնել են ձեզ, եւ այն զարմանալիորեն ճիշտ է. այլ փրկություն չկա։ Դու ամեն բան արիք, ինչ կարող էիք, գործը խաղաղ կերպով լուծելու համար, այժմ փոխեք տոնը եւ թող ձեր «Կոլոկոլը» ոչ թե մաղթանքի շեփոր հնչի, այլ ահազանգ տա։ «Կացնի կոչեք Ռուսաստանը»։ 

Ակնհայտ է, որ հիշյալ հոդվածը ծանոթ է եղել Նալբանդյանին

Էջ 57, պետիտ, տ. 18. «Ռուսիո մեջ խմորված ազատությունը համարձակ կարելի է մարդկային ազատություն անվանել... »– Հատվածը վերցված է Բակունինի «Ռուս, լեհ եւ բոլոր սլավոն բարեկամներին» հոդվածից («Կոլոկոլ», 1862, փետրվարի 15, 122, 123)։

Էջ 61, պետիտ, տ. 2. «... բացի այն կարծիքից եւ ավանդությունից... որ ուներ դյուցաբանական աշխարհը Դանաիդի ծակ կարասի վերա»- Նկատի ունի հունական առասսելը Դանաիդների մասին: Ըստ այդ առասպելի, Դանայոս թագավորի 50 աղջիկները  հոր դրդումով սպանեցին իրենց ամուսիններին, որի համար եւ պատժվեցին՝ դատապարտվելով հավիտենապես լցնելու մի անհատակ տակառ։ Այստեղից էլ ծագում է հանրահայտ «Դանաիդի տակառ» փոխաբերությունը, որով արտահայտվում է ապարդյուն, ըստ էության, անիրագործելի մի աշխատանք։

Էջ 62, տ. 17. «... Եվ Բուլվեր ասպետը, հինգ հարյուր հաց բաժանելով, չի կարողանալու դարման տանել վերահաս վտանգին»–1857–66 թթ. Անգլիայի դեսպանը Թուրքիայում եղել է Հենրի Բուլվերը (լորդ Բուլվեր-Լիտտոն), որը մեծ ազդեցություն է ունեցել սուլթան Աբդուլ Ազիզի վրա։ Այստեղ Նալբանդյանը նկատի ունի անգլիական կառավարությանը ընդհանրապես։

Էջ 70, տ. 5. Ex nihilo, nihil fit– Ոչնչից ոչինչ կստեղծվի (լատ. ) 

Էջ 76, տ. 5. «... որպես հողմ որ շնչէ, որ ոչ գիտէ, ուստի գայ կամ, յո երթայ»– Տե՛ս Աւետարան ըստ Յովհաննու, գլ. Գ,

Էջ 79, տ, 25, 26. «... արքայութիւն Աստուծոյ բռնաբարի, եւ բռունք յափշտակեն զնա»... «սահմանք քաջաց, զէնք իւրեանցն»– ասում է մեր իմաստուն Ծերունին»– Խորենացու խոսքերն են (տե՛ս Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, գիրք Ա, գլ. Ը)

Էջ 81, տ. 16. «Ազգ գայ եւ ազգ երթայ», ասում է բանաստեղծ-թագավորը»–Նկատի ունի Սողոմոն իմաստունին, Դավթի որդուն, Իսրայելի թագավորին։ (Տե՛ս Աստուածաշունչ, Բանք ժողովրդին, գլ. Ա, 4)։

Էջ 83, տ. 27. «Այս տողերը գրելու միջոցին Թեյմսը հրատարակեց Լեհաստանի ընդդեմ, մեր նոտր գրով տպածը, գրեթե բառ առ բառ»– Նոտր գրով տպածը հետեւյալ նախադասությունն է. «Ի՞նչ ես արել, որ ես համակրություն ցույց տամ քեզ, որ ես խոստովանիմ քեզ կենդանի»։

Այստեղ Նալբանդյանը ակնարկում է անգլիական կառավարության ունեցած վերաբերմունքը լեհական հարցի նկատմամբ։

Ռուս հեղափոխական-դեմոկրատները ջերմորեն պաշտպանում էին լեհ ժողովրդի իրավունքը անկախ պետություն ստեղծելու խնդրում, կոչ անելով ռուս եւ լեհ ժողովուրդներին միասնաբար պայքարելու ընդհանուր թշնամու՝ ցարիզմի դեմ։ «Մենք ուզում ենք, –գրում էր Գերցենը «Կոլոկոլում», –Լեհաստանի անկախությունը, որովհետեւ ուզում ենք ազատություն Ռուսաստանի համար. մենք լեհերի հետ ենք, որովհետեւ մեզ երկուսիս կապում է մի ընդհանուր շղթա»։

Եվրոպական պետությունները, մասնավորապես Անգլիան եւ Ֆրանսիան, որոնց աջակցության վրա հույս ունեին լեհերը, ոչ մի իրական օգնություն չցուցաբերեցին նրանց եւ միայն օգտագործելով լեհական հարցեր իրենց քաղաքական նպատակների համար, բավարարվեցին ցարական կառավարությանը մի քանի ձեւական նոտաներ հղելով, որտեղ պահանջում էին լեհական հարցը դնել եվրոպական երկրների քննարկմանը։

Էջ 83, տ. 31. «... մասնավորապես ավստրիական բռնակալության ջերմեռանդ քուրմը հրատարակեց, թե «Իտալիան լոկ աշխարհագրական անուն է»– Նկատի ունի ավստրիական կայսրության կանցլեր Մետերնիխին։ 1814 թ. հոկտեմբերից մինչեւ 1815 թ. հունիսը Վիեննայում իր նիստերն էր անցկացնում եվրոպական երկրների ներկայացուցիչների կոնգրեսը, որն առանց հաշվի առնելու ժողովուրդների կամքը, իր հայեցողությամբ ձեւում էր Եվրոպայի քարտեզը: Իտալիան, որի մասին Մետերնիխը արհամարհանքով ասել էր, թե «նա իրենից ներկայացնում է լոկ աշխարհագրական հասկացություն», Վիեննայի կոնգրեսում նորից մասնատվեց մի շարք առանձին պետությունների եւ դրանց իշխանությունները հանձնվեցին նախկին դինաստիական տներին։

Համեմատության եզր անցկացնելով իտալական եւ լեհական հարցերի միջեւ, Նալբանդյանը ցանկանում է հասկացնել, թե ինչպես իտալացիներին արդեն հաջողվում է միավորել իրենց մասնատված հայրենիքը, նույնպես եւ Լեհաստանը կկարողանա հաղթությամբ դուրս գալ պայքարից եւ միավորվել որպես ինքնուրույն պետություն։

Էջ 83, պետիտ, տ. 1. «Իսկ Ավստրիան, այդ պոլիտիկական ուրվականը... »– Սույն արտահայտությունը վերցված է Գերցենի «Ռուսաստան եւ Լեհաստան» հոդվածից. «Ավստրիան դա ժողովուրդ չէ, Ավստրիան ոստիկանական չափանիշ է... Առանց մասերի նա գոյոթյուն չունի, այդ մի խոշորագույն պատմական ուրվական է, որը երբեւիցե եղել է... » (տե՛ս «Կոլոկոլ», 1859, հունվարի 15, 34)։ 

Էջ 84, տ. 5. «To-morrow morning»- Վաղը առավոտ (անգլ.  

Էջ 84, տ. 10. «Անհնարին տհաճությամբ լսեցինք մենք անգլիական պառլամենտի մեջ լորդ Ջոհն Ռըսսելի խոսքերը»- Ջոն Ռասելը այդ տարիներին (1859–1865 թթ. ) զբաղեցնում էր Անգլիայի արտաքին գործերի մինիստրի պաշտոնը եւ պաշտպանում էր Անգլիայի քաղաքականությունը Ամերիկայի Հյուսիսային եւ Հարավային նահանգների քաղաքացիական պատերազմի վերաբերյալ։

Մարքսը բազմիցս քննադատության է ենթարկել Ջոն Ռոսսելին (տե՛ս նրա «Լորդ Ջոն Ռասելը» հոդվածաշարը, К. Маркс и Ф. Энгельс, Соч., т. II, М., 1958, стр. 401)։

էջ 84, պետիտ, տ. 3. «Autriche c’est la damnation e’ternelle»–Ավստրիան հավիտենական նզովք է (գեհենապարտություն է) (ֆր.

Էջ 84, պետիտ, տ. 5. «... Իտալական ժողովուրդը, Վենետիկը, մինչեւ անգամ եւ Հռոմը, այն ստրկության հավիտենական օրորոցը, ճիշտ քեզ պես են մտածում... »–1859 թ. հուլիսի 8-ի Վիլաֆրանկայի պայմանագրով Ավստրիան պահպանեց իր տիրապետությունը Վենետիկի եւ Վենետիկյան մարզի վրա։ Հռոմը նույնպես անջատված էր իտալական թագավորությունից եւ գտնվում էր պապի իշխանության տակ։ 1862 թ. Գարիբալդիի ձեռնարկած արշավանքը դեպի Հռոմ վերջացավ պարտությամբ

Էջ 84, պետիտ, տ. 6. «Սուրբ Մածծինիի եւ սուրբ Գարիբալդիի բարեխոսությունքը անպակաս լինեն Հաբսբուրգյան տունի գլխից»– Ազգային-հեղափոխական ուղղության գաղափարական առաջնորդը այդ տարիներին մնում էր «Երիտասարդ Իտալիա»-ի հիմնադիր Ջուզեպպե Մաձձինին, որին չէին վհատեցրել ո՛չ պայքարի երկար տարիները, ո՛չ անհաջողություններն ու պարտությունները չէին սասանել նրա հավատն ու վառ հայրենասիրությունը վերջնական հաղթանակի նկատմամբ

Ազգային-հեղափոխական ուղղության մյուս ականավոր ներկայացուցիչն էր Ջուզեպե Գարիբալդին, մեծ հայրենասերը, ռեակցիայի եւ բռնության դեմ պայքարող անվեհեր մարտիկը։

էջ 84, պետիտ, տ. 8. «Արդյոք քավարանի մեջ Մետերլիխը կրկնո՞ւմ է կոմս Քավուռիե յուր խոսքը։ Պիոս իններորդին կմնա պատասխանել»– Ավստրիական իմպերիայի կանցլեր Մետերնիխը վախճանվել էր 1859 թ., իսկ Միացյալ Իտալական թագավորության առաջին պրեմիեր-մինիստր Կավուրը՝ 1861 թ. ։

Կավուրի ամբողջ գործունեությունն ուղղված էր Սավոյան դինաստիայի գլխավորությամբ Իտալիայի միավորման խնդրի իրականացմանը: 50-ական թթ. նա ստեղծեց Հյուսիս-իտալական թագավորությունը, իսկ 1859-60 թթ. օգտագործելով երկրում սկսված հեղափոխական իրադրությունը, նա Պյեմոնտին միացրեց Պարման, Մոդենան, Տոսկանան եւ Ռոմանյան։ 1861 թ. մարտին Միացյալ Իտալական թագավորության հռչակումից հետո Կավուրը դարձավ երկրի առաջին պրեմիեր-մինիստրը։

Պապ Պիոս I-ը իր տիրակալության առաջին շրջանում, 1846-47 թթ. պապական պետության մեջ հռչակել էր մի շարք լիբերալ ռեֆորմներ: Նոր պապի այս նախաձեռնումները մեծ ոգեւորությամբ ընդունվեցին լիբերալ բուրժուազիայի եւ Հանրապետականների որոշ մասի կողմից, որոնք հավատացին պապի «ազատագրական առաքելությանը»:

Սակայն 1848 թ. պապը հրապարակեց հատուկ «Դիմում», որտեղ դատապարտեց Ավստրիայի դեմ մղվող ազգային պատերազմը։ Այդ «Դիմումը» գրոյի ազդանշան դարձավ հակահեղափոխական ուժերի համար ամբողջ Իտալիայում։

1848 թ. պապը փախավ ապստամբած Հռոմից, իսկ 1849 թ. դիմեց կաթոլիկ պետությունների ղեկավարներին, կոչ անելով նրանց արշավանք կազմակերպելու Հռոմի հանրապետության դեմ։

1859 թ. Հռոմի հանրապետության անկումից հետո վերադառնալով Հռոմ, պապը վարում էր շեշտված ռեակցիոն քաղաքականություն, արգելք հանդիսանալով Հռոմի միացմանը Իտալական թագավորությանը։ 

Էջ 84, պետիտ, տ. 16. «12 միլիոն ժողովրդի երեսնամյա բողոքը է արյունաթաթավ մարտիրոսությունը բավական չէ՞... »- Նալբանդյանը նկատի ունի ինչպես 1830 թ. նոյեմբերի 29-ի լեհական ապստամբությունը ցարական Ռուսաստանի դեմ, որն ավարտվեց պարտությամբ, նույնպես եւ «ազատ քաղաք» Կրակովի 1846 թ. ապստամբությունը ավստրիական տիրապետության դեմ, որը դարձյալ վերջացավ պարտությամբ, եւ Կրակովը վերջնականապես միացվեց Ավստրիական կայսրությանը։ Ակնարկվում է նաեւ 1861 թ. եւ 1862 թ. սկզբներին Լեհաստանում Դամբրովսկու եւ Պոտերնիայի գլխավորությամբ տեղի ունեցած բռնկումները եւ Անդրեյ Պոտեբնիայի կապը Գերցենի եւ «Զեմլյա ի վոլյա» կազմակերպության հետ։ Ռուս եւ լեհ հեղափոխականները համաձայնության եկան միասին հանդես գալու եւ ապստամբության ժամկետը նշանակվեց 1863 թ. գարունը:

Անկասկած, այս հայտնի էր Նալբանդյանին, որը երեւում է նրա Մ. Բակունինի  հետ ունեցած նամակագրությունից։

Էջ 84, պետիտ, տ. 19. «Վկա ենք կոչում լորդ Բայրոնի ստվերը»–1812 թ. փետրվարի 27-ին 24-ամյա Բայրոնը առաջին անգամ ելույթ ունեցավ լորդերի պալատում։ Նրա ճառը նվիրված էր բանվոր-լուդիտներին եւ հնչեց որպես ահեղ մեզադրանք Անգլիայի տիրապետող դասակարգի հասցեին։ 1812 թ. ապրիլի 21-ին նա դարձյալ հանդես եկավ լորդերի պալատում, այս անգամ Իռլանդիայի իրավունքների պաշտպանությամբ։ 1815 թ.. օգտագործելով բանաստեղծի անձնական դրաման անհաջող ամուսնության կապակցությամբ, հետադիմական քաղաքական շրջանները եւ ամբողջ «բարձր հասարակությունը» հաշվեհարդար տեսան ազատաբաղձ եւ ապստամբ բանաստեղծի հետ՝ մեկընդմիշտ վտարելով նրան իր հայրենիքից։ 

Էջ 84, պետիտ, տ. 20. «Երբ Ֆրիդրիկոս Մեծի առաջարկությամբ Լեհաստանը հոշոտվեցավ Ռուսիո, Պրուսիո եւ Ավստրիո մեջ... »–Լեհաստանի առաջին բաժանումը տեղի է ունեցել 1772, երկրորդը՝ 1793 եւ երրորդը՝ 1795 թվականներին։ Այդ բաժանումը նշանակում էր Լեհաստանի հպատակումը հարեւան երեք պետություններին՝ Պրուսիային. Ավստրիային եւ Ռուսաստանին։ Երրորդ բաժանմամբ Լեհաստանը լիապես զրկվեց պետական ինքնավարությունից։

Էջ 87, տ. 20. «... երբ առաջարկությունք առաջարկությանց քամակից հասնում են նորան, թողուլ այս աշխարհի թագավորությունը, նա չի հոժարում եւ հիվանդանալով մահիճ է ընկնում, Ակնարկը վերաբերում է Պիոս IX-ին, որը ամեն կերպ պայքարում էր պահպանելու իր աշխարհիկ իշխանությունը պապական մարզում։ 

Էջ 88, տ. 1. «Ռուսիո գերմանաթարար կառավարությունը»–Արտահայտությունը պատկանում է Գերցենին։ Իր «Ռուսական գերմանացիներ եւ գերմանական ռուսներ» հոդվածաշարում նա գրում է. «Գերմանական բյուրոկրատիզմը ուռճանում էր բյուզանդական ստորաքարշությամբ, իսկ թաթարական մտրակները հիանալի կերպով լրացնում էին շպիցռուտեններին» (Տե՛ս «Կոլոկոլ», 1859, 54)։

Էջ 88, տ. 31. «... դուռն ճշմարիտ որ տանի ի կեանս հավիտենականս»–Տե՛ս Աւետարան ըստ Մատթէոսի, գլ. Է, 14։

Էջ 92, տ. 33. «... որպէս աղբիւր փակեալ եւ դուռն կնքեալ, ընդ որ ոչ ոք էանց... »–Մեջբերումը կատարված է «Շարական հոգեւոր երգոց սուրբ եւ ուղղափառ եկեղեցւոյս Հայաստանեաց» գրքից հիշողությամբ եւ որոշ աղավաղումներով: Պետք է լինի՝ «Ուրախ լեր, դուռն փակեալ ընդ որ ոչ ոք մտեալ։ Ուրախ լեր աղբիւր կընքեալ ջրոյն կենդանութեան... » (տե՛ս «Շարական», Կոստանդնուպոլիս, 1853, էջ 17)։

Էջ 98, տ. 21. «Որ հայիցի ի կին մարդ, առ ի ցանկանալոյ նմա... »–Տե՛ս Աւետարան ըստ Մատթէոսի, գլ. Ե., 28։