Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿՐԻՏԻԿԱ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԼԵԶՎՈՎ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ ԵՎ ՏՊՎԱԾ ՌՈԲԻՆԶՈՆԻ  ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

(էջ 284)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1858, № 5, էջ 417–420, Մ. Նալբանդյանց ստորագրությամբ: 

Էջ 284, տ. 12–14. Մեք տեսած ու կարդացած էինք… մի այդպիսի գիրք պ. Բժշկյանի թարգմանությամբ — Տե՛ս «Պատմութիւն Ռօպենսոնի Քռիւզօէ, Տէֆօէ անգլիացւոյ, թարգմանեաց Հ. Մինաս, Վ. Բժշկեան Տրապեզոնցի, ի Մխիթ. Ուխտէ», Վենե­տիկ, 1818: 

տ. 18–19. …դա շինած է երեխաների դաստիարակության համար — Նալբանդյանը, հարկավ, լավ էր գիտակցում Դանիել Դեֆոյի գրքի խոր իմաստն ու նշանակու­թյունը քաղաքակրթված մարդու ձեռք բերած փորձի եւ իմացության տեսակետից, բայց  քանի որ իր խոսքն ուղղում էր նորահաս մանուկներին, գրում է, թե «դա շինած է երե­խաների դաստիարակության համար, ցույց տալով նեղությունները եւ տառապանքը հառաջացած անհնազանդութենից ծնողների կամքին»: 

Էջ 285, տ. 8–9. Պ. Գամառ-Քաթիպայի աշխատությունքը, տետրակներով տպած  մինչեւ այժմ — խոսքը վերաբերում է «Գամառ-Քաթիպայի արձակ եւ չափաբերական  աշխատությունները» տետրակներին, որոնք լույս էին տեսնում Պետերբուրգում, 1855-57 թթ. ընթացքում: Ընդամենը հրատարակվեց 5 ժողովածու: Ինչպես հայտնի է, գրական  այդ ընկերության ոգին էր Ռափայել Պատկանյանը, որը եւ իրեն վերցրեց «Գամառ-Քաթիպա» գրական կեղծանունը: 

տ. 18. …Պ. Գամառ-Քաթիպայի ասածը՝ «գրել այնպես, ինչպես որ խոսում են — Բերված աֆորիզմը՝ «Գրե՛ այնպես, ինչպես որ խոսում են եւ խոսե՛ այնպես, ինչպես որ  գրում են» պատկանում է ռուս գրող Կարամզինին: Պատկանյանը այն բնաբան դարձրեց  իր համար, զարդարելով «Գամառ-Քաթիպայի արձակ եւ չափաբերական աշխատությունների» I, IV եւ V տետրակների ճակատները: 

տ. 22. …նորա «Նոր այբբենարանը» — Խոսքը Պատկանյանի հետեւյալ աշխատու­թյան մասին է. «Նոր այբբենարան հայկական, յորինեաց Ռ…», ՍՊբ., 1856: Դասագիրքը հորինված էր գրաբար լեզվով: