Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՔ

(էջ 310)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1858, 10, էջ 299–311, Մ. Նալբանդյանց ստորագրությամբ

«Նկատողությունք» հոդվածը Նալբանդյանի վաղ շրջանի հրապարակախոսական գործունեության ցայտուն արտահայտություններից մեկն է, որի մեջ իրենց ձեւակերպումն են  ստացել հայ դեմոկրատական հրապարակախոսության մի շարք սկզբունքներ: Մինչեւ այս  հոդվածի հրապարակումը, Նալբանդյանն արդեն «Հյուսիսափայլի» մի քանի համարներում հանդես էր եկել իբրեւ այդ հրապարակախոսության հիմնադիրը: Հայոց աշխարհիկ լեզվի եւ հայ նոր գրականության քաղաքացիական իրավունքների կրքոտ պաշտպա­նությունը, հայ դեմոկրատական քննադատական մտքի հիմնադրումը, հրապարակային  բանավեճը «Մեղու Հայաստանի» թերթի հետ, հայ հոգեւորականության վարքագծի քննադատությունը, երեւույթներ էին, որոնք հիմք են դառնում Նալբանդյանի հրապարա­կախոսական գործունեության երկրորդ եւ առավել նպատակային փուլի համար:

«Նկատողությունք» հոդվածը Նալբանդյանի հյուսիսափայլյան գործունեության առա­ջին տարվա հանրագումարն էր, հայ լուսավորական դեմոկրատական մտքի հետագայում  անցնելիք ուղու մարտական ծրագիրը

Այս հոդվածում առաջին անգամ Նալբանդյանը խոսում է պարբերական մամուլի խնդիրների եւ ուղղության որոշակիության մասին: Մինչ այդ, 40-ական թթ. ռուս նշա­նավոր հրապարակախոս Վ. Գ. Բելինսկին խոսելով իր օրերի պարբերական հրատարակությունների մասին, մամուլի օրգանի առաջին կարեւոր արժանիքն էր համարում դրա հստակ ձեւակերպված ուղղությունը

«Ամսագիրը պետք է ամեն բանից առաջ ունենա իր նկարագիրը, բնույթը: Ալմանախային անդեմությունը նրա համար ամենից վատն է: Ամսագրի նկարագիրն ու բնույթը  արտահայտվում են նրա ուղղության, կարծիքների, այն տիրապետող ուսմունքի մեջ, որի օրգանը պետք է լինի ամսագիրը» . Г. Белинский, Полное собрание сочинений, М., 1953, т. II, стр. 46)

Այս ոգով էլ հենց Նալբանդյանը ձեւակերպում է իրենց ամսագրի ուղղությունը: «Հյուսիսափայլը» նա համարում է ազգային ամսաթերթ, որի խնդիրն էր ծառայել ազգի  լուսավորությանն ու առաջընթացին: Այնուհետեւ արդեն, երբ այդ հիմնական հարցը  պարզված էր, Նալբանդյան-հրապարակախոսն առաջադրում է խնդիրներ, որոնք հետա­գայում պետք է բազմակողմանիորեն քննարկվեին նրա «Երկու տող», «Ազգային թշվառություն», «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատություններում Դրանք էին՝ ազգի եւ ազգության բնորոշումները, ազգի հանրության առջեւ անհատի պատասխանատվության հարցը, ազգային ճնշումների նշավակումը, ազգերի խաղաղ համագործակցության կարեւորության վերհանումը եւ այլն

«Նկատողությունք» հոդվածում Նալբանդյանը բարձրացնում է հասարակական տարբեր հոսանքների միջեւ առկա հակասությունները պայքարի միջոցով լուծելու անհրաժեշտությունը եւ խոսելով բանավեճերի կարեւորության մասին, ձեւակերպում է դրանց էթիկական նորմերը: Այստեղ էլ հենց նա ընդգծում է 60-ական թթ. հայ դեմոկրատական հրապարակախոսության կարեւորագույն այն սկզբունքը, ըստ որի՝ «մի ազգի հասարակական շինվածքի հիմքը» հասարակ ժողովուրդն է: Ղեկավարվելով այս ելակետով, նա ժամանակի առաջավոր սերնդին կոչ էր անում անվարան ու հետեւողականորեն ծառայել ազգային առաջընթացին՝ մշտապես եւ անընդհատ «կենդանի կապակցություն» պահպանել հասարակ ժողովրդի հետ: Այս հատվածում է, որ մեծ հրապարակախոսը, ընդգծելով ժողովրդին լուսավորելու կարեւորությունը, պահանջում է հոգեւորականությանը մեկուսացնել լուսավորության գործի ասպարեզից:

«Նկատողությունք» հոդվածում առաջին անգամ հայ ընթերցողի համար նոր տեսանկյունից մեկնաբանվում էին ազգ, լուսավորություն, մտքի ազատություն, գաղափա­րական պայքար, բանավեճ եւ այլ հասկացություններ: Հոդվածը մշակված եւ խորապես  հիմնավորված էր՝ իբրեւ բուրժուազիայի զարգացման ժամանակաշրջանի հայ լուսավորա­կան շարժման դեմոկրատական ծրագիր: Դա ժամանակի հայ հասարակական կյանքի առաջին գիտական գնահատականն էր, ազգային ինքնաճանաչության մարզի առաջին առնական խոստովանությունը, «ապագայի լավության համար» ներկան բարվոքելու՝ մեծ հայրենասերի գործունեության ղեկավար սկզբունքը

Էջ 313, տ. 1–2. …դարձյալ պիտի պար գա Հերոդիադան տե՛ս Մատթ., ԺԴ, 3–12:

Էջ 317, տ. 32–35. Մեք մեր կողմից խոստանում ենք… դնել մի օր մեր ազգի առաջեւ նորա հինգերորդ դարու հեղինակների գործերը Նալբանդյանը չկարողացավ իր այս ծրագիրը գործի վերածել, եթե չհաշվենք Փարպեցու «Թուղթի» թարգմանությունը: