Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԵՎՈՐԳ ԳԵՂԱՄՅԱՆՑ

(էջ 183)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1858, № 2, էջ 143–154, «Մահացուցակ» ընդհանուր խորագրի տակ, Մ. Նալբանդյանց ստորագրությամբ: 

Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետի նորավարտ Գեւորգ Գեղամյանցի վաղաժամ մահվան առթիվ գրված այս հոդվածը, ինչպես եւ սրան հաջորդող դամբանա­կան խոսքը, Նալբանդյանի հրապարակախոսական առաջին ելույթներից է: Շարադրելով հանգուցյալի կարճատեւ եւ զրկանքներով լի կյանքը, Նալբանդյանը միաժամանակ ընդ­գծում է ժամանակի նշանավոր մարդկանց անհոգի վերաբերմունքը դեպի ուսումնավառ պատանին: Այս կապակցությամբ է ահա, որ Նալբանդյանը խոսում է Գեղամյանցի պաշտելի ուսուցիչ Խաչատուր Աբովյանի մասին: Աբովյանի կյանքի այն դրվագի շարադրանքը, որ կապված է Գեղամյանցի ուսումնառության տարիներին, կենդանի մի վկայություն էր: Ապրելով Գեղամյանցի հետ նույն հարկի տակ եւ ոգեւորվելով նույն գաղափարներով, Նալբանդյանը շատ հաճախ պետք է առիթ ունեցած լիներ հետաքրքրվելու Աբովյանի անձնական ողբերգությամբ, նրա սիրելի աշակերտից լսելու այնպիսի մանրամասներ, որոնք չափազանց արժեքավոր կարող էին լինել նրա ընդհանուր նկարագիրը ըմբռնելու համար: Ահա թե ինչու Նալբանդյանի հաղորդած կենսագրական տեղեկությունները Աբովյանի մասին, մասնավորապես նրա եւ Ներսես կաթողիկոսի հարաբերությունների հարցի մասին հայտնած կարծիքը, պետք է միանգամայն արժանահավատ համարել: Այս հոդվածում է, որ Նալբանդյանը եւ Նազարյանը առաջին անգամ ըստ արժանվույն գնահատում են Աբովյանի խոշոր դերը մեր հասարակական մտքի պատմու­թյան մեջ: 

Էջ 187, տ. 1–2. …Կարապետ եւ Սերովբե արքեպիսկոպոսների հետ հարուցել էր կաթողիկոսը անվերջանալի վեճ — Ներսես կաթողիկոսի՝ դեպի Վրաստանի թեմակալ առաջնորդ Կարապետ արքեպիսկոպոսն ու Աստրախանի առաջնորդ Սերովբե արքեպիս­կոպոսն ունեցած բացասական վերաբերմունքն սկսվում է այն տարիներից, երբ նոր էր դրված ապագա Ներսիսյան դպրոցի հիմնադրման հարցը: Չկարողանալով հաշտվել էջմիածնի կրթական մթնոլորտին, Սեբովբեն գտնում էր, որ մի կանոնավոր ուսումնարան կարող է արդյունք տալ միայն Ռուսաստանի տիրապետության ներքո եւ ոչ թե էջմիածնում կամ Թուրքիայում. այս նկատառումով նա առաջարկում էր դպրոցը բացել Թիֆլիսում, ընդսմին ուսումնարանի ղեկավարությունը նա հանձն էր առնում վերցնել իր ձեռքը:

Սերովբեի այս առաջարկի դեմ դուրս եկավ Ներսեսը, որը գտնում էր, թե ուսումնարանը պետք է բաց անել էջմիածնում: Հետագայում, երբ Ներսեսը կարգվեց Վրաստա­նի թեմի առաջնորդ, նա ընդունեց Սերովբեի տեսակետը եւ դպրոցը կառուցել տվեց Թիֆլիսում: Հանձին Սերովբեի տեսնելով մի մարդու, որը ձգտում է իր ձեռքը վերցնել կրթության գործը, Ներսեսը թշնամաբար տրամադրվեց նրա նկատմամբ: 

Ավելի երկարատեւ եւ համառ էր Ներսեսի հակամարտությունը Կարապետ արքեպիսկո­պոսի հետ: Վերջինս իր սեփական տեսակետն ուներ կրթության եւ ազգային լուսավո­րության մասին: Ահա՛ թե ինչու Ներսեսը մտածում էր նրան հեռացնել Ախալցխա եւ ինքն ստանձնել թեմի առաջնորդությունը: 

Հասկանալի է, որ սկզբունքային այս վեճերը չէին կարող զերծ լինել անձնական բնույթ կրող հաշիվներից եւ կրքեր բորբոքող երկարատեւ ու բարդ ինտրիգներից, որի մասին եւ հիշատակում է Նալբանդյանը (տե՛ս նաեւ Եղիշե քհն. Գեղամյան, «Պատմական պատկերներ», պրակ VIII, Բաքու, 1915, էջ 1325 եւ շար. ): 

տ. 15–16. «օրհնա՛ծ, ի՛նչ անհանգիստ մարդ ես. քեզ մի բան ասացին, այլեւս ձեռք չես վեր առնում դու»— Սարգիս Քամալյանի կողմից գրի առնված Ակիմյանի հու­շերում կաթողիկոսի՝ Աբովյանին ուղղած այս խոսքը (մի քիչ փոփոխված) ասված է այլ առիթով, այն է՝ Ներսիսյան դպրոցում պաշտոն ստանալու կապակցությամբ (հմմտ. «Ժամանակակիցները Աբովյանի մասին», Երեւան, 1941, էջ 118): Թվում է՝ ավելի ար­ժանահավատ պետք է համարել Նալբանդյանի պատմածը: 

Էջ 189, տ. 23–24. …թարգմանել էր գերմանական լեզվից Հոֆմանի… գեղեցիկ գործը — Հավանորեն խոսքը գերմանացի հռչակավոր բժիշկ Ֆրիդրիխ Հոֆմանի մա­սին է:

տ, 35–36. Քաղցր պարտականություն կհամարենք մեզ, հրատարակել այս աշխատությունը տպագրությամբ — Որքան հայտնի է, Գեղամյանցի կատարած թարգմանու­թյունը չի տպագրվել: 

Էջ 190, տ. 15. …կոմս Շերեմետեւի գյուղում — Այն է՝ Օստանկինոյում, ժամանակի մերձմոսկովյան ամենագեղեցիկ վայրերից մեկում: 

 

ԴԱՄԲԱՆԱԿԱՆ ՃԱՌ

(էջ 194)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1858, № 2, էջ 156–158, «Դամբանական ճառերը» ընդհանուր խորագրի տակ, Մ. Նալբանդյանց ստորագրությամբ: Այստեղ տպագրվել են նաեւ Ս. Նազարյանի ուսանող Նիկ. Փուղինյանցի եւ Լազարյան ճեմարանի աշակերտ Ս. Շահազիզյանի ճառերը (Տե՛ս «Հյուսիսափայլ, 1858, № 2, էջ 154–160):

Էջ 194, տ. 4–5. …եւ մի՞թե ճշմարիտ չէ մարգարեի խոսքը, թէ մարդը վայրի ծաղկի պես ծաղկում է — Սաղմոս Դավթի, ՃԲ, 15–16: