Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՍՎՈՒՄ է ԼՍՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

(էջ 335)

Տպագրվել է՝ «Արաքս», 1889, Բ. էջ 79–89, Ս. Պետերբուրգ, 1890: Երկրորդ անգամ՝ «Լումա», 1903, № 6, էջ 24–34: Հրատարակելով այն «Լումայի» խմբագիրը հետեւյալն է  գրել. «Մ. Նալբանդյանցի այս աշխատության բնագիրը ուղարկել է մեզ մեր աշխատա­կից պ. Եր. Շահազիզը, որ ստացել է հանգուցյալի քրոջորդի պ. Հովհաննես Խաչատրյա­նից»: Անկասկած, Աղանյանին անհայտ չէ եղել հոդվածի առաջին հրատարակության  փաստը, եւ չնայած դրան, ձեռքի տակ ունենալով աշխատության բնագիրը, հարկ է  համարել ներկայացնել նաեւ իր ընթերցողների ուշադրությանը: Հոդվածը երրորդ անգամ  լույս է տեսել Նալբանդյանի «Երկերի» ռոստովյան հրատարակության երկրորդ հատո­րում, խմբագիրների ձեռքով կցվելով բոլորովին անկախ «Աշխարհաբարի քերականու­թյան» ներածության հատվածներին: 

Սխալաշատ այս հրատարակություններից վստահելին որոշ չափով «Լուման» էր, ուստի եւ, բնագիրը չունենալու պատճառով, նրա հիման վրա էլ պատրաստված է տեքստը: 

Նախորդ հրատարակության ժամանակ այս հոդվածի գրության թվականը ենթադրվել է 1863–64 թթ.: Մանրակրկիտ ուսումնասիրությունը, սակայն, ցույց տվեց, որ հոդվածը (դարձյալ ենթադրարար, իհարկե) պետք է գրված լինի Նալբանդյանի գործունեության սկզբնական շրջանում, երբ գրական եւ լեզվական շատ խնդիրներում Նալբանդյանի եւ Նազարյանի տեսակետները համընկնում էին նույնանալու չափ: Սրան պետք է ավելաց­նել նաեւ Նալբանդյանի անվերապահ հիացումը իր ավագ գրչակցի աշխատություններով: Կարելի է հիշել նաեւ ոճական ինչ ինչ ձեւակերպումներ, որ կարող էին դուրս գալ նոր միայն գրական ասպարեզ իջած Նալբանդյանի գրչի տակից: 

Էջ 337, տ. 3–4. Առաջին անգամ պատշաճ համարեցանք… Հունաստանի հին կրոնագիտությունը — Կարելի է ենթադրել, թե այս խոսքերով Նալբանդյանն ակնարկում է  իր կարճատեւ ուսուցչությունը Լազարյան ճեմարանում (1853 հոկտեմբեր–1854  փետրվար), ուր նա առաջին եւ երկրորդ դասարաններում հայոց լեզու էր դասավանդում: 

Էջ 341, տ. 35. Ուռանոսի փոքր որդին՝ Դիտանեցը երդում է կերած ոչնչացնել այս­պիսի անպիտան որդիները — Ակնարկում է հունական դիցաբանությունից Ուրանոսի  որդիների ապստամբությունն իրենց հոր դեմ, որ վերջացավ նրանցից հզորագույնի՝ Կրոնոսի հաղթությամբ. ինքը Կրոնոսը հետագայում պարտվեց իր որդի Զեւսից: 

Անտարակույս է, որ այստեղ մենք գործ ունենք աղճատված տեքստի հետ, այլապես  անիմաստ է «Ուռանոսի փոքր որդին Դիտանեցը» («Հանդեսում»՝ Տիտանեցը) խոսքը:  Գուցե պետք է լիներ այսպես. «…չգիտեն, թե Ուռանոսի փոքր որդին (այսինքն թոռը, այս դեպքում Զեւսը) երդում է կերած ոչնչացնել այսպիսի անպիտան որդիները՝ դիտանեցը (տիտանները): Եթե Նալբանդյանն այդպես էլ գրած է եղել՝ դիտանեց կամ  տիտանեց, ապա դա անկասկած Titanes հոգնակի անվան չթարգմանված ձեւն է: